ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
20 մայիսի 2022

2022 թվականի մայիսի 20-ին Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն էր։

Օրենսդրական փաթեթն արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը նպատակ է դրել վերանայել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը, դրանով ապահովելով սահմանված դեպքերում առաջացող դրամական միջոցների մուտքը պետական բյուջե և ըստ անհրաժեշտության, այդ գումարների բաշխումն պետական բյուջեից:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Արթուր Հարությունյանը:

Խորհրդարանը 28 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է օրենքների նախագծերի փաթեթը։

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքները։

ԼՈՒՐԵՐ