ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 5 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022Թ. ԱՊՐԻԼԻ 14-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԺԱՄԸ 19:00
Նիստին մասնակցում են պատգամավորները, կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի երեկո բոլորին: Հարգարժան արտգործնախարար, հարգարժան գործընկերներ, աշխատակազմի ղեկավար, աշխատակազմի աշխատողներ, տիկնայք և պարոնայք:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան սույն թվականի ապրիլի 13-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:
Առաջարկվել է 2022թ. ապրիլի 14-ին, ժամը 19:00-ին գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը (հիմնական զեկուցող` պատգամավոր Արթուր Մոսիյան): Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և համապատասխան եզրակացությունով պատրաստ ենք այն քննարկելու, ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նիստի աշխատանքներին: Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Ներկա են 31 պատգամավորներ, հարգելի պատճառով 2 պատգամավորներ բացակայում են:
Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է: Դա կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել: Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար: Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունը անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք: Հավերժ փառք արցախյան 3 պատերազմների, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում և 2022թ. մարտ ամսին Քարագլխում մեր զոհված բոլոր ազատամարտիկներին: Բոլորիս պարզ է, որ նրանք զոհվել են հանուն հայ ազգի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի ժողովրդի, հանրապետության գոյատևման համար: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհվածների հիշատակը: Շնորհակալություն:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացնելու համար հրավիրվում է պատգամավոր Արթուր Մոսիյանը: Խնդրեմ, ընկեր Մոսիյան:
Արթուր Մոսիյան – Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ: Ներկայացնում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը:
Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ` 3 հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցության և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով:
Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել:
Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:
Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:
Արցախահայության անունից դիմում ենք.
Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի մեր եղբայրների ու քույրերի կողքին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։
Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը։
Ստեփանակերտ, 14 ապրիլի 2022թ.
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցեր զեկուցողին:
Գրանցում:
Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընկեր Բալայանին: Խնդրեմ:
Վահրամ Բալայան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեքստը քննարկվել է, միաձայն ընդունվել է, և առաջարկում ենք խորհրդարանի կողմից այն ընդունել: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Հարցեր ընկեր Բալայանին: Հարցեր չկան, կարող եք զբաղցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Հերթագրվել է 7 պատգամավոր՝ Բալայան, Բաղունց, Իշխանյան, Հակոբյան, Ստեփանյան, Մելքումյան, Հարությունյան: Պարոն Բալայան, խնդրեմ: Թող պատրաստվի Գագիկ Բաղունցը:
Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ: 2020թ. արցախյան երրորդ պատերազմը փոխեց մեր բոլորի կյանքը՝ բացասական առումով. մենք այլ իրողության մեջ ենք ապրում: Մենք բավականին դժվար պայմաններում ենք հայտնվել, որովհետև գտնվում ենք մեծ տերությունների շահերի կիզակետում: Դժվար պայմաններում ենք հայտնվել, որովհետև ունենք հարևան, որն օրուգիշեր երազում է ոչ միայն Արցախի Հանրապետությունը վերացնել, այլ միաժամանակ հրաժարվելու «Լեռնային Ղարաբաղ» հասկացողությունից: Բայց մեզ համար առավել դժվար է, որովհետև եղբայրական Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները պարտվողական կեցվածք են որդեգրել: Թող տպավորություն չստեղծվի, որ Արցախում ապրող մարդիկ երազում են անընդհատ պատերազմների մեջ լինել: Քավ լիցի, դա այդպես չի: Խաղաղության գինը երևի ավելի շատ այս ժողովուրդը գիտի: Հազարամյակներ շարունակ պայքարել ենք մեր ազատության համար և անգին կորուստեր ենք ունեցել, և այդ կորուստները ունեցել ենք այս 30 տարիների ընթացքում: Բայց այս ժողովուրդը չի պատրաստվում ստրուկի կարգավիճակով ապրել, չի պատրաստվում, որովհետև իր պապերից այդպես է ժառանգել:
Ի՞նչ կարելի է անել: Իսկապես դժվար պայմաններում ենք հայտնվել: Թվում է, թե անհույս իրավիճակ է և հնարավոր չէ որևէ լուծում ապահովել: Բայց դա այդպես չէ: Արցախցին դարերի ընթացքում միշտ գտել է այդ հարցի պատասխանը, որի անունը պայքար է: Այն ժողովուրդը, որը չի հաշտվում ստրուկի կարգավիճակի հետ, որը չի հաշտվում, որ մենակ կարող է զոհվել, նա չի զոհվում: Նա պայքարում է և հաղթանակներ է կերտում: Այսպես եղել է նաև ոչ հեռավոր անցյալում՝ 30 տարի առաջ, երբ թվում էր, թե անհնար է ինչ-որ բան անել, այս ժողովուրդը ոտքի կանգնեց և հաղթանակ կերտեց:
Իմ կարծիքով, արտաքին քաղաքականության ասպարեզում մենք պետք է վերաթարմացնենք քաղաքական այն արահետը, որ Ռուսաստանի հետ հենց նույն Արցախում գծվել է 17-րդ դարի վերջից: Շեշտում եմ, որ այդ քաղաքական արահետը պետք է վերականգնել, որը, ցավոք սրտի, այսօր չկա:
Ներքին քաղաքականության ասպարեզում մենք պետք է եղբայրական Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ երկխոսություն սկսենք: Հենց ժողովրդի հետ պետք է երկխոսություն սկսենք, որովհետև իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Եվ համոզված եմ, որ այն ժողովուրդը, որը 1991-1994թթ. հաղթանակ է կերտել, այդ երկխոսության, փոխըմբռնման պայմաններում կշարունակի կերտել նորանոր հաղթանակներ:
Եվ վերջում՝ մենք պետք է ամեն կերպ մեր եռամիասնությունը՝ ՀՀ-ԱՀ-Սփյուռք, դարձնենք անսասան: Անսասան դարձնելու պարագայում համոզված եղեք, որ Արցախի Հանրապետությունն ապրելու է և «Արցախ» հասկացությունը դարեդար լինելու է, ինչպես եղել է նախանցյալ ժամանակներում: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Բաղունց, խնդրեմ: Թող պատրաստվի ընկեր Իշխանյանը:
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ: Կարծում եմ, այսօր երկար պերճաշուք ելույթների ժամանակը չէ: Եկել է մեր ժամը: Լուռ համաձայնությամբ կամ ճնշման տակ, այդ չէ կարևորը, համաշխարհային և տարածաշրջանային դերակատարները Հայաստանի Հանրապետության վզին են փաթաթում խաղաղության պայմանագիր, որն Արցախի համար համարժեք է «մահվան դատավճռին»: Ավելի ցածր կարգավիճակով Արցախը կլինի «Դաղլը Կարաբախ»: Դա Արցախի վերջն է: Դա Հայաստանի վերջն է: Մենք դիմում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Սփյուռքին, ողջ հայ ժողովրդին՝ եկել է ճշմարտության պահը, ժամն է համախմբման՝ հանուն հայրենիքի փրկության:
Մեր գործընկերներից շատերը 2020թ. նոյեմբերին մնացին այստեղ՝ զենքը ձեռքին՝ պատրաստ զոհվելու, բայց չհանձնվելու:
Հանուն մեր երեխաների ապագայի, հանուն համայն հայության ապագայի մենք փաստացի հայտարարում ենք համահայկական կոնսոլիդացիա: Յուրաքանչյուր ոք, ում համար հայի պատիվն ու արժանապատվությունը դատարկ խոսքեր չեն, կանգնեք Արցախի կողքին և հռչակեք Ձեզ Արցախի քաղաքացի, իսկ քաղաքակիրթ աշխարհը թող կրկին ցեղասպանություն կազմակերպի արդեն 10 միլիոնանոց հայության դեմ: Արցախը և հայ ժողովուրդը ունեն հավատարիմ բարեկամներ, ովքեր կանգնած են մեր կողքին, սատարում են մեր ժողովրդի արդար, բոլոր միջազգային նորմերի շրջանակներում պայքարի: Վստահ եմ, որ եթե մենք աննկուն վճռականությամբ կրկին ոտքի կանգնենք մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում, աշխարհը վերջապես դեմքով կշրջվի դեպի մեր հնագույն ժողովուրդը, որը արժանի ներդրում է ունեցել և դեռ կունենա համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Մենք կանգուն ենք: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Ընկեր Իշխանյան, խնդրեմ: Թող պատրաստվի տիկին Հակոբյանը:
Դավիթ Իշխանյան – Հարգելի գործընկերներ, նախ իմ խոնարհումը մեր բոլոր նահատակներին: Չեմ ուզում կենտրոնանալ ՀՀ վարչապետի ելույթին, դրվագային, թատերականացված և բեմադրված սցենարին: Դա ոչ թե ինքնախոստովանության ու ինքնաքննադատության, այլ մեծամտության, պոպուլիստական, մանիպուլյատիվ և ուղեղներ լվանալու տարիների գործելաոճին հարիր պահվածք էր, որով կրկին ներկայացավ ոչ միայն մեզ, այլև համաշխարհային հանրությանը, որին հավանաբար պատասխանատու է իր անցած ճանապարհի և իր հասած նշաձողի համար: Մեզ համար զարմանալի ու անակնկալ չէր այդ ելույթում հնչած թեզերը, այն, ինչ արվում էր թաքուն՝ բացահայտվեց, այն, ինչ չէր հաջողվել տասնամյակներ՝ հիմա փորձում են առիթը չկորցնել:
Խղճահարության դրվագներ ստեղծող առաջնորդը չի կարող լինել իմ ու ձեր, այն հպարտ ժողովրդի առաջնորդը, որ 1988թ. նորից որդեգրեց ազգային-ազատագրական պայքարի գաղափարն ու տեսլականը, ունենալով հաջողությունների ու կորուստների շարք, տալով բազմաթիվ զոհեր, չընկճվելով, չհուսահատվելով, գիտակցելով, թե հանուն ինչ նպատակի է այդ ամենը: Հանուն ապագա սերունդների, հանուն ազգային իդեալների: Հանուն նպատակի և ոչ թե՝ միջոցի:
Եվ ի՞նչ, հիմա փոխվու՛մ է մեր որդեգրած պայքարի փիլիսոփայությունը, նպատակը փոխարինվու՞մ է միջոցով: «Խաղաղության դարաշրջանի» բացման քողի տակ հրահրվում է նոր պատերազմ, նոր ողբերգություններ, եթե ուղղակի ասենք՝ Արցախի հայաթափություն: Մեզ վախեցնում են միջազգային հանրության դիրքորոշումների կեղծ ներկայացմամբ: Այդ ո՞ր միջազգային հանրության դիրքորոշումների մասին է, որտե՞ղ էին նրանք 2020 թվականի աշնանը, ու՞մ ջրաղացին էին ջուր լցնում, իսկ ու՞մ վառված կրակին՝ յուղ, այդ ի՞նչ արժեքներ դավանող միջազգային հանրության մասին է խոսքը, գուցե ավելի բաց ենթատեքստով խոսվեր, ԼԳԲՏ կամ նոր աշխարհակարգ, բառեր, որոնք հավանաբար մեր հանրությանը շատ բան չեն ասում: Հավանաբար ԵԱՀԿ-ն էլ է համաշխարհային հանրություն: Իսկ ու՞ր են նրանք՝ մանդատ ունեցողները:
Չպետք է լինենք զգայական, պրագմատիկ լինելը քաղաքական գործիչների ու պետական այրերի համար կարևոր հատկանիշ է, չպետք է իլյուզիաների դաշտը մտնել, բայց չպետք է նաև ապակողմնորոշել, մանիպուլյացիանել, խեղաթյուրել:
Գիտակցաբար փորձել ենք բոլոր տարբերակները՝ բանակցություններ սկսելով զրո կետից, սեփական նախաձեռնություններ ցուցաբերելով, նույն համաշխարհային հանրությանը մոլորեցնելով, ամեն ինչ հասցնելով ուղղակի նահանջի և կորստի, արցախցիների ու Արցախի կողմից մանդատ չունենալու պատճառաբանություններով Արցախի ճակատագիր ենք մոգոնում, արյուն հեղում ու հետո խոստովանում: Հետո ի՞նչ:
Այդքան միամիտ չենք: Եթե քաղաքական վեկտոր եք փոխում, հստակ կողմնորոշվեք և հայտարարեք, որպեսզի մեր հեռու և մոտիկ բարեկամներն էլ հասկանան ու կողմնորոշվեն, մենք էլ հասկանանք ու կողմնորոշվենք:
Ոհմակային հոգեբանությամբ Ձեր արբանյակներին բաց եք թողել Արցախի ու արցախցիների մասին բարբաջանքներ հնչեցնելու և այն էլ ամենապատասխանատու և բարձր ամբիոնից՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից:
Կատարեք Արցախի և արցախցիների անվտանգության երաշխավորի ձեր պարտականությունները, խեղված ձևակերպումներով մի ներկայացրեք այնպես, իբր ցանկանում եք պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները: Այդ իրավունքները պաշտպանել են մեր պապերն ու ծնողները, մենք և մեր որդիները, Արցախը հայկական պահելով, կերտելով պետականության այդ իրավունքները՝ պահպանվել է անցած 30 տարիներին ու կպահպանենք ապագայում ևս: Դրանք պետք է պահպանվեն միասին:
Ընդունել եք Ադրբեջանի առաջարկած կետերն ու պահանջները՝ չառաջարկելով սեփականը: Այդ քայլը պատճառաբանել եք որպես ազգային շահերից բխող քայլ: Սկսում եք խաղաղության բանակցությունների բուն գործընթաց, նախաձեռնում երկկողմ ձևաչափով խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ, սահմանազատման և սահմանագծման միտված հանձնաժողովի ձևավորում, և, որ զարմանալի է, հանձն առնում այս գործընթացը կարճ ժամանակում ավարտին հասցնել:
ԱԺ նախորդ արտահերթ նիստի ժամանակ այս ամբիոնից բարձրաձայնել էի. սիրելիներս, ոչ ոք չի ձգտել ու չի ձգտում պատերազմի, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան մենք այստեղ՝ Արցախում:
Պետք է գիտակցել, թե ինչ է նշանակում սեփական հայրենիք ունենալու իրավունքը, և, առավել ևս, այդ հայրենիքում ապրելու իրավունքը: Ի՞նչ է նշանակում արժանապատիվ ապրելու իրավունք: Նորից եմ ուզում կրկնել, պետք չէ մեզ վախեցնել պատերազմով, դա չի կարող մեզ պարտադրել հրաժարվելու 30 տարի առաջ մեր որդեգրած պայքարից: Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական ուժին, նրա անկոտրում ոգուն ու կամքին: Մենք ավելի ծանր կացություններ ենք հաղթահարել:
Դեռևս ուզում եմ միամտորեն հույս պահել, որ մեր պետականությունը կորստի ճանապարհով տանող ՀՀ իշխանությունները և նրա առաջնորդը այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում իրենց մեջ ուժ կգտնեն համապատասխան քայլեր ձեռնարկելու, որպեսզի ապագային միտված որոշումները կայացվեն ունակ քաղաքական գործիչների ու հեռատես առաջնորդների միջոցով:
Իմ խոսքի վերջում մի փոքրիկ պատմություն պիտի պատմեմ: 1996 կամ 97 թվականներն էր, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած ինչ-որ փորձագետ փորձում էր հասկանալ մեր հաղթանակի գրավականը և հաջողությունը:
Հավանաբար, Արցախի տարբեր շրջաններում լինելով հանդերձ, հայտնվել է իմ հարազատ գյուղում և իմ հետ հանդիպման ժամանակ փորձում էր հասկանալ, ինչպես եղավ այդ հաջողությունները. դուք՝ փոքրաթիվ, դիմացը՝ մեծ ուժ: Որտեղից-որտեղ մի միտք ծագեց. պատկերացրի մի արենա և մենք գլադիատորի դերում: Ես ասացի, որ մենք եղել ենք այդ գլադիատորի դերում: Մենք պարտավորված էինք ընտրելու կյանքը կամ մահը: Եվ մենք ընտրեցինք կյանքը:
Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը ինձ պարզապես հիշեցնում է, այսպես ասած, մի կորիդա, որտեղ ինչ-որ մեկը մատադորի դերում կարմիր լաթը այս ու այն կողմ է տանում և փորձում է բոլորին մոլորեցնել՝ սուրն էլ ձեռքին, որ վերջում խրի ինչ-որ մեկի վիզը: Ես, բայց հավատացած եմ, որ մենք նորից գլադիատորի դերում հանդես կգանք: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Տիկին Հակոբյան, խնդրեմ: Թող պատրաստվի պարոն Ստեփանյանը:
Մետաքսե Հակոբյան – Հայրենակիցներ: Դիմում եմ ոչ միայն դահլիճում նստած գործընկերներիս, այլ Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին: Մտքերը, որոնցով ուզում եմ կիսվել ձեզ հետ, վստահ եմ, յուրաքանչյուրդ կգտնի այստեղ նաև իրենը:
Երեկ, ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ ինքը չի կարողանում կանգնեցնել Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացը և սկսեց հիմնավորել, կրկին խեղաթյուրելով իրականությունն ու փաստերը: Զարմանալի չէ նրա այդ կեցվածքը, զարմանալի է ու բանականությունից դուրս, որ մինչև այսօր նա դեռ Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Եթե կոչ, ապա այն միակն է՝ Փաշինյանին պետք է կանգնեցնել, թույլ չտալ, որ այս մարդը բանակցի ու միանձնյա որոշումներով վերջնականապես կործանի Արցախն ու Հայաստանը… Այս մարդը կարծում է՝ խաղաղության դարաշրջանի մասին անդադար խոսելով, հայրենիք հանձնելով ու հային զոհելով, կարողանալու է խնդիրներ լուծել ու խաղաղություն հաստատել: Սակայն որևէ մեկը կամ որևէ երկիր չի կարող դատել, իրավունք չունի դատապարտել մեր պայքարը հանուն մեր ու մեր սերունդների արժանապատիվ խաղաղության մեջ ապրելու համար: Այն միայն հաղթանակի արդյունքում է: Սա բնավ չի նշանակում պատերազմ ու մատաղացու դառնալ, ինչպես ներկայացնում է ՀՀ վարչապետը, որը երեկ իր ելույթում խոստովանեց, որ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձավ և համեմեց՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է:
1988 թվականից առ այսօր հայի ընտրությունն է, որ Արցախը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում և մենք չենք հեռացել մեր ընտրությունից, իսկ հարկ եղած դեպքում զենքը ձեռքներիս պաշտպանել ենք այն և շարունակելու ենք պաշտպանել՝ անկախ ամեն ինչից: Եվ ի պատասխան բոլոր նրանց, ով հավատում և պնդում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, տիկին Հակոբյան: Պարոն Ստեփանյան, խնդրեմ: Թող պատրաստվի Դավիթ Մելքումյանը:
Գեղամ Ստեփանյան – Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ: Տպավորություն է, որ Արցախի ժողովրդին նստեցրել են դատապարտյալի աթոռին ու առանց փաստաբանի մեղադրանքներ են առաջադրում ու փորձում դատավճիռ կայացնել: Մեղադրյալին անգամ թույլ չեն տալիս իր խոսքն ասել, իսկ մեղսագրվող արարքն այն է, որ ժողովուրդն ուզում է ապրել իր հայրենիքում, միջազգային բոլոր փաստաթղթերով մարդուն շնորհված իրավունքների ու ազատությունների հիման վրա:
Երեկ և այսօր Հայաստանի Հանրապետության խորհրդարանում հնչած հայտարարությունները բառի բուն իմաստով ահաբեկության մեջ են գցել Արցախի ժողովրդին: Երբեմն բացահայտ, երբեմն տողատակերում առկա իրողությունները ուղղակիորեն խոցում են պատերազմի, տեղահանության, մարդկային ու անմարդկային զրկանքների միջով անցած մեր հանրությանը, որը բազմաթիվ անորոշությունների առերեսվելով, կառչել է այս մի բուռ մնացած Արցախից և որևէ գնով չի պատրաստվում այն լքել:
Երկու հայկական հանրապետությունների տարբեր կառույցների, այդ թվում նաև խորհրդարանների միջև համագործակցության բացակայությունն էլ մեզ՝ Արցախի խորհրդարանականներիս, զրկել է հնարավորությունից՝ տեղեկանալու կատարվող զարգացումներին և ազդելու գործողությունների վրա:
Այդ իսկ պատճառով որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի անդամ ուղիղ և հրապարակային հարց եմ հնչեցնում ՀՀ իշխանություններին՝ վարչապետի գլխավորությամբ.
Քաղաքական ճարտասանությունների և աճպարարությունների փոխարեն հստակ պատասխանեք՝ ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում, արդյո՞ք դա նշանակում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, արդյո՞ք, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգն Արցախը Ադրբեջանին բռնակցել է նշանակում: Արցախում ապրող 120 հազար մարդ, Արցախի ներկայով և ապագայով իրապես մտահոգ հայությունն այսօր անորոշության մեջ սպասում է այդ հարցի պատասխանին:
Անընդհատ խոսում եք Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների մասին, առանց հստակ հայտարարելու, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եթե Ադրբեջանի կազմում եք պատկերացնում այդ իրավունքները, ապա ոչ իրավունքների, ոչ էլ առավել ևս ազատությունների մասին այլևս խոսելու կարիք չկա, որովհետև ուղղակի չի լինելու այն մարդը՝ Արցախում ապրող հայը, որի իրավունքները պետք է երաշխավորվեն: Սա ապացուցման կարիք չունեցող պարզ ճշմարտություն է և՝ վերջ:
Եթե միջազգային հանրությունն է մեզ պարտադրում, այս հարցում իրականում խիստ կասկածներ ունեմ, ապա հենց նույն միջազգային հանրությանը պետք է հասկացնել բոլոր եղանակներով, բոլոր խողովակներն օգտագործելով, որ հարգելի միջազգային հանրություն, ընտրություն ես կատարում կամ հայ ժողովրդի նոր ցեղասպանության ու տեղահանության, կամ էլ տարբեր ատյաններից պարբերաբար թմբկահարվող մարդու իրավունքների և ազատությունների միջև, կամ աջակցում ես բռնապետ ու ռազմական հանցագործին, կամ էլ կանգնում ես ցեղասպանության վտանգի տակ գտնվող ժողովրդի կողքին: Այլ տարբերակ չկա:
Արցախն առանձին վերցրած չի պատկանում ոչ ինձ, ոչ մյուսին, ոչ էլ երրորդին, այն պատկանում է համայն հայությանը: Այս իմաստով տեղին է Սպարապետի խոսքերը. «Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը:» Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Ստեփանյան: Խնդրեմ, պարոն Մելքումյան: Թող պատրաստվի Արթուր Հարությունյանը:
Դավիթ Մելքումյան – Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Հայությունն այսօր ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը:
Ամբողջ Արցախում երեկվանից կրկնակի ավելացել են մտահոգությունները, և մարդիկ, շատ դեպքերում, չգիտեն, թե այդ հարցերով ում կարելի է դիմել: Հանրային իրազեկման ամենաընդունված հարթակներից մեկը հենց Ազգային ժողովն է, և կարծես, այս առումով մենք փորձում ենք մեր ձեռքը միշտ պահել երկրի կենսագործունեության և մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունների զարկերակին: Այնուամենայնիվ, ուզում եմ փաստել, որ մեզ չի հաջողվել կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ մենք չենք կարողացել աշխատող և մշտական հարաբերություններ ձևավորել ՀՀ գործող Ազգային ժողովի մարմինների ու մեր գործընկերների հետ:
Կարելի է այս հարցը ընդունել որպես տեխնիկական, հատուկ կարևորություն չտալ դրան, բայց այն, ինչ մենք տեսնում ենք, լսում ենք վերջին ամիսների ընթացքում, հետևանք է նրան, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված պատգամավորների մի ստվար մասը ճիշտ պատկերացումներ չունի այսօրվա Արցախի ու նրա շուրջ կառուցվող անվտանգային միջավայրի, մեր ազատագրական պայքարի տարեգրության, կարգավորման գործընթացի, մերօրյա մարտահրավերների և բազմաթիվ այլ խնդիրների մասին: Եվ երբ որ նման պայմաններում մենք համարյա մեկ տարվա ընթացքում չենք կարողանում երկու հայկական հանրապետությունների միջև նախորդ տարիներին հաջողությամբ գործած միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ գումարել՝ այդ երևույթին արդեն ուրիշ որակում պետք է տալ:
Մեր պայքարը երբեք տարածքների համար չի եղել, ազատագրական պայքարի դրոշի տակ համախմբվելու արդյունքում մենք վաստակեցինք հայրենիք ունենալու իրավունքը: Այդ ճանապարհին մենք ունեցանք թանկ ու անդառնալի կորուստներ, հազարավոր հայորդիներ Արցախից, մայր Հայաստանից ու Սփյուռքից իրենց կյանքի գնով մեզ ապրողներիս են տվել արժանապատիվ ապրելու իրավունքը: Պետք չէ մեզ վախեցնել նոր պատերազմով, որովհետև մենք ամենաշատն ենք շահագրգռված խաղաղություն հաստատելու հարցում: Բայց դա չի կարող լինել, մեր անցած 30 տարվա պատմությունը ջնջելու ճանապարհով:
Առաջին անգամ չէ, որ մեր պատմության ընթացքում հանդիպում ենք այդպիսի ցավալի և բարդագույն իրավիճակների: Բայց միշտ կարողացել ենք այդ իրավիճակներից դուրս գալ հաղթանակած, դա արել ենք ապավինելով մեր ուժերին, սթափ գնահատելով իրավիճակն ու դրա պատճառները, դասեր քաղելով թույլ տրված սխալներից:
Անցած մեկ ու կես տարվա ընթացքում բազմաթիվ քաղաքական խորհրդակցությունների և հանդիպումների եմ մասնակցել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր շերտեր արտացոլող կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ: Հեռախոսազրույցներ եմ ունեցել Սփյուռքի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, և արդյունքում կարող եմ փաստել, որ հայ ազգը վերջնական չի ջարդվել և այսօր կարիք ունի նոր ազգային առաջնորդության, որը կկարողանա ապահովել ազգային միասնությունը:
Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը՝ համախմբվել հայկական Արցախին զորավիգ լինելու գաղափարի շուրջ և օգտագործենք մեր բոլոր հնարավորություններն ու կապերը այդ նպատակը աշխարհի համար ընկալելի դարձնելու համար: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Հարությունյան, խնդրեմ: Եթե արտգործնախարարը ելույթի ցանկություն ունի հետո, խնդրեմ, վերջում:
Արթուր Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես 1988 թվականին, այնպես էլ հիմա արցախահայության համար առաջնային պլան է մղվել լինել-չլինելու գոյաբանական հարցը:
Աշխարհաքաղաքական բարդ զարգացումների ֆոնին ուժի կիրառման սպառնալիքի տակ Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի բռնակցման և հայաթափման իր վաղեմի երազանքին: «Արցախն առանց հայերի» Ադրբեջանի այս տեսլականը պատմական հիմնավորումից զատ արտահայտված է նաև ներկա իրողությունների և իրենց կողմից իրականացվող գործողությունների տրամաբանության մեջ:
2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը անտեսելով միջազգային հանրության կողմից ամրագրված նորմերը, բացեիբաց հոգեբանական և ֆիզիկական ահաբեկման է ենթարկում արցախահայությանը: Սա արվում է այն դեպքում, երբ դե յուրե կամ դե ֆակտո չկան ադրբեջանական իշխանության լծակներ Արցախում: Նման պարագայում օդում կախված է մնում՝ «ի՞նչ կլինի արցախահայության հետ, եթե Ադրբեջանն ունենա այդ լծակները» հռետորական հարցը:
Արցախը չի կարող ունենալ ապագա Ադրբեջանի կազմում: Այս բացարձակ ճշմարտությունը չնկատելն առնվազն անընդունելի է մեզ համար: Անընդունելի է նաև պարտադրված խաղաղությունից իրական խաղաղություն ակնկալելը: Բոլորս էլ կողմ ենք խաղաղության: Խաղաղություն, որ պիտի ունենա անվտանգային երաշխիքներ և չլինի պետականության կորստի հաշվին: Արցախի հայկական ապագան գոյաբանական հարց լինելուց զատ նաև միջազգային հանրության կողմից վավերացված ինքնորոշման իրավունքի իրացումն է, և անընդունելի է տարածքային ամբողջականության իրավունքի թեզի տակ կոխկրտել մեր ազատ կամարտահայտվելու, այն է՝ ինքնորոշման իրավունքը:
1975թ. Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և միջազգային իրավունքի դոկտրինի համաձայն՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև հակասություններ չկան: Ավելին՝ տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում անգամ Արցախը երբեք չի եղել ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանի մաս: Լեռնային Ղարաբաղը իրացնելով իր ազատ ինքնորոշման իրավունքը, 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակել է անկախությունը: Այնուհետև 1991թ. դեկտեմբերի 10-ին հաստատել այն հանրաքվեով՝ բնակչության կամ ուղղակի ընտրության միջոցով որպես ժողովրդավարության բարձրագույն դրսևորում, միջազգային իրավական նորմերի և այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն:
Միջազգային հանրությունը կոնֆլիկտի շուրջ ձևավորված Մինսկի խմբի շրջանակներում քանիցս արձանագրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման երեք հիմնական սկզբունքները, որոնցից ուժի կիրառման սպառնալիքն ու ուժի կիրառման անթույլատրելիությունը բազմաթիվ անգամ խախտվել է Ադրբեջանի կողմից և շարունակում է խախտվել մինչև օրս: Տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման մասով հակասականության բացակայությանը և առանձին հարթակներում իրավիճակի հանգուցալուծման մասին, բացի միջազգային իրավունքի հիմնավորումից, հատկանշական է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի 2022թ. հունվարի 14-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրած մեկնաբանություններում: Մեջբերում. «Մենք կողմ ենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ անցնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատմանը: Դա չի վերաբերվում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման հարցերին, դա զուտ երկկողմ հարց է, որն արդեն գրեթե մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք սկսել մշակել՝ դրա համար սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու»՝ մեջբերման ավարտ: Դրանով իսկ արձանագրելով դեմարկացիա և դելիմիտացիա գործընթացների և Արցախի կարգավիճակի՝ իրար հետ կապ չունենալու փաստը:
Ի՞նչ է փոխվել մի քանի ամսվա մեջ, ինչու՞ պիտի մեր կենսական շահերի հարցում զիջումների գնանք՝ դիմացը չստանալով ոչինչ, ավելին՝ ստանալով գոյաբանական հարցի խորացում և նորանոր մարտահրավերներ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն նախարար, խնդրեմ:
Դավիթ Բաբայան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, փոխնախագահ, հարգելի հայրենակիցներ, գործընկերներ, իսկապես մենք գտնվում ենք մեր պատմության ամենաբարդ ժամանակահատվածում, ես չեմ չափազանցացնում՝ ամենաբարդ: Մենք անցել ենք շատ բարդություններով, կորուստներով, այսպես ասած՝ դարեր, հազարամյակներ շարունակ, բայց հիմա մեր ժողովրդի և պետականության ապագայի հարցն է մեր առջև կանգնած: Սա մենք պետք է քաջ գիտակցենք, հետևաբար որոշվում և վճռվում է ոչ միայն Արցախի, այլ հայոց պետականության, հայ ժողովրդի ճակատագիրը: Այս պատասխանատվության զգացումը մենք պետք է միշտ ունենանք:
Խոսելով ընդհանրապես Արցախի կարգավիճակի մասին՝ տարբեր նշաձողերի և այլնի, պետք է նշել, որ մենք նշաձողեր չունենք այլևս: Մենք ունենք կարմիր գծեր և այդ կարմիր գծերի խախտումը կբերի պարզապես ողբերգության, ուրիշ ոչնչի, որովհետև Ադրբեջանի կազմում Արցախը ապագա ունի, մեկ ապագա՝ ցեղասպանություն: Հայրենիքը կորցնելու ենք, այսպիսի ապագա ունենք: Տարբեր պատճառներ՝ չմտնենք գիտաքաղաքական դաշտը, բայց դա այդպես է լինելու: Արցախի կորստից հետո Հայաստանի Հանրապետություն չի լինելու, ժամանակի խնդիր է լինելու, շատ շուտ այդ հարցը կարգավորվելու է՝ բնական է ի վնաս հայ ժողովրդի: Երբ որ խոսում ենք խաղաղության մասին, իհարկե սա լավ գաղափար է, որևէ մեկը չի կարող դեմ լինել խաղաղության, բայց անհրաժեշտ է հասկանալ, որ դասական ձևով չկա իդեալական խաղաղություն: Խաղաղությունը դա հավասարակշռվածություն է: Պետք է պահպանել այդ հավասարակշռվածությունը: Հնարավո՞ր է դա անել, իհարկե, հնարավոր է, որովհետև գոյություն չունի իդեալական խաղաղություն, չի լինում այդպիսի բան, բայց կարելի է կայունություն պահել հենց հավասարակշռվածության միջոցով: Բոլոր երկրներն էլ դրան են գնում: Այդ հնարավորությունները կան, իսկապես կան: Երբ որ խոսում ենք, որ կա միջազգային հանրության հավաքական տեսակետ, այդպիսի բան նույնպես գոյություն չունի, որովհետև ի՞նչ է նշանակում միջազգային հանրություն՝ միջազգային հանրությունը բազմաշերտ, բազմաբնույթ երևույթ է: Ավելին՝ այսպիսի ճեղքվածք, որը մենք տեսնում ենք հիմա, միջազգային հանրությունը երևի վերջին անգամ տեսել է՝ 1939-1945թթ.: Մենք տեսնում ենք ինչպիսի պայքար է գնում՝ աշխարհաքաղաքական, հետևաբար չկա միասնական, այսպես՝ միջազգային հանրության կարծիք, գոյություն չունի նման բան: Նույնիսկ ամենախաղաղ պայմաններում նման բան գոյություն չունի, որովհետև տարբեր երկրներ ունեն իրենց ազգային շահերը, տարբեր երկրներում կան տարբեր ուժեր, որոնք նույնպես ունեն իրենց շահը և պայքարում են իրենց շահի համար: Սա նշանակում է, որ մեզ համար աշխարհաքաղաքական առումով կան հնարավորություններ փրկելու և պահելու Արցախը: Ավելին, կրկնում եմ, փրկելով Արցախը՝ փրկվում է Հայաստանը, որովհետոև դրանից հետո չի լինելու Հայաստան: Աշխարհաքաղաքականության մեջ կա օրենք, պետք է ունենալ սկզբունքներ և հետևել այդ սկզբունքներին: Եթե ունես սկզբունք, դու դառնում ես սուբյեկտ, եթե չունես՝ դառնում ես օբյեկտ, այսինքն՝ քեզ այլևս հաշվի չեն առնում և քո հաշվին իրենց հաշիվներն են մաքրում: Սա շատ պարզ տրամաբանություն է: Դրա համար Արցախի Հանրապետությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը դիվանագիտական դաշտում, որպեսզի հասնի նրան, որ փրկենք այն, ինչ մնացել է Արցախից, բոլոր քայլերը, կարող եք այստեղ վստահ լինել, և շատ լավ է, որ մենք միասնական կանգնած ենք, մեր երկրի ապագայի համար պայքարում ենք: Ես ավելի քան համոզված եմ, որ նման տեսակետ կիսում է հայ ժողովրդի մեծամասնությունը՝ լինի դա Հայաստանի Հանրապետությունում, թե Սփյուռքում: Պետք է իսկապես համախմբվենք, ճիշտ աշխատենք, հնարավորինս զերծ լինենք շահարկումներից, որովհետև պահը շատ կարևոր է և եթե ճիշտ աշխատենք, իսկապես հասնելու ենք մեր նպատակին: Մեր նպատակը մեկն է՝ փրկել Արցախը, փրկել մեր երկիրը: Բոլոր հնարավորությունները կան, եթե չլինեն այդ հնարավորությունները, իհարկե, անկեղծ կասենք: Բայց պարզապես իրավունք չունենք մենք հենց այնպես մեզ պարտված զգանք, որովհետև անիծված ենք լինելու բոլորի կողմից, և Աստծո կողմից: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Եզրափակիչ ելույթի համար հրավիրվում է Արթուր Մոսիյանը: Խնդրեմ, ընկեր Մոսիյան:
Արթուր Մոսիյան – Հարգելի գործընկերներ: Դեռ ամիսներ առաջ մենք մի շարք հանդիպումներ էինք ուզում ունենալ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափով, բայց ինչպես տեսանք, միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը չէր կայանում, չնայած մենք ունեինք մտահոգություններ, որոնք ցանկանում էինք բարձրացնել: Ինչևէ, հանձնաժողովի նիստը չկայացավ, և մենք ԱՀ ԱԺ հինգ խմբակցությունների ղեկավարների և ԱՀ ԱԺ նախագահի հետ ուղևորվեցինք քաղաք Երևան, հանդիպեցինք Ալեն Սիմոնյանի և մի քանի այլ պատգամավորների հետ:
Մտահոգություններ ունենալով, հարց ուղղեցի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ասելով՝ «կարգավիճակ» ասելով ձեր իշխանությունն ի՞նչ է հասկանում և կարո՞ղ է մի օր ասեք՝ «կարգավիճակ Ադրբեջանի կազմում»: Ալեն Սիմոնյանը վիրավորված ասաց՝ «մեզ ինչի՞ տեղ եք դնում, իհարկե խոսքը վերաբերում է անկախությանը կամ ՀՀ հետ միացմանը, հո չենք ասելու Ադրբեջանի կազմում»: Մեր ընկերներից մեկն անգամ ինձ կշտամբեց, որ ինչու այդ հարցը տվեցիր՝ մարդը վիրավորվեց: Ես պատասխանեցի՝ ճիշտ եմ արել, որովհետև ճանաչում եմ այդ տեսակը: Իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս պատասխանել Ալեն Սիմոնյանին, ես կխնդրեի ինքն այդ հարցին պատասխաներ՝ իրենք իրենց ինչի՞ տեղ են դրել, որ մի խմբակով կամ մի քանի հոգով ուզում են որոշել մի ամբողջ ժողովրդի ճակատագիր թե Արցախում, թե Հայաստանում:
Եթե որոշների համար պարզ չէր, այդ հարցը տվել ենք այսօրվա համար: Փաստորեն վարչապետի երեկվա ելույթից և իջեցված հրահանգից հետո պատգամավորների ելույթից պարզ դարձավ մի ճշմարտություն. այն, ինչ մենք մտածում էինք, դժբախտաբար, իրականություն դարձավ: Այդ տեսակը, ես ձեզ հավատացնում եմ, մեր ժողովրդի մեջ շատ չէ, չնայած ժամանակավոր իշխանության է հասել կամ որոշակի խնդիրներ լուծելու համար իշխանության է բերվել: Այդ տեսակը մեծամասնություն չէ, չի կարող հայ ազգի մեջ այդ տեսակը մեծամասնություն լինել:
Բազմաթիվ ստերի, կեղծիքների, մանիպուլյացիաների հետևանքով ձգտում ենք չհավատալուն տալ, ասել ինչ-որ բան երևի ճիշտ չեն հասկացել մարդիկ, բայց ոչ, ամեն ինչ պարզ է, ակնհայտ է: Վերջին պատերազմից հետո թե Փաշինյանը, թե Ալիևը Արցախի մասին խոսում էին նույն լեզվով: Ես ՀՀ իշխանություններին հորդորում եմ պարզապես դադարեցնել այդ ահաբեկությունը, պատերազմով սպառնալը, վախեցնելը թե Արցախին, թե Հայաստանին, թե աշխարհասփյուռ հայությանը: Հայ ժողովրդից առավել ոչ մեկը խաղաղության գինը չգիտի:
Նայելով Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին, տեսնում ենք, որ այդ աղետալի քայլով Նիկոլ Փաշինյանն ու վարչախումբը ոչ միայն զրոյացնում են մեր սերունդների բազմահազար զոհերի թափած արյան գինը, ձեռք բերված անկախությունը, ազատ ու անկախ ապրելու մեր իրավունքը, այլ նաև գալիք սերունդների ապագան են վտանգում:
Տարիներ շարունակ, հատկապես վերջին ամիսներին՝ Արցախը բեռ է, քանի Արցախը կա, լավ չենք ապրելու և այլ թեզեր կամաց-կամաց մարդկանց բնազդի, ենթագիտակցության մեջ են նստեցնում: Սիրելի հայրենակիցներ, Արցախը բեռ չէ, Արցախը զրահաբաճկոն է, որը միտումնավոր կամ դավադրաբար հանելով, խոցելի դարձրեցինք և Արցախը, և Հայաստանը: Հետ կանգնեք այդ քայլից, քանի դեռ ուշ չէ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան- Շնորհակալություն: Խաղաղության գինը տարածաշրջանում Արցախը չէ: Սա պիտի հասկանանք պարոն նախարարի ասածների օրգանական շարունակությունը: Եվ ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ կանգնեք Արցախի կողքին: Վերջ:
Այժմ քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը:
Քվեարկություն:
Կողմ՝ 31-ը:
Դեմ՝ չկա:
Ձեռնպահ՝ չկա:
Շնորհակալություն: Ավարտեցինք օրակարգի հարցի քննարկումը: Ցտեսություն: Բարի գիշեր: