ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի օր, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հրավիրվածներ: Սկսում ենք փետրվարի 16-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին նախապատրաստվել գրանցման:
Գրանցում:
Գրանցման արդյունքներով ներկա են 31 պատգամավորներ, բացակա` 2-ը:
Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Նստաշրջանի օրակարգի նախագծում ներառված է «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն:
Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի հետ կապված, խնդրեմ: Հարցեր չկան:
Քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացում կատարելու մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն:
Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Այսօրվա հերթական նիստի օրակարգում ընդգրկված են դրական եզրակացություն ստացած «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և «Պատգամավորական հայտարարություններ»:
Եթե հարցեր չկան, քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի փետրվարի 16-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն:
Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք օրակարգային հարցին: «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու պատգամավոր Արթուր Մոսիյանը:
Արթուր Մոսիյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, ձեզ է ներկայացվում «Բռնազավթված տարածքների մասին» Արցախի Հանրապետության օրենքը: Արցախի Հանրապետության «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովում և, ինչպես գիտեք, տրվել է դրական եզրակացություն: Մինչև այս 2021 թվականի մարտի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պաշտոնական հայտարարության տեսքով իր քաղաքական դիրքորոշումը հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Օրենքի նախագծով սահմանվում է, որ 1991-94 թվականների և 2016 թվականի Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված, օկուպացված տարածքների իրավական կարգավիճակը և դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության, պաշտպանության առանձնահատկությունները: Եվ Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետության կողմից պարտադրված պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, օկուպացիան որևէ ազդեցություն չի կարող ունենալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացի վրա: Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթած Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, արցախյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջացիկ քայլերի իրականացման, հայկական պատմա-մշակութային և կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց բնակավայրերի վերադարձի ապահովման հրամայական է: Երեկ հանձնաժողովի նիստում նաև կառավարության կողմից ներկայացվել են առաջարկություններ, որոնք, քննարկվելով համահեղինակների կողմից, ընդունվել են և արդեն տեղադրված են նոր տարբերակի մեջ: Հետևաբար այսօր ես կներկայացնեմ իմ կորպորացված տարբերակը: Վերաբերվում է նաև վերնագրին: Օրենքը այսուհետ կկոչվի «Արցախի Հանրապետության օրենքը Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների մասին»: Ավելացվել է «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը: Արցախի Հանրապետությունը, ըստ Արցախի Հանրապետության Սահմանադրության, ինքնիշխան և անկախ պետություն է: Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը տարածվում է իր ամբողջ տարածքի վրա, որի շրջանակներում Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնիշխան իրավունքը, ձևավորել և զարգացրել է պետականություն: Այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների Արցախի տարածքում մնալը առանց Արցախի կամավոր համաձայնության, միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի և միջազգային սովորույթային իրավունքի նորմերի խախտումով, ինչպես նաև հակառակ «1994 թվականի մայիսի 12-ին ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունների մասին» համաձայնագրի և «1995 թվականի փետրվարի 6-ին հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագրի, ինքնիշխան պետության տարածքի ապօրինի ռազմական բռնազավթում, օկուպացիա է:
Օրենքի կարգավորման առարկան:
Սույն օրենքը սահմանում է 1991-94, 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված, օկուպացված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
Բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը:
Բռնազավթված տարածքները Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածում է Արցախի Հանրապետության օրենսդրության գործողությունը: Բռնազավթված տարածքներ են համարվում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով 1, 2 և 3 աստղանիշներով նշված շրջանները, համայնքները, բնակավայրերը, ինչպես նաև այդ բնակավայրերի տարածքում ընդգրկված հողային և ջրային ռեսուրսները: Բռնազավթված տարածքների իրավական ռեժիմը գործում է օրենքի գործողության ողջ ժամկետում, պահպանում է ռազմական դրության իրավական ռեժիմը, ինչպես նաև գործում է սույն օրենքով նախատեսված մարդու իրավունքների, մշակութային և բնության ժառանգության պաշտպանության, ազատ շարժվելու, տնտեսական գործունեության իրականացման, գույքի հետ կապված գործարքների կնքման, ընտրությունների, հանրաքվեների անցկացման հատուկ իրավական ռեժիմ: Բռնազավթված տարածքների մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտականությունը և դրանց խախտման պատասխանատվությունը, միջազգային իրավունքի նորմերի սկզբունքների համաձայն, կրում է բռնազավթում իրականացրած Ադրբեջանի Հանրապետությունը: Մնացած բոլոր հոդվածներով, ինչպես նշեցի, նաև սահմանվում են բոլոր իրավահարաբերությունները՝ թե մեր պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, և թե մեր պատմամշակութային և մնացած ժառանգության պահպանման հետ կապված հարաբերությունները: Այսքանը:
Եթե թույլ տաք, երկրորդ օրենքն էլ ասեմ: Այստեղ ավելացված են անցումային դրույթներ: Ինչպես գիտեք, 9-րդ և 10-րդ հոդվածներում խնդիր կա: Երեկ ասացինք այլ օրենքների հետ հակասություն չմտնելու համար:
Օրենքի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ:
Հոդված 13:
Սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները գործում են 2023 թվականի հուլիսի մեկից: Կապված է «Հանրաքվեի մասին» օրենքում և «Ընտրական օրենսգրքում» կատարվելիք փոփոխությունների հետ: Եվ երկրորդ հակասությունը, որպեսզի չլինի, նաև փաթեթով ներկայացվել է «Քաղաքացիական օրենսգրքում» կատարելու մասին: 2016 թվականի փետրվարի 24-ի «Քաղաքացիական օրենսգրքի» 1198-րդ հոդվածի 1-ին մասի «բնակության վերջին վայրը» բառից հետո ավելացնել «եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը: Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: Այս երկու օրենքների փաթեթն է նաև ներկայացված ձեր դատին:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, Արթուր Արմենի: Հարցեր զեկուցողին: Գրանցում:
Արթուր Մոսիյան - Մի առաջարկություն էլ: Առաջարկում ենք հաշվի առնելով, որ օրենքի նախագիծը որպես հիմնական զեկուցող համահեղինակ առաջարկում ենք ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ հաջորդը նաև նախատեսել հատուկ ընթացակարգ և առաջարկությունների ժամկետ սահմանել մինչև վաղը՝ հանձնաժողովի նիստին, մինչև ժամը 5-ը:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Ազգային ժողովը պիտի այդ մասով որոշում ընդունի: Առաջարկը ընդունեցինք:
Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, «Բռնազավթված տարածքների մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, և հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել: Տվել է դրական եզրակացություն առաջին ընթերցմանը ներկայացնելու համար: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն:
Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:
Կանոնակարգով սահմանված կարգով հարակից զեկուցման համար կարող է հանդես գալ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայան – Ողջունում եմ բոլորիդ, հարգելի գործընկերներ: Իսկապես այս օրենքի ընդունումը շատ կարևոր է, որովհետև ի վերջո ինչ-որ տեղ նաև հրամայական է, մի քիչ միգուցե նաև ուշացել ենք, բայց ոչինչ: Ինձ թվում է, որ շատ կարևոր է ունենալ այսպիսի օրենք: Երկրի մեծ մասը բռնագրավված է, և մենք պարտավոր ենք ունենալ այդ օրենքը: Այն իր մեջ ներառում է Արցախի Հանրապետության իշխանությունների, հանրության տեսլականը իր անցյալի նկատմամբ, իր ներկայի ու ապագայի: Սա շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք այդպիսի օրենք: Բնական է, առաջարկներ եղել են նաև գործադիրի կողմից: Պարոն Մոսիյանը երբ որ ընթերցեց որոշ հատվածներ, ներառված են, շնորհակալություն: Շատ կարևոր է, որպեսզի մենք նաև ճիշտ տերմինաբանություն օգտագործենք և միշտ խոսելով այդ տարածքների մասին ընդգծենք, որ դրանք բռնագրավված են: Տերմինաբանությունից շատ բան է կախված: Հետևաբար հուսով եմ, որ քննարկումները կշարունակվեն և, ի վերջո, մեր Ազգային ժողովը կընդունի այդ օրենքը: Կարծում եմ, որ սա իսկապես պատմական մի քայլ է լինելու և ոչ այնքան այսօրվա, ինչքան ապագայի համար:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցեր պարոն Բաբայանին: Չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Պարոն նախարար, ասեմ, որ սա ուշացած չէ: Այն օրենքի նախագծերը, ես Ձեզ բազմաթիվ անգամ ասել եմ, մեր հայրենակիցներն էլ թող լսեն, որոնք, իմ կարծիքով, կարող են պարունակել անվտանգության բաղադրիչ, անպայման այդ օրենքի նախագծերը քննարկվելու են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդում: Հաշվի է առնվելու՝ կապված Արցախի ժողովրդի ճակատագրի, ապագայի, անցյալի, ներկայի հետ: Մենք հաշվի ենք նստելու նաև, մենք ընդունելու ենք նաև մեր հանրապետության արտաքին գործերի նախարարի կարծիքը: Ուշացած չէ: Ուշացած կլիներ, եթե չլիներ 2021 թվականի, ինչպես նշեց Արթուր Մոսիյանը, մարտի 1-ի որոշումը հայտարարության տեսքով: Մենք չենք ուշացել, մենք ուղղակի աշխատել ենք: Դրա հետ զուգահեռ բազմաթիվ սոցիալական ծրագրեր կային, որոնց կատարումը, որոնք հետագայում որ պիտի կատարենք, մի ամբողջ օրգանիզմ է դա, մի ամբողջ բնականոն աշխատանք է դա՝ և արտաքին քաղաքականությունը, և ներքին քաղաքականությունը: Եթե մեր երկրի արտաքին քաղաքականությունը առանձնացնենք ներքին քաղաքականությունից, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու: Ամեն մեկս չենք կարող այս իրավիճակում մեր ժողովրդի անվտանգությունը, մեր ժողովրդի ապագայի տեսլականը մենակ որոշելու: Այստեղ և խորհրդարանը, և կառավարությունը, առանձնապես այն բոլոր հարցերը, որոնք վերաբերվում են Արցախին, և ընդդիմությունը, և արտախորհրդարանական ուժերը, լավ կլինի նաև և Հայաստանի Հանրապետությունը, և սփյուռքը, միատեսակ կարծիք ունենայինք Արցախի ապագայի տեսլականի մասով: Շնորհակալություն:
Մտքերի փոխանակության համար եթե ելույթի ցանկություն կա, խնդրում եմ գրանցվել:
Պարոն Մոսիյան, եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 31, դեմ` չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Հարգելի պատգամավորներ, քանի որ հիմնական զեկուցող պարոն Մոսիյանն առաջարկեց երկրորդ ընթերցման համար նախատեսված գրավոր առաջարկների ժամկետը կրճատել, ուստի առաջարկում եմ Ազգային ժողովի հաջորդ որոշման նախագիծը, որը Կանոնակարգի 75-րդ հոդվածի համաձայն քվեարկվում է առանց քննարկման, այսինքն՝ զեկուցողի առաջարկը չենք քննարկում: Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ո ր ո շ ու մ է.
2022 թվականի փետրվարի 16-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել, ինչպես պարոն Մոսիյանը նշեց, մինչև սույն թվականի փետրվարի 17-ը՝ ժամը 17:00:
Քվեարկություն:
Կողմ` 31, դեմ` չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Եվ օրակարգի վերջին հարցը՝ «Պատգամավորական հայտարարություններ»:
Խնդրում եմ գրանցվել:
Հերթագրվել է երկու պատգամավոր: Պարոն Հայրապետյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Աղաջանյանը:
Սեյրան Հայրապետյան – Հարգելի գործընկերներ, դեռևս 2016 թվականի մարտական գործողություններից հետո Արցախի Հանրապետության մի շարք «կարող քաղաքացիներ» իրենց որդիներին հանել են Արցախի Հանրապետության զինկոմիսարիատների հաշվառումից և տեղափոխել հաշվառման Հայաստանի Հանրապետության տարբեր զինկոմիսարիատներ: Սակայն բարոյական չափանիշների վրա թքած ունենալով՝ փաստացի շարունակել են բնակվել և տարբեր պաշտոններ զբաղեցնել Արցախի Հանրապետությունում: Նրանց ցուցակների մեծ մասը առկա է իմ մոտ, և լրիվությամբ կազմելուց հետո հրապարակելու եմ: Մի մասն էլ, օգտվելով տարբեր անպատասխանատու բժիշկների աջակցությունից, Արցախում և Հայաստանում ճանաչվելով ոչ պիտանի, հանվել է կցագրման ենթակա զորահավաքային ռեսուրսներից կամ ընդգրկվել, այսպես կոչված, թիկունքային պաշտոնների համալրման ռեսուրսում: Եղել են նաև այնպիսինները, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի աղետալի պատերազմը սկսվելուն պես լքել են Արցախը՝ իրենց մասնակցությունը չունենալով: Հայաստանյան ընդդիմադիր և իշխանական ուժերի ակտիվ լեզվակռվի և այդ ընթացքում իրար մեղադրելու համար հրապարակված փաստերի և խոստովանանքների ընթացքում շարքային քաղաքացին տեսնում է, որ մեր հաղթանակների արդյունքում հաստատված 1994 թվականի մայիսյան հրադադարից հետո էլ տասնյակ տարիներ բանակցային սեղանին շրջանառվում էր ազատագրված «հինգ + երկու» շրջանները Ադրբեջանին տալու հարցը՝ կարգավիճակի կամ դրա հետագա քննարկման պայմանով: Այնինչ զինվորի, մտավորականի, բանվորի, ինչպես նաև որոշ պաշտոնյաների գլխին փաթաթվում էր «ոչ մի քայլ հետ» սկզբունքը: Ազատագրված բնակավայրերում կարիքավոր մեր հայրենակիցների վերաբնակեցման ու հաղթած, ապահով ու հայրենիքի գաղափարը, որին զուգահեռ բազմաթիվ պաշտոնյաներ անզեն աչքերով տեսանելի հարստացել են, առաջնորդվել սխալ ու աղետալի արտաքին ու ներքին մարտավարությամբ: Այդ ամենի արդյունքում մեր զինվորին ու հասարակ քաղաքացուն թողել ենք նորագույն զինատեսակներով զինված թշնամու դեմ միայնակ, ու այդ պայքարում նահատակվել ու վիրավորվել են առավել քաջերն ու հայրենասերները: Նրանցից մի մասը հրաշքով ողջ է մնացել: Մի քանի օր առաջ թշնամին անկանոն կրակ է բացել Կարմիր շուկայի ուղղությամբ, որի արդյունքում հրաշքով չեն վնասվել անմեղ երեխաներ: Այսպես հույսը դրած հրաշքների վրա ապրում ենք: Կոչ եմ անում մեր կառավարությանը բոլոր միջոցները կրկին ներդնել այս փխրուն խաղաղությունը ամրապնդելու, համապատասխան առաքելության ղեկավարությանը ճիշտ դիրքորոշում ներկայացնելու առումով, քանի որ մեր հաղթական վերջնանպատակին հասնելու համար հայը պետք է հնարավորինս անվտանգ ապրի, արարի ու հզորանա Արցախի Հանրապետությունում: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Հայրապետյան: Պարոն Աղաջանյան, խնդրեմ:
Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, ասեմ, որ ելույթիս անհրաժեշտությունն առաջացել է Ազգային ժողովի նախորդ նիստի ժամանակ կառավարության հետ հարց ու պատասխանի և ըստ այդմ մեր հասարակության մոտ ձևավորված կարծիքների արդյունքում: Արցախյան առաջին պատերազմից հետո ի՞նչ են արել Արցախի Հանրապետության իշխանությունները հայրենասեր սերունդ դաստիարակելու համար: Արդյո՞ք արցախյան առաջին պատերազմում զոհվածների ընտանիքների և հաշմանդամների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը կարելի է համարել լիարժեք իրականացված, արդյո՞ք նրանց ապրուստի միջոցների մակարդակը չէր զիջում մյուսներին: Հաշմանդամներին ապահովե՞լ են անհրաժեշտ կենսաթոշակով, թե՞ ստիպել են, որ հաշմանդամության կարգ ստանալու համար անհարկի քաշքշուկների մեջ ընկնեն, սրան-նրան խնդրեն և հաշմանդամության կարգ ստանան: Մի գաղափար կա, որ հայրենիքի համար զոհվելը պատիվ է, սակայն վերոնշյալ հանգամանքները խեղաթյուրել են այդ գաղափարը, ինչի հետևանքով էլ մենք 2020 թվականի պատերազմում տեսանք ազգի որոշ մասի վարքագիծը: Մենք պարտավոր ենք փոխելու մեր մոտեցումը և մեզ հարց տանք. հնարավորինս արե՞լ ենք ամեն ինչ, որ երիտասարդության համար օրինակ ծառայի հայրենիքի համար զոհված, հաշմանադամ դարձած ազատամարտիկը: Պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որ այդ ընտանիքները լինեն ապահով և ոչնչի կարիք չունենան: Իսկ մենք, հարգելի գործընկերներ, որ նրանց կյանքի գնով ազատագրված հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունք էինք ձեռք բերել, այսօր այս ամբիոնից, ի պատասխան բարձրացված հարցի, հայտարարում ենք, որ նրանց բնակարանային պայմանների բարելավման համար անհրաժեշտ ութ միլիոն ՀՀ դրամ գումարը շատ մեծ է՝ հաշվի չառնելով այն, որ նրանք իրենց կյանքի գնով քանի-քանի ութ միլիոն են տվել մեր երկրին, և այն, որ այդ ընտանիքները լուռ ու մունջ տասնյակ տարիներ սպասել են և այսօր էլ նորից ստանում են անորոշ սպասելիքներով պատասխան: Բայց այս ամենի կողքին 2020 թվականի պատերազմից հետո բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում տարբեր համայնքներում ազատ բնակֆոնդից բնակարաններ են վերանորոգվել, որոնցում առայսօր ոչ ոք չի բնակվում, առայսօր որևէ մեկին չի տրամադրվել կամ տրամադրվել է ոչ նպատակային: Համենայնդեպս, հասարակության մոտ այս մտայնությունն է իշխում: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի աշխատանքները: Շնորհակալություն: