Oտարերկրյա ներդրումների մասին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օտարերկրյա ներդրումների իրականացման իրավական, տնտեսական ու կազմակերպական հիմքերը և ուղղված է օտարերկրյա ներդրողների իրավունքների, օրինական շահերի, գույքի պաշտպանության ապահովմանը, օտարերկրյա նյութական և ֆինանսական միջոցների ներգրավման, առաջավոր տեխնոլոգիաների, կառավարման և կազմակերպման փորձի ներդրման ու արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծմանը:

 

Բ Ա Ժ Ի Ն 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

«Օտարերկրյա ներդրող»- օտարերկրյա պետություն, ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև միջազգային կազմակերպություն, որն իր գտնվելու վայրի օրենսդրությանը համապատասխան ներդրում է կատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

«Օտարերկրյա ներդրում»-գույքի ցանկացած տեսակ, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ, որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում՝ շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:

«Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություն» - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկություն, որի հիմնադիրը կամ մասնակիցն օտարերկրյա ներդրող է:

 

Հոդված 2.

Օտարերկրյա ներդրումների իրավական կարգավորումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով և միջազգային պայմանագրերով:

Եթե ԼՂՀ կնքած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան բովանդակում է սույն օրենքը, ապա համապատասխան դեպքերում կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:

 

Հոդված 3.

Օտարերկրյա ներդրումների տեսակները

 

Օտարերկրյա ներդրողները կարող են ԼՂՀ տարածքում ներդրումներ իրականացնել՝

ա) արտարժույթով, արժութային այլ արժեքներով, Հայաստանի Հանրապետության ազգային դրամով.

բ) շարժական ու անշարժ գույքով (շինություններ, շենքեր, սարքավորումներ և նյութական այլ արժեքներ) և դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով.

գ) բաժնետոմսերով, պարտատոմսերով, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով.

դ) դրամական պահանջների ձևով և պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով.

ե) արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեության իրականացման իրավունքով, այդ թվում նաև բնական ռեսուրսների հետախուզման, արդյունահանման, մշակման կամ շահագործման իրավունքով.

է) վճարովի ծառայություններով.

ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակներով:

Սահմանված տեսակների օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 4.

Օտարերկրյա ներդրումների իրականացման ձևերը

 

Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն ներդրումներ իրականացնել հետևյալ ձևերով.

ա) օտարերկրյա ներդրողներին ամբողջությամբ պատկանող ձեռնարկությունների, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելու կամ գործող ձեռնարկությունները որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ ԼՂՀ քաղաքացիների մասնակցությամբ նոր ձեռնարկություններ հիմնադրելու կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով.

գ) ԼՂՀ օրենսդրության շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր և ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով.

դ) ինքնուրույն կամ ԼՂՀ իրավաբանական անձանց, կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների մասնակցությամբ հողօգտագործման իրավունք և ԼՂՀ տարածքում բնական ռեսուրսների օգտագործման կոնցեսիաներ ձեռք բերելու միջոցով.

ե) գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով.

զ) ԼՂՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով, մասնավորապես՝ ԼՂՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև ԼՂՀ քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

Սահմանված ձևերի օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 5.

Օտարերկրյա ներդրումների գնահատումը

 

Օտարերկրյա ներդրումներն օտարերկրյա ներդրողի ցանկությամբ գնահատվում են ազատ փոխարկելի արտարժույթով կամ ազգային դրամով:

Արտարժույթի հաշվարկումը ազգային դրամով կատարվում է ներդրման պահին գործող հաշվարկային փոխարժեքից ոչ բարձր:

 

Բ Ա Ժ Ի Ն 2

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 6.

Օտարերկրյա ներդրումների իրավական ռեժիմը

 

Օտարերկրյա ներդրումների և դրանց հետ կապված իրավական ռեժիմը ԼՂՀ-ում չի կարող նվազ բարենպաստ լինել, քան ԼՂՀ քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքի, գույքային իրավունքների և ներդրման գործունեության ռեժիմը:

Սոցիալական և տնտեսական զարգացման կարևորագույն բնագավառներում օտարերկրյա ներդրումների խրախուսման նպատակով կարող են սահմանվել լրացուցիչ արտոնություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել այն տարածքները, որտեղ, ելնելով ազգային անվտանգության ապահովման պահանջներից, օտարերկրյա ներդրողների և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների գործունեությունը սահմանափակվում կամ արգելվում է:

 

Հոդված 7.

Երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում

 

Օտարերկրյա ներդրումները կարգավորող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 10 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը:

 

Հոդված 8.

Երաշխիքներ ազգայնացումից և բռնագրավումներից

 

Օտարերկրյա ներդրումները ԼՂՀ-ում ազգայնացման և բռնագրավման ենթակա չեն:

 

Հոդված 9.

Օտարերկրյա ներդրողներին պատճառած վնասի փոխհատուցումը

 

Օտարերկրյա ներդրողներն ունեն նյութական և բարոյական այն վնասների, ներառյալ բաց թողնված օգուտի դատական կարգով փոխհատուցման իրավունքը, որոնք հասցվել են ԼՂՀ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ԼՂՀ օրենսդրությանը հակասող գործողությունների, ինչպես նաև օտարերկրյա ներդրողի կամ օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության նկատմամբ նշված մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով:

Օտարերկրյա ներդրողների կրած բոլոր այն վնասները, որոնք նրանց հասցվել են սույն օրենքի 8 հոդվածում և 9 հոդվածի առաջին մասում նշված գործողությունների հետևանքով, ենթակա են անհապաղ փոխհատուցման ընթացիկ շուկայական կամ անկախ աուդիտների գնահատումներով որոշված գներով՝ այն արժույթով, որով կատարվել է ներդրումը, կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ մեկ այլ արժույթով:

 

Հոդված 10.

Օտարերկրյա ներդրողի շահույթի (եկամտի) և այլ միջոցների տնօրինումը

 

Օտարերկրյա ներդրողի շահույթը (եկամուտը) հարկերը վճարելուց և ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարումները կատարելուց հետո մնում է նրա տնօրինության տակ:

Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն ԼՂՀ բանկերում բացելու ընթացիկ, հաշվարկային կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված այլ հաշիվներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն իրենց օրինական կարգով ստացած միջոցները, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտագործել ԼՂՀ ներքին շուկայում արտարժույթ կամ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

 

Հոդված 11.

Օտարերկրյա ներդրումների հետ կապված սեփականության, շահույթի (եկամտի) և այլ միջոցների արտահանման երաշխիքները

 

Օտարերկրյա ներդրողին և օտարերկրյա վարձու աշխատողներին իրավունք է տրվում և երաշխավորվում է ազատորեն արտահանել իրենց սեփականությունը, ներդրման հետևանքով ստացած շահույթը (եկամուտը) և այլ միջոցները, որոնք օրինական կերպով ստացվել են որպես ներդրումների արդյունք կամ որպես աշխատանքի դիմաց վճար, կամ որպես սույն օրենքի 9 հոդվածով նախատեսված փոխհատուցում:

 

Բ Ա Ժ Ի Ն 3

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

Հոդված 12.

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության հիմնադրումը և գրանցումը

 

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները, դրանց բաժանմունքները, մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, ձեռնարկությունների տնտեսական միավորումները հիմնադրվում և գրանցվում են ԼՂՀ օրենսդրական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 13.

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության գործունեության դադարումը

 

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության, նրա բաժանմունքների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գործունեության դադարումն իրականացվում է այն կարգով և դեպքերում, որոնք նախատեսված են դրանց հիմնադիր փաստաթղթերում և ԼՂՀ օրենսդրությամբ:

 

Բ Ա Ժ Ի Ն 4

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 14.

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության գործունեության շրջանակները

 

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները կարող են իրականացնել օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին համապատասխանող և ԼՂՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն:

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներով կարող են զբաղվել միայն սահմանված կարգով լիցենզիա ստանալուց հետո:

 

Հոդված 15.

Մաքսային հարկումը

 

Այն գույքը, որն օտարերկրյա ներդրողի կողմից ԼՂՀ է ներմուծվում որպես օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կանոնադրական հիմնադրամ, ինչպես նաև սեփական արտադրության համար նախատեսված գույքը (հումք, կիսապատրաստուկներ, լրակազմող իրեր, պահեստամասեր և այլն) ազատվում են մաքսատուրքերի գանձումից:

Միջազգային պայմանագրերի հիման վրա, որպես օտարերկրյա ներդրում, ԼՂՀ ներմուծվող գույքն ազատվում է մաքսատուրքերից այն ժամկետներում, որոնք սահմանված են համապատասխան պայմանագրերով:

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների օտարերկրյա աշխատողների կողմից ԼՂՀ ներմուծվող՝ անձնական կարիքների համար նախատեսված գույքն ազատվում է մաքսատուրքերից:

 

Հոդված 16.

Արտադրանքի (աշխատանքների և ծառայությունների) արտահանումն ու ներմուծումը

 

Օտարերկրյա ներդումներով ձեռնարկություններն իրավունք ունեն առանց լիցենզիայի արտահանել սեփական արտադրության արտադրանքը (աշխատանքները, ծառայությունները) և ներմուծել սեփական կարիքների համար արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ), բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են ԼՂՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: Արտահանվող արտադրանքը (աշխատանքները, ծառայությունները) որպես սեփական արտադրանք ճանաչելու կարգը սահմանվում է ԼՂՀ օրենսդրությամբ:

Ձեռնարկության սեփական կարիքների համար նախատեսված ներմուծվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ճանաչումը որպես սեփական արտադրանք իրականացվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սեփական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտահանումից նշված ձեռնարկությունների ստացած շահույթը (եկամուտը), այդ թվում՝ արժույթը, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը վճարելուց հետո մնում է նրանց տնօրինության տակ:

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից այլ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտահանումն ու ներմուծումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 17.

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների հարկումը

 

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները հարկեր են վճարում և հարկային արտոնություններ ստանում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 18.

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների արտոնությունների սահմանումը

 

Սույն օրենքով սահմանված արտոնությունները տարածվում են այն օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների վրա, որոնցում այդ ներդրումները հիմնադրման պահին կազմում են առնվազն 30 տոկոս:

Հաշվեկշռային գնահատման և հաշվառման նպատակով օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունն իրականացնում է օտարերկրյա արժույթի վերահաշվարկ ազգային դրամի այն փոխարժեքով, որը որոշվում է սույն օրենքի 5 հոդվածով և ԼՂՀ օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 19.

Գույքային իրավունքներ հողի և բնական այլ ռեսուրսների նկատմամբ

 

Օտարերկրյա ներդրողների կողմից հողի և բնական այլ ռեսուրսների վերաբերյալ գույքային իրավունքների ձեռք բերումը կարգավորվում է ԼՂՀ համապատասխան օրենսդրական ակտերով:

 

Հոդված 20.

Գույքը վարձակալությամբ տրամադրելը

 

Օտարերկրյա ներդրողներին և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին վարձակալությամբ գույքի տրամադրումը իրականացվում է վարձակալական պայմանագրերի հիման վրա՝ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 21.

Կոնցեսիոն պայմանագրեր

 

Օտարերկրյա ներդրողներին վերարտադրվող և չվերարտադրվող բնական ռեսուրսների շահագործման իրավունքի վերապահումն իրականացվում է կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա, որոնք օտարերկրյա ներդրողների հետ կնքվում են ԼՂՀ կառավարության կամ դրա համար լիազորված պետական այլ մարմնի կողմից՝ կոնցեսիաների մասին ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 22.

Մտավոր սեփականության իրավունքները

 

Օտարերկրյա ներդրողների մտավոր սեփականության իրավունքների իրացումն ու պաշտպանությունն ապահովվում են ԼՂՀ օրենսդրությամբ:

 

Հոդված 23.

Գույքի և ռիսկի ապահովագրությունը

 

Օտարերկրյա ներդրողի գույքի և ռիսկի ապահովագրությունը կատարվում է նրա հայեցողությամբ, եթե այլ կարգ չի նախատեսված ԼՂՀ օրենսդրությամբ:

 

Հոդված 24.

Վեճերի լուծարման կարգը

 

Օտարերկրյա ներդրումների հետ կապված բոլոր վեճերը, որոնք ծագել են ներդրողի և ԼՂՀ միջև, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քննվում են ԼՂՀ դատարաններում:

Օտարերկրյա ներդրումների հետ կապված այն վեճերը, որոնցում որպես կողմ հանդես չի գալիս ԼՂՀ, ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան քննվում են ԼՂՀ դատարաններում կամ տնտեսական վեճեր լուծող այլ մարմիններում, իսկ վիճող կողմերի համաձայնությամբ՝ նաև միջնորդ դատարաններում, եթե միջազգային պայմանագրերով կամ վիճող կողմերի նախնական պայմանավորվածությամբ (հիմնադիր փաստաթղթերով, տնտեսական պայմանագրերով և այլն) այլ կարգ չի նախատեսված:

 

Հոդված 25.

Օտարերկրյա ներդրողների պատասխանատվությունը և պարտավորությունները

 

Օտարերկրյա ներդրողները ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում ԼՂՀ օրենսդրության խախտման համար:

Օտարերկրյա ներդրողի գույքը, ներառյալ ներգրավված միջոցները, գույքային իրավունքները կարող են նրա կողմից օգտագործվել որպես իր պարտավորությունների ապահովման միջոց:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

28 փետրվարի 1995թ.

ք.Ստեփանակերտ