
Հունիսի 21-ին կայացել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Օրակարգում ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումն էր։
Ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվում է «չափագիտական վերահսկողություն» և «չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին» հասկացությունների ձևակերպումները ներառել հիմնական հասկացությունների մեջ:
Նախագծով առաջարկվում է նաև չափագիտական վերահսկողության ուժեղացման նպատակով հստակեցնել չափագիտության լիազոր մարմնի և չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթները, ինչպես նաև փոփոխել իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տրամադրելու կարգը:
Ֆինանսների նախարարի փոխանցմամբ՝ օրենքի ընդունումը նպատակաուղղված է չափումների միասնականության ապահովման ոլորտում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանմանը, չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելմանը, ինչպես նաև չափագիտական վերահսկողության ուժեղացմանը:
Զեկուցողը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ օրինագծին առնչվող հարցերին։
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։