ԼՈՒՐԵՐ
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում հանդիպել է Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպպոնիի հետ
16 հունիսի 2022

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ուղեկցությամբ հանդիպել է Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերությունները, ապագա ծրագրերն ու տեսլականները:

Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին՝ միջազգային ճանաչման համար պայքարում:

Արթուր Թովմասյանը նշել է, որ բարձր է գնահատում Ֆրանսուա Պուպպոնիի անձնվեր աշխատանքը՝ որպես Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահի, ինչպես նաև, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել նաև բարեկամական շրջանակի անդամներին՝ կատարած աշխատանքի համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2020թ 44- օրյա պատերազմի հետևանքներին և Արցախում տիրող իրավիճակին:

ԱՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է անցյալից դասեր քաղելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև։

Խոսելով Արցախի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՀ կառավարությունը ջանում է օր առաջ լուծել 10-յակ հազարավոր բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային, զբաղվածության և սոցիալական խնդիրները:

Արթուր Թովմասյանը շեշտել է, որ թեպետ առկա են ՀՀ-ից, Սփյուռքի կազմակերպություններից ու գործարար շրջանակներից Արցախին տրամադրվող տարբեր աջակցություններ, այնուամենայնիվ, հնարավորությունները շարունակում են սուղ մնալ:

ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ համակարծիք լինելու համար։

Հանդիպման շրջանակներում ընդգծվել է ռուս խաղաղապահների և Արցախի Հանրապետության ՊԲ դերը՝ որպես արցախահայության անվտանգության հուսալի երաշխավորների։

«Արցախը երբեք չի եղել ու չի լինի Արդրբեջանի կազմում:Այն որպես կարմիր գիծ պետք է ընկալվի Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության և Արցախի բարեկամների համար: Մենք Արցախի միջազգային ճանաչմանը կհասնենք ուժերի կենտրոնացման և միասնականության շնորհիվ»,- ընդհանրացրել է ԱԺ նախագահ Ա Թովմասյանը։

Հանդիպման ավարտին Արթուր Թովմասյանն իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայում հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ։ Այս առումով իր աջակցությունն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին և Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ հանդիսացող, խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր պատգամավորներին:

Իր հերթին Ֆրանսուա Պուպպոնին, ով ծագումով Կորսիկայից է, Արթուր Թովմասյանին հրավիրել է Կորսիկա: ԱՀ Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է Կորսիկա այցի հրավերը և, օգտվելով առիթից շնորհակալություն է հայտնել Կորսիկայի կողմից Արցախի անկախության ճանաչման համար։

ԼՈՒՐԵՐ