ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը
30 մարտի 2022

Մարտի 30-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ կայացել է  ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը։

Նիստին ներկա էին 32 պատգամավոր։

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է նիստի աշխատանքներին։

Օրակարգային առաջին հարցը երկրորդ ընթերցման ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» օրենքի նախագծի քննարկումն էր, որը ԱՀ Գերագույն դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Նախագծի փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։

ԱԺ գլխադասային հանձնաժողովի  եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր։

 ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել էր ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ներկայացվել հերթական նիստի քննարկմանը։ Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ և պարգևավճար ստանալու իրավունքը կպահպանվի մինչև  նրա 26 տարեկանը լրանալը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակների համար օրենքով սահմանված սահմանափակումը կվերացվի, կհստակեցվի զինվորական կենսաթոշակների վերահաշվարկման գործընթացը, կերկարաձգվեն դադարեցված կենսաթոշակների վճարումները վերսկսելու համար դիմելու ժամկետները, ինչպես նաև կվճարվեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը ծագելու օրվանից չստացած կենսաթոշակի գումարները:

««Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պատվովճար նշանակել ու վճարել Վաստակավոր պատվավոր կոչման արժանացած այն կենսաթոշակառուին, ով չի զբաղեցնում պետական կամ համայնքային որևէ պաշտոն։ Գլխադասային՝ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել էր դրական եզրակացություն։

««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումը կնպաստի Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը։

ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի փոխանցմամբ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած ««Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվելու է անձանց տրամադրվող սոցիալական աջակցությունների վրա բռնագանձում չտարածելը։

Օրենքների նախագծերը խորհրդարանն  ընդունել է միաձայն։

Նիստի ավարտին պատգամավորներ Արթուր Հարությունյանը, Սեյրան Հայրապետյանը և Գեղամ Ստեփանյանը հանդես են եկել հայտարարություններով։

ԼՈՒՐԵՐ