Հոդված 1. Բռնադատված է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող այն քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1921 թվականի հուլիսի 5-ից) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով՝
ա) դատապարտվել է հակախորհրդային ագիտացիային և պրոպագանդային, հակախորհրդային կազմակերպությանը մասնակցելու, ազգային և ռասայական իրավահավասարությունը խախտելու, խորհրդային պետական հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելու հոդվածներով և հետագայում արդարացվել է.
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.
ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:
Բռնադատված է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող այն քաղաքացին, որը սկսած 1988 թվականի փետրվարից արցախահայության ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի Հանրապետության դատական իշխանությունների կողմից:
Հոդված 2. Բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների պահանջով պետական լրատվական միջոցները պարտավոր են 10-օրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչև բռնադատվելը զբաղմունքի տեսակը, բռնադատող մարմինը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ազատ արձակելու և արդարացման որոշումը և ժամկետները:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող բռնադատվածներին տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստանալու իրավունք:
Հոդված 4. Բռնադատվածի զինվորական, գիտական և այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետևանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից՝ բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումի հիման վրա:
Հոդված 5. Բռնադատվածի (սկսած 14 տարեկանից) ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաև նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամկետները մտցվում են տարիքային արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժի մեջ՝ եռակի չափով:
(փոփ. 03.03.2000)
Բռնադատվելու հետևանքով անաշխատունակ դարձած անձը ապահովվում է աշխատանքային կենսաթոշակով՝ անկախ աշխատանքային ստաժից:
Հոդված 6. Բնակտարածությունը կորցրած բռնադատվածին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում իր նախկին բնակության վայրում, սեփականության իրավունքով, տրամադրվում է սահմանված չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար՝ օժտելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու իրավունքով:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է բռնադատվածին ազատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձից, եթե բռնադատման ժամանակ բռնագրավվել է նրա բնակտարածությունը:
Բնակարանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:
Հոդված 8. Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնադատված քաղաքացին օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված արտոնություններից:
Հոդված 9. Բռնադատվածին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), երթևեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 10. Բռնադատվածին կոմունալ սպասարկումների, ինչպես նաև հեռախոսի վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Բռնադատվածն ունի դեղորայքի արժեքի (ըստ դեղատոմսի) վճարի 50 տոկոս զեղչի իրավունք:
Հոդված 11. Բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրվում է միանվագ դրամական փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուպատիկի չափով:
Հոդված 12. Մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 6 և 7 հոդվածներով նախատեսված արտոնություններից:
Հոդված 13. Բռնադատվածների հարցերով զբաղվող հանձնաժողովը ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով:
Հոդված 14. Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
31 դեկտեմբերի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-82