ԼՈՒՐԵՐ
Հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
17 հունիսի 2022

Հունիսի 17-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ։

Օրակարգում ««Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։

Օրինագծի հիմնավորումը ներկայացրել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտյոմ Հարությունյանը։

Օրենքի նախագծով առաջարկվում է՝ ուժը կորցրած ճանաչել օրենքի 8-րդ հոդվածի այն դրույթը, որով սահմանվում է գործող տույժից ավելի խիստ կարգապահական տույժ կիրառել ոստիկանության այն ծառայողի նկատմամբ, որն ունի գործող կարգապահական տույժ և կատարել է կարգապահական նոր խախտում։

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ՝ քրեական գործով վարույթի կասեցման դեպքում ծառայողական քննության վերսկսում ծառայողի արարքին գնահատական տալու համար, ինչպես նաև ծառայողական քննություն իրականացնող անձին ծառայողական քննությունը կասեցված լինելու դեպքում լրացուցիչ բացատրություններ վերցնելու կամ նյութերով այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորություն ընձեռել՝ առանց ծառայողական քննությունը վերսկսելու:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, և այն ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

ԼՈՒՐԵՐ