ԼՈՒՐԵՐ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ
25 մայիսի 2022

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ

Ս.թ. մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ԵԽ նախագահի տարածած հայտարարության կապակցությամբ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարում է.

1. 2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, նույն հայտարարությամբ այն ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը` հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայելով խաղաղապահ զորակազմ: Ուստի ռուսական ազդեցության գոտի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, այդ թվում` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, առանց Ռուսաստանի միջնորդության գործնականում անհեռանկար է և անպտուղ:

2. Հարավային Կովկասի բարդ էթնոքաղաքական հակամարտություններից ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատը կրում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և այս ձևաչափը շրջանցող, հատկապես` հիմնախնդրի նրբություններին խորթ մոտեցումներն անընդունելի են:

Քանի որ Արցախի Հանրապետությունը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված չէ որպես ինքնուրույն սուբյեկտ և նրա անունից բանակցելու իրավունքով հանդես է գալիս Հայաստանը, ուստի ՀՀ իշխանությունները պարտավոր են`

բանակցային հիմնական սկզբունքների և տարրերի վերաբերյալ ստանալ Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանությունների համաձայնությունը,

ԼՂ հարցով բանակցություններ վարել կա´մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա´մ այլևս նախադեպ ունեցող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում:

Իսկ հարակից միջնորդությունների շահագրգիռ ջանքերը կարող են և պետք է ուղղված լինեն վերոնշյալ ձևաչափերի շրջանակում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը խրախուսելուն և աջակցելուն:

3. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցերի, ենթակառուցվածքների ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի, տնտեսական զարգացման հարցերում ԵԽ-ի ակտիվ միջնորդական ջանքերն ուղղված են Ադրբեջանի գազային ներուժի օգտագործմամբ Եվրոպայի` ռուսական կախվածությունից հաղթահարմանը: Նմանօրինակ փոխշահավետ ակնկալիքների համատեքստում ԵԽ-ն չի կարող միջնորդական հավասարակշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ուստի նրա կողմից ցանկացած միջնորդություն դրսևորվելու է Արցախի անվտանգային համակարգի բաղադրիչների զիջմամբ: Այս մասին վկայում է նաև ԵԽ նախագահի բառապաշարը, ով խուսափում է անգամ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումից:

Անընդունելի և անթույլատրելի են ՀՀ իշխանությունների կողմից որևէ միջազգային հանրույթի կամ միջազգային կազմակերպության` նմանաբովանդակ խոսույթի հանդուրժումն ու ներմուծումը ԼՂ հակամարտության կարգավորման օրակարգ:

4. Ադրբեջանի իշխանությունների` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված համաձայնությունների չկատարումն ու ագրեսիվ հռետորաբանությունը հակադարձ համեմատական են տարբեր միջնորդությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

ԼՂ հակամարտության համապարփակ և վերջնական լուծումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության հետ հորիզոնական հաղորդակցության, ոչ թե վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացնելու, տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչություն կազմակերպելու, սողացող ագրեսիայի միջավայր ստեղծելու պայմաններում:

«Միասնական հայրենիք» խմբակցությունը վերահաստատում է օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները չարտացոլող գործողություններից ձեռնպահ մնալու իր հանձնառությունը, ինչի հիմնավորմամբ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է միանալ ս.թ. մայիսի 24-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը:

25052022թ

Ստեփանակերտ

ԼՈՒՐԵՐ