ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Արթուր Թովմասյան – Բարի օր բոլորին, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հրավիրվածներ: Սկսում ենք մարտի 30-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին գրանցվել:
Գրանցում:
Ներկա են 32 պատգամավոր, մեկ պատգամավոր հարգելի պատճառով բացակայում է:
Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:
Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում ընդգրկված հարցեր չկան: Հիշեցնեմ, որ այս բաժնում պետք է ներառվեն նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված, ինչպես նաև պարտադիր քննարկման ենթակա հարցեր:
Երկրորդ բաժնում այն հարցերն են, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն: Դրանք յոթն են:
Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, խնդրեմ:
Քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն:
Կողմ՝ 32, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 2022 թվականի մարտի 30-ի հերթական նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:
Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 2022 թվականի մարտի 30-ի հերթական նիստի օրակարգի նախագծում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ներառված են «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության» հարցը, որը ԱՀ Գերագույն դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, և ԱԺ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն, և քիչ առաջ մեր կողմից հաստատված՝ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը: Ասեմ, որ աշխարհի տարբեր երկրներում տարբեր անուններ ունեն սահմանադրությունը: Դուք գիտեք Ռուսաստանի Դաշնությունում ինչպես է: Երևի ամենալավը Հայաստան աշխարհում է. Սահմանադրություն՝ դրությունը սահմանում: Այս պահին դրությունը սահմանում հարաբերական հանգիստ է, և կարող ենք մենք հանգիստ պայմաններում, անկաշկանդ կյանքի կոչենք այն օրենքի նախագծերը, որոնք հիմա ես ձեր դատին կներկայացնեմ.
«Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և, ինչպես միշտ, «Պատգամավորական հայտարարություններ»: Եթե հարցեր կան, խնդրեմ:
Քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի մարտի 30-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն:
Կողմ՝ 32, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք օրակարգային հարցերին: Հիշեցման կարգով նշեմ, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 16-րդ և 18-րդ գլուխներով սահմանված կարգով: «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» օրենքի նախագիծը որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Խնդրեմ, պարոն Խանումյան:
Հայկ Խանումյան – Հարգելի գործընկերներ, նախագիծ՝ «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն».
Հոդված 1. Արցախի Հանրապետության Սահմանադրության 173-րդ հոդվածի «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով:
Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Առկա է Գերագույն դատարանի որոշումը, որով այս փոփոխությունը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող: Սա երկրորդ ընթերցում է: Ընթացքում որևէ առաջարկ չի եղել: Խնդրում եմ քվեարկել կողմ:
Արթուր Թովմասյան – Իհարկե, քանի որ առաջարկություններ չեն եղել, ուստի հարցեր չեն տրվում: Խնդրում եմ զբաղեցնեք Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Խնդրեմ, պարոն Աղաջանյան:
Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, Սահմանադրության փոփոխության նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Առաջարկություններ չեն եղել նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմանը ներկայացնելու համար:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Մշտական հանձնաժողովի նախագահին նույնպես հարցեր չեն տրվում: Մտքերի փոխանակության համար եթե ելույթի ցանկություն կա, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա: Այժմ քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը» ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ՝ 32, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Սահմանադրության փոփոխությունն ընդունված է:
Անցնենք օրակարգի հաջորդ հարցին:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, հաջորդ հարցն է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը: Խնդրեմ, տիկին Պետրոսյան:
Արմինե Պետրոսյան - Հարգելի խորհրդարան, ներկաներ, ձեր քննարկմանը ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն առկա ցերեկային ուսուցմամբ սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական, աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու ժամկետը 23 տարեկանից կսահմանվի մինչև 26 տարեկանը, ինչը պայմանավորված է Արցախում 12-ամյա միջնակարգ կրթության և բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրմամբ, ինչպես նաև հաշվի առնելով արական սեռի անձանց համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը:
Նմանատիպ փոփոխություն է առաջարկվում նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան հոդվածում, ինչի համաձայն վերոնշված ժամկետների երկարաձգումը կտարածվի նաև զոհված զինծառայողների ուսանող զավակներին տրվող ամենամսյա պարգևավճարների վրա:
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է հաշմանդամության զինվորական կենսաթոշակներին: Գործող օրենքի համաձայն զինծառայության ժամանակ առաջացած հիվանդության պատճառական կապով հաշմանդամ ճանաչված անձին զինվորական կենսաթոշակ է նշանակվում, եթե հաշմանդամությունը սահմանվել է զինծառայության ընթացքում կամ զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում: Առաջարկվում է վերացնել նշված հինգ տարվա սահմանափակումը և անձին զինվորական կենսաթոշակ նշանակել անկախ հաշմանդամ ճանաչվելու ժամկետից:
Առաջարկվում է սահմանել նաև, որ զինվորական կենսաթոշակների չափերի վերահաշվարկման հիմք է հանդիսանում նաև զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակցի փոփոխությունը:
Հաջորդ փոփոխությունը նպատակ ունի մեղմել կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքները և վերաբերում է 2019 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի վճարումը դադարեցված անձանց կենսաթոշակներին: Եթե այդ անձանց կենսաթոշակների վճարումը դադարեցվել է տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու կամ լիազորագրով կենսաթոշակի վճարման ժամկետը լրանալու կամ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող անձի կողմից սահմանված ժամկետում բանկ չներկայանալու հիմքով, ապա կենսաթոշակի վճարումները կվերսկսվեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը դիմելու կամ լիազորագիր ներկայացնելու դեպքում, ընդ որում՝ կենսաթոշակը կվճարվի նաև կենսաթոշակ չստացած ամբողջ ժամանակահատվածի համար:
Կսահմանվի նաև, որ եթե անձը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնի պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում աշխատած ժամանակահատվածի հաստատման մասին նախարարության կազմում գործող ստաժ սահմանող հանձնաժողովի որոշումը, ապա նրան կվճարվի կենսաթոշակի իրավունքը ծագելու օրվանից չստացած կենսաթոշակի ամբողջ գումարը:
Նշեմ նաև, որ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հնչած առաջարկությունները, որոնք կրում էին տեխնիկական բնույթ, ընդունվել և ներառվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծում:
Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Պետրոսյան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար հրավիրվում է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ և ներկաներ, օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ոնց տիկին նախարարը ներկայացրել է հիմնավորման մեջ, իրականում բոլոր փոփոխությունները այս փաթեթի մեջ կոչված են լուծելու մեր քաղաքացիների առջև ծառացած սոցիալական խնդիրները: Դրա համար նիստում հանձնաժողովի բոլոր ներկա չորս անդամների կողմից եզրակացությունը տրվել է դրական: Առաջարկում ենք այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Հարցեր կա՞ն: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ՝ 32, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Օրակարգով նախատեսված մեր հաջորդ հարցը «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը: Խնդրեմ, տիկին Պետրոսյան:
Արմինե Պետրոսյան - «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը վերաբերում է «Վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի իրավունքին:
Գործող օրենքի համաձայն «Վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճարի իրավունք ունի, եթե թոշակառու է, չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն և չի կատարում վճարովի այլ աշխատանք:
Ներկայացված նախագծով առաջարկվում է պատվովճար նշանակել ու վճարել «Վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած այն կենսաթոշակառուին, ով չի զբաղեցնում պետական կամ համայնքային որևէ պաշտոն:
Գագիկ Բաղունց – Հարգելի պատգամավորներ, եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան:
Շնորհակալություն, տիկին Պետրոսյան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նույն նիստում: Ճիշտն ասած նախկին գումարման պատգամավորները, միանշանակ հիշում եմ, որ այդ օրենքի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվել է: Այն ժամանակ հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ մենք չենք ընդունել այս փոփոխությունը: Այս անգամ օրենքի նախագծի մեջ մենք դրական քայլ ևս կատարում ենք, հանում ենք մեկ սահմանափակում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Միևնույն ժամանակ հուսով եմ, որ հաջորդ փոփոխությամբ կարողանալու ենք ևս մեկ քայլ անել և հանել ամբողջ սահմանափակումը: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Գրանցվել է մեկ պատգամավոր: Խնդրեմ, պարոն Բալայան:
Վահրամ Բալայան – Ուրեմն տարբերությունը ինչի՞ մեջ է կայանում. եթե, փաստորեն, մասնավոր հատվածում է աշխատում մարդ, նա կարող է ստանալ, եթե պետական համակարգում՝ չի կարող ստանալ: Այսինքն ինչո՞վ է այդ տարբերությունը, նման վերաբերմունքը, եթե այսպես ասենք:
Արամ Գրիգորյան – Հենց դրա համար, պարոն Բալայան, նշեցի, որ աստիճանաբար հասնելու ենք նրան, որ կարողանալու ենք հանենք ամբողջ սահմանափակումը: Իրականում նախկին գումարման ժամանակ, երբ այս օրենքի նախագիծը քննարկել ենք, այն ժամանակ տիկին Բարսեղյանի կողմից այդ առաջարկությունը կար: Քննարկման ընթացքում համապատասխան ոլորտի պատասխանատուն ներկայացրել է փաստարկներ, որը կապված էր և ֆինանսական լուրջ գումարների հետ, և նրա հետ, որ գտնվում ենք Հայաստանի Հանրապետության նույնականացման այդ դաշտում, և դրանով էր պայմանավորված կառավարության կողմից ներկայացված բացասական եզրակացությունը, որն էլ հիմք հանդիսացավ հետաձգելու այս օրենքի նախագծի քննարկումը: Ներկայումս մենք մեկ քայլ կատարում ենք, սահմանափակումը հանում ենք՝ ավելի փոքրիկ մասը ընդգրկելով և թույլատրելով, որ չզբաղեցնելով պետական և համայնքային պաշտոն, այլ վճարովի աշխատանքի սահմանափակումը հանելով, թույլատրում ենք մեկ մասնիկը օգտվել այդ վաստակի դիմաց վճարմամբ, իսկ մյուս քայլով, հուսով եմ, որ կարողանալու ենք ընդգրկենք նաև մյուս հատվածը:
Գագիկ Բաղունց – Արձագանքո՞ւմ եք, պարոն Բալայան:
Վահրամ Բալայան - Արձագանքում եմ, բայց արձագանքս մի տեսակ հարցի նման կհնչի: Օրինակ, մանավանդ ուսուցիչների շրջանում այսպիսի հարց է առաջանում, այսինքն՝ ուսուցիչը, ասենք, պետակա՞ն պաշտոնյա է, թե՞ համայնքային: Մի տեսակ անորոշություն կա այս պահով: Ինչպե՞ս եք Դուք դա մեկնաբանում:
Արամ Գրիգորյան - Պարոն Բալայան, հաջորդ քայլով ամբողջ պետական կառույցում աշխատողների, ովքեր ունեն «Վաստակավոր» կոչում, հուսով եմ ընդգրկելու ենք այս կարգի մեջ:
Վահրամ Բալայան – Չէ, ուզում եմ ասեմ դա պետական պաշտոն է, թե ..., կարգավիճակը ուղղակի: Ուզում եմ ասեմ ձևակերպման մեջ միգուցե ինչ որ թերի պահ կա, միգուցե ավելի կոնկրետ նշվեր:
Արամ Գրիգորյան - Այո, պարոն Բալայան:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան ---- Իհարկե, շատ լավ առաջարկ էր պարոն Բալայանի կողմից: Երբ որ այս օրենքի նախագիծը ընդունում էինք, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, մենք ընդունել ենք: Ես կարծում եմ, որ մենք ձեզ հետ միասին հնարավորություն կունենանք նաև պարոն Բալայանի ասած այդ առաջարկը ամբողջականը միասին ընդունելու և առաջ շարժվելու: Ուղղակի այսօրվա իրականության մեջ մի քայլ առաջն էլ, մի հատված ընդգրկելը ևս դրական դինամիկա է: Նորից եմ ասում, մենք անպայման հնարավորություն ենք ունենալու ձեզ հետ միասին, անկախ եզրակացությունից, ընդունելու ամբողջական տեսքով այդ առաջարկը, որը քիչ առաջ առաջարկեց պարոն Բալայանը: Համենայնդեպս առաջիկայում դրան կանդրադառնանք:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա:
Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ՝ 32, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Շարունակում ենք մեր աշխատանքները: Այսօրվա նիստի օրակարգով նախատեսված է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը: Խնդրեմ, պարոն Գասպարյան:
Նվեր Գասպարյան – ԱՀ ԱԺ մեծարգո նախագահ, մեծարգո փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ, հարգելի ներկաներ, Ձեզ եմ ներկայացնում «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման մասին հիմնավորումը: «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ ԱՀ ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազոր մարմնից, նրան ենթակա կենտրոնական, քաղաքային, շրջանային կառուցվածքային ստորաբաժանումներից: Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական և ռազմական հակահետախուզական մարմիններ: Ուստի, ԱՀ պետական սահմանի շփման գծի պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հերթապահությունը իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու և հետագա իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կատարել առաջարկվող փոփոխությունները: Օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմիններ» բառից հետո լրացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառերը: Իսկ օրենքի 14-րդ հոդվածում «զորքերը» բառից հետո լրացնել «և լիազորված մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը: Նախագծի ընդունումը կնպաստի ԱՀ ազգային անվտանգության ծառայության լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական հերթափոխությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Գասպարյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:
Սեյրան Հայրապետյան – Հարգելի գործընկերներ, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ են քվեարկել: Խնդրում ենք այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել:
Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:
Այժմ քվեարկության է դրվում «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ՝ 32, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Հաջորդ հարցը «Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Խնդրեմ, պարոն Միրզոյան:
Ժիրայր Միրզոյան - Շնորհակալություն: ԱԺ հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերվում է «Հարկադիր կատարման մասին» օրենքի 60-րդ հոդվածին: Ընդհանուր առմամբ «Հարկադիր կատարման մասին» օրենքի 60-րդ հոդվածը տասը կետով սահմանում է դրամական միջոցների այն տեսակները, որոնց վրա բռնագանձում չի տարածվում: Առաջարկում ենք ավելացնել ևս մեկ կետ, որը շարադրել ենք հետևյալ կերպ. «2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ և ԱՀ օրենդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև բարեգործական և/կամ մարդասիրական կազմակերպությունների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես աջակցություն` բացառությամբ փոխհատուցումների»: Այսինքն առաջարկում ենք նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող աջակցությունների վրա, որոնց նպատակը սոցիալական խնդիր լուծելն է, ևս չտարածվի բռնագանձում: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Միրզոյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, «Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և տրվել է դրական եզրակացություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Գրանցվել է մեկ պատգամավոր: Խնդրեմ, պարոն Գալստյան:
Դավիթ Գալստյան – Շնորհակալություն: Իսկ այն մասով, որ արդեն եթե նոր ենք ուզում, որ արգելանքներ չդրվի, բռնագանձում չտարածվի այդ սոցիալական աջակցությունների վրա, որոշ մասով արդեն իսկ տարածվել է: Հետ վերադարձ լինելու՞ է, թե` չէ: Ի՞նչ մեխանիզմով է դա գործելու:
Սևակ Աղաջանյան – Ոչ: Չի ազդելու:
Դավիթ Գալստյան – Այսինքն օրենքն ընդունում եք այդ նույն կարգավիճակով: Մարդկանց մի մասը չի օգտվում, մյուս մասը օգտվում է:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Աղաջանյան: Խնդրում եմ զբաղեցնեք Ձեր տեղը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ՝ 32, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Արթուր Թովմասյան-Իսկ հիմա անցնում ենք «Պատգամավորների հայտարարություններին»:
Խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Գրանցվել են 3 պատգամավորներ` պարոն Հարությունյան, պարոն Հայրապետյան, պարոն Ստեփանյան:
Պարոն Հարությունյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հայրապետյանը:
Արթուր Հարությունյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը ամենաբարձր ռազմաքաղաքական ղեկավարության մակարդակով շարունակում է իր կողմից տասնամյակների ընթացքում որդեգրած հայատյաց քաղաքականությունը, որի իրագործման համար Ադրբեջանը դիմում է տարբեր անմարդկային քայլերի, այդ թվում ահաբեկելով արցախահայությանը, ստեղծելով հումանիտար աղետ և իրականացնելով ռազմական ագրեսիա, որի արդյունքում փորձում է խուճապային տրամադրություններ ստեղծել մեր բնակչության շրջանում: Բայց ինչպես տեսնում ենք, մենք անկոտրում ենք և ամուր կառչած մեր հողին ու հայրենիքին:
Մեր առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու և մեր վերջնական նպատակին հասնելու համար չափազանց կարևոր է լինել համախմբված և միասնական՝ զերծ մնալով ներքին պառակտումներից և ավելորդ լարվածություններ ստեղծելուց: Սիրելի հայրենակիցներ, դրա համար մեզանից յուրաքանչյուրը պետք է դրսևորի բարձր քաղաքացիական պատասխանատվություն և անմնացորդ սեր մեր հայրենիքի նկատմամբ: Հակառակ պարագայում մեզ չեն ների մեր սերունդները: Սա պետք է գիտակցեն բոլորը: Կարծում եմ՝ մենք պետք է վերանայենք մեր երկրում իրականացվող բոլոր ծրագրերը՝ մեր հիմնական ներուժը օգտագործելով և առաջնահերթությունը տալով մեր անվտանգային համակարգի զարգացմանն ու հզորացմանը, քանի դեռ մեր թշնամին չի հրաժարվել իր որդեգրած ուղուց, միևնույն ժամանակ, իհարկե, չհրաժարվելով այն բոլոր ծրագրերից, որոնք ուղղված են պատերազմի հետևանքները վերացնելուն և որոնք նույնպես համարվում են անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչներ: Սա պետք է լինի մեր առաջիկա տարիների օրակարգը: Մեր հայրենիքում ազատ ապրելու և արարելու մեր գոյապայքարը բարդ և դժվարին ճանապարհ է, որը պետք է անցնենք բոլորս միասին: Դրա համար կոչ եմ անում մեր հայրենակիցներին բոլոր իրավիճակներում ցուցաբերել զսպվածություն և սառնասրտություն, չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի սադրանքներին և սոցցանցերում ու այլ տեղեկատվական հարթակներում անգիտակցաբար չսպասարկել նրանց շահերը՝ տարածելով նրանց կողմից ներկայացվող ապատեղեկատվությունը:
Միաժամանակ անդրադառնալով վերջին ժամանակաշրջանում ստեղծված լարված իրավիճակին՝ կարող ենք համոզված ասել, որ հայաստանյան մեր գործընկերների և ԱՀ իշխանությունների ու ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից իրականացվում են անհրաժեշտ գործուն քայլեր իրավիճակը կայունացնելու և Ադրբեջանի զինված ուժերին իրենց ելման դիրքեր հետ վերադարձնելու ուղղությամբ: Եվ իհարկե սա չպետք է անհետևանք մնա միջազգային հանրության կողմից, որովհետև Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական զարգացումներից և խախտելով հրադադարի ռեժիմը, նախ և առաջ փորձում է ահաբեկել արցախահայությանը և միաժամանակ նաև ստվեր գցել ՌԴ խաղաղապահ առաքելության վրա, որը հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության ապահովման կարևոր երաշխավորներից մեկը: Եվ Ադրբեջանը, իրականացնելով ռազմական ագրեսիա, վտանգում է մեր տարածաշրջանի առանց այն էլ փխրուն խաղաղությունը: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Պարոն Հայրապետյան, խնդրեմ, թող պատրաստվի Գեղամ Ստեփանյանը:
Սեյրան Հայրապետյան - Սիրելի հայրենակիցներ, Արցախի գարունը ոչ միայն ձյուն բերեց բառիս բուն իմաստով, այլև եկավ հիշեցնելու մոռացկոտներին, որ մեկ վայրկյան անգամ կորցնել զգոնությունը չի կարելի, որ ցանկացած բարենպաստ զարգացման դեպքում առանց աչք թարթելու թշնամին քեզ սպանելու կամ տեղահանելու է քո բնօրրանից, քո ծերերին ու մանուկներին թողնելու է ցրտահարության և սովի մեջ: Այո, մենք կարող ենք ապրել նեղության ու ցրտի մեջ, բայց գերության մեջ ապրել չենք կարող, ինչպես չկարողացան ապրել Դավիթ Միրզոյանը, Արարատ Թևոսյանը, Իշխան Օհանյանը, որոնք գնացին միանալու հայրենիքի համար կյանքը տված անմահների կոհորտային՝ պատգամելով ապրողներին չմոռանալ կիսատ մնացած առաքելությունը:
Այս ծանր օրերին կային նաև այնպիսիները, որոնք չտեսան փողոցները ձնից մաքրող բանվորի ու կամավորի, սանմաքրման, էներգետիկայի ոլորտի աշխատողի, ոստիկանի, փրկարարի, գյուղում անմարդկային պայմաններում ապրողի, երեխային մի թեյնիկ ջրով լողացնող մոր և վերջապես սահմանին կանգնած զինվորի և սպայի սխրանքն ու անձնազոհությունը: Չցանկացան տեսնել ժողովրդի հետ միասին նեղություն կրող պաշտոնյային նաև, բոլոր նրանց, ում խիղճը հանգիստ է, և շարունակում են ապրել ու պայքարել Արցախում: Ստեղծված իրավիճակը մեզ մի քիչ համախմբեց ու սթափեցրեց, բայց դրանով չլրացրեց արհեստավարժության պակասը և չփարատեց անորոշության կասկածը:
Բազմիցս խոսել եմ համազգային օրակարգի, ինքնակազմակերպման և միասնականության մասին: Այսօր կրկնում եմ, որ այդ օրակարգում պետք է հստակ լինի ԱՀ, ՀՀ, սփյուռքի, մեր ռազմավարական դաշնակցի, որը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում, գործառույթները` ունենալով ճանապարհային քարտեզ՝ ստեղծվող տարբեր աշխարհաքաղաքական և օպերատիվ իրավիճակներում գործելու:
Մենք չենք ուզում պատերազմի արհավիրքների միջով կրկին անցնել, բայց եթե խաղաղություն, ապա՝ արժանապատիվ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հայրապետյան: Խնդրեմ, պարոն Ստեփանյան:
Գեղամ Ստեփանյան – Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 2020 թվականի աշնանը մեր ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մենք հայտնվել ենք խոցելի իրավիճակում բոլոր առումներով` անվտանգային, տնտեսական, ենթակառուցվածքների վիճակի, տեղեկատվական միջավայրի և այլն: Սրանով հանդերձ պետք է նշեմ, որ շատ հաճախ այս խոցելիությունը կրկնապատկվում է մեր չկշռադատված գործունեության կամ անգործության հետևանքով: Մեզանում պետք է ամրապնդվի այն գիտակցումը, որ որպես պետականություն ունեցող ժողովուրդ մենք պետք է ներկա իրավիճակին համարժեք արձագանքող պետական համակարգ և նույնպիսի հասարակություն ունենանք: Սրա հետ մեկտեղ քիչ չեն հարցերը, որոնց ուղղությամբ մեր համակարգված ու ճիշտ հաշվարկված ներգործությունը չափազանց կարևոր է: Դա հիմնականում վերաբերում է պաշտպանության ռեսուրսները ճիշտ օգտագործելուն, քաղաքացիական պաշտպանության պատշաճ պլանավորմանն ու կազմակերպմանը, տեղեկատվական դաշտում ստեղծվող ծուղակներին և պարբերաբար կրկնվող ադրբեջանական հոգեբանական հարձակումներին ժամանակին հակազդելուն և դրանց դիմակայելու մեթոդներին: Վերջին մեկ ամսվա իրադարձություններն ու փաստերը բավարար են աշխարհին ցույց տալու համար, որ Արցախում Ադրբեջանը փորձում է շարունակել էթնիկ զտման քաղաքականությունը` նախադրյալներ ստեղծել նոր ցեղասպանության համար: Այս պարզ, թվում է թե ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունն, այնուամենայնիվ, պետք է կարողանանք տեղ հասցնել` գրագետ ու մտածված քայլերով, այլ ոչ թե ինքնաբուխ ու տարերային գործողություններով:
Մեր երկրի ու ժողովրդի անվտանգության երաշխավորման և հրադադարի պահպանման հարցում 2020 թվականի պատերազմից հետո ավելացել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը, և այս հանգամանքն անառարկելի փաստ է: Սակայն մենք տեսնում ենք, որ աշխարհի այլ վայրերում նոր հակամարտությունների բռնկումն Ադրբեջանը փորձում է օգտագործել Արցախում անկայունություն հրահրելու համար: Նման իրավիճակում խիստ կարևոր է խաղաղապահ ուժերի հետ մեր համադրված գործողությունները, որոնք պետք է միտված լինեն զինադադարի ռեժիմի խախտումների դեպքերը վերլուծելու և դրանց կրկնումը բացառելու համար պրակտիկ մեխանիզմների ներդրմանը: Վստահ եմ, որ այսպիսի համագործակցությունը բխում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում շահագրգռված բոլոր դերակատարների շահերից: Եվ որպեսզի այս փոխգործակցությունը տևական լինի, առաջարկում եմ տեսանելի դրական միտումները տարածել և ընդլայնել նաև խորհրդարանական հարթակների ճանապարհով: Ողջունելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը դատապարտող և հումանիտար ճգնաժամի կանխարգելմանը միտված համանախագահ երկրների գրեթե նույնաբովանդակ հայտարարությունները, այնուամենայնիվ, հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ստացած միակ կազմակերպության` ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահության հետ պետք է շարունակել աշխատանքները խաղաղության պահպանման հարցում գործուն մեխանիզմների ներդրման ու խաղաղապահների մանդատը հստակեցնելու ուղղությամբ:
Հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը նոր փորձություն է մեր ժողովրդի համար և մեզնից առավելագույն զգուշավորություն և ողջախոհություն է պահանջում: Ուստի այս ամբիոնից խնդրում եմ և հորդորում եմ` լինել զուսպ, աչալուրջ և շրջահայաց մեր բոլոր գործողություններում: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Ստեփանյան:
Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի աշխատանքները: Ցտեսություն: