ԼՈՒՐԵՐ
Կայացել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
25 ապրիլի 2022

Ապրիլի 25-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը:

Քննարկվել է «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը:

Նախատեսվող փոփոխությունները և լրացումը ջրային կոմիտեին հնարավորություն կտան իրականացնել ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպումը, ջրային համակարգերի կառավարումը, դրանց անվտանգության ապահովումը և պահպանությունը, ինչպես նաև՝ ավարտին հասցնել Արցախի Հանրապետության տարածքում իրականացվող ջրային համակարգերի կառուցման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքները։

Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ի հայտ բերել ջրային համակարգերի կառավարման ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրները վերացնելու համար, ինչպես նաև՝ երկարաձգել օրենսգրքի անցումային դրույթներով սահմանված ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ժամկետը։

Նախատեսվում է հաշվետվությունների նոր ընթացակարգ ու ռեգիստրի վարում:

Պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին՝ ջրային կոմիտեի նախագահը տեղեկություն հաղորդեց Ստեփանակերտի ջրամատակարարմանն ուղղված միջոցառումների մասին, անդրադարձավ գյուղական համայնքների ջրամատակարարման խնդրին:

ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին: Այն կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը։

ԼՈՒՐԵՐ