ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 5 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28 - Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

                                     ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Ժամը 11:00

                  

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության  անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներհրավիրվածներ:

       Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հրավիրվածներ: Սկսում ենք ապրիլի 28-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին նախապատրաստվել գրանցման:

Գրանցում:

Գրանցման արդյունքներով ներկա են 31 պատգամավորներ, 2-ը հարգելի պատճառով բացակայում են: Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:

Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում որպես պարտադիր քննարկման ենթակա մեկ հարց է ներառված` Արցախի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հիշեցնեմ, որ այս բաժնում ներառվում են  նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված, ինչպես նաև պարտադիր քննարկման  ենթակա հարցերը: 

Երկրորդ բաժնում այն հարցերն են, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն: Դրանք թվով  8-ն են: Օրակարգը բաժանված է ձեզ: Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի հետ կապված, խնդրեմ: Եթե  հարցեր չկան, քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու  մասին» Ազգային ժողովի որոշումը: 

Քվեարկություն:

Կողմ՝  31 դեմ՝ չկաձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

 Գագիկ Բաղունց - Ազգային ժողովի 2022 թվականի ապրիլի 28-ի հերթական նիստի օրակարգը  ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:

    Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, որպես պարտադիր քննարկման հարց  Ազգային ժողովի 2022 թվականի ապրիլի 28-ի հերթական նիստի օրակարգի առաջին բաժնում ընդգրկված է քիչ առաջ  հաստատված  Արցախի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը,  իսկ երկրորդ բաժնում ընդգրկված է 11 հարց, որոնցից 3-ը հաստատվել են նախորդ նստաշրջանի օրակարգում: Այժմ ներկայացնում եմ այսօրվա նիստի օրակարգի  նախագծում ընդգրկված օրինագծերը.

       «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», 

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,

   «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և  «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ,

    «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

   «Հանրային հատվածի կազմակերպությունների  հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

   «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,

   «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ,

         «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,

«Պետական սահմանի մասին»,

«Սահմանապահ զորքերի մասին»:

Այսօրվա նիստի օրակարգում  ներառված են նաև հարցեր կառավարության անդամներին և, ինչպես միշտ, «Պատգամավորական հայտարարություններ»:

Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի  հետ կապված: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

       Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Օրակարգի վերաբերյալ, պարոն Թովմասյան, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը լրացուցիչ քննարկում է իրականացրել: Առաջարկում ենք օրակարգից հանել, քանզի օրենքի վերաբերյալ կա լրացուցիչ պարզաբանումների խնդիր:

    Արթուր Թովմասյան - Երեկ հանձնաժողովի նիստ տեղի չի ունեցել այս մասով:

    Արամ Գրիգորյան – Այո, չի ունեցել: Եղել է քննարկում, որի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար առաջարկում ենք հետաձգել:

    Արթուր Թովմասյան - Բայց անպայման հաջորդ նիստի օրակարգում ընդգրկեք, որովհետև այն մի մասը ուրիշ օրենքի նախագծերի հետ է մտնելու խորհրդարան: Այլ հարցեր չկա՞ն օրակարգի վերաբերյալ: Քանի որ օրակարգում ընդգրկված է, ապա քվեարկությամբ պետք է նիստի օրակարգից հանենք առաջին հարցը: Քիչ առաջ գլխադասային հանձնաժողովի նախագահը ասաց, որ հանձնաժողովի նիստ տեղի չի ունեցել, հետևաբար հանձնաժողովը դրական կամ բացասական եզրակացությամբ չի մտել նախագիծ: Ովքեր են կողմ, որ այսօրվա նիստի օրակարգից հանենք այդ նախագիծը:

Քվեարկություն:

Կողմ՝  29,   դեմ՝ չկա,   ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Եթե հարցեր չկան, քվեարկության է ներկայացվում իմ կողմից թվարկած օրենքի նախագծերը առանց այս հարցի:

Քվեարկություն:

Կողմ՝  31,  դեմ՝ չկա,  ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք Արցախի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդման հարցին: Այն ներկայացնելու համար հրավիրվում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

Գուրգեն Ներսիսյան - ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, կփորձեմ հնարավորինս հակիրճ ձեզ ներկայացնել 2021թ. ԱՀ իրականացված քրեական քաղաքականության, Սահմանադրությամբ Արցախի դատախազությանը վերապահված լիազորությունների իրացման ուղղությունները, դրանց արդյունքները, այն աշխատանքային խնդիրներն ու հանձնարարականները, որոնք դրված են դատախազության համակարգի առջև: Քանի որ 2021թ. դատախազության կատարած աշխատանքի մասին ԱԺ ներկայացված հաղորդման մեջ վիճակագրական տվյալները ներկայացված են հնարավորինս մանրամասն, ուստի հիմա կփորձեմ առավելապես կենտրոնանալ հատուկ հետաքրքրություն և ուշադրություն պահանջող տվյալների վրա: 2020թ. հանցավորության վիճակը, 44-օրյա պատերազմով պայմանավորված, սովորական ընթացքից դուրս էր և վերջին քառամսյակում անվերահսկելի, այդ պատճառով 2021թ. արձանագրված վիճակագրական տվյալների համեմատականները կփորձեմ զուգահեռել նաև 2019թ. վիճակագրության հետ: 2021թ. ԱՀ տարածքում արձանագրվել է հանցագործությունների 1711 դեպք, 2020թ. ունեցել ենք 1281, 2019թ.` 952 դեպք: 2020թ. համեմատությամբ ունենք հանցավորության ընդհանուր թվի աճ 33,6 տոկոսով, 2019թ. համեմատությամբ` աճ գրեթե 80 տոկոսով:  Հանցավորության շարժընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020թ. համեմատությամբ 2021թ. աճել է միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների թիվը: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող հանցագործությունների թվում բացասական տեղաշարժ չի արձանագրվել: 2021թ. գրանցվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների 150 դեպք: Այն կազմում է հանցավորության 8,8 տոկոսը: 2019 - 2020թթ. համեմատությամբ հաշվետու տարում հանցավորության ընդհանուր թվի աճը իրավապահ մարմինների համար կանխատեսելի էր դեռ տարեսկզբից, քանզի 2020թ. վերջին քառամսյակում իրավապահները զրկված են եղել ողջ ներուժով իրենց գործառույթն իրականացնելու հնարավորությունից, բավարար չափով չի կատարվել հանցավորության կանխարգելման աշխատանքը, և արձանագրված հանցագործությունների գերակշռող մեծամասնության մասին իրավապահ մարմիններին հաղորդվել է հաշվետու տարում: 2021թ. գրանցված 1711 հանցագործությունից 407-ը կամ 24 տոկոսը թեև արձանագրվել էր 2021թ., բայց կատարվել էին նախորդ տարիներին: 2021թ. ծանրաբեռնված էր քրեական օրենսգրքի 254.1 հոդվածի 1.1 կետով նախատեսված արարքով, որը քրեականացվել էր հաշվետու տարում:  Եթե 2021թ. գրանցված 1711 հանցագործությունից հանենք 2020թ. կատարված և հաջորդ տարի փոխանցված 407 դեպքը և քրեական օրենսգրքի 254.1 հոդվածի 1.1 կետով նախատեսված 73 դեպքը, ապա կարող ենք փաստել, որ 2020թ. համեմատությամբ հաշվետու տարում ունեցել ենք ոչ թե հանցավորության աճ, այլ նվազում 50 դեպքով: 

2021թ. Արցախում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 436 դեպք` 2020թ. 353 դեպքի համեմատությամբ, այդպիսով աճելով 83-ով: Հանրապետության տարածքում արձանագրվել է սպանության 6 դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 80 դեպք, որից 7-ը առողջության ծանր վնաս հասցնելու դեպքեր են:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվի աճը պայմանավորված է առավելապես ոչ մեծ ծանրության հանցագործություն համարվող ծեծի դեպքերի ավելացմամբ, որոնք հիմնականում արձանագրվել են Ստեփանակերտ քաղաքում: Հիշյալ բնույթի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական վարույթները կամ ավարտվել են դիմողի բողոքի բացակայության հիմքով կամ մեղադրյալի ու տուժողի հաշտության հիմքով, հետևաբար քրեաիրավական հետևանքներ չեն առաջացրել:

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների ուղղությամբ ունենք հետևյալ պատկերը. հաշվետու տարում արձանագրվել է նշված բնույթի 584 հանցագործություն, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 329-ով: Մասնավորապես՝ 47-ով աճել են հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու դեպքերի թիվը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերն ունեն 100:48, թմրամիջոցների իրացման դեպքերը` 11:2 հարաբերակցություն:  Անհրաժեշտ եմ համարում փաստել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը շարունակում են բնութագրվել լատենտայնության խիստ բարձր աստիճանով, և պաշտոնական վիճակագրության թվերը հաստատապես չեն արտացոլում իրական պատկերը: Այս գիտակցումով իրավապահ մարմինները էապես բարելավել են այդ խումբ հանցագործությունների դեմ պայքարը, որի արդյունքում 2021թ. ունեցել ենք նման դեպքերի բացահայտման բարձր ցուցանիշներ:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում հաշվետու տարում արձանագրվել է հանցագործության 70 դեպք, այդ թվում 11-ը` մահվան ելքով: Ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում և Ասկերանի շրջանում, ինչը պայմանավորված է նրանով, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի բնակավայրերի տեղահանված բնակիչները բնակեցվել են հիմնականում Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի գյուղերում, ինչն իր հերթին բերել է նաև տրանսպորտային միջոցների քանակի ավելացման ու ճանապարհների երթևեկության խտացման` մեքենա վարելու կարգապահության որակի նվազմամբ:

Դատախազության կոլեգիայի նիստում ընդունված որոշման հիման վրա ընթացիկ տարվա մարտ ամսում գրեթե ավարտին է հասցվել 2021թ. արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրության և դրանց քարտեզագրման գործընթացը, որի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին կներկայացվեն միջնորդագրեր և հաղորդումներ հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու ծնող պայմանները վերացնելու առաջարկությամբ:

Եթե 2019թ. համեմատությամբ 2020թ. շեշտակի՝ 208 դեպքով աճել էին հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, ապա 2021թ. նախորդող տարվա համեմատությամբ նույն խումբ հանցագործությունները նվազել են 49 դեպքով` 439:488 հարաբերակցությամբ: 2021թ. արձանագրվել է գողության եղանակով գույքի հափշտակության 361 դեպք, որից 35-ը բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքեր են, խարդախության 59 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 23-ի համեմատ: Էականորեն նվազել են տրանսպորտային միջոցին ապօրինի տիրանալու դեպքերը, որոնք 2020թ. մեծ թիվ էին կազմել:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազում է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտի և Մարտունու շրջաններում:

Հաշվետու տարում արձանագրվել է շրջակա միջավայրի դեմ ուղղված 37 հանցագործություն` աճելով 14-ով:

 2020թ. համեմատությամբ 2021թ. արձանագրված պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 44-ով` 119:163 հարաբերակցությամբ:

Հաշվետու ժամանակաշրջանում աճ է արձանագրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների թվում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 48 դեպքի համեմատ 2021 թվականին արձանագրվել է 64 դեպք՝ այդպիսով աճելով 16 դեպքով:

Հաշվետու տարում արձանագրվել է կաշառք տալու փորձի դրդչության և կաշառք տալու փորձի 2 դեպք:

Արձանագրված պաշտոնական կեղծիքի դեպքերը աճել են 3-ով` 38-35 հարաբերակցությամբ:

Ուսումնասիրելով հանցագործություն կատարած անձանց կրիմինոլոգիական հատկանիշները՝ պարզվել է, որ նրանց թվում էական մաս են կազմել արական սեռի ներկայացուցիչները՝ ավելի քան 97 տոկոսը: Հանցանք կատարած անձանց տարիքային խմբի  ուսումնասիրությունը վկայում է, որ առավել մեծ թիվ են կազմել 30-49 տարիքային խմբում ներառված անձինք: Ըստ կրթական մակարդակի մեծ թիվ են կազմել հանցանք կատարած այն անձինք, ովքեր ունեցել են բարձրագույն և միջնակարգ կրթություն, իսկ ըստ սոցիալական վիճակի, բնականաբար, բարձր հանցավորություններ են նկատվել գործազուրկ անձանց շրջանում:

2021 թվականին արձանագրված հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել և կազմել է 74%: Կարևոր արդյունք է այն, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 93%, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններինը՝ 96%, սեփականության դեմ ուղղված հանցագործություններինի բացահայտման ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է  նրանով, որ դրանց թվում մեծամասնությունը 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո կատարված և դրանց մասին 2021թ. իրավապահներին հաղորդված դեպքեր են, որոնց դեպքում էականորեն նվազել էր հանցանքը տաք հետքերով բացահայտելու հնարավորությունը, պահպանված չէր դեպքի վայրը և այլն: 2021թ. մինչդատական քրեական վարույթ իրականացնելու հետախուզական քննության մարմինների համար եղել է նախադեպը չունեցող տարի: 2021թ. հետաքննության մարմինների կողմից քննության է առնվել քրեական գործ հարուցելու ավելի շատ առիթ, քան ընթացքավորվել էր վերջին երկու տարում: Նախաքննական մարմինների կողմից ընդհանուր քննվել է ավելի շատ քրեական գործ, քան վերջին 4 տարում: Ընդ որում՝ այս ծանրաբեռնվածության տակ աշխատել ենք մի պայմաններում, երբ քննչական կոմիտեում աշխատող 24 քննիչներից 13-ը աշխատանքի են ընդունվել 44-օրյա պատերազմից հետո` մեծ մասը չունենալով աշխատանքային փորձ, իսկ աշխատանքային տարին մի քանի անգամ ընդհատվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումների պատճառով՝ էականորեն դանդաղեցնելով քննության ընթացքը: Այդ ընթացքում դատախազությունը ևս աշխատել է նույնպիսի ծանրաբեռնվածությամբ` փորձելով դատախազական ակտերի առավել գործուն կիրառությամբ ու գործադրմամբ ապահովել գործերով հնարավոր լրիվ, հնարավոր օբյեկտիվ ու հնարավոր բազմակողմանի քննություն:

         2021 թվականին ԱՀ դատախազության կողմից հարուցվել է 67 քրեական գործ, որը 2020թ. հարուցվածների  թիվը գերազանցել է 2.8 անգամ:

ԱՀ գլխավոր դատախազության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ոստիկանության և քննչական կոմիտեի կողմից քննարկվել ու ընթացքավորվել է  ընդհանուր 2471 քրեական գործ հարուցելու առիթ, որից 1134-ով հարուցվել է քրեական գործ, 1057-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:  

Դատախազության կողմից դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել ընդհանուր 1669 քրեական գործով, որը նախորդ տարում քննված քրեական գործերի թիվը գերազանցել է 686-ով:

Դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ներքո քննված 1669 քրեական գործերից`

- 203-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ընդ որում այդ թիվը գրեթե 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը,

- 324 քրեական գործի վարույթ կարճվել է՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 58 տոկոսով:

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս՝

- 8 քրեական գործ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության,

- քննիչներին տրվել է 273 գրավոր ցուցում, որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է ավելի քան 11 անգամ,

- հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու ծնող պայմանները վերացնելու նպատակով ներկայացվել են միջնորդագրեր,

- հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից թույլ տրված դատավարական խախտումների կապակցությամբ համապատասխան վերադաս մարմիններին ներկայացվել է 93 միջնորդություն-հաղորդում, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 46 անգամ,

- վարույթից հեռացվել է 15 քննիչ:

Վերլուծելով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության որակական բնութագրիչները, անհրաժեշտ է նշել, որ 2021 թվականին դրանք էականորեն բարելավվել են` հետագայում էլ ավելի ակտիվ դատախազական ներգործության գործիքակազմ կիրառելու պրակտիկայի կառուցմամբ:

2021թ. նախաքննություն իրականացված ընդհանուր 1669 քրեական գործերից նախաքննության ժամկետը երկարացվել է 538 քրեական գործով կամ 32.2 տոկոսի դեպքում: Նախաքննության ժամկետի երկարացման հիմնական պատճառները խմբավորվել են հետևյալ կերպ.

ա) հետաքննության մարմինների և դատախազաքննչական կազմի գերծանրաբեռնվածություն,

բ)  տարբեր ոլորտների փորձագետների բացակայություն,

գ)  փորձագետների ծանրաբեռնվածություն և փորձագիտական եզրակացությունների ուշացում,

դ) պատերազմական գործողություններով պայմանավորված քրեական գործերով վկաների՝ Արցախի Հանրապետության տարածքից բացակայություն,

ե) բազմաթիվ քրեական գործերով քննչական գործողությունները իրավական օգնության միջնորդություններ ներկայացնելու եղանակով կատարելը:

Նախաքննական մարմինների կողմից դատարան է ներկայացվել  ընդհանուր 129 միջնորդություն, որից բավարարվել է 124: Հիշյալ միջնորդությունները վերաբերում էին բնակարանի խուզարկություն կատարելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, հեռախոսը սպասարկած կայանների տեղակայությունը պարզելու, հեռախոսազանգերի վերծանումները ստանալու, բանկային և այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու  թույլտվություն տալու դատավարական գործողություններին: Նշված միջնորդությունների թիվը նախորդ տարիների համեմատությամբ աճել է ավելի քան 5 անգամ, ինչը ևս վկայում է առավել ակտիվ ու նախաձեռնողական քրեական հետապնդման քաղաքականության մասին:

2021թ. իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 25 նյութ, որից 22-ով հարուցվել են քրեական գործեր:

Բացի հարուցված 22 քրեական գործից՝ հաշվետու ժամանակահատվածում վարույթ է ընդունվել 89 քրեական գործ, այսինքն՝ ընդհանուր առմամբ քրեական վարույթ է իրականացվել 113 քրեական գործով: Նշված գործերից 63-ը դեռևս գտնվում են նախաքննության փուլում, քանի որ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով հիմնական ապացուցողական հիմքը ֆինանսատնտեսական, հաշվապահական փորձաքննություններն են, որպիսին Արցախում փորձագետ չկա և փորձաքննությունները, որպես կանոն, նախաձեռնվում են ՀՀ փորձագիտական հիմնարկներում:

2021թ. ԱՀ իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործերով վեր հանված` պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է ավելի քան 728.000.000 դրամ, որից վերականգնվել է 255.000.000 դրամը կամ 35 տոկոսը: Պետությանը պատճառված վնասի վերականգնման այսպիսի ցուցանիշը պայմանավորված է մի շարք քրեական գործերի` դեռևս նախաքննության փուլում գտնվելու հանգամանքով:        

 2021թ. ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրանք է պաշտպանվել ընդհանուր 223 քրեական գործով՝ 251 անձի նկատմամբ և դատարանում քննված քրեական գործերով 251 անձից դատապարտվել է 184-ը, որից՝

- 113-ը՝ ազատությունից զրկելու հետ կապված պատժի, ընդ որում 89-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել,

- 71-ը դատապարտվել էր տուգանքի:

     չորս քրեական գործի վարույթ դատարանում կարճվել է և 9 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով, իսկ 2 գործով մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով դատարանի կողմից կայացվել է արդարացման դատավճիռ:

Հաշվետու տարում ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, պետական ծառայության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից որոշակի աշխատանք է կատարվել պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ: Գլխավոր դատախազության համապատասխան բաժնի կողմից իրականացվել է ընդհանուր 15 ստուգում, հարուցվել են քրեական գործեր, պետության կողմից իրականացվող խոշորամասշտաբ ծրագրերը շարունակաբար պահվել են դատախազության ուշադրության կենտրոնում, դրանց օրինականության շուրջ կասկածներ առաջանալու դեպքում նախաձեռնվել են ուսումնասիրություններ: Այդպիսինն է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով կորսված մանր և խոշոր եղջերավոր անասունների, մեղվափեթակների դիմաց տեղահանված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու ծրագիրը, որի շուրջ իրականացված ստուգումների արդյունքում հարուցվել է 5 քրեական գործ, իսկ դատախազության կողմից ԱՀ նախագահին ներկայացված միջնորդագրի և դրա հիման վրա օժանդակություն ստանալու իրավունք ունեցող անձանց և աջակցության չափի հիմք հանդիսացող տեղեկությունները ճշգրտելու արդյունքում կանխվել է պետությանը մի քանի  միլիոնի հասնող գույքային վնասի հնարավոր պատճառումը:

   Հսկողությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ 2021թ. դատախազությունն ապահովել է նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն` միայն 435 ստուգայց կազմակերպելով ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում:

Հաշվետու ժամանակահատվածում գլխավոր դատախազության կառուցվածքային և դատախազության տարածքային ստորաբաժանումներում քննարկվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված 407 դիմում, նույն ժամանակահատվածում  542 քաղաքացիների ընդունելություն, որոնցից 418-ը կամ 77 տոկոսը` ԱՀ գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի տեղակալների կողմից:

Դատախազության աշխատանքի թափանցիկությունն ապահովելու համար դատախազության կայքում, արցախյան և հայաստանյան հեռուստաալիքներով, ռադիոյով, թերթերով պարբերաբար հրապարակվել են իրազեկող տեղեկություններ:

Առանձին ուզում եմ անդրադառնալ նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերին: 2020թ. սեպտեմբերի 27-ից ԱՀ և արցախահայության նկատմամբ ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկաններ ներգրավելու, խոշտանգումների, մշակութային արժեքները ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ իրականացված քրեական վարույթների արդյունքում հավաքագրված ապացույցները փոխանցվել են հայաստանյան մեր գործընկերներին, և դրանց հիման վրա դատապարտվել է երկու վարձկան, մի քանի տասնյակ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ հայտարարվել են հետախուզումներ:

Ինչպես գիտեք, ՀՀ միջպետական գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև ՄԱԿ –ի արդարադատության միջազգային դատարան: Ի հիմնավորումն ներկայացված հայցերի, հիշյալ դատական ատյաններ են ներկայացվել նաև ԱՀ իրավապահ մարմինների կողմից հավաքագրված ապացույցները: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո արցախահայության նկատմամբ ադրբեջանական կողմից հանցավոր արարքները ևս քրեական վարույթների շրջանակում փաստագրվել են, որոնց արդյունքում ձեռք բերված ապացույցները նույնպես պահանջվել են ՀՀ մեր գործընկերների կողմից և պարբերաբար ներկայացվում են միջազգային նշածս դատական մարմիններ` ի հիմնավորումն ներկայացված և ներկայացվող հայցերի: Ինչպես գիտենք, հայազգի մի շարք իրավաբաններ աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, նախաձեռնում են տարբեր վարույթներ ադրբեջանցի այն զինվորականների դեմ, ովքեր ներգրավված են եղել արցախահայության դեմ իրականացված ոճրագործություններին: Նշածս իրավական գործընթացներում կրկին ամբողջ ծավալով ներգրավված են արցախյան իրավապահ մարմինների կողմից հավաքագրված ապացույցները:

Թեև հաճախ ենք լսում անլուրջ հայտարարություններ ու մեկնաբանություններ ադրբեջանական կողմի հանցավոր արարքների առնչությամբ քրեական վարույթներ նախաձեռնելու դատախազության գործելաոճի մասին, սակայն իրականում նման կարծիքները բացառապես պետության, պետականության, արդարադատության և իրավապահ մարմինների պարտականությունների իրական բովանդակության շուրջ սխալ պատկերացումների արդյունք են, որովհետև չի կարող պետության կողմից հայտարարվել այլ պետության զինված ուժերի կողմից իր տարածք ներթափանցելու և զավթելու մասին և տվյալ պետության օրենսդրությամբ նման արարքը հանցավոր ճանաչված լինելու դեպքում պետությունը ներկայացնող իրավապահ մարմնի կողմից դրան իրավական գնահատական չտրվի: Չի կարող տեղի ունենալ ԱՀ քաղաքացու սպանություն, խոշտանգում, գերեվարում, գույքի հափշտակություն, և դրանց առնչությամբ քրեական վարույթներ չնախաձեռնվեր: Այդքանով հանդերձ` չեմ ուզում նորից կրկնել այդպիսի հանցավոր արարքների շուրջ ապացուցողական բազայի ձեռքբերման անհրաժեշտությունն ու կարևորությունը, դրանց օգտագործման ուղղություններն ու հետագա հնարավորությունները, որոնց մասին մասնակի արդեն ներկայացվեց իմ կողմից: Մենք շարունակելու ենք ԱՀ-ում գործող օրենսդրության համաձայն այդպիսի յուրաքանչյուր դեպքի առնչությամբ քրեական վարույթ հարուցելու և դեպքը հանգամանորեն քննելու մեր որդեգրած մոտեցումը:

2021թ. դատախազությունում հարուցվել էին քրեական գործեր պատերազմի հետևանքներին առնչվող` ԱՀ տարածքային ամբողջականության պաշտպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, գույքի և մարդկանց տարհանման գործընթացը ոչ պատշաճ կազմակերպելու ենթադրյալ հանցավոր դեպքերի կապակցությամբ: Չնայած ունեցած աննախադեպ ծանրաբեռնվածությանը՝ դատախազության հատուկ քննչական բաժնի և քննչական կոմիտեի քննիչների  կողմից տվյալ գործերի ուղղությամբ բավականին մեծ ու արդյունավետ աշխատանք էր ձեռնարկվել: Կատարվել են մեծաքանակ հարցաքննություններ, մասնավորապես, հարցաքննվել են ԱՀ նախագահը, ԱԺ պատգամավորները, բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնատար անձինք` պատերազմի օրերին  ԱԱԾ տնօրենը, անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը, պաշտպանության բանակի նախկին հրամանատարը, պատերազմին  ներգրավված նախկին գեներալներ, ԱՀ պաշտպանության բանակից առգրավվել են պատերազմի օրերին պաշտպանության բանակի հրամանատարի կողմից կազմված բոլոր զեկուցագրերը` ուղղված գլխավոր շտաբի պետին, ԱՀ նախագահին: Հարցաքննվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների վարչակազմերի ղեկավարները, զինվորական ստորաբաժանումների հրամանատարները` պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո ընդունված որոշումներին ԱՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավվածությունն ու դերակատարությունը պարզելու նպատակով, միջոցներ են ձեռնարկվում հարավային թևում տեղադրված տեսախցիկների արձանագրած ավելի քան 40 տերաբայթ ծավալ ունեցող տեսանյութերը զննելու ուղղությամբ, արձանագրվել ու հետազոտվել են և շարունակաբար հետազոտվում են պատերազմի օրերին Արցախի բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարքագծին առնչվող բոլոր հրապարակումները, զանգվածային լրատվամիջոցների տարածած նյութերը, նույնիսկ սոցիալական ցանցերում շրջանառված տեղեկությունները: Միջոցներ են ձեռնարկվում դրանց հավաստիությունը ստուգելու ուղղությամբ, գրեթե նման յուրաքանչյուր դեպքում հեղինակներին ուղարկվում են դատախազություն ներկայանալու և հրապարակած տեղեկությունների մասին փաստական տվյալներ հաղորդելու գրավոր առաջարկներ: Բավականին ծավալուն իրավական օգնության միջնորդություն էր ներկայացվել ՀՀ դատախազություն` մի շարք նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց հարցաքննելու նպատակով, սակայն միջնորդությունը թողնվել էր առանց կատարման` քննության առարկայի շուրջ ՀՀ իրավապահ մարմինների վարույթում քրեական գործեր քննվելու և նույն քննչական գործողությունների կատարումը նախատեսված լինելու հիմքով: Բայց արդեն ընթացիկ տարում ՀՀ-ում իմ գործընկերոջ հետ քննարկման ընթացքում իմ կողմից ներկայացվել են որոշակի հիմնավորումներ մեր և ՀՀ իրավապահ մարմինների վարույթում քննվող քրեական գործերի քննության առարկայի տարբերությունների մասին, որից հետո կրկին ձեռք է բերվել իրավական օգնության նոր միջնորդությամբ ՀՀ դատախազություն դիմելու պայմանավորվածություն, որն առաջիկայում մեր կողմից կկատարվի:

Գույքի ու մարդկանց տարհանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ քրեական գործերով յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր կազմակերպության, պետական համակարգի յուրաքանչյուր օղակի շուրջ առանձին քննություն է իրականացվում` պարզելու համար այն գույքի կազմը, որը թողնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, տվյալ կոնկրետ օղակում պատասխանատու անձանց շրջանակը, նրանց գտնվելու վայրը, պարտականությունները պատշաճ կատարելու կամ չկատարելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ հնարավորությունները, քաղպաշտպանության համեմատաբար ավելի բարձր օղակների պատասխանատուների կողմից իրենց պարտականությունը կատարելու կամ չկատարելու հնարավոր իրավիճակները: Այս գործով հիմնական խնդիրը պայմանավորված է տեղահանված  ու գործով քննության առարկային առնչվող անձանց` ԱՀ տարածքից դուրս լինելու հանգամանքով և քննիչները ստիպված են լինում կամ պարբերաբար անձամբ ներկայանալ ՀՀ և  կատարել հանցաքննություններ, կամ ներկայացնել իրավական օգնության միջնորդություններ, որոնք կատարելու համար ևս տևական ժամանակ է ծախսվում: Նշածս քրեական գործերով ի հայտ են բերվել հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ տվյալներ, որոնք սակայն պետական գաղտնիքի շարքին դասվելու հիմքով չեն հանրայնացվում, և որոնց հետազոտման ու հետագա իրավական  գնահատման ուղղությամբ շարունակական աշխատանք է իրականացվում: Հավաստիացնում եմ ձեզ, որ այդ քրեական գործերը Արցախում ունենալու են բացառիկ նշանակություն, քանզի դրանք ներպետական միակ աղբյուրն են, որոնք պարունակելու են 44-օրյա պատերազմի օրերին ԱՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործողությունների, ՀՀ պետական մարմինների հետ փոխգործակցության և դրանց արդյունքների, պատերազմի ընթացքի ու հանրային հետաքրքրություն ներկայացնող տարբեր գործընթացների մասին իրական և օբյեկտիվ տեղեկություններ:

Հարգելի պատգամավորներ, հաշվի առնելով ժամանակի սղությունը, իմ կողմից առանձնացվել է հիմնականում այսքանը: Չնայած ծանրաբեռնված աշխատանքին, կարծում եմ՝ դատախազությունը և ԱՀ ողջ իրավապահ համակարգը, իր թերություններով ու բացթողումներով հանդերձ կարողացել է հաղթահարել մեր նորանկախ պետության առջև ծառացած 44-օրյա պատերազմին հաջորդած ամենածանր շրջանը` մեր ունեցած կադրային ու նյութատեխնիկական սուղ միջոցներով ու պայմաններով հանդերձ:  Իհարկե, խնդիրները շատ են, անհրաժեշտ հանրային վստահություն ձեռք բերելու համար անելիքները` անթիվ, այդուհանդերձ, դատախազությունը հետևողականորեն գործել և շարունակաբար գործելու է իր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, օրինականության մակարդակը ամեն օր էլ ավելի ամրապնդելու, հանրության հետ հարաբերությունները և փոխգործակցությունը զարգացնելու ճանապարհով:   Շնորհակալություն  ուշադրության համար:

               Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե հարցեր ունեք պարոն Ներսիսյանին, խնդրում եմ  գրանցվել: Գրանցում:

Արթուր Թովմասյան -  Ես իրավունքի ուժով հարց տամ, հետո թող գրանցվեն: Պարոն Ներսիսյան, ես ուսումնասիրել եմ բոլոր երկրները, չկա մի երկիր, երբ որ տվյալ իշխանությունը գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրում, որը իր համախոհներից չէ: Մենք առաջին անգամ այդ մշակույթը մտցրինք Արցախում և ուրախ ենք, որ մարդ, որը ունի կրթություն, համապատասխան գիտելիքներ, ինչու չէ, շատ քիչ անցյալ` դրական առումով, և մենք ձեզ վստահել ենք: Կա՞ մեր կողմից ճնշումներ Ձեզ վրա, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասով քրեական գործ կա, այն բացում եք և վերջ: Հասարակությունը իմանում է և անվստահություն է առաջանում Արցախի իշխանությունների, նաև ձեր մասով՝ իրավապահ մարմինների մասով: Եթե արդար է այդ բարձրաստիճանը, արդարացրեք, եթե ոչ` բռնեցեք: Ես ասում եմ. կա՞ն զանգեր նախարարների կողմից, նախագահականից, Ազգային ժողովից, ԱԺ նախագահից, տեղակալից, պատգամավորներից, որ իմ հարազատը հանցագործ է, պիտի կարճես կամ բան անես: Պետական գաղտնիք է: Եթե պետական գաղտնիք է, պետական դավաճանություն կա, ապա պետական գաղտնիքը պիտի բացվի: Նորից եմ ասում, անվստահությունը Արցախի իշխանությունների հանդեպ գալիս է նաև ձեր մասով, բոլոր իրավապահ դատավորների մասով, եթե սխալ դատավարություն է տեղի ունենում, փաստաբանների մասով:  Ես համոզված եմ, որ շատ գեղեցիկ շարադրված է: Հաջորդ տարի հաղորդագրությունում պետք է մի հատ բարձրաստիճան, որ ասեմ սա ճիշտ չի ապրում, ժողովուրդ, սա սխալ է արել: Ասում է գումարներ կա, անուն, ազգանունը ասեք, պետական բյուջեի ամեն մի դրամն  այսօր կարևոր է: 20462 մեր հայրենակիցներն գտնվում են ՀՀ-ում: Ասում եք երկու դեպք կա կաշառակերության: Ովքե՞ր են: Ո՞վ է կաշառք տվողը և ո՞վ է կաշառք վերցնողը: Հասկանում ե՞ք, անուն, ազգանունով: Այս նույնը ասում եմ նաև տիկին Հակոբյանին, որն ասում է, որ այսպիսի դեպքեր կան, ասում եմ անուն, ազգանուն ասեք: Ասեք Արթուր Թովմասյանն է, թող հասարակությունը  իմանա: Շաբլոն հաղորդագրություններից դուրս գանք՝ ոչ միայն այս ոլորտում, այլ բոլոր, դա կլինի հեռուստատեսությունը, դա կլինի մարդու իրավունքի պաշտպանը: Ժողովուրդը ուրիշ բան է ուզում տեսնել: Արդյո՞ք մենք բոլորս ճիշտ ենք ապրում: Եթե ճիշտ եք ապրում, դա շատ լավ է, բայց կա՞ն չէ, ձեզ մոտ էլ են գալիս, իմ մոտ էլ են գալիս: Ես մի անգամ զանգած կա՞մ ձեզ այդ հարցով: Ոչ մեկը իրավունք չունի քեզ որևէ գործով զանգի: Եթե այդպիսի մարդ կա բարձրաստիճան, զանգեք ասեք: Ասեք այս բարձրաստիճան  պետական պաշտոնյան  խանգարում է իմ աշխատանքները: Շնորհակալություն: Կարող ես հարցին չպատասխանես, կարող ես պատասխանես:

                 /Աղմկում են դահլիճում/:

Գագիկ Բաղունց - Հարգելի պատգամավորներ, հարց տալու համար գրանցված պատգամավորների ցուցակը էկրանին է: Հրավիրվում է պարոն Կասյանը: Թող պատրաստվի ...:

       Գուրգեն Ներսիսյան  - Ներողություն, պարոն Թովմասյանի հարցին պատասխանեմ: Պարոն Թովմասյան,  եթե Ձեր հարցի և հայտարարության շեշտադրումները ճիշտ եմ հասկացել, ուրեմն «Դատախազության մասին» օրենսդրությունը Սահմանադրությունը ամրագրում է, որ դատախազությունը ինքնուրույն պետական մարմին է և դա նորմալ է, որ դատախազության նկատմամբ որևէ ճնշում, ազդեցություն չպետք է տեղի  ունենա և այստեղ որևէ արտառոց բան և որևէ մեկին, արտառոց զանգերի ազդեցության մասին որևէ մեկին ասելու կարիք մենք բացարձակապես չենք զգում, որովհետև դատախազի վարքագծի կանոնը նա է, որ դատախազը իր վարքագծով պետք է նպաստի, որպեսզի նման երևույթներ տեղի չունենան: Կարծում եմ՝ դատախազության համակարգը առավելագույնս հավատարիմ է մնում դատախազության մասին օրենքով սահմանված վարքագծի կանոնին: Ես այստեղ  պետական գաղտնիքի մասին շեշտադրեցի բացառապես պատերազմին առնչվող դեպքի քննության քրեական վարույթի առնչությամբ:  Քանի որ դատախազությունը մշտապես, գրեթե ցանկացած քրեական գործի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկություն է տրամադրում հանրությանը, այդ պատճառով  ես ավելորդ ժամանակ չծախսեցի դրանց կրկին անդրադառնալու համար: Ինչ վերաբերվում է կաշառք տալու փորձի դրդությանը և կաշառք տալու փորձի դեպքին, այդ մասին ևս հրապարակվել էր: Խոսքը վերաբերվում է մեր մի շարք քաղաքացիների կողմից արդեն բոլորիդ հայտնի Հանրապետական բժշկական հիվանդանոցում աշխատող անձի դրդությամբ հաշմանդամության խումբ ստանալու  համար պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքերի մասին է: Հետևաբար այստեղ որևէ գաղտնիք չկա, ուղղակի այդ մասին պարբերաբար հաղորդագրություններ տարածվել էին դատախազության կողմից, իսկ հիմա արդեն քրեական գործում մեղադրական եզրակացությամ, դատարանում է:

Գագիկ Բաղունց – Խնդրեմ, պարոն Կասյան, թող պատրաստվի տիկին Գրիգորյանը:

Վլադիմիր Կասյան - Պարոն Ներսիսյան, 5 ամիս առաջ այս նույն դահլիճում մեր պատգամավոր տիկին Հակոբյանի կողմից հարց ուղղվեց Ձեզ՝ տարածքային կառավարման նախարարությունում ի հայտ եկած կոռուպցիոն դեպքերի հետ կապված: Հարցը այսպիսինն է. ինչո՞ւ այդ հարցը դատարան չեք ուղարկում: Եվ հիմա Ձեր պատախանը բառացի, որ այդ հարցի վերաբերյալ քրեական գործ է հարուցված, դատարան չեք ուղարկել նրա համար, որովհետև ամեն օր նոր հանգամանքներ են առաջ գալիս, դրա համար ուշանում է: Հիմա, այս 5 ամսվա ընթացքում, խնդում եմ պատասխանեք, քանի՞ նոր դեպք է հայտնվել, և ինչու՞ հարցը մինչև հիմա դատարան չի հասել:

Գուրգեն Ներսիսյան - Շնորհակալ եմ, պարոն Կասյան, ուրեմն իրավացի եք, այդ հարցին անդրադարձ կատարվել է: Տարեսկզբին քրեական գործը քննվում էր քննչական կոմիտեում: Ի վերջո հնարավոր բոլոր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում եզրափակվել են հնարավոր հանցավոր խախտումների դեպքերը` հայտնաբերմանն ուղղված աշխատանքները և հաշվի առնելով, որ քրեական գործով առաջացել են հիմքեր, որով պետք է նաև քրեական օրենքով արգելված արարքի մեղսագրում կատարվեն նաև տարածքային կառավարման նախարարին, և քանի որ որպես հատուկ սուբյեկտ նման դեպքերում քրեական գործը ենթակա է գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննությանը, քրեական գործը տարեսկզբին տեղափոխվել է գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին: Գործով կա 3 մեղադրյալ` տնտեսվարող սուբյեկտների շրջանում և ապրիլ ամսվա սկզբներին որպես մեղադրյալ է ներգրավել նաև տարածքային կառավարման նախարարը: Քննության շրջանակում նաև ներկայացված փաստարկներն են հիմա քննության առնվում: Քրեական գործը ներկայումս բաղկացած է 20 հատորից: Եվ, եթե դուք հետևեիք կամ գուցե ոմանք նաև ծանոթ են, 2022թ. ընթացիկ տարվա մարտ ամսում մենք գրավոր միջնորդագիր ենք ներկայացրել ԱՀ նախագահին՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի և 18 էջից բաղկացած գրավոր միջնորդագրում, եթե դուք ուսումնասիրեիք, կտեսնեք, թե ինչպիսի մանրակրկիտ քննություն է իրականացվել այդ գործով բացահայտված բոլոր հանգամանքների առնչությամբ, և ինչպիսի իրավիճակ էր առհասարակ հյուրանոցային ծառայության գնման այդ գործընթացում: Ապրիլ ամսվա սկզբներին նախարարը ևս մեղադրյալ է ներգրավված: Մենք հավելյալ որոշակի գործողություններ կան: Դրանք ավարտին հասցնելուց հետո ամբողջ գործով ձեռք բերված ապացույցները վերստին իրավական գնահատման կենթարկվեն, և դատարան ուղարկելու հիմքերի առկայության դեպքում անվերապահ, առանց որևէ բացառության քրեական գործը մեղադրանքային եզրակացությամբ կուղարկվի դատարան: Ուղղակի ես ոչ թե որպես արդարացում ասեմ, կարծում եմ իմ կողմից ներկայացված նախաքննական մարմինների ծանրաբեռնվածությունը  և նաև դրանով պայմանավորված դատախազական աշխատանքի ծանրաբեռնվածությունը ուղղակի վկայում է, որ  իրականում գրեթե քննչական մարմինները անհնարինն էին իրականացնում, որպեսզի գործերով մենք գոնե քննության ժամկետի ողջամտության լուրջ խախտումներ չունենան: Սրանով է պայմանավորված շատ գործերի ձգձգումը իրականում, բայց կոնկրետ այս դեպքի քննությունը որևէ կերպ ձգձգելու կամ ողջամտությունը խախտելու անգամ հիմքեր չունենք, որովհետև ամբողջ ծավալով քննություն է իրականացվել և քրեական գործը ներկայումս բաղկացած է ավելի քան 20 հատորից: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Տիկին Գրիգորյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Գալստյանը:

Նելլի Գրիգորյան - Պարոն դատախազ, 2021թ. արձանագրե՞լ եք արդյոք հայրենիքի դավաճանության և լրտեսության որևէ դեպք: Երկրորդ հարցս` ինչպիսի՞ բարեփոխումներ եք իրականացրել դատախազական համակարգում 2021թ.: Շնորհակալություն:

Գուրգեն Ներսիսյան - 2021թ. մենք ունենք հարուցված քրեական գործ պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առնչությամբ: Երևի ծանոթ եք այն հրապարակումների առնչությամբ, որ պատերազմի նախօրյակին Հադրութի շրջանում տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը օտարվել է ենթադրաբար այն իմաստով, այն կասկածով, որ վերահաս պատերազմի վտանգի մասին տեղեկացված են և այդ կերպ փորձել են նաև ինչ-որ ճանապարհներ հարթել և այլն: Այս գործով պատշաճ քննություն է իրականացվում: Մենք անգամ ունենք պարզված դեպքեր պաշտոնատար անձանց կողմից իրականում այնտեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի, և մենք ավելին ենք գնացել: Իրավաբանական անձանց բաժնետոմսերի վաճառքի դեպքեր, բայց թե որքանով սրանք առնչություն ունեն, հաստատում են այն վարկածը, որ այս ամենը տեղի է ունեցել պատերազմի վտանգը կանխատեսելու կամ այդ մասին իմանալու պատճառով, սա արդեն քննության առարկա է: Լրտեսության առումով կամ պետական դավաճանության առումով մենք, երևի նկատել եք, մի քանի այդպիսի դեպքեր արձանագրվել են, բայց ԱԱԾ հետ համատեղ, որպես այդ ոլորտում թիվ մեկ պատասխանատու և ողջ ինֆորմացիային տիրապետող մարմին, մենք մշտապես փորձել ենք կանխարգելել այդպիսի դեպքերի տեղի ունենալը, քան հանցանքն ավարտելուց հետո արձագանքել, և մոտ 3 դեպք ենք ունեցել և արդեն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել և գրեթե հասել էին այն փուլում, որ պետք է մեր քաղաքացիների կողմից տեղեկություններ փոխանցվեին Ադրբեջանի հատուկ ծառայություններին և, ըստ էության, մեզ հաջողվել էր կանխարգելել: Այդ մասին նոր ազգային անվտանգության ծառայությունը մի քանի անգամ տեղեկություն հրապարակեց: Սրանք գրեթե նույնպիսի դեպքեր են, որպիսի դեպքեր նաև արձանագրվել են անցած 2020թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ ԱԱԾ կողմից: Ուղղակի ի տարբերություն հայաստանյան դեպքերի, մենք ավելի վաղ փուլում ենք այդ հավաքագրման գործընթացում բացահայտել և այդպիսով նաև հնարավոր է եղել կանխել նման դեպքերի արդեն ավարտը որպես հանցագործություն: Բարեփոխումների մասով, քանի որ դատախազության համակարգը ինքը շատ կուռ մարմին է և լուրջ բարեփոխումներ անելու անհրաժեշտություն չի զգում իր կառուցվածքային առումով, ամեն դեպքում, այո, բայց մենք դատախազության համակարգում նաև կառուցվածքային փոփոխություններ ենք կատարել: Պետական շահերի պաշտպանության բաժինը ընդարձակել և առավել մեծ հնարավորություններ ենք նախատեսել այդ բաժնի համար և զուգահեռ «կոռուպցիոն երևույթների դեմ պայքարող բաժին» և «պետության գույքային շահերի պաշտպանություն իրականացնող բաժին»: «Կազմակերպական, վերահսկողական, դատախազական» այսպիսի բաժին ենք ունեցել: Մենք այս բաժինը լուծարել ենք որպես ոչ դատախազական գործառույթ իրականացնող և այդ բաժնի հնարավորությունների հաշվին ընդարձակել և դատախազության օպերատիվ կազմը և նաև աշխատակազմում դրա համար սահմանված համապատասխան բաժին ենք ձևավորել: Ընդհանուր առմամբ անհամեմատ ավելի շատ փոփոխություններ կատարել ենք նաև աշխատանքի կազմակերպման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար: Դա և շրջաններում դատախազության կողմից հսկողության, և գլխավոր դատախազության կողմից շրջանների նկատմամբ վերահսկողության նոր մեխանիզմների, ընթացակարգերի նախատեսումն էր, այդպիսով փորձելով նաև տեղերում մեր դատախազական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ոչ միայն տեղերում դատախազները, այլև նաև երկրորդնային վերահսկողության միջոցով:

    Արթուր Թովմասյան - Երիտասարդ գլխավոր դատախազ եք, ես ասեմ, ընդհանրապես բարեփոխումներ բառին ես դեմ եմ, «փոփոխություններ» բառին եմ ես կողմնակից: Որովհետև բազմաթիվ անգամ այսքան երկար տարիների եղել են փոփոխություններ, որոնք բարեփոխումներ են եղել: Բայց եղել են նաև փոփոխություններ, որոնք չարեփոփոխություններ են դառել: Այն գլխից ասում ենք բարեփոխություններ: Էն գլխից ասացեք փոփոխություններ, հետո հասարակությունը կտեսնի՝ դա բարեփոխություն է, թե ընդհանրապես այդ փոփոխությունը էլ ավելի է վատացրել ձեր աշխատանքը: Օրինակ՝ մենք «ԱԺ կանոնակարգ» օրենք ունենք, էլի բարեփոխությունների անվան տակ վերցրել են աշխարհից, Հայաստանից գրել: Հիմա պիտի այդ հոդվածները դուրս տանք, որովհետև չի աշխատում այս փոքր պառլամենտում: Փոփոխությունները թող լինեն, ժողովուրդը թող տեսնի՝ դա բարեփոխություն է, թե ընդհանրապես ոչ մի փոփոխություն է: Սա խորհրդի կազմով: Փոփոխություններ, ամեն մի ոլորտ իրավունք ունի փոփոխություններ անի, բայց ոլորտի պատասխանատուն էն գլխից չպիտի ասի սա բարեփոխություններ է: Շնորհակալություն: Սա ընդունեցեք հետագա ձեր աշխատանքների համար:

Գուրգեն Ներսիսյան - Լավ:

         Գագիկ Բաղունց - Խնդրեմ, պարոն Գալստյան, թող պատրաստվի տիկին Հակոբյանը:

         Դավիթ Գալստյան – Նախ չեմ կարող չանդրադառնալ, պարոն Թովմասյան, Ձեր հնչեցրած այն հարցին, թե, իբր մենք անուններ չենք տալիս, և դա բնական է: Միանգամայն այդ հարցը փակենք: Մենք երևույթներին գնահատական ենք տալիս, իսկ անունները, մենք պատգամավորներ ենք, ո՛չ քննիչ ենք, ո՛չ դատախազ, որ արդեն մեղադրանք ներկայացնենք ըստ անունների: Այս հարցը միանգամից փակենք, որ այլևս մեզ նման հարցերի, կոնկրետ մեզանից անուններ չեք լսելու: Լսելու եք երևույթների գնահատական: Պարոն դատախազ, ճիշտ հասկացա՞նք. ունենք այսօր կառավարության անդամ մեղադրյալի կարգավիճակում, և  ի՞նչ խափանման միջոց է ընտրվել այդ մեղադրյալի նկատմամբ:

         Գուրգեն Ներսիսյան – Իհարկե, ճիշտ եք հասկացել: Ինչպես արդեն նշել եմ, տարածքային կառավարման նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել, մենք խափանման միջոց կիրառելու հարցում ոչ թե ազատ ենք գործողությունների մեջ, այլ ունենք օրենսդրական հստակ հիմքեր և, եթե նկատի ունեք արգելանքի վերցնելու հետ կապված խափանման միջոց, բնականաբար, ոչ մի խափանման  միջոց ընտրված չէ: Մենք, ինչ վերաբերվում է հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցին, ապա այս դեպքում ևս դատախազությունը նման հարցը կարող է բարձրացնել միջնորդագրի տեսքով առհասարակ այդ նախարարությունում կամ տվյալ անձին մեղսագրվող արարքի հանգամանքները ներկայացնելու ձևով, որը այդպիսի միջնորդագիր նախագահին ներկայացվել է դեռևս մարտ ամսում, ընդ որում ավելի մանրակրկիտ և ավելի մեծ սպեկտրի մեջ  ներառելու, քան նրան մեղսագրված արարքն է: Իրականում հանցանքի կատարում մեղսագրել և առհասարակ թերություններ, խախտումներ վերհանել, սրանք տարբեր են: Մենք կարող ենք ունենալ բազմաթիվ խախտումներ, թերություններ, պարտականությունների ոչ պատշաճ կատարման դեպքեր, բայց դրանցից որոշները միայն իրենցից ներկայացնեն քրեական օրենսգրքով արգելված արարք: Հետևաբար միջնորդագիրը ավելի ընդարձակ էր, քան մեղադրանքն էր, նաև մեղադրյալ ներգրավելուց հետո հաղորդվել է գործադիր իշխանության ղեկավարին: Կարծում եմ՝ առաջիկայում որոշում կընդունվի այդ կապակցությամբ:

         Գագիկ Բաղունց - Արձագանքո՞ւմ եք:

          Դավիթ Գալստյան - Այսինքն բոլորս տեղյակ ենք, որ կա նման երևույթ, և ինչ-որ տեղ արդեն ըստ անուն, ազգանունով արդեն հստակ արձանագրված փաստերով մեղադրանք ներկայացրած, բայց դեռ որոշում չկա կայացված երկրի նախագահի կողմից, որ նման մարդիկ իրավունք չունեն կառավարության անդամ լինել: Եվ երկրորդը՝ ըստ Ձեզ՝ որպես իրավապահ, շարունակելով նման մարդկանց պաշտոնավարումը կարո՞ղ է խոչընդոտել հետագա գործընթացին, թե` ոչ:

         Գուրգեն Ներսիսյան - Նախագահի կողմից կա ընդունված որոշում, թե չկա, ես նման արձանագրում չեմ արել: Ես առհասարակ որևէ կերպ չեմ էլ առնչվում այդ որոշման ընդունմանը: Ընդհանրապես գոյություն ունի պատասխանատվություն, իհարկե, հնարավոր է շատ տարբերակներ, բայց այս դեպքում կա երկու ուղղություն, դա քրեական պատասխանատվություն և քաղաքական պատասխանատվություն: Մենք բացառապես քրեական պատասխանատվության և քրեական պատասխանատվության կանչելու հարց ենք քննարկում: Ես վստահ եմ, որ գործադիր իշխանությունը ամեն դեպքում նաև մեղադրանքի բովանդակությանը և առհասարակ միջնորդագրի բովանդակությանն արդեն ծանոթանալուց հետո նաև քաղաքական պատասխանատվության ուղղությամբ քայլեր կձեռնարկեն: Սա իմ անձնական կարծիքն է: Իսկ ինչ վերաբերվում է պաշտոնավարմանը, մեր քրեական դատավարության օրենսդրությունն ասում է հանրային ծառայողի պաշտոնավարումը կարող է ժամանակավորապես դադարեցվել, եթե նա, մնալով պաշտոնում, կարող է խոչընդոտել քննությանը: Առհասարակ մենք մեղսագրել ենք այնպիսի արարքների կատարում, որոնք տեղի են ունեցել արդեն վաղ փուլում և դրանց քննությանը խոչընդոտելու հնարավորություն չկա, և հետևաբար մեր կողմից նման որոշում չի կայացվել: Բայց սա չի նշանակում, որ հետագայում, քանի որ մենք մեղսագրել ենք այնպիսի արարքների կատարումը, որը շարունակվում է և նման այդ գործառույթը շարունակում է իրականացնել, մենք առաջիկայում պարտադիր կփորձենք ստուգել նաև, թե արդյո՞ք նախարարին մեղադրանք առաջադրելուց հետո նույն խախտումները պահպանում են:  Եթե արձանագրվեց նման երևույթ, անկախ այդ փուլում քաղաքական պատասխանատվության հարց քննարկված կլինի, թե` ոչ, մենք պարտադիր նաև կկիրառենք այդ գործիքակազմում:

         Գագիկ Բաղունց – Խնդրեմ, տիկին Հակոբյան, թող պատրաստվի պարոն Մելքումյանը:

         Մետաքսե Հակոբյան - Պարոն դատախազ, երկու հարց ունեմ: Առաջին հարցը վերաբերվում է Ձեր հաղորդման ընթացքում անդրադարձած այն հաղորդմանը, որը ես փետրվարի 9-ին 2021թ. այս դահլիճում էի տվել,  այսինքն՝ ԱՀ նախագահի դեկտեմբերի 16-ի հայտնի հայտարարության մեջ այն մի հատվածի վերաբերյալ, որը Դուք միացրել էիք հետո նմանատիպ գործով վարույթին և խոսեցիք դրա մասին: Հիմա, արդյո՞ք չկան այնպիսի բացահայտումներ, որը կարելի է հանրայնացնել, կամ բացահայտումներ, որոնք կարևոր են, որ նաև հանրությունը իմանա, որովհետև անհամբեր սպասում ենք նաև անուններին, նաև այն մարդկանց, որի արդյունքում ԱՀ նախագահն ստիպված էր նման հայտարարություն անել: Երկրորդ հարցը` ապրիլի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը զոհված զինծառայողների ծնողների հաղորդման հիման վրա հարուցել է քրեական գործ և ընթացքավորել: Արդյո՞ք ԱՀ գլխավոր դատախազությունում կա նման վարույթ: Խոսքը վերաբերվում է ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետի արված հայտարարությանը, մեջբերում եմ. «Հանձնելով, գուցե կփրկեի հազարավոր կյանքեր», իսկ չհանձնելով, փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձավ: Ինչպես այդ դեպքում կասեին, դա ավելին է, քան դավաճանությունը: Դա սխալ է:

         Գուրգեն Ներսիսյան - Քրեական գործով հանրայնացնելու հետ կապված տեղեկություններին: Ընդհանրապես մենք, երևի նկատել եք, առավելագույն չափով բաց ենք տեղեկությունների հրապարակման առումով, սակայն ցանկացած գործով, ցանկացած տեղեկություն հրապարակելիս մենք երկու կարևոր պայմանների հարց ենք քննարկում: Մեկը դա նախաքննական գաղտնիքն է, և երկրորդը՝ տվյալ փուլում տվյալ տեղեկությունը հանրայնացնելու նպատակահարմարությունը տակտիկական առումով՝ հետագա: Իսկ քանի որ նշեցի, որ նաև Հայաստանում նախկինում ներկա բարձրաստիճան պաշտոնատար  անձանց հետ կապված ահագին գործողություններ ունենք նախատեսած, չեմ կարծում, որ տակտիկական առումով այն նպատակահարմար է, այն, ինչը պարզել է մեր ԱՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հարցը քննությունների արդյունքում, նպատակահարմարը հիմա բարձրաձայնելն է: Մենք ամբողջական մեր հնարավոր վարկածները քննության առնելուց հետո միայն կկարողանանք այդ տեղեկությունները հանրայնացնել այնքանով, որքանով դրանք չեն հանդիսանա պետական գաղտնիք, իսկ նրանք, որոնք որ կարող են առնչվել պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններին, ինչու չէ նաև խորհրդարանին ներկայացնելու համար, կարող ենք փակ հանդիպումներ կազմակերպել, և դրա շրջանակում արդեն կներկայացնեմ ձեզ: Երկրորդ  հարցի հետ կապված, տեսեք, քրեական գործը հարուցվել է, և գլխավոր դատախազության կողմից ցուցում է տրվել նախաքննական մարմնին զոհված զինծառայողների հարազատներին որպես տուժողի իրավահաջորդ ներգրավելու համար, և մեզ արդեն հայտնի առանձնահատկություններով պայմանավորված՝ մեր իրավապահ մարմինները և Արցախի տարածքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության հետ կապված մենք տվյալ վարույթին չենք առնչվում, բայց սա չի նշանակում, որ արցախցի զոհված զինծառայողների հարազատները տվյալ վարույթով դատավարական այդ իրավունքից օգտվելու հնարավորություն չեն ունենալու: Այսինքն՝ նույն անձինք նույն կերպ օգտվելու են այդ հնարավորությունից և կարող են ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ:

         Դավիթ Մելքումյան - Պարոն Ներսիսյան, վերջերս համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ ԱՀ պետական խորհրդանիշի նկատմամբ, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունք, մասնավորապես՝ մեր դրոշի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք, բայց հաշվի առնելով, որ այդ հանցագործությունը տեղի է ունեցել Արցախի սահմաններից դուրս, այսինքն ՀՀ տարածքում, բնականաբար, մենք չենք կարող այդ գործը ընթացքավորել: Կա՞ արդյոք համագործակցություն հայաստանյան ձեր գործընկերների հետ և եթե կա, ի՞նչ փուլում է, կամ արդյո՞ք դիմել եք դուք ՀՀ դատախազություն, որպեսզի պատժեն նման մարդկանց, և այսուհետ ոչ ոք իրավունք չունենա և մտքովն էլ չանցնի, որ ԱՀ պետական սիմվոլների նկատմամբ նման վերաբերմունք ունենա: Շնորհակալություն:

         Գուրգեն Ներսիսյան - Պարոն Մելքումյան, ընդհանրապես պետական խորհրդանիշները դրանք ոչ թե բացառապես կոնկրետ դրության իրավական պաշտպանության ներքո են, պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքը ինքը ընդհանուր միջազգային բնույթ է կրում և այդ պատճառով, ինչպես մեր Քրեական օրենսգրքում, այնպես էլ հայաստանյան և այլ քրեական օրենսգրքերում պետական խորհրդանիշները անարգանքի ենթարկելը քրեորեն հետապնդելի արարք է ոչ միայն տվյալ պետությունում տվյալ պետության խորհրդանիշի նկատմամբ կատարվելու դեպքում, այլև եթե Արցախում, օրինակ, այլ պետության խորհրդանիշը անարգանքի ենթարկելը: Իրավացի եք, մեր հանրապետության օրենսդրությունը բացառապես տարածվում է Արցախի Հանրապետության տարածքի վրա, և դեպքից անմիջապես հետո ես գործընկերային փոխըմբռնման շրջանակում հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի գլխավոր դատախազի հետ և, կարծում եմ, նույն օրը, արդեն տեղեկացված եք, որ հենց դատախազության հանձնարարությամբ հանձնարարվեց ոստիկանությանը, որպեսզի դեպքի բացահայտմանը ներգրավված անձանց բացահայտման ուղղությամբ և նաև քրեաիրավական գնահատման ենթարկելու ուղղությամբ աշխատանքներ կատարվեն, և վստահ եմ՝ ՀՀ դատախազությունը այդ դեպքի լիարժեք քննության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողություն կապահովի:

         Դավիթ Մելքումյան- Որպես խնդրանք, խնդրում ենք, որպեսզի դուք էլ հետևեք այս գործընթացին, որովհետև սա շատ կարևոր է մեզ համար: Շնորհակալ եմ:

         Գագիկ Բաղունց - Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան:

         Կարեն Հովհաննիսյան - Պարոն գլխավոր դատախազ, ունեմ երեք հարց: Առաջին հարցը վերաբերվում է 44-օրյա պատերազմի հետաքննության հետ կապված ձեզ հայտնի դարձած պետական գաղտնիք պարունակող նախաքննական նյութերին: ՀՀ ԱԺ-ում  ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 44-օրյա պատերազմի հետևանքները քննելու: Ձեզ հայտնի դարձած այդ հետաքննության, նախաքննության արդյունքում հայտնի դարձած նյութերը տրամադրելո՞ւ եք նշված քննիչ հանձնաժողովին, եթե պահանջեն: Տեղյակ ենք, որ «Ռոման Բաբայան» հասարակական գործիչը, որը գտնվում է հետախուզման մեջ, ինչքան գիտեմ մեր իրավապահ համակարգի կողմից, հիմա ապրում և բնակվում է Երևանում: Միջոցներ ձեռնարկո՞ւմ եք վերջինիս հրավիրելու այստեղ համապատասխան նախաքննություն իրականացնելու: Եվ 3-րդ հարցը մասնավորապես վերաբերվում է նոյեմբերի 9-ից հետո ստորագրված հրադադարից հետո Քաշաթաղի և Շահումյանի շրջանի տեղի ունեցող պետական պաշտոնատար անձանց կողմից անփութության հետևանքով գույքի օտարման կամ փչացման, վթարման, այդ նյութի շրջանակներում քրեական գործով անցնող քանի՞ պետական պաշտոնյա կա, և Շուշիի թանգարանի հետ կապված՝ նախաքննության մարմինը ու՞ր է հասել:

         Գուրգեն Ներսիսյան - Պարոն Հովհաննիսյան, ուրեմն Հայաստանի ԱԺ-ում ձևավորված քննիչ հանձնաժողովում մենք տեղեկություն փոխանցելու որևէ պարտականություն չենք ստանձնել և այդ առումով չունենք: Այլ բան է, եթե նման միջնորդությամբ դիմեն մեզ, մենք նման միջնորդության դեպքում, համապատասխան տեղեկությունները, որոնց որ տիրապետում ենք, կտրամադրենք: Չեմ կարծում, որ եթե հանձնաժողովի գործունեությունը ուղղված է հենց պատերազմական գործողությունների ընթացքում թույլ տված խախտումների, թերությունների քննարկմանը, ապա վստահաբար ասում եմ մենք անհամեմատ, քան պատկերացնում եք, անհամեմատ մեծ թվով տեղեկությունների ենք տիրապետում, և նման միջնորդություն լինելու դեպքում կքննարկենք: Ռոման Բաղդասարյանի մասով, եթե տեղյակ եք, տարբեր հրապարակումներ եղավ նրա կողմից և մենք, ըստ էության, ցանկացած հայտարարություն, որը ներկայացնում են տարբեր պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու և այլ դեպքերի մասին, մենք մշտապես և առաջնահերթ պարտավոր ենք քննարկել հենց այդ հայտարարության իսկությունը: Մենք, իհարկե, դուք էլ շատ հաճախ երևի նկատում եք, որ մենք՝ դատախազությունը, քննչական մարմինները ստիպված և հանիրավի ծանրաբեռնվում  ենք նման հայտարարություններով, սակայն մենք ի սկզբանե չենք կարող կանխակալ մոտեցում  ունենալ և քննության ենք առնում: Բայց նաև ասեմ, որ այն բոլոր դեպքերը, որոնք որ հավասարեցնում ենք քրեական գործ հարուցելու առիթին, նման դեպքերի շուրջ քննությունն ավարտելուց հետո և ներկայացված հայտարարությունների ակնհայտ սուտ կամ ակնհայտ անհիմն լինելու պարագայում մենք այսուհետ իրականացնելու ենք, նաև հարուցելու ենք քրեական վարույթներ: Այդ պատմության քրեական օրենքով արգելված դեպքերի կապակցությամբ, և բացառություն չէ այս դեպքում նաև Ռոման Բաղդասարյանը: Իմիջիայլոց ասեմ, որ հայտարարությունն արվելուց հետո Ռոման Բաղդասարյանի կողմից մենք և ԱԱԾ աշխատատողները և բանավոր, և գրավոր առաջարկ ենք ներկայացրել: Ռոման Բաղդասարյանի կողմից գրավոր դիմում է ներկայացվել ՀՀ ԱԱԾ, որ ես Արցախ չեմ ներկայանալու, ներկայանալու դեպքում իրավապահները ինձ վնաս կպատճառեն և այլն: Իհարկե, սա անհիմն և պաշտպանողական հայտարարություն էր: Ամեն դեպքում մենք շարունակել ենք և կրկին անգամ նրան տարբեր հնարավոր կապի միջոցներով առաջադրել ենք նման հայտարարություն անելու հիմքով արված փաստերը ներկայացնել: Իհարկե, զուգահեռ մենք բոլոր ներկայացած հանգամանքների շուրջ նրա կողմից ներկայացված քննություն իրականացրել ենք և Մադաղիսում ինչ-որ հարյուրավոր, երկու հարյուրից ավելի զոհերի կապակցությամբ և այլն: Բազմաթիվ հայտարարություններ արդեն հերքվել են: Առաջիկայում այդ մասով նրա ներկայացրած հայտարարությունների քննության արդյունքն ազդարարելուց հետո մենք նաև կքննարկենք արդեն սուտ մատնության կապակցությամբ քրեական վարույթ իրականացնելու հարցը, սակայն սա ընդամենը զուտ որպես պարզաբանող տեղեկություն եմ ներկայացնում: Ամեն դեպքում՝ նրա կողմից հայտարարված դեպքի հանգամանքների քննությունը ավարտելուց հետո միայն կարող ենք անդրադառնալ այդ հանգամանքին: Երրորդ հարցի մասով` և Քաշաթաղի շրջանի, և Շահումյանի շրջանի, և Ասկերանի տարբեր համայնքների մասով, որոնք որ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, իհարկե, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների մասով առավելապես և հատկապես, քանզի մի բան է, երբ անմիջապես ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում է տարածքը կամ համայնքը անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, մեկ այլ բան է մեզ արդեն հայտնի եղանակով: Ոչ թե կոնկրետ ինչ- որ պաշտոնատար անձինք, բոլոր պաշտոնատար անձինք, կրթության համակարգի բոլոր պատասխանատուները, բոլոր դպրոցների, բոլոր ՊՈԱԿ-ների ղեկավարները, բոլորը ներգրավված են քրեական վարույթին: Ուղղակի խնդիրը և ծանրաբեռնվածությունը այն առումով է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով մենք ստիպված ենք քննություն անելու, թե որն է պատճառը, որ գույքը պատշաճ չի տարհանվել: Մի դեպքում, օրինակ, լսում ենք  օբյեկտիվ պատճառաբանություններ, որ այդ պահին, օրինակ բեռնատար մեքենա չկար, որ տեղափոխեին, և քննությամբ փորձում ենք պարզել հավաստիանալու համար, թե արդյո՞ք օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառաբանություն է ներկայացվածը: Հետևաբար այստեղ որևէ բացառություն չկա, և օղակ առ օղակ քննության առնելուց հետո մենք հասել ենք այն փուլին, որ բարձրանում ենք քաղպաշտպանության առավել բարձր օղակներ, որովհետև մի դեպքում ցածր օղակի պատասխանատուն է, մի այլ դեպքում՝ ավելի բարձր օղակի կազմակերպչական աշխատանքի համար պատասխանատու: Շնորհակալություն:

         Գագիկ Բաղունց - Պարոն Ներսիսյան, ես էլ հնչեցնեմ իմ հարցերը: Թող պատրաստվի պարոն Իշխանյանը: Դուք նշեցիք, որ 44-օրյա պատերազմից հետո դատախազություն եք ընդունել 14 նոր աշխատակից, որոնք ունեին ոչ բավարար փորձ: Նշանակո՞ւմ է դա, որ ներկա դրությամբ կա մասնագետների լուրջ պահանջ դատախազությունում, և երկրորդ հարցս՝ դասալքության հոդվածով հարուցվե՞լ են արդյոք քրեական գործեր հետպատերազմյան ժամանակաշրջանում, եթե այո, ապա քանի՞սն են ուղարկվել դատարան:

         Գուրգեն Ներսիսյան – Ուրեմն ոչ թե դատախազությունում են ընդունվել աշխատանքի, այլ քննչական կոմիտեում: Դատախազությունում պաշտոնավարման ընթացքում ընդամենը  երկու նոր անձ է ընդունվել՝ շրջանային դատախազություններում: Խոսքը վերաբերվում է քննչական կոմիտեին, որտեղ 44-օրյա պատերազմից հետո ունեցել ենք աշխատանքից հեռացող մի խումբ քննիչներ, և նոր ընդունված քննիչները աշխատանքային փորձ չունեցող են: Ես սա ներկայացրել էի այն հանգամանքը գնահատելու համար, որ իրականում այս ողջ ծանրաբեռնվածությունը, որ քննչական կոմիտեն կրում էր, հերիք չէ, կրում էր հենց նաև աշխատանքային փորձ չունեցող ոչ արհեստավարժ քննիչներին ծանրաբեռնված միջոցով:

         Դասալքությունը ինքնին քրեական օրենքով արգելված արարք է, որը ենթադրում է մարտական դիրքը լքելու, ծառայության վայրը լքելու, արտահայտվում է այդ տեսքով, և դրանք արդեն զինվորական քննչական մարմինների իրավասության տիրույթում են, բայց ես տեղեկացված եմ, որ կան հարուցված այդպիսի քրեական գործեր Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, որովհետև գտնվում է նրանց իրավասության տիրույթում: Մենք զինվորական դատախազության համակարգում չունենք, բայց հետագա ընթացքի մասին, որքան քրեական գործերից որ մասն է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ դատարան կամ ինչպիսի ընթացք է նախաքննական ունեցել, տեղեկություն չունենք: Ամեն դեպքում տեղյակ եմ, որ երկու հազարից ավելի անձի մասին է խոսքը:

         Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Իշխանյան:

         Դավիթ Իշխանյան – Իմ հարցը, պարոն Ներսիսյան, երևի պարոն Մելքումյանի հարցի տրամաբանության շարունակությունն է: Թե Ձեր հաղորդման մեջ, թե նաև հարցին պատասխանելուց հասկացանք, որ Հայաստանի Ձեր գործընկերոջ հետ, որպես գործընկեր և որպես ձեր համակարգի հետ սերտ հարաբերություններ ունեն, աշխատանքային քննարկումներ և այլն: Հետպատերազմյան շրջանի բավականին շրջանակներ  է ներգրավում ձեր հաղորդումը, բայց ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ՀՀ տարբեր քաղաքական գործիչներ, նաև պետական գործիչներ, այդ թվում՝ մեր գործընկերները, անընդհատ օգտագործում են մեզ համար չընդունվող տերմիններ, չընդունվող թեզեր՝ միտված մեր տարածքային ամբողջականությունը հարցի տակ դնելուն, մեր վարչատարածքային ընդհանուր պատկերը հարցականի տակ դնելուն, տեղանունների մասին համապատասխան տեսակետներ ներկայացնելով, հնչեցնելով: Ինձ հետաքրքիր է, վերջապես մենք ունենք Սահմանադրություն, ունենք «Վարչատարածքային բաժանման մասին» օրենք, վերջերս ընդունել ենք «Բռնագրաված տարածքների մասին» օրենք: Այս ամենով հանդերձ՝ որոշակի քննարկումներ, նաև իրավական գործընթացներ, արդյո՞ք եղել են, կան, որպեսզի մենք կարողանանք նաև մեր համապատասխան գնահատականները տալ:

         Գուրգեն Ներսիսյան - Պարոն Իշխանյան, իրականում մեր հայաստանյան գործընկերոջ հետ ակտիվ շփման մեջ ենք, բավականին արդյունավետ գործնական շփում ունենք, և նմանատիպ երևույթներին որպես հայ, որպես արցախցի, իհարկե ես ինքս ունեմ անձնական գնահատականներ, գուցե ինչ-որ տեղ նաև մտահոգություններ, և այդ մտահոգություններով, գնահատականներով նաև կիսվում եմ իմ գործընկերոջ հետ: Սակայն, բնականաբար, մենք պարփակված ենք մեր դատախազական լիազորություններով և ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում քրեական օրենսդրությունը տարածքային ամբողջականության դեմ ուղղված ոտնձգությունները քրեորեն հետապնդելի է ճանաչում, միայն տարածքային ամբողջականությունը բռնի զավթելուն հրապարակային կոչելու կամ զինված զավթման գործողություններ կատարելու կապակցությամբ և հետևաբար, իհարկե, քննարկումներ, գուցե նաև երկուստեք մտահոգություններ ունենում ենք կամ մտորումներ ունենում ենք, բայց  բացառապես շարունակում ենք մնալ դատախազական լիազորությունների տիրույթում: Կարծում եմ որպես վերաբերմունքի գնահատական, կարելի է որպես օրինակ բերել այն, որ վերջերս ՀՀ  գլխավոր դատախազի անձնական բնակարանին ամրացված էր նաև ԱՀ դրոշը, և որպես անձի, և որպես քաղաքացու վերաբերմունք, կարծում եմ, սա որոշակի ցուցիչ և խոսք է:

          Դավիթ Իշխանյան - Գիտեք, 2016թ. ապրիլյան իրադարձություններից հետո այդպիսի մի դեպք կար Զոյա Թադևոսյանի կողմից, երբ որ կասկածի տակ դրվեց մեր տարածքային ամբողջականությունը, և մենք, մեր կուսակցությունը իրավական գործընթաց սկսեց: Արդյունքում, իհարկե, այդ գործընթացը չամբողջականացվեց, և ընդհանուր քաղաքական գնահատականներ նաև ստացավ տիկին Զոյա Թադևոսյանը, բայց գոնե իր կողմից ներողություն խնդրելու և նաև իր կողմից ներկայացված թեզերը վերաշարադրելու ու մեկնաբանելու արդյունքում նաև զգաստության ընդհանուր իրավիճակ ստեղծվեց: Ես կարծում եմ մենք այդպիսի մի իրավիճակում ենք` շատ զգայուն, որ այս կարգի քայլերը Ձեր կողմից, որպես իրավական գործընթաց կամ իրավական քայլեր կատարելու, իսկ մեր կողմից որպես քաղաքական գնահատականներ տալու, հնչեցնելու հարցերը կարող են դրական և պոզիտիվ մթնոլորտ ստեղծել:

         Գուրգեն Ներսիսյան - Պարզ է, պարոն Իշխանյան, ուղղակի նաև չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ դատախազական գործիքակազմը այն իրավիճակներում, որտեղ իրականում պետք է լինի քաղաքական արձագանք և քաղաքական պատասխաններ, այնտեղ դատախազական գործիքակազմը նախ հանիրավի օգտագործվի և երկրորդը` հատկապես այս խիստ ծանրաբեռնվածության պայմաններում նաև հավելյալ ծանրաբեռնվածություն հաղորդի: Բոլոր դեպքերում սա մի իրավիճակ է, որը նաև կարող է կարգավորվել օրենսդրական փոփոխություններով, և ինչու չէ նաև նման հայտարարությունների համար, օրինակ, քրեական պատասխանատվություն սահմանելով այնքանով, որքանով որ դա չի խախտի ազատ արտահատվելու իրավունքը և խոսքի ազատության իրավունքը: Նման իրավիճակում, երբ խոսքը վերաբերվում է հատկապես անկախ պետության տարածքային ամբողջականության վերաբերյալ դատողություններին և գնահատականներին, կարծում եմ նման իրավիճակներում կանխարգելելու և որոշակի սահմաններ սահմանելու իրավական հիմնավորում օրենսդիր մարմինը ունի և կարող է անել:

         Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Պարոն Ներսիսյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակությունԵթե կա ելույթի ցանկությունխնդրում եմ գրանցվել:

Եթե կա եզրափակիչ ելույթի ցանկություն,  խնդրեմ:

         Շնորհակալություն, պարոն  Ներսիսյան, եթե կա եզրափակիչ ելույթի ցանկություն, խնդրեմ: Չկա:

 

Հարգելի գործընկերներ, քանի որ օրակարգի առաջին հարցը հանվեց օրակարգից, անցնենք «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Այն ներկայացնելու համար որպես հիմնական զեկուցող հրավիրվում է  սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի  տեղակալ  Վահրամ Առաքելյանը:

Վահրամ Առաքելյան - Շնորհակալություն: ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի բարձրացնել աշխատող անձանց հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում վճարվող մայրության նպաստների նվազագույն չափը: Մասնավորապես, 2022թ. հունվարի 1-ից առաջարկվում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահովված անձի մայրության նպաստի հաշվարկման նվազագույն շեմ սահմանել ամսական նվազագույն աշխատավարձը: Այսինքն, եթե վարձու աշխատողի կամ ԱՁ համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս լինի նվազագույն ամսական աշխատավարձից, ապա որպես միջին աշխատավարձ եկամուտ հիմք ընդունվի նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Նշեմ, որ 2022թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի հիմքով է հաշվարկվում նաև չաշխատող կանանց տրվող մայրության նպաստները, ինչը սահմանված է  կառավարության համապատասխան որոշումով: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, հարցերի համար խնդրում եմ գրանցվել:

Արթուր Թովմասյան – Լավ օրենքի նախագիծ է, ի՞նչ հարց տան:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Առաքելյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Արամ Գրիգորյանը:

Արամ Գրիգորյան – Հարգելի գործընկերներ, լիազոր մարմնի ներկայացուցիչը օրենքի նախագիծը ներկայացրել է: Այն քննարկվել է գլխադասային հանձնաժողովի նիստում, որին ներկա էին հինգ անդամներից չորսը: Բոլորը կողմ են քվեարկել: Առաջարկում ենք այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Գլխադասային հանձնաժողովին հարցեր: Մտքերի փոխանակության համար  խնդրում եմ գրանցվել:

Այժմ քվեարկության է դրվում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝  30, դեմ՝  չկաձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

 «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու համար որպես հիմնական զեկուցող հրավիրվում է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանը:

Վահրամ Առաքելյան«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու հանգամանքով. առաջինը դա ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն են, որոնց համաձայն 2017թ. վերածվել է գործատուի կողմից աշխատանքային գրքույկ վարելու պարտավորությունը, միաժամանակ սահմանելով աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան մուտքագրելու, այսինքն թվայնացնելու գործընթացը: Այս հանգամանքից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել 2017թ. ԱՀ աշխատանքային գրքույկները վարելու գործընթացը, այդ թվում՝ աշխատանքային գրքույկներում ներառվող տեղեկատվության ցանկը, դրանք լրացնելու կանոնները մինչև կառավարության կողմից սահմանվելիք կարգով և ժամկետներում դրանցում առկա տեղեկատվության թվայնացումը: Երկրորդ հանգամանքը դա 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում աշխատած անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերվող տվյալների, այսինքն աշխատանքային գրքույկների և այլ փաստաթղթերի կորուստն է, ինչից ելնելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, և այս համատեքստում առաջարկվում է հանձնաժողովի կողմից սահմանված ստաժը հիմք ընդունել քաղաքացուն աշխատանքի ընդունելու ժամանակ պահանջվող աշխատանքային ստաժի տևողությունը հաշվարկելու համար: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Հարգելի պատգամավորներ, եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, պարոն Գալստյան:

Դավիթ Գալստյան - Պարոն Առաքելյան, այս էլեկտրոնային շտեմարանը, որ ստեղծվում է, ասենք, Հայաստանում այսօր գործում են տարբեր հիմնարկներում, բանկերում և մնացած այլ հիմնարկներում, որոնք որ աշխատավարձի մասին տեղեկանք այլևս պարտադիր չէ, և այդ էլեկտրոնային շտեմարանով կարողանում են առաջնորդվել: Սա փոփոխության դեպքում Արցախում ևս միասնական բազա է միացվելո՞ւ է, թե սա միայն աշխատանքային գրքույկին է փոխարինում, այդ մնացած տեղեկությունները այլ մարմինների չի տրամադրվելու:

Վահրամ Առաքելյան – Ընդհանրապես աշխատանքային գործունեությանը վերաբերող տվյալները սկսած 2014թ., եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հաշվառվում է հարկային մարմնում, և անհատ ձեռնարկատերերի ու վարձու աշխատողների կողմից ստացած աշխատավարձի և նրանց կողմից կատարված եկամտային հարկերի մասին կա ամբողջական բազա: Խնդիրը կայանում է նրանում, որ աշխատանքային գրքույկները այս պահին գտնվում են քաղաքացիների մոտ, և չի բացառվում դրանցում լրացուցիչ գրառումների կատարումը, ոչ հավաստի և այլն: Այս համատեքստում մենք ներկա գործատուների մոտ գտնվող բոլոր աշխատանքային գրքույկները հավաքագրելու ենք և թվայնացնենք, որից հետո այդ աշխատանքային գրքույկները լրացման ենթակա չեն լինի: Ինչ վերաբերվում է տեղեկությունների փոխանցմանը, կարծում եմ, այդ շտեմարանի լիարժեք ձևավորելու դեպքում ցանկացած տեղեկատվություն, կապված աշխատանքային գործունեության վերաբերյալ, կենսաթոշակային ոլորտի մարմինը կարող է փոխանցել ըստ անհրաժեշտության:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Առաքելյան: Զբաղեցրեք Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ԱԺ սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

Արամ Գրիգորյան - Պարոն Առաքելյանը մանրակրկիտ ներկայացրեց օրենքի նախագիծը: Ինձ մնում է միայն ավելացնել, որ նույնպես հանձնաժողովի նիստում այն արժանացել է դրական եզրակացության: Առաջարկում եմ ընդունել որպես օրենք:

Գագիկ Բաղունց - Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Մտքերի փոխանակության համար եթե կան ելույթ ցանկացողներ, խնդրում եմ գրանցվել: Եզրափակիչ ելույթների համար: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

 Քվեարկություն:

Կողմ՝  30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հարգելի գործընկերներ, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն առաջին մեկ ու կես ժամ աշխատանքից հետո նախատեսված է կես ժամանոց ընդմիջում: Ժամը 1-ին կշարունակենք մեր աշխատանքները:

/Աղմկում են դահլիճում/:

 

Ընդմիջում:

 

Արթուր Թովմասյան«ԱԺ կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածի համաձայն այսօր նախատեսված է ԱՀ նախագահին և կառավարության անդամներին հարցերով դիմելու մասին հարցը: Հիշեցնեմ, որ «Կանոնակարգի» պահանջներին համապատասխան հարցերի համար նախատեսված է երկուական րոպե, պատասխանների համար` երեքական րոպե: Պատասխաններին կարելի է արձագանքել մեկական րոպե: Հարցերը պատգամավորները տալիս են իրենց հատկացված խոսափողից, իսկ կառավարության անդամները պատասխանում են ամբիոնից, բացի պետնախարարից : Այժմ պատգամավորներին խնդրում եմ հերթագրվել հարցերի համար:

Գրանցում:

Հերթագրվել են 15 պատգամավորներ` Բալայան Վահրամ, Ստեփանյան Գեղամ, Հովհաննիսյան Կարեն, Աղաբեկյան Արամայիս, Պետրոսյան Արևիկ, Հակոբյան Մետաքսե, Հայրապետյան Սեյրան, Պետրոսյան Մարսել, Հարությունյան Արամ, Գրիգորյան Արամ, Գալստյան Դավիթ, Բաղունց Գագիկ, Բաղդասարյան Դավիթ, Մելքումյան Դավիթ, Աթայան Կարինե: Պարոն Բալայան, խնդրեմ, թող պատրաստվի Գեղամ Ստեփանյանը:

Վահրամ Բալայան – Անցյալ տարի մեր տեղահանված հայրենակիցները դեղ ձեռք բերելու համար անվճար էր դա: Այս տարի դա վերացվել է: Ինչո՞վ է դա պայմանավորված: Երկրորդ հարցը. մեր տեղահանված հայրենակիցները եթե չեմ սխալվում, կարծեմ Կարմիր խաչից 20 հազար դրամ են ստանում և 50 հազար դրամ բնակվարձի համար: Նախկինում 68 հազար դրամ ևս ստանում էին սոցիալական իրենց խնդիրները լուծելու համար: Այս վերջինս վերացված է, այսինքն, կառավարությունը ինչ որ նոր ծրագրեր չունի՞ իրենց օգնելու համար: Եվ երրորդը` նոր գյուղեր երբ կառուցվում է, հնարավո՞ր չէ արդյոք հողակտորներ տալ մեր հայրենակիցներին, որ նախապես սկսեն որոշակի գործեր ձեռնարկել, աշխատել և տնտեսություն ձևավորել: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարցին պատասխանում է առողջապահության նախարար պարոն Հայրիյանը:

Միքայել Հայրիյան – Բարև Ձեզ: Շնորհակալություն հարցի համար: Ես հարցը եթե ճիշտ հասկացա, խոսքը տարհանվածների դեղորայքի վերաբերյալ է: Խոսքը այն դեղորայքի մասին է, որը դուրս է եկել ցանկից այս տարի: Առօրյա դեղորայքն է ընդամենը  դուրս եկել,  սովորական, օրինակ, գլխացավի կամ մրսածության դեղերը: Մնացած բոլոր հիվանդությունների վերաբերյալ որտեղ պետք են, անհրաժեշտ են ավելի  լուրջ և թանկաժեք դեղորայքներ, այդ բոլորը ներառված են:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն նախարար, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Երկրորդ հարցին պատասխանում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի փոխնախարար պարոն Առաքելյանը:

Վահրամ Առաքելյան – Կապված տեղահանված քաղաքացիներին տրվող 20-40 հազարական դրամի և մեր ոչ տեղահանված քաղաքացիներին` 50 հազար դրամ աջակցությանը: Ընդհանուր առմամբ՝ սահմանված, հայտարարված բոլոր ծրագրերը այս պահին ընթացքավորվում են, այսինքն ուժի մեջ են, սակայն գիտեք, որ որոշակի ժամանակ առաջ, սահմանային լարվածության հետ կապված, կատարվել է դրամական միջոցների բաշխման առաջնահերթությունների փոփոխություն, բայց բոլոր ծրագրերը իրենց սահմանված ժամկետներում, իհարկե մի քիչ ուշացումներով, բայց իրականացվելու են, և ասածներիս ապացույցը երեկ առաջին օրը Արցախբանկ ՓԲԸ-ին է փոխանցվել 100 միլիոն դրամ` 20-40 հազարների վճարման համար: Այս պահի դրությամբ 20-40 հազարների հետ կապված՝ 15 բանկից ֆինանսավորվել է 13-ը, մնացել են ՎՏԲ Հայաստան բանկի շահառուների գումարները և Արցախբանկի շահառուների գումարները, որից 100 մլն արդեն փոխանցվել է: Ընդհանուր առմամբ 1,8 միլիարդ դրամ գումարից 902 միլիոն արդեն վճարված է, և առաջիկա օրերին հուսով ենք, որ այդ ֆինանսավորումը կավարտենք: Ընթացքի մեջ է նաև 50 հազար դրամ օգնության վճարումները: Գիտեք, որ ոչ տեղահանված քաղաքացիներից մինչև 18 տարեկան երեխաներին և կենսաթոշակառուներին միանվագ 50 հազար դրամ է կառավարության որոշմամբ սահմանվել, և այս ծրագիրը նույնպես ընթացքի մեջ է: Մոտ մեկ ու չորս միլիարդ գումարից ֆինանսավորվել է 900 միլիոնը: Շնորհակալություն:

Վահրամ Բալայան - Քսանը և քառասունը դա ի՞նչ է, այսինքն քսանը և քառասունը    ո՞ւմ են տալիս: 

Վահրամ Առաքելյան - ՀՀ նախորդ տարվա համապատասխան որոշման համաձայն որոշվել էր հետևյալը. տեղահանված քաղաքացիներին, ինչպես նաև ավերածությունների հետևանքով անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին, մասնավորապես, այսպես կոչված 300 հազար դրամի շահառուների և 250 հազար դրամի շահառուների համար սահմանվել էր չորսամսյա օգնություն, ընդ որում՝ երեխաներին և 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին 4 ամիս 50 հազար, մեծահասակներին, որոնք 1-ին կամ 2-րդ խումբ չունեն, 25 հազար: Որպես այս ծրագրի շարունակություն, որոշման փոփոխություն է կատարվել և հունվար, փետրվար ամիսների համար սահմանվել. երեխաներին և 1-ին խմբի հաշմանդամների համար 2 ամիս 40 հազար դրամ, իսկ մեծահասակներին, որոնք չունեն հաշմանդամության կարգ` 20 հազարական դրամ, հունվար-փետրվար ամիսներին:

Վահրամ Բալայան - Հողամասեր տրամադրելու մասին, մարդիկ որ տնտեսություն ձևավորեն, խոսքը դրա մասին է:

Արթուր Թովմասյան - Հարցին պատասխանում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Խանումյանը:

Հայկ Խանումյան – Հարցը հասցեատեր չի ունենում, միշտ տարածքայինին են ասում: Հարցին պատասխանելով, պարոն Բալայան, այդ առանձնատները, որը կառուցում են, սովորաբար 1000-1200 մետր տնամերձ հողատարածք գոյություն ունի: Բայց այդ նորակառույց թաղամասերի համար հողեր դեռևս հատկացված չեն: Այսինքն՝ դրանք տվյալ համայնքի հողերն են, որոնք կարող են ընդհանուր սկզբունքներով մարդիկ վարձակալեն կամ ստանան: Որևէ հողի բաշխում տեղահանվածներին, այդպիսի գործընթաց գոյություն չունի: Պետությունը հող վերցնում է շինարարության նպատակով, տուն կառուցելու և տնամերձի համար, տարբեր համայնքներից կամ մասնավոր անձանցից: Այլ նպատակով հողի ձեռքբերում տեղի չի ունեցել:

Վահրամ Բալայան – Խոսքս, օրինակ, Քռասնու այս հատվածում, կարծեմ Ակնաղբյուրի հետ կապված, գյուղն այդտեղ պետք է կառուցվի, բայց դա այդպես բազմաբնակարան շենք է: Բոլոր դեպքերում այդ հողի հետ աշխատած մարդկանց ինչ-որ բան պետք է: Ես մարդկանց հետ հանդիպում եմ, հիմա ապրում են Ստեփանակերտում, որոնք զբաղմունք չունեն: Եթե լիներ, այդ մարդիկ ինչ-որ տնտեսություն կձևավորեն և իրենց առօրյա հոգսերը կհոգան:

Հայկ Խանումյան – Շատ լավ, այդտեղ կոնկրետ մեր նախարարությունն է կառուցում 216 բնակարան, բայց այդտեղ մի 5000 մետր բավականին բարձր որակի ապաստարանային տարածք է, որը մենք կփորձենք որևէ տնտեսական գործունեության վերածել: Տարբեր առաջարկներ կան, մենք կփորձենք այդ մարդկանց ներգրավել տեղի աշխատանքների մեջ: Ընդհանուր տարածքը 11 հեկտար է, բայց այդտեղ նախատեսվում է ապագայում նաև դպրոց Քռասնի համայնքի համար, որովհետև թաղամասը մեծանալու հետ կապված Քռասնիի դպրոցը չի բավարարելու, և այլ ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են թաղամասին: Հետևաբար նույն քաղաքացիները կարող են դիմել Քռասնիի համայնք այլ տարածքներ ձեռք բերելու շրջակայքից, բայց ոչ կառուցապատման տարածքով:

Արտակ Բեգլարյան - Պարոն Թովմասյան, եթե կարելի է մի փոքր հավելեմ: Պարոն Խանումյան, տեսաք, որ ճիշտ հասցեատեր էինք ընտրել, հենց նաև Քռասնիի մասով: Պարոն Բալայան, իրականում տեղին հարց է: Այդ հարցը քննարկվել է, բայց վերջնական լուծում դեռևս չի տրվել պարոն Խանումյանի բարձրացրած խնդրի պատճառով, քանի որ այդ տարածքները հիմնականում տարբեր համայնքների վարչական տարածքում են գտնվում և հիմնական մասը նաև սեփականաշնորհված են, սակայն համապատասխան աշխատանք, վերլուծություն կատարվում է, որպեսզի հասկանանք, թե որ նոր կառուցվող բնակավայրի մասով ինչ անհատական լուծում կարող ենք տալ: Ամեն դեպքում մենք էլ ենք ընդունում, որ խնդիրը և կարիքը առկա է ու այդ կարիքին համապատասխան, առկա փողային ռեսուրսի հասանելիությանը համապատասխան որոշակի լուծումներ տալու ենք:

Արթուր Թովմասյան – Եղավ: Պարոն Խանումյան, կյանքը բումերանգ է: 6-րդ գումարման ժամանակ էլ ձեր անհասցե հարցերին պատասխանում էր վարչապետը և շատ հնարավոր է հաջորդ գումարման ժամանակ որևէ մեկը նախարար լինի: Այնպես որ, հարցերը որ տալիս եք, աստծուց կխնդրեմ մի անգամ էլ Դուք հարցերին պատասխանեք, ինչպես հիմա այդ դերում հանդես է գալիս պարոն Խանումյանը: Պարոն Ստեփանյան, խնդրեմ, թող պատրաստվի Կարեն Հովհաննիսյանը:

Գեղամ Ստեփանյան – Շնորհակալություն: Առաջին հարցը. բռնի տեղահանված բնակչությունը ահազանգում է աշխատանքային պայմանագրերի լուծարման մասին ծանուցագրերի ստացման հարցով: Ունե՞նք արդյոք թվային տվյալներ, թե քանի՞ հոգի է կրճատվելու, և այս մեկ ու կես տարիների ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ մարդկանց մեր աշխատաշուկայում վերաինտեգրելու համար: Իրականացվե՞լ են արդյոք ուսումնասիրություններ աշխատաշուկայում և ի՞նչ այլընտրանքներ ենք մենք առաջարկում մեր բնակչությանը, առանց այն էլ սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում գտնվող բնակչությանը: Երկրորդ հարցը, որը հնչեցրել եմ նաև նախորդ հարց ու պատասխանի ընթացքում. 2022թ. պետական բյուջեում ներառված 300մլն դրամը՝ ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու համար պետության սուբսիդիայի հետ կապված: Նախորդ հարց ու պատասխանի ժամանակ պարոն Բեգլարյանը պատասխանեց, որ կոմունիկացիայի հարց է, և քայլեր կձեռնարկվեն: Ձեռնարկվե՞լ են արդյոք քայլեր, ընթանում է երկրորդ կիսամյակը, և եթե ոչ, խնդրում եմ նշել կոնկրետ ժամանակահատված, թե երբվանից է ընթացք տրվելու աջակցության ծրագրին:

Արթուր Թովմասյան - 1-ին և 2-րդ հարցերին պատասխանում է պետնախարարը:

Արտակ Բեգլարյան - Այո, պարապուրդում գտնվող տեղահանված անձանց հաստիքների կրճատման և հիմնականում նրանց կազմակերպությունների լուծարման գործընթացը մեկնարկել է: Կառավարության որոշումները ստորագրվել են, հաստատվել են և հուլիսի 1-ի դրությամբ պետք է լուծարվեն: Շուրջ 4400 անձի է վերաբերում այս որոշումը: Նրանց զբաղվածության մասով, խոսքը վերաբերում է պարապուրդում գտնվողներին, ոչ թե օկուպացված տարածքներում գործունեություն ծավալած կազմակերպությունների աշխատակիցներին, քանի որ մի շարք կազմակերպություններ, մարմիններ շարունակելու են գործել ավելի սեղմ ռեժիմով՝ և շրջանային վարչակազմերը, և համայնքապետարանները, և նաև որոշ պետական ոչ առևտրային կազմակերպություններ: Այս 4400-ից նախնական հաշվարկներով ավելի քան հազարը աշխատանք ունի` ֆորմալ գրանցված աշխատանք ունի, և իրենք գտել են կամ պետական աջակցությամբ,կամ իրենց նախաձեռնությամբ Արցախում կամ ՀՀ- ում աշխատանք: Մի մասը, քանի որ այս մասով տվյալներ չենք տիրապետում, չենք կարող վերջնական ասել, բայց միանշանակորեն մի մասը նաև ինքնազբաղված է կամ չգրանցված աշխատանք ունի, մնացած մասով լրացուցիչ ՀՀ-ում և Արցախում ծրագրեր եղել են, բայց միանշանակորեն ծավալը չի բավարարում կարիքին խթանելու համար, որ մարդիկ աշխատեն: Սակայն ընդհանուր աշխատաշուկայի կարիքներն էլ, օրինակ, շինարարության ոլորտում, մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև այնպիսի ոլորտներ, որոնց մասին հրապարակային չեմ ուզում անդրադառնալ, որոնք դուք գուշակում եք, այսպես ասեմ, միանշանակորեն նաև առաջարկ կա: Ի դեպ, երբ ասում եմ հազար աշխատող, սա չի վերաբերում ոչ պաշտպանության բանակին, ոչ անվտանգային մարմիններին, որովհետև այդտեղ աշխատողների թիվը և անձանց անունները գաղտնի են, ու չենք օգտագործում հրապարակային շփումներում: Մոտավոր այսքանը: Իսկ ծրագրերի մասով լրացուցիչ խթաններ պլանավորում ենք կիրառել և այստեղ, և նաև քննարկում ենք ՀՀ կառավարության հետ, որպեսզի իրենց ծրագրերը ավելի արդյունավետ դարձնեն, մենք էլ մեզ մոտ խթանիչ ծրագրեր օգտագործենք:

Գեղամ Ստեփանյան - Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է առանձին աջակցության ծրագիր մտածելու տեղահանված բնակչության համար, ովքեր ցանկություն ունեն ձեռնարկատիրությամբ զբաղվելու անհատական մոտեցման ցուցաբերմամբ, որոշակի աջակցություն ցուցաբերելու, որը կարող է հիմնական խթանիչ միջոց հանդիսանալ տնտեսապես կայանալու և աշխատաշուկայում ինտեգրվելու համար:

Արտակ Բեգլարյան - Որոշակի ծրագրեր իրականացվել են անցած տարի էլ, այս տարի էլ ընթացքում են, բայց ծավալների առումով միանշանակորեն այնքան չեն, որքան կարիքը կա, և գյուղատնտեսության նախարարության կողմից է եղել, և նաև սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության կողմից, և մեր ուղորդմամբ որոշակի բարեգործական կազմակերպությունների կողմից հենց հասցեական տեղահանված անձանց համար: Գալով 2-րդ հարցին, պարոն Ստեփանյան, որոշումը չի կայացվել, քանի որ զենքի կիրառման, զենքի հասանելիության մասով քաղաքական այլ որոշում է կայացվել, որի մասին նաև քննարկումներ մասնակիորեն եղել են անվտանգության խորհրդում և այդ պատճառով նպատակահարմար չի գտնվել կառավարության կողմից, որպեսզի այս ծրագիրը կյանքի կոչենք, քանի որ հստակորեն մոտեցումներ են փոխվում: Առաջիկայում զենքի հասանելիության մասով լրացուցիչ մշակումներից հետո, կարծում եմ, Դուք էլ տեղյակ կլինեք: Համոզված եմ, որ նաև քննարկումներին կմասնակցեք: Այդ դեպքում արդեն Ձեր առաջարկած ծրագրի կարիքը կարծես թե չի լինելու:

Արթուր Թովմասյան - Պարոն Բեգլարյան, լուծարելը շատ հեշտ է, մի րոպեում լուծարում եք, հետո նորից բացելն է դժվար: Իմ կարծիքը հետևյալն է, որ առաջին երեք տարիներին՝ կառավարություն, ԱԺ, միասին մտածենք, որպեսզի մեր հայրենակիցներին հնարավորություն տանք, դրանք լինի բնակարանների տեսքով, խոսքը գնում է բռնի տեղահանվածների և զոհված ազատամարտիկների մասին, հնարավորություն տանք և բնակարան ունենան, և աշխատանք: Լուծարելու դեպքում միանգամից վերցնենք, շոկային տարբերակը չօգտագործենք: Եթե 4000-ից հազարն է աշխատանքով տեղավորված, մի պահ պատկերացրեք, որ լուծարում ենք մնացածը և մոտ 3000 մեր հայրենակիցներ մնում են աշխատանքի, նույնիսկ եթե այդ օրը նաև բանալիներ ենք տալիս, որ այ այս բնակարանում գնա ապրիր: Ես ասել եմ, հիմա էլ եմ ասում. սահուն, աշխատանքով ապահովեք, լուծարեք տվյալ հիմնարկությունը: Դրանք մասնագետներ են, որոնք երկար տարիներ աշխատել են Շուշիում, Հադրութում և բոլոր այն գյուղերում, մեր հայրենակիցներն են, որոնք մնացել են թշնամու տիրապետության տակ: Ամեն մի աշխատողի, ամեն մի աշխատատեղ կրճատելու ժամանակ պատկերացրեք, որ դա դուք եք, որ քո ընտանիքն է զրկվելու այդ աշխատատեղից, այն տարրական միջոցներից, որով հնարավոր է ապրել Արցախում: Ես ասել եմ մինչև երեք տարի: Ինչի՞ համար, որովհետև ուզենք, չուզենք այս հարկերի, հիպոթեքների մասով ինչու ենք մենք ընտրել երեք տարին, որ պետությունը աջակցի, որովհետև երեք տարի մենք չենք կարող ծրագրերը տասը, քսան տարի պահենք: Երեք տարում մենք այդ ծրագրերը պիտի ավարտենք, որ երկիրը զարգացման ռելսերի վրա դնենք: Այս երեք տարին մտածել արցախի տնտեսության զարգացման մասին, ինչ ճյուղ ստացվեց, լավ է: Բայց մենք շատ զգույշ պիտի լինենք այդ լուծարումներին, որովհետև ես համոզված եմ, որ եթե այն տարբերակով, որը ասացիք հուլիսի մեկից լուծարել, դա սոցիալական լարվածություն է բերելու առանց այն էլ սոցիալական լարվածության տակ գտնվող Արցախին և Արցախի բնակչությանը: կարծում եմ՝ կառավարությունը հաշվի կառնի իմ առաջարկը: 

/Աղմկում են դահլիճում/:

Արտակ Բեգլարյան – Պարոն Թովմասյան, այնպես չի, որ մենք սրտացավորեն չենք մոտենում այդ հարցին, մտածում ենք ինչ որ մեկին վատություն անենք, տեղահանված ընտանիքներին չօգնենք և այլն: Հենց այդ նկատառումներից ելնելով մեկ ու կես տարուց ավելի այս հաստիքները պահպանվել են, բայց մյուս կողմից դա բավականին մեծ խնդիրներ է ստեղծում նաև կազմակերպչական կամ իրավական, տնտեսական խթանների տեսանկյունից, ֆինանսական և այլն: Եվ եթե դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, ավելի նախընտրելի է, որ սոցիալական խնդիրը լուծենք ոչ թե աշխատավարձի տեսքով, այլ այլ ձևաչափով: Այսինքն, եթե մենք դիտարկենք, որ դրա համար նախատեսված ֆինանսը կա, դա արդեն ձևն է, հիմա արդեն հաջորդ հարցը այն է, որ սա անհավասար պայմաններ է ստեղծում այդ խմբի տեղահանվածների և մնացած բոլոր տեղահանվածների միջև: Այսինքն, այն տեղահանվածները, որոնք պետական համակարգում աշխատանք չեն ունեցել, բայց իրենք նույն կարիքները հիմա ունեն, իրենք ավելի վատ դրության մեջ են, քան մնացած տեղահանվածները, որոնք պարապուրդի գումար են ստանում: Այս հազարը ես որ ասացի, սա հարաբերական թիվ է: Մեր վերլուծությամբ 4400-ից մոտավոր 2500-3000 աշխատանք ունի:

 (Աղմկում են դահլիճում):

Արթուր Թովմասյան - Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ, թող պատրաստվի Արամայիս Աղաբեկյանը:

Կարեն Հովհաննիսյան - Հարգելի խորհրդարան, կառավարություն, հարցս երևի կրկնում եմ, պարոն Ստեփանյանի բարձրացրած հարցի շրջանակներում, բայց ինձ հետաքրքիր է հետևյալը` երկու ամիս հետո ՊՈԱԿ - ները լուծարվելու են: Այս ընթացքում ՊՈԱԿ - ների ստուգումը իրականացվելու՞ է, միգո՞ւցե որոշակի խախտումներ են հայտնաբերվելու: Եվ երկրորդ, մեր հայրենակիցները, ովքեր տեղահանված են և բնակվում են ՀՀ տարբեր բնակավայրերում, որևէ սոցիալական միջոցառումներ իրականացվե՞լ է, որպեսզի այդ բնակիչները ինտեգրվեն այդ բնակավայրերում և կարողանան քիչ թե շատ համակերպվել այդ պայմաններին և ոտքի կանգնել: Եթե ոչինչ չի արվել, եթե մարդիկ որոշում են գործը կորցնելուց հետո հետ վերադառնան Արցախ, այդ դեպքում ի՞նչ եք անելու, ի՞նչ եք նախատեսել: Միանգամից հասկացանք, ծանրաբեռնվածությունը բյուջեի վրա է, և կրճատում ենք, կառավարչական խնդիրներ կան: Բայց հաջորդական քայլերը դուք նախատեսե՞լ եք, թե ուղղակիորեն օրենքի ուժով փորձում եք կրճատել այդ ՊՈԱԿ-ները:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, այդ հարցին պատասխանում է ԱՀ ֆինանսների և էկանոմիկայի նախարար պարոն Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյան - ՊՈԱԿ-ների լուծարման հարցի վերաբերյալ ասեմ, որ  գոյություն ունի օրենսդրությամբ սահմանված հստակ կարգ լուծարման, ստեղծվում է լուծարային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են շահագրգիռ բոլոր մարմինները: Այդ թվում և ֆինանսների, և էկանոմիկայի նախարարություններում ընդգրկվելու են, և այդ լուծարման գործընթացը ինքը ենթադրում է վերջում լուծարային հաշվեկշռի կազմումը: Այդ ընթացքում, բնականաբար, ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության և վերահսկողության ստուգման գործընթացները կատարվելու են, և մինչև լուծարային հաշվեկշիռը չկազմի, բնականաբար, լուծարումը չի գրանցվելու:

Կարեն Հովհաննիսյան -  Կրթության նախարարի համապատասխան որոշումը կա՝ թվագրված 25 ապրիլի ելից N 0/682, որպեսզի  անձնակազմերը արդեն ծանուցեն իրենց ենթականերին լուծարային պրոցեսի մասին: Այսինքն, եթե մի ինստիտուտ, մի նախարարություն արդեն որոշում է կայացրել, ֆինանսների նախարարությունը ե՞րբ է սկսելու ձևավորել այդ լուծարային հանձնաժողովը:

Վահրամ Բաղդասարյան - Ֆինանսների նախարարությունը չի ձևավորում, կառավարության որոշման համաձայն որոշում կա ստեղծել լուծարային հանձնաժողով, և հստակ նշված է կազմը, թե որ մարմինների, որ գերատեսչությունների ներկայացուցիչներ պետք է ներառվեն: Մենք արդեն ստացել ենք համապատասխան գրությունները բոլոր իրավասու մարմիններից և ներկայացնել մեր թեկնածուներին:

Արտակ Բեգլարյան – Բնակիչների ինտեգրման պահով հիմա պատասխանեմ: Պարոն Հովհաննիսյան, ՀՀ կառավարության կողմից ծրագրեր կան, որոնք աջակցում են այդ թվում աշխատատեղերով, եկամուտի աղբյուրներով տեղահանված անձանց ՀՀ տարածքում: Այդ ծրագրերից բավականին շատ, հիմա թիվը չեմ տիրապետում, թե որքան են մասնակցել, բայց  տեղյակ եմ, որ բավականին տեղահանված անձինք մասնակցել են, հետո դրա միջոցով նաև աշխատանք են գտել: Դրանք ներառում են և որոշակի փոքր դրամաշնորհներ, և փորձուսուցման վճարներ: Երեք ամիս շարունակ փորձուսուցումից հետո արդեն կարող են աշխատանքի ընդունվել նույն տեղում կամ այլ տեղում, այդ թվում՝ կրթական ծրագրերի ֆինանսավորում և այլն: Նաև օպերատիվ շտաբի միջոցով մեր կողմից, արդեն ԱՀ կառավարության կողմից որոշակի ծրագրեր ֆինանսավորվում են՝ որոշ եկամուտի աղբյուրներ ապահովելու տեսանկյունից: Իսկ մնացած ինտեգրման հարցերը, այսինքն ոչ ֆինանսական բնույթի ինտեգրման հարցերը, ՀՀ լիազոր մարմիններն են աջակցում, հիմնականում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է աջակցում՝ մարզպետարանների հետ միասին:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան խնդրեմ, թող պատրաստվի Արևիկ Պետրոսյանը:

Արամայիս Աղաբեկյան - Շնորհակալություն: Ոչ մեծ ծավալներ ունեցող, բայց բարեխիղճ շինարարական կազմակերպությունների մտահոգությունն եմ ուզում ներկայացնել: Բողոքում են, որ իրենց կատարողականով, իրենց կատարած աշխատանքի ֆինանսական փոխանցումները ուշացվում են կամ խնդիրների առաջ են կանգնում, եթե ավելի խոշոր և մեծ ծավալ ունեցողները, ելնելով ֆինանսների անբավարարվածությունից, միևնույն է կարողանում են իրենց գործունեությունը ծավալել, ապա այս պարագայում այդ մարդիկ պատասխանատու են բանվորների և մնացած աշխատողների համար, և շատ դեպքերում կարող է դառնալ այնպես, որ մենք չկամությամբ այդ մարդկանց զրկենք աշխատելու հնարավորությունից: Կխնդրեի, որ սրա վերաբերյալ որոշակի մեկնաբանություն լինի:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարար պարոն Սարգսյանը:

 Արամ Սարգսյան – Շնորհակալություն հարցի համար: Ընդհանուր առաջին եռամսյակում կատարված աշխատանքները և մեր նախատեսած՝ առաջին եռամսյակի գումարները մի քիչ  տարբերությամբ են, մի քիչ չէ, բավականին տարբերությամբ են: Քանի որ մենք նախատեսել ենք առաջին եռամսյակում համապատասխան գումար, բայց շինարարական կազմակերպությունները աշխատել են ավելի շատ, դրա համար որոշակի խնդիրներ  են առաջացել: Կարծում եմ՝ առաջիկայում այդ խնդիրներին լուծում կտանք:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Տիկին Պետրոսյան, խնդրեմ, թող պատրաստվի Մետաքսե Հակոբյանը:

Արևիկ Պետրոսյան - Շնորհակալություն: Առաջին հարցը ուղղում եմ միգրացիայի և  սոցիալական զարգացման նախարարությանը: Համապատասխան հանձնաժողովի նիստի ժամանակ ես առաջարկել եմ վերանայել առաջին արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ծնողների կենսաթոշակը: Արդյոք որևէ գործողություններ մեկնարկե՞լ է նախարարությունը այս ուղղությամբ: Երկրորդը վերաբերում է ուսուցչական ասպարեզում վաղեմի դժգոհություն առաջացնող օրենքներին, այն է՝ 63 տարեկանից հետո որոշ ուսուցիչների ուղարկում են թոշակի, որոշներին պահում են: Եվ ուսուցչական ասպարեզում սա առաջացնում է մեծ դժգոհություն: Իսկ ինչ վերաբերվում է ընդհանրապես ղեկավարներին, ապա հստակ օրենքը պահանջում է 65 տարեկանը լրանալուց հետո անցնել թոշակի: Բայց մենք ունենք դեպքեր, երբ դա օրենքը չի կատարում: Առաջինը՝  ինքը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, իսկ երկրորդը, եթե հստակ օրենքը գրված է և չի կատարվում, այդ արդեն կոռուպցիայի արձանագրություն եմ համարում: Եվ երրորդը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, խոսքը վերաբերվում է տենդերների կազմակերպմանը: Շինարարական աշխատանքների հսկողության համար դիմել է քաղաքացին` Շուշիի տարահանված բնակիչ, որին Դուք մերժել եք, ասելով, որ մենք թողել ենք անցած տարվա իրավիճակը և չեք կազմակերպել տենդեր:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է փոխնախարար պարոն Առաքելյանը:

Արտակ Բեգլարյան - Տիկին Պետրոսյան, 3-րդ հարցը տարածքային կառավարման նախարարությա՞նն է, թե...

Արևիկ Պետրոսյան - Այո, այո, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների: Քաղաքացին դիմել է: Կոնկրետ դեպքի մասին է, տենդերը չի կազմակերվել: Ինչո՞ւ չի կազմակերպվել, և ինչո՞ւ են քաղաքացիներին մերժում:

Վահրամ Առաքելյան - Շնորհակալություն: Կապված զինծառայողների կենսաթոշակների ապահովությանը, բոլորը տեղյակ եք, չեմ ուզում փակագծեր բացել, բայց ԱՀ պետական բյուջեից ոչ լրիվությամբ է ֆինանսավորվում այդ կենսաթոշակները, և մենք պետական բյուջեի քննարկման ժամանակ խոսել ենք այդ մասին և որոշակի գումարներ ենք նախատեսել, որպեսզի որոշ չափով փոխհատուցենք պաշտպանության բանակի զինծառայողների կենսաթոշակների այն չբարձրացված չափերը, որոնք նախատեսել ու իրականացվել են ուժային մյուս մարմիններում: Խոսքը 25 հազարական գումարների մասին է: Բայց տիկին Պետրոսյանը իրավացի է, կա գումարների տեսակ, որը օրենքով սահմանված է որպես պարգևավճար: Ցավոք, պարգևավճարի մասով  որևէ ուժային մարմնի մասով բարձրացում չի իրականացվել: Սակայն հարցը քննարկվել է, և մենք ունենք որոշակի առաջարկություններ: Տեղյակ եք բոլորդ, որ որոշակի սոցիալական խնդիրների, այդ թվում նաև զոհվածների զինծառայողների ընտանիքներին, վճարվում են նաև հիշարժան օրերի կապակցությամբ գումարներ և այս համատեքստում մենք քննարկում ենք այդ գումարները, կոնկրետ զոհված զինծառայողների մասով հնարավոր է երկակի կամ ավելի չափով բարձրացում: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք:

Արևիկ Պետրոսյան – Գաղտնիք չէ, որ դրամը դեվալվացիայի է ենթարկվել այս քանի տարիներին, շուրջ 30 տարիների ընթացքում և այդ 30 հազարը դա նույնիսկ անհարգանքի դրսևորում է մեր կողմից, պետության կողմից առաջին արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների ծերացած ծնողների վերաբերյալ:

Վահրամ Առաքելյան – Համաձայն եմ, բայց տեսեք, այդ 30 հազար գումար ստացող յուրաքանչյուր քաղաքացի այդ 30 հազարից բացի ստանում է նաև այլ գումար` զինվորական կենսաթոշակի, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի տեսքով, և ինչպես հայտնի է, 2022 թվականի հունվարի 1-ից միջինում 20 տոկոսով բարձրացրել ենք համարյա թե բոլոր տեսակի ամսական բնույթ կրող սոցիալական վճարների չափը: Շնորհակալություն, բայց ամեն դեպքում հաշվի կառնենք:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, երկրորդ հարցին պատասխանում է տիկին Հակոբյանը:

Անահիտ Հակոբյան – Շնորհակալություն: ԱՀ բոլոր մանկավարժների նկատմամբ կիրառվում է միատեսակ մոտեցում, և ՊՈԱԿ - ները իրենց ենթակայության տակ գտնվող մանկավարժներին, ըստ աշխատանքային օրենսգրքի ԱՀ 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն լուծում ենք կնքված պայմանագրերը, և գյուղական վայրերում, որտեղ մենք ունենք բնագիտամաթեմատիկական հոսքի առարկաների մասնագետների խիստ անհրաժեշտություն, նաև քաղաքում, որոշակի պայմաններից ելնելով՝ գործատուն իրավունք ունի նոր, որոշակի ժամկետով պայմանագիր ստորագրելու համապատասխան մասնագետի հետ, բացակայության պայմաններում իհարկե, նրա հետ պայմանագիրը շարունակելու մինչև ուսումնական պարապմունքների ավարտը, որը տարբեր ուսումնական տարիների տարբեր է: Այս տարի ուսումնական տարվա ավարտը 5-օրյայի համար համարվում է մայիսի 27-ը, 6-օրյայի համար` մայիսի 30-ը:

Արևիկ Պետրոսյան – Այսինքն, սեպտեմբերի 1-ին ընդունած աշխատանքի մանկավարժները, որոնք արդեն 63 տարեկան են, Ձեզ ունեք համապատասխան ցուցակ կարծեմ:

Անահիտ Հակոբյան - Ոնց սեպտեմբերի մեկին, կներեք:

Արևիկ Պետրոսյան – Այն մանկավարժները, որոնք որ 63 տարեկան են սեպտեմբերի 1-ից,  մայիսի վերջին իրենք էլ չեն աշխատելու: Նոր ուսումնական տարում էլ չեն աշխատելու: 2021 թվականի սեպտեմբերին, հոկտեմբերին է լրացել կամ հունվարին, պարզ է, պիտի աշխատանքային պայմանագիրը լրանա: Այսինքն Դուք հստակեցնում եք, որ սեպտեմբերի 1-ին այդ նույն մարդիկ նորից չեն աշխատելու:

Անահիտ Հակոբյան – Իհարկե, այն փուլում էլ չեն նրանք համարվելու աշխատանքի, այսինքն, մայիսի վերջին ազատվելու են աշխատանքից, ում տարիքը լրացել է 63, այսինքն՝ թոշակային տարիքը: ՊՈԱԿ - ների տնօրենների մասով այլ է, 65 տարին լրանալուն հաջորդող օրը ազատվում է աշխատանքից:

Արևիկ Պետրոսյան – Բայց ինչքան ինձ տեղեկացրել են, մենք ունենք մասնագետներ, տնօրեններ, որոնք լրացել են 65 տարեկան, նույնիսկ 70 էլ ունենք, որոնք մնում են:

Անահիտ Հակոբյան – Հնարավոր է նման դեպքեր լինեն, մենք հիմա շտկում ենք մտցնում:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, երրորդ հարցին պատասխանում է նախարար Խանումյանը: Խնդրեմ, պարոն Խանումյան:

Հայկ Խանումյան – Տիկին Պետրոսյան, գնումների գործընթացը միայն տենդերով չի լինում: Կառավարության որոշում, նաև անհետաձգելի գնումներ են լինում: Օրինակ` այս պահին էլ շրջանառության մեջ ունենք էներգետիկ շինարարության մասին մի նախագիծ, որի որոշ բաղադրիչներ կանենք որպես անհետաձգելի գնում, ոչ թե տենդերով կանենք: Եթե Քռասնիի շինարարությանն է վերաբերում, ապա դրա որոշ բաղադրիչներ, կապված տարբեր ժամկետների և այլնի հետ, անհետաձգելի գնման պրոցեդուրայով են եղել: Դա կառավարության որոշումներով ընդունվում է, ու համապատասխան ֆինանսավորումը  իրականացվում է:

Արթուր Թովմասյան – Պետնախարար, ավելացնո՞ւմ եք:

Արևիկ Պետրոսյան – Ես արձագանքեմ: Պարոն Խանումյան, Դուք քաղաքագետ եք և այս դեպքում գիտեք, որ ԱՄՆ-ի Սահմանադրությունը ընդհանրապես հիմնված է սկզբունքների վրա, և կոռուպցիայի դեմ պայքարը հենց  պաշտոնների փոխարինելիության հիմքի վրա է: Դուք միևնույն մարդկանց թողնում եք նույն պատասխանատու գործին: Դա կոռուպցիոն ռիսկեր է: Եթե Դուք նոր մարդկանց մերժում եք և ասում եք, որ մենք չենք կազմակերպել, գտել եք, որ նպատակահարմար է թողնել հինը, որի հետ չեմ բացառում ինչ-որ գործարքներ, էլի սխալ մոտեցում է: 

Արթուր Թովմասյան – Տիկին Պետրոսյան, դա լուրջ մեղադրանք է:

Հայկ Խանումյան - Տիկին Պետրոսյան, չգիտեմ Դուք ինչ եք ասում, բայց այդ շինարարության մեջ առաջին անգամ ենք աշխատում բոլոր դերակատարների հետ: Վերջ: Առաջին անգամ նախարարությունը շինարարություն է անցկացնում, աշխատում ենք տեխհսկիչի հետ:

Արևիկ Պետրոսյան – Իսկ Դուք պատասխանել եք, որ դերակատարները ...

Արթուր Թովմասյան - Մի րոպե, արձագանքել եք, սպասեք էլի, կանոնակարգը խախտում եք: Թող պատասխանի:

Հայկ Խանումյան – Ճիշտն ասած չգիտեմ ո՞վ է, ի՞նչ է, բայց գրավոր ուղարկեք, մանրամասն նկարագրությամբ, Ձեզ գրավոր կպատասխանեն նախարարությունից, որովհետև այդ շինարարությունը նախարարությունը առաջին անգամ է անում: Թե տեխհսկիչն է առաջին անգամ, թե շինարարն է առաջին անգամ, և ոչ մեկի հետ նախկինում ոչ աշխատանք ենք ունեցել, ոչ պայմանագրեր: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Պարոն պետնախարար, բան ունե՞ք ավելացնելու: Շնորհակալություն: Հարցը հնչեցվել է, պատասխանն էլ: Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի Սեյրան Հայրապետյանը:

Մետաքսե Հակոբյան – Պարոն Բաբայան, առաջին հարցս Ձեզ է ուղղված: Արցախի Հանրապետության համար ի՞նչ վտանգներ եք տեսնում Հայաստան -Ադրբեջան բանակցությունների ընթացքից, այնուհետև հավանական պայմանագրի կնքման ժամանակ, և այդ վտանգները չեզոքացնող ի՞նչ գործընթացներ եք կատարել: Հաջորդ հարցս, անկեղծ ասած,  նախագահին էր ուղղված, բայց կխնդրեմ Դուք պատասխանեք: Երբ Ադրբեջանը հրապարակեց բանակցությունների վերաբերյալ հինգ կետերը, հայկական կողմը պատասխանեց, որ բոլոր կետերը ընդունելի են՝ ավելացնելով, որ հայկական կողմը ավելացրել է իր կետերը: Ինձ կոնկրետ հետաքրքրում է՝ արդյո՞ք մեր կողմը, նկատի ունեմ  Արցախի Հանրապետության իշխանություններին, կամ Դուք տեղյա՞կ եք ինչ կետերի մասին է խոսքը, քանզի այն առայսօր չի հանրայնացվել: Երրորդ հարցս պարոն Խանումյանին է ուղղված: Ուսումնասիրելով հյուրատների վճարացանկը՝ ենթադրենք երեք սենյականոց բնակարան, որտեղ ապրում է վեց անձ, հաշվարկով, եթե յուրաքանչյուրին տրվում է 3000 դրամ, ապա ամիսը պետությունը վճարում է մոտ 540000 այդ բնակարանի համար, որից հարկերը, կոմունալ ծախսերը ենթադրենք 100000 դուրս գանք, ես կոպիտ հաշվարկ եմ ասում, միջինացրել եմ, կստացվի 440000 դրամով մենք երեք սենյականոց բնակարանը վարձել ենք, այն դեպքում, երբ փաստորեն ամռանը ռազմական դրության ժամանակ «Սեփականության իրավունքի սահմանափակման մասին» օրենք ընդունվեց Ազգային ժողովում, և գումարած, ես նաև այսպես եմ հասկանում, որ փաստորեն այս գործընթացները նաև նպաստեցին, որ կոնկրետ Ստեփանակերտում բնակարանների գնի աճ գրանցվի, որովհետև այստեղ բավականին տվյալներ կան, որոնցից կարելի է դա ենթադրել: Պարոն Խանումյան, անկեղծ ասած, մենք ուզում էինք այցելել այս հասցեներով, բայց անհասկանալի էին, որովհետև կոնկրետ բնակարան է գործունեության հասցեն գրանցված, բայց գրված է, որ 111 անձ է այդտեղ ապրում: Եվ ասեմ Ձեզ, որ այս ցանկը ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ: Ամեն դեպքում հնչեցրած հարցիս պատասխանը կուզեի ստանալ:

Արթուր Թովմասյան – Առաջին երկու հարցին պատասխանում է արտգործնախարար պարոն Բաբայանը:

Դավիթ Բաբայան – Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն: Այս հարցերի մասին մենք բազմիցս, երևի ամեն օր պատասխանում ենք: Ուրեմն՝ մեզ համար անընդունելի է եղել, անընդունելի է և անընդունելի է լինելու ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ անկախ ամեն ինչից: Հիմա մենք պետք է հասկանանք, որ դիվանագիտությունը ունի իր կանոնները, և անհրաժեշտ է նաև աշխատանքային բերումով հետևել այդ կանոններին: Կան բանակցություններ, կան շփումներ, լինի դա Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության միջև, իրենց հարաբերությունները կարգավորելու: Այո, այդ հարաբերությունները, ընդհանրապես Հայաստան–Ադրբեջան  փոխհարաբերությունները սերտորեն կապված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, բնական է: Բայց, այնուամենայնիվ, սրանք տարբեր գործընթացներ են՝ չնայած մեկը մեկի հետ կապված է: Բայց, այս տեսակետից, եթե Հայաստանը ունի իր օրակարգը Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման, դրա այս օրակարգը նաև ինչ-որ տեղ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երեք երկրների նախագահները, և դուք տեսնում եք, որ գրեթե ամեն օր հայտարարություններ են անում, որ պետք է բարելավեք: Բայց սա մի գործընթաց է, անկախ ամեն ինչից՝ մեզ համար անընդունելի է լինելու, ես կարծում եմ՝ ցանկացած նորմալ հայի համար պարզապես անընդունելի է, մերժելի է Ադրբեջանի հետ Արցախը որևէ առնչություն ունենա որպես մեկ ընդհանուր պետություն, առավել ևս ինչ-որ ստորադասային կարգավիճակով: Սա բնական է չէ՞, ո՞նց կարող է այդ հարցը մեզ չանհանգստացնել կամ դրա մասին մենք չխոսենք: Կամ եղե՞լ է արդյոք մեկ անգամ մեկնաբանություն, որտեղ հնչել է Արցախից որևէ այլ տեսակետ: Կարծում եմ նաև Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը, որը նաև պաշտպանել են արտախորհրդարանական ուժերը, և այս ամենի մասին հրապարակային խոսելը դրա վառ ապացույցն է:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք:

Մետաքսե Հակոբյան -   Պարոն Բաբայան, ես գիտեմ ինչ ենք արել մենք, որոնք են մեր կարմիր գծերը: Ես կոնկրետ հարցնում եմ, թե որպես արտաքին գործերի նախարար շփում կա՞ Ձեր գործընկերոջ հետ, քննարկվո՞ւմ են այդ գործընթացները, ինչքանո՞վ Արցախը ունի դերակատարություն այս ամենի մեջ: Եթե ոչ, օրինակ, պարոն Թովմասյան, Դուք էիք հանդիպել Ձեր գործընկերոջ հետ, արդյո՞ք Դուք նման հարցեր քննարկում եք, ի վերջո Արցախը կա՞ այս ամենի մեջ գոնե խորհրդատվային հարթակում, թե՞ մենք ուղղակի սպասողի դերում ենք: Ես դա եմ ուզում հասկանալ: 

Դավիթ Բաբայան – Տիկին Մետաքսե, ուրեմն խնդիրն ինչի մեջ է. եթե մենք ունենք մեր դիրքորոշումը և այդ դիրքորոշումը ամեն անգամ արտահայտում ենք, հիմա ինչ է այդ դիրքորոշումը պիտի արտահայտենք միայն հանդիպումների՞ ժամանակ: Բոլորն էլ քաջատեղյակ են մեր դիրքորոշումից, մեր դիրքորոշումը չի փոխվել: Հիմա ֆորմալ գնանք նստենք, ասենք մենք սա ենք ուզում: Բոլորն էլ գիտեն մենք ինչ ենք ուզում, բոլորն էլ գիտեն մեր կարմիր գծերը, և հնարավորինս պետք է հեռու լինենք նաև տարբեր տիպի սպեկուլյացիաներից, ժեխերից և այլն, և ղարաբաղյան բարբառում ավելի լավ խոսք կա՝ ժախռներից: Ես նրանց մասին չեմ խոսում, վերջերս էլ է մի երկու ժախռ խոսացել, դրան հետո կանդրադառնամ: Եվ ես մի հարց էլ ունեմ բոլորիդ. ուրեմն դուք չգիտեք հա՞ Դավիթ Բաբայանը ով է, ուրեմն որ մի ժախռ մի հատ բան է խոսում, նույնը նաև դիմում եմ Հայաստանի Հանրապետությունում ով ինձ ճանաչում է, ժողովուրդ ջան, էդ արժանի ենք հա՞ նման մոտեցման, որ մի ժախռ, ժախռը կապ չունի որտեղ է աճում, ժախռը և այստեղ է աճում և այնտեղ է աճում: Ուրեմն ժախռները խոսում են, կարող ենք դա հիմք ընդունել, որ ինչ-որ մեկը հարձակվի մեզ վրա, հա՞:

Արթուր Թովմասյան - Պարոն Բաբայան, Ձեր ժամանակը սպառվել է: Հիմա իմ մասով: Ուրեմն սահմանագծումը հստակ ...

Մետաքսե Հակոբյան-  Երկրորդ հարցն էլ կա:

Արթուր Թովմասյան – Պարոն Բաբայանը թող ջուր խմի, ես Ձեր հարցին պատասխանեմ: Արցախի խորհրդարանի դիրքորոշումը հետևյալն է, բոլոր հինգ խմբակցությունների ղեկավարների հետ զրուցել ենք, սահմանագծումը և սահմանազատումը չի վերաբերվելու Արցախին: Այ սա է մեր դիրքորոշումը, որ մեր գործընկերներին գծել ենք կարմիր գիծը: Ինձ լսում են նաև Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, մեր հայրենակիցները: Կարմիր գիծը սա է: 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունով կա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով հարց: Դա տրված չէ Հայաստանի Հանրապետության իշխանությանը, Ադրբեջանի Հանրապետության իշխանությանը: Ադրբեջանի նախագահը կարող է ասել, որ Արցախի հարցը լուծել է և ասում է, որ չկա Լեռնային Ղարաբաղի հարց:  Սա ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ Ադրբեջանի Հանրապետության  առաջնորդների իրավունքների մեջ է մտնում: Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին է տված: ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին հավանություն են տվել պաշտոնական Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը: Առայժմ ոչ Բաքուն է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, եթե ասում են Արցախի հարցը լուծել են, թող գրեն, որ մենք դուրս ենք գալիս Մինսկի խմբի ֆորմատից: Ժողովուրդ, Արցախի կարգավիճակի հարցը, երբ որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները մեզ առաջարկեն, մենք մեր ժողովրդի հետ այն քննարկելու ենք: Երկրորդ հարցին պատասխանում է պարոն Բաբայանը:

Դավիթ Բաբայան – Ուրեմն նորից եմ ուզում ասել. հինգ կետ կլինի, յոթ կետ կլինի, տասնյոթ կետ կլինի, մենք ունենք հիմա միայն մեկ կետ: Այդ կետն այն է, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, մենք շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն: Նորմալ պետք է զարգացնենք մեր երկիրը, իսկ մի օր կգա, իհարկե բոլոր հարցերը ավելի ուղղակի ձևաչափով կքննարկենք, բայց մինչ այդ պետք է համախմբված մոտեցում լինի, համախմբված միայն խոսքերով չէ, արժեքների համար: Եթե ինչ-որ մեկը, կրկնում եմ, մի լպիրշ հարվածում է արժեքներին, պետք է դուք էլ կանգնեք և ասեք՝ այս ի՞նչ եք անում, ոչ թե ... և այլն: Լավ, չխոսենք:

Արթուր Թովմասյան - Պարոն Բաբայան, կանգնած ենք Ձեր կողքին: Համարձակ պահել կարմիր գծերը:

Դավիթ Բաբայան – Անկախ ամեն ինչից պետք է իմանանք, որ սկզբունքները պահպանելու ենք՝ լինի դա արտաքին քաղաքական, լինի դա անձնական և, չգիտեմ, այս բարոյահոգեբանության ներքո:  Տես ինչ օրն ենք ընկել, ժեխերն են մեզ քննադատում, և ոչ մեկը չի խոսում:

Արթուր Թովմասյան - Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պատրաստ են աջակցել:

Դավիթ Բաբայան-  Էդ այսինքն ո՞վ պիտի մեզ քննադատի: Մի մարդ, որ ոչ մի ներդրում չունի այս երկրի համար, չգիտես ով կարող է խփել Արցախի արտգործնախարարին՝ Դավիթ Բաբայանին, և բոլորը լռած, դեռ ես պիտի պատասխան տամ, ինչ-որ բաներ բացատրեմ: Մի հատ նայեք ինչ եմ ասել, լսեք ինչ եմ ասել, նոր խոսեք:

 Մետաքսե Հակոբյան – Ես արձագանքեմ էլի: Անկեղծ ասած չեմ ուզում շատ նեղվի պարոն Բաբայանը: Պարոն Բաբայան, միասնականության արված հայտարարությանը Դուք շատ լավ գիտեք մեր դիրքորոշումը: Մենք կողմ ենք երկու ձեռքով ամեն կերպ, և դրանից նաև հպարտություն ենք ապրում, ու մենք միշտ էլ գնահատել ենք Ձեր գործունեությունը՝ որպես արտգործնախարար: Իսկ ինչ վերաբերվում է ժեխին կամ ժախռին, չգիտեմ, պետք է մենք այստեղ ֆիքսենք, և սրանով կլինեմ նաև պաշտպանած, որ դա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մասին է խոսքը, որոնք նաև այսօր իրավասու են որոշել Արցախի բախտն ու ճակատագիրը:   

Դավիթ Բաբայան- Արցախի բախտն ու ճակատագիրը որոշում է համայն հայությունը, առաջին հերթին Արցախը, և կրկնում եմ՝ ժախռը ամեն տեղ աճում է:

Մետաքսե Հակոբյան – Տա աստված, որ դա չլինի ուղղակի տեսություն, միանշանակ դա պետք է գործողություն լինի: Ամբողջ խնդիրը նրանում է, որ ես ուզում եմ իմանալ՝ կա՞ն գործողություններ, թե՝ ոչ: Իսկ մնացած հարցերում իմացեք, որ Ձեր կողքին ենք:

Արթուր Թովմասյան – Անկեղծ ասած առաջին անգամ եմ Բաբայանին ջղայնացած տեսնում:

Դավիթ Բաբայան – Քիչ մարդ է տեսել, բայց ես որ ջղայնանում եմ, վատ է լինում, իսկականից: Հարցը դա չէ: Անհոգ եղեք, տիկին Հակոբյան, այդ գիծը, որ կա, տանելու ենք մինչև վերջ, որովհետև իսկապես Արցախի ճակատագրից է կախված համայն հայության և միգուցե նաև ինչ-որ տեղ միջազգային հարաբերությունների հետագա ընթացքը:

Արթուր Թովմասյան – Եղավ, պարոն Բաբայան, դու նյարդերդ հանգիստ պահիր, հանգիստ ես մեզ պետք: Եվ վերջին հարցին պատասխանում է Հայկ Խանումյանը:

Հայկ Խանումյան – Տիկին Հակոբյան, այդ հարցի շուրջ իմ մոտեցումը հստակ է, և այդ հարցի կարգավորման հետ կապված այս տարվա սկզբին էլ փորձեցինք ծրագիրը հաստատելիս այդ տարբերակով գնանք, բայց տեխնիկական խնդիրներ ունենք: Ես կողմ եմ, որ տեղահանված բնակարանային խնդիր ունեցող յուրաքանչյուր մարդու տանք քսանից-երեսուն հազար դրամ,  մեր բյուջեն տեղահանվածների բնակվարձի փոխհատուցման և այլնի,  հերիքում է դրան, ասենք գնացեք, գտեք ձեր բնակարանը, հյուրանոցային համարը, հյուրատունը և այլն: Բայց քանի որ սահմանի վրա վերահսկողություն չունենք, հայաստանյան սերտ համակարգ չունենք, մտավախություն կա, որ այդ գումարների մեծ մասը վերցնելու են, տեղափոխվելու են Հայաստանի Հանրապետություն: Ինչ վերաբերվում է այդ հյուրանոցներին, հյուրատներին և այլնին, ապա դրա լիցենզիան մենք չենք տալիս: Գալիս է ընկերությունը հյուրատնային լիցենզիայով, որի հետ կնքում ենք պայմանագիր: Թե ոնց է կազմակերպվում, մեր լիազորությունների ներքո չէ այդ ամեն ինչը վերահսկել: Բայց որ նշում եք մեկ հասցեի տակ և այլն, դա իրավաբանական հասցե է: Այնտեղ ընկերություն կա, որը Ստեփանակերտում էլ է ծառայություն մատուցում, Մարտակերտում էլ: Հետևաբար պիտի հետևից գնալ և հատիկ-հատիկ նայել:   Եթե ուզեք գնաք, մեր նախարարության աշխատակիցները Ձեզ կուղեկցեն, որպեսզի ավելի հստակ լինի, և երևի տուրիզմի վարչության ժողովուրդը նմանապես, որպեսզի այդ հարցերը բացահայտվեն կամ պարզաբանվեն ավելի շուտ: Բայց գլխավոր վիճակագրությունը սա է: Գլխավոր թիվը ասեմ, որ ավելի կարևոր է կարծում եմ. 2021 թվականի հունվարի և 2022 թվականի փետրվար, մարտի գումարները հյուրանոցներին փոխանցված նույնն են, բայց շահառուների թիվը ավելացել է երեքուկես անգամ, այսինքն՝ այդքանով հյուրանոցային ծառայությունների գինը, սննդի գինը և այլն, իջել է: Սա է գլխավոր վիճակագրությունը այս հարցում:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Մետաքսե Հակոբյան – Պարոն Խանումյան, իհարկե, հարցերը շատ են, միևնույն է՝ չենք հասցնի, այստեղ նաև անհավասարություններ եմ տեսնում ես:

Հայկ Խանումյան – Ավարտեմ հետո: Բոլորը հյուրատներին են բան անում, բայց հյուրատները ավելի բարձրորակ ծառայություն են մատուցում, քան հյուրանոցները: Հյուրանոցը տալիս է մեկ սենյակ՝ սանհանգույցով, հյուրատունը տալիս է սանհանգույց, խոհանոց, լվացքի մեքենա, չգիտեմ, ընտանիքի համար նախատեսված ամեն ինչ: Դրա համար հյուրատներում սովորաբար ավելի բարձր են գները, քան հյուրանոցային սենյակում, որտեղ մի փոքր սենյակում չորս-հինգ մարդ է կենտրոնացած: Սա է ամբողջ  տարբերությունը: Այդ դեպքում նախընտրելի է հյուրատնային գործունեությունից ծառայություն առնեմ, որովհետև ընտանիքի համար ամեն ինչ ապահովում է, քան հյուրանոցը: Եվ ընդ որում՝ հյուրատների մեծ մասը նոր ներդրումներ են անում, սենյակներ են ավելացնում, գույք են առնում և այլն, ի տարբերություն հյուրանոցների: 

Մետաքսե Հակոբյան – Լավ, բայց ամեն դեպքում այս հարցը մնում է, չէ՞:  Բնակարանը գրանցված է որպես հյուրատուն: Շենքում բնակարանը գրանցված է որպես հյուրատուն:

Հայկ Խանումյան – Շենքում հանդիպած չկա այդպիսի բան:

Մետաքսե Հակոբյան – Շատ կան, և այստեղ գրած չէ իրավաբանական, գրած է գործունեության հասցեն: Կարծում եմ՝ ես ճիշտ եմ հասկանում:

Հայկ Խանումյան -  Դա պիտի ճշտել և գնալ տուրիզմի վարչություն, որը տալիս է այդ լիցենզիաները: Ճիշտ ասած մենք լիցենզիաներ չենք տրամադրում:

Մետաքսե Հակոբյան – Ես վերջացնեմ, որովհետև չստացա սպառիչ պատասխան: Ձեր գերատեսչությունն է ինձ տվել այս ցուցակները: Ես սրանից եմ խոսում: Ստացվում է այնպես, որ եթե մեկ սենյականոց բնակարանը այս տրամաբանությամբ անձը կարող է գրանցել և ստանալ դրա դիմաց պետությունից ամսական 270000 դրամ, որովհետև երեք հոգի է ապրում, կողքի բնակարանի տերը նայում է սրան, բնականաբար, ինքը իր մեկ սենյակը 150 հազարով է տալու, այսինքն՝ ստացվում է, որ գերատեսչությունը, որը պիտի համակարգի այս աշխատանքը, ինքը բարձրացնում է հենց Ստեփանակերտում բնակվարձերը: Մենք էլ ընկած մտածում ենք՝ լավ, ո՞նց բարձրացավ բնակարանային վարձը:   

Արթուր Թովմասյան  - Եղավ, տիկին Հակոբյան: Պարոն Խանումյան, կարող եք չարձագանքել, երկրորդ անգամ է ինքը պատասխանում:

Հայկ Խանումյան – Ոչինչ, արձագանքեմ, ավարտեմ: Մենք աշխատում ենք այդ տնտեսվարողների հետ: Այդ բնակարանը ինձ հանդիպած չկա, բայց պիտի հետևից գնալ, հասկանալ: Էլի եմ ասում, լիցենզիան մենք չենք տրամադրում, այդ բնակարանների պահը պարզենք, որովհետև սկզբունքորեն դրված է, որ բնակարանների հետ պայմանագրեր չկապենք: 

Արթուր Թովմասյան – Պարոն Խանումյան, զբաղեցրեք Ձեր տեղը: Այդպիսի հարցերը, ես սպասում եմ էլի, մեկ անգամ, երկու անգամ, ժամանակավոր հանձնաժողով ստեղծեք ամեն խմբակցությունից, գնացեք, ստուգեք: Եթե այդ փաստերը իրականությանը համապատասխանում են, դեմը առնենք: Չի կարելի դա: Հարցը տալիս եք, պատասխանում է: Մեր ժողովուրդը ... :  Ե՞րբ եք մի անգամ ժամանակավոր հանձնաժողով ինձ առաջարկել և ստեղծել: Երկրորդ տարին է մայիսի 21-ին լրանում: Եթե այսպիսի դեպքեր կան, ե՞ս ասեմ ժամանակավոր հանձնաժողով ստեղծեք: Դուք պիտի ասեք, ես որ ժամանակավոր հանձնաժողով չստեղծեմ, ասեք «ժողովուրդ, Ազգային ժողովի նախագահը ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծում»: Ե՞ս եմ ձեզ ասելու ինչ անեք: Դուք արդեն ինձանից պիտի փորձառու լինեք: Կարծում եմ՝ այսպիսի հարցերը պիտի ժամանակավոր հանձնաժովը ստուգի: Մենք կզրուցենք այդ մասին՝ համենայնդեպս խմբակցության ղեկավարները ինչպես են տեսնում:

 Պարոն Հայրապետյան, խնդրեմ, թող պատրաստվի Մարսել Պետրոսյանը: 

Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն: Քանի որ վերջին հարցի ժամանակ շատ խոսվեց բանջարաբոստանային կուլտուրաներից և դրանց խանգարող մոլախոտերից, բավարարվեմ մեկ հարցով գյուղատնտեսության նախարարին: Պարոն նախարար, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ կոնկրետ ի՞նչ քայլեր են իրականացվում: Խնդրում եմ իրազեկեք, քանի որ համայնքներ այցելելով անզեն աչքով երևում են նաև չմշակված շատ հողեր: Ցանկալի է, որ մշակվեն:

Արթուր Թովմասյան – Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը:

Նորայր Մուսայելյան – Շնորհակալություն հարցի համար: Ընդհանուր առմամբ՝ ինտենսիվ գյուղատնտեսության հետ կապված իրականացվող ծրագրերն են համարվում հենց ջերմոցային տնտեսությունները, հակակարկտային ցանցերի տեղադրման աշխատանքները, ժամանակակից տեխնոլոգիական միջոցների կիրառումը: Իսկ ինչ վերաբերում է այն տարածքներին, որ դեռ տարածքներ կան, որ չեն օգտագործվում, իհարկե, կա նաև նման խնդիր, բայց մեր կողմից շատ մեծ  ծավալներով նախատեսվում և իրականացվում են նոր տարածքների բարեկարգման, հողատեսքերի բարելավման աշխատանքներ, որոնք կներառվեն նոր ցանքաշրջանառության մեջ:  

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք:

Սեյրան Հայրապետյան – Ոչ: 

Արթուր Թովմասյան – Եղավ, դա ամենալավ արձագանքն է: Պարոն Պետրոսյան, խնդրեմ, թող պատրաստվի Արամ Հարությունյանը:

Մարսել Պետրոսյան – Հայտնի դեպքերից հետո մենք, փաստորեն, հիմնականում զբաղված ենք անվտանգային խնդիրներով, սոցիալական խնդիրներով և ինչ-որ տեղ մոռացության ենք մատնել մշակույթի ոլորտը: Բանն այն է, որ ավելի քան մեկ տարի առաջ՝ դեռևս նախորդ նախարարի օրոք, պետական թատրոնի ղեկավարությունը առաջարկություն էր ներկայացրել նախարարություն մի խումբ դերասանների կոչումներ շնորհելու մասին: Ըստ էության՝ առայսօր, չգիտեմ ինչ-ինչ պատճառներով, նույնիսկ ասենք թատրոնի օրն անգամ անտեսելով՝ ոչ դրական, ոչ բացասական պատասխան չի հնչել նախարարության կողմից, ավելին, որքան ես տեղյակ եմ, այդ առաջարկ-դիմումը մինչ օրս չի հայտնվել նաև ոչ նախկին, ոչ ներկա նախարարի սեղանին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Հակոբյանը:

Անահիտ Հակոբյան – Շնորհակալություն: Ճիշտն ասած ես նման ցուցակի մասին տեղյակ չեմ: Եթե առկա է եղել, ապա ինչո՞ւ 2021 թվականին ներկայացված ցուցակի համար թատերական այդ գործիչները պատասխանի համար չեն դիմել: Բայց ես կուսումնասիրեմ, տեսնեմ, եթե իրոք նման ցուցակ առկա է, այդ ուղղությամբ կաշխատենք, կներկայացնենք:

Արթուր Թովմասյան – Նախարարը նոր է, ես մի հատ խորհուրդ Ձեզ կտայի: Ընդհանրապես, չափորոշիչներին հետևեք: Կարող է երկար տարիներ աշխատել է, բայց նա վաստակավոր չի: Մենք 63 տարեկան ուսուցչուհի ունենք կամ ուսուցիչ, որ նրան պիտի խնդրենք, որ դպրոցում մնա: Ասում ենք 63 է, գնա տուն, 65 է, գնա տուն: Մի 40 տարեկան ծերեր ունենք, 63 տարեկան երիտասարդներ:

Մարսել Պետրոսյան – Գուցե թույլ տաք արձագանքել: 

Արթուր Թովմասյան – Հա, արձագանքո՞ւմ եք:

Մարսել Պետրոսյան – Եթե թույլ տաք:

Արթուր Թովմասյան – Հա, արձագանքեք:

Մարսել Պետրոսյան -  Բանն այն է, ես որ ասացի այդ դիմումը չի հայտնվել ոչ նախկին, ոչ ներկա նախարարի սեղանին: Դիմումը մնացել է ստորին օղակներում ինչ-ինչ պատճառներով: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ դերասանը կամ արվեստագետը արժանի է կոչման, թե արժանի չէ, դա ոչ ես եմ որոշում, ոչ էլ դուք, այլ գեղարվեստական խորհուրդը՝ ըստ չափորոշիչների:

Արթուր Թովմասյան – Այո, անձն է մեկ է որոշում, բայց լավ է որ չափորոշիչները պահենք: Արձագանքո՞ւմ եք:

Անահիտ Հակոբյան – Այո: Ես կխնդրեի այդ ներկայացված դիմումը ուղղել  անմիջապես ինձ, որպեսզի ուսումնասիրենք, հարցին տանք լուծում:

Արթուր Թովմասյան – Եղավ, շնորհակալություն: Պարոն Հարությունյան, խնդրեմ, թող պատրաստվի Արամ Գրիգորյանը:

Արամ Հարությունյան – Շնորհակալություն: Հարցերից մեկը պիտի պարոն Բաբայանին ուղղեի, բայց արդեն իսկ պատասխանը հնչեց: Ի դեպ, պարոն Բաբայանին երևի ամենաշատը ջղայնացած ես եմ տեսել, որովհետև բախտ է վիճակվել նրա ուսանողը լինել, մանավանդ ստուգարքների և քննությունների ժամանակ: Իսկ ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, կուզեի Նախիջևանիկի՝ Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի վերաբերյալ հարց բարձրացնել: Տեղեկացնեմ, որ դպրոցը սպասարկում է միանգամից մի քանի համայնք, և  շենքը վթարային է ճանաչվել: Դպրոցի շենքը, եթե չեմ սխալվում, 2019 թվականին ընդգրկված էր, նաև նոր դպրոց կառուցելու ծրագիր կար, բարեգործական միջոցներով պետք է կառուցվեր, հետո պետական միջոցներով,  նույնիսկ առկա է նոր դպրոցի նախագիծ, բայց այդպես էլ չենք կարողանում վերջնարդյունքը ապահովել: Ի՞նչ մոտեցում կա այս մասով:      

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար պարոն Սարգսյանը:

Արամ Սարգսյան – Շնորհակալություն հարցի համար: Նախիջևանիկ գյուղի դպրոցի նախագիծը արդեն ավարտված է, ուղարկված է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, կա պայմանավորվածություն, որ առաջիկայում իրենց միջոցներով կսկսվեն շինարարական աշխատանքները: Եթե ծրագիրը հիմնադրամի հետ չիրականանա, ապա պետական բյուջեով ընթացքավորվելու է  ընթացիկ տարում:

Արամ Հարությունյան – Շատ լավ, շնորհակալություն:  

Արթուր Թովմասյան – Պարոն Գրիգորյան, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Գալստյանը:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Ես ունեմ երեք հարց, հարցերս վերաբերվում են առողջապահական համակարգին: Ուրեմն առաջին հարցս կապված է Քովիդ-19-ի հետ: Հունվար և փետրվար ամիսներին «Հանրապետական» բժշկական կենտրոնում լրավճարները, կապված այդ հիվանդությամբ տառապող անձանց վարման բժիշկների հավելավճարի հետ, չեն ստացել: Կստանա՞ն, թե՝ ոչ: Հասկանալի է, որ մարտ ամսից արդեն նվազել է: Խոսքս վերաբերվում է հունվար, փետրվար ամիսներին: Երկրորդ հարցս կապված է կցագրման աշխատանքների հետ. ի՞նչ փուլում է գտնվում և ի՞նչ ապագայի է արժանանալու: Երրորդ հարցս կապված է 2021 թվականին քննարկված՝  2022 թվականի աշխատավարձերի բարձրացման հետ, բժիշկների 15 տոկոսին, որը այնուհետև վերադասակարգվեց հավելավճարի: Արդյո՞ք բոլորն են ստանում այդ հավելավճարները, թե ոչ և ի՞նչ կապ ունի կցագրման գործընթացի հետ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար պարոն Հայրիյանը:

Միքայել Հայրիյան – Շնորհակալություն հարցի համար: Առաջին հարցի վերաբերյալ ասեմ, որ հունվար, փետրվար ամիսների համար իրենք անպայման ստանալու են լրավճարները, և ոչ միայն «Հանրապետական» բժշկական կենտրոնը, այլ նաև տարբեր հիմնարկներ՝ և Ինֆեկցիոնը, և նաև Սանէպիդկայանը: Երկրորդ հարցը՝ կցագրման ընթացքը դեռ ընթացքի մեջ է, լրիվությամբ չենք կցագրել մեր բնակչությանը, բայց պետական հիմնարկներից երբ որ սկսենք, ինձ թվում է, որ ընթացքն ավելի շուտ կլինի: Բայց բոլոր այն անձինք, ովքեր դիմում են բժշկական հիմնարկ, միաժամանակ կցագրվում են, նոր անցնում են հիմնական փուլին, այսինքն՝ ի սկզբանե այն անձինք, ովքեր կցագրված չեն, միայն կցագրումից հետո են ստանում բժշկական օգնություն: Հավելավճարների վերաբերյալ. ուրեմն կախված, քանի որ փակ բաժնետիրական ընկերությունները և ՊՈԱԿ-ները մի փոքր տարբերվում են իրարից վարձատրման մեխանիզմներով, փակ բաժնետիրական ընկերությունները ստացել են, ՊՈԱԿ-ներինը գտնվում է մշակման փուլում, և մայիսին արդեն միանշանակ բոլորը կստանան այդ հավելավճարները: Դա բոլորին է վերաբերվում, չի կարող տարբերվել աշխատակիցների աշխատավարձերը:  

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք:

Արամ Գրիգորյան – Այո: Խոսքս վերաբերվում է նրան, որ կան արձագանքներ, որ ներկայումս կա բուժհիմնարկ, գուցե բուժհիմնարկներ, որտեղ բուժաշխատողները ընդհանրապես հավելավճար չեն ստանում՝ այս կամ այն հանգամանքներից ելնելով, ուստի հարցս երևի մի քիչ վերաձևակերպեմ. արդյո՞ք տեղին չի լինելու վերանայել այդ մեխանիզմը և ավելի հստակ գնալ աշխատավարձի բարձրացման:

Միքայել Հայրիյան – Ընդհանրապես մեխանիզմի մասին խոսք չկա, և այդ հավելավճարները ստանում են ոչ թե անձինք, այլ կոնկրետ հիմնարկներ: Այն հիմնարկները, որոնք թերակատարում են ստացել, դեռ իրենք չեն ստացել ընդամենը հավելավճարները: Մոտակա երկու շաբաթվա ընթացքում այդ հարցը լուծվելու է, այսինքն մեխանիզմը արդեն մշակված է:  

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Պարոն Գալստյան, խնդրեմ, թող պատրաստվի Գագիկ Բաղունցը:

Դավիթ Գալստյան – Շնորհակալություն: Ապրիլի վեցին կառավարությունը որոշում է ընդունել՝ ռազմական դրությունը վկայակոչելով, որտեղ բառ անգամ չկա  տեղական արտադրողի մասին, գրառում չկա հավի, թռչնամսի ներմուծումը արգելափակելու համար Արցախի Հանրապետություն: Իմ ուղղած գրությունը որպես պետնախարարի, որպես քաղպաշտպանության պետի պետնախարարին ուղղել էի, վերահասցեագրել է գյուղատնտեսության նախարարությանը, և գյուղնախարարությունից ստացված պատասխանում մի բառ անգամ չկա որոշման հիմքում ընկած ռազմական դրության մասին, այլ ընդհակառակը, վկայակոչվում է, որ տեղական արտադրողի համար պայմաններ են ստեղծում տեղում այդ ամեն ինչը վճարելու համար: Այս որոշումը, իմ կարծիքով, ընդունված է հապճեպ, չի ուսումնասիրված այն սննդամթերքը, որոնք տեղում են արտադրում: Եթե տեղական արտադրանք է, ասենք ապխտած հավը, Արցախում արտադրող չկա, դրա վրա էլ է արգելանք դրված: Եվ եթե տեղական արտադրողն է իրականում կառավարության որոշման հիմքում ընկած, ի՞նչ կապ ունի ռազմական դրությունը, և մնացած տեղական մեր արտադրողների կողքին ինչո՞ւ չի կանգնում մեր իշխանությունը:  Եթե սա անձնավորված չէ, ապա մենք ունենք գինի արտադրող, կոնյակ արտադրող, լոլիկ արտադրող, կանաչի արտադրող, կաթնամթերք արտադրող: Վերջիվերջո մենք ե՞րբ ենք վերջ տալու անհատների համար կառավարության որոշումներ կամ նմանատիպ այլ օրենքներ ընդունելուն: Երկրորդ հարցս ուղղված է նրան, որ կառավարությանը, պարոն Թովմասյան, Դուք էլ էիք ներկա, երբ որ մենք մեր «Կանոնակարգ» օրենքի համաձայն ցանկություն ենք հայտնել մասնակցել կառավարության նիստերին, ինչո՞ւ մեր թիկունքում կառավարության նիստեր են գումարվում, և մեզ չեն հրավիրում: Այս հարցը ե՞րբ է կանոնակարգվելու:  

Արթուր Թովմասյան – Եղավ: Այս երկրորդ հարցին պատասխանեմ: Ազգային ժողովի պատգամավորների համար այնտեղ տեղ է հատկացված, ովքեր ցանկանում են կամավոր: Բացի դրանից Ազգային ժողովի փոխնախագահը մասնակցում է կառավարության նիստերին, բայց դա չի նշանակում, որ պատգամավորները իրավունք չունեն կառավարության նիստերին մասնակցել: Այնտեղ տեղեր հատկացրեք, ասենք ամեն խմբակցությունից մեկ հոգի լինի, հո երեսուներեք հոգով չե՞նք գնալու կառավարության նիստ նայենք: Սա կառավարությունը պիտի շահագրգռված լինի: Համաձայն եմ:

Գագիկ Բաղունց – Պարոն Թովմասյան, ես անձամբ այդ հարցը ուղղել էի երկրի նախագահին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահի մասնակցության վերաբերյալ կառավարության նիստերին: Պատասխանն այն էր, որ վերջին գումարման վերաբերյալ նման որոշում չկա և այդ մասնակցությունը, եթե անցած գումարման ժամանակ պարոն Բալայանը մասնակից էր, ապա այս գումարման համար այս կարգը վերանայված է: Բայց կարծում եմ՝ դա անհրաժեշտ է վերականգնել: 

Արթուր Թովմասյան – Լավ, այդ հարցին լուծում կտանք: Առաջին հարցին պատասխանում է պարոն Մուսայելյանը:

Նորայր Մուսայելյան – Շնորհակալություն հարցի համար: Ընդհանուր առմամբ այդ նախագիծը կամայական չի ներկայացվել և հաշվի է առնվել զուտ թռչնաբուծության ոլորտում մի շարք ֆերմերների հետ կապված դիմումները՝ մի մասը բանավոր, մի մասը գրավոր, որը չեն կարողանում իրացնել ներքին շուկայում իրենց արտադրանքը՝ նույնիսկ ինչ-որ տեղ ներմուծված թռչնամսի և թռչնաբուծական մթերքների հետ կապված ավելի ցածր գներ տեղադրելով: Եվ մենք այդ որոշումը իրականացրեցինք, վերլուծությունների ենթարկեցինք ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունները և մեր մնացորդային ծավալները, որոնք չէին կարողանում իրացնել մեր ֆերմերները: Իսկ ինչ վերաբերվում է ռազմական դրության հետ կապված, զուտ գիտենք, որ տարբեր արտաքին գործոնների ազդեցության տակ տնտեսության քայքայման լծակներ են գործում, և մենք յուրաքանչյուր ոլորտում նման քաղաքականություն կիրականացնենք, որպեսզի արտաքին ներմուծման շնորհիվ մեր տեղական արտադրողների շահերը կարողանանք պաշտպանենք: Ինչ վերաբերվում է որ ընդհանուր նախագծում չկա նշված տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը, դա նախագծի հիմնավորման մեջ է նշած, որ տեղական արտադրողների շահերը պաշտպանում ենք: Զուտ ապխտած հավի հետ կապված՝ նշում եք, որ այստեղ արտադրողներ չկան, ապխտում չի իրականացվում: Ես տեղյակ եմ, որ մեր հանրապետությունում նաև իրականացվում է հավի ապխտում: 

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք:

Դավիթ Գալստյան – Իհարկե: Նախ՝ աբսուրդի ժանրից է ռազմական դրության ժամանակ ներմուծում արգելափակել, ռազմական դրություն եթե նշած է, դա արտահանում պետք է արգելափակվի, որ պարենային անվտանգություն ապահովվի: Եվ երկրորդ, եթե այսպես ասած, մի քանի ֆերմերներ կան, ապա շրջելով խանութներում մեկ ֆերմերի արտադրանք է: Երկրորդ ֆերմերը եթե կարող եք Դուք այս ամբիոնից վկայակոչել, թե ովքեր են բազմաթիվ ֆերմերներ կամ, չգիտեմ, թռչնամիս արտադրողներ, դա բացառվում է, դա երևի թե մանիպուլյատիվ շեղում է հանրությանը: Եվ երրորդ, ապխտած հավ ո՞ր ֆերմերն է արտադրում, պարոն Մուսայելյան: Ես որ հարցը տալիս եմ, ես պատասխանն էլ գիտեմ, ես գիտեմ, թե ում համար է այս որոշումն ընդունվել, բայց իմ հորդորը նա չի եղել: Եթե անում ենք, բոլորի համար անենք, եթե չէ, վերջ տանք անձերի համար  կառավարության որոշում կամ նմանատիպ օրենքներում փոփոխություններ կատարել:

Նորայր Մուսայելյան – Ապխտած հավ արտադրվում է «Լուսակերտ» թռչնաբուծարանում, և խոսքը ամսվա կտրվածքով շուրջ երկու հազար և ավելի քանակի  մասին է: Եվ պետական եկամուտների կոմիտեից երբ որ մենք հավաքագրել ենք ապխտած հավի մասին ինֆորմացիան՝ ներմուծման քանակը, նույն քանակի և մի քիչ էլ պակաս ներմուծում է իրականացվում, և դա կարող ենք մեր տեղական արտադրողների միջոցներով իրականացնել: Ինչ վերաբերվում է մեկ անձի հետ կապված, նշեցի, որ չորս տասնյակից ավել ունենք թռչնաբուծությամբ զբաղվող տնտեսություններ: Միգուցե ապրանքային նշանով չեն հանդես գալիս շուկայում, այլ իրացումը կատարվում է որպես տեղական հավի տակ, կամ հենց տեղական ձվի վաճառքը: Ամեն դեպքում ներմուծումը խոչընդոտում է այդ ֆերմերների մթերքների  իրացման հետ կապված հարցերը: Դրա համար հենց այդ որոշումը իրականացրեցինք:

Արթուր Թովմասյան – Եղավ, շնորհակալություն:

Դավիթ Գալստյան - Կուզենայի երկրորդ հարցիս պետնախարարը պատասխաներ:

Արտակ Բեգլարյան – Պարոն Գալստյան, չեմ կարող հիմա պատասխանել, քանի որ  կառավարության նիստերի կազմակերպչական հարցերում ես ընդգրկված չեմ լինում, բայց լրացուցիչ կքննարկենք, միգուցե կառավարչությունը զբաղվել է կամ այլ մարմիններ: Պարոն Թովմասյանի հետ էլ կքննարկենք, Ձեզ էլ տեղյակ կպահեմ:

Դավիթ Գալստյան – Ճիշտն ասած ես պարոն Թովմասյանի մոտ էի, երբ զանգել է ՁԵզ, խնդրել, ասել, որ հետագա կառավարության նիստերին մեր տեղը ապահովել: Դա քննարկվել է, բայց սառեցվել է: Խնդրում եմ գոնե այս անգամ քննարկումը նմանատիպ չանեք, ավելի առարկայական կանեք, և արդյունք ունենա ձեր քննարկումը:

Արտակ Բեգլարյան – Շատ լավ: Մի բան հավելեմ, որ հաշվի առնեք ամեն դեպքում: Կառավարության նիստերը, եթե նկատի ունեք վերջին հանդիպումները, որոնք նախագահը վարել է, իրականում դասական կառավարության նիստ չէ: Նկատի ունեմ, որ դա եղել է ավելի շատ կառավարության կազմի հետ հանդիպում, կարող ենք ասել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որտեղ քննարկվել են առկա մարտահրավերները, մոտավոր այն ձևաչափով, այն բովանդակությամբ, որը կատարվում է անվտանգության խորհրդի նիստերում, որոնց նաև դուք եք մասնակցում:

Դավիթ Գալստյան – Այսինքն կառավարության նիստ չի լինո՞ւմ:

Արտակ Բեգլարյան – Ոչ: Կառավարության նիստերի փոխարեն հեռավար կերպով որոշումներն են կայացվում, այսինքն այն ձևաչափով, որը Դուք նկատի ունեք կառավարության նիստ, այդ ձևաչափով շատ հազվադեպ է նիստ լինում:   

Արթուր Թովմասյան – Հաջորդ սահմանադրությունում կանենք, որ նիստերը հազվադեպ չլինեն: Հիմա կառավարությունը կարող է նիստ էլ չգումարի ըստ նոր սահմանադրության: Լավ, շարունակում ենք մեր աշխատանքը: Պարոն Բաղունց, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Բաղդասարյանը:

Գագիկ Բաղունց -  Տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ավելի քան ակտուալ է դառնում էլեկտրաէներգիայի սեփական   արտադրությունը, մասնավորապես, արևային էներգետիկան: «Պետական բյուջեի մասին» օրենքով 2022 թվականին նախատեսված է այդ ոլորտի զարգացմանը ուղղել մեկուկես միլիարդ դրամ: Կուզենայի իմանալ ի՞նչ աշխատանքներ են կատարվել ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում և ընդհանուր առմամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Եվ երկրորդ հարցս. IT ոլորտի կայացմանը և զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր են նախատեսված, մասնավորապես, տեխնոպարկի ստեղծման, օպտիկամանրաթելային ցանցի ընդարձակման և այլն, ինչը կոչված է ապահովել երկրի տեղեկատվական անվտանգությունը: Նույնպես ի՞նչ աշխատանքներ են կատարվել ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում: Շնորհակալություն: 

Արթուր Թովմասյան – Պարոն Խանումյան, խնդրեմ:

Հայկ Խանումյան – Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման մասին պետական ծրագիրը հաստատված է, կմեկնարկի այն ժամանակ, երբ որ դեֆիցիտի ֆինանսավորման միջոցներ գտնվեն: Ծրագիրը դեֆիցիտային բյուջեում է: Սա մեկ: Մայիսին կմեկնարկի արևային ջրատաքացուցիչների ծրագիրը  չգազաֆիկացված համայնքների համար, որտեղ պետությունը արևային ջրատաքացուցիչի համար հիսուն տոկոս գումար կտա և մյուս հիսուն տոկոսը հնարավորություն կտա բնակչից ներգրավել վարկային միջոց: Վարկային միջոցի հարցը փորձում ենք լուծել գործընկերների միջոցով, «ԱՐԻ» վարկային հիմնադրամի միջոցով, որոնք վարկային միջոց կտրամադրեն «Ֆիդես» կազմակերպությանը, «Ֆիդեսն» էլ իր հերթին՝ քաղաքացիներին: Երկրորդ հարցի հետ կապված կրթության նախարարը կպատասխանի: Ինչ վերաբերվում է օպտիկամանրաթելային ցանցի անցկացման և այլնի վերաբերյալ, այս պահին օպերատորի հետ բանակցություններ ենք անում, որ իրենց ներդրումային ծրագրով անենք, այնուամենայնիվ, շրջանների կարողությունների  ծրագրում այդ կետը կա, և վերջերս քաղպաշտպանության միջոցառումների ծրագրի շրջանակներում որոշակի աշխատանքներ կատարվել են որոշ գյուղերի ուղղությամբ: Բանակցում ենք օպերատորի հետ իր ներդրումային ծրագրի շրջանակներում կատարելու համար, որպեսզի հնարավորություն ունենանք այդ գումարները շրջանների կարողությունների ծրագրում ուրիշ տեղ  վերաբաշխել: Իսկ ինչ վերաբերվում է թվային մասնագիտությունների զարգացմանը, ապա այստեղ բավականին առաջընթաց ունենք: Մարտակերտում, Ասկերանում և Մարտունիում հարյուրավոր դպրոցականներ մասնակցել են կողմնորոշիչ դասընթացների, ընտրել են իրենց դուր եկած մասնագիտությունները: Առաջիկա օրերին կսկսվի այդ մասնագիտությունների և զուգահեռ անգլերենի ուսուցումը, որը կկատարվի տարբեր հիմնադրամների միջոցով, որը հնարավորություն կտա հետագայում իրենց հեռավար աշխատանք ունենալ տարբեր ընկերություններում, այսինքն՝ իրենց բնակավայրերից աշխատանք ունենալ տարբեր ընկերություններում:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն:

Արտակ Բեգլարյան - Կարող եմ հավելել, պարոն Բաղունց, կարճ պատասխանեմ, հետո արձագանքեք: Իրականում տեխնոպարկ չէ, տեխնոդպրոց է: Սկզբից ձևակերպումը սխալ էր տրվել:

Գագիկ Բաղունց - Բյուջեի նախագծում և ընդունված օրենքում տեխնոպարկ է նշված:

Արտակ Բեգլարյան - Ըստ էության տեխնոդպրոց է: Ինչու եմ ասում, որովհետև տեխնոպարկը բավականին մեծ, լուրջ ենթակառուցվածք է տեխնոլոգիական ընկերությունների համար՝ որպես ենթակառուցվածքային միավոր: Իսկ սա տեխնոդպրոց է, որը արդեն ծրագրային փոփոխություն է կրել, պետական աջակցությամբ և մասնավոր աջակցությամբ բարեգործական, որի առաջին փուլը արդեն մեկնարկել է, աշխատանքերը կատարվում են հիմա Հաղորտիում: Կարծում ենք մեկ-երկու ամսվա մեջ արդեն կմեկնարկի տեխնոդպրոցը առաջին փուլով: Նկատի ունեմ շինարարական աշխատանքները ավարտելուց հետո: Այլ տեխնոպարկերի ծրագրեր դեռևս չկան, բայց միանշանակորեն կարիքը կա, բայց պարոն Խանումյանն էլ ներկայացրեց, որ շրջաններում էլ որոշակի ենթակառուցվածքներ նաև ստեղծվում են:

Արթուր Թովմասյան – Եղավ, շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք:

Գագիկ Բաղունց – Նախ չեմ կիսում այն մոտեցումը, որ էներգետիկ կամ տեղեկատվական անվտանգության խնդիրները պետք է լուծել, այսպես ասեմ, երկրորդական ֆինանսավորումների հաշվին: Այդ ոլորտները կազմում են ընդհանրապես անվտանգության ոլորտի բաղադրիչ կարևոր մասեր,  և կարծում եմ՝ պետք է մոտեցումները մի քիչ այլ շեշտադրումներ ստանան:  Ինչ վերաբերվում է տեխնոպարկին կամ տեխնոկենտրոնին, կարծում եմ, որ ֆինանսավորման խնդիրը մասնակիորեն լուծված է, և այդ ուղղությամբ արդեն իսկ պետք է կատարվեին քայլեր, որոնք ուշանում են, և գնալով իմ տպավորությունն այն է, որ տեղափոխվելու է մյուս տարի:

Արտակ Բեգլարյան – Նկատի ունեմ, որ այցելեք Հաղորտի, կտեսնեք, որ արդեն ֆինանսավորումը կատարված է, ու իրենք աշխատում են, նկատի ունեմ շինարարական մասով աշխատում են: Որևէ ժամանակացույցից ուշացում չկա այս մասով:

Գագիկ Բաղունց - Տեխնոպարկը նախատեսված էր Մարտակերտում և Մարտունիում:

/Խոսակցություն դահլիճից, չի լսվում/

Արթուր Թովմասյան – Նկատողությունը տեղին է: Վերջ:

/ձայնագրությունն ընդհատվում է/:

Վահրամ Բաղդասարյան - ... արդեն ընթացքի մեջ է, ընթացքավորվել է: Տեղեկացնեմ, որ «Հայբիզնեսբանկ», «Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Յունիբանկ», «Կոնվերսբանկ»,  «Արարատբանկ» արդեն իսկ թողարկումները կատարվել են, մի մասը վաղն է կատարվելու: «Արցախբանկի» պորտֆելը, որ ամենամեծն է, ճշգրտման խնդիրներ կային, մայիսի սկզբին  արդեն այդ աջակցության շրջանակներում պարտատոմսերի թողարկումը տեղի է ունենալու, արդեն իսկ գործընթացը սկսվել է, մեկնարկել է:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք: 

Դավիթ Բաղդասարյան - Այո: Պարոն Բաղդասարյան, տեսեք, հիմնական  մտահոգությունը մեր քաղաքացիների կապված է հիմնականում սպառողական՝ ոսկու գրավով վարկերի փոխհատուցումների հետ, և շարժական գույք կորցրած անձանց մոտ է շատ մտահոգություն, որովհետև գումարները այդքան մեծ չեն, այսինքն՝ մինչև երկու միլիոն ավտոմեքենա կորցրած անձինք սպասում են այդ փոխհատուցմանը: Եվ կցանկանայի, որ Դուք Արցախի Հանրապետության հանրային հեռուստատեսության, հանրային ռադիոյի, «Ազատ Արցախ» թերթի և համացանցային տիրույթում մեկ-մեկ ինֆորմացիա տեղադրեք, որպեսզի մեր քաղաքացիները տեղեկացված լինեն՝ ինչ ընթացքում է, ինչքանն է կատարվել, դեռ ինչքանը պիտի կատարվի, և այլն, այսպիսի ինֆորմացիաներ:

Վահրամ Բաղդասարյան – Շատ բարի: Հաշվի կառնենք այդ առաջարկությունը, կտեղեկացնենք: Ինչ վերաբերվում է շարժական գույք կորցրածներին և ընդհանրապես ասենք ոչ բնակելի անշարժ գույք կորցրածներին, ապա այդ տիրույթում է դա: Նախկինում, տեղյակ եք, կադաստրի պետական կոմիտեի շրջանակներում ստեղծված հանձնաժողովն էր իրականացնում, այսօր ստեղծված է վնասների հարցերի կոմիտե, փոխանցվել է, արդեն այդ կոմիտեի տիրույթում է: Ըստ ներկայացված հայտերի հերթականության այդ գնահատումը կատարվում է, այս պահին էլ մենք ունենք ներկայացված հայտեր, արդեն կայացրած որոշումներով թե նախնական մինչև հինգ միլիոն դրամ դրամական այդ աջակցության տրամադրման, այս պահին էլ ունենք հայտեր դեռ չբավարարված, թե տարբերությունը հինգ միլիոնից ավելը մուրհակներով տրամադրման: Մուրհակների տրամադրումը մենք առաջնահերթության կարգով ենք անում, քանի որ այդ եթե ֆինանսական կանխիկ գումարների տրամադրման հերթականությունը ըստ ֆինանսական աղբյուրների տրամադրման առկայության է կատարվում, ապա մուրհակները արտահերթ ենք անում՝ հաշվի առնելով, որ այդ մարդիկ կարողանան գոնե եռամսյակային իրենց տոկոսավճարները ստանան:   

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան: Պարոն Մելքումյան, խնդրեմ, թող պատրաստվի Կարինե Աթայանը:

Դավիթ Մելքումյան – Շնորհակալություն: Հաշվի առնելով վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, որը շատ բացասական հետևանքներ թողեց կոնկրետ մեր տարածաշրջանի, մեր սահմանների վրա, մասնավորապես Փառուխի և Քարագլխի դեպքերից հետո, ևս մեկ անգամ անհրաժեշտություն առաջացավ վերանայել առհասարակ մեր ապրելակերպը և բոլոր այն ծրագրերը, որը որ նախատեսում էինք կամ պլանավորում էինք, բյուջեով ընդունել ենք 2022 թվականի համար: Եվ հենց այս դահլիճում բազմաթիվ ելույթներ ունեցանք, գնահատականներ տվեցինք, և հանրապետության նախագահի կողմից ընդունվեց որոշում վերանայել ծրագրեր, և առհասարակ, նորից եմ ուզում շեշտել, մեր ապրելակերպը: Հիմա շատ ուրախ եմ նաև, որ նախավերջինն եմ հարց տալիս: Լսելով բոլոր հարցուպատասխանները, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մենք դեռ շարունակում ենք ապրել նույն գծով: Եթե կա նման որոշում կամ եթե կան հստակ ծրագրեր, որոնք որ պետք է փոփոխության ենթարկվեն, ապա կխնդրեի դրանց մասին խոսենք: Եթե դա լինելու է, կարծում եմ այս հարցերի մեծ մասը որը մենք պլանավորում ենք կամ մենք ինքներս մեզ տրամադրում ենք, որ շարունակելու ենք այս գծով, մի քիչ, իմ կարծիքով, անընդունելի է: Եթե կան նման ծրագրեր, եթե կա արդեն այդ որոշումը, պետք է և անհրաժեշտ է այսօր խոսենք դրա մասին: Կխնդրեի այս հարցին պատասխանել, եթե կան ծրագրեր, եթե ռազմական գաղտնիք չի պարունակում, մի քիչ ավելի բաց տեքստով խոսենք: Շնորհակալություն:     

Արթուր Թովմասյան – Պարոն պետնախարար, երեք րոպեի սահմաններում պատասխանեք:

Արտակ Բեգլարյան – Պարոն Մելքումյան, շնորհակալություն: Երկու հիմնական անելիք ունենք: Այո, նախագահի կողմից հայտարարվել է և հանձնարարականներ տրվել են. առաջին հերթին փոխել ծրագրային առաջնահերթությունները՝ եղած ֆինանսական ռեսուրսներին համապատասխան, երկրորդ հերթին լայն առումով անվտանգային բնույթի  առաջնահերթություններին համապատասխան, ըստ կարիքի նոր ծրագրեր պլանավորել: Դրանք առնչվում են և նեղ առումով անվտանգությանը, այսինքն՝ պաշտպանական համակարգերին, մանրամասները կարող ենք փակ նիստերի ժամանակ քննարկել, և քաղաքացիական պաշտպանությանը, և նաև, ավելի լայն առումով, տնտեսությունը, հասարակությունը ավելի արդյունավետ կերպով պատրաստելուն հնարավոր մարտահրավերներին, ռիսկերին: Դա ներառում է նաև էներգետիկ համակարգի և մնացած բոլոր համակարգերի ինքնաբավության, անկախության մակարդակի բարձրացում և մի շարք այլ քայլեր, որոնց ուղղությամբ աշխատում ենք: Նույնը նաև որպես քաղաքացիական պաշտպանության պետ եմ ասում, քաղպաշտպանության մասով բավականին աշխատանքներ կան, մի մասը կատարվել է, մի մասը մշակում ենք և կարծում եմ՝ այս տարի շոշափելի, տեսանելի մեծ փոփոխություններ լինելու են, որոնց մի մասի մասին հրապարակային կխոսենք, մի մասը փակ կպահենք ամեն դեպքում: Մնացածը փակ նիստով պատրաստ եմ ներկայացնել: Եթե Դուք էլ ունեք այս առաջնահերթություններից բխող առաջարկներ, բնականաբար, մեծ սիրով պատրաստ ենք քննարկել և լուծումներ տալ համատեղ:   

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Դավիթ Գալստյան – Իհարկե: Ես ճի՞շտ եմ հասկացել,  որ ընդունված բյուջեն և բոլոր ծրագրերը մենք ոչ մի փոփոխության չենք ենթարկելու, հակառակը, չգիտեմ ինչի հաշվին ավելացնելու ենք գումարներ, որը որ պետք է ծառայի մեր անվտանգային բլոկը ապահովելու համար, քանզի նորից եմ ուզում նշել՝ այս բոլոր հարցերի պատասխանների ընթացքում կամ ներկայացված ծրագրերից որևիցե... : Իսկ ես տեղյակ եմ և ներկա եմ եղել, որ հանրապետության նախագահը կոնկրետ նշել է բազմաթիվ ծրագրեր, որոնք որ պետք է կրճատվեն, այսինքն՝ ճի՞շտ եմ հասկացել, որ շարունակում ենք ապրել նույն բյուջեով և հավելյալ գումարներ ենք գտնելու, որպեսզի իրականացնենք ...

Արտակ Բեգլարյան – Պարոն Մելքումյան, այս պահի դրությամբ՝ այո, այսինքն նախագահի կողմից հանձնարարականը այդպիսին էր՝ մեր քննարկումների արդյունքում բխած, առաջնահերթություններն ենք ուղղակի փոխում, ծրագրային առաջնահերթությունները, ժամկետները, բայց եթե կարիքը զգանք, բնականաբար չենք բացառում նաև բյուջեի փոփոխություն, եթե զգանք, որ գործող բյուջեով չենք կարողանում այդ առաջնահերթությունները ամբողջությամբ իրացնել:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Տիկին Աթայան, խնդրեմ, թող պատրաստվի Աշոտ Դանիելյանը:

Կարինե Աթայան – Առողջության առաջնային պահպանման ծրագիրը առողջապահության ոլորտի կարևորագույն ծրագրերից է և իրականացվում է պոլիկլինիկական ամբուլատոր հաստատություններում: Ինչպե՞ս է կազմակերպվում այսօր դիսպանսեր հսկողության տակ գտնվող խրոնիկ հիվանդների և նոր հայտնաբերված հիվանդների հսկողությունը, եթե, ըստ իմ տվյալների, այսօր պոլիկլինիկական հաստատություններում ընդունելությունը կազմակերպված է ըստ հերթականության, չի գործում ոչ տարածքային տեղամասային սկզբունքը, ոչ էլ կցագրման: Երկրորդ հարցը. ըստ նախագահի նախընտրական ծրագրի՝ կյանքի է կոչվել արհեստական բեղմնավորման ծրագիրը կամ հասարակության մեջ հայտնի որպես ЭКО ծրագիր: Ինձ հետաքրքիր են արդյունքները, ընթացքը, և ի՞նչ հեռանկար մենք ունենք այդ հարցի վերաբերյալ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար պարոն Հայրիյանը:

Միքայել Հայրիյան – Շնորհակալություն հարցի համար: Ինչ վերաբերվում է արտահիվանդանոցային ծառայությանը, կցագրումը կատարվում է հենց այդ նպատակով, որպեսզի մենք բոլոր քրոնիկական հիվանդներին և ավելի խիստ հսկենք, և ավելի ինֆորմացիան հստակ ունենանք: Հենց էլեկտրոնային կցագրումը դրան է վերաբերվում և այս պահին որևիցե ծրագիր, որը եղել է նախկինում, դեռ չի փոխվել: Մենք ընդամենը ավելացնում ենք եղածի այն բազայի վրա, ինչ որ ունեցել ենք, և նախկինում ունեցած որևիցե լավ ձեռքբերումից դեռ չենք հրաժարվել՝ ներդնելով նորը, այսինքն՝ այս պահին ինչ կատարվել է, կատարվում է: Ես չգիտեմ Դուք ինչի մասին եք խոսում, որ չի կատարվում:

Կարինե Աթայան – Խնդրում եմ ուսումնասիրեք, վերջին ժամանակահատվածում ազատ ընդունելություն է ըստ հերթագրման, ոչ թե ըստ կցագրման: Տեղամասային սկզբունքը արդեն չի գործում, ազատ ընդունելություն է հիվանդների, ըստ հերթականության :

Միքայել Հայրիյան – Տեղամասային սկզբունքը, այո, հիմա չի իրականացվում, որովհետև անձը ազատ է: Պարտադիր չէ, որ ինքը ապրում է Հեքիմյան փողոցում, ունենա Հայրիյան Միքայել բժշկին, ինքը կարող է 18-ից յուրաքանչյուրին: Դրա համար ըստ տարածքի չեն գալիս:

Կարինե Աթայան – Ոչ էլ կցագրման մեխանիզմը, հենց դրա մասին է խոսքը:

Միքայել Հայրիյան - Շնորհակալություն, անպայման կուսումնասիրենք:

Արթուր Թովմասյան – Եվ երկրորդ հարցը: 

Միքայել Հայրիյան - Այս պահին 2022 թվականին արհեստական բեղմնավորման 112 զույգ ունենք, որից 93-ը արդեն ուղարկվել են արհեստական բեղմնավորման, խոսքը 2021- 2022 թվականների մասին է: Միայն 2022 թվականին ունենք 10 հղիություն և արդեն ունենք 6, միգուցե նաև արդեն 7 ծննդաբերություն: 

Արթուր Թովմասյան- Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Պարոն Դանիելյան, խնդրեմ:

Աշոտ Դանիելյան – Հարցս  վառելիքի շուկայում կատարվող, այսինքն՝ մեր շուկայում բենզինի և դիզելային վառելիքի հետ է կապված: Վերջին ժամանակներս քաղաքացիների կողմից կան դժգոհություններ տարբեր տնտեսվարողների կողմից շուկայում իրականացվող խախտումների հետ կապված: Նախկինում   էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության կենտրոն» ՊՈԱԿ-ն էր զբաղվում, բայց այսօր այդ ՊՈԱԿ-ը չի գտնվում մեր վերահսկողության տակ: Իմ ունեցած տեղեկություններով էկոնոմիկայի նախարարությունն է Հայաստանի, այսինքն ենթարվում է, լիազոր մարմինը էկոնոմիկայի նախարարությունն է: Եթե գնի մասով ազդեցություն չենք կարողանում ունենալ, ընդհանուր շուկան է կարգավորում, բայց այն, որ լիտրերի մեջ չեն պահպանվում նորմերը՝ որակի հետ կապված, մի հատ հասկանանք էլի ինչ է, ով է հարցին պատասխանելու, հետո կարձագանքեմ:   

Արթուր Թովմասյան – Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյան – Դուք իրավացի եք, պարոն Դանիելյան: Նախկինում գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում գտնվող «Ստանդարտացման և չափագիտության կենտրոն» ՊՈԱԿ-ն էր իրականացնում: Հունվարի 1-ից ՊՈԱԿ-ը ըստ ենթակայության արդեն Հաայստանի Հանրապետության համապատասխան «Ստանդարտացման և չափագիտության» ՓԲ-ի «Արցախ» մասնաճյուղ է կոչվում: Իրենք շարունակում են իրենց աշխատանքները նույն ոլորտում, և հսկողության մասով կար այդ որակի տեսչությունը, որի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում այդ գործառույթները տեղափոխվել էր ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ: Ուղղակի այդ կազմավորման ընթացքում ստեղծվեց, տեղյակ եք, տեսչական մարմինների կոմիտե, և այդ կառույցը՝ չձևավորված մեր նախարարության կառույցը, տեղափոխվեց այդ տեսչական մարմինների կոմիտե: Ձևավորվելուց հետո իրենք շարունակելու են արդեն այդ որակի հետ կապված տեսչական ստուգումները:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Աշոտ Դանիելյան – Պարոն Բաղդասարյան, բացի որակից այստեղ նաև նորմաների քանակն է: Այս վերջին շրջանում գազալցակայանում, գազի խնդրի հետ կապված, բոլորը անցել էին բենզինով, և այդտեղ ավելի մեծ չափով են չարաշահումներ: Ոչ բոլոր տնտեսվարողների կողմից, բայց եղել են: Հիմա իմ առաջարկությունը. եթե հնարավորություն կա, պարոն նախարար, միջգերատեսչական, այսինքն՝ հանձնաժողով ստեղծվի, մշտադիտարկումներ կատարվի և վերահսկողությունը ավելի ուժեղ կատարվի, որ չխախտվեն այդ նորմերը՝ և՛ քանակի, և՛ որակի հետ կապված: Նույնը՝ գազի հետ կապված:

Վահրամ Բաղդասարյան – Չնայած էլի մեր ենթակայության տակ չէ, բայց էլի մեր իրավասության շրջանակներում կդիմենք «Ստանդարտացման և չափագիտության» «Արցախ» մասնաճյուղին, որպեսզի կարողանան հաշվետվություն ներկայացնեն այս ընթացքում իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ:

Արտակ Բեգլարյան – Պարոն Թովմասյան, կարելի՞ է կարճ արձագանքեմ: Պարոն Դանիելյան, ամեն դեպքում խնդիրը պարզ է, խնդրի լուծման մասով լրացուցիչ քննարկումներ անենք, իմ կարծիքով միջգերատեսչական հանձնաժողովը արդյունավետ չի լինելու, հասկանանք, թե ինչպես արդյունավետ մեխանիզմ կամ ստեղծենք  կամ բարելավենք: Կարծում եմ՝ առկա մեխանիզմը, ամեն դեպքում, ինչ որ չափով հարցը լուծում է: Միգուցե դա բարելավենք:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, կառավարություն: Սրանով ավարտում ենք հարցուպատասխանը կառավարության անդամների հետ: Ընդմիջում մինչև ժամը 16:00:  

 

Ընդմիջում: 

 

Գագիկ Բաղունց – Շարունակում ենք մեր աշխատանքները: Օրակարգային հաջորդ հարցն է  «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և  «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը: Խնդրեմ, տիկին Հակոբյան:

Անահիտ Հակոբյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի մայիսի 25-ի և «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 30-ի օրենքներում լրացում կատարելու մասին անհրաժեշտությունը բխում է անկախության ձեռքբերման պայքարի ճանապարհին հայրենիքի պաշտպանության, բնակչության անվտանգության, տարածքային ամբողջականության պաշտպանության գործում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի անգնահատելի դերակատարությունից, 2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմից հետո, երբ առավել կարևորվում է ռազմական կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, որի երաշխիքներից է նաև ռազմական ամբիոններ հիմնելը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ռազմական ամբիոնների մշակած՝ ժամանակի պահանջներին համահունչ կրթական ծրագրերը իրենց նպաստը կունենան պահեստազորի սպաների զինվորական հաշվառման, մասնագիտությունների պատրաստման ուղղությամբ: Առաջարկվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի հոդված 21-ը՝ «պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն և հետբուհական  մասնագիտական կրթության բնագավառում», 1-ին մասի 1-ին կետը՝   «բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում ԼՂՀ կառավարության իրավասությունն է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը ԼՂՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով», լրացնել 1.1 կետով՝ «պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ռազմական ամբիոնների ստեղծումը, վերակազմակերպումը, լուծարումը և կանոնադրությունների հաստատումը»:

 «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների մասին» օրենքի հոդված 17-ը՝ «պետական կազմակերպության գործադիր մարմնի լիազորությունները», 1-ին մասի՝ «պետական կազմակերպության գործադիր մարմինը», լրացնել «է» կետը՝ «սահմանում է պետական կազմակերպության  կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բացատրությամբ:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե հարցերի կան, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Հակոբյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ  Արամ Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

         Արամ Հարությունյան – Շնորհակալություն: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և  «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  նախագծերի փաթեթները մեր հանձնաժողովում քննարկվել են և միաձայն դրական եզրակացության են արժանացել: Խնդրում եմ կողմ քվեարկել:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է  մտքերի փոխանակությունԵթե կա ելույթի ցանկությունխնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 28 , դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Օրակարգով նախատեսված մեր հաջորդ հարցը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը: Խնդրեմ, տիկին Մուսայելյան:

         Արմինե Մուսայելյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է օրենքի կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, ինչպես նաև նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ դրոշմավորման պարտավորություն են կրում նաև դրոշմապիտակներով արդեն իսկ դրոշմավորված ապրանքները, այլ կերպ տարայավորող, փաթեթավորող արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Իհարկե, զուգահեռաբար հստակեցվում է, որ դա չի վերաբերում մանրածախ առևտրի ոլորտում ապրանքները փաթեթավորող այն սուբյեկտներին, ովքեր փաթեթավորումը իրականացնում են անմիջականորեն վաճառքի պահին կամ կշռող սարքերի միջոցով՝ առևտրային գործարքների ժամանակ: Հաջորդ փոփոխությամբ  հստակեցվում է գրավի առարկա հանդիսացող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմավորման պարտավորություն կրող կողմը, մասնավորապես՝  եթե  գրավի առարկա է, մինչև սեփականության իրավունքի փոփոխումը կրում է դրոշմավորման պարտավորությունը գրավատուն, իսկ սեփականության իրավունքի փոփոխությունից հետո այդ պարտավորությունը կրում է գրավառուն: Հստակեցվում է նաև պատվիրատուների պատվերով այլ անձանց կողմից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրելու դեպքում դրոշմավորման պարտավորություն կրող կողմը: Այս դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրելու են պատվիրատուները, եթե իհարկե  պատվիրատուն չի հանդիսանում ոչ ռեզիդենտ կազմակերպություն: Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է մինչև 2 գրամ զտաքաշ կամ մինչև 2 միլիլիտր ծավալ ունեցող օծանելիքը, կոսմետիկ միջոցները, մինչև 100 գրամ փաթեթավորված պանրի տեսակները, կաթնաշոռը համարել դրոշմավորման ոչ ենթակա, ինչպես նաև ընտանի թռչունների պաղեցված կամ սառեցված մսի դրոշմավորումը կատարել անմիջականորեն արկղերի համար, ոչ թե ըստ կիլոգրամների, ինչը էականորեն կհեշտացնի դրոշմավորման գործընթացը: Օրենքի նախագծով սահմանվում է նաև «խոտանված դրոշմապիտակ» հասկացությունը, որի դեպքում հարկային պարտավորություններ սուբյեկտին չեն  առաջադրվի: Շնորհակալություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Մուսայելյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

         Արթուր Հարությունյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և հանձնաժողովի անդամների միաձայն կողմ, դրական եզրակացությամբ ներկայացվել է նիստին: Առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք:

Գագիկ Բաղունց Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Պարոն Հարությունյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:

         Կանոնակարգ օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա:

         Այժմ քվեարկության է դրվում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Օրակարգով նախատեսված հաջորդ հարցը «Հանրային հատվածի կազմակերպությունների  հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»   օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ նորայր Ավանեսյանը: Խնդրեմ, պարոն Ավանեսյան:

Նորայր Ավանեսյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»   օրենքի նախագիծը: Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. նախ առաջարկվում է ոլորտում լիազոր մարմնի՝ ի դեմս ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, մի շարք իրավական ակտերի ընդունման իրավասությունները սահմանել օրենքով, որոնք ներկայումս սահմանված են ենթաօրենսդրական իրավական ակտերով, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության  ֆինանսների նախարարի  հրամաններով:

Այդ իրավասությունները ներառում են  հողամասերի և շենքերի վերագնահատման անցկացման ժամկետների և մեթոդաբանության,  նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքի, նոր հիմնական միջոցների և սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատի­վա­յին օգտակար ծառայության ժամկետների, կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգի հաստատումը:

Նախագծով նախատեսվում է հստակեցնել ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պարտականությունը՝ իրականացնելու մշտադիտարկում հանրային հատվածի  կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ և անհրաժեշտության դեպքում տրամադրելու մեթոդական ցուցումներ:

Նախատեսվում է նաև փոփոխել վերահսկող կազմակերպությունների կողմից համախմբված ֆինանսական հաշվետվությունների և Արցախի Հանրապետության՝ որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամկետները, մասնավորապես, օրենքի 24-րդ հոդվածի փոփոխված 2-րդ կետով առաջարկվում է սահմանել, որ վերահսկող կազմակերպությունը առաջին համախմբված  ֆինանսական հաշվետվությունը պատրաստում է 2023 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար, իսկ նույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետը 2020 թվականի փոխարեն սահմանել 2024 թվականով: Խոսքը վերաբերում է լիազոր մարմնի կողմից առաջին  ֆինանսական հաշվետվության պատրաստմանը:

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայումս իրականացվում են  հանրային հատվածի առանձին կազմակերպությունների  ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման աշխատանքներ՝ այդ  հաշվետվությունների որակի բարձրացման նպատակով, ինչը կապահովի սահմանված ժամկետներում համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման բավարար մակարդակը: Միաժամանակ նախատեսվում է օրենքում կատարել որոշ խմբագրական  փոփոխություններ: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն:  Հարգելի պատգամավորներ, եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Պարոն Ավանեսյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

         Արթուր Հարությունյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և միաձայն կողմ, դրական եզրակացությամբ ներկայացվել է նիստին: Առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Պարոն Հարությունյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:

         «Կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա:

         Այժմ քվեարկության է դրվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Օրակարգի հաջորդ հարցը «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Խնդրեմ, պարոն Ավանեսյան:

Նորայր Ավանեսյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցանկից առաջարկվում է հանել այն դիմորդներին, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեն մինչև 50000 դրամի չափով հարկային պարտավորություններ,

2. խստացվում են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվելու այն դեպքերը, երբ մասնակիցը  խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և երբ որպես ընտրված մասնակից նա հրաժարվել է պայմանագիր կնքելուց: Գործող տարբերակում երկու դեպքում թույլատրվում է մեկ խախտում,

3. 17-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն «եթե ձեռք են բերվում միատեսակ հատկանիշներ ունեցող հիմնական սպառման ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց գինը չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը, գնումը կարող է կատարվել պարզեցված ընթացակարգով»: Առաջարկվում է սահմանաչափը բարձրացնել մինչև քսանապատիկը,

4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից առաջարկվում է հանել «ընդ որում, գնային առաջարկի հաշվարկում առանձնացված ձևով ներկայացվում են մասնակցի կողմից հաշվարկված և վճարման ենթակա անուղղակի հարկերը» նախադասությունը:

Այս փոփոխությունը ներկայացված փոփոխություններից բովանդակային առումով ամենաէականն է: Խոսքը վերաբերվում է գնային առաջարկին: Համաձայն գործող իրավակարգավորումների, եթե գնումների մասնակիցը տվյալ գործարքի գծով ԱՀ պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա ներկայացվող գնային առաջարկում առանձնացված տողով ներկայացվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Ընդ որում՝ մասնակիցների գնային առաջարկների գնահատումը, համաձայն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետի, և համեմատումն իրականացվում է առանց ավելացված արժեքի հարկի: Այս մեթոդաբանությունը առաջ է բերում մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հարկ վճարողը միաժամանակ կարող է ունենալ և ԱԱՀ-ով հարկվող և առևտրի հարկով հարկվող գործունեություններ, ավելին, առևտրական գործունեության մի մասի համար կարող է հարկվել առևտրի հարկով, մյուս մասի համար՝ ԱԱՀ-ով, ինչի հետևանքով դժվար է տարբերակել կոնկրետ ապրանքատեսակի մասով վերջինիս ԱԱՀ վճարող համարվելը, հաշվի առնելով նաև, որ տվյալ ապրանքատեսակը կարող է առաջին անգամ իրացվել հարկ վճարողի կողմից կամ հարկ վճարողը առաջին անգամ մասնակցի գնումների գործընթացին, հետևաբար հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա չեն լինի տվյալները: Բացի այդ, քանի որ օրենսդրությամբ չի նախատեսվում պատասխանատվություն հետագայում ապրանքը հարկային հաշվով չմատակարարելու մասով, հնարավոր է, որ ապրանքը մատակարարվի նաև հաշվարկային փաստաթղթերով՝ առանց բյուջե ԱԱՀ վճարման: Առևտրի հարկ վճարողները, հաշվի առնելով որ իրավունք ունեն մատակարարներից հարկային հաշիվներով ձեռք բերված ապրանքի մասով դուրս գրել հարկային հաշիվներ, գործնականում գնումների ժամանակ ԱԱՀ-ի վերաբերյալ նշում է կատարվում, չնայած գործող օրենքով նշված ԱԱՀ-ի գումարը նրանց կողմից չի վճարվում պետական բյուջե: Հաշվի առնելով այս ամենը՝  առաջարկվում է կատարել վերը նշված փոփոխությունը, ինչպես նաև օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի «հանձնաժողովի կողմից 1-ին, 2-րդ, 3-րդ և այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին որոշելիս գնային առաջարկների համեմատումն իրականացվում է՝ ներառյալ Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք անուղղակի հարկերի գումարների հաշվարկը:»

5.  Օրենքի նույն հոդվածի 2-րդ կետում առաջին տեղը զբաղեցրած մասնակցի որոշման սկզբունքներում առաջարկվում է ավելացնել նաև տեղական արտադրող համարվելու հանգամանքը՝ նրան տալով նախապատվության իրավունք: Առաջարկվում է տեղական արտադրողի հիմնական չափորոշիչները և նախապատվություն տալու պայմանները սահմանելու իրավունքը վերապահել Արցախի Հանրապետության կառավարությանը: Օրենքում նախատեսվում է կատարել նաև որոշ խմբագրական բնույթի փոփոխություններ:

         Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից կատարված առաջարկությունների ուսումնասիրման և քննարկման արդյունքներով կատարված փոփոխություններով հանդերձ նախագծի վերջնական տարբերակը ներկայացվում է ձեր քննարկմանը: Շնորհակալություն: 

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Պարոն Ավանեսյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

Արթուր Հարությունյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Ինչպես պարոն Ավանեսյանը մանրամասն ներկայացրեց, սա շատ կարևոր և էական փոփոխություններ են՝ հետագայում գնումների ընթացքում մրցակցային պայմանների ապահովման ավելի արդյունավետ իրականացման: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, և դրական եզրակացությամբ ներկայացվել է նիստին: Առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք:

Գագիկ Բաղունց – Կա՞ն հարցեր գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Պարոն Հարությունյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:     

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է  մտքերի փոխանակություն: Չկա: Եթե կա եզրափակիչ ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել: Չկա:

         Այժմ քվեարկության է դրվում «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»   օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հաջորդ հարցը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Խնդրեմ, պարոն Միրզոյան:

Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող լրացումը վերաբերում է 8-րդ հոդվածին, որտեղ մոտ 17 կետով նախատեսված են այն միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, որոնք հանրապետության նախագահի կողմից կարող են ռազմական դրության իրավական ռեժիմի ամբողջ ժամանակահատվածում կիրառվել: Առաջարկել ենք ավելացնել նոր կետ՝ «ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող կատարողական վարույթի առանձնահատկությունների սահմանում» և դրան զուգահեռ առաջարկում ենք «Հարկադիր կատարման մասին» օրենքում   լրացում կատարել, արդեն նոր հոդված՝ 42.1՝ «կատարողական վարույթի առանձնահատկությունները ռազմական դրության պայմաններում». «Ռազմական դրության պայմաններում կատարողական վարույթի հետ կապված գործողությունները իրականացվում են Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով սահմանված առանձնահատկությունների շրջանակներում և ծավալով:»: Այս փոփոխությունների անհրաժեշտությունը առաջացել է վերջերս կառավարության կողմից  իրականացվող մի շարք ծրագրերի գործարկման ընթացքում, որի արդյունքում հարկադիր կատարման ծառայության վարույթում գտնվող մի շարք գործեր բանկերի, վարկային կազմակերպությունների, հիմնադրամների կողմից կամավոր կատարողական վարույթները, կատարողական թերթերը հետ պահանջելու արդյունքում կարճվել են, իսկ որոշ բանկերի դեպքում մենք այդպիսի նախաձեռնություն չենք ունեցել, և  ստեղծվել են անհավասար պայմաններ: Այս փոփոխությամբ մենք հնարավորություն ենք ունենալու սոցիալական որոշակի հավասարություն ստեղծել բոլոր այն գործերում, որոնք գտնվում են հարկադիր կատարման փուլում, իսկ նախագահի հրամանագրով արդեն այդ միջոցառումները սահմանելու հետ կապված կարող եմ նշել, որ դրանք հիմնականում լինելու են կատարողական վարույթները հետաձգելու կամ կասեցնելու տեսքով: Այսքանը, շնորհակալություն:

 Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Պարոն Միրզոյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:

  Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Սևակ Աղաջանյանը:

         Սևակ Աղաջանյան – Հարգելի պատգամավորներ,  «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հանձաժողովը տվել է դրական եզրակացություն, ուստի առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք: 

Գագիկ Բաղունց - Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Պարոն Աղաջանյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է  մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա:

Այժմ քվեարկության է դրվում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Շարունակում ենք մեր աշխատանքները: Այսօրվա նիստի օրակարգով նախատեսված է «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է  ներկայացնելու Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Ալբերտ Կոտանյանը: Խնդրեմ, պարոն Կոտանյան:

Ալբերտ Կոտանյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ ենք ներկայացնում «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատերազմի հետևանքով վնասվել և մասամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հանրապետության մի շարք ենթակառուցվածքներ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերանայել ջրամատակարարման որոշ ծրագրեր և ցանցեր: Արցախում ներկա պահին կառուցվում են տասնյակ ջրամատակարարման համակարգեր, որոնցից ամենախոշորը Բադարայի ջրամբարից սնվող ջրատարն է: Բադարայի ջրամբարի շահագործմամբ, որի տարողությունը կկազմի շուրջ վեց միլիոն խորանարդ մետր, հնարավոր կլինի ոռոգման տակ ներառելու ավելի քան 2500 հեկտար: Մայր ջրագծի և ջրընդունիչ համակարգի կառուցմամբ մեկընդմիշտ կլուծվի ոչ միայն Ստեփանակերտ քաղաքի, այլև Ասկերանի շրջանի մի շարք համայնքների ջրամատակարարման խնդիրը: Այնուհետև ևս երեք տարի կշարունակվի ջրամբարի շինարարության, ինչպես նաև մայր ջրագծից առանձնացված ճյուղային գծերի կառուցման  աշխատանքները: Վերակառուցվում է և առաջիկայում շահագործման կհանձնվի Հիլիսի ջրամբարը, որը նախատեսված է շուրջ երեք հարյուր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ոռոգման համար: Արցախի Հանրապետության ջրային կոմիտեին՝ որպես ջրային համակարգի կառավարման ոլորտում Արցախի հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի, օրենսդրությամբ սահմանված գործառույթները պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան հաշվետվություններ և տեղեկություններ ջրային համակարգերի կառավարման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից: Նախագծով նախատեսված փոփոխությունները և լրացումը ջրային կոմիտեին հնարավորություն կտա իրականացնել ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպումը, ջրային համակարգերի կառավարումը, դրանց անվտանգության ապահովումը և պահպանությունը, ինչպես նաև ավարտին հասցնել Արցախի Հանրապետության տարածքում իրականացվող ջրային համակարգերի կառուցման, վերակառուցման, նորոգման աշխատանքները: Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ի հայտ բերելու ջրային համակարգերի կառավարման ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրները վերացնելու համար, ինչպես նաև երկարաձգել օրենսգրքի անցումային դրույթներով սահմանված՝ ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ժամկետը: Շնորհակալություն: 

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Կոտանյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը: Խնդրեմ, պարոն Կասյան:

Վլադիմիր Կասյան – Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել լիագումար նիստի քննարկմանը:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Կասյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է  մտքերի փոխանակություն:  Եթե կա ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել:

Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:

Այժմ քվեարկության է դրվում «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

         Օրակարգային հաջորդ հարցն է «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Գուրգեն Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

         Գուրգեն Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, առաջին հերթին ողջունում եմ և խնդրում եմ եթերը անջատենք: Ձեզ եմ ներկայացնում «Սահմանապահ զորքերի մասին» նախագծի ընդունման  վերաբերյալ հիմնավորումը: «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության գործունեության հիմնական ուղղություններից մեկը  պետական սահմանի պահպանությունն է: Նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն Արցախի  Հանրապետության պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ զորքերը՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան: «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կսահմանվի Արցախի Հանրապետության  «սահմանապահ զորքեր» հասկացությունը, կամրագրվի նրանց գործունեության իրավական հիմքը, սկզբունքներն, իրավունքներն ու պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքի անդամների իրավական և սոցիալական պաշտպանությունը, սահմանապահ զորքերի ֆինանսական և նյութատեխնիկական  ապահովումը: Պետական սահմանի պահպանությունը հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է և ընդգրկում է քաղաքական, իրավական, տնտեսական, ռազմական, օպերատիվ կազմակերպչական, տեխնիկական, ռեժիմային, բնապահպանական, մշակութային և այլ միջոցառումներ: Շնորհակալություն:    

         Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Խնդրեմ, պարոն Հայրապետյան :

         Սեյրան Հայրապետյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, «Սահմանապահ զորքերի մասին»  օրենքի նախագիծը քննարկվել է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի չորս անդամներն էլ տվել են դրական գնահատական: Խնդրում ենք այն ընդունել առաջին ընթերցմամբ:

Գագիկ Բաղունց - Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Կանոնակարգ օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել: Չկա: Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք,  խնդրեմ: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում «Պետական սահմանի մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 28, դեմ՝ չկա,  ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Օրակարգով նախատեսված հաջորդ հարցը «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Գուրգեն Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

         Գուրգեն Հարությունյան – Հաջորդ՝  «Պետական սահմանի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ. այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետության պետական սահմանի վերաբերյալ որևէ օրենսդրական կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական փաստաթուղթ չի ընդունվել: «Պետական սահմանի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կտրվի Արցախի Հանրապետության պետական սահմանի բնորոշումը և դրա պահպանությունը, կսահմանվեն պետական սահմանի, պետական սահմանում սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի էությունը, կարտացոլեն պետական սահմանում իրավահարաբերությունների կարգավորման սկզբունքները, պետական սահմանի տեղորոշումը, փոփոխումը և գծանշումը, պետական սահմանի խնամքը, նրա հատման կանոնները, սահմանային վերահսկողությունը, սահմանային շերտ մուտք գործելը, պետական սահմանում տնտեսական և այլ գործունեություն իրականացնելու կարգը և այլն: «Պետական սահմանի մասին» օրենքը կարտահայտի ներկա իրողությունները, Արցախի Հանրապետության տարածքի անսակարկելիությունը, հանրության հավաքական կամքն առ այն, որ տարածքի հանդեպ հակառակորդի հավակնություններին, որ  միշտ եղել է, արժանի հակահարված կտրվի, ինչպես նաև կնպաստի հակամարտության մեջ ներքաշված արցախյան կողմի դիրքերի ամրապնդմանը բանակցային և միջազգային ճանաչման հասնելու գործընթացում: Օրենքի նախագծի ընդունման դեպքում Արցախի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում հանդես կգա իր «Պետական սահմանի մասին»  օրենսդրությամբ, որից հետո սահմանակից պետությունների հետ փոխհարաբերություններում հնարավոր կլինի լուծել սահմանային հարցերն ու միջադեպերը: Կկարգավորվեն Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների լիազորությունները պետական սահմանի պահպանության ոլորտում, նույն ոլորտում նաև հակաօդային պաշտպանության զորքերի լիազորությունները պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքացիների և կազմակերպությունների մասնակցությունը պետական սահմանի պահպանությանը և նրանց պարտականություններին: Շնորհակալություն:      

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Գրանցվել են երկու պատգամավորներ՝ Դավիթ Գալստյան և Արթուր Մոսիյան: Խնդրեմ, պարոն Գալստյան:

Դավիթ Գալստյան – Շնորհակալություն: Պարոն Հարությունյան, կա մի հատ մտավախություն: Եթե այսօր շփման գիծը, որը մեր պետական սահմանը չէ, այդ շփման գծով ծառայություն իրականացնել որևէ քարտեզում, քարտեզագրում լինելո՞ւ է, թեկուզ  մեր ներքին օգտագործման  փաստաթուղթ, որը, ինչպես տեսնում ենք, մեկ-մեկ նմանատիպ ռադիոկայաններ, լրատվամիջոցներ կան, որ թյուրիմացության անվան տակ նմանատիպ արտահոսք գնա, որովհետև մեր «Օկուպացված տարածքների մասին» օրենքը և այս շփման գիծը այսօր եթե սահման ընդունենք, սա շատ լուրջ հակասություններ է դառնալու էլի:

Գուրգեն Հարությունյան – Հասկանալի է: Ուրեմն «Պետական սահմանի մասին» օրենքը ընդունում է  Արցախի Հանրապետության սահմանները, այսինքն՝ նույն սահմաններով նախկին,  և դրանք կոչվելու են օկուպացված տարածքներ: Իսկ այս նոր սահմանը  ինչ-որ նորմատիվ ակտ ընդունելու դեպքում նշվելու է մեջը, այսինքն ելնելով իրավիճակից և հանգամանքներից՝ ներկայումս մենք սահմանագիծը պահում ենք այս մի կետում:

Դավիթ Գալստյան – Շատ լավ կլիներ, որ սահման չնշվեր էլի, շփման գիծ նշվի ցանկացած փաստաթղթում և այն անցակետերը, որ տեղադրվելու են, չգրվի սահմանային անցակետեր, այլ շփման գծի ինչ-որ, որովհետև սահման ասելը արդեն քաղաքական առումով վաղը, մյուս օրը դա որպես հակափաստարկ մենք քաղաքական դաշտում չպարտվենք էլի:

Գուրգեն Հարությունյան – Ընդունում եմ, Ղարաբաղի տարածքը նույն իր շրջաններով նույն սահմանին որ կանգնած լինենք, հատման գիծ է կոչվելու, ոչ թե սահման: 

Գագիկ Բաղունց- Շնորհակալություն: Պարոն Մոսիյան, խնդրեմ:

Արթուր Մոսիյան – Պարոն Հարությունյան, համարյա նույն մտահոգությունն է, այնտեղ այդ օրենքում անպայման պիտի շեշտվի, որ պետական սահմանը ընդգրկում է, որևէ երկիր այդ օրենքում սահմանը հստակ չի գծում, մանավանդ այնպիսի երկրները, ինչպիսին մերն է, կամ հակամարտություն ունեցեղ այլ երկրներ: «Պետական սահմանի մասին» օրենքը, ես կարծում եմ մի քիչ վռազում ենք, հիմա կամ առաջին ընթերցմամբ ընդունենք, քննարկենք: Պիտի ընդգրկվի Սահմանադրության և ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված բանով, որ չկա, այսինքն այդ բանում չկա: Ընդունվելու դեպքում առաջարկում եմ դա անպայման մտցվի, հստակեցվի: Մենք բանավոր ասում ենք, ենթադրում ենք դա, բայց օրենքում չկա: Համենայն դեպս չեմ հանդիպել, միգուցե ես չեմ ուշադիր եղել: Եվ  երկրորդը՝ իրականում շփման գիծ, սահման հասկացությունները տարբեր են: Ես հասկանում եմ, որ մենք անում ենք նաև տեխնիկական խնդիրներ լուծելու համար Ձեր ասածը, բայց տեխնիկական խնդիրները կարող է քաղաքական գլխացավանք առաջացնել: Հիմա առաջարկում եմ մի քանի տարբերակ: Եթե առաջին ընթերցմամբ ընդունում ենք, ժամանակ տանք, քննարկումներ անենք և օպտիմալ որոշում, բայց քանի որ այս պահին նաև մենք չգիտենք, այսինքն լրիվ անորոշություններ են, այս իմաստով, ես չգիտեմ, միգուցե արժե քննարկել դրա նպատակահարմարության հարցը կամ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ժամանակը երկար թողնել: Համենայնդեպս սա այն օրենքն է, որի հապճեպ ընդունումը կոնկրետ տեխնիկական խնդիր կլուծի, առաջացնելով քաղաքական գլխացավանք: Կամ առաջին ընթերցումով ընդունենք, մի քանի քննարկումներ կազմակերպենք, տեսնենք ինչ ենք ուզում, կամ այդ տեխնիկական լուծումները այլ ձևի տանք, որովհետև ասում եմ՝ սա լուրջ հարց է դառնալու հետագայում:

Գուրգեն Հարությունյան – Շատ շնորհակալություն, Ձերն ավելի շատ առաջարկ է, քան հարց: Ներկայիս շտապ ընդունելու խնդիրն այն է, որ հանրապետությունում օրենքը բացակայում է պետական սահմանի մասին: Իսկ «Պետական սահմանի մասին» օրենքը նույն ձևի եթե հենվի մեր երկրի գլխավոր օրենքի վրա, այնտեղ հստակ նշված չէ, թե մեր սահմանները որն է:

Արթուր Մոսիյան - Հենց այդ է հարցը, որ Սահմանադրության 175-րդ հոդվածն ասում է, որ հանրային իշխանությունը տարածվում է այն տեղի վրա, որը գտնվում է ԼՂՀ իրավազորության ներքո: Այս օրենքը ընդունելու պարագայում դառնում է, որ տարածվում է այնտեղի վրա,  և քաղաքական իմաստով սխալ է դա:

Գուրգեն Հարությունյան – Ընդունված է:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Պարոն Հարությունյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:

Արթուր Մոսիյան – Իմ առաջարկությունն ընդունվե՞ց:

Գագիկ Բաղունց - Երկրորդ ընթերցմամբ գրավոր կներկայացնեք:

Արթուր Թովմասյան - Համամիտ եմ, մենք այնպիսի օրենքի նախագիծ չպիտի ընդունենք, որը ...: Մենք «Բռնազավթված տարածքների մասին» օրենք ունենք: Մենք հնարավորություն կունենանք երկու շաբաթվա ընթացքում քննարկելու, որ այդ մտավախությունները չլինեն, որովհետև մենք հենց դրա համար ենք պայքարում: Իսկ պետական սահմանը, ես ձեզ ասեմ, պետական սահման հասկացողությունը՝ Արցախը, ունենալու ենք, երբ որ ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը մեզ առաջարկի ինչ սահմաններում է լինելու Արցախի Հանրապետությունը: Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած սահմաններին մեր ժողովրդի հետ քննարկելու ենք: Այսօր ես դրա մասին խոսել եմ, բայց մինչ այդ մենք տեր ենք 12000 քառակուսի կիլոմետր, դեռ ավելին՝ գումարած Շահումյանը, Սա մենք դրել ենք այստեղ, Ադրբեջանն էլ ասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չկա: Այ այստեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտը բացվում է: Եղավ, մենք ժամանակ կունենանք, համենայնդեպս այնպես պիտի ընդունենք այս օրենքի նախագծերը, որ մտավախություն չունենանք, մեզ չկպնեն, որովհետև ամոթ է, դրանից հետո մենք չպիտի մտնենք Ազգային ժողով: Կարծում եմ համամիտ կլինեն և օրենքի նախագծի հեղինակները, և ասենք այն առաջարկները, որը կհնչեցվի երկրորդ ընթերցման ժամանակ:  

Գագիկ Բաղունց - Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

         Սեյրան Հայրապետյան – Հարգելի գործընկերներ, «Պետական սահմանի  մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի չորս անդամներն էլ տվել են դրական գնահատական: Առաջարկում եմ առաջին ընթերցմամբ ընդունել: Կիսում եմ գործընկերներիս մտահոգությունը, եթե առաջարկությունների քննարկման կարիք կա, պատրաստ ենք մասնակցելու և առաջարկությունները կատարելու: Շնորհակալություն:    

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Խնդրեմ, պարոն Մոսիյան:

Արթուր Մոսիյան – Իհարկե, որոշակի առաջարկություններ կներկայացնենք, բայց հարցն այն է, որ իմ ասած հարցերի պատասխանը նաև օրենքը ներկայացնողից էլ չի կախված, մեզանից էլ չի կախված, անորոշությունները մի քիչ շատ են: Այդ դեպքում դուք պատրա՞ստ եք հանձնաժողովում քննարկենք, ավելի երկար երկարաձգենք: Մի ամսվա ընթացքում շատ հնարավոր է այս հարցերի պատասխանը չլինի: Համենայնդեպս այսօր այդպես է երևում:

Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն, պարոն Մոսիյան: Ուրեմն  երկշաբաթյա ժամկետում կքննարկենք, հնարավոր է միասմյա ժամկետում էլ չլինի, հնարավոր է մեկտարյա ժամկետում էլ չլինի իրականում, բայց օրենքի ընդունման անհարժեշտությունը միանշանակ կա, այս երկու շաբաթվա քննարկումների արդյունքում պատասխանը պարզ կլինի:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը: Կանոնակարգ օրենքի համաձայն նախատեսվում է  մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել: Չկա:  Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք,  խնդրեմ:

Այժմ քվեարկության է դրվում «Պետական սահմանի մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 23, դեմ՝  չկա, ձեռնպահ՝ 3:

Որոշումն ընդունված է:

Արթուր Թովմասյան – Հիմա կարող եք միացնել: Անցնում ենք օրակարգի վերջին հարցին՝ պատգամավորների հայտարարություններին: Խնդրում եմ գրանցվել: Գրանցում:

Գրանցվել է երկու պատգամավոր: Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի Սեյրան Հայրապետյանը: 

Մետաքսե Հակոբյան – Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի նախագահի այցը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, ինչպես նաև Արցախի օկուպացված Շուշի քաղաքում, այսպես կոչված, ադրբեջանական ժողովրդի սփյուռքի 5-րդ համաժողովը ոչ այլ ինչ էր, քան սադրանք և էժանագին քարոզչական մեթոդ: Հատկանշական է, որ այն կազմակերպվել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 107-րդ տարելիցի օրերին: Քառասունչորսօրյա պատերազմի արդյունքներից արբեցած՝ Ալիևը հայերի հետ բացարձակապես հոխորտանքի, տեռորի և վախի լեզվով է խոսում: Այսպես այլևս անհնար է, իսկ հապաղելը՝ կործանարար: Անհրաժեշտ է, որ Արցախը մեջքը ուղղի,  վերականգնի իր անվտանգության համակարգը, որպեսզի շփման գծի ցանկացած ոտնձգությանը կարողանա համապատասխան արձագանք տալ: Ապրիլի 23-ին մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցած ջահերթը հերթական անգամ ապացուցեց, որ մենք պատրաստ չենք ներելու և մոռանալու, որ դուք մեզ չեք վախեցնի պատերազմով և մահով, քանզի մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն: Սա չի բացառում դիվանագիտական միջոցները, չի նշանակում, որ մենք պատերազմ ենք փնտրում, բայց պարզ է, որ մենք վերակազմակերպվելով, ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ անհամեմատ ավելի պաշտպանված կլինենք: Խիստ դատապարտելի է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը անում է ամեն ինչ, որ նման գործողություններով ապակայունացնի տարածաշրջանում իրավիճակը և ստվեր գցի ռուս խաղաղապահների գործունեության վրա: Ադրբեջանի ղեկավարության նման ապակառուցողական պահվածքն ամենևին չի նպաստում Արցախի հիմնահարցի կարգավորմանը, ու նման վարքագիծը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից: Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնպահ մնալ Արցախի օկուպացված տարածքներում ցանկացած միջոցառման մասնակցությունից: Հիշեցնում ենք, որ Արցախի օկուպացված տարածքներում ցանկացած միջոցառման կազմակերպումը առանց պատշաճ կերպով Արցախի օրինական իշխանություններին իրազեկելու  համարվում է անընդունելի և հակասում է Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը: Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից, որ Արցախի Հանրապետության ճանաչումը, Հայաստանի և Արցախի միջև ազատ և անխափան հաղորդակցությունը, արցախահայության անվտանգությունը և ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը դարձնեն մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և ոչ մի դեպքում չիջեցնեն այս նշաձողը: Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ին արված հայտարարության դրույթներին: Աստված պահապան Արցախ աշխարհին, մայր Հայաստանին: Շնորհակալ եմ:  

Արթուր Թովմասյան – Ես ընդունեցի իմ մասը: Հանո՞ւմ եք հայտարարությունը: Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի  աշխատանքները: