Գանձապետական համակարգի մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2002թ. հոկտեմբերի 30-ին
Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձապետական համակարգը (այսուհետ՝ գանձապետարան), կարգավորում է գանձապետարանի գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակն է գանձապետարանի գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորման միջոցով ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների ֆինանսական ակտիվների և պարտավորությունների արդյունավետ կառավարման համակարգի առկայությունը:

 

 Հոդված 3. Գանձապետարանը

 1. Գանձապետարանը ներառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված  ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կենտրոնական  գանձապետարանը (այսուհետ՝ Կենտրոնական գանձապետարան) և լիազոր մարմնի տեղական գանձապետական բաժանմունքները (այսուհետ՝ գանձապետական բաժանմունքներ):

 2. Կենտրոնական գանձապետարանը, լիազոր մարմնի կենտրոնական ապարատի՝ սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների ամբողջությունն է, որը ղեկավարվում է  լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ-գլխավոր գանձապետի (այսուհետ՝ գլխավոր գանձապետ) կողմից:

3. Գանձապետական բաժանմունքները գանձապետարանի առանձին տարածքային ստորաբաժանումներն են, որոնք սահմանված կարգով ապահովում են գանձապետարանի գործառույթների կատարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորներում: Գանձապետական բաժանմունքը ղեկավարում է բաժանմունքի պետը:

4. Գանձապետական բաժանմունքների թվաքանակը, կառուցվածքն ու տեղաբաշխումը սահմանում է լիազոր մարմինը:

5. Կենտրոնական գանձապետարանը և գանձապետական բաժանմունքներն ունեն կանոնադրություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանով կնիք, դրոշմակնիք  և իրենց անվանումով ձևաթուղթ:

Կենտրոնական գանձապետարանի և գանձապետական բաժանմունքների կանոնադրությունները հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

6.Սույն օրենքով նախատեսված խնդիրների իրագործման ժամանակ գանձապետարանը հանդես է գալիս լիազոր մարմնի անունից:


Հոդված 4. Գանձապետարանի իրավասությունը

 Սույն օրենքով իր առջև դրված խնդիրներն իրագործելու նպատակով գանձապետարանն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

       
Հոդված 5.Գանձապետարանի խնդիրները

 Գանձապետարանի խնդիրներն են՝

 ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը.

 բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը.

 գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը.

 դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի՝ լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը.

 ե) պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման և բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառման նորմերի սահմանման ապահովումը.

 զ) պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը.

  է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների  ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը.

  ը) պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառ-նությունների հաշվառումը.

  թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների, արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվությունների ստացումը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատության գնահատումը, ամփոփումը և ներկայացումը.

 ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկումը.

ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարումը.

ժբ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիտորինգ).

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ առաջացած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը.

ժդ) սույն օրենքից բխող այլ գործառույթների իրականացումը:

           

Հոդված 6. Գլխավոր գանձապետը

1.Գլխավոր գանձապետն ի պաշտոնե լիազոր մարմնի ղեկավարի տեղակալն է:

2.Գանձապետարանի` սույն օրենքով նախատեսված խնդիրներն իրագործելու նպատակով, գլխավոր գանձապետն իրականացնում է իրեն վերապահված լիազորություններ, այդ թվում՝ կազմակերպում և ղեկավարում է գանձապետարանի աշխատանքները:

 

 Հոդված 7. Գանձապետարանի աշխատակիցները

 1.Գանձապետարանի աշխատակիցներ են համարվում Կենտրոնական գանձապետարանի և գանձապետական բաժանմունքների սահմանված կարգով հաստատված հաստիքացուցակներում ներառված պաշտոնները զբաղեցնող անձինք:

 2.Գանձապետարանի աշխատակիցներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազոր մարմնի ղեկավարը՝ գլխավոր գանձապետի ներկայացմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Հոդված 8. Գանձապետարանի խնդիրների իրականացման ընթացքում այլ մարմինների հետ առաջացող հարաբերությունների կարգավորումը

 1. Գանձապետարանի խնդիրների իրականացման ընթացքում այլ մարմինների հետ առաջացող հարաբերությունների կարգավորման նպատակով բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման հոդվածներով նախատեսված հանրապետական եւ տարածքային կառավարման պետական յուրաքանչյուր մարմնում (այսուհետ՝ պետական մարմին) պաշտոնի է նշանակվում և ազատվում գլխավոր ֆինանսիստ:

 2. Գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է պետական մարմնի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է պետական մարմնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և համապատասխան լիազորությունների դեպքում կարող է կատարել այլ պարտականություններ:

 3. Գլխավոր ֆինանսիստի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական մարմնի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:

 4. Պետական մարմնի և համակարգի պետական հիմնարկների ֆինանսական և հաշվապահական ծառայությունների կառուցվածքը և խնդիրները սահմանվում են լիազոր մարմնի համաձայնությամբ:

 

Հոդված 9. Գլխավոր ֆինանսիստի պարտականությունները

 1. Գլխավոր  ֆինանսիստն ապահովում է պետական մարմնի կողմից`

 ա) ֆինանսական հոսքերի կառավարման և ներքին հսկողության համակարգի առկայությունը.

 բ) լիազոր մարմնի կողմից սահմանված ներքին աուդիտի անցկացման կարգին համապատասխան՝ ներքին աուդիտի համակարգի առկայությունը, որը ներառում է պետական մարմնում և համակարգի պետական հիմնարկներում ֆինանսական հարցերի վերաբերյալ հաստատված ակտերի պահանջների կատարման գնահատումը և հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանությունների բացահայտումը և դրանց ճշգրտման ապահովումը.           

գ) գնումների մասին օրենսդրությանը համապատասխան` գնումների համակարգի առկայությունը:           

2. Գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է պետական մարմնի տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ և հրապարակային օգտագործման համար և ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցներ`

ա) պետական մարմնի կողմից օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և  կարգով ֆինանսական միջոցների հավաքումն ապահովելու համար.                 

բ) միջոցների վատնումը, չնախատեսված ծախսերի կատարումը կանխելու համար.

գ) պետական մարմնի ֆինանսական պարտավորությունների և հիմնական միջոցների կառավարման համար, ներառյալ` հիմնական միջոցների հաշվառումը, պահպանությունը և շահագործումը.

դ) համակարգի պետական հիմնարկներին` բյուջետային դասակարգմանը համապա-տասխան, բյուջեով նախատեսված միջոցների բաշխումն ապահովելու համար:

3. Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է`

ա) պետական մարմնի և (կամ) համակարգի որևէ  պետական հիմնարկի միջոցներ հատկացնելուց առաջ համոզվել, որ վերջինս շարունակում է ապահովել ֆինանսական միջոցների կառավարման և ներքին աուդիտի կառավարման համակարգը.

բ) ապահովել պետական մարմնի կողմից սույն օրենքի և այլ ակտերի դրույթների պահպանումը.

գ) ապահովել ծախսերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքվող եկամուտների թերակատարումը  բացառելու անհնարինության դեպքում պետական մարմնի անունից լիազոր մարմին այդ մասին հաշվետվությունների ներկայացումը.

 դ) ապահովել պետական մարմնի կողմից իրականացվող ֆինանսական գործառնու-թյունների վերաբերյալ սահմանված կարգով հաշվապահական գրանցումները.

 ե) ապահովել ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով  պետական մարմնի անունից ներկայացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ և լիազոր մարմին.

զ) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ, այդ թվում` նաև տեղեկատվություն` հաշվետու ժամանակահատվածի փաստացի եկամուտների, ծախսերի և կանխատեսումների մասին:

 

Հոդված 10. Պետական հիմնարկի գլխավոր հաշվապահը

1. Պետական մարմնի համակարգում յուրաքանչյուր պետական  հիմնարկի ղեկավար վերադաս պետական մարմնի ղեկավարի համաձայնությամբ նշանակում է հիմնարկի գլխավոր հաշվապահ:

2. Սույն օրենքով գլխավոր ֆինանսիստին վերապահված լիազորությունները և պարտականությունները պետական հիմնարկում իրականացնում է գլխավոր հաշվապահը:

3. Գլխավոր հաշվապահի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական հիմնարկի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման ապահովումը

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման նպատակով գանձապետարանն ապահովում է՝

 ա) օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների ծախսերի ֆինանսավորման իրականացումը.

 բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի ընթացիկ կառավարումը.

 գ) լիազոր մարմնի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի համատեղ հաստատված համաձայնագրի շրջանակներում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների  համակարգմանն ուղղված գործողությունների իրականացումը.

 դ) դրամական հոսքերի կառավարման եռամսյակային, ամսական, շաբաթական և օրական ծրագրերի կազմումը.

 ե) դրամական հոսքերի կառավարման ծրագրերի փաստացի կատարման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը և հաջորդ ժամանակահատվածի ծրագրերում համապատասխան ճշգրտումների կատարումը:

 
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների ակտիվների ու պասսիվների հաշվառումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների ակտիվների ու պասսիվների հաշվառման նպատակով գանձապետարանն ապահովում է`

 ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջեների կատարման շրջանակներում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պետական բյուջեի կատարման, համայնքների բյուջեների կատարման, արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծրագրերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների բյուջեների պարտքերի և պետական ու համայնքների բյուջեների կատարման ընթացքում  ստանձնված պարտավորությունների մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների սահմանված կարգով  ներկայացումը.

 բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հատվածի վերաբերյալ  պետական մարմիններից պետական հիմնարկների հաշվեկշիռների (ակտիվների ու պասսիվների), ֆինանսական հոսքերի (ներառյալ` արտաբյուջեատյին միջոցների գոյացման ու տնօրինման) մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը և սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների ներկայացումը:

 
Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը

Լիազոր մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գանձապետարանի միջոցով ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը:

 

Հոդված 14. Գանձապետական միասնական հաշիվը

 1. Կենտրոնական  գանձապետարանի անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացվում և սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված  կարգով վարվում է լիազոր  մարմնի գանձապետական միասնական հաշիվը (այսուհետ՝ գանձապետական միասնական հաշիվ), որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության  դրամով արտահայտված հաշիվ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական  հիմնարկները կարող են ունենալ  բանկային հաշիվներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բանկերում:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից՝ լիազոր  մարմնի սահմանած կարգով:

5. Գանձապետական միասնական հաշիվը  ներառում է լիազոր մարմնի կողմից վարվող հետևյալ ենթահաշիվները՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.

բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրված վարկերի և դրամաշնորհների(գրանտների)  միջոցները

գ) պետական մարմինների կողմից վարվող ավանդային հաշիվները (դեպոզիտները):

6. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է նաև հետևյալ ենթահաշիվները, որոնք վարվում են Կենտրոնական գանձապետարանի կողմից, բայց միջոցները տնօրինում են կառավարման մարմինները՝

ա) արտաբյուջետային միջոցները.

բ) համայնքների միջոցները.

գ) սոցիալական ապահովության պետական հիմնադրամի (պետական կենսաթոշակային հիմնադրամի) միջոցները.

դ) պետական մարմինների այլ ավանդային հաշիվները (դեպոզիտները):

 

Հոդված 15. Գանձապետական արտարժութային հաշիվները

Կենտրոնական գանձապետարանի անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացվում և սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում են նաև լիազոր մարմնի գանձապետական արտարժութային հաշիվները:

 
Հոդված 16. Պետական մարմինների գործունեության մասին հաշվետվությունների կազմումը,  ամփոփումը և ներկայացումը

1. Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով պետական մարմինը գանձապետարանին է ներկայացնում  ֆինանսատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն): Տարեկան հաշվետվությունը, ի լրումն հաշվետու ժամանակաշրջանի գործունեության, այլ հարցերի հետ պետք է ներառի հետևյալ հիմնական բաղկացուցիչները՝

ա) պետական մարմնի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագիրը, դրանք են՝

  -նպատակները,

  -խնդիրները, որոնց իրագործումը հնարավորություն կընձեռի հասնել նպատակներին,

  -ծրագրերը, որոնք նպատակաուղղված են խնդիրների իրագործմանը, դրանց նկարագրությունը և ծրագրի յուրաքանչյուր բաղկացուցչի համար առաջարկվող քանակական և որակական ցուցանիշների սահմանումը,

  -ֆինանսական՝ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցները,

  -մարդկային ռեսուրսները,

բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը՝ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ, որը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը՝

  -տարեկան բյուջեն,

   -Ազգային ժողովի կողմից հաստատված  բյուջեում կատարված փոփոխությունները,

   -կառավարության կամ պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված վերաբաշխումները,

    -ճշգրտված բյուջեն,

    -աճողական մուտքերը  (վճարումները),

    -շեղումը ճշգրտված բյուջեից,

    -շեղումների համառոտ պատճառները.

 գ) հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական մարմնի ամփոփ հաշվեկշիռը՝ ըստ ակտիվների և պասսիվների.

 դ) բյուջետային տարվա ընթացքում դեբիտորական պարտքերի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման.

 ե) տվյալ բյուջետային տարվա ընթացքում ֆինանսական ակտիվների շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի դեբիտորական պարտքերից).

 զ) տվյալ բյուջետային տարվա ընթացքում պարտավորությունների շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի կրեդիտորական պարտքերից).

 է) բյուջետային տարվա ընթացքում կրեդիտորական պարտքերի փոփոխության վերաբեյալ հաշվետվությունը՝ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ.

 ը) բյուջետային  տարվա  ընթացքում  ոչ ֆինանսական  ակտիվների  փոփոխության  վերաբերյալ  հաշվետվությունը:

 2.Պետական հիմնարկի գլխավոր  հաշվապահը  լիազոր  մարմնի  սահմանած կարգով պատրաստում  և  հիմնարկի  անունից  պետական մարմնի  գլխավոր  ֆինանսիստին է  ներկայացնում  ամսական  հաշվետվություններ,որոնք  պետք է ներառեն՝

ա)հաշվետվություն՝ նախորդ  ամսվա  ընթացքում  պետական  հիմնարկի եկամուտների  և  ծախսերի  վերաբերյալ՝  բյուջետային  ծախսերի  գործառնական և տնտեսագիտական  դասակարգմամբ.

բ)ընթացիկ ֆինանսական տարվա մնացած ժամանակահատվածի համար սպասվող եկամուտների և ծախսերի կանխատեսումները.

 գ) ամփոփ գործողությունների նկարագրությունը, որոնց իրագործման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ծրագրավորված եկամուտները և ծախսերը:

 Պետական մարմնի գլխավոր ֆինանսիստը, սահմանված կարգով պետական հիմնարկներից ստանալով հաշվետվությունները, ամփոփում է դրանք և լիազոր մարմնի սահմանած կարգով ներկայացնում է վերջինիս:

Պետական հիմնարկներից ստացված հաշվետվություններից բացի, գլխավոր ֆինանսիստն ապահովում է նաև պետական մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և ծրագրերի կատարման մասին հաշվետվությունների ամփոփումը և լիազոր մարմին ներկայացնելը:

Գլխավոր ֆինանսիստը հաշվետվության հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում նաև հաշվետվության մանրամասն վերլուծությունը՝ ծրագրի համեմատ շեղումների պատճառների բացահայտմամբ:

 

 Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման և պետական հիմնարկների ֆինանսական գործունեության նկատմամբ նախնական հսկողության իրականացումը

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման նկատմամբ գանձապետարանն իրականացնում է նախնական հսկողություն, որի կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 2.Նախնական հսկողության շրջանակներում, նախքան պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների  ելքագրումը, գանձապետարանում գնահատվում է պետական հիմնարկների կողմից իրականացվող ֆինանսական գործառույթների համապատասխանությունը՝  բյուջեների կատարման գործընթացը կարգավորող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ ակտերով սահմանված պահանջներին: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը ժամանակավորապես դադարեցվում է, որից հետո՝

ա)պետական հիմնարկների համար արձանագրված անհամապատասխանությունը վերջիններիս կողմից  չկարգավորելու դեպքում գլխավոր գանձապետը հայտնում է լիազոր մարմնի ղեկավարին, որը տալիս է ցուցում  հետագա գործողությունների մասին.

 բ) համայնքների կողմից ստեղծված հիմնարկների համար գանձապետական բաժան-մունքի պետը տեղյակ է պահում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, որն ապահովում է անհամապատասխանության շտկումը:

 

 Հոդված 18. Գանձապետարանի կողմից հաշվետվությունների ստացումը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատության գնահատումը, համախմբումը և ներկայացումը

Գանձապետարանն գնահատում է պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների արժանահավատությունը, համախմբում է ներկայացված հաշվետվությունները և ապահովում է սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից ամփոփ հաշվետվությունների ներկայացումը:

 
Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկումը

Գանձապետարանն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  արտաքին պետական պարտքի սպասարկման ծրագրավորումը և այդ ծրագրին  համապատասխան՝ արտաքին պետական պարտքի սպասարկումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարեկան պետական բյուջեի մասին օրենքների և համապատասխան համաձայնագրերով սահմանված պայմանների համաձայն:

 
Հոդված 20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարումը

Գանձապետարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների բյուջեներին պատկանող դրամական միջոցների և ընթացիկ դրամական հոսքերի արդյունավետ կառավարման նպատակով մշակում և իրականացնում է ծրագրեր՝ ընթացիկ ներքին պետական պարտքի արդյունավետ կառավարման համար, ինչպես նաև ապահովում է ներքին պետական պարտքի սպասարկման հետ կապված գործառնությունների սպասարկումը:

 
Հոդված 21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ պարտավորությունների սպասարկումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ առաջացած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտավորությունների սպասարկումը գանձապետարանն ապահովում է լիազոր մարմնի սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ   4

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

   Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Նախագահ՝                                                                                    Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ