ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել
14 ապրիլի 2022

Ապրիլի 14-ին Արցախի  Հանրապետության Ազգային ժողովը Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրել է արտահերթ նիստ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ 2022 թվականի ապրիլի 13-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն՝  Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ։

Առաջարկվել է 2022թ ապրիլի 14-ին՝ ժամը 19։00-ին, գումարել ԱՀ ԱԺ արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի հայտարարությունը։

Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան 3 պատերազմներում, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում  և 2022թ մարտի վերջին Քարագլխի համար պայքարում նահատակված հայորդիների անմար հիշատակը, ապա անցել օրակարգային հարցի քննարկմանը:

Հայտարարության տեքստը ներկայացրել է ԱՀ ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանը։ Հարցը քննարկվել էր խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և 4 կողմ ձայնով արժանացել  հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Վահրամ Բալայանը, Գագիկ Բաղունցը, Դավիթ Իշխանյանը, Մետաքսե Հակոբյանը, Գեղամ Ստեփանյանը, Դավիթ Մելքումյանը, Արթուր Հարությունյանը, իսկ եզրափակիչ  ելույթներով՝  ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Այնուհետև նիստին ներկա 31 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել հայտարարության ընդունմանը։

ԼՈՒՐԵՐ