ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 5 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան – Բարի առավոտ բոլորին: Հարգարժան արտգործնախարար, հարգարժան գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան սույն թվականի փետրվարի 17-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Առաջարկվել է 2022թ փետրվարի 18-ին ժամը՝ 11-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ Արցախի վերածննդի կապակցությամբ: Օրակարգային հարցերը քննարկվել են համապատասխանաբար պետաիրավական և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներում, և դրական եզրակացություններով հանդերձ պատրաստ ենք դրանք քննարկելու: Ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նիստի աշխատանքներին: Խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:
Գրանցում:
Նեկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը: 2 պատգամավորներ հարգելի պատճառով բացակա են: Եթե հարգելի պատճառով բացականեր կան և Ազգային ժողովի նախագահը տեղյակ չի լինում, գոնե խմբակցության ղեկավարը իր խմբակցության անդամի մասով տեղեկացնի:
Քվորում ունենք կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք օրակարգային առաջին հարցին: «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու պատգամավոր Արթուր Հարությունյանը: Հարգելի գործընկերներ, երեկ բոլոր հինգ խմբակցության ղեկավարները առաջարկեցին, որ օրակարգային առաջին հարցը ուղիղ եթեր չտրամադրվի: Ընդհանրապես, ցանկացած նիստ ուղիղ եթեր տրամադրելու կամ չտրամադրելու համար խորհրդակցելու ենք խմբակցությունների հինգ ղեկավարների հետ՝ հաշվի առնելով խմբակցության ղեկավարների տեսակետները: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ առաջարկությունների հեղինակները: Քանի որ առաջարկություններ չեն եղել, ուստի հարցեր չեն տրվում:
Խնդրեմ պարոն Հարությունյան:
Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենք-ների նախագծերի փաթեթը փետրվարի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո սահմանվել է հատուկ ընթացակարգ մինչև փետրվարի 17-ի ժամը 17:00, առաջարկությունների ներկայացման ժամկետ սահմանելու: Սահմանված ժամկետում առաջարկություններ չեն ներկայացվել, ըստ այդմ առաջարկում եմ օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Այդ մասին ես արդեն ասացի, ուստի հարցեր չեն տրվում: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Աղաջանյանը: Խնդրեմ, պարոն Աղաջանյան:
Սևակ Աղաջանյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և տրվել է դրական եզրակացություն:
Արթուր Թովմասյան - Հանձնաժողովի նախագահին նույնպես հարցեր չեն տրվում: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Կանոնակարգով սահմանված կարգով հարակից զեկուցման համար կարող է հանդես գալ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարար պարոն Բաբայանը: Չկա: Ելույթի կամ մտքերի փոխանակության ցանկություն կա՞: Կարող եք գրանցվել:
Գրանցում:
Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա: Որոշումն ընդունված է: Հիմա կարող եք արդեն օնլայնը միացնել:
Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացնելու համար հրավիրվում է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Խնդրեմ, պարոն Ստեփանյան:
Գեղամ Ստեփանյան – Հարգելի գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ: 1988թ. փետրվարյան օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հիմնովին փոխեցին ոչ միայն այստեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլև նախկին Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետագա տարեգրությունը: Տասնյակ հազարավոր մարդիկ, օգտագործելով ԽՍՀՄ-ում հռչակված ազատական ու ժողովրդավարական գաղափարները, Ստեփանակերտում և մարզի այլ բնակավայրերում խաղաղ հանրահավաքների միջոցով ձգտում էին վերականգնել պատմական արդարությունը՝ հայկական մարզը Հայաստանին վերամիավորելու՝ մի քանի սերունդների չիրականացված երազանքը: Համաժողովրդական օրեցօր թափ առնող շարժումը ի սկզբանե որդեգրեց խաղաղ ճանապարհով՝ իրավական ու քաղաքական եղանակներով բարձրացված խնդիրը լուծելու վարքագիծ, ինչը աներկբա հաստատում ստացավ փետրվարի 20-ին՝ նախկին մարզի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանում ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ-ին վիրամիավորելու մասին ընդունված պատմական որոշումը ազդարարեց արցախյան ազգային ազատագրական պայքարի նոր փուլը՝ ղարաբաղյան շարժումը քաղաքակիրթ իրավական ճանապարհով առաջ տանելու Արցախի ժողովրդի վճռականությունը: Ցավոք՝ Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությունը ունակ չեղավ օգտագործելու խնդիրը ճիշտ հանգուցալուծելու բացառիկ շանսը, և արդյունքում տարածաշրջանը հայտնվեց տևական անկայունության և Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր գայթակղությունների ցանցում: Երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը արտահայտող փետրվարի 20-ի որոշման արդյունքում Արցախն իրավամբ դարձավ համայն հայության հպարտության և ազգային զարթոնքի խորհրդանիշ: Ղարաբաղյան շարժման ալիքը տարածվեց ամբողջ աշխարհում, և հայության բոլոր հատվածների կազմակերպված պայքարի արդյունքում անցյալ դարի 90-ական թվականների սկզբին կազմավորվեցին հայկական երկու հանրապետությունները: 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի ու ներպետական օրենսդրության պահանջներին համապատասխան ձևավորված Արցախի Հանրապետությունը գիտակցված հանգրվան էր դեպի միասնական հայկական պետություն տանող ճանապարհին:
Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդը Արցախի ազատության և անկախության համար մղված պայքարում. հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել 1991-94թթ, 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմների ընթացքում: Արցախի Հանրապետությունն այսօր կա և շարունակում է միջազգային ճանաչման հասնելու իր պայքարը հենց այդ քաջազունների անձնազոհության շնորհիվ: Մեր խոնարհումը նրանց անմար հիշատակի առջև:
Վերջին 34 տարին մենք անցել ենք կայացման ու զարգացման, հաղթանակների ու անհաջողությունների մի երկար ուղի և այդ ընթացքում ամրապնդվել է այն գաղափարը, որ հայկական Արցախի ապագան երաշխավորված է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մեջ: Արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքն ու կարծիքը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հավատարմությունը 1988թ. փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությունը՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը, միջազգային շահագրգիռ կառույցների և, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու համար, ստեղծել է նյութական ու մշակութային արժեքներ, որոնք այսօր վտանգված են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության որոշ տարածքների բռնազավթման արդյունքում, կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար: Տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն Արցախի Հանրապետության ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու ճանապարհով: Հենց այդ նպատակով է արցախահայությունը 1988թ. սկսել իր ազատագրական պայքարը և պատրաստ է շարունակել այն՝ վերջնական նպատակին հասցնելու վճռականությամբ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Ստեփանյան: Անցնում ենք հարցերին: Խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը՝ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Բալայանին: Խնդրեմ պարոն Բալայան:
Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, հայտարարության վերաբերյալ դրական կարծիք ենք ներկայացրել և առաջարկում ենք որոշման տեսքով այն ընդունել:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցեր պարոն Բալայանին: Հարցեր չկան: Պարոն Բալայան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Շնորհակալություն, չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա: Այժմ քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։
Քվեարկություն:
Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մենք նախօրոք պլանավորել էինք, որ փետրվարի 20-ին արտահերթ նիստ կանցկացնենք, բայց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը մեզ հնարավորություն չի տալիս, ոչ աշխատանքային օրերին արտահերթ նիստ գումարելու: Մենք գտնվում ենք նոր իրողությունների մեջ, և ես ոչ միայն գտնում եմ, այլև համոզված եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ոչ աշխատանքային օրերին արտահերթ նիստ չգումարելը խիստ խանգարում է մեր աշխատանքներին: Վերջին ժամանակաշրջանում առնչվել ենք 2 նման դեպքերի, հետևաբար պետաիրավական հանձնաժողովի միայն այդ կետը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ բոլոր օրերը աշխատանքային օրեր են Ազգային ժողովի բոլոր պատգամավորների համար: Սա, կարծեմ, իրողություններին համապատասխան է: Այսինքն՝ ոչ աշխատանքային օրերը՝ շաբաթ, կիրակին, մնում է: Մեզ հնարավորություն է տրվելու այդ օրերին արտահերթ նիստ գումարելու, որպեսզի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը մեզ ոչ աշխատանքային օրերին արտահերթ նիստ գումարելու հնարավորություն տա: Շնորհակալություն: Այսքանով ավարտեցինք օրակարգային հարցերը: