ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 5 - ՐԴ  ՆՍՏԱՇՐՋԱՆ

 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ  ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ժԱՄԸ 11:00

        

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության  անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներ,  հրավիրվածներ:

       Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

       Արթուր Թովմասյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հրավիրվածներ: Սկսում ենք մայիսի 19-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին գրանցվել:

Գրանցում:

Գրանցման արդյունքներով ներկա են  30  պատգամավորներ, բացակա` 3 -ը:

Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

Գագիկ Բաղունց - «Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Խնդրեմ, պարոն Թովմասյան:

Արթուր ԹովմասյանԻհարկե, այն բոլոր օրենքների նախագծերը, որոնք կան այսօրվա օրակարգում, մեր ժողովրդի համար են, բայց կա մի հարց, որ կարծում եմ նաև դահլիճում նստած պատգամավորներին նույնպես այդ հարցով կարող է դիմած լինեն` դրանք բռնատեղահանված  մեր հայրենակիցներն են: Ինձ գրավոր, բանավոր դիմել են Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի շրջանի բնակիչները, Քարվաճառից դիմող չի եղել, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները, այսինքն՝ մեր այն հայրենակիցները, որոնց համայնքները 2020 թվականին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրանք այնքան ցավ են ապրում, որ դժվարանում են մտքերը շարադրել: Նրանք նաև շնորհակալություն են հայտնում, որ առ այսօր տեղահանված պետական հիմնարկների պահպանման համար պետական բյուջեից գումարներ են հատկացնում, որ, կարծում եմ, դրա կարիքը չկա շնորհակալություն հայտնելու: Հիմա ուղիղ եթերով իրենք ինձ լսում են. «Սիրելի բռնատեղահանվածներ, ես զրուցել եմ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հուզվել էի, թեկուզ համոզված էի, որ մենք միատեսակ ենք մտածում: Արցախի նախագահը գտավ յուրաքանչյուր տեղահանված շահառու անձի բնակվարձերի փոխհատուցման իդեալական ծրագիրը: Չեմ էլ կասկածում, որ այս պրոբլեմին նույնպես իդեալական լուծում կտա երկրի նախագահը»: Դիմում եմ ԱՀ կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 26-ի N 149 աղետալի որոշումը: Իրականում «աղետալի» բառը և՛ նշաձողի իջեցմանն է վերաբերում, և՛ կառավարության այս որոշմանը: Լուծարումով մենք ջնջում ենք համայնքների պատմությունը: Ինչ պաշտոն ուզում ես զբաղեցրու: Մենք չպետք է շեղվենք մեր ընտրած ուղուց: Մենք բարոյական իրավունք չունենք անարժան ձևով փակելու մեր համայնքների պատմությունը: Սրանից մի ամիս առաջ Ստեփանակերտի 5-րդ դպրոցի տնօրենից` Վանիկից, որը Դաշքեսանից էր (Շամխորի շրջան), ես հետաքրքրվեցի մեր ուսանողական տարիների ընկերներից, և ասաց, որ մեկի հետ տեսակապով կարող եմ կապի մեջ մտնել: Ես հուզվեցի, ոչ թե որ Սերգեյի առաջվա գանգրահեր, սևաթուխ տղան արդեն ճերմակել, պապիկ է դարձել՝ ինչպես ես, այլ նրա համար, որ կարոտս առա Շամխորի, Գետաշենի բարբառից: Լավ ժամանակներ կգան, և անպայման մենք պետք է Հադրութի համով-հոտով բարբառը պահպանենք: Այստեղ նաև ես անուններով եմ դիմում, որովհետև մեր հասարակությունը իրենց անուններով է ճանաչում` Վիգենին և Արշակին, որ իրենց աջակցության կարիքը նույնպես ես զգում եմ: Իհարկե, ձեր հայրենակիցների հետ կհանդիպենք մենք, եթե վիրավորեն, չտխրեք: Մենք պետք է, դուք՝ որպես Հադրութի շրջանի պատգամավորներ, ավելի ակտիվանաք, ավելի շատ բարձրացնեք շրջանի բռնատեղահանված մեր հայրենակիցների հարցերը: Այս առումով հեշտ է Շուշիի շրջանի հետ, պարոն Կասյանի հետ: Երկար տարիներ  վարչակազմի ղեկավար է աշխատել, բոլորին գիտի անուն, ազգանունով: Մենք այդ հարցերին լուծում պետք է տանք, որովհետև բարբառը մեր հարստությունն է: Գժվել կարելի է Հադրութի, Շահումյանի շրջանի բարբառի համար, Գյումրիի բարբառի համար, Վանաձորի բարբառի համար: Սրանք մեր հարստություններն են, իհարկե, անաղարտ մայրենի լեզվի հետ միասին, իհարկե, բոլորս իրար հետ բոլոր հայերս հաղորդակցվում ենք գրական հայերենով: Երբ որ սփյուռքահայ է գալիս, ասում են արևմտահայերենով խոսիր, որ այդ քաղցրությունը զգանք: Մենք պետք է նաև միջոցառումներ անենք մեր բարբառներով: Իննսունական թվականներին մենք ստեղծել ենք Շահումյանի շրջանը, հետագայում Քաշաթաղի շրջանը: Ինչի՞ համար, որ կոմպակտ բնակվեն բռնի տեղահանված մեր շահումյանցիները, մեր եղբայրները, և այդ բարբառը պահպանվի: Հիմա մենք ամեն ինչ պիտի անենք, որ հադրութցիները, եթե բնակարանները տրամադրենք, համայնքներ ստեղծենք, ապա նրանք միասին ապրեն: Լավ օրեր կգան, բայց մեր բարբառը, հադրութցիների բարբառը, շահումյանցիների, Գյումրիի, սրանք մեր հարստություններն են:

Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում որպես պարտադիր քննարկման ենթակա   ներառված է «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում» հարցը:

Իսկ երկրորդ բաժնում ներառված են գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հետևյալ նախագծերը՝ «Հարկերի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»:

Կա՞ն հարցեր այսօրվա նստաշրջանի օրակարգի վերաբերյալ: Եթե չկան, խնդրում եմ քվեարկել:

Քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու  մասին» Ազգային ժողովի որոշումը: 

Քվեարկություն:

Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

     Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 2022 թվականի մայիսի 19-ի հերթական նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:

Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, որպես պարտադիր քննարկման հարց Ազգային ժողովի 2022 թվականի մայիսի 19հերթական նիստի օրակարգի առաջին բաժնում ընդգրկված են քիչ առաջ հաստատված «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը», ինչպես նաև առաջին ընթերցմամբ ընդունված «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծը: Իսկ երկրորդ բաժնում ընդգրկված է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Այսօրվա նիստի օրակարգում ներառված է նաև «Պատգամավորական հայտարարություններ» հարցը:

Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի  հետ կապված:

Եթե հարցեր չկան, քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի մայիսի 19-ի նիստի  օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը: 

Քվեարկություն:

Կողմ՝ 30,  դեմ՝  չկա,  ձեռնպահ՝   չկա:

Որոշումն ընդունված է:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը» հարցին: Այն ներկայացնելու համար հրավիրվում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Խնդրեմ, պարոն Ստեփանյան:

Գեղամ Ստեփանյան Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի խորհրդարան, ներկաներ, Արցախի Հանրապետության Սահմանադրության 157-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը։

2021 թվականն Արցախի Հանրապետությունում առանձնացել է հետպատերազմական ժամանակաշրջանին բնորոշ իրավիճակներով և իրադարձություններով, որոնք իրենց անդրադարձն են ունեցել նաև մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վրա։ Նշված հանգամանքների ուժով որոշակի վերափոխվել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը՝ ներառելով գործունեության և՛ ուղղությունները, և՛ ձևերը, և՛ բովանդակությունը: 2021 թվականին Պաշտպանի գործունեությունն ընթացել է հետևյալ հիմնական ուղղություններով՝ մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոք-դիմումների ուսումնասիրություն և քննարկում, խոշտանգումների կանխարգելում, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, բռնի տեղահանված անձանց, հասարակության խոցելի խմբերին դասվող անձանց իրավունքների պաշտպանություն, օրենսդրության կատարելագործում, Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանք և տարաբնույթ զեկույցների պատրաստում, մարդու իրավունքների և ազատությունների հանրային իրազեկում:

Հաշվետու ժամանակաշրջանում ՄԻՊ հաստատությունը իրականացրել է իր կարևորագույն գործառույթը՝ անհատական դիմում-բողոքների ուսումնասիրությունը: Պաշտպանի աշխատակազմն ստացել է 430 դիմում 510 անձանցից: 2020 թվականի համեմատ դիմումների թիվը աճել է 20%-ով: Պաշտպանի աշխատակազմի նստավայրում իրականացվել է մոտ 1075 ընդունելություն, աշխատակազմում գործող 116 և 6-116 անվճար թեժ գծերին ստացվել է 1000-ից ավելի հեռախոսազանգ, որոնցում բարձրացված հարցերի կապակցությամբ քաղաքացիներին տրվել է  իրավական  խորհրդատվություն:

Պաշտպանին դիմումներ են հասցեագրվել ԱՀ բոլոր վարչատարածքային միավորներից: Ինչպես նախորդ տարվա ընթացքում, այնպես էլ 2021 թվականին մայրաքաղաք Ստեփանակերտից ստացված դիմումները գերակշիռ մաս են կազմել (60%): Աշխատակազմ մուտքագրված դիմումների 27%-ը ներկայացվել են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, 13%-ը՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, 9%-ը՝ ԱՀ պաշտպանության նախարարության, 8%-ը՝ ԱՀ ոստիկանության, 4%-ը՝ ԱՀ առողջապահության նախարարության, 4%-ը՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի, 4%-ը՝ ԱՀ քաղաքաշինության նախարարության դեմ։ Մյուս պետական մարմինների դեմ ներկայացված դիմումները կազմում են ընդհանուրի 31%-ը։

Դիմումների զգալի մասը առնչվել է սոցիալական ապահովության իրավունքին (48%), սեփականության իրավունքին (13%), աշխատանքային իրավունքներին (10%), պատշաճ վարչարարության իրավունքին (5%), այնուհետև տեղեկություններ ստանալու իրավունք, ազատ տեղաշարժվելու և քաղաքացիության իրավունք, արդար դատաքննության իրավունք, առողջության պահպանման, կրթության իրավունքներ և ազատություններ:

Թույլ տվեք որոշակի անդրադառնալ կոնկրետ իրավունքների գծով արձանագրված խնդիրներին:

Արդար դատաքննության իրավունքի հետ կապված հիմնական խնդիրներից են մնում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի պատշաճ իրացման հետ կապված խնդիրները։ Ողջամիտ ժամկետի խախտման հիմնական պատճառներից են դատարանների ծանրաբեռնվածությունը, ապացույցներ հետազոտելու անհրաժեշտությունը և դրանից բխող փորձաքննության մարմինների ծանրաբեռնվածությունը։ Դատական համակարգում առկա կառավարման և ընթացակարգային մի շարք խնդիրների կարգավորման, դատարանների գործունեության թափանցիկության բարձրացման նպատակով պետք է Արցախում ներդրվի դատական տեղեկատվական առցանց համակարգ։ Պետք է արձանագրել, որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունների ներկայացման և դատարանի կողմից բավարարման դեպքերը մեծ թիվ են կազմում: 2021 թվականին նախաքննության մարմինների կողմից ներկայացվել է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 72 միջնորդություն, որոնցից բավարարվել է 63-ը: Խնդիրն ունի ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական հիմք: Մեկ այլ օրենսդրական խնդիր է կալանավորման վերաբերյալ միջնորդությունները դռնփակ դատական նիստում քննության առնելու վերաբերյալ դրույթը։ Կալանավորման կիրառման և դրա ժամկետի երկարացման վերաբերյալ գործերի դատական քննությունը պետք է տեղի ունենա դռնբաց, ինչը կապահովի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ գործերի դատական քննության հրապարակայնությունը։

Պատշաճ վարչարարության իրավունքի վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքները առնչվել են քաղաքացիների դիմումներին գրավոր պատասխան տալու օրենսդրական ժամկետը չպահպանելուն, պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումները չընդունելուն, պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորմանը, նրանց կողմից իրավունքների ոչ հստակ պարզաբանմանը։ Պետք է փաստել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից պատշաճ վարչարարության իրավունքի խախտումների դեպքերը տարիների ընթացքում նվազում չեն արձանագրում:

Տեղեկություններ ստանալու իրավունքի վերաբերյալ առկա են նույն խնդիրները: Հաղորդման մեջ արձանագրվել է, որ նշված իրավունքի իրացման շրջանակներում Պաշտպանի աշխատակազմն առնչվել է ոչ թե օրենսդրական կարգավորումների առկա խնդիրների, բացերի, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից օրենսդրական կարգավորումներով չառաջնորդվելու կամ օրենքի պահանջները ոչ լրիվ և պատշաճ կատարելու դեպքերի: Որպես անձի պահանջած տեղեկությունները չտրամադրելու պատճառ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հիմնականում մատնանշում  են իրենց ծանրաբեռնվածությունը, մինչդեռ օրենսդրությամբ նախատեսված  են համապատասխան ընթացակարգեր և ժամկետներ, որոնց խախտումների համար, ցավոք, պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվում։

Ազատ տեղաշարժի իրավունքի հետ կապված ներկայացված դիմումները վերաբերել են քաղաքացիության, անձնագիր ստանալու, ինչպես նաև մի վայրի հաշվառումից հանվելու և մեկ այլ վայրում hաշվառվելու հարցերին։ Ուսումնասիրությունները վկայում են, որ Արցախի Հանրապետության տարածքների  բռնազավթման հետևանքով գործնականում այդ տարածքներում քաղաքացիների հաշվառման և հաշվառումից հանելու հիմքերը և ընթացակարգերը փոփոխությունների են ենթարկվել: Այնուամենայնիվ, իրավաստեղծ բնագավառում ոլորտը կարգավորող իրավական ակտերի թարմացման կարիք ունի:

Անձնական իրավունքների պաշտպանությունն իրավապահ մարմինների գործունեության բնագավառում։ Պաշտպանին հասցեագրված գրավոր և բանավոր դիմումներն ու ահազանգերը, ուսումնասիրությունները, ոստիկանության բաժիններ կամ իրավապահ համակարգի այլ ստորաբաժանումներ կատարած մշտադիտարկման այցերը ցույց են տալիս, որ գործնականում դիտարկվող առանձին դրսևորումների արդյունքում իրավապահ մարմինների գործունեությունը մի շարք առումներով խնդրահարույց է։ Դրական տեղաշարժեր, իհարկե, կան, սակայն չունեն ինստիտուցիոնալ հիմք, բազում հարցեր անարդարացիորեն թողնված են իրավակիրառողի բարեխղճությանը կամ իրավիճակային լուծումներին, դեռ շարունակում են գործել «ավանդույթներ», որոնք դառնում են մարդու իրավունքների խախտումների պատճառ: Համակարգի խնդիրներից շարունակվում է մնալ մարդուն ազատությունից զրկելու մեխանիզմի անթույլատրելի սխալներով գործելը,  բերման ենթարկելը իրավունքների կոպիտ խախտումներով: Քրեական հետապնդման մարմինների կողմից դեպքի վայրի զննության ներքո խուզարկության իրականացումը անընդունելի է և վտանգում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները, այլև ուղիղ հարված է հասցնում այդ քննչական գործողության արդյունքում ձեռքբերված ապացույցների թույլատրելիությանը:

Սոցիալական ապահովության իրավունքին վերաբերող դիմումները հիմնականում առնչվում էին հաշմանդամության կարգ տրամադրելու, տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցությունների, երեխաների համար օրենքով նախատեսված նպաստ նշանակելու, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շինանյութի տեսքով տրամադրվող օգնության, կենսաթոշակի վերահաշվարկի և այլ հարցերի։ Մեծ թիվ են կազմել այն բողոք դիմումները, որոնք վերաբերել են տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցություններին։ Հիմնական խնդիրն այն էր, որ պետական աջակցության սոցիալական ծրագրերի շահառուների ցուցակում ընդգրկվելու դիմումների մերժումը պայմանավորված է եղել շահառու հանդիսանալու համար անհրաժեշտ նախապայմաններին չբավարարելու հանգամանքով, այդուհանդերձ, մեծ թիվ են կազմել նաև այնպիսի դիմումներ, որոնք լիազոր մարմինների կողմից չեն ընդունվել տեխնիկական անճշտությունների, մասնավորապես՝ անվան, ազգանվան սխալ մուտքագրման, ծրագրի շահագործման համակարգի ոչ հավաստի տվյալների շրջանառման և  այլ պատճառներով: Հարկ է նշել, որ սոցիալական աջակցության միջոցառումների հետ կապված նմանատիպ մի շարք խնդիրներ Պաշտպանի աշխատակազմի միջամտությամբ կարգավորվել են, և քաղաքացիները օգտվել են իրենց հասանելիք դրամական աջակցությունից:

Աշխատանքային իրավունքներին առնչվող դիմումները վերաբերել են աշխատանքային պայմանագիրն անհիմն լուծելուն, առանց իրավաչափ հիմքի հաստիքների կրճատմանը, վերջնահաշվարկ չտրամադրելուն, առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման նկատողություններ տալուն։ Աշխատանքային իրավունքների խախտումները մեծ մասամբ արձանագրվել են գործատուների կողմից օրենսդրության սխալ կիրառման հետևանքով: Ընդ որում, նկատվել է միտում, երբ գործատուներն աշխատանքից ազատելու անհատական իրավական ակտի ոչ իրավաչափության փաստն ընդունելուց հետո շարունակում են միջոցներ չձեռնարկել դրանց հետևանքով առաջացած խախտումները վերացնելու ուղղությամբ: Գործատուները շատ դեպքերում աշխատողների հետ միջանձնային տարաձայնությունների, աշխատողների վարքագծի՝ սեփական պատկերացումներին հակասելու դրդումներով որոշումներ են կայացնում՝ փորձելով դրանց ձևական կողմը տեղավորել աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչն ինքնին առաջ  է բերում իրավական պետության համար անցանկալի հետևանքներ:

Կրթության իրավունք։ 2021 թվականին կրթության իրավունքի իրացման վրա իր հետքն են թողել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները: Ուսումնական հաստատությունները ստիպված անցել են ուսումնական գործընթացի կազմակերպման հեռավար ռեժիմի, ինչը ի հայտ է բերել բազմաթիվ խնդիրներ՝ ուսուցման մեթոդիկայի բացակայություն, սոցիալական անհավասարություն, կրթության որակի վատթարացում: Հատկապես բազմազավակ ընտանիքներում երեխաների մասնակցությունը հեռավար ուսուցման գործընթացին գրեթե անհնար էր ապահովել ընտանիքում երեխաների քանակին համապատասխան անհրաժեշտ սարքերի՝ հեռախոսների, պլանշետների կամ համակարգիչների բացակայության պատճառով, ինչի հետևանքով երեխաները իրենց վրա զգացել են սոցիալական անարդարության դրսևորումներ: Ավելին, հանրապետությունում համացանցային կապի հասանելիության անբավարար մակարդակը էլ ավելի է վատթարացրել իրավիճակը։ ԱՀ սահմանային համայնքներում կրթության իրավունքի իրացմանը խոչընդոտել է նաև թշնամու ագրեսիվ վարքագիծը: Որոշ ուսումնական հաստատություններում ակնհայտ սպառնալիքների ազդեցության ներքո, մարդու ֆիզիկական անվտանգության անմիջական վտանգի առկայության պայմաններում ուսումնական գործընթացը պարբերաբար ընդհատվել է։

Կրթության իրավունքի իրացման դժվարությունների հետ շարունակում են բախվել կրթության առանձնահատուկ պայմաննների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաները։ Թեև հանրապետությունում 2010 թվականին օրենսդրությամբ կատարված փոփոփոխություններով ներդրվել է ներառական կրթությունը, առ այսօր ոլորտում առկա են գործնական և օրենսդրական լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են գլխավորապես մասնագիտական կարողությունների զգալի պակասով, նյութատեխնիկական պայմանների սղությամբ, կարգավորող օրենսդրության թերություններով և հասարակության կարծրատիպերով:

Սեփականության իրավունքի բնագավառում բողոքներ են ներկայացվել բռնի տեղահանված անձանց բնակարանների տրամադրման, վերաբնակեցման ծրագրերով, ինչպես նաև զինծառայողների բնակելի տուն կամ բնակարան հատկացնելուն, նախնական համարժեք փոխհատուցմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառուցապատման կամ վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրմանն ու մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ ԱՀ սեփականության իրավունքի պաշտպանության վիճակի մշտադիտարկման ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հատուկ ուսումնասիրության առարկա են եղել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում 2021 թվականի հունիսի 29-ի օրենքով լրացված և փոփոխված կարգավորումները: Մասնավորապես, կատարված ուսումնասիրությունների հիման վրա Պաշտպանն արձանագրել է, որ, ըստ էության, օրենքով սահմանված կարգավորումները պետք է բխեն Սահմանադրությամբ և Քաղաքացիական օրենսգրքով՝ որպես գույքային հարաբերությունները կարգավորող համակարգված ակտի, սահմանված ընդհանուր և ելակետային դրույթներից, չպետք է նախատեսեն այդ դրույթներից տարբերվող՝  օրենքով չնախատեսված հատուկ կարգավորումներ: Հատուկ ընդգծվել է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածով և Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դրույթների պահպանմամբ, համաձայն որոնց գույքի օտարումը կատարվում է օրենքով սահմանված կագով և պայմաններում, գույքի օգտագործման դիմաց տրվող վճարի հետ կապված հարաբերությունները՝ որպես գույքի օտարման գործընթացի էական տարր, պետք է կարգավորվեն օրենքով: Հաշվի առնելով, որ կատարված փոփոխությունները դեռևս չեն կիրառվում, ենթադրելի է, որ կիրառման ընթացքում առաջանալու են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք լինելու են ՄԻՊ աշխատակազմի ուշադրության կենտրոնում։

Ազատազրկման վայրերում պատիժը կրող դատապարտյալների, կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում Արցախի ՄԻՊ հաստատության հնարավորությունները սահմանափակվել են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ադրբեջանական ագերսիայի և Շուշի քաղաքի բռնազավթման հետևանքով Շուշիի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները և կալանավորված անձինք տեղափոխվել են ՀՀ և շարունակել պատիժը կրել կամ կալանքի տակ գտնվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկներում: Թեև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենքով սահմանված՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում իրականացվել է նշված անձանց իրավունքների և ազատությունների մշտադիտարկում, այնուամենայնիվ, առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու և կապ պահպանելու իրավունքի լիարժեք իրագործման, դատապարտյալների և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը և հատկապես օրենսդրությամբ պաշտպանական կողմի համար սահմանված իրավունքների իրացման տեսանկյունից։

Ձերբակալվածների պահման վայրում և հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները 2021 թվականի ընթացքում պարբերական չհայտարարված այցեր են իրականացրել վերոնշյալ հիմնակներ, արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ իրավասու մարմիններին ներկայացվել են առաջարկություններ: Խիստ կարևոր է շարունակում մնալ «Հեգոթմրաբանական դիսպանսերի» շենքային անմխիթար պայմանները, ոստիկանության ստորաբաժանումներում գործող՝ ձերբակալվածների պահման վայրերի շենքային ու օրենսդրությամբ սահմանված պայմանների բացակայությունը։

Հարգելի գործընկերներ, 2021 թվականին հատկապես կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները հասարակության և պետական մարմինների մշտական ուշադրության տակ պահելու ու համատեղ ջանքերով այդ խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկման տեսանկյունից։ Ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդը։ Այս ոլորտում, ի թիվս այլ հարցերի, պետք է հատուկ անդրադառնալ ֆիզիկական միջավայրի մատչելիության հետ կապված սահմանափակումներին: Պետք է նշեմ, որ այս ուղղությամբ շոշափելի առաջընթաց չի արձանագրվել, ներկայացված խնդիրների մեծամասնությունը շարունակում է պահպանվել։ Ավելին, որոշակի դիտարկումներ ցույց են տալիս, որ անգամ նոր կառուցվող շենքերում ևս չեն պահպանվում հաշմանադամություն ունեցող անձանց մատչելի միջավայրի համար սահմանված չափանիշները։

Պաշտպանի ուշադրության կենտրոնում է եղել նաև երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Դրական առումով պետք է արձանագրել, որ պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունը 2021 թվականին տեղափոխվել է Ստեփանակերտ և շարունակում է իր գործունեությունը։ ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար այցեր է իրականացնում և փորձում իր լիազորությունների շրջանակում լուծումներ տալ առկա խնդիրներին։ Հաշվետու տարում հրապարակվել է «Մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրության և իրավիճակի մասին» արտահերթ զեկույցը, որը կատարված վերլուծությունների հիման վրա գործադիրին է ներկայացվել 171 առաջարկություն։

Բռնի տեղահանված անձինք։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ԱՀ 118 համայնք ամբողջությամբ, իսկ 2 համայնք՝ մասնակի, կամ ընդհանուր 215 բնակավայր անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այդ բնակավայրերից բռնի տեղահանվել է մոտ 40000 անձ, ինչը պայմանավորել է այդ անձանց` ԱՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային իրավական ակտերով սահմանված իրավունքների՝ սեփականության, աշխատանքային, կրթության, սոցիալական ապահովության, բնակության վայրի ազատ ընտրության և ազգային ու միջազգային իրավական պաշտպանության ներքո գտնվող այլ իրավունքների զանգվածային և աննախադեպ խախտումների, որոնց հետևանքները բռնի տեղահանված անձինք կրել են նաև 2021 թվականի ողջ ընթացքում: Տարվա ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից մշտադիտարկման այցեր են կատարվել տեղահանված անձանց կենտրոնացված բնակության հաստատություններ, հավաքագրվել են խնդիրներն ու դրանք ներկայացվել պետական լիազոր մարմիններին։ Չնայած պետության կողմից ներդրված մեծածավալ ջանքերի՝ բռնի տեղահանված անձինք շարունակում են բախվել բնակարանների սղության, չհիմնավորված բարձր բնակվարձերի, սոցիալական աջակցության այս կամ այն ծրագրերից անհիմն դուրս մնալու, կորսված փաստաթղթերի վերականգնման ուղղությամբ բյուրոկրատական քաշքշուկների և մի շարք այլ հարցերի։

2021 թվականի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել են նաև նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքներ։ Ուսումնասիրվել և վերլուծվել են 3 տասնյակից ավելի ակտեր, որոնցից յուրաքանչյուրի շրջանակներում ՄԻՊ հաստատությունը նպատակ է ունեցել նպաստել մարդու իրավունքների լավագույն պաշպանության և կանոնակարգման ենթակա իրավահարաբերությունների մարդակենտրոն ուղղվածության ապահովմանը։

2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակել է 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերեվարված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը և ցուցակների պարբարաբար թարմացումը: Այս աշխատանքները կատարվել են 2021 թվականի առաջին եռամսյակում: Միևնույն ժամանակ ակտիվ և օպերատիվ աշխատանքներ են տարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումները փաստագրելու և դրանք միջազգային ատյաններին ներկայացնելու ուղղությամբ: Արձանագրված յուրաքանչյուր դեպքով Պաշտպանի հաստատությունը հանդես է եկել հրապարակային հայտարարություններով, ներկայացրել դեպքերի մանրամասներն ու նամակներով դիմել միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող իրավապաշտպան կառույցներին։ 2020թ. նոյեմբեր ամսից սկսած Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել մոտակա հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, որի հետևանքով հաճախ գնդակները թափվել են բնակարանների տանիքներին կամ բակերում, խոցել բնակելի տների և այլ շինությունների պատերը, պատուհանները։ Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է «Հայտարարության» 1-ին կետում նշված` «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պայմանը, որի հետևանքով սպանվում են մարդիկ, խախտվել և ճնշվել են մարդու գոյության ու ապրելու համար անհրաժեշտ պարզագույն իրավունքները:

Սրան զուգահեռ ադրբեջանական կողմը տարբեր մեթոդների կիրառմամբ շարունակել է ոտնձգություններն Արցախի քաղաքացիների հոգեբանական անձեռնմխելիության դեմ՝ նպատակ հետապնդելով  վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու խաղաղ բնակչության շրջանում և ստիպելու մարդկանց լքել իրենց բնակավայրերը։ Ընթացիկ տարում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Արցախի հայկական մշակութային ժառանգությունը. Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմի դեպքերը և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգը» արտահերթ զեկույցը, «Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց` կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ» միջանկյալ զեկույցը, «Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ» միջանկյալ զեկույցի թարմացված տարբերակը:  Պատրաստված բոլոր զեկույցները տարածվել են Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ։

ԱՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը Պաշտպանը դիտարկում է որպես օրենսդրությամբ օմբուդսմենի ինստիտուտին վերապահված գործառույթների ու խնդիրների իրականացման կարևորագույն պայման: Առանձնակի նշանակություն է տրվել Պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջև համագործակցությանը, որը հիմնականում իրականացվել է դիմումների փոխանակման, հանդիպումների, համատեղ հայտարարությունների միջոցով:

ՄԻՊ գործունեության կարևորագույն ուղղություններից է եղել համագործակցությունը Սփյուռքի և միջազգային կառույցների հետ, այդ թվում` ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների, Ամերիկայում գործող «Ճշմարտության և արդարության կենտրոնի», Ամերիկայի «Հայ իրավաբանների միության», «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության, եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի և մի շարք այլ կառույցների հետ: Համագործակցության առանցքում եղել և շարունակում է մնալ միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ վարվող հայատյաց քաղաքականությունը և դրա հետևանքները ներկայացնելը: Այս համատեքստում հեռավար կերպով մասնակցել ենք տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիպումների և քննարկումների, մոտ 200 հասցեական նամակներ են հղվել միջազգային  գործընկերներին:

         2021 թվականին Պաշտպանի աշխատակազմը հրապարակել է մոտ 150 մամուլի հաղորդագրություններ, որոնք լայն տարածում են ստացել ինչպես Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, ինչպես նաև միջազգային զանգվածային լրատվության միջոցներով:

Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե հարցեր ունեք պարոն Ստեփանյանին, խնդրում եմ  գրանցվել:

Գրանցում:

Գրանցվել են 5 պատգամավորներ` պարոն Հայրապետյան, Բաղունց, պարոն Ստեփանյան, տիկին Պետրոսյան և տիկին Հակոբյան:

Խնդրեմ, պարոն Հայրապետյան:

Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն: Պարոն Ստեփանյան, Ձեր գործունեությամբ Դուք իրականում շարունակել եք Արցախի ՄԻՊ լավագույն ավանդույթներն ու բարի համբավը: Այդ մասին վկայում են նաև բնակչության կողմից դրական արձագանքները: Սակայն չեմ կարող չանդրադառնալ հետևյալ հարցին. ինչպես գիտեք, անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատել է գրասենյակի ամբողջ անձնակազմին: Նրանք բողոք են ներկայացրել նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Ուսումնասիրության արդյունքում Ձեր կողմից որոշում է կայացվել, որ նշված պետական պաշտոնյան խախտել է 55 հոգու աշխատանքային իրավունքը, և առաջարկել եք վերացնել այդ խախտումները: Սակայն ՄԻՊ-ի կողմից ընդունված որոշումը չի կատարվել: Հաղորդման մեջ հանգամանորեն անդրադարձել եք ԱԽ գրասենյակի աշխատակազմի աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումներին՝ նշելով, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուները նույն հարցով դիմել են ԱՀ ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան, զերծ եք մնացել իրավունքի շրջանակներում գնահատական տալու գործողություններից: Հարցս հետևյալն է. ինչո՞ւ և ինչպե՞ս է դատարան դիմելու հանգամանքը զերծ պահել Ձեզ լիազորությունների շրջանակում գնահատական տալու անօրինական գործողություններին, այն դեպքում, երբ ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հատուկ տեղեկություն հրապարակել իր առաջարկությանը չհամապատասխանած կամ դրանով նախատեսված միջոցառումները չկատարած անձի կամ կազմակերպության վերաբերյալ: Շնորհակալություն:

Գեղամ Ստեփանյան - Այո, անվտանգության խորհրդի նախկին աշխատակիցների կողմից ՄԻՊ հաստատությանը ներկայացված դիմումը երկար ուսումնասիրվել է ՄԻՊ հաստատության կողմից, որի արդյունքում արձանագրվել են այդ մարդկանց իրավունքների խախտումներ, և առաջարկություն է ներկայացվել Անվտանգության խորհրդի գրասենյակին խախտումները վերացնելու ուղղությամբ, ինչին ի պատասխան Անվտանգության խորհրդից ստացվել է գրություն, որում տեղական մարմինը չի ընդունել ՄԻՊ-ի կողմից առաջարկված խախտումները վերացնելու վերաբերյալ առաջարկը: Դրան անմիջապես հետո հետևել է տվյալ դիմումատուների դիմումը դատարան: Մարդու իրավունքների պաշտպանը դատարանում հարցերի քննության ժամանակ զերծ է մնում գնահատականներ տալուց: Սա է հիմնական պատճառը, որ այդ ժամանակահատվածում գնահատականներ չեն հնչեցվել: Եվ հենց այդ ժամանակ էլ պլանավորվել է և, ինչպես տեսնում եք, նաև հրապարակվել է, այսինքն պահպանվել է ՄԻՊ գործունեության հրապարակայնությունը և հատուկ տարեկան հաղորդման մեջ աշխատանքային իրավունքների խախտումների բաժնում, որպես հատուկ դիմում, դեպք, հենց նշվել է տվյալ դիմումը: Այսինքն այն, որ տվյալ դիմումի և տվյալ խախտման վերաբերյալ հրապարակայնությունը պետք էր ապահովել, այն գլխից մեզ համար պարզ էր, և մենք դա արել ենք տարեկան հաղորդման մեջ ներառելով: Այսքանը:

Գագիկ Բաղունց – Արձագանքո՞ւմ եք, պարոն Հայրապետյան:

Սեյրան Հայրապետյան – Այո: Փաստորեն աշխատակազմը նախկին դիմել է դատարան, դատարանը բավարարել էր նրանց հայցը, մասնավորապես հիսուն միլիոն դրամ հարկադիր պարապուրդի գումար է գանձվելու՝ այսպիսով մեր պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնասներ:

Գեղամ Ստեփանյան - Ես շնորհակալ եմ, որ այդ հարցին անպայման անդրադարձ կատարվեց և կուզենայի նաև այս առիթը օգտագործել, որ ևս մեկ անգամ նշենք, որ ՄԻՊ կողմից կայացված խախտման վերաբերյալ որոշումները ինքնանպատակ չեն: Դրանք կոնկրետ նպատակ են հետապնդում անձանց իրավունքների պաշտպանության, օրենսդրությամբ և Սահմանադրությամբ սահմանված երաշխիքները ապահովելու համար: Ես այս ամբիոնից ևս մեկ անգամ կոչ կանեի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ՄԻՊ հաստատության կողմից արձանագրված խախտումները, ներկայացված առաջարկները ընդունեն ի գիտություն և առաջնորդվեն իրենց որոշումների կայացման հարցում:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Պարոն Ստեփանյան, հայտնի է, որ մինչ այսօր Ադրբեջանում գերության մեջ են գտնվում հայ բազմաթիվ զինվորականներ: Խնդրում եմ ճշտել նախ ռազմագերիների քանակը, և ՀՀ ՄԻՊ հետ համատեղ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ: Եվ եթե այդ ցանկում կան Արցախի քաղաքացիներ, կխնդրեի երկու խոսքով առանձին անդրադառնալ նրանց ճակատագրին:

Գեղամ Ստեփանյան - Այս պահի դրությամբ Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն երեսունութ է, սակայն Արցախի ՄԻՊ-ը, Հայաստանի ՄԻՊ-ը և հայաստանյան՝ հարցի վերաբերյալ գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում ենք ապացուցել ևս ութսուն անձանց գերության մեջ լինելու հանգամանքը, որը, ցավոք սրտի, մինչև այսօր Ադրբեջանի կողմից որևէ ձևով չի հաստատվում, ինչը մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը: Ինչ վերաբերում է հաստատված երեսունութ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ապա նրանց շարքում ԱՀ քաղաքացի չկա, բայց նրանց շարքում երեսունութից երեսունհինգը զինվորականներ են, երեքը` քաղաքացիական անձինք, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ տասնինը քաղաքացիական անձինք, և նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության հանգամանքը ևս կարողանում ենք փաստերով ապացուցել: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում: Այս բնագավառում մեր հիմնական գործառույթը անընդհատ դրա վերաբերյալ հայտարարություններ և տեղեկանքներ պատրաստելն ու տրամադրելն է: Ես արդեն նշեցի, որ 2021 թվականի ընթացքում պատրաստել ենք կեղծ մեղադրանքների հիման վրա Ադրբեջանում դատավարությունների իրականացմանը հայ ռազմագերիների նկատմամբ, որը տարածվել է ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ և նաև արձանագրում է ստացել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստվող զեկույցներում: Սրանով են հիմնականում սահմանափակվում մեր իրավասությունները:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Բոլոր երեսունութի վերաբերյալ դատարանի որոշումները կայացվա՞ծ են:

Գեղամ Ստեփանյան - Արդեն այո: Զեկույցի պատրաստման ժամանակ արդեն երեսունվեցի վերաբերյալ կայացված էին, հրապարակելուց հետո ևս երկուսի նկատմամբ կայացել է:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Պարոն Ստեփանյան, թող պատրաստվի տիկին Պետրոսյանը:

Գեղամ Ստեփանյան - Շնորհակալություն: Պարոն Ստեփանյան, օգտագործելով առիթը՝ ուզում եմ գոհունակություն արտահայտել և շնորհակալություն հայտնել ՄԻՊ հաստատության արդյունավետ աշխատանքների համար: Բոլորս ականատես ենք լինում կատարվող աշխատանքների հետ կապված, մասնավորապես՝ դրանց ամփոփումը զեկույցների տեսքով, և շատ հատկանշական է այդ զեկույցների՝ որպես պաշտոնական փաստաթուղթ ՄԱԿ-ում շրջանառվելը: Արդյո՞ք առկա աշխատակազմը բավարարում է բոլոր ոլորտները ընդգրկել, որովհետև ստեղծված իրավիճակում խնդիրները բազմաթիվ են, և այս հսկայածավալ աշխատանքը կատարել այդ աշխատակազմով, կարծում եմ, որոշակի խնդիրներ է բերում: Ավելի շատ կուզենայի Դուք բացատրեք` բավարարու՞մ է աշխատակազմը, փորձագետների ընդգրկվածությունը աշխատանքները լիարժեք կազմակերպելու, թե՞ կան ոլորտներ, որոնք դուրս են մնում՝ զուտ այս խնդիրը հաշվի առնելով: Շնորհակալություն:

Գեղամ Ստեփանյան - Շնորհակալություն գնահատականի և հարցի համար: Իրականում առկա աշխատակազմը երկրի ներսի վերաբերյալ հարցերում ուսումնասիրություններ և վերլուծություններ և ըստ այդմ՝ նաև բողոքների քննարկման տեսանկյունից բավարարում է, և ես դեռևս կարծում եմ, որ կա պոտենցիալ, որը պետք է շարունակվի օգտագործվել, բայց կուզենայի այս համատեքստում անպայման նշել, որ շարունակում ենք խնդիր ունենալ կոնկրետ միջազգային իրավունքի մասնագիտության ուղղությամբ: Այս պահին ԱՀ քաղաքացի կա, որը նախկին մեր աշխատակիցն է, Ամերիկայում կրթություն է ստանում,  երկու ամսից կավարտի և կվերադառնա Արցախ: Մենք հույս ունենք, որ կկարողանանք նաև նրան ներգրավելով լրացնել այդ բացը:

Գագիկ Բաղունց - Տիկին Պետրոսյան: Թող պատրաստվի տիկին Հակոբյանը:

Արևիկ Պետրոսյան - Շնորհակալություն: Նախ՝ ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն Ստեփանյան,  արագ արձագանքելու ցանկացած ոլորտում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտման դեպքերին թե՛ ներքին ոլորտում, թե՛ միջազգային ոլորտում, և անցնեմ հարցիս կոնկրետ օրինակի վրա: Ինձ է դիմել բռնի տարհանված մեր քաղաքացիներից մեկը, ով չի օգտվել պետական աջակցություններից, դիմել է տարբեր մարմինների, նրան միշտ բացասական պատասխան են տվել: Բայց կա արարողություն դատական կարգով, կա փաստաբանների գրասենյակ, որտեղ տալիս են անվճար փաստաբան, և հարցին տրվում է դրական լուծում: Հարցս հետևյալն է. կատարվո՞ւմ են աշխատանքներ մեր քաղաքացիներին իրազեկելու իրավունքների մասին կամ նույնիսկ պետական մարմիններին տարբեր ոլորտներում, որովհետև, դիմելով տարբեր նախարարություններ, այդ քաղաքացին ստացել է բացասական պատասխան: Դա նշանակում է, որ պետական մարմիններում նույնիսկ ինչ-որ պատասխանատու անձինք տեղյակ չեն այդ գործընթացների մասին: Եվ նորից հարցս ամփոփեմ. ի՞նչ միջոցառումներ, ծրագրեր ունեք այս տարի բնակչությանը իրազեկելու իրավունքների մասին:

Գեղամ Ստեփանյան – Այո, իրազեկման ուղղությամբ ևս աշխատանքներ տարվել են 2021 թվականի ընթացքում և առավել ակտիվ կերպով իրականացվելու են 2022 թվականին: Որպես օրինակ նշեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից հրապարակվել է տեղեկագիր, որում ամփոփ կերպով ներկայացվել են պետության կողմից իրականացվող բոլոր աջակցության ծրագրերը և նաև այդ աջակցություններից օգտվելու համար սահմանված ընթացակարգերը: Դրանք հասանելի են, տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվել է ՄԻՊ պաշտոնական կայքում: Տարբեր ծրագրերից օգտվելու իրավունքների վերաբերյալ լայն իրազեկում իրականացրել ենք նաև բռնի տեղահանված անձանց կենտրոնացված բնակության վայրեր մեր այցերի ժամանակ: Մոտ վաթսունյոթ մշտադիտարկման այց է իրականացվել նախորդ տարվա ընթացքում, և ուղիղ հարցուպատասխանի տեսքով շփում ենք ունեցել այդ հաստատություններում բնակվող տեղահանված անձանց հետ: Նրանց կողմից բարձրացվող հարցին տրվել է իրավախորհրդատվություն, և նաև ընդհանուր առմամբ ներկայացրել ենք այն հիմնական աջակցության ծրագրերը կամ հիմնական իրավունքները, որոնցից նրանք պետք է և կարող են օգտվել: Ինչ վերաբերում է առհասարակ իրավունքների իրազեկմանը, սա շատ կարևոր խնդիր է շարունակում մնալ և մեր հասարակության իրավագիտակցության ցածր մակարդակը, այսինքն՝ հնարավորությունները ստեղծված են իրավունքների մասին տեղեկանալու, որովհետև տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս այս կամ այն իրավունքի վերաբերյալ ուղղակի գտնել տեղեկատվական համակարգերում, ուղղակի պետք է համակարգել այդ աշխատանքները, որպեսզի գնալով հասարակության մեջ իրավագիտակցության աստիճանը բարձրանա: Դրա նպատակով պլանավորում ենք, որ սեպտեմբեր ամսվանից սկսած մեր աշխատակազմը դպրոցներ պետք է այցելի, և նաև դպրոցներում իրականացնենք իրավունքների իրազեկման աշխատանքներ:

Գագիկ Բաղունց – Արձագանքո՞ւմ եք, տիկին Պետրոսյան:

Արևիկ Պետրոսյան – Շնորհակալություն: Եթե թույլ տաք, ես կառաջարկեի հեռուստատեսությամբ փոքր հոլովակների, գովազդների տեսքով իրազեկել տարբեր հարցերի շուրջ, որը որ կատարվում է կարծեմ ուրիշ տեղեր:

Գեղամ Ստեփանյան – Շնորհակալություն, անպայման կանենք: Նախորդ տարի՝ 2021 թվականին, կոնկրետ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ ենք իրազեկող տեսանյութեր պատրաստել, և ոչ միայն: Տասը հավելյալ տեսանյութեր հրապարակվել են մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով, բայց առաջարկությունը կընդունենք և նաև հեռուստատեսությամբ տարածենք այդ տեսանյութերը:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Տիկին Հակոբյան, թող պատրաստվի պարոն Գրիգորյանը:

Մետաքսե Հակոբյան- Պարոն Ստեփանյան, պիտի ասեմ կեցցե՛ք, որովհետև ես Ձեր հաղորդման մեջ ահռելի աշխատանք տեսա, տեսա ինձ և վստահ եմ, որ շատ հայրենակիցներ տեսան իրենց: Իրականում սա կատարված աշխատանք էր, ոչ թե ուղղակի ձևական խոսքեր: Անդրադառնալով հաղորդման՝ ինձ մոտ թողած տպավորությանը, ուղղակի ուզում եմ փաստել, հետո կանցնեմ հարցին, ես ինձ համար փաստեցի, որ մեր երկրում մայր օրենքի երրորդ հոդվածը չի գործում, այն է՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները, հատկապես առաջին կետը՝ «Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է»:  Ցավոք սրտի, բոլորս հանդիպում ենք, և մեր առօրյայում է, և կարծես Ձեր հաղորդումը մեր կյանքի նկարագիրն էր: Ցավալի է, որ մեր կյանքում գոնե այդ առումով դրական տեղաշարժ չկա: Շատ կարևոր էր նշումը հատկապես տեղահանվածների, որովհետև ինչպես նաև պարոն Թովմասյանը իր խոսքում ասաց, մեկ տարի է համարյա նույն հարցերով ես եմ դիմում և Ձեր նախկին գործընկերոջը, ով հիմա պետնախարար է, բազմաթիվ անգամ եմ դիմել հենց տեղահանվածների հարցերով, իրենք դեռևս մինչև հիմա շարունակում են մնալ ամենախոցելի խավը՝ ըստ իս: Վերջերս մենք նաև համատեղ էինք ներկա մի իրավիճակի, որտեղ հենց  պետական այրերը ինչպես էին վերաբերվում մեր տեղահանվածներին: Կարծում եմ՝ մեզանից շատերն են անընդհատ Ձեզ դիմում, անհանգստացնում, համենայնդեպս, ես այդպիսի առիթներ շատ եմ ունենում: Եվ ամենակարևորը՝ Դուք խոսեցիք բերման ենթարկելու ժամանակ մարդկանց իրավունքների խախտումների, նաև ինձ մի հարց անհանգստացրեց, որ Դուք, փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում չեք կարողանում իրացնել ձեր իրավունքները՝ որպես մարդու իրավունքների պաշտպան: Դրա հետ կապված մի հարց ունեմ. վերջերս, արդեն երևի երկու շաբաթ կլինի, մեր հայրենակցին՝ Հադրութի շրջանի Տումի գյուղից Ավագյան Դավիթին, շատ խայտառակ ձևով բերման են ենթարկել Երևան քաղաքում դիմադրության շարժմանը մասնակցելու ժամանակ: Պատճառը կալանավորելու եղել է մշտական բնակության վայր չունենալը: Նշում եմ՝ Հադրութի Տումի գյուղից է Ավագյան Դավիթը, որը երեք անչափահաս երեխաների հայր է, երեխաները գտնվում են իր խնամքի տակ: Բաժնում այնուհետև Դավիթ Ավագյանի նկատմամբ նոր գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով, որը մինիմում հինգ տարի ազատազրկում է նախատեսում, և որևէ փաստ չկա գործին կցված, այսինքն՝ ինչ-որ անհասկանալի տեսանյութերով: Մենք դիմել ենք նաև Հայաստանում նախկին մարդու իրավունքների պաշտպանին, պատգամավորների, բայց հարցը որևէ կերպ լուծում չի ստանում: Խնդրում եմ նաև անպայման որևէ կերպ Ձեր հնարավորությունները օգտագործել, որպեսզի արդարությունը այս հարցում վերականգնվի: Շնորհակալություն:

Գեղամ Ստեփանյան – Ես եմ շնորհակալ, տիկին Հակոբյան: Իրականում հարցի վերաբերյալ նաև Ձեր գործընկեր պարոն Գալստյանը բարձրաձայնել է, մենք առիթ ենք ունեցել խոսելու այդ հարցի մասին, և դրանից հետո ես կապ եմ հաստատել ինչպես Հայաստանի Հանրապետությունում իրավապաշտպանների հետ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ցավոք սրտի, կոնկրետ Դավիթ Ավագյանի փաստաբանի հետ այդպես էլ դեռևս կապ չեմ հաստատել, բայց անպայման կխոսեմ նաև իրենց հետ: Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել եմ, որպեսզի պարզաբանումներ պահանջի կոնկրետ անձի կալանավորման վերաբերյալ, և ստացված պարզաբանումների վերաբերյալ ասվել է հետևյալը, որ դատական նիստում կալանավորման միջնորդության քննարկման ժամանակ փաստացի բնակության վայր չունենալու հանգամանքը ուսումնասիրության առարկա չի եղել, և կալանավորման համար դա չի հիմք հանդիսացել: Այնուամենայնիվ, ես խնդրել եմ, որ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հսկողական գործառույթ իրականացնի կոնկրետ այս դեպքի վերաբերյալ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ձեր նշած դեպքը զանգվածային լրատվության միջոցներում լայն տարածում է գտել և շատ արատավոր է, եթե դա ներկայացվի որպես փաստացի բնակության վայր չունենալու հետևանք: Եվ այս ուղղությամբ, այո, շարունակելու ենք հսկողություն իրականացնել, հնարավորինս գործադրելու, որպեսզի բոլոր այդ դատավարությունների ժամանակ անձի իրավունքները պաշտպանված լինեն: Ինչ վերաբերում է կալանավորումներին, այո, ես իմ խոսքում նշեցի, որ որպես անձի ազատությունը սահմանափակող ծայրահեղ միջոց, կալանավորումները պետք է հնարավորինս քիչ կիրառվեն, և նաև այդ հարցը կարող ենք դիտարկել հենց իմ այս պնդման շրջանակներում: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Արձագանքո՞ւմ եք:   

Մետաքսե Հակոբյան – Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան: Ասեմ, որ հենց փաստաբանը ինքն է ասել, և ինքը ծանոթ է բոլորիցս հաստատ առավել գործի մանրամասներին: Այո, հենց սկզբում հիմք է հանդիսացել, անկախ նրանից, թե հիմա ինչպես են տրվում պարզաբանումները, իրեն բերման ենթարկելու հիմք է հանդիսացել մշտական բնակության վայր չունենալը: Եվ սա ցավալի փաստ է: Հասկանալով Ձեր կարգավիճակը՝ չեմ փորձում քաղաքական մեկնաբանություն տալ, բայց այստեղ զուտ քաղաքական ենթատեքստ կա: Խնդրում եմ ուղղակի, նաև ինչ-որ տեղ պահանջում՝ որպես պատգամավոր, հետևողական լինել և թույլ չտալ, որպեսզի նման դեպքերը կրկնվող լինեն և նաև կոնկրետ Դավիթ Ավագյանի հարցում հետևողական լինել և հասնել արդարության վերականգնմանը: Շնորհակալ եմ:

Գեղամ Ստեփանյան – Շատ լավ, անպայման: 

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Պարոն Ստեփանյան, Ձեր տարեկան հաղորդման մեջ Դուք անդրադարձ կատարեցիք «Հոգեթմրաբանական դիսպանսերում» տիրող իրավիճակին, վերաբերող  պայմաններին, ուստի հարցս հետևյալն է. արդյո՞ք արձանագրելուց հետո կա փոխադարձ կապ առողջապահության նախարարության պատասխանատուների հետ, և ի՞նչ արձագանք եք ստացել: Շնորհակալություն:

Գեղամ Ստեփանյան – Շնորհակալություն հարցի համար: Այո, ցանկացած դիտարկման այցից հետո ՄԻՊ հաստատության համապատասխան բաժնի կողմից կազմվում է տեղեկանք և արձանագրություն, նաև առաջարկություններ, որոնք ուղարկվում են համապատասխան լիազոր մարմնին: «Հոգեթմրաբանական դիսպանսեր» կատարված բոլոր մշտադիտարկման այցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացվել են, արձանագրված խնդիրներից կարող եմ նշել սննդի հետ կապված իրավակարգավորումները, որոնք կոնկրետ գրությամբ առաջարկ է ներկայացվել նախարարին՝ այս ոլորտը կարգավորող իրավական ակտի ընդունման համար: Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, ներկայացվել է լուսանկարներով շենքային առկա իրավիճակը, և կարծես թե այս պահի դրությամբ կա այդ խոստումը, եթե այսպես ասենք, տարվա ընթացքում հնարավորության շրջանակներում անպայման կարգավորվելու են դիսպանսերի շենքային պայմանները:

Գագիկ Բաղունց – Արձագանքո՞ւմ եք, պարոն Գրիգորյան:

Արամ Գրիգորյան - Ոչ:

Գագիկ Բաղունց  - Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան – Պարոն Ստեփանյան, իմ գործընկերերի կողմից լավ խոսքեր հնչեցին Ձեր կատարած աշխատանքի մասով, բայց իմ խորին համոզմունքը նա է, որ եթե երիտասարդ մասնագետին ուզում ես փչացնես, պիտի սկսես գովել: Դա ես ասում եմ անձնական օրինակից՝ իննսունական  թվականներից: Երբ որ ես Ազգային ժողովի նախագահ էի, գովում էին, հետո երբ որ դուրս եկա, տասներեք տարի ոչ մեկը տեղս էլ չէր իմանում: Պարզապես դու աշխատիր, պարզապես Արցախի խորհրդարանը ճիշտ է քվեարկել, և Դուք արժանի եք այդ պաշտոնին: Օր ու գիշեր աշխատեք: Դուք ծառա չեք, ոչ էլ Ազգային ժողովի պատգամավորներն են: Ժողովրդի մեջ կա այս խոսքը.  պատգամավորները, Մարդու իրավունքների պաշտպանը ժողովրդի ծառան են: Չէ, մենք ծառայում ենք, ծառայում ենք հայրենիքին, ծառայում ենք ժողովրդին: Անձի չծառայես, անձի երբ որ ծառայես, ծառա ես դառնալու: Չեմ ասում պատգամավորների մեջ ծառաներ չեմ տեսել այս քսանհինգ տարիներին: Իհարկե, նրանք լավ կյանքով են ապրում, բայց ծառայիր ժողովրդին, ծառայիր հայրենիքին և աշխատիր օր ու գիշեր: Հաջողություն Ձեզ:

Գեղամ Ստեփանյան – Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է  մտքերի փոխանակություն

Եթե կա ելույթի ցանկությունխնդրում եմ գրանցվել: Չկա:

Եթե կա եզրափակիչ ելույթի ցանկություն, խնդրեմ: Չկա:

Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, նպատակահարմար ենք գտնում օրակարգային հաջորդ հարցի քննարկումը կազմակերպել նիստի վերջում:

Արթուր Թովմասյան – Իսկ այժմ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու համար հրավիրվում է  Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար տիկին Պետրոսյանը: Խնդրեմ, տիկին Պետրոսյան:

         Արմինե Պետրոսյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պետական պաշտոններ զբաղեցրած անձին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով անձի կողմից  զբաղեցրած պաշտոնների համար «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված առավելագույն գործակիցը: Ներկայացված փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործող գործակիցը, այսինքն՝ այն գործակիցը, որը սահմանված էր մինչև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի բարձրացումները: Մյուս փոփոխությունը վերաբերում է արդեն իսկ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկմանը: Օրենքով սահմանված է, որ գործող պաշտոնատար անձանց  աշխատավարձերի հաշվարկման գործակիցները փոխվելու դեպքում վերահաշվարկվում են նաև նախկինում նշանակված կենսաթոշակների չափերը: Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվի, որ նշանակված կենսաթոշակները  վերահաշվարկվում են միայն այն դեպքում, երբ փոխվում է կենսաթոշակի հաշվարկման բանաձևում կիրառվող հիմնական կենսաթոշակի չափը կամ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, այսինքն՝ 2022 թվականի հունվարի 1-ից իրականացված աշխատավարձերի բարձրացումները չեն ազդի պետական պաշտոններ զբաղեցրած անձանց՝ մինչև այդ պահը նշանակված կենսաթոշակների չափերի վրա: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Պետրոսյան, խնդրեմ:

Մարսել Պետրոսյան – Տիկին նախարար, հարցս հետևյալն է. ո՞րն է նման առաջարկության շարժառիթը և նպատակը:

Արմինե Պետրոսյան – Շնորհակալություն հարցի համար: Պարոն Պետրոսյան, քանի որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց թոշակները առանց այն էլ բարձր են, իսկ հիմնական թոշակը կազմում է տասնչորս հազար դրամ, մեկ տարվա ստաժի արժեքը՝ հինգ հազար դրամ, այսինքն բավականին ցածր է, կարծում եմ, որ նպատակահարմար չէ առանց այն էլ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց թոշակները բարձրացնել,  քանի որ հիմնական կենսաթոշակը բավականին նվազ է: Երբ որ մենք այստեղ ունենանք շեշտակի բարձրացում, այդ դեպքում, ինձ թվում է, կարող ենք վերանայել նաև բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց թոշակները:

Մարսել Պետրոսյան – Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Կարծում եմ՝ 2023 թվականի պետական բյուջեում հաշվի կառնենք Ձեր հարցը:

Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Արամ Գրիգորյանը:

         Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, լրամշակված օրենքի նախագիծը մանրակրկիտ իր հիմնավորումով ներկայացրեց լիազոր մարմնի ներկայացուցիչը: Ինձ մնում է միայն հավելել, որ գլխադասային հանձնաժողովի նիստում այն արժանացել է դրական եզրակացության, առաջարկում ենք այն ընդունել որպես օրենք:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, պարոն Գրիգորյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Չկա:

Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա: 

Այժմ քվեարկության է դրվում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները:

«Հարկերի մասին օրենքում փոփոխություններ  և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելու համար որպես հիմնական զեկուցող հրավիրվում է  Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ  Դավիթ Պողոսյանը: Խնդրեմ, պարոն Պողոսյան:

  Դավիթ Պողոսյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, հարգելի ներկաներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Հարկերի մասին օրենքում փոփոխություններ  և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ներկայացումը պայմանավորված է հարկային պարտավորությունների հարկադիր գանձման ընթացակարգերի հստակեցման և օրենքի կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ օրենքի նախագծով առաջարկվում է չկատարած հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ հարուցել, եթե չկատարած հարկային պարտավորությունների չափը գերազանցում է հինգ հարյուր հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամկետ, բացառությամբ ստուգմամբ կամ այլ ակտերով հարկային պարտավորություններ առաջադրած լինելու դեպքերի, որոնց մասով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում այդ ակտերը անբողոքարկելի դառնալուց երեք ամսվա ընթացքում ներկայացնեն հարկադիր կատարման: Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի տևողությունը սահմանել մինչև հինգ ամիս՝ համապատասխանեցնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  դրույթներին:

Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Պողոսյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:

Գրանցում:

Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, «Հարկերի մասին օրենքում փոփոխություններ  և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, և տրվել դրական եզրակացություն: Առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, պարոն Հարությունյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:

Գրանցում: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Մտքերի փոխանակության համար  խնդրում եմ գրանցվել:

Գրանցում: Չկա:

Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում «Հարկերի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Օրակարգային հաջորդ հարցն է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը:

Դավիթ Պողոսյան -  Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ,  ձեր քննարկմանն է ներկայացվում «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ներկայացումը պայմանավորված է հացի գնի բարձրացման զսպման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ գործող օրենքով հացը և լավաշը ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե արտադրվում են տեղական ցորենից ստացվող ալյուրից: Հաշվի առնելով, որ հետպատերազմական շրջանում հանրապետությունում արտադրված ցորենը չի բավարարում տեղական պահանջները, որի հետևանքով հացի թխման համար ներկրվում է ցորեն կամ ալյուր, նախագծով առաջարկվում է անկախ հումքի տեղական լինելու հանգամանքից հանրապետությունում արտադրվող հացի և լավաշի իրացումը ազատել ավելացված արժեքի հարկից՝ այդ արտոնությունը կիրառելով 2022 թվականի հունվարի 1-ից: Շնորհակալություն:  

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Պողոսյան:

Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Այս ձևի օրենքի նախագծեր բերեք:

Գրանցում: Չկա:

Շնորհակալություն, պարոն Պողոսյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Արթուր Հարությունյան – Հարգելի գործընկերներ, «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, և միաձայն տրվել է դրական եզրակացություն: Առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, պարոն Հարությունյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:

Գրանցում: Գրանցվել է մեկ պատգամավոր:

Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ:

Կարեն Հովհաննիսյան – Ճիշտն ասած՝ ելույթից հետո վերլուծեցինք: Նշեցիք՝ հացը և լավաշը, երկուսն էլ ազատվում են:  Տարբերությունը ո՞րն էր:

Դավիթ Պողոսյան – Դրանք տարբեր ծածկագրերի տակ են, ապրանքային արտադրության դասակարգիչներում տարբեր դասակարգիչների տակ են, դրա համար ծածկագրերով պետք է առանձնացվեն, որպեսզի գործունեության տեսակները առանձին նշվեն: 

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն: Նախկին հարկայինի ղեկավարը պատասխանեց, փորձառու է: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա:

Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, «Սահմանապահ զորքերի մասին»  օրենքի նախագիծը որպես հիմնական զեկուցող լիազորված է  ներկայացնելու Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արարատ Մելքումյանը:                            

Արարատ Մելքումյան – Առաջին հերթին ողջունում եմ բոլորիդ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, կներկայացնեմ Արցախի Հանրապետության «Սահմանապահ զորքերի մասին»  օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար

Սահմանապահ զորքերը կոչված են Արցախի Հանրապետության պետական սահմանը պահպանելու, պետական սահմանում Արցախի Հանրապետության անվտանգությունն ու անկախությունն ապահովելու, պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն, պետական սահմանի ռեժիմ և սահմանային ռեժիմ իրականացնելու համար:

 Արցախի Հանրապետության «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղություններից մեկը՝ պետական սահմանի պահպանությունը, որը նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն իրականացնում են սահմանապահ զորքերը: Պետական սահմանի պահպանությունը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է և ընդգրկում է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝

1. Քաղաքական - Ընդունելով  «Սահմանապահ զորքերի մասին» օրենքը և հետագայում ստեղծելով սահմանապահ զորքեր՝ քաղաքական տեսանկյունից հնարավոր կլինի Արցախի միջազգային ճանաչումից հետո սահմանի ողջ երկայնքով և հսկիչ ու անցագրային կետերում լուծել սահմանային հարցերը և միջադեպերը, իրականացնել սահմանային ներկայացուցչական աշխատանք սահմանակից պետությունների համապատասխան մարմինների հետ՝ կատարելով միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունները:

2. Իրավական – Սահմանապահ զորքերի իրավական գործունեության հիմքն են Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, միջազգային պայմանագրերը, սույն օրենքը և այլ օրենքներ ու իրավական ակտեր:

3. Տնտեսական – Տնտեսական առումով օրենքի նախագծի ընդունումը առավել արդյունավետ կդարձնի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը և արդյունքում պետությանը հնարավոր պատճառով վնասը:

4. Ռազմական – Ռազմական տեսանկյունից սահմանապահ զորքերի պարտականությունների մեջ է մտնելու պետական սահմանի պահպանությունը և դրա փոփոխությունների արգելումը՝ փոխհամագործակցելով Արցախի Հանրապետության ուժային կառույցների հետ, Արցախի Հանրապետության տարածքը զինված ներխուժումը հետ մղելը:

5. Օպերատիվ – Օպերատիվ տեսանկյունից սահմանապահ զորքերին ընձեռնվելու է իրավունք օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պետական սահմանի պահպանություն ապահովելու նպատակով:

Սահմանապահ զորքերը երաշխավորում են պետական սահմանի անձեռնմխելիություն, պետական սահմանում անձի, հասարակության և պետության համար կենսական շահերի պաշտպանություն արտաքին և ներքին սպառնալիքներից: «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի ընդունման դեպքում կսահմանվի Արցախի Հանրապետության «սահմանապահ զորքեր» հասկացությունը, կամրագրվեն նրանց գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, կազմը և խնդիրները, ինչպես նաև ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման, սահմանապահ զորքերի անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը:

Հարգելի պատգամավորներ, ներկայացնելով օրենքի նախագիծը՝ խնդրում եմ կողմ քվեարկել: Պարոն նախագահ, զեկույցն ավարտվեց:  

     Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովի կանոնակարգ  օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ առաջարկությունների հեղինակները: Քանի որ առաջարկություններ չեն եղել, ուստի հարցեր չեն տրվում: Պարոն Մելքումյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

         Սեյրան Հայրապետյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ,  ներկաներ, «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցումից ընդունելուց հետո սահմանված ժամկետներում առաջարկություններ չեն եղել: Գլխադասային հանձնաժողովը սույն թվականի մայիսի 17-ին անց է կացրել հանձնաժողովի նիստ, միաձայն տվել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք այն ընդունել երկրորդ ընթերցմամբ:   Շնորհակալություն:    

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, ինչպես քիչ առաջ նշեցի, քանի որ առաջարկություններ չկային, ուստի նաև գլխադասային հանձնաժողովի նախագահին հարցեր չեն տրվում: Խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:

Եթե ելույթի ցանկություն կա մտքերի փոխանակության համար,  խնդրում եմ գրանցվել: Չկա:

Եզրափակիչ ելույթների ցանկություն ունե՞ք, պարոն Մելքումյան: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում «Սահմանապահ զորքերի մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Իսկ հիմա անցնում ենք օրակարգի վերջին հարցին՝ «Պատգամավորների հայտարարություններին»: Խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Գրանցվել է մեկ պատգամավոր:

 Խնդրեմ, պարոն Ստեփանյան:

Գեղամ Ստեփանյան – Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դիսկուրսում տևական ժամանակ շրջանառվում և տարբեր դիտանկյուններից պարբերաբար քննարկվում են Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերը և որպես դրանց պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված վեց կետերը: Մի կողմ թողնելով Ադրբեջանի կողմից առաջարկված կետերը, որոնք լուրջ սպառնալիքներ են պարունակում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ապագայի համար, այս պահին տեղին եմ համարում անդրադառնալ Հայաստանի կողմից ներկայացված վեց կետերին և, մասնավորապես, հետևյալ ձևակերպմանը՝ Հայաստանի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության  կողմից ներկայացված կետերում ըստ էության որևէ ձևով անգամ ակնարկ չկա Ադրբեջանի կազմից դուրս Արցախի վերջնական կարգավիճակին, կցանկանայի ուշադրություն հրավիրել հետևյալ թեմայի վրա. եթե հայկական աշխարհում կամ մեզ շրջապատող իրականության մեջ կան մարդիկ, ովքեր թյուրիմացաբար կարծում են, որ կարող են անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության տարածված ձևակերպումների տակ քողարկված կամ ժողովրդկան լեզվով ասած «ջրել» Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հարցը, ուրեմն ընդհանրապես չեն հասկացել Արցախի Հանրապետության խորհրդարանի՝ սույն թվականի ապրիլի 14-ին միաձայն ընդունված հայտարարության իմաստն ու դրանից բխող ուղերձը: Մեր հավաքական դիրքորոշումը Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի որևէ ձևաչափի ցանկացած փաթեթավորման պարագայում անընդունելի լինելու մասին բյուրեղացել է վերջին երեսուն տարիներին մեր ժողովրդի կրած զոհաբերությունների և տառապանքների արդյունքում: Այսինքն՝ սա քմահաճույք չէ: Սա միջազգային իրավունքով մեզ վերապահված՝ ազգերի իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք է: Սա տարիներով բռնությունների ենթարկված, հայատյացությունն ու ադրբեջանական խտրական քաղաքականությունը իր մաշկի վրա զգացած ժողովրդի բնական ու տրամաբանական պատասխանն է: Եվ երբ այս օրերին Հայաստանի Հանրապետությունում ընդդիմության կողմից նախաձեռնված հանրահավաքների ժամանակ հստակ արձանագրվում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հենց այս թեզն է, որ հույս ու հավատ է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր Արցախի ապագան տեսնում են հայկական ու վերականգնված արժանապատվությամբ: Շատ պարզ է Արցախի ժողովրդի ցանկությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը իրականացնի այնպիսի քաղաքականություն, որը միտված լինի պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը առանց սահմանափակումների և որը կբացառի Արցախի բռնակցումը Ադրբեջանին: Այսօր Հայաստանում փողոց դուրս եկած մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները հենց այս օրակարգն են առաջ մղում, և այդքանով հանդերձ տրամաբանական ու ընկալելի է Արցախի ժողովրդի աջակցությունն ու պաշտպանությունը այդ օրակարգին: Հակառակը ուղղակի անհասկանալի կլիներ: Իսկ  նրանք, ովքեր փորձում են այս հարցը տեղափոխել ներազգային պառակտման դաշտ, նրանք ջուր են լցնում ուղղակի թշնամու ջրաղացին: Շնորհակալություն:     

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, պարոն ՍտեփանյանԱյսքանով ավարտեցինք այսօրվա նիստի աշխատանքները: Վաղը ժամը տասնմեկին արտահերթ նիստ: Ցտեսություն: