26 ապրիլի 2022
26 ապրիլի 2022
Ապրիլի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Նիստի օրակարգում սոցիալական ոլորտին առնչվող 2 նախագիծ էր, որոնք ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանը:
Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Գործող աշխատանքային օրենսգրքով գործատուների կողմից աշխատանքային գրքույկ պահանջելու և վարելու պարտադիր պահանջը 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցված է: Միաժամանակ նախատեսված է հինգ տարվա ընթացքում աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը, կառավարության սահմանած կարգով ներկայացնել լիազորված պետական կառավարման մարմին` տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար:
Քանի որ պատերազմական գործողությունների հետևանքով ներկայումս Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող ու աշխատող կամ աշխատած անձանց աշխատանքային գործունեության տվյալները պահպանված չեն, նախագծով առաջարկվում է կանոնակարգել գործատուների կողմից աշխատանքային գրքույկներ վարելու գործընթացը` մինչև կառավարության սահմանած կարգով և ժամկետներում դրանցում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելը:
Նախագծի ընդունման դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում` լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովների սահմանած աշխատանքային ստաժը հիմք կհանդիսանա աշխատանքի ընդունման համար պահանջվող աշխատանքի ստաժը հաշվարկելու համար:
Օրակարգի հաջորդ հարցը ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր :
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում ամրագրված է, որ եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է 69 620 ՀՀ դրամից, ապա մայրության նպաստը հաշվարկելիս որպես միջին ամսական աշխատավարձ հիմք է ընդունվում 69 620 ՀՀ դրամը: Կառավարության ռազմավարական ծրագրերի համաձայն և պետական բյուջեի եկամուտների հաշվառումով, փուլային տարբերակով «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքով կատարվում է նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացում, որի արդյունքում մի շարք օրենքներում կատարվում են համապատասխան փոփոխություններ։ Օրենքում ամեն անգամ նման փոփոխության կատարումից խուսափելու նպատակով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի թվային արտահայտության փոխարեն ամրագրել, որ մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձի չափով։
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը օրինագծերին հավանություն է տվել: