ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 4 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2021թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 28 պատգամավորներ, բացակա՝ 5-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի առավոտ բոլորին: Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` սույն թվականի նոյեմբերի 27-ին Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ:
Առաջարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստարջան` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին»: Հիմնական զեկուցող` պատգամավոր Գեղամ Ստեփանյան:
Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, և համապատասխան եզրակացությունով պատրաստ ենք այն քննարկելու: Ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նստարջանի աշխատանքներին: Խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:
Գրանցում:
Գրանցվել է 28 պատգամավոր:
Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացնելու համար հրավիրվում է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:
Գեղամ Ստեփանյան - ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին
Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվում են հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և նենգափոխող հայտարարություններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման գործընթացը։ Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն։ Տարակուսելի է, որ վերջին նման հայտարարությունը հնչել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում։
Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ Արտահայտելով Արցախի Հանրապետության հանրային և քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ մեր անհամաձայնությունն ու վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցի ընթացքում հնչած մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ։
Մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 1988 թվականի ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդյունքների ֆոնին հնչեցվում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ձևավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը և նրա տևական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ։
Նախորդ տարիների բանակցային գործընթացում հայկական կողմերի իրավական և քաղաքական հիմքերը և մեր ազգային շահերի պաշտպանությունն այդ համատեքստում որևէ հակասության մեջ չեն մտնում միջազգային կառույցների և միջնորդների ներկայացրած դիրքորոշումների հետ։
Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսվել միջնորդների կողմից նախկինում ներկայացված առաջարկություններում, հաստատվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տրված պարզաբանումներում։
Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկված աշխատանքային տարբերակների և բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխման մասին շահարկումները վնասակար և վտանգավոր են։
Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունը ընդգծող հայտարարությունները, որոնք մերժելի ու պարսավելի են Արցախի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի դիմաց։
Գլուխ խոնարհելով արցախյան գոյապայքարի բոլոր նահատակների առջև` միաժամանակ երախտագիտություն ենք հայտնում համայն հայությանը, մասնավորապես ՀՀ մեր հայրենակիցներին՝ Արցախի կողքին կանգնելու, նրա տառապանքներն ու զրկանքները միասին կիսելու համար:
Հայկական երկու հանրապետությունների եղբայրական փոխհարաբերությունների հիմքում տարիներ շարունակ անխափան գործել է դեռևս 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած որոշումը, որը հստակ սահմանել է միջազգային հանրության լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության նկատմամբ: Այդ որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»: Սահմանվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այս բանաձևն արդիական է նաև այսօր:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումը Արցախի Հանրապետության ինքնիշխանության և անկախության հարցում, հայտարարում է՝ անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները։
Շնորհակալություն, հարգելի գործընկերներ: Ուզում եմ ավելացնել նաև, որ վաղը` դեկտեմբերի 28-ին, լրանում է Գերագույն խորհրդի առաջին ընտրությունների 30-ամյակը: Եվ ուզում եմ ավելացնել, որ այս երեսուն տարիների ընթացքում այս դահլիճում բազմաթիվ կարևորագույն որոշումներ են ընդունվել: Եվ լիահույս ու վստահ եմ, որ դեռևս առիթներ կունենանք հաստատակամ որոշումներ ընդունելու և կայացնելու: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ստեփանյան: Ուրեմն, վաղը նաև ուղերձով կասենք մեր ժողովրդին 30-ամյակի մասով: Քանի որ «վտանգավոր» բառը մի տեղ գրում ենք, վնասակար և խեղաթուրված գաղափարների ու ձևակերպումների առթիվ...
(Չի լսվում):
Անցնում ենք հարցերին: Խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան:
Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանին: Խնդրեմ:
Մարսել Պետրոսյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, արտաքին հարաբերությունների հաձնաժողովը իր նիստում քննարկել է սույն հայտարարության տեքստը` մեկ հոգու հարգելի բացակայությամբ, 3 հոգու մասնակցությամբ: Եզրակացությունը դրական է, 3 պատգամավորներն էլ դրական են արտահայտվել այս հայտարարության առիթով: Կոչ եմ անում բոլորիդ միաձայն քվեարկել այս հայտարարության օգտին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Պետրոսյանին: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին, խնդրում եմ գրանցվել:
Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Գրանցվել են 4 պատգամավորներ: Խնդրեմ, տիկին Հակոբյան, թող պատրաստվի ընկեր Իշխանյանը:
Մետաքսե Հակոբյան - Ցավով պետք է նշեմ, որ մայր Հայաստանի նորագույն պատմության մեջ եղել են ապազգային ուժեր, որոնք տարիներ շարունակ և մինչ այժմ սպասարկում են օտարի, իսկ երբեմն թշնամու շահերը: Այդ ուժերի ներկայացուցիչներից որոշների հոգին փառավորվում էր, երբ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեսնում էինք, թե ինչպես են հայերը ծեծում, սպանում հայերին: Այդ ուժերի ներկայացուցիչները ցինիկաբար հայտարարում էին, որ 2018 թվականի իշխանազավթումը ավելի կարևոր է, քան արցախյան գոյամարտը: Իսկ այսօր արդեն շրջանառության մեջ է դրվում այն ազգակործանման մանիպուլյացիան, որ Արցախը հայկական չէ, որ Արցախում նախկինում ապրող ադրբեջանցիները ինքնորոշման իրավունք ունեն: Փաստորեն, երբ 2018 թվականին մենք հայտարարում էինք, որ այս վարչախումբը եկել է Արցախը հանձնելու, մենք, մեղմ ասած, թերագնահատում էինք այս ուժերի ախորժակը: Ո՛չ, սրանք եկել են ողջ Հայաստանը` Արցախը ներառյալ, հայ ժողովրդին և հայկական շահերն ու պահանջները հանձնելու, հայկական հարցը փակելու և հայոց պետականությունը հնարավորինս արագ վերացնելու: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հայ ազգը չի սթափվի և չի կանգնեցնի այս արհավիրքը: Սա նրանց պլան-մաքսիմումն է: Մինիմումն արդեն կատարվել է: Որոշ հասցված վնասներ արդեն անուղղելի են, դաժան են ու անդառնալի: Այս ազգակործան իշխանությունները առանց վարանելու հրահրեցին պատերազմ, և պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք մեր հազարավոր քաջորդիներին, որը, պատմությունը ինչպես էլ փոխվի, ինչ էլ լինի, սա մեր միակ անդառնալի ու ամենացավոտ կորուստն է լինելու, որովհետև մեր զավակներին մենք այլևս չենք կարող վերադարձնել: Իսկ իրենք պիտի ապրեին, արարեին ու շենացնեին հայրենիքը: Այս ուժերի դեմ պայքարելը բարդ ու ծանր է, բայց մենք այլ ելք չունենք, քան այս ապազգային տարրերի դեմ պայքարել ու նրանցից շուտափույթ ազատվել: Այլընտրանքը կործանումն է, և ժամանակն աշխատում է մեր դեմ: Իհարկե, ողջունելի է այս հայտարարությունը, բայց ես ուզում եմ համոզված լինել, որ ձեզնից յուրաքանչյուրն իր մտքում ունի իր հայտարարության տեքստը` ավելի կոշտ, ինչու չէ, նաև ավելի կոպիտ ձևակերպումներով: Արցախի ճակատագրի որոշողը դա ողջ հայությունն է` Հայաստան-Արցախ-Սփյուռք: Իսկ հայությունն արդեն որոշել է: Դեռ երեսուն տարի առաջ Արցախն ինքնորոշվել է: Այսօր կայացած հանրապետություն է իր պետական ինստիտուտներով: Դրա համար մենք ամենաթանկ գինն ենք վճարել և ամրագրել ենք մեր զավակների, հայրերի ու եղբայրների արյամբ, մեր զրկանքներով և տառապանքով: Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և հայը չի խուսափելու այդ որոշումը պաշտպանելու առաքելությունից, քանզի այսօրվա կեղծ բարեկեցությունը չի կարող փոխարինել այն բաղձալի նպատակին, որի համար մենք պայքարում ենք մի ողջ կյանք: Հետևաբար, բոլորը, նույնիսկ գերտերությունները սթափ մտածելու դեպքում պետք է հասկանան, որ ամեն կերպ անտեսելով և փորձելով օրակարգից դուրս թողնել Արցախի կարգավիճակի հարցը` ավելի են բարդացնելու և սրելու իրավիճակը: Երեսուն տարի շարունակ ՀՀ իշխանությունները, անկախ իրենց ունեցած տեսակետից, պաշտպանել են այս որոշումը և ներկայացրել միջազգային բոլոր հարթակներում և դիվանագիտական գործընթացներում: Իսկ Նիկոլ Փաշինյանը, զավթելով իշխանությունը և հայտնվելով իշխանության ղեկին, իրականացնում է ճիշտ հակառակը և պաշտպանում է Ադրբեջանի ժողովրդի շահերը: Սա պատմական սխալ է, որը հայ ազգը պետք է շտապ շտկի, քանզի չի կարող լինել որևէ հայկական իշխանություն, որը չպաշտպանի Արցախի և այնտեղ բնակվող հայերի իրավունքները: Եվ վերջում ամենակարևորը` պետք է հայը երբեք չմոռանա` չկա Հայաստան առանց Արցախ, և չկա Արցախ առանց Հայաստան: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, տիկին Հակոբյան: Ընկեր Իշխանյան, խնդրեմ, թող պատրաստվի ընկեր Մոսիյանը:
Դավիթ Իշխանյան – Նախ` շնորհակալություն իմ ծննդյան շնորհավորանքի համար, իմ խոնարհումը բոլորին: Անկեղծ ասած սպասում էի, որ գոնե նվազագույնը քսան հոգի կհերթագրվեին ելույթներ ունենալու համար: Սա այն պահն է, որ բոլորս պետք է խոսենք` ուզենք, թե չուզենք: Զարմանալի է: Եվ բնականաբար, մեր խոսքը չի կարող զգացական չլինել` էլի ուզենք, թե չուզենք: Ես որքան փորձել եմ այս զգացական պահերից զերծ մնալ, բայց, այնուհանդերձ, կփորձեմ մի քիչ ավելի սահմանների մեջ, ընկալելի, կոռեկտ իմ ընդհանուր մտահոգությունը, տեսակետները ներկայացնել:
Նայեք, դահլիճում նստած պատգամավորներ ունենք, որ հիշում են. 2018 թվականի հունիսին այս ամբիոնից ես մի ելույթ եմ ունեցել, երբ որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, երբ որ Արցախում որոշակի, այսպես ասած, խլրտումներ, մտահոգություններ և շարժեր կար, մի հետաքրքիր բառակապակցությամբ կամ արտահայտությամբ նկարագրել եմ ընդհանուր իրավիճակը և հետևյալ միտքն եմ հայտնել, որ մեր պետության ու պետականության նկատմամբ քաղաքական դիվերսիաներ են տեղի ունենում: Այդ քաղաքական դիվերսիաների կամ դիվերսանտների, այսպես ասած, որոշակի արձագանքներ եղան: Շատ լուռ տարել ենք: Այդ քաղաքական դիվերսիաները շարունակվում են մինչև հիմա, և որոշակիորեն, այսպես ասած, անտես, չերևացող, երբեմն երևացող տեսքով մենք ուղղակիորեն առնչվում ենք դրան: 2018-2020 թվականներին շատ փոփոխություններ են տեղի ունեցել մեր կյանքում: Սկզբում նկատի պիտի առնենք 2018 թվականի ընտրությունները Արցախի Հանրապետությունում` նախագահական և խորհրդարանական, իսկ հետո 2020 թվականի պատերազմը: Հետահայաց երբ որ նայում ենք, հետևյալ հարցն ունենք յուրաքանչյուրս մեր մեջ, մի առիթով ԱԺ հարգարժան նախագահ Արթուր Բաբկենիչն էլ էր ասում. «Ուր էինք, ուր հասանք»: Պիտի արձանագրենք, որ թե' նախապատերազմյան, թե' հետպատերազմյան շրջանում քաղաքական համատարած կազմաքանդման գործընթացներ են ծավալվել թե' Հայաստանի Հանրապետությունում, թե' Արցախում: Այդ կազմաքանդման գործընթացներից մենք դուրս չէինք և դուրս չենք: Գիտեք` գործելաոճ է դառել թուլացնել, պառակտել, մասնատել: Արդյունքում ի՞նչ է ստացվում` իշխել, կառավարել, ուղղորդել: Այս ամենը, ինչ կատարվում է, նորից եմ ասում, մեր շրջապատում, մեր կողքին, եթե մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ կամ նույնիսկ քաղաքական լեզվով, «կուտը կերանք»:
Հիմա մեր սուբյեկտայնության մասին: Այսօրվա հայտարարության տեքստը, բնականաբար, հենց այդ սուբյեկտայնության մասին է: Մենք պիտի արձանագրենք, որ մենք ունենք երկու պետական օղակներ, երկու պետական մարմիններ, մեր սուբյեկտայնությունը ցուցաբերող, ցուցադրող երկու մարմիններ. դա նախագահական ինստիտուտն է, դա Ազգային ժողովն է` առաջնային մանդատ ստացած երկու մարմիններ, որոնց նկատմամբ նույնպես շարունակվում է դեռևս 2018 թվականին սկսված կազմաքանդման գործընթացը: Պետականություն, պետություն. այս երկու ատրիբուտների նկատմամբ, պարզ պիտի հասկանանք, գիտակցենք, որ շարունակվում է այս գործընթացը: Պատահական չեմ ասում դրանց մասին, և յուրաքանչյուրիս խոսքը հենց նաև հակադրվում է, յուրաքանչյուրիս խոսքը հենց նաև դիմադրություն է, որ պետք է երևա այդ կազմաքանդման գործընթացին: Մենք հիմա ունենք կիսաքանդված, կիսակենդան, գրեթե քաղաքական գործընթացներից դուրս, ցածր իմունիտետով այդ երկու օղակները: Ինձ թող ներեն իմ գործընկերները, ներեն նախագահական ինստիտուտի ներկայությունը, բայց այդ է իրավիճակը, սա է իրականությունը: Այդ երկու կարևոր լեգիտիմ բաղադրիչները, պետական այդ երկու կարևոր օղակները մեր ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված մարմիներ են: Հենց հայտարարության մեջ էլ խոսվում է դրա մասին: Երկուսի բնականոն գործունեությունը, իսկ առավել ակտիվ քաղաքական գործունեությունից է կախված մեր ապագան, թե որքանով մենք կկարողանանք այդ ակտիվությունը ցուցաբերել: Ես ասացի, որ երեք տարի է` անընդհատ շարունակվում է այդ գործընթացը: Օրինակներ կարող եմ բերել: Հիշեք նախապատերազմյան շրջանում` մինչև ընտրությունները, թեկուզև ՀՀ տարբեր օղակներում «Արցախի մարզպետ», չգիտեմ, «Արցախի Հանրապետությունը», միտումնավոր կարծես թե, թե ոչ միտումնավոր, էական չէ, դուրս թողնելը, դուրս մնալը: Հիշեք 2019 թվականի օգոստոսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտնի այդ հանդիպման, հանրահավաքի ժամանակ նաև հասարակության տարբեր շերտերի ակտիվ «գործունեությունը»` ուղղված գործող իշխանություններին, 2018 թվականի հուլիսյան դեպքերը և այլն: Հետպատերազմյան շրջանում այս գործընթացը շարունակվել է: Ես առիթներ ունեցել եմ դրանց մասին խոսելու: Չկան քաղաքական հարաբերություններ Հայաստանի և Արցախի միջև: Ամենակարևոր օղակը հենց հայտարարության մեջ էլ նշվում է: Այդ համատեքստում Հայաստանը մեր անվտանգության երաշխավորն է: Անվտանգության ինչպիսի՞ բաղադրիչ մենք ունենք: Ու՞ր էինք, ու՞ր հասանք: Քաղաքական հարաբերություններ: Մենք առաջարկել ենք երկու ինստիտուտների` Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև հարաբերություններ: Չկան: Արտաքին գործերի նախարարությունների, այսինքն` մեր գերատեսչությունների: Չկան: Սրա մասին գուցե իմաստ չունի այսպես հրապարակային խոսել, բայց մենք պարտավոր ենք ասել: Դանակը ոսկորը հատել անցնում է: Անվտանգության խորհրդի քարտուղարներ կամ այդ երկու ինստիտուտների: Չկան: «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Մենք նույնիսկ դրամահավաքի, այսինքն` մենք չունենք այդ հնարավորությունը: Անհասկանալիորեն այդ կարևոր տնտեսական կամ նյութական բաղադրիչն են մեզանից տարել: Իսկ մենք շատ լուռ ու հանգիստ հետևում ենք: Կան միայն հարաբերություններ` Արցախի նախագահ և Հայաստանի Հանրապետության վարչապետ` սոցիալական, տնտեսական հարցերի շուրջ: Չի երևում քաղաքական այն ենթատեքստը, այն հարցերի շրջանակը, որ քննարկվում է: Ինչ որ արվում է, իմիտացիա է: Իսկ մենք, նորից եմ ասում, «կուտը ուտում ենք»: Առաջին փուլը ավարտվել է: Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետը պարզապես երկրորդ փուլը ազդարարեց: Տնտեսական, ապագայում նաև սոցիալական, լավ հիշեք, սկսվել է տնտեսական և սոցիալական դեինտեգրման քաղաքականությունը: Ես այս գործընթացը` քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնութագրել եմ որպես դեինտեգրում: Երեսուն տարի մենք Հայաստանի Հանրապետության հետ ինտեգրվել ենք, հիմա դեինտեգրման գործընթաց է: Իսկ հետո կլինի ռեինտեգրում Ադրբեջանի Հանրապետության հետ: Ոնց ուզում եք դուք ընկալեք, բայց սա է իրականությունը: Սա քաղաքական վերլուծություն չի: Գուցե նաև վերլուծություն: Սա քաղաքականություն է: Մենք պարտավոր ենք դա կանխորոշել, հասկանալ և մեր ապագա քայլերը կատարել: Արդյո՞ք մենք դա անում ենք: Ես կասեի` ոչ: Մեզ առիթ է ընձեռնված: Սա պարզապես առիթ է, և երբ որ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը ուղղակի ձեռքերը լվանում է Արցախից և ասում է, որ «ես մանդատ չեմ ստացել», այո, իրականության մեջ «ձեռքերը լվանալ» է սա: Իսկ ողջունելով մեր նախագահի երեկվա ֆեսբուքյան գրառումը` նաև պիտի ասել. մենք էլ այստեղ ենք ասում, որ, այո, Հայաստանին թույլ ենք տալիս «ձեռքերը լվանալու»: Ոչ, Հայաստանի Հանրապետությունը մեր անվտանգության երաշխավորն էր` իր ստանձնած պարտավորություններով: Իսկ ո՞վ պիտի մեզ ներկայացնի միջազգային հարթակներում: Չէ՞ որ երեսուն տարվա ընթացքում այդ միջազգային հարթակներում մեր շահերը ներկայացնող օղակ կար` ի դեմս Հայաստանի Հանրապետության: Ո՞վ պիտի հիմա ներկայացնի: Մենք չունենք այդ հնարավորությունը և համապատասխան կարելիությունները: Իհարկե, ես միանում եմ առաջարկները միաձայնությամբ ընդունելուն, բայց սա բավարար չէ, սա մեզանից յուրաքանչյուրի նվազագույնն է` «կողմ» քվեարկել հայտարարությանը: Բայց նաև ուզում եմ առաջարկել, պարոն Թովմասյան, մի քանի առաջարկներ ներկայացնել: Ժողովրդի հետ խոսակից չկա: Նախ մենք նախաձեռնենք առաջիկայում` նոր տարուց հետո, ժողովրդի հետ խոսելու այդ հնարավությունը ստեղծել բոլորով միասին: Ես արդեն տարբեր խմբերի վերածելով...
Արթուր Թովմասյան - Ընդունելի է, Իշխանյան ջան, հաջորդը:
Դավիթ Իշխանյան - Կասեմ, ժամանակ ունեմ, ես նայում եմ, մեկ րոպե տասնչորս վայրկյան ես ունեմ: Մեր ժողովրդի հետ խոսելը շատ կարևոր է: Խոսակից չկա: Երկրորդ` պատվիրակություններ պատրաստել, պատվիրակություններ կազմել: Հիշում եք` պատերազմի օրերին նման առաջարկ ներկայացրել էինք: Մենք ունենք կարևոր կենտրոններ: Ընդունում են մեզ, չեն ընդունում, որքանով, բայց առաջին հերթին նախ պատվիրակություն Հայաստանի Հանրապետություն` վարչապետ, Ազգային ժողով, այնուհետև երեք կարևոր համանախագահողների կենտրոնները` Մոսկվա-Փարիզ- Բրյուսել, համատեղ եմ ասում, և Վաշինգտոն: Մեր լեգիտիմ ընտրված մարմնից և, ինչու չէ, նաև մեր հարևան Պարսկաստան: Սրանք կարևոր ուղղություններ են և կարևոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը հասկանա: Ի՞նչ կերպով, ի՞նչ չափով կհարաբերվես, սա իրենց խնդիրն է: Գիտեք, մեզանից յուրաքանչյուրը շատ է դիտել հրեական համակենտրոնացման ճամբարների, այսպես ասած, ընդհանուր գոյության, գործունեության մասին ֆիլմեր: Շատ կարևոր մի դիպուկ նկարագրություն է տվել իմ լավ ընկերներից մեկը: Ասում է. «Գիտե՞ք, դուք բաց համակենտրոնացման ճամբարի վիճակում եք: Անձնագիր եք ցույց տալիս մտնում եք, դուրս գալուց ցույց եք տալիս»: Համակենտրոնացման ճամբարների այդ ֆիլմերը թող լինեն մեզ համար ուղենիշ: Վերջապես այդ ֆիլմերը ստեղծվում են նաև գործելու համար: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, ընկեր Իշխանյան: Ուրեմն, մի հատ առաջին հարցն է ինձ վերաբերում, երկրորդի մասով էլ խորհրդարանի մասը կասեմ: Ընկեր Մոսիյան, խնդրեմ, թող պատրաստվի Արթուր Թովմասյանը` իրավունքի ուժով:
Արթուր Մոսիյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, իմ գործընկերը վերլուծության մեջ նշեց այն քայլերը, որ իրականացնում են Հայաստանի ազգադավ իշխանությունները ոչ միայն Արցախի, այլև հայկական զույգ հանրապետությունների նկատմամբ: Տեսեք, ժամանակին ամիսներ, տարիներ առաջ, որ խոսում էինք, որ իրականում չի կարող լինել փողոցային իշխանություն, որ բարիք բերի այս երկրին, մարդիկ, ոգևորված հեղափոխության, իսկ իրականում հեղաշրջման գաղափարներով, մոռանալով ամեն ինչը, մոռանալով, որ իշխանության գալու հենց առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանի վարչախումբը սկսեց խփել հայկական զույգ հանրապետությունների համար ամենակարևոր օղակներին` մայր եկեղեցուն, ազգային բանակին, ազգային կուսակցություններին, ազգային միասնությանը: Երկիրը բաժանելով սև-սպիտակի` տեղափոխեց այդ նույնը Արցախ: Հիմա տեղափոխում է սփյուռք, և սին ու մտացածին են այն երևույթները, որ եթե մենք լռենք, սպասենք, միգուցե ինչ-որ հարաբերություններ հետագայում կարող ենք կարգավորել: Ոչ: Վարչապետի այն օրվա հարցազրույցում կարմիր թելի պես մի մեսիջ է գնում, որ ինքը, մի քանի ամիս առաջ ասել ենք, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, մարդիկ տարակուսանք են հայտնում. չէ, կարող է այդ չի, կարող է լավ չեք հասկացել, այսինքն էլ ինչ է պետք, որ հասկանանք, հարգելի ժողովուրդ: Եթե Հայաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելում Արցախի Հանրապետություն, եթե Արցախի Հանրապետության համար ամենանվիրական օրերից մեկի` Անկախության տոնին ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելում Արցախի Հանրապետություն, որոշ պաշտոնյաներ նախընտրում են հանգիստը անցկացնել ուրիշ տեղեր այդ օրը, եթե ամեն անգամ բավարարվելով սոցիալական, հումանիտար խնդիրների լուծմամբ, ոչ մի քաղաքական հարց չի բարձրացվում, եթե պատերազմից հետո «Արցախի Հանրապետություն» տերմինը դուրս է եկել Հայաստանի քաղաքական ղեկավարության լեքսիկոնից, եթե այսքանը մեզ համար բավարար չէ, ուրեմն ա. կամ մենք կույր ենք, բ. կամ մենք մեզ կույրի տեղ ենք դրել: Սա է իրականությունը, իսկ իրականությունից փախչել չի լինի: Մեկ է, մի օր գալու է քո առաջ: Եվ այս ազգադավ իշխանությունների օր առաջ հեռացումը ոչ միայն Արցախին է պետք, այլև հայկական զույգ հանրապետություններին: Որ ասում ենք պարտված իշխանությունները պետք է հեռանան, դա իշխանափոխության համար չէ: Չի կարելի ծնկաչոք գնալ բանակցությունների, և օրական կատարել այս նույն զիջումները, իսկ հետո այստեղ հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ», որոշ ժամանակ անց ասել «բա ադրբեջանցիները», «բա Արցախը» և այլն, և այլն: Խոսքս վերջին հայտարարության մասին է: Եվ այս իրար հակասող մանիպուլյացիաները, այս ոչ ադեկվատ պահվածքը ցույց է տալիս, որ իրականում հայկական երկու հանրապետությունները արդեն վաղուց հասցրել են կարմիր գծերը և գտնվում են կործանման եզրին: Բայց այսքանի հետ միասին մի լավ լուր ունեմ հայտնելու. դա էլ այն է, որ տարիներ, տասնամյակներ, հազարամյակներ շարունակ, դա կարող է Նիկոլի համար կասկածելի լինի, այս ժողովուրդը ապրել է այս հողում և շարունակելու է ապրել և դիմագրավել է բազմաթիվ մարտահրավերների: Եվ ես հույս ունեմ, որ այս հերթական մարտահրավերին` «Նիկոլ Փաշինյան» արհավիրք մարտահրավերին, մեր զույգ հանրապետությունների ժողովուրդը հաջողությամբ կդիմագրավի: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, ընկեր Մոսիյան: «Կուտ են տվել, կուտ եք կերել»: Արթուր Թովմասյանը ոչ կուտ ուտող է, ոչ էլ կուտ տվող: Սա մեկ: «Ուր էինք, ուր հասանք»` սրա մասին էլ կխոսենք:
Սիրելի պատգամավորներ, ես ձեզ դիմում եմ «սիրելի պատգամավորներով», զսպվածության, հանդուրժողականության, համերաշխության կոչ եմ անում: Նայեք, պարտված իշխանությունը հաղթել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում, և ձևավորվել է խորհրդարան, կառավարություն: Արթուր Թովմասյանը` Ազգային ժողովի նախագահը, ես խմբակցություններին թողնում եմ իրենց տեսակետներին, չհարգի՞ Հայաստանի Հանրապետության հայրենակիցների վստահության քվեն: Եթե իշխանության մեջ եմ, իշխանությունները ինձ գտնում են, որ դու ընդդիմության մեջ ես: Երբ որ ընդդիմության մեջ էի, ընդդիմությունը գտնում էր, որ ես իշխանության մեջ եմ: Ես ոչ մի բանի մեջ չեմ: Ես պետականամետության կողքին եմ, Արցախի ժողովրդի կողքին եմ, և Արցախի վերաբերյալ, Արցախի ապագայի վերաբերյալ որևէ քաղաքական ուժի, որևէ իշխանության ներկայացուցչի հայտարարություն` կասկածանքի տակ դնել Արցախի սուբյեկտայնությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անթույլատրելի եղել է, կա և լինելու է ձեր Ազգային ժողովի նախագահի համար: Ինչո՞ւ եմ սա ասում: Ասում ենք` չկա, այո, համամիտ եմ, չկա խորհրդարանների միջև, ասենք, բարիդրացիական հարաբերությունների մասին չէ խոսքը, եղբայրական հանրապետության մասին չէ խոսքը, այլ հարաբերությունների մասին: Ես փորձ եմ արել իմ առաջին հանդիպման ժամանակ ձեզ ասել, որ հիմնաքարը ինչպես դնենք, այնպես էլ կառուցելու ենք մեր աշխատանքները: Իհարկե, մինչև հիմա միջխորհրդարանական նիստ տեղի չի ունեցել, ասենք, որը 1998 թվականից ամրագրված է, բայց փորձել եմ հորդորել եմ ձեզ, որ մշտական հանձնաժողովների միջև կառուցեք ձեր աշխատանքները: Եվ վերջերս, պարոն Հարությունյան, ձեր մասին եմ ուզում ասել, ձեր հանձնաժողովի և մեր եղբայրական Հայաստանի Հանրապետության համապատասխան հանձնաժողովի միջև եղել են քննարկումներ, որը ողջունելի է: Օգտվելով առիթից` ուզում եմ նաև մշտական հանձնաժողովներին հորդորել կապվել գործընկերների հետ և ինչու չէ, լսումներ անցկացնել, թեմաներ քննարկել: Իհարկե, նաև հուշագիր է ստորագրվել այդ մասով, նաև բոլոր խմբակցություններին հորդորում եմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված են երեք խմբակցություններ, հանդիպել խմբակցությունների հետ: Մի առիթով ես ասել եմ, որ ինձ համար չկան Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորներ, այլ կան հարյուրյոթ պատգամավորներ, որոնք Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներն են: Եվ հայտարարել եմ, որ Արցախի խորհրդարանի դռները բաց են Հայաստանի Հանրապետության մեր բոլոր գործընկերների առջև, բոլոր խմբակցությունների առջև: Դուք ասում եք` կապեր չկան: Որ կապեր չկան, Ազգային ժողովի նախագահը մի շաբաթ Երևանում նստո՞ւմ է, սեպտեմբերի 2-ի մասին է խոսքը, հանդիպում երեք խմբակցության ղեկավարների հետ և բոլորին հրավիրում Արցախ` միասին տոնելու Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը: Մենք կարող էինք նաև հանրաքվեի 30-ամյակը նշել: Մենք մեր գործընկերների հետ դրա մասին զրուցել ենք Արցախի խորհրդարանի բոլոր պատգամավորների հետ, նույնիսկ արդեն պատրաստվում էինք, որպեսզի հրավերներ ուղարկենք Հայաստանի Հանրապետության մեր գործընկերներին, բայց կորոնավիրուսի պատճառով, որը ուժգնացել է այդ պահին Արցախում, նաև կարանտին կար, ուղղակի այդ 30-ամյակի առթիվ` հանրաքվեի երեսունամյակի առթիվ, Սահմանադրության առթիվ, Մարդու իրավունքի միջազգային պաշտպանի իրավունքի առթիվ ուղերձով հանդես ենք եկել և շնորհավորել: Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդ պատգամավորը հիշեցրեց նաև մեր գործընկերներին, մենք նաև այդ մասով էինք նախապատրաստական աշխատանքներ տարել աշխատակազմի հետ: Ցավոք սրտի, դա էլ չենք նշելու բարձր մակարդակով, բայց կարող ենք զանգել: Ես կզանգեմ 2-րդ գումարման, 4-րդ գումարման, 5-րդ գումարման, 6-րդ գումարման, 7-րդը վաղը ես ձեզ էլ կշնորհավորեմ, Ազգային ժողովի բոլոր նախագահներին այդ գումարումների, բոլոր տեղակալներին, կփորձեմ նաև մշտական հանձնաժողովների նախագահներին, նախկինում խմբակցության ղեկավարներին` անկախ քաղաքական հայացքներից, պատգամավորներին: Մենք ունենք նաև և զոհված պատգամավորներ արցախյան առաջին պատերազմի, և մահացած արդեն այս երեսուն տարիներին, նաև տարբեր գումարումներից ունենք մահացած պատգամավորներ: Ես մի բան եմ հորդորում, մեր աշխատանքները, ես երեկ ասել եմ հայտարարությունների մասով, դրա մասին չեմ ուզում բարձրաձայնել, որովհետև համամիտ ենք, որ կա խնդիր, և ինչ ենք ուզում, այսինքն` մի էջի սահմաններում: Ես խմբակցություններին ուղղակի սա հորդորում եմ, որովհետև շատ երկար գրված հայտարարությունները հոգնեցնում են, ոչ բոլորն են ընթերցում: Սա էլ հետագայի համար: Եվ հանդուրժող եղեք, համերաշխ եղեք, զսպված եղեք, զսպվածության կոչ էլ եմ անում: Այստեղից որ մի միտք ենք արտահայտում, մինչև արտահայտելը այդ մտքի տերը դու ես, արտահայտելուց հետո այդ միտքն է դառնում քո տերը: Մի առիթով ասել եմ և հիմա էլ եմ կրկնում և հազար անգամ էլ եմ կրկնելու, միլիոն անգամ եմ կրկնելու. այն մարդիկ, ովքեր այս պահին գտնվում են, ապրում են, արարում են, աշխատում են, գործազուրկ են, բայց ապրում են Արցախում, նրանք հայրենապաշտներ են: Մեր բոլորիս ճակատագիրը նույնն է, ոչ մեկը Արցախի հարցում դրոշը ձեռը չի վերցնում, բոլորիս ճակատագիրը նույնն է: Եվ ուզում եմ նաև չորրորդ գումարումից ասել: Ընկերներ, կարմիր գիծն է, այն կողմում Ադրբեջանն է, էն մնացած հարցերը կքննարկենք, մահ կամ ազատություն: Դաշնակցության կարգախոսն է, բայց հիմա մենք թևակոխել ենք մի շրջան, և այստեղ ազատության մենք կհասնենք միայն ու միայն, անկախության մենք կհասնենք միայն ու միայն հետևյալ պայմանի դեպքում` Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության դեպքում: Ընկերներ, ազնիվ լինենք իրար նկատմամբ. այսօր առանձին Արցախի Հանրապետությունը կենսունակ չէ, այսօր առանձին Հայաստանի Հանրապետությունը եթե կենսունակ է, ապա մեզանից է շատ կենսունակ: Այսօր սփյուռքը, որ ասում են չեն լինում, եղել ենք Ազգային ժողովի նախագահը և Ֆրանսիայում, և Կիպրոսում, սփյուռքի մեր հայրենակիցները ոչ թե կենսունակ չեն, այլ սթրեսային վիճակում են գտնվում: Պետք է սթրեսից դուրս գանք, պետք է իրականում, եթե մենք ուզում ենք մեր բաղձալի երազանքին հասնենք, Արցախում մենք պետք է լինենք համերաշխ, հանդուրժող և զսպված: Եվ երկրորդ` Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնություն: Կարող է բառեր են, այսօր դա մեր գոյատևման, անվտանգային, ինչ ուզում եք հասկացեք, եթե այս եռամիասնությունը չտիրեց, այն ճիպոտի հարցն է դառնում, էն որ ճիպոտը մեկ-մեկ կոտրում են, բայց որ միասին են` դժվարությամբ: Շնորհակալություն:
Պարոն Ստեփանյան, եթե եզրափակիչ ելույթի ցանկություն կա, խնդրեմ: Շնորհակալություն:
Իսկ հիմա քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարութունը:
Քվեարկություն:
Կողմ` 28, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Շնորհակալություն, այսքանով մենք ավարտում ենք մեր այսօրվա արտահերթ նստաշրջանի աշխատանքները:
Ցտեսություն: