ԼՈՒՐԵՐ
Գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը
28 ապրիլի 2022

Ապրիլի 28-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ  Արթուր Թովմասյանի ղեկավարութամբ գումարվել է Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը։

Նախքան օրակարգի հաստատումը, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի առաջարկությամբ քննարկման ենթակա օրինագծերի ցանկից հանվել է ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ լրացուցիչ քննարկման և պարզաբանման անհրաժեշտությամբ։

Այնուհետև խորհրդարանն անցել է նիստի աշխատանքներին։

Օրակարգում ընդգրկված պարտադիր քննարկման ենթակա հարցերից «ԱՀ դատախազության 2021թ գործունեության մասին հաղորդումը» ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

«2021 թվականին Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 1711 դեպք, 2020թ ունեցել ենք 1281, 2019թ՝ 952 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանցագործությունների թիվն աճել է 33,6%-ով, 2019թ համեմատությամբ՝գրեթե 80%-ով: Հանցավորության շարժընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի համեմատությամբ աճել է միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների թիվը։ 2021թ գրանցվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների 150 դեպք, որը կազմում է ընդհանուր հանցավորության  88 %-ը (2020թ՝ 164 , կամ 12,8%-ը, 2019 թվականին՝ 66, կամ 6,9 %-ը)»,- իր զեկույցում ընդգծել է գլխավոր դատախազը:

2021 թվականին ԱՀ տարածքում արձանագրվել են ՝

մարդու դեմ ուղղված հանցագործություններ- 436 դեպք /2020թ.՝353/

հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ – 584 դեպք /2020թ.՝255/

սեփականության դեմ ուղղված հանցագործություններ – 439 դեպք/2020թ.՝ 488/

շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ -37 դեպք/2020թ.՝23/

պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ- 163 դեպք/2020թ.՝119/: Ընդ որում 2021թ արձանագրվել է կաշառք տալու փորձի դրդչության և կաշառք տալու փորձի 2 դեպք/ 2020թ՝0/

2021թվականին արձանագրված հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել  և կազմել է 74% /2020թ.՝81,6%/։

2021թվականին իրավապահ մարմինների կողմից հարուցված գործերով վեր հանված պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է ավելի քան 728 մլն ՀՀ դրամ/ 2020թ՝20մլն 79 հազ 791 ՀՀ դրամ/,որից վերականգնվել է 255 մլն500 հազ ՀՀ դրամը։  

2021թ. ԱՀ դատախազություն է մուտքագրվել 407 դիմում/2020թ.՝ 444/։ Նույն ժամանակահատվածում ԱՀ դատախազությունում կազմակերպվել է դիմում- բողոքներով ներկայացած 542 քաղաքացիների ընդունելություն/ 2020թ՝ 49/:

Զեկույցում գլխավոր դատախազը անդրադարձել է  նաև 2020թ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերին։

Գուրգեն Ներսիսյանը հավաստիացրել է,որ շարունակելու են հետևողականորեն գործել դատախազության արդյունավետությունը բարձրացնելու, օրինականություն հաստատելու, հանրության հետ հարաբերությունները և փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Հաջորդիվ  նիստի օրակարգում ընդգրկված 1 տասնյակից ավելի օրինագծերի քննարկումն էր։

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության  նպաստների մասին»,  ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու  մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և  «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթները ընդունվել են միաձայն։

Խորհրդարանի քննարկման է ներկայացվել «Սահմանապահ զորքերի մասին» օրինագիծը։ Այն 28 կողմ ձայնով ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Առաջին ընթերցմամբ ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագծին պատգամավորները քվեարկել են  23 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին 2 տասնյակից ավելի հարցեր են հնչեցվել 15 պատգամավորների կողմից: Դրանք տարհանվածների առողջական ու սոցիալական խնդիրների ,առաջին Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների սոցիալական աջակցության վերանայման, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, տեղական արտադրողների շահերի պաշտպանության, մրցակցային հավասար պայմանների ստեղծման, արտաքին մարտահրավերների դիմակայման վերաբերյալ էին:

Հարցերին պատասխանել են կառավարության անդամները՝ պետական նախարար Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ:

Նիստն ամփոփվել է պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությամբ։

ԼՈՒՐԵՐ