ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ  5 - ՐԴ  ՆՍՏԱՇՐՋԱՆ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԺԱՄԸ 16:00

Նիստին մասնակցում են պատգամավորները, կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

 Նիստին  ներկա են  29  պատգամավորներբացակա՝ 4-ըՆիստը  վարում է  ԱԺ նախագահ  Արթուր Թովմասյանը:

Արթուր ԹովմասյանԲարի օր բոլորին, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, պարոն նախարար, հրավիրվածներ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան 2022 թվականի մայիսի 16-ին Արցախի Հանրապետության նախագահի  կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ

 Առաջարկվել է 2022թ. մայիսի 20-ին՝  ժամը 16.00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով Ազգային ժողով ներկայացված` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում  փոփոխություններ   կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման  մասին» օրենքում  փոփոխություններ   կատարելու մասին»,  «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  հարցը՝ օրենքների նախագծերի փաթեթի տեսքով:

Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի  գլխադասային հանձնաժողովում, և համապատասխան եզրակացությունով  պատրաստ ենք ներկայացնելու արտահերթ նիստում, ուստի առաջարկում եմ անցնել նիստի աշխատանքներին և գրանցվել:

Գրանցում: Գրանցվել է 29  պատգամավոր:

Քվորում ունենք, շարունակում  ենք մեր աշխատանքները:

Այժմ սկսենք   նախագծերի փաթեթի քննարկումըԱյն  հանրապետության նախագահի կողմից լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի  նախարար Վահրամ Բաղդասարյանը: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:

Վահրամ Բաղդասարյան Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, Արցախի Հանրապետության  կառավարությունը 2022թ. նպատակ է դրել վերանայելու պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը՝ ապահովելով սահմանված դեպքերում առաջացող դրամական միջոցների մուտքը պետական բյուջե և հետագայում, ըստ անհրաժեշտության, այդ գումարների բաշխումը պետական բյուջեից: Դրա իրագործման նպատակով  Ազգային ժողովի քննարկման է ներկայացրել թվով 16 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:  Օրենքների թվարկումը Ազգային ժողովի նախագահը կատարել է: Նշեմ, որ այդ կարգավորումները վերաբերում են թվով 5 պետական կառավարման մարմինների, մասնավորապես, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և նոտարական գրասենյակների արտաբյուջետային հաշիվներին է վերաբերվում, Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և քաղաքացիական ծառայության խորհրդի արտաբյուջետային հաշիվները: Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշիվներում առկա և հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն պետական բյուջե՝ ապահովելով դրանց հետագա բաշխումը անհրաժեշտ ուղղություններով ըստ հիմնավորվածության և առաջնահերթությունների: Այս հինգ մարմինների արտաբյուջետային հաշիվների շարժի կարգավորումն է վերը նշված փոփոխություն ներկայացված օրենքներով, ըստ որոնց կանոնադրական նպատակները կանոնադրական գործառույթների իրականացնելու արդյունքում ձևավորվող որոշ ետնամուտքեր մուտքագրվում են այդ մարմիների արտաբյուջետային հաշիվներ և կառավարության որոշմամբ յուրաքանչյուր տարվա սկզբին հաստատվում են այդ արտաբյուջետային հաշիվների նախահաշիվներ՝ նախատեսելով, կանխատեսելով  համապատասխան մուտքեր և ծախսման ուղղություններ: Այս փոփոխություններից հետո, որը նախատեսվում է կիրառման մեջ դնել հունիսի 1-իցնախատեսվում է,   որ այդ բոլոր գործառույթները մնում են, ուղղակի դրանց գործունեության արդյունքում ձևավորված եկամուտները մուտքագրվելու են ամբողջությամբ պետական բյուջե: Եվ, արդեն իսկ, ընդհանուր մարմնի մեկ նախահաշվով  նախատեսվելու են համապատասխան ծախսման ուղղությունները: Այսքանը: Շնորհակալություն:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, պարոն Բաղդասարյան:

Հարցեր պարոն Բաղդասարյանին: Հերթագրվել են երկու պատգամավորներ: Պարոն Հայրապետյան, խնդրեմ:

Սեյրան ՀայրապետյանՁեզանից հետոո, պարոն Թովմասյան:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն: Պարոն Բաղդասարյանի՞նչ գումարի մասին է խոսքը:

Վահրամ Բաղդասարյան Այսօրվա դրությամբ այդ հաշիվների մնացորդի ընդհանուր գումարը կազմում է 273 000 474 դրամ: Ըդհանուր  հաստատված տարեկան պլանով այդ նախահաշիվների ընդհանրական գումարը, մուտքերը նախատեսված է 725 804 900 դրամի չափով:

Արթուր Թովմասյան Շնորհակալություն: Պարոն Հայրապետյան, խնդրեմ:

Սեյրան Հայրապետյան - Շնորհակալություն: Պարոն Բաղդասարյան, ինչպես հասկացանք, սա արտահերթ նիստով ենք քննարկում: Ինչո՞վ է պայմանավորված այդ հրատապությունը, եթե այդպես հրատապ էր,  ինչու՞ նախկինում այլ ձևով էր կատարվել այդ պրոցեսները: Եթե կարելի է՝ այդ մասին:

Վահրամ Բաղդասարյան Շնորհակալություն: Հրատապությունը պայմանավորված է, նշեցի իմ ներկայացման մեջ, հունիսի 1-ից նախատեսվում են այս օրենքների փոփոխությունները, որ արդեն գործողության մեջ դրվեն և որոշ տեխնիկական հանգամանքներ հաշվի առնելով՝ մինչև սա ստորագրվի, հրապարակվի, որովհետև հրապարակվելուց հետո է ուժի մեջ մտնում հունիսի մեկիցբացի դրանից նաև յուրաքանչյուր տարի տեղյակ եք, որ մենք կնքում ենք միջպետական վարկի վերաբերյալ համապատասխան պայմանագիր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ և այս տարի քննարկումների արդյունքում   նաև ամրագրել ենք այդ դրույթը, որ ընդհանուր բյուջետային մուտքերի ու ելքերի պարզեցված հաշվառման նպատակով անհրաժեշտ է հրաժարվել արտաբյուջետային  հաշիվների այս գաղափարից:

Սեյրան Հայրապետյան Շնորհակալություն: Իսկ հայաստանյան հատվածում ինչպե՞ս է կատարվում:

Վահրամ Բաղդասարյան Դա արդեն հանված է:

Արթուր Թովմասյան Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն նախարար:

Վահրամ Բաղդասարյան Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական  կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Խնդրեմպարոն Հարությունյան:

Արթուր Հարությունյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ արտահերթ նիստի օրակարգում  ըդգրկված  16  օրինագծերի փաթեթը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական  կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և միաձայն կողմ եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստին:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցեր պարոն Հարությունյանին: Գրանցվել է մեկ պատգամավոր: Պարոն Բալայան, խնդրեմ:

Վահրամ Բալայան Ճիշտն ասած պարոն Բաղդասարյանին պիտի հարցս տայի: Պարոն Բաղդասարյանը այդպիսի կազմակերպություններ շեշտեց, բայց ինչի՞ սահմանափակ, ասենք միայն այդ նշված կազմակերպությունների մո՞տ են լինում  արտաբյուջետային հաշիվները և,  երկրորդ հարցը. արդյո՞ք շահագրգռվածությունը չի վերանա մարդկանց մոտ, որ, ինչպես ասում են, դրսից փող բերեն:

Արթուր Հարությունյան Շնորհակալություն հարցի համար, պարոն Բալայան: Արտաբյուջետային հաշիվները ընդհանրապես այն մարմիններում են ստեղծված, որոնք ունեն կողմնակի ծառայությունների մատուցում: Այսինքն, դրանք, օրինակ, նոտարիատի  գրասենյակներն են, արդարադատության նախարարության կազմում հարկադիր  կատարման  ծառայությունն է, որը կատարողական գործողությունների ծախս ունի նախատեսած՝  գանձվող  գումարներից  տոկոսներ, այսինքն, այն մարմիներումորտեղ որ կան կողմնակի ծառայություններ, արտաբյուջետային հաշիվները  միայն նախատեսված են այդ պետական կառավարման մարմիններում: Դրա համար, ինչպես նշեց պարոն Բաղդասարյանը,  դրանք հինգ մարմիններ են, բայց օրինակ արդարադատության նախարարության մեջ կա հարկադիր կատարման ծառայություն, նոտարիատ, հարկային ծառայությունը ունի առանձին արտաբյուջետային հաշիվ, այդ այն մարմիներն են, որոնք որ ունեն կողմնակի ծառայություններ:

Երկրորդ հարցի վերաբերյալ. կա կառավարության արտաբյուջետային հաշիվ, որը որ այս օրինագծով չի փակվում: Այսինքն, դա առանձին մարդասիրական բարեգործական ծրագրերի հաշիվն է: Դա գոյություն ունի և շարունակում է ունենալ և այդ մուտքերը, դրսից Ձեր նշված գումարները, որոնք որ ուղղվում են կառավարության կողմից այս կամ այն իրականացվող ծրագրին, կարող են մուտքագրվել  այդ հաշիվները,  այնուհետև ֆինանսների նախարարության  ներքո, այսինքն՝ ֆինանսների նախարարության թույլտվությամբ իրականացվեն այդ ծախսերը:

Արթուր ԹովմասյանԱրձագանքում  ե՞ք: Շնորհակալություն: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:  Խնդրեմ, ոչինչ , մի հարց կարող եք տալ, տիկին Հակոբյան:

Մետաքսե Հակոբյան Երևի պիտի պարոն նախարարին հարցս տայի, բայց էլի Ձեզ եմ տալու: Պարոն Հարությունյան, էլի այդ ցանկի հետ կապված հարց առաջացավ: Այս ցանկի մեջ չկար ոնց որ թե կրթության ոլորտը, իսկ կրթության ոլորտում կան այնպիսի ստորաբաժանումներ, որոնք ևս արտաբյուջետային հաշիվներ ունեն ու կատարում են այդպիսի ծառայություններ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Արթուր ՀարությունյանՏիկին Հակոբյանեթե խոսքը վերաբերվում է ՊՈԱԿ-ներին, ես փորձեմ մասամբ պատասխանել, եթե չէ՝ պարոն Բաղդասարյանը կպատասխանի: Եթե խոսքը վերաբերվում է կրթության ոլորտում գործող ՊՈԱԿ-ներին  դրանք արդեն շուտվանից գանձապետական հաշիվներ են: Եթե չեմ սխալվում, պարոն Բաղդասարյան,  2019թ. հունվարի մեկից ամբողջությամբ անցած է, այսինքն՝ սրանք ՊՈԱԿ-ներին չի վերաբերվում, սրանք պետական կառավարման մարմիններին է վերաբերվում: ՊՈԱԿ-ների բոլոր հաշիվները գտնվում են արդեն գանձապետարանում,  դրանք  գանձապետական հաշիվներ են, այլ ոչ թե՝ արտաբյուջետային:

Մետաքսե ՀակոբյանՈւղղակի մենք այսպես էինք ընկալել, միգուցե նաև հանրությունն  այսպես ընկալի, որ այդ հաշիվները բոլորը բերվում են մի տեղ: Փաստորեն  էլի այն ինչ որ գանձապետարանն էր վերահսկում,  դա էլի մնում է այդպես , հա՞, իսկ մնացածի համար նոր հաշիվ է ընդհանուր ստեղծվում:

Արթուր Հարությունյան Մնացածը միացնում են տվյալ պետական կառավարման մարմնի բյուջետային նախահաշվին: Այսինքն մի նախահաշվով է իրականացվելու, նախկինում երկու նախահաշիվ էր: Այս պահին մի նախահաշվով է իրականացվելու՝  օրենքների փոփոխություն կատարելուց հետո:

Արթուր Թովմասյան Եզրափակիչ ելույթով կարող ես ասել, պարոն Բաղդասարյան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակություն, ելույթներ կա՞ն:  Եթե չկա՝  եզրափակիչ  ելույթի համար, պարոն նախարար, խնդրեմ:

Վահրամ Բաղդասարյան Պարոն Հարությունյանը հիմնականում պատասխանեց հարցերին, ուղղակի ես մի քիչ ավելի մանրամասնեմ: Հինգ մարմիններն այն մարմիններն են, որոնք իրենց կանոնադրական գործունեության իրականացման ընթացքում որոշակի այլ եկամուտներ են ակնկալում, մասնավորապես, ասենք հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձված գումարներից օրենքով նախատեսված  որոշակի տոկոսներ է բռնագանձում,  մուտքագրում իրենց հաշիվը, ասենք ճանապարհային ոստիկանության, նոտարական և այլն, այդ հինգ մարմիններն են: Ունենք նաև մարմիներ, որտեղ կան  գանձապետական  արտաբյուջետային էլի հաշիվներ, սակայն պարոն Հարությունյանը նշեց, որ կառավարության  մարդասիրական  օգնության  արտաբյուջետային հաշիվը մնում է և գործելու է: Ձեր նշած՝  կրթության նախարարության արտաբյուջետային  հաշիվը ինքը այլ կողմնակի եկամուտներ չի ակնկալում: Այսինքն, եթե դրսից ինչ-որ մեկը գումար է փոխանցում, որպեսզի կրթության նախարարության կամ համակարգի ինչ-որ դպրոցի, մանկապարտեզի խնդիրներ լուծվեն, այդ գումարները մուտքագրում ենք նախ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվ, այդ արտաբյուջետային հաշվից, քանի որ մենք չենք կարող արտաբյուջետային հաշվի  բյուջետային հաշվին փոխանցել կրթության նախարարության, որովհետև ինքը ենթադրում է բյուջետային մուտքերի փոփոխություն և այլն, փոխանցում ենք այդ արտաբյուջետային հաշվին, որն ամբողջությամբ գտնվում է գանձապետարանի գանձապետական համակարգի վերահսկողության տակ: Այսինքն՝ մյուս բոլոր հաշիվները ենթադրում է մուտք մարդասիրական օգնության կառավարության արտաբյուջետային հաշվից:

Արթուր Թովմասյան –  Շնորհակալություն: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Ուրեմն, բոլորը նորից չընթերցեմ: Այժմ քվեարկության է դրվում օրենքներն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

 Կողմ՝  28,

Դեմ՝  չկա,

Ձեռնպահ՝ 1:

Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Այսքանով ավարտում ենք արտահերթ նիստի աշխատանքները: Ցտեսություն: