Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին

 

 

        Ընդունված է 2022 թվականի

         փետրվարի 18-ին       

 

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

Արցախի Հանրապետությունը, ըստ Արցախի Հանրապետության Սահմանադրու-թյան, ինքնիշխան պետություն է: Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը տարածվում է ամբողջ տարածքի վրա, որի շրջանակներում Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, ձևավորել և զարգացրել է պետականություն: Այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների՝ Արցախի տարածքում մնալը առանց Արցախի կամավոր համաձայնության, միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի և միջազգային սովորութային իրավունքի նորմերի խախտումով, ինչպես նաև հակառակ 1994 թվականի մայիսի 12-ի ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունների մասին համաձայնագրի և 1995 թվականի փետրվարի 6-ի հրա-դադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի, ինքնիշխան պետության տարածքի ապօրինի ռազմական բռնազավթում (օկուպացիա) է:

                                                                                 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված (օկուպացված) տարածքների (այսուհետ` բռնազավթված տարածքներ) իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարա-բերությունները։

 

Հոդված 2. Բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը

 

  1. Բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Արցախի Հանրապետության օրենսդրության գործողությունը:

 

Հոդված 3. Բռնազավթված տարածքները

 

1. Բռնազավթված տարածքներ են համարվում`

1) Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված բնակավայրերի տարածքները, ինչպես նաև այդ բնակավայրերն ընդգրկող շրջանների պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքները.

2) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված տարածքների հողածածկույթից ներքև, ինչպես նաև հողածածկույթի վրայի օդային տարածությունը` մինչև միջազգային իրավունքով սահմանված տիեզերական տարածությունը:

 

Հոդված 4. Բռնազավթված տարածքների իրավական ռեժիմը

 

1. Բռնազավթված տարածքներում սույն օրենքի գործողության ժամկետում պահպանվում է ռազմական դրության իրավական ռեժիմը  և գործում է սույն օրենքով նախատեսված մարդու իրավունքների, մշակութային և բնության ժառանգության պաշտպանության, ազատ տեղաշարժվելու իրավունքի, տնտեսական գործունեության իրականացման սահմանափակումների, գույքի նկատմամբ իրավունքների պաշտպա-նության հատուկ իրավական ռեժիմ:

 

Հոդված 5. Բռնազավթված տարածքներում մարդու և քաղաքացու իրավունքների  և ազատությունների   պաշտպանությունը

 

       1. Բռնազավթված տարածքներում մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտականությունը և դրանց խախտման պատասխանատվությունը, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն, կրում է բռնազավթումն իրականացրած Ադրբեջանի Հանրապետությունը:

2. Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց պատճառված նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցման պատաս-խանատվությունը կրում է բռնազավթում իրականացրած Ադրբեջանի Հանրապետությունը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն:

 

Հոդված 6. Բռնազավթված տարածքներում մշակութային և բնության ժառան-գության պաշտպանությունը

 

1. Բռնազավթված տարածքներում գտնվող՝ հայ ժողովրդին պատկանող պատմա-մշակութային, կրոնական և բնության օբյեկտները, ոչ նյութական մշակութային արժեքները հանդիսանում են հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասը, մշակութային ինքնության կարևոր և անփոխարինելի արտահայտությունը և նրա մշակութային և բնության ժառանգությունը:

2. Բռնազավթված տարածքներում մշակութային և բնության նյութական ժառանգության ոչ խտրական պահպանության և պաշտպանության պարտականությունը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, կրում է բռնազավթումն իրականացրած Ադրբեջանի Հանրապետությունը, որի փաստացի վերահսկողության ներքո են գտնվում մշակութային և բնության ժառանգության այդ օբյեկտները:

3. Բռնազավթման հետևանքով Արցախի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության  կենսունակության ապահովմանն ուղղված միջոցների իրագործման սահմանափակման և (կամ) չիրագործման ամբողջ պատասխանատվությունը կրում է բռնազավթումն իրականացրած Ադրբեջանի Հանրա-պետությունը:

4. Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում բռնազավթված տարածքներից մշակութային ժառանգության օբյեկտների, հնագիտական, կրոնական, էթնոլոգիական, պատմական նշանակություն ունեցող գրականության, արվեստի և գիտության նմուշների արտահանման և/կամ դրանց այլ անձանց սեփականության փոխանցման, ինչպես նաև դրանց ոչնչացման համար:

 

Հոդված 7. Բռնազավթված տարածքներում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները

 

        1. Բռնազավթված տարածքներում օտարերկրյա քաղաքացիների և քաղա-քացիություն չունեցող անձանց մուտքը, ելքը և  տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

        2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը չեն տարածվում բռնազավթված տարածքներում անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերող անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վրա: Ընդ որում, սույն մասով նախատեսված անձինք պարտավոր են մինչև բռնազավթված տարածքներ մուտք գործելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բռնազավթված տարածքներից դուրս գալու դեպքում, Արցախի Հանրապետության կառավարության հարցման հիման վրա տեղեկացնել բռնազավթված տարածք մուտք գործելու և դուրս գալու, ինչպես նաև ցուցաբերած մարդասիրական օգնության մասին:

 

Հոդված 8. Բռնազավթված տարածքներում տնտեսական գործունեության իրականացման սահմանափակումները

 

1. Բռնազավթված տարածքներում արգելվում է ցանկացած տնտեսական գործունեություն: Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

 

Հոդված 9. Բռնազավթված տարածքներում գույքի նկատմամբ իրավունքների պաշտպանությունը

 

1. Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության, Արցախի Հանրա-պետության համայնքների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց գույքը նրանց սեփականությունն է, որի պաշտպանությունն ապահովվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ: Սեփականության իրավունքի խախտումն առաջացնում է միջազգային իրավունքով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

2. Բռնազավթված տարածքներում գտնվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքների իրացման` տնօրինման, տիրապետման, օգտագործման հետ կապված ցանկացած գործարք կնքվում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Բռնազավթված տարածքներում գտնվող գույքի հետ կապված ցանկացած գործարք, որը կնքվել է Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ, համարվում է առոչինչ կնքման պահից:

4. Բռնազավթված տարածքներում գտնվող գույքը չի կարող օտարվել կամ որևէ այլ ձևով փոխանցվել այլ պետությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի և կարգով:

5. Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության համապատասխան երաշխավորվում է Արցախի Հանրապետության  քաղաքացիների ժառանգության իրավունքը:

6. Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրը գտնվում է բռնազավթված տարածքում, ապա ժառանգության բացման վայր է համարվում առաջին դիմումի ներկայացման վայրը:

7. Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն անհայտ է, իսկ ժառանգության զանգվածի մեջ գտնվող գույքը կամ դրա մեծ մասը գտնվում են բռնազավթված տարածքներում, ապա ժառանգության բացման վայր է համարվում առաջին դիմումի ներկայացման վայրը:

 

Հոդված 10. Բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղա-քացիների ընտրական իրավունքի իրականացման  առանձնահատկությունները

 

1. Բռնազավթված տարածքների` 1991-1994, 2016 և 2020 թվականներին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիներն ընտրություններին և հանրաքվեներին մասնակցում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 11. Օկուպանտ իշխանության գործունեությունը

 

1. Բռնազավթված տարածքներում գործունեություն իրականացնող ցանկացած մարմին և պաշտոնատար անձ, որն ստեղծվել, ընտրվել, նշանակվել է Արցախի Հանրապետության օրենսդրությանը ոչ համապատասխան և (կամ) բռնազավթված տարածքում որևէ ձևով իրականացնում է օկուպացիոն իշխանություն` օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության լիազորություններ կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որևէ այլ լիազորություններ, համարվում է օկուպանտ իշխանություն իրականացնող մարմին և այդ իշխանության պաշտոնատար անձ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմինների և պաշտոնատար անձանց ընդունած իրավական ակտերն իրավական հետևանքներ չեն առաջացնում:

 

Հոդված 12. Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնա-կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունները

 

1. Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին և կառույցներին պարբերաբար ներկայացնել բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման, մշակութային և բնության ժառանգության դեմ ոտնձգությունների վերաբերյալ տեղեկատվություն և փաստեր:       

2. Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են արձանագրել, գույքագրել և հաշվարկել Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետությանը, Արցախի Հանրապետության համայնքներին,  իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված գույքային, անձնական ոչ գույքային և այլ վնասները:

3. Սույն օրենքի դրույթների խախտման դեպքում Արցախի Հանրապետության համապատասխան պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցներն Արցախի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների օրինական շահերի և անվտանգության պաշտպանության համար:

 

Հոդված 13. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

   

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընդունվում են սույն օրենքի կիրառման համար անհրաժեշտ իրավական ակտեր։

3. Սույն օրենքով սահմանված իրավական ռեժիմը սահմանափակված չէ սույն օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետով և տարածվում է դրա ընդունմանը նախորդող ժամանակահատվածում օրենքի կարգավորման առարկային վերաբերող հարաբերությունների վրա:

4. Սույն օրենքի 10-րդ հոդվածի կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունները կատարվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:

5. Սույն  օրենքով սահմանված իրավական ռեժիմը գործում է մինչև բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության լրիվ վերականգնումը:

6. Սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված տարածքներին վերաբերող պաշտոնական փաստաթղթերում օգտագործել «բռնազավթված տարածքներ» եզրույթը:

                           

       ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                      

       ՆԱԽԱԳԱՀ՝                                                                    

                                                                                             

            Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

         2022թ. մարտի 16

       Ստեփանակերտ

         ՀՕ-5-Ն