Բնության պահպանության մասին ԼՂՀ օրենսդրության հիմունքները

                                                                                                                                                                                                                  Ընդունվել է 2000թ. դեկտեմբերի 22-ին

Սույն հիմունքները սահմանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանական քաղաքականությունը եւ նպատակ ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապահովել բնական միջավայրի պահպանությունը եւ օգտագործման կարգավորումը, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավական հիմք ստեղծել ընդերքի, անտառային եւ ջրային հարաբերությունները, բուսական եւ կենդանական աշխարհի, մթնոլորտային օդի պահպանության եւ օգտագործման հարաբերությունները կարգավորող բնապահպանական օրենսդրության զարգացման համար:

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Բնության պահպանության էությունն ու նպատակները

 

Բնության պահպանությունը շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցության կանխման, կենսոլորտի կայունության պահպանման, բնության եւ մարդու կենսագործունեության ներդաշնակության ապահովման եւ բնական պաշարների խնայողաբար օգտագործման ու վերարտադրության գործնական միջոցառումների իրականացումն է£

Բնության պահպանության նպատակներն են՝

- ապահովել մարդկանց ապրելու եւ կենսագործունեության համար պիտանի բնական միջավայր.

- պահպանել բնական գենոֆոնդը, նպաստել կենդանական ու բուսական աշխարհի հարստությունների վերարտադրմանը.

- պահպանել բնատարածքային համակարգերի ընդհանուր էկոլոգիական հավասարակշռություն եւ լանդշաֆտների բազմազանություն.

- պահպանել եւ արդյունավետ օգտագործել օգտակար հանածոների պաշարները, ապահովել դրանց համակարգված եւ անթափոն շահագործումը.

- պահպանել հազվագյուտ բնական համալիրները եւ ազգային ժառանգություն հանդիսացող պատմական, մշակութային ու գեղագիտական բնական արժեքները:

 

Հոդված 2. Պահպանության ենթակա բնության օբյեկտները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում աղտոտումից, փչացումից, վնասումից, սպառումից եւ վերացումից պետական պահպանության եւ օգտագործման կարգավորման ենթակա են հողը, նրա ընդերքը, բուսական եւ կենդանական աշխարհը, մթնոլորտային օդը, ջրերը, բնության հատուկ պահպանվող տարածքները (արգելոցները, արգելավայրերը, բնորոշ կամ հազվագյուտ բնական օբյեկտները), առողջարանային, պատմական կարեւորագույն իրադարձությունների հետ կապված վայրերը, լանդշաֆտները:

 

Հոդված 3. Բնության օգտագործման էությունը, նպատակները եւ պայմանները

 

 Բնության օգտագործումը մարդու եւ բնության փոխհարաբերությունն է,  որի ընթացքում բավարարվում են  մարդու հոգեւոր, ֆիզիկական եւ նյութական պահանջմունքները:

 Բնության օգտագործումը թույլատրվում է միայն դրա պահպանության եւ վերարտադրության ապահովման պայմանով:

 

Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  բնության պահպանությունը եւ բնական պաշարների օգտագործումը կարգավորող օրենսդրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության պահպանության եւ բնական պաշարների օգտագործման հարաբերությունները կարգավորվում են սույն հիմունքներով եւ դրանց համապատասխան ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով եւ ենթաօրենսդրական ակտերով:

 

Հոդված 5. Բնության պահպանության ապահովման տնտեսական մեխանիզմը

 

Բնության պահպանության ապահովման տնտեսական մեխանիզմը սահմանվում է առանձին ենթաօրենսդրական ակտերով եւ ընդգրկում է՝

- վարձի գանձում բնական պաշարների օգտագործման, շրջակա միջավայրի աղտոտման եւ նրա վրա այլ թույլատրելի սահմաններում վնասակար ազդեցության համար.

- տուգանքների գանձում բնապահպանական օրենսդրության խախտումների համար.

- բարձր հարկերի եւ այլ տնտեսական պատժամիջոցների կիրառում բնության պահպանությունն ապահովող գիտատեխնիկական նվաճումներ, նոր, առավել արդյունավետ միջոցներ, սարքավորումներ, տեխնոլոգիա եւ տեխնիկա չներդնելու կամ դրանք պատշաճ կարգով չօգտագործելու դեպքում.

- լրացուցիչ հարկի գանձում էկոլոգիապես վնասակար տեխնոլոգիա կիրառելու համար.

- հարկային, վարկային  եւ այլ արտոնությունների ընձեռում սակավաթափոն, անթափոն  եւ ռեսուրսախնայող արտադրության ու տեխնոլոգիայի ներդրման, բնության պահպանությանն ու վերականգնմանը նպաստող գործունեության, էկոլոգիական բարձր կարգապահության համար.

- շրջակա բնական միջավայրն աղտոտող անխուսափելի արտանետումների իրավունք տվող լիցենզիաների հատկացում.

- բնական օբյեկտների փչացման կամ ոչնչացման հետեւանքով պատճառված վնասի հատուցում.

- շրջակա միջավայրի կամ նրա առանձին մասերի խախտված վիճակը վերականգնելու պարտավորությունների սահմանում:

Բնապահպանական միջոցառումների  համար ստեղծվում են բնության պահպանության հանրապետական եւ տեղական ֆոնդեր:

Հասարակական կազմակերպությունները  կարող են ստեղծել բնության պահպանության հասարակական ֆոնդեր:

 

Հոդված 6. Պետության պարտավորությունները բնության պահպանության բնագավառում

 

Բնության պահպանությունը զուգակցելով ազգային պետական քաղաքականության մյուս հիմնահարցերի հետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պարտավորվում է՝

- հանրապետության բոլոր քաղաքացիների համար ապահովել նրանց սոցիալական, գեղագիտական եւ մշակութային պահանջմունքները բավարարող անվտանգ, առողջ եւ բարենպաստ բնական պայմաններ.

- հասնել բնական միջավայրի առավել արդյունավետ օգտագործմանը՝ բացառելով նրա վատթարացումը, մարդկանց առողջության եւ էկոլոգիական անվտանգության համար սպառնալիքի առաջացումը.

- հասնել հավասարակշռության ազգաբնակչության աճի եւ բնական պաշարների  օգտագործման միջեւ, ապահովել բնության առանձին կամ մի քանի բաղկացուցիչ մասերի ընդհանուր էկոլոգիական հաշվեկշիռը.

- այդ բնագավառում զուգակցել ազգային եւ միջազգային շահերը:

 

Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասու-թյունները բնության պահպանության բնագավառում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասության մեջ է մտնում բնապահպանական միջոցառումների մշակումը եւ իրականացումը, այդ բնագավառում  արտաքին հարաբերությունների զարգացումը, բնական պաշարների օգտագործման կարգավորումը, բնական, պատմական եւ մշակութային հուշարձանները պետության պահպանության տակ վերցնելը, էկոլոգիական ճգնաժամի կանխումը եւ տարերային աղետների ու խոշոր վթարների հետեւանքների վերացումը:

 

Հոդված 8. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը բնության պահպանության բնագավառում

 

Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության մեջ են մտնում՝ բնապահ-պանական գերատեսչությունների հետ համաձայնեցնելուց հետո բնության օգտագործման ծավալն ու եղանակները սահմանող պայմանագրերի կնքումը,  տարածքն օգտագործման հանձնելը, լանդշաֆտների, էկոհամակարգերի եւ բնության առանձին տարրերի պահպանումն ու համապատասխան հսկողության իրականացումը:

 

Հոդված 9. Բնության պահպանության լիազորված պետական մարմնի իրավասությունը

 

Բնության պահպանության նկատմամբ պետական հսկողության իրականացումը եւ բնական պաշարների օգտագործումը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ լիազորված պետական մարմին), որի իրավասությունը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության պահպանության լիազորված պետական մարմնի մասին կանոնադրությամբ: Լիազորված պետական մարմինը պարտավոր է բնակչությանը ժամանակին եւ ստույգ տեղեկություններ հաղորդել շրջակա միջավայրի վիճակի մասին:

 

Հոդված 10. Քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները բնության պահպանության բնագավառում

 

  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի՝

 - օգտվել բնության առողջարար հատկություններից.

 - օրենքով սահմանված կարգով օգտվել բնության բարիքներից.

 - ստանալ շրջակա միջավայրի աղտոտման, էկոլոգիական վթարի կամ աղետի հետեւանքով առողջությանը պատճառված վնասի լրիվ հատուցում.

 - պահանջել եւ ժամանակին ստանալ ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն շրջակա միջավայրի իրավիճակի մասին.

 - բնակվել մաքուր շրջակա միջավայրում, իսկ վերջինիս խախտումների դեպքում՝ ստանալ էկոլոգիական աղետյալի կարգավիճակ, որի դեպքում կիրառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համարժեք փոխհատուցման համակարգը.

 - մասնակցություն ունենալ բնության պահպանության վերաբերյալ օրենքների եւ որոշում-ների  իրականացման նկատմամբ հսկողությանը.

 - ներգրավվել բնապահպանական հասարակական կազմակերպություններում.

 - օգտվել այլ իրավունքներից, որոնք չեն հակասում բնապահպանական օրենսդրությանը.

 Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է անշեղորեն կատարել բնապահպանական օրենսդրության պահանջները, աջակցել բնության պահպանությանը:

 

ԳԼՈՒԽ  2

ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈՐԱԿԻ ՉԱՓԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

 

Հոդված 11. Շրջակա բնական միջավայրի որակի չափակարգումը

 

Շրջակա բնական միջավայրի որակի չափակարգումը կատարվում է այդ միջավայրի վրա ներգործության գիտականորեն հիմնավորված, բնակչության առողջությունը եւ ընդհանուր էկոլոգիական համակարգի անվտանգությունը երաշխավորող սահմանային թույլատրելի նորմատիվներ սահմանելու նպատակով:

Շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա վնասակար ներգործության սահմանային թույլատրելի չափերը փոփոխվում են գիտության եւ տեխնիկայի զարգացմանը համընթաց, հաշվի առնելով միջազգային ստանդարտները, լիազորված պետական մարմնի եւ առողջապահության նախարարության կողմից, որոնք, ելնելով տվյալ շրջանի առանձնահատ-կություններից եւ համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, կարող են խստացնել սահմանված չափերը:

Բնության պահպանության նորմատիվ-տեխնիկական եւ չափաբանական-մետրոլոգիական ապահովման համակարգն ընդգրկում է՝

 - օդը, ջուրը եւ ընդերքը աղտոտող վնասակար նյութերի առավել թույլատրելի խտության չափերը.

 - վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների չափերը.

 - բնության վրա վնասակար ներգործություն ունեցող քիմիական նյութերի կիրառման չափերը.

 - աղմուկի, վիբրացիայի, մագնիսական դաշտերի, ռադիացիոն ճառագայթման եւ այլ վնասակար ֆիզիկական ներգործությունների սահմանային թույլատրելի չափերը.

 - սննդամթերքի մեջ քիմիական նյութերի մնացորդների առավել թույլատրելի չափերը,

 - գյուղատնտեսության քիմիացման միջոցների կիրառման սահմանային թույլատրելի չափերը.

 - բնական միջավայրի ծանրաբեռնվածության թույլատրելի չափերը.

 - սանիտարական  եւ պաշտպանական գոտիների չափերը.

 - բնակչության եւ նրա առանձին խմբերի առողջական վիճակը բնորոշող ցուցանիշներ£

 

Հոդված 12. Շրջակա միջավայրի վիճակի հետազոտումը

 

Շրջակա բնական միջավայրի որակը պետք  է համապատասխանի այդ շրջանում գործող նորմատիվներին (չափորոշիչներին): Բնական միջավայրի հետազոտումը եւ գնահատումը կատարվում է մշտապես: Այն իրականացվում է բնության պահպանության լիազորված պետական մարմինների կողմից, մոնիտորինգի միջոցով: Էկոլոգիական գործող նորմատիվները չպահպանելու դեպքում բնության պահպանության լիազորված պետական մարմինների կողմից կարող են սահմանափակվել կամ դադարեցվել աղտոտող արտանետումները եւ վնասակար  ներգործության մյուս ձեւերը՝ ընդհուպ մինչեւ համապատասխան ձեռնարկությունը, հիմնարկը փակելը:

 

Հոդված 13. Շրջակա միջավայրի վրա ազդող տնտեսական եւ այլ նախագծերի մշակումն ու իրականացումը

 

Շրջակա միջավայրի վիճակի վրա վնասակար ազդեցություն ունեցող քաղաքաշինական, տնտեսական եւ այլ գործունեության նախագծերը պետք է ունենան էկոլոգիական հիմնավորում, որը շրջակա միջավայրի վրա ներգործության մասին տեղեկանքի ձեւով, մինչեւ նախագծի հաստատումը, պատվիրատուն ներկայացնում է բնության պահպանության լիազորված պետական մարմիններին: Տեղեկանքը պարունակում է  առաջարկվող նախագծի իրականացման դեպքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ներգործության գնահատում, ինչպես նաեւ այն բնապահպանական միջոցառումները, որոնք կատարվելու են  նախագիծն իրականացնելիս: Արգելվում է այնպիսի նախագծերի մշակումն ու իրականացումը, որոնք կարող են խախտել բնական հավասարակշռությունը եւ էկոլոգիական համակարգերը, ոչնչացնել բույսերի եւ կենդանիների գենետիկական ֆոնդը կամ մարդու առողջության եւ բնական միջավայրի համար առաջացնել այլ անուղղելի հետեւանքներ:

 

Հոդված 14. Ձեռնարկությունների, շինությունների եւ այլ օբյեկտների շահագործմանը ներկայացվող էկոլոգիական պահանջները

 

 Ձեռնարկությունները, միավորումները եւ կազմակերպությունները, որոնց գործունեությունը կարող է վնասակար ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, պարտավոր են գործնական եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնական առողջ միջավայրի եւ էկոլոգիական նորմատիվների պահպանման համար:

 Ձեռնարկությունները պարտավոր են գործող նորմատիվներին համապատասխան ապահովել բնական միջավայրի  պահպանությունը՝ մաքրիչ սարքավորումների, կառուցվածքների եւ կայանքների անխափան եւ արդյունավետ աշխատանքը, վնասակար թափոնների  վնասազերծումն ապահովելու, էկոլոգիապես անվտանգ  տեխնոլոգիաների եւ ջրաշրջանառու մատակարարման համակարգեր ներդնելու միջոցով:

 Արգելվում է շահագործման ընդունել այն օբյեկտները, որոնք չեն ապահովում էկոլոգիական բոլոր պահանջների կատարումը£ Այդպիսի օբյեկտները շահագործման ընդունած հանձնաժողովի նախագահը եւ անդամները ենթակա են վարչական եւ քրեական պատասխանատվության:

Էկոլոգիապես վնասակար օբյեկտների վերապրոֆիլավորումը կատարվում է բնության պահպանության լիազորված պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ:

 

Հոդված 15. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը

 

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել հայեցակարգերը եւ նախատեսվող տնտեսական, սոցիալական եւ այլ գործունեությունները (կառուցում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական վերազինում, լուծարում եւ այլն), որոնք ունեն վտանգավոր ազդեցություն շրջակա միջավայրի վրա:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը անց է կացվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ  3

ԲՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 16. Հողի պահպանությունը

 

Պահպանության ենթակա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ հողային ֆոնդը:

 

Հողի սեփականատերերը եւ հողօգտագործողները պարտավոր են հողն օգտագործել ըստ նշանակության, ռացիոնալ եւ արդյունավետ, վերաբերվել խնամքով եւ թույլ չտալ նրա աղակալում, ճահճացում եւ վատթարացում, էռոզիայի զարգացում, թույլատրելի սահմանային խտություններից ավելի քիմիական նյութերով եւ տարրերով աղտոտում եւ այլն:

Հողի պահպանության պահանջները չկատարելու դեպքում այն կարող է հետ վերցվել ինչպես օգտագործողից, այնպես էլ սեփականատիրոջից£ Հողը հանձնվում է օգտագործողին միայն նրա էկոլոգիական վիճակը բնութագրող փաստաթուղթը (անձնագիրը) կազմվելուց հետո:

Հողի օգտագործումն կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսդրությամբ:

 

Հոդված 17. Ընդերքի պահպանությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ ընդերքը ենթակա է պահպանության£ Ընդերքը եւ օգտակար հանածոները օգտագործվում են երկրաբանական լիակատար ուսումնասիրությանը համապատասխան՝ ապահովելով ընդերքի եւ օգտակար հանածոների ռացիոնալ ու կոմպլեքսային օգտագործումը, պահպանելով դրանց օգտագործման սահմանված կարգը:

Ընդերքի օգտագործումը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենքով:

 

Հոդված 18. Ջրերի պահպանությունը

 

Մակերեսային եւ ստորգետնյա ջրերը ենթակա են պահպանման աղտոտումից, աղբակալումից եւ սպառումից:

Ջրերն օգտագործվում են պայմանով, որ բնական շրջանառության մեջ պահպանվի անհրաժեշտ քանակությամբ ջուր, ապահովվի ջրերի նորմատիվ մանրէաբանական եւ քիմիական մաքրությունը, ջրային կենդանական ու բուսական աշխարհի անաղարտությունը:

Ջրօգտագործումը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսդրությամբ:

 

Հոդված 19. Օդի պահպանությունը

 

 

Մթնոլորտային օդը շրջակա բնական միջավայրի  կենսականորեն կարեւոր հիմնական տարրերից մեկն է:

Մթնոլորտային օդի վիճակը գնահատելու համար սահմանվում են մթնոլորտն աղտոտող  նյութերի առավելագույն թույլատրելի խտությունների եւ մթնոլորտի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների  մակարդակների չափորոշիչներ£ Այդ չափորոշիչները պետք է համապա-տասխանեն մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի պահպանության շահերին:

Նոր եւ վերակառուցված ձեռնարկությունների, կառուցվածքների եւ մյուս  օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, կառուցման եւ օգտագործման, գոյություն ունեցող տեխնոլոգիական պրոցեսների եւ սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է  ապահովել մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների չափորոշիչների պահպանումը:

Արգելվում է մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող նոր ու վերակառուցված ձեռնարկությունների, կառուցվածքների եւ մյուս օբյեկտների շահագործման հանձնումը:

Մթնոլորտային օդի պահպանությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքով:

 

Հոդված 20. Անտառների, պետական անտառային ֆոնդի մեջ չմտնող ծառաթփային տնկարկների եւ այլ օգտակար բուսականության պահպանությունը

 

Պահպանության ենթակա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառները, քաղաքներում  եւ այլ բնակավայրերում, ճանապարհներին ու ջրանցքներին հատկացվող հողաշերտերում գտնվող՝ պետական անտառային ֆոնդի մեջ չմտնող ծառերը, ծառախմբերը, ինչպես նաեւ մյուս ծառաթփային տնկարկները, որոնք ունեն առողջարարական, պաշտպանական ու գեղագիտական նշանակություն, ինչպես նաեւ գյուղատնտեսական հողերում գտնվող առանձին դեկորատիվ ծառերն ու ծառախմբերը եւ ամեն մի օգտակար բուսականություն:

Բուսական աշխարհի  օգտագործումը, վերարտադրության ու պահպանության բնագավառում ծագող հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բուսական աշխարհի մասին  օրենսդրությամբ:

 

Հոդված 21. Կենդանական աշխարհի պահպանությունը

 

Պահպանման եւ կարգավորված օգտագործման ենթակա են այն վայրի կենդանիները, որոնք բնական վիճակում ապրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում (օդում, ջրում, հողում): Արգելվում են այն գործողությունները, որոնք կարող են խոչընդոտել կենդանիների բնականոն վերարտադրությանը, բազմատեսակության պահպանմանը, խախտել դրանց բնակության միջավայրը, ինչպես նաեւ հասցնել բնության կենսաբանական աղտոտման:

Կենդանաբանական աշխարհի պահպանությունը եւ օգտագործումը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանական աշխարհի մասին օրենսդրությամբ:

 

Հոդված 22. Հատուկ պահպանվող բնական տարածքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական հատուկ պահպանության են ենթակա պետական արգելոցները, պետական արգելավայրերը, ազգային բնական զբոսայգիները, բնության հուշարձանները:

Հատուկ պահպանվող բնական տարածքների պահպանության բնագավառում ծագող հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հատուկ պահպանվող բնական տարածքների մասին օրենքով:

 

Հոդված 23 Հազվագյուտ եւ անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի եւ կենդանիների պահպանությունը

 

Հազվագյուտ եւ անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի ու կենդանիների պահպանության համար հիմք է ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գիրքը՝ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Արգելվում է ամեն մի գործունեություն, որը հանգեցնում է Կարմիր գիրք մտցված բույսերի ու կենդանիների թվաքանակի կրճատմանը, դրանց տարածման վայրերի վատթարացմանը: Այդ բույսերը եւ կենդանիները գիտական նպատակով աճեցնելու, վերարտադրելու, ինչպես նաեւ մարդկային կյանքին վտանգ սպառնալու դեպքում կենդանիներ որսալու թույլտվության կարգը սահմանվում է լիազորված պետական մարմնի կողմից:

Ձեռնարկությունները, կազմակերպությունները եւ մյուս հողօգտագործողները, որոնց տարածքում կան Կարմիր գիրք մտցված բույսեր եւ կենդանիներ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պաշտպանության եւ վերարտադրության համար:

Կարմիր գիրք մտցված բույսերի եւ կենդանիների ոչնչացման համար մեղավոր անձինք ենթակա են նյութական, վարչական ու քրեական պատասխանատվության:

Հանրապետության Կարմիր գրքի վարման կարգը սահմանվում է լիազորված պետական մարմնի կողմից հաստատված կանոնադրությամբ:

 

Հոդված 24. Առողջարանային քաղաքների, կուրորտային եւ հանգստյան գոտիների պահպանությունը

 

Առողջարանային քաղաքների, կուրորտային եւ հանգստյան գոտիների բնական հատկությունների եւ բուժիչ միջոցների պահպանության, դրանք փչացումից, աղտոտումից եւ  սպառումից պահպանելու նպատակով սահմանվում են սանիտարական պահպանության տարածքներ, որոնց սահմաններում արգելվում է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած գործունեություն:

Բնական տարածքները առողջարանային քաղաքներ, կուրորտային եւ հանգստյան գոտիներ հայտարարելու կարգը, դրանց օգտագործման եւ պահպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գոտիների մասին հատուկ օրենսդրական ակտերով:

Հանգստյան գոտիներ ստեղծվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչության հանգստի կազմակերպման համար£ Այդ նպատակի իրականացմանը խոչընդոտող ամեն մի գործունեություն տվյալ գոտիներում արգելվում է:

 

Հոդված 25. Արտադրական եւ կենցաղային թափոնների վերացումը

 

Թափոնները արտադրությունից եւ կենցաղից հեռացվում են կրկնակի օգտագործման, պահեստավորման եւ թաղման միջոցով:

Թափոններ ստեղծող արդյունաբերական, գյուղատնտեսական եւ կոմունալ օբյեկտների վրա է դրվում դրանց վնասազերծման եւ վերացման համար կատարվող ծախսերը:

Կենցաղային թափոնների վերացումը կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները:

 

ԳԼՈՒԽ  4

ՊԵՏԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ  ԽԱԽՏՄԱՆ  ՀԱՄԱՐ

 

Հոդված 26. Պետական էկոլոգիական հսկողության խնդիրները

 

Պետական էկոլոգիական հսկողության խնդիրն է ապահովել բնապահպանական օրենսդրության պահանջների կատարումը բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, քաղաքացիների կողմից:

Բնական միջավայրի պահպանության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:

 

Հոդված 27. Պատասխանատվությունը բնապահպանական օրենսդրության խախտման համար

 

Բնապահպանական օրենսդրությունը խախտող անձինք ենթակա են քաղաքացիական, վարչական եւ քրեական պատասխանատվության:

Վարչական եւ քրեական պատասխանատվության ենթակա անձը չի ազատվում բնության եւ բնապահպանական օրենսդրության խախտման հետեւանքով պատճառված նյութական վնասի հատուցման պարտականությունից:

Բնապահպանական օրենսդրությունը սիստեմատիկաբար խախտողները կարող են զրկվել բնության պահպանության օբյեկտի  տնտեսական օգտագործման իրավունքից:

 

Հոդված 28. Բնության պահպանության եւ օգտագործման հետ կապված վեճերը

 

Բնության պահպանության եւ օգտագործման հետ կապված վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ  5

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

 

Հոդված 29. Միջազգային պայմանագրերը

 

Այն դեպքում, եթե միջազգային պայմանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա տարածվում են այնպիսի բնապահպան պահանջներ, որոնք տարբերվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության պահպանության վերաբերյալ օրենսդրության պահանջներից, կիրառման ենթակա են միջազգային պայմանագրի պահանջները:

Օտարերկրյա քաղաքացիները, իրավաբանական անձինք, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնությունը եւ հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջները:

 

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 30. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                               Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

8 փետրվարի 2001 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-130