ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 5 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022թ. ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 26 պատգամավորներ, բացակա՝ 7-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան – Հարգարժան արդարադատության նախարար, հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք, բարի օր եմ ցանկանում բոլորիդ: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան 2022թ. հունվարի 27-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Առաջակվել է 2022թ. փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով Ազգային ժողով ներկայացված հետևյալ հարցերը՝ <<Ազգային ժողովի կանոնակարգ>> օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>: Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում, և համապատասխան եզրակացությունով պատրաստ ենք ներկայացնելու արտահերթ նիստում: Ուստի առաջարկում եմ անցնել նիստի աշխատանքներին:
Գրանցում:
Ներկա են 26 պատգամավորներ, բացակա՝ 7-ը: Բոլոր բացակա պատգամավորները հարգելի են: Մենք ունենք պատգամավորներ կովիդից հիվանդացած, ունենք նաև գործուղման մեջ: Ասեմ, որ 2020-2021թթ 5 պատգամավորներ են, որոնք մասնակցել են բոլոր նիստերին: Հիմա ընթերցեմ՝ Արթուր Թովմասյան, Մարսել Պետրոսյան, Արամ Գրիգորյան, Սեյրան Հայրապետյան, Սևակ Աղաջանյան: Ասեմ, որ կեսից ավելի անհարգելի բացականեր չունենք: Եվ նրանք, ովքեր տեղյակ են պահել նույնիսկ խմբակցության նախագահներին, որոնք փոխանցել են ինձ` որտեղ են գտնվում, դրանք էլ են հարգելի համարվել: Իսկ հիմա արդեն լավ ավանդույթ է ստեղծվել, ես չեմ հանձնարարել: Այն պատգամավորները, որոնք հիվանդ են կամ գտնվում են Արցախի սահմաններից դուրս, իհարկե՝ գործուղման մասով, ես տեղյակ եմ լինում՝ գործուղված պատգամավորներին հարգելի ենք համարում: Ի տարբերություն շատ խորհրդարանների՝ լավագույն արդյունք է: Հարգելի բացակայությամբ պատգամավորներին, եթե հաշվենք, մոտ 75% է:
Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Այժմ սկսենք նախագծի քննարկումը: Այն հանրապետության նախագահի կողմից լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Խնդրեմ ,պարոն Միրզոյան:
Ժիրայր Միրզոյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, Ազգային ժողովի քննարկման եմ ներկայացնում«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: <<Ազգային ժողովի կանոնակարգ>> օրենքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքով նախատեսված Սահմանադրությամբ փոփոխությունների հրապարակման վերաբերյալ դրույթը Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն Սահմանադրության փոփոխությունները ստորագրում և հրապարակում է հանրապետության նախագահը: Մինչդեռ նա Սահմանադրությամբ նման լիազորությամբ օժտված չէ: Սահմանադրությամբ նախագահն ունի ուղղակի լիազորություն ստորագրելու և հրապարակելու միայն Ազգային ժողովի կողմից ընդունած օրենքները, իսկ Սահմանադրության իմաստով, Սահմանադրությամբ <<փոփոխություններ և օրենք>> հասկացությունները ընդունման ընթացակարգի իրավական նորմերի աստիճանակարգության և բովանդակային առումով տարբեր են: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ տվյալ ընթացակարգով առաջին փոփոխությունների նախագիծը գտնվում էր շրջանառության մեջ Ազգային ժողովում, անհրաժեշտ է վերացնել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համապատասխան դրույթի հակասությունը Սահմանադրության հետ՝ Ազգային ժողովի նախագահին վերապահելով Սահմանադրությամբ փոփոխությունները հրապարակելու լիազորություն: Մենք քննարկման ժամանակ առաջարկություն ենք ստացել նաև նախագծում «Ազգային ժողովի որոշմամբ ընդունված» բառերը փոխարինել «Ազգային ժողովի ընդունած» բառերով: Ընդունել ենք, և վերջնական տեսքով ներկայացված է նիստին:
Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն նախարար: Հարցեր պարոն նախարարին:
Գրանցում:
Գրանցվել է մեկ պատգամավոր ՝ Ստեփանյան Գեղամ: Պարոն Ստեփանյան, խնդրեմ:
Գեղամ Ստեփանյան - Շնորհակալություն: Պարոն Միրզոյան, ընդհանրապես օ-րենքների՝ նախագահի կողմից ստորագրումը իրենից ենթադրում է, որ հնարավորություն է տրվում նախագահին դիտարկումների, նկատառումների դեպքում առաջարկներով հետ ուղարկել Ազգային ժողով: Այս պարագայում, որ առաջարկվում է նախագիծը՝ բնականաբար, դա իրավիճակային լուծում է՝ համապատասխանեցնել: Չե՞ք կարծում, որ հետագայում կարող է ինչ-որ քաղաքական գործընթացների մեջ իրավիճակ լինել, երբ, որպես Ազգային ժողով և նախագահական ինստիտուտ ինչ-ինչ իրավիճակի կամ ինչ-ինչ հարաբերությունների դեպքում Ազգային ժողովը առանց նույնիսկ նախագահի որևէ դիտարկում հաշվի առնելու, այսպես ասած, Սահմանադրության ցանկացած կետ, որը թույլ է տալիս փոխել Ազգային ժողովով, առանց նախագահի կարծիքը հաշվի առնելու, այսպես ասած, փոխի: Չե՞ք կարծում, որ մենք կարող ենք բախվել նման իրավիճակում: Շնորհակալություն:
Ժիրայր Միրզոյան - Շնորհակալություն հարցի համար: Տեսեք ինչպիսի իրավիճակ ունենք: Սահմանադրությունը ընդունվում է 2 ընթացակարգով՝ 1-ից 3-րդ հոդվածը, 6-րդ և 9-րդ, ևս այլ հոդվածներ ընդունվում են միայն հանրաքվեով ժողովրդի կողմից: Այս ընթացակարգով ընդունված Սահմանադրությունը երբ ներկայացվի նախագահի ստորագրմանը, տրամաբանական չէ, որ նա կարող է առաջարկությամբ կամ առարկություններով վերադարձվել: ՈՒ՞մ վերադարձնել: Իսկ Ազգային ժողովի մնացած հոդվածները, որոնք ընդունվում են Ազգային ժողովի կողմից, ընդունվում են որակյալ մեծամասնությամբ, այսինքն այս դեպքում ևս տրամաբանական չէ ետ վերադարձնել Ազգային ժողով, քանի որ պետք է այս դեպքում դասակարգում անել այն հոդվածների մասով, որոնք ընդունվում են հանրաքվեով ժողովրդի կողմից, այդ հոդվածներով ընդունված փոփոխությունները, միանշանակ, հնարավոր չէ ներկայացնել նախագահի ստորագրմանը, քանի որ 95 հոդվածը, որի համաձայն օրենքները ստորագրում և հրապարակում է նախագահը, այդ հոդվածի նպատակն է առարկություններով և առաջարկություններով վերադարձնել, չնայած սա վետոյի հնարավորություն չի, որովհետև վերստին ընդունված օրենքները հնգօրյա ժամկետում պարտադիր ստորագրում է հանրապետության նախագահը: Տվյալ դեպքում մենք կամ պետք է Սահմանադրությունը 2 մասի բաժանենք: Այն հոդվածները, որոնք Ազգային ժողովը ներկայացնում է, ներկայացնենք հանրապետության նախագահի ստորագրմանը, այն հոդվածները, որոնք չի ստորագրում՝ չներկայացնենք, բայց նպատակահարմար չեմ գտնում: Իմ անձնական կարծիքն եմ ասում, նաև իրավական վերլուծության առումով նպատակահարմար չէ Սահմանադրությունը բաժանել 2 մասի, մանավանդ, որ հիմնարար սահմանադրական նորմեր պարունակող հոդվածները՝ մարդու իրավունքներին վերաբերվող, սահմանադրական կարգի հիմունքներին վերաբերվող, այսինքն հիմնական սկզբունքները, որոնք փոփոխվում են հանրաքվեով, այսինքն այդ հոդվածները մենք բոլոր դեպքերում փոփոխությունների չենք կարողանալու ներկայացնենք հանրապետության նախագահի ստորագրմանը, որևէ տրամաբանություն՝ իրավական, նաև քաղաքական առումով չկա:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Արձագանքում ե՞ք: Իրավունքի ուժով, սա կարող եք նաև պատասխանել, առաջարկը կա: Տա Աստված, պարոն Ստեփանյան, այդ մտահոգությունը չառաջանա: Հիմա գիտենք, որ այս Սահմանադրությանը շատ կարճ կյանք է մնացել: Արդեն ստեղծված է պետական հանձնաժողով, որտեղ ընդգրկված են խորհրդարանական ուժերը, նաև անկախ մարդիկ, իրավաբաններ և այդ վտանգը, ասենք, որ Սահմանադրությունը, չի աշխատում, առաջացավ փետրվարի 2-ին՝ <<Վարչատարածքային բաժանման մասին>> օրենքի առաջին ընթերցման ժամանակ: Այսինքն ո՞վ պիտի ստորագրեր, այսինքն 2007թ. մեր ընդունած Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնք վտանգավոր են, որոնք չեն աշխատել: Հիմա դրանք շատ արագ, երբ որ հանրաքվեի կդնենք և նոր Սահմանադրություն կունենանք, տա աստված, որ այդ մտահոգությունները չառաջանան, պարոն Ստեփանյան: Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:
Ժիրայր Միրզոյան - Շնորհակալ եմ:
Արթուր Թովմասյան - Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության <<Ազգային ժողովի կանոնակարգ>> օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և տրվել է դրական եզրակացություն: Խնդրում եմ այն ընդունել որպես օրենք:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Աղաջանյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է նաև մտքերի փոխանակություն: Եթե ելույթի ցանկություն կա, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա: Հարցի քննարկումն ավարտված է:
Այժմ քվեարկության է դրվում <<Ազգային ժողովի կանոնակարգ>> օրենքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին>> օրենքն ընդունելու մասին հարցը. Քվեարկություն – կողմ՝ 24 դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 2:
Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Այսքանով ավարտում ենք արտահերթ նիստի աշխատանքները: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: