20 հունիսի 2022
20 հունիսի 2022
Հունիսի 20-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Օրակարգում ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ու «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքի նախագծի քննարկման հարցերն էին։
««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արամ Գրիգորյանը։Նախագծով առաջարկվում է՝ հրատապ հարցերով Ազգային ժողովի նիստ կամ նստաշրջան գումարել կամ անցկացնել նաև ոչ աշխատանքային օրերին:
ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման նպատակը երաշխավորության ինստիտուտի կատարելագործումն ու երաշխավորների իրավունքների պաշտպանությունն է:
Օրինափաթեթով առաջարկվում է՝ երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում նշվի երաշխավորի պատասխանատվության առավելագույն ծավալը` գումարային արտահայտմամբ, ինչպես նաև այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը։ Առաջարկվող մյուս փոփոխությամբ՝ վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն՝ որոշակի բացառություններով։
«Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվի աշխատողի լիազորությունների կասեցման դեպքում նրանց տրամադրվող վարձատրությունը, տրամադրելու կարգն ու չափը։ Օրենսդրորեն հստակ կամրագրվի աշխատողի լիազորությունների կասեցումը՝ որպես դատավարական հարկադրանքի այլ միջոց։
«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝ սույն օրենքը համապատասխանեցնել Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը և սահմանել, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ՝ լիազորությունների ամբողջ ժամկետով, ինչպես նաև պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից 5 տարվա ընթացքում, նշանակվել հանձնաժողովի անդամ:
Նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը և ներկայացվելու են ԱԺ հերթական նիստի քննարկմանը։