ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ  5 - ՐԴ  ՆՍՏԱՇՐՋԱՆ

2022Թ. ՄԱՐՏԻ 10-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ժԱՄԸ   19:00

 

 Նիստին մասնակցում են պատգամավորները, կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

  Նիստին  ներկա են  32  պատգամավորներ,  բացակա՝ 1-ը:  Նիստը  վարում է  ԱԺ

նախագահ  Արթուր Թովմասյանը:

  Արթուր Թովմասյան - Բարի երեկո բոլորին: Հարգարժան նախարար, հարգարժան գործընկերներ, հրավիրվածներ: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան սույն թվականի մարտի 10-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ

   Առաջարկվել է 2022թ. մարտի 10-ին ժամը 19.00-ին գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին» (հիմնական զեկուցող՝ պատգամավոր Գեղամ Ստեփանյան): Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և համապատասխան եզրակացությունով  պատրաստ ենք  այն քննարկելու, ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նիստի աշխատանքներին:             

   Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:

Գրանցում:

 Ներկա են 32 պատգամավորներ:

 Բացակա՝ 1:

  Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացնելու համար հրավիրվում է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

  Գեղամ ՍտեփանյանՀարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին նախագիծը:

Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ, Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր շուկա, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։

Այսպիսով՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։

Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։

Ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը։ Շնորհակալություն:

  Արթուր Թովմասյան Շնորհակալություն, պարոն Ստեփանյան: Հարցեր պարոն Ստեփանյանին:

Գրանցում:

  Հարցեր չկան, պարոն Ստեփանյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Բալայանին:

  Վահրամ Բալայան Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի հայտարարության տեքստը վերջնական տեսքով ընդունելու համար, հանձնածողովը դրական եզրակացությամբ ձեզ է ներկայացրել:

  Արթուր ԹովմասյանՇնորհակալություն: Հարցեր պարոն Բալայանին:

Շնորհակալություն, պարոն Բալայան: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել:

Գրանցում:

Տիկին Հակոբյան, խնդրեմ:

   Մետաքսե Հակոբյան Հարգելի հայրենակիցներ, այն իրավիճակը, որում հայտնվել ենք մենք՝ Արցախի հայերս, ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ, իսկ ադրբեջանցիների վարքագիծը՝ հանցագործություն մարդկության նկատմամբ: Այս պահին միայն հայտարարությամբ կամ կոչերով հանդես գալը, կարծում եմ, բավարար չէ: Մեր 44 օրերի դառը փորձը ապացույցն է, որ աշխարհը լուռ է և չի ուզում տեսնել իրականությունը: Հումանիտար աղետը կանխելու դեպքերը, նախադեպերը բազմաթիվ են: Իսկ ի՞նչ է նշանակում ընդհանրապես հումանիտար աղետ: Կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրը ավելի քան պատկերացնում է հատկապես հայտարարության մեջ նշված է կոնկրետ վերջին օրերին տեղի ունեցող այն աղետները, որոնք կատարվում են, իսկ ընդհանուր առմամբ,  2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը չի պահել որևէ կետ՝ շարունակելով ահաբեկչական գործողություններ կատարել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Ինչպես նշված է հայտարարության մեջ, այդ տագնապը վերջին օրերինը չէր, դա մշտական էր: Բնակավայրերը մեկ տարուց ավել է ժամանակ առ ժամանակ թիրախավորվում են, թիրախավորվում են նաև խաղաղ բնակիչները, իսկ այս վերջին օրերին նաև միակ գազատարի վերանորոգման աշխատանքների խոչընդոտելը և թույլ չտալը պարզելու՝ ի վերջո ի՞նչ է պատահել, ինչի՞ հետևանքով է նաև վնասվել գազատարը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հումանիտար աղետ և կարելի է սա անվերջ ու անընդհատ թվարկել: Այս հումանիտար աղետը կանխելու նախադեպերը բազմաթիվ են: Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Կոսովոյի ճանաչումը, Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Աբխազիա, Հարավային Օսիա, ինչպես նաև վերջերս Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչումը: Ուստի, հարգելի գործընկերներ, այս իրողությունը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովին, և Արցախի Հանրապետության նախագահին պարտադրում են դիմել Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներին, որպեսզի հանուն այստեղ ապրող մարդկանց կյանքի անվտանգության և ապրելու իրավունքի՝ ճանաչեն Արցախի Հանրապետությունը: Շեշտում եմ, հանուն փրկության: Շնորհակալ եմ:

  Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, տիկին Հակոբյան: Հարգելի գործընկերներ, ասեմ ձեզ, որ ես դիմել եմ աշխարհի բոլոր խորհրդարաններին, մի քանի լեզուներով թարգմանված, ոչ միայն հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, այլև պարսկերեն, թուրքերեն: Բոլոր խորհրդարաններին նամակ է ուղարկված, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, որովհետև, ինչպես մեր հայտարարության մեջ է նշված, այլ ելք չկա: Այս առումով համամիտ եմ, տիկին Հակոբյան, ձեզ հետ: Բազմաթիվ անգամ  մենք դիմել ենք Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը, թեկուզ Ազգային ժողովի մակարդակով, այսինքն՝ այն մակարդակներով, որոնք ճանաչել են Ֆրանսիայի և Վերին պալատը, և Ստորին պալատը: Մենք նույնիսկ առաջարկել ենք, քանի որ մեր ժողովուրդը մեզ լսում է, ինչու չէ նաև Հայաստանի մեր հայրենակիցները, սրանք արձանագրված են, սրանք փաստեր են, որ նույնիսկ այդ տարիներին գոնե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արցախի ճանաչման հարցը դրական եզրակացությամբ մտցնել օրակարգ: Պատերազմը վերսկսելու դեպքում դրան հաջորդել է 2 պատերազմ՝ 2016թ. ապրիլյան և 2020թ. արյունոտ աշունը: Խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը դա պատերազմն է, ասինքն, եթե պատերազմ է սկսվել, արդեն բանակցություններ չկան:  Եվ քաղաքական առումով, և բարոյական առումով ճիշտ էր հենց պատերազմի ժամանակ ճանաչեին Արցախի անկախությունը: Արցախի անկախության ճանաչման հարցը մի քանի անգամ բաց ենք թողել, օրինակ, Բիշքեկից առաջ 1994թ. մայիսի 12, 2003թ., եթե չեմ սխալվում, երբ որ ավագ Ալիևին փոխարինեց կրտսեր Ալիևը և ասաց, որ բանակցային գործընթացը տեղափոխում ենք զրոյական մակարդակ, 2014թ., եթե հիշում եք ահաբեկչական գործողությունները՝ ուղղաթիռի կործանումը, այդ ժամանակ նույնպես բանակցությունները տեղափոխվել էին փակուղի, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, 2020թ. արյունոտ աշնան այդ 44  օրերին: Ֆրանսիայի խորհրդարանը, երբ որ Վերին և Ստորին պալատը ճանաչման մասին բանաձև ընդունեցին, առաջին անգամ մենք ժպտացինք ձեզ հետ միասին, բայց պատկերացրեք այդ ճանաչումը լիներ մինչև 2020թ. սեպտեմբերի 26-ը, որովհետև մեր բոլորիս երազանքն է, ոչ միայն դահլիճում նստածների, այլև մեր ժողովրդի, որ 1991թ. հանրապետության օրվա հռչակումը և դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները և 1992թ. հունվարի 6-ի հռչակագիրը կյանքի կոչել: Սրա համար ենք մենք այստեղ, սրա համար ենք մենք 33 պատգամավորներով պայքարելու, որովհետև այլընտրանք չունենք: Ինչ մնում է գազատարի մասին, դեռևս պարզ չէ ինչ է կատարվել, ինչպես է խափանվել. այդ հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակով, ինչու չէ նաև՝ անվտանգության նիստ է այսօր կայացել: Կարծում եմ, մենք պետք է անցնենք 24-ժամյա ռեժիմի, որովհետև ես չեմ կարող ասել վաղը ինչ է լինելու, բայց ես հուսով և հավատով  ապրում եմ, մտածելով, որ 24-ժամ հետո լավ է լինելու: Մեզանից յուրաքանչյուրից է կախված, մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս սրբազան հողում հարատևենք: Մենք այսօր ապրելու իրավունքի համար ենք պայքարում: Այսօր Արցախում խաղաղություն չէ, այսօր Արցախում լռություն է: Իմ խորին համոզմամբ խաղաղության հնարավոր է հասնել միայն ու միայն քաղաքական լուծումով: Ո՞ր քաղաքական լուծումով. ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցությունների այն լուծումով, որը կառաջարկի մեր ժողովուրդը: Մենք շատ անկեղծ ենք լինելու մեր ժողովրդի հետ: Այսքանը, ասինքն համամիտ եմ ձեր հայտարարության հետ:

Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞:

  Դավիթ Բաբայան Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրեմն քիչ առաջ Եվրախորհրդարանը ձայնի գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց  մի բանաձև, որտեղ դատապարտվում է Ադրբեջանի փաստորեն պատմամշակութային ցեղասպանությունը, սա կարևոր բարոյական և քաղաքական քայլ է: Մենք արդեն բավականին երկար ժամանակ աշխատում ենք այս ուղղությամբ ու դա մեր հայոց եռամիասնության հաղթանակն է՝ Արցախ - Սփյուռք - Հայաստանի Հանրապետություն: Բնական է, մեծ աշխատանք են տարել մեր նաև այդ կառույցները՝ Հայ դատը, Արցախի և Հայաստանի համապատասխան ներկայացուցիչները: Գործընթացը եղել է բավականին հագեցած, վերջին պահերին նաև ադրբեջանցիները որոշ հնարքներ են ձեռնարկել, բայց, բարեբախտաբար, ստացվել է: Այսինքն՝ սա կարևոր բարոյական և քաղաքական փոքր, բայց էլի մեզ համար շատ կարևոր առաջընթաց է: Սա էի ուզում ձեզ ներկայացնել, մնացածը արդեն էլի կախված է մեր աշխատանքից, մեր միասնականությունից, հայրենասիրությունից և պրոֆեսիոնալիզմից: Շնորհակալություն:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, պարոն նախարար, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Իսկ հիմա քվեարկության է դրվում «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին» Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը:

Քվեարկություն:

 Կողմ՝ 32:

 Դեմ` չկա:

 Ձեռնպահ` չկա:

Հայտարարությունն ընդունված է:

 

Ավարտեցինք օրակարգային հարցի  քննարկումը:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Այսքանով ավարտում ենք արտահերթ նիստի աշխատանքները: