ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ  5 - ՐԴ  ՆՍՏԱՇՐՋԱՆ

2022Թ. ԱՊՐԻԼԻ 5-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԺԱՄԸ 18:00

Նիստին մասնակցում են պատգամավորները, կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

Նիստին ներկա են 29 պատգամավորներ, բացակա՝ 4-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

    Արթուր Թովմասյան-Բարի երեկո բոլորին: Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ:                                                                                   

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան սույն թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:    

Առաջարկվել է 2022թ. ապրիլի 5-ին ժամը 18.00-ին գումարել Արցախի  Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը (հիմնական զեկուցող՝ պատգամավոր Գեղամ Ստեփանյան): Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և համապատասխան եզրակացությունով  պատրաստ ենք  այն քննարկելու, ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նիստի աշխատանքներին:  Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:

Գրանցում:

Ներկա են՝ 29 պատգամավորներ, բացակա՝ 4 - ը:

Մեր չորս գործընկերները գտնվում են գործուղման մեջ: Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացնելու համար հրավիրվում է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Խնդրեմ, պարոն Ստեփանյան:

Գեղամ Ստեփանյան - Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական - քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:

Համոզված ենք, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ունենալով Սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով, միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով մեր ազգային շահերը:

Աշխարհաքաղաքական իրողությունների այս բարդ ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը փորձելով տապալել ռուսական խաղաղապահ առաքելությունը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է գազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում բնակվող խաղաղ բնակչին, շարունակում զավթել նորանոր տարածքներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականությունը 1988 թվականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքից բխող ազգային ազատագրական պայքարի տեսլականը:

1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրով, այնուհետև համաժողովրդական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ձևավորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետությունը: 30 տարիների ընթացքում մենք անցել ենք հաղթանակների և անհաջողությունների միջով: 2020թ.  սեպտեմբերի 27-ին մեզ պարտադրված ու 44 օր տևած պատերազմի հետևանքով մենք ունեցանք մարդկային և տարածքային կորուստներ: Սակայն ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից: Խոնարhվելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների հիշատակի առջև` մեր հավատարմությունն ու պատրաստակամությունն ենք արձանագրում հետևողական լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգման գործընթացներին:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը: Ներկա պայմաններում ՀՀ կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար:

Հարգելի հայրենակիցներ: Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում: Շնորհակալության:

Արթուր Թովմասյան Հարցեր պարոն Ստեփանյանին: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Բալայանին:

Վահրամ Բալայան Հարգելի գործընկերներ, հայտարարության տեքստը քննարկվել է հանձնաժողովի նիստում և միաձայն դրական կարծիքով ներկայացվել է ձեզ ընդունման համար:

Արթուր Թովմասյան – Հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը:  Մտքերի փոխանակություն: Հերթագրվել են երեք պատգամավորներ: Ընկեր Իշխանյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Գալստյանը:

Դավիթ Իշխանյան - Հարգելի գործընկերներ, բնականաբար, հայտարարությունը հայտարարություն, բայց հայտարարության հետ կապված մենք չենք կարող ընդհանրապես տեսակետներ չներկայացնել և լռությամբ դա ընդունել: Ես պիտի փորձեմ նաև մեր, ձեր հիշողության մեջ վերաթարմացնել 2021թ. դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարությունը, և եթե ձեր հիշողությունները կամ մեր բոլորիս հիշողությունը չի թարմացել, ես կառաջարկեմ նիստից հետո նորից մեկ անգամ ևս նայել այդ հայտարարությունը և հիշել, թե ինչ պայմաններում ենք դա ընդունել: Դրան հաջորդել է դեկտեմբերի 24-ին Հայաստանի վարչապետի մամլո ասուլիսից հետո արտահայտված մի շարք տեսակետների հիման վրա և, բնականաբար, այսօրվա հայտարարությունն էլ միտված է վաղը՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում տեղի ունենալիք այդ հանդիպման մտահոգությամբ: Մտահոգությունները բնականաբար միշտ էլ առկա են, կան, թերևս մենք հույս ենք փայփայում, որ այդ մտահոգություններն ավելի դրական իմաստով զարգացում ապրեն, բայց, այնուհանդերձ, մենք նաև պիտի անդրադառնանք, թե վաղվա հանդիպումը ինչ խորագիր ունի: Այդ խորագիրը խաղաղության բանակցությունների գործընթացի սկիզբն է: Որևէ մեկս դեմ չենք խաղաղության, որևէ մեկս պատերազմի կողմնակից չենք, խաղաղության դարաշրջանի բացումը և խաղաղության ամրագրումը ենթադրում  է նաև գին: Ինչ գին է ունենալու այդ խաղաղությունը, այդ խաղաղության  բանակցությունների սկիզբը: Մենք դրա առիթը ունեինք 1994-1995թթ., ունեինք ոչ միայն մենք, ես նկատի ունեմ երկուստեք՝ Ադրբեջանը և հայկական կողմը: Սակայն մենք ուշի-ուշով հետևելով վերջին 25 տարիներին Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությանը, մենք նաև որոշակի ուսանելի բաներ ունենք, թող մերկապարանոց չթվա, բայց, այնուհանդերձ այդ գործընթացի սկիզբը, հուսանք, որ արագ ավարտվելու միտումներ չի ունենա, որովհետև, երբ որ մենք հետևում ենք Ադրբեջանին և տեսնում ենք Ադրբեջանի կողմից հնչեցված տեսակետներին, արդեն իսկ հրապարակ է իջեցվել հինգ կետերը. Ադրբեջանը սա ներկայացնում է որպես, այսպես ասած, ուլտիմատում, վերջնագիր: Հայկական կողմը բարձրաձայնում է, որ ընդունել է այդ տեսակետները, վերջապես Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի նախարարի, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կողմից և այլ պաշտոնյաների կողմից ընդունվել են այդ տեսակետները: Ինձ հետաքրքրում է մեկ հարց, իսկ մեզ հետ քննարկե՞լ են, իսկ մենք տեղյա՞կ ենք, մենք՝ խորհրդարանականներս, մեր խորհրդարանի նախագահը, արտաքին գործերի նախարարը, երկրի նախագահը, մենք տեղյա՞կ ենք  այդ փաթեթի այն գործընթացներին, որի շուրջ ծավալվելու է այդ բանակցությունների գործընթացը: Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հստակ պատկերացնել՝ ո՞րն է մեր համար ընդունելի կամ ու՞ր ենք մենք, որտե՞ղ է Արցախը, որտե՞ղ են այն սկզբունքները, որ մենք ամրագրել ենք, այն սկզբունքները, որ մեզ համար, եթե այսպես ներկայացնել, մի քանի կետերով, Արցախի կարգավիճակի հարցը, անվտանգության երաշխիքները, ինքնորոշման իրավունքի մեր կամ արտահայտության արդյունքներն ու պտուղները, ու՞ր գնացին կամ գուցե մեզ տանում են 88-ի նախորդած շրջան, գուցե մեզ տանում են 1920-ական թվականներ: Այս մտահոգություններն է, որ տեղիք է տալիս  և պարզապես մենք պարտավոր ենք այսօրվա հայտարարության ընդունման և համահայկական մթնոլորտ, համազգային համախմբում ձևավավորելու կոչով դիմելու հայությանը, նաև ազդարարել, որ, ոչ, պարոնայք, չի ստացվելու, չի լինելու այն  գործընթացը, որը  մեր մտահոգությունների դաշտում է: Մենք պարտավոր ենք կանխել, եթե  մեզ չհաջողվի, ապա մեր սերունդները, ինչպես և 1920-ական թվականների հաջորդած սերունդները կանխեցին, այդ գործընթացը պետք է կանխվի: Ես վերջում պարզապես պիտի մի փոքր հիշեցում անեմ. ձեզանից յուրաքանչյուրը դպրոցական տարիներին տարրական դասարաններում  սովորել է կամ մեզ ուսուցանել են շատ հետաքրքիր մի ստեղծագործություն, որի վերնագիրն է   «Վաղը ուշ է լինելու»: Ես կարծում եմ, վաղը ուշ է լինելու: Շնորհակալություն:  

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Իշխանյան: Պարոն Գալստյան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Հակոբյանը:

Դավիթ Գալստյան - Հարգելի գործընկերներ, իրոք ողջունելի է մեր այսպիսի արձագանքները ահագնացող աղետների դեմն ինչ-որ չափով առնելու համար, բայց մենք պետք է հաշվի առնենք նաև, թե ինչպես հայտնվեցինք այս իրավիճակում և տեսլական ներկայացնենք հետագա մեր անելիքների, մեր մտորումների, մեր խնդիրների, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Եվ այդ կապակցությամբ ուզում եմ մի փոքր, ավելի շուտ հայտարարություն, քան մտքերի փոխանակություն ևս անել: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն ապրում է վերջին 100-ամյակի իր պատմության ամենադժվարին ժամանակահատվածներից մեկը: Ամբողջ աշխարհն է ենթարկվել ցնցումների և խոշոր վերափոխումների: Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց տարածաշրջանային և համաշխարհային աղետաբեր զարգացումները վերստին մեծացրել են մեր հայրենիքի առջև ծառացած գոյաբանման սպառնալիքները: Թուրքիան և Ադրբեջանը դաշնակցաբար շարունակում են Հայաստանին առավելագույն կորուստներ պարտադրելու իրենց քաղաքականությունը, նրանց հետ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել հարկադրված համաձայնությունների, որոնք էլ ավելի կվտանգեն մեր իսկ հայրենիքում հարատևող   պետություն կառուցող մեր կարողությունները: 44 օր մեր դեմ պատերազմ վարած երկու  պետություն 2020թ. նոյեմբերի 9-ից հետո էլ արդեն մեկ ու կես տարի է շարունակում են իրենց հանցագործությունը: Արդեն ոչ թե պատերազմական բացահայտ գործողություններով, այլ գիբրիդային պատերազմի միջոցով: Արցախում գնալով վիճակը բարդանում է: Մի կողմից տարբեր ուղղություններով թշնամին դանդաղ առաջ է շարժվում և նոր դիրքեր զբաղեցնում, մյուս կողմից արցախցիների մոտ աճում է հուսահատությունը և անկումային տրամադրությունները: Հուսով եմ, որ մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ կանգնած ենք դժվարին մարտահրավերների առջև՝ ինչպես արտաքին ճակատում, այնպես էլ՝ ներքին: Այո, ծանր վիճակում է հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս: Հուսով եմ, որ գիտակցում ենք  նաև, որ Արցախի փրկությունն ու պետություն ունենալու համար անհրաժեշտ է կոնսոլիդացիա՝ հայի, հայ մնալու և ոչ թե գաղթական դառնալու կոնսոլիդացիա: Այլընտրանք չկա: Եվ որպեսզի Արցախը վերջնականապես չհայաթափվի և մնա հայկական, պարտավոր ենք փոխել և պետական, և կառավարման առաջնահերթությունները, պարտավոր ենք փոխել մեզ: Արցախյան պատերազմը իսկապես խորը ճգնաժամ առաջացրեց հայկական աշխարհում: Այո, շատ դժվար է միավորվել պարտության շուրջ: Դրա համար մենք պետք է նոր օրակարգ  ներկայացնենք, սակայն, ցավոք, մեկ ու կես տարի է այդ ուղղությամբ ոչինչ չարվեց: Այսօր մենք պետք է «ոչ» ասենք քարացած մտածողությանը և մեր գոյության  իրական սպառնալիքների թերագնահատմանը, անտարբերությանն ու անգործությանը: Այն խնդիրները, որոնց հիմա առնչվում ենք, կարող էին չլինել,  եթե ժամանակին և Արցախում, և Հայաստանում ձևավորվեր նոր որակի իշխանություն, որի մասին մենք բազմիցս հայտարարել ենք: Սակայն մենք գտնում ենք, որ դեռևս ուշ չէ: Մենք, ոչ թե հանդիսատեսի դերում պետք է լինենք, այլ՝ ակտիվ պայքարողի: Վաղուց ժամանակն է ներգրավվելու պայքարի մեջ, փրկելու մեր հայկական Արցախի ապագան: Ցավոք, այսօր օր ու գիշեր շրջանառվում է խաղաղության դարաշրջան բացելու կեղծ օրակարգը:  «Խաղաղության պայմանագիր»՝   այս իրավիճակում և այս պայմաններով նշանակում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում, ինչը նշանակում է դառնալ Նախիջևան: Կարելի է ենթադրել նաև ռուս խաղաղապահների դուրս բերումն Արցախից և հետագայում ռուսական ռազմաբազայի դուրս բերումը Հայաստանից: Իսկ մենք, կարծում եմ, հասկանում ենք, որ մեր հայրենի հողում այսօր անվտանգ ապրելու և արարելու հիմնական երաշխավորը մեր պաշտպանության բանակի հետ մեկտեղ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը իր խաղաղապահ առաքելությամբ: Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ պետք է անցնենք ակտիվ աշխատանքի փուլ: Բազմիցս հայտարարել ենք, որ ժամանակ չունենք դանդաղելու և պետք է օր առաջ պատրաստ լինենք այս ամենին: Անհրաժեշտ է անվտանգային համակարգի վերափոխում  և վերապատրաստում, ռուս խաղաղապահների զորախմբի թվաքանակի ավելացման գործընթացի աջակցում և հիմքերի ստեղծում, ջրի, հոսանքի, գազի, կապի, ալտերնատիվ եղանակների ներդնում, դիվանագիտական դաշտի ակտիվացում  և՝ այսպես շարունակ: Անհրաժեշտ է նախաձեռնել Ռուսաստանի և Արցախի միջև ուղիղ հարաբերությունների գործընթաց: Պետք է նախաձեռնել տարածաշրջանային կոնսուլտացիաներ անվտանգային, հումանիտար և տնտեսական համագործակցության թեմաներով, Հայաստան-Ռուսաստան–Արցախ ձևաչափով, որտեղ պետք է բարձրաձայնվի ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը՝ հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Աշխարհը պետք է տեսնի և զգա, որ մենք չենք պատրաստվում մարել և  պատրաստ ենք պայքարել հանուն Արցախի հայկական ապագայի: Շնորհակալություն:   

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն:  Տիկին Հակոբյան, խնդրեմ:

Մետաքսե Հակոբյան – Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր անգամ հայտարարություն անելիս, կարծում եմ, յուրաքանչյուրս մեր մասը, մեր բաժինն ենք վերցնում այդ հայտարարությունից: Այսօրվա հայտարարության իմաստը վերցրեցի որպես կոչ համասփյուռ հայության հավաքվելու: Կրկին անգամ հայրենիքը վտանգված է, այս անգամ Արցախ - Հայաստան փրկելու: Սիրելի հայրենակիցներ, աշխարհաքաղաքական այս քաոսի մեջ, որ տիրում է ողջ աշխարհում, մեր մի բուռ դարձած հայրենիքը դարձել է սակարկման առարկա: Սկսած 2020թ. սեպտեմբերի 27-ից առայսօր բոլորիս մոտ նույն զգացողությունն է, որ յուրաքանչյուր անցնող օրը ծանրագույնն էր, սակայն եկող օրվա հետ նոր ցավոտ անակնկալներ ու ծանր փորձություններ են, որոնք   շատ դեպքերում վիրավոր ու կեղեքված Արցախի համար անհաղթահարելի են թվում, երբեմն էլ հենց այդպիսին դառնում: 34 տարի առաջ հայը գիտակցում էր, որ թե հաղթանակը, թե անկախությունը հեշտ չի տրվելու, իսկ պահելը՝ առավել դժվար: Սակայն դա չկանգնեցրեց, որ դառնանք մեկ Հայաստան-Արցախ-Սփյուռք ու սկսենք հարթել Հայաստան-Արցախ միավորող ու մեկ   դարձնող արահետը: Մեր ազգը աշխարհի բացառիկներից է, որը երբևէ չի ցանկացել ու չի ձգտել պատերազմի: Մենք միշտ ստեղծել ենք, արարել ու քարից հաց քամել, սակայն բարբարոս, քոչվոր ցեղերը միշտ ցանկացել են տիրանալ մեր ստեղծածին ու մեր հայրենիքին: Հիմա, երբ կարծես աշխարհը քաղաքակրթության  ծաղկման գագաթնակետում է, մեկ հարյուրամյակ մեզ թշնամության հայտ ներկայացրած Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ ի ցույց աշխարհի շարունակում են լկտիաբար ահաբեկել, սպանել ու զրկել մեզ մեր պատմական հայրենիքից: Կարողացանք դիմակայել և վերջապես 90-ականներին հաղթել թշնամուն մեր մեծ ուժեղ կամքի ու մեր համախմբման շնորհիվ: Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ պատերազմը չի ավարտվել: 2020թ. նոյեմբերի 9-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հիբրիդային պատերազմ է վարում մեր դեմ, նաև այդ ամենը հաստատում՝ հրապարակայնորեն հռչակելով և օրենքի ուժ տալով պանթուրքիստական նկրտումներին: Օրեցօր թշնամական կողմի  ավելացող և անկանխատեսելի դարձած ահաբեկչական գործողությունները, ինչի արդյունքում շարունակում ենք զոհեր և վիրավորներ ունենալ, հաստատում է, որ օրակարգ բերված խաղաղության դարաշրջանի բացումը կեղծ է: Քանզի 1915թ. նույնատիպ կեղծ օրակարգով ցեղասպանվեց մեկ ու կես միլիոն հայ, իսկ ողջ մնացածները դարձան հայրենազուրկ: Մեր առջև արյունարբու և հայատյաց թշնամի է, որը մեկ նպատակ ունի՝ վերացնել հային ու տիրանալ մեր պատմական ողջ հայրենիքին: Մենք պիտի միշտ զգոն, միշտ պատրաստ լինենք դիմակայել ագրեսորին՝ հստակ պահելով կարմիր գծերը. այն է՝ Հայաստանը և Արցախը մեր պատմական հայրենիքն են: Մենք երբեք չենք կարող կեղծ խաղաղության օրակարգ որպես ողորմություն վերցնել: Պիտի երբեք չմոռանալ, որ խաղաղությունը պիտի լինի վաստակած և արժանապատիվ: Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանզի դա նշանակում է հրաժարվել Արցախից, հանձնել այն թշնամուն, չապրել Արցախում և կորստյան մատնել Հայաստանը: Կարմիր գիծ է Արցախի Հանրապետության  ճանաչման գործընթացն ու 88-ի գաղափարը: Այսօր Արցախի Հանրապետությունը օրհասական իրավիճակում է, լինել-չլինելու ճամփաբաժնին է, ուստի Արցախի Ազգային ժողովը  պարտավոր է իր վրա վերցնել  պատասխանատվություն և սկսել գործընթաց՝ Արցախի ճանաչում հանուն փրկության: Կարմիր գիծ է մեր միասնականությունն ու համախմբվածությունը: Ես գիտեմ, որ և այս դահլիճում, և դահլիճից դուրս գտնվող հայը, կրկնում եմ, հայը, մեկ նպատակ ունի ապրել արժանապատիվ իր իսկ հայրենիքում  և վերադարձնել սերունդներից պարտքով վերցրածը: Եվ ինչպես Շիրազը կասեր.

 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:  

Եվ հիմա, երբ կրկին հայի լինել-չլինելու հարցն է, բոլորս պիտի մի կողմ դնենք ամեն բան՝ բնավորություն, բարեկեցություն, անձնական ցանկություններ և մի բռունցք դարձած փրկենք Արցախը: Շնորհակալ եմ:   

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, իրավունքի ուժով: Նախ, պարոն Բաբայան, ծնունդդ շնորհավոր, քեզ հաջողություն եմ ցանկանում և անձնական կյանքում, և դիվանագիտական աշխատանքում: Եկեք առավել բուռն ծափահարություններով ողջունենք մեր հայրենակիցներին, որոնք այս պահին խաղաղ հավաք են անցկացնում Ստեփանակերտում: Մենք ուղղակի հարգելով «Ռազմական դրության մասին» օրենքը, մենք էլ կարող էինք այդ ցույցին մասնակցել: Այո, այս պահին ցույց է տեղի ունենում: Եկեք ծափահարենք: Հայաստանում էլ են հավաքվել: Մարդիկ հավաքվել են, որովհետև մտահոգված են Արցախի և Հայաստանի ճակատագրով: Ծափահարենք նաև Սփյուռքին, որովհետև այնտեղ էլ են հավաքվել: Այսօր հիշեցի կոմունիստական հասարակարգի տարիները: Ամեն ինչ լավ էր, մտքերի փոխանակությունը, մի բան եմ ուզում ասել, իհարկե համաձայն եմ, իհարկե ամեն ինչ լավ է, որ մենք միասին ենք, իհարկե հայտարարության մեջ դա ընդգծված է, բայց արդյոք Հայաստանում և Արցախում, եթե այլ որակի իշխանություն լինի: Արցախի իշխանության որակից ասեմ, քանի որ մնացած ընտրությունները նշանակումներ են կամ ընտրություններ համաժողովրդական՝ հեշտ է Ազգային ժողովի նախագահին փոխելն է, եթե այլ որակ կա այստեղ, որը ավելի է մտահոգված Արցախով, խնդրեմ: Դուք բոլորդ իրավունք ունեք անվստահություն արտահայտելու Ազգային ժողովի նախագահին: Սրա փակագծերը կբացեմ, երբ որ լրատվամիջոցները գնան: Ես ձեզ ասեմ, ընդդիմությունը ավելի լավ որակ է, քան գործող իշխանությունը: Սա միանշանակ, բայց այսօր, այդ օրը չէ: Այսօր ոչ ոք աթոռից կառչած չէ: Երբ որ այս արտահերթ նիստը պիտի անեինք, ես մի քանի օր առաջ մտահոգված՝ Բրյուսելի հանդիպումով, հանդիպումներ ունեցա Երևանում պաշտոնատար անձաց հետ, որը քիչ հետո առանց լրատվամիջոցների ձեզ կասեմ ում հետ եմ հանդիպել, ինչ ենք զրուցել: Իհարկե, պարոն Իշխանյան, հինգ կետերը ինձ հետ չեն քննարկել, որովհետև ես էլ ունեմ իմ հինգ կետերը: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, Վրաստանն ու Ադրբեջանը մինչև հիմա սահմանազատումն ու սահմանագծումը չի ավարտել: Աշխարհում կան բազմաթիվ պետություններ, որ սահմանային վեճ կա: Նույնիսկ Չեխոսլովակիայում, որ այդքան խաղաղ, առանց մեկ զոհի՝ ստեղծվեց Սլովակիայի և Չեխիայի Հանրապետությունները,  այնտեղ էլ կա մի քաղաք, որտեղ քաղաքապետը,  եթե չեխ է ընտրվում, ապա տեղակալը անպայման պիտի սլովակ լինի, հաջորդ 5 տարին, եթե սլովակ է, ապա տեղակալը՝ չեխ: Ավելի քաղաքակիրթ ձևով: ՈՒղղակի մեր թշնամին սա է, ի՞նչ պիտի անենք մենք: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատի: Բայց ռուս-ուկրաինական պատերազմից հետո էլ ավելի դժվարացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ Արցախյան հիմնահարցի լուծման շուրջ: Արցախյան հիմնախնդիրը միակ հիմնախնդիրն է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան համարյա ունեն միևնույն տեսակետները: Նայեք, Կոսովոյի դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպայի մի շարք պետություններ ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, Ռուսաստանը և Ռուսաստանի դաշնակից պետությունները՝ չճանաչեցին: Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում՝ Ռուսաստանը, Բելառուսը և մի շարք փոքր պետություններ ճանաչեցին, բայց  Ամերիկայի Միացյալ Նահանգները  և եվրոպական երկրները չճանաչեցին: Եվ Կոսովոյի անկախությունը, և Հարավային Օսիայի անկախությունը տեղի ունեցավ պատերազմի ժամանակ: Բազմաթիվ անգամ ասել եմ և ասում եմ, որ մենք ներկայացնում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, մենք բոլորս պատգամավորներ ենք և մեր բոլորի երազանքն է տեսնել այդ անկախություն օրը: Աշխարհի բոլոր  պետություններին տարբեր ժամանակներում նամակ է գրված Ազգային ժողովի կողմից, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը:

 Ես ուզում եմ թարմացնել հիշողությունները, այսօր թարմացումը պետք է այնտեղ, պետք է ասեինք, որ նաև դեկտեմբերի 24-ը Իլհամ Ալիևի ծննդյան օրն էր:

Ի՞նչ պիտի անենք մենք. առաջին հերթին պահպանել քաղաքական դուխը, ոգին, որը կա: Ինձ հարց են տալիս, ի՞նչ կարծիքի ես տիկին Հակոբյանի հայտարարությունների մասին: Ես ասում եմ հետևյալը՝ մտահոգված հայ կնոջ հարցազրույցներ և հայտարարություններ են: Կան բաներ, որոնք ճիշտ են, կան բաներ, որոնք համաձայն չեմ: Բայց ընդհանուր առմամբ կան մտահոգ հայ կնոջ հարցազրույցներ և հայտարարություններ:

Ի՞նչ պիտի անենք մենք, ամեն անգամ որևէ պատվիրակություն, եթե Արցախի Հանրապետությունը ներկայացնում է, Հայաստանի Հանրապետությունը մի կողմ ենք թողնում, Հայաստան աշխարհից դուրս անկախ մեր քաղաքական հայացքներից, անկախ ամեն ինչից, մենք հպարտորեն պետք է ներկայացնենք մեր պետությունը: Փորձում եմ ավելորդ բան չասել:

Ավարտեցինք մտքերի փոխանակությունը:  Ելույթի ցանկություն կա՞: Չկա: Այժմ քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը:

Քվեարկություն:

Կողմ՝ 29-ը:

Դեմ՝ չկա:

Ձեռնպահ՝ չկա:

Ավարտեցինք օրակարգային հարցի  քննարկումը:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Այսքանով ավարտում ենք արտահերթ նիստի  աշխատանքները:

Ցտեսություն: