Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին

Ընդունված է 2005 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների, ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների, ինչպես նաև ոչ ինքնագնաց մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և գյուղատնտեսական սարքավորումների պետական հաշվառման, շահագործման և վարման իրավունքի տրամադրման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

(1-ին հոդվածը լրաց. 15.09.2010 ՀՕ-26-Ն)

 

 

Հոդված 2.

Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների մասին օրենսդրությունը

 

 

Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

գյուղատնտեսական տեխնիկա` տրակտորներ, հացահատիկահավաք և կերահավաք կոմբայններ և ինքնագնաց խոտհնձիչներ, ինչպես նաև ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաներ և սարքավորումներ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար.

տրակտորներ` մեխանիկական տրանսպորտային միջոցներ (որոնց հետ ագրեգատավորվում են մեքենաներ ու գործիքներ` համապատասխան աշխատանքներ կատարելու համար), ինչպես նաև ընդհանուր նշանակության տրակտորներ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության բոլոր տեսակի մեքենայացված աշխատանքներ կատարելու համար (վարցանք, կուլտիվացիա, սրսկում, հարթեցում և այլն).

ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաներ` հացահատիկահավաք կոմբայններ, կերահավաք մեքենաներ, որոնք աշխատում են ներքին այրման շարժիչով և կարող են ինքնուրույն տեղաշարժվել, ինչպես նաև մելիորատիվ մեքենաներ, որոնք օգտագործվում են հողերի մակերեսային ու արմատական բարելավման և հիդրոմելիորատիվ աշխատանքներում.

ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաներ և սարքավորումներ (այդ թվում` անձրևային և անտառային մեքենաներ ու սարքավորումներ՝ նախատեսված են հող մշակելու, պարարտանյութ մտցնելու, վնասատուների և բույսերի հիվանդությունների դեմ պայքարելու, սերմեր վերամշակելու, խոտ չորացնելու և սիլոս պատրաստելու, գյուղատնտեսական մշակաբույսեր մշակելու, ինչպես նաև անասնապահական և թռչնաբուծական ֆերմաների կոմպլեքսային մեքենայացման, անասնապահական ֆերմաների ու արոտավայրերի ջրամատակարարման, մելիորատիվ, հիդրոմելիորատիվ և անտառային տնտեսության աշխատանքների կազմակերպման, տորֆային տարածքների վերամշակման և տորֆի հանույթից պարարտանյութի պատրաստման համար.

(հասկացությունը հանվել է 23.06.2011 ՀՕ-34-Ն)

տրակտորային կցանքներ՝ անիվների վրա հարթակներ, որոնք նախատեսված են ծանր բեռների փոխադրման համար:

(3-րդ հոդվածը լրաց. 15.09.2010 ՀՕ-26-Ն, լրաց. 15.09.2010 ՀՕ-26-Ն, փոփ. 23.06.2011 ՀՕ-34-Ն, լրաց. 18.09.2014 ՀՕ-34-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

 

Հոդված 4.

Գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների պետական հաշվառման պայմանները, պետական միասնական համարանիշների տրամադրումը

 

                      (վերնագիրը խմբ. 18.09.2014 ՀՕ-34-Ն)

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահագործվող գործարանային արտադրության կամ ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկան և տրակտորային կցանքներն ենթակա են պարտադիր պետական հաշվառման (այսուհետ` հաշվառում):

2. Գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների սեփականատերերը պարտավոր են տեխնիկան կամ կցանքները ձեռք բերելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` 15-օրյա ժամկետում, դիմել գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը` այն հաշվառման վերցնելու համար:

3. Հաշվառման ենթարկված գյուղատնտեսական յուրաքանչյուր տեխնիկայի համար սեփականատիրոջը տրվում է պետական համարանիշ (բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների) և տեխնիկական վկայագիր, իսկ տրակտորային կցանքների համար` պետական համարանիշ և տեխնիկական կտրոն, որոնց ձևերը հաստատում է գյուղատնտեսության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

4. Գյուղատնտեսական տեխնիկայի (բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների) առանց տեխնիկական վկայագրի, պետական համարանիշի, իսկ տրակտորային կցանքների դեպքում՝ առանց տեխնիկական կտրոնի, պետական համարանիշի շահագործումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

(4-րդ հոդվածը լրաց., խմբ. 15.09.2010 ՀՕ-26-Ն, խմբ. 18.09.2014 ՀՕ-34-Ն)

 

 

Հոդված 5.

Գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային

կցանքների հաշվառումը և հաշվառումից հանելը

 

                      (վերնագիրը խմբ. 18.09.2014 ՀՕ-34-Ն)

 

1. Գյուղատնտեսական տեխնիկան և տրակտորային կցանքները հաշվառելու համար սեփականատերը պարտավոր է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչին ներկայացնել`

ա) դիմում.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.

գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր.

դ) «բ» և «գ» կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ է համարվում դատարանի վճիռը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի կողմից վավերացված` սեփականատիրոջ հայտարարությունը.

ե) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների հաշվառման համար օրենքով նախատեսված տուրքերի վճարումների անդորրագրերը.

զ) ‎ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայագիր:

Տեխնիկական վկայագիրը և տեխնիկական կտրոնը ստորագրում և կնքում է գյուղատնտեսական տեխնիկայիպետական տեսչությունը:

2. Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատիրոջը պատկանող հաշվառման վերցված գյուղատնտեսականտեխնիկայի տեխնիկական վկայագրի, պետական համարանիշի (բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսականմելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների) և տրակտորային կցանքների սեփականատիրոջը պատկանող հաշվառման վերցված տրակտորային կցանքների տեխնիկական կտրոնի, պետական համարանիշի տվյալները գրառվում են գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում: Հաշվառման գիրքը պահպանվում է 20 տարի` պետական կառավարման լիազորված մարմնում:

3. Գյուղատնտեսական տեխնիկան և տրակտորային կցանքներն հաշվառումից հանվում են`

ա) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման դեպքում.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների ոչնչացման դեպքում.

գ) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների խոտանման դեպքում:

Խոտան ճանաչելու չափանիշները սահմանում է լիազորված մարմինը:

4. Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման մասին տվյալները գրառվում են տեխնիկական վկայագրում, տրակտորային կցանքների դեպքում՝ տեխնիկական կտրոնում, իսկ գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման և խոտանման դեպքում՝ տեխնիկական վկայագիրը և պետական համարանիշը, տրակտորային կցանքների դեպքում` տեխնիկական կտրոնը և պետական համարանիշը վերադարձվում են գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը, որի մասին համապատասխան գրառում է կատարվում գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում:

Դիմումի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:

(5-րդ հոդվածը լրաց. 15.09.2010 ՀՕ-26-Ն, խմբ. 23.06.2011 ՀՕ-34-Ն, խմբ. 18.09.2014 ՀՕ-34-Ն)

 

 

Հոդված 6.

Գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերի տրամադրումը

 

 

1. Գյուղատնտեսական տեխնիկան (բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների) ըստ տեսակների, նշանակության, ղեկավարման և շահագործմանառանձնահատկությունների ու ճարմանդային հզորությունների դասակարգվում է` «A», «B», «C», «D», «E» և «F» խմբերի`

«A» խումբ` անիվավոր տրակտորներ, որոնք ունեն մինչև 14 կիլոնյուտոն (մինչև 80 ձիաուժ շարժիչի) հզորություն.

«B» խումբ` անիվավոր տրակտորներ, որոնք ունեն 14 կիլոնյուտոնից (80 ձիաուժ շարժիչից) բարձր հզորություն.

«C» խումբ` ընդհանուր նշանակության թրթուրավոր տրակտորներ.

«D» խումբ` գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են մեխանիկական շարժահաղորդումով.

«E» խումբ` գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են հիդրավլիկ շարժահաղորդումով.

«F» խումբ` մելիորատիվ մեքենաներ, այդ թվում` մինչև 0,65 խոր.մ շերեփի տարողությամբ էքսկավատորներ:

2. Տրակտորիստ-մեքենավարները պետք է ունենան գյուղատնտեսական տեխնիկան վարելու իրավունքի համապատասխան կարգեր:

Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի կարգերն ըստ գյուղատնտեսական տեխնիկայի խմբերի դասակարգվում են`

- երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A» և «C» խմբերին դասվող տրակտորները,

- երկրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A», «B», «C» և «D» խմբերին դասվող տրակտորները և գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները,

- առաջին կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու բոլոր խմբերին պատկանող տրակտորները, ինքնագնաց, մելիորատիվ մեքենաները:

3. Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու այն տրակտորների ու ինքնագնաց մեքենաների խմբերը, որոնց դիմաց վարման վկայականում կա «թույլտվություն» նշանը:

4. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է գյուղատնտեսական մեքենաների շահագործման, ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և գործնական վարման հմտությունները որակավորման հանձնաժողովի կողմից ստուգվելուց հետո: Տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(6-րդ հոդվածը լրաց. 15.09.2010 ՀՕ-26-Ն)

 

 

Հոդված 7.

Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական տալու ընթացակարգը

 

 

1. Որակավորման քննություններին թույլատրվում է մասնակցել 17 տարին լրացած անձանց:

2. Տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար դիմող անձը մինչև քննության օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում.

բ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).

գ) տրակտորիստ-մեքենավարների դասընթացի ավարտման մասին տրված փաստաթուղթ.

դ) երկու լուսանկար 3 x 4 սմ չափսի.

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

զ) տրակտորիստ-մեքենավարի վկայականը` վարման իրավունքի կարգը փոխելու դեպքերում:

Դիմումի ձևը հաստատում է լիազորված մարմինը:

3. Անհրաժեշտ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում անձը զրկվում է որակավորման քննություններին մասնակցելու իրավունքից:

4. Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու միայն վարման իրավունքի վկայականում նշված խմբի գյուղատնտեսական տեխնիկա:

5. Տրակտորիստ-մեքենավարի դասընթացներն ավարտելու մասին տրված ավարտական փաստաթուղթն իրավունք չի տալիս վարելու գյուղատնտեսական տեխնիկա:

6. Որակավորման քննությունների հանձնման դրական արդյունքների հիման վրա 18 տարին լրացած քաղաքացուն տրվում է տրակտորիստ-մեքենավարի համապատասխան կարգի վարման իրավունքի վկայական` հիմք ընդունելով որակավորման հանձնաժողովի եզրակացությունը:

7. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա և վկայականների գրանցամատյանում ստորագրելուց հետո:

8. 3-րդ կարգի տրակտորիստ-մեքենավարի իրավունք ձեռք բերելու նպատակով դիմող վարորդական վկայական ունեցող անձինք ազատվում են ճանապարհային երթևեկության կանոնների քննություն հանձնելուց:

9. Առանց համապատասխան կարգի վարման իրավունքի վկայականի գյուղատնտեսական տեխնիկայիշահագործումն արգելվում է:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.09.2014 ՀՕ-34-Ն)

 

 

Հոդված 8.

Գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների վիճակը և շահագործումը

 

                      (վերնագիրը խմբ. 23.06.2011 ՀՕ-34-Ն, լրաց. 18.09.2014 ՀՕ-34-Ն)

 

1. Գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով տրակտորիստ-մեքենավարը պարտավոր է սարքին վիճակում պահել արգելակները, անիվները և թրթուրները, ղեկային մեխանիզմը, լուսավորման և ազդանշանային համակարգերը:

2. Տրակտորիստ-մեքենավարներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների անվտանգ շահագործման և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելու համար:

(8-րդ հոդվածը լրաց. 15.09.2010 ՀՕ-26-Ն, խմբ. 23.06.2011 ՀՕ-34-Ն, լրաց. 18.09.2014 ՀՕ-34-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 9.

Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

 

Սույն օրենքի պահանջները խախտելու կամ չկատարելու դեպքում անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

 

Հոդված 10.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

23 հունվարի 2006թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-250