ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 4 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2021Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 32 պատգամավորներ, բացակա՝ մեկը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի առավոտ բոլորին, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգարժան պետնախարար, կառավարության հարգելի անդամներ, գործընկերներ: Սկսում ենք դեկտեմբերի 23-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում: Ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը:
Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու համար հրավիրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում ներառված են այն բոլոր նախագծերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն: Տեղեկացնում եմ ձեզ, որ «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակի պահանջով հետ է վերադարձվել լրամշակման համար: Ուրեմն, գործում է նախկին օրենքը: Օգտվելով առիթից` շնորհավորում եմ բոլորիդ, մեր ժողովրդին, պարոն նախագահ, առաջիկա տոն օրերի` Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոն օրերի առթիվ: Քանի որ նախկին օրենքը գործում է, հունվարի հինգին` ժամը հինգին, Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին հրավիրում եմ Ազգային ժողով, որպեսզի միասին գնանք ճրագալույցին մասնակցենք:
Օրակարգը բաժանված է բոլորիդ, եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել, եթե ոչ՝ անցնենք քվեարկության:
Քվեարկություն:
Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Գագիկ Բաղունց - «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու համար հրավիրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Այսօրվա նիստի օրակարգի առաջին բաժնում որպես պարտադիր քննարկման հարցեր են ընդգրկվել «Արցախի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, այնուհետև առաջին ընթերցմամբ ընդունված «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի նախագիծն է հարակից նախագծերի հետ` փաթեթի տեսքով:
Այնուհետև ներառված են գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած մի շարք օրենքների նախագծեր՝ «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» փաթեթը, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Այսօրվա նիստի օրակարգում, ինչպես միշտ, ունենք նաև «Պատգամավորական հայտարարություններ»:
Եթե հարցեր կան այսօրվա օրակարգի վերաբերյալ, խնդրեմ:
Եթե հարցեր չկան, քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն:
Կողմ` 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Մեկ անգամ ևս եկեք բոլորս գրանցվենք:
Գրանցում:
Ներկա են 31 պատգամավորներ, բացակա` 2-ը:
Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 16-ի նիստի ժամանակ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 84-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն` ընդմիջվել են «Արցախի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցերի քննարկումը` հնարավորություն տալով պատգամավորներին և խմբակցություններին նոր առաջարկներ ներկայացնելու գործադիր իշխանությանը։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 85-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանն այսօր վերսկսում է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը: Ուզում եմ հիշեցնել, որ Կանոնակարգ օրենքի 85-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով Հանրապետության նախագահը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկները, որից հետո նրան կարող են տրվել հարցեր:
10-ական րոպե տևողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորները, խմբակցությունների մեկական ներկայացուցիչները, մշտական հանձնաժողովներից մեկական ներկայացուցիչները, Ազգային ժողովի նախագահն ու նրա տեղակալը, ելույթներից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ Հանրապետության նախագահը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք: Այժմ կառավարության կողմից այն Ազգային ժողովին է ներկայացնում ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Խնդրեմ, պարոն նախարար:
Վահրամ Բաղդասարյան - Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, սահմանված ժամանակացանկի համաձայն, քննարկվել է Ազգային ժողովի խմբակցություններում և հանձնաժողովներում ու ներկայացվել Ազգային ժողովի 2021 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած հերթական նիստում: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 84-րդ հոդվածին համապատասխան` պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացվել է ընդհանուր առմամբ 101 առաջարկ, որից 34-ը` առաջին ընթերցումից հետո:
Ստացված առաջարկությունների վերաբերյալ կառավարության հայտնած տեսակետները ներկայացվել են Ազգային ժողով` ամփոփաթերթիկների տեսքով:
Միաժամանակ ներկայացվել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը ներառում է պատգամավորների կողմից արված այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ կառավարության կողմից տրվել է դրական եզրակացություն, մասնավորապես, պետական բյուջեի ծախսերում նախատեսվել են հետևյալ փոփոխությունները.
- 500000-ական դրամով ավելացել են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը,
- պաշտպանության բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացվել է մեկ միլիարդ դրամով` քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների իրականացման համար,
- հանգիստ, մշակույթ և կրոն բաժնի «Հուշարձանների վերականգնման ու պահպանման ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացվել է 20.0 միլիոն դրամով` Սուրբ Գևորգ եկեղեցու (ՈՒլուբաբ) տանիքի վերանորոգման համար,
- «Հրատարակչական ծախսեր» ծախսային ծրագիրը վերանվանվել է «Հրատարակչական և թարգմանչական ծախսեր» ծախսային ծրագրի և ավելացվել 3.0 մլն դրամով՝ թարգմանչական ծախսերի համար,
- կրթության բաժնի`
- «Նախադպրոցական հիմնարկներ» ծախսային ծրագիրը ավելացվել է 20.0 մլն դրամի չափով,
- «Ոչ ֆորմալ կրթության ծրագրեր» ծախսային ծրագիրը ավելացվել է 35.0 մլն դրամով, որից 20.0 մլն դրամը` հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման կազմակերպման և դրա արդյունքներով աշխատավարձերի բարձրացման համար, իսկ 15.0 մլն դրամը` տեխնիկական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծախսերի իրականացման համար,
- «Գիտաժողովների և խորհրդաժողովների ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացվել է 2.0 մլն դրամով,
- բաժնում լրացվել է «Հեռավար կրթության կազմակերպում» ծախսային ծրագիրը՝ 60.0 մլն դրամի չափով, նախատեսվում է սկզբնական փուլում հեռավար դասընթացների կազմակերպման համար կահավորել Ստեփանակերտ քաղաքի դպրոցների դասասենյակները:
Կառավարության կողմից ընդունված այլ առաջարկությունները կիրականացվեն կենտրոնացված ֆոնդերի շրջանակներում և ծախսային ծրագրերի ներսում կատարված վերաբաշխումների հաշվին, մասնավորապես.
- առողջապահության բաժնում «Կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում ու սպասարկում» ծախսային ծրագիրը նվազեցվել է 200.0 մլն դրամով և նույն գումարի չափով նախագծում նախատեսվել է «COVID-19» համավարակի կանխարգելման միջոցառումներ» ծախսային նոր ծրագիր,
- կրթության բաժնից հանվել է «Պետական աջակցություն արտասահմանյան բուհերում Արցախի Հանրապետությունից նպատակային ուսումնառություն ստացող ուսանողներին» ծախսային ծրագիրը:
Պետական բյուջեի դեֆիցիտը ավելացվել է 1 մլրդ 118.8 մլն դրամով:
Այսպիսով, 2022 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի համաձայն՝ պետական բյուջեի վերջնական ցուցանիշները կազմում են.
- եկամուտների մասով՝ 184 մլրդ 300.0 մլն դրամ, որից միջպետական վարկի տեսքով՝ 144.0 մլրդ դրամ, սեփական եկամուտների տեսքով՝ 40.3 մլրդ դրամ:
- ծախսերի մասով՝ 215 մլրդ 781.1 մլն դրամ,
- դեֆիցիտը՝ 31 մլրդ 481.1 մլն դրամ:
Այսքանը, շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան: Եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Նախանշված ընթացակարգով շարունակում ենք և անցնում ենք ելույթներին: Եթե նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորների մոտ կա ելույթ ունենալու ցանկություն, մենք առաջին հերթին կարող ենք իրենց խոսքը տալ, այնուհետև խմբակցությունների ելույթներին ենք անցնելու:
Ելույթների համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Ելույթ չկա:
Այժմ ելույթների համար հրավիրում ենք խմբակցությունների ներկայացուցիչներին:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության տեսակետը ներկայացնելու համար հրավիրում եմ խմբակցության քարտուղար պարոն Ստեփանյանին:
Գեղամ Ստեփանյան – Սիրելի հայրենակիցներ, հարգելի ներկաներ, Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովում, ի տարբերություն նախորդ տարվա խախտված ժամկետների, այս անգամ խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել օրենսդրությամբ, սահմանված ժամկետներում և անցել է նախնական ու հիմնական քննարկումների համար սահմանված բոլոր ընթացակարգերը: ԱՀ ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակը ներկա պահին այնպիսինն է, որ մենք բոլորս և, առաջին հերթին խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը, պարտավոր ենք ճիշտ հաշվարկել մեր հնարավորությունները, նյութական ու ֆինանսական ռեսուրսները` 2020 թվականի 44-օրյա ավերիչ պատերազմի հետևանքով ստեղծված կացությունը, մեր բնակչության մի ստվար հատվածի հայրենազրկման և ունեզրկման իրողությունները հաշվի առնելով: 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը այս առումով, կարծես, առանձնանում է, գոնե արտաքին տեսքը, այսինքն` թվային ցուցանիշները վկայում են բյուջեի ծախսային մասի շոշափելի աճի մասին: Բայց եթե նույնիսկ այս տեսանկյունից նայենք բյուջետային պլանավորման գործընթացին, ապա միանգամայն իրատեսական է այն մտավախությունը, որ նման ծավալով բյուջետային ծախսերի կատարման և նախատեսված ծրագրերի իրականացման հարցերում կարող են առաջանալ խնդիրներ: Մեր մաշված երթակառուցվածքները, շինարարական հզորությունները գոնե այս պահին խիստ դժվարություններ ունեն նախատեսված ծավալների տնտեսական և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու համար: Հաջորդ տարվա պետական բյուջեի առաջարկված նախագծի մյուս տարբերվող բնութագիրը սոցիալական պաշտպանության մեծ քանակով ծրագրերն են, ու այդ ուղղությամբ նախատեսված ավելի մեծ չափերի հատկացումները: Սակայն այստեղ էլ մենք որոշակի խնդիրներ ենք տեսնում, և հիմնական բարդությունը սոցիալական ապահովության և պաշտպանվածության նախատեսված ծրագրերի արդյունավետության գնահատման բացակայությունն է:
Մեզ համար այդպես էլ անհասկանալի են մնացել կրթության ոլորտում և սոցիալական ապահովության համակարգում վերջերս ներդրված որոշ ծրագրերից կոնկրետ արդյունքների ակնկալիքները: Մի կողմից թվում է, որ անցյալ տարվա աղետաբեր պատերազմի հետևանքով խոցելի սոցիալական խմբերին պետք է համակողմանի աջակցություն ցուցաբերել, բայց մյուս կողմից, հաշվի առնելով մեր ոչ հեռավոր անցյալը, անհրաժեշտ ենք համարում պետական օգնության և բարեգործական ծրագրերով հանրությանը մատուցվող օժանդակությունները այնպես կազմակերպել, որ դրանք հակառակ ազդեցություն չունենան սեփական աշխատանքով եկամուտ ստեղծելու ցանկության` մարդկանց գործունեության վրա: Մյուս մտահոգությունը, որ մենք առանձնացրել ենք գալիք տարվա պետական բյուջեի հետ կապված, դա պետական կառավարման համակարգի ոչ էֆեկտիվ գործունեության պատկերն է, որը բացահայտ երևակվել է ընթացիկ տարվա ընթացքում: Խնդիրը մեր պետական կառավարման համակարգի չափից դուրս ուռճացվածության մեջ է, որին հետևում է դանդաղկոտությունը, և որը խիստ անհամապատասխան է այսօր մեր կառավարման համակարգում աշխատակազմերի որակավորման բարձրացման ուղղությամբ կիրառվող դասընթացներին ու ծրագրերին: Բյուջեի նախագծի խորհրդարանական ուսումնասիրության փուլը հնարավորություն է տվել շահագրգիռ քննարկումներ կազմակերպել և' առանձին ոլորտներում, և' ընդհանրական կտրվածքով: «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության անդամները ակտիվ մասնակցություն են ունեցել հաստատված ժամկետացանկով բյուջեի նախագծի պարզաբանումներին նվիրված հանդիպումներին` թե' մշտական հանձնաժողովներում, թե' առանձին խմբակներում նախատեսված հանդիպումների ժամանակ: Մեր խմբակցության հետ առանձին հանդիպման ժամանակ փորձել ենք գործադիր իշխանության պատասխանատուներին ոչ միայն ներկայացնել մեր նկատած թերություններն ու մտահոգությունները, այլև փոխանցել ենք մեր պատկերացումները նշված ոլորտներում, ուղղություններում առավել արդյունավետ պետական միջամտության մասին: Եթե ելակետ ընդունենք այն հանգամանքը, որ երկրի բյուջեն դա կուտակված հիմնախնդիրների լուծման նպատակով պետական միջոցների կենտրոնացման և դրանց ռացիոնալ օգտագործման ճիշտ հաշվարկված հաշվեկշիռ է, ապա գալիք տարվա բյուջեից սպասումները կարելի է ներկայացնել հետևյալ բանաձևով` պատերազմից հետո մեր ազգաբնակչության կարիքները բավարարելու, պատերազմի հետևանքները վերացնելու, մեր անվտանգության ու պաշտպանության համակարգերը ամրապնդելու և այս կարգի բազմաթիվ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի ու գործողությունների և այդ կարգի միջոցառումների համար անհրաժեշտ գումարներ հատկացնելու համապարփակ փաստաթուղթ: Մտքում ունենալով այս բանաձևը` մեր խմբակցությունը նախնական քննարկումների փուլում հանդես է եկել առաջարկություններով, որոնք մասամբ ընդունվել են: Խոսքը վերաբերում է քաղաքացիական պաշտպանության համակարգին լրացուցիչ միջոցներ հատկացնելուն, մասնավորապես, մեր առաջարկով այդ գումարը նախատեսված մեկ միլիարդից դարձել է երկու միլիարդ, և բնակչության կողմից ինքնապաշտպանության միջոցների ձեռքբերման գործում պետական մասնակցությանը: Այս ուղղությամբ մեր խմբակցության առաջարկով պետական բյուջեում նախատեսում է 300 միլիոն դրամ ուղղելու այս նպատակին, ինչպես նաև մեր հանրակրթական դպրոցներում սովորող պատանիներին մասնագիտական լրացուցիչ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ և նախորդ տարիներին հետաձգված մի քանի այլ ծրագրերի վերագործարկում: Բյուջեի նախագծի մասով մեր մատնանշած մտահոգությունների հետ մեկտեղ չենք կարող չնշել այն տեղաշարժերը, որը նախատեսված է մի շարք ոլորտներում աշխատավարձերի բարձրացման, թոշակների ավելացման տեսքով, որոնք որոշակի առաջընթաց են, գուցե ոչ այն չափով, որքան որ սպասվում է մեր հանրության տարբեր խավերի կողմից: Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով` «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը որոշել է «ԱՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին քվեարկել ազատ ռեժիմով: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Ստեփանյան:
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության տեսակետը ներկայացնում է խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:
Արթուր Մոսիյան - Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Հարգելի գործընկերներ, ձեզ է ներկայացվում Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ «Հայ հեղափոխական դաշնակցության» դիրքորոշումը: «Պետական բյուջեի մասին» օրենքը, լինելով զարգացման ֆինանսատնտեսական փաստաթուղթը, արտացոլում է առաջիկա տարում երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները, երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները և դրանց լուծման ուղիները, որոնք էլ, բնականաբար, պետք է իրենց արտացոլումը գտնեն «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում: Հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետության առջև ծառացած են բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ: Եթե առանձնացնելու լինենք հիմնականներն ու ամենակարևորները, դրանք, մեր պատկերացմամբ, բաժանվում են երեք խմբի.
- Մեր անվտանգությունը և պաշտպանությունը,
- ԱՀ միջազգայնորեն ճանաչման կարգավիճակի հարց,
- Պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետների հետևանքների վերացում:
Մնացած բոլոր բազում, բազմաթիվ մարտահրավերները, կարծում ենք, ածանցյալ են այս մարտահրավերներին և գալիս են ընդամենը լրացնելու սրանց: Հիմա անդրադառնանք, թե պետական բյուջեի մասով այս երեք հիմնախնդիրների լուծմանն ուղղված ինչպիսի միջոցներ են հատկացված:
1.Անվտանգություն և պաշտպանություն:
Չնայած անվտանգության և պաշտպանության հոդվածներով ավելացված գումարներին` համարյա կրկնակի և ընդունելով, որ պաշտպանությանն են ուղղվում ոչ միայն պետական բյուջեի միջոցները, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ պաշտպանությանն ու անվտանգությանն ուղղվում է ամբողջ պետական բյուջեի ընդամենը 5 տոկոսը, որը, մեր կարծիքով, բավարար չէ: Համեմատության համար ասենք, որ նախապատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության միայն պետական բյուջեում պաշտպանության ծախսերը կազմում էին 16 տոկոս:
2. Միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի հարց
2022 թվականին մեր արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեն փաստացի մնացել է նույնը: Ավելացվել է ընդամենը 40 միլիոն: Բյուջետային ուղերձում և բյուջետային կառուցվածքում որևէ փոփոխություն չկա: Արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեում ոչ մի խոսք չկա ծրագրերի կատարվելիք աշխատանքների ուղղությունների մասին: Օրինակ, հետպատերազմյան իրողությունները պահանջում են, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը ավելի ակտիվ լինի տարբեր ծրագրերի իրականացման համար` կլինի դա լոբբինգային աշխատանքներ, տեղեկատվական, քաղաքական, քարոզչական և այլն: Ըստ էության, արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեն մնացել է նույնը, և այն հիմնականում ուղղված է աշխատավարձերի և օտարերկրյա մեր ներկայացուցիչների վարձավճարների սպասարկմանը և այլնի համար: Արդյո՞ք համահունչ են սրանք մեր նոր իրողություններին: Կարծում ենք, որ ոչ:
3. Ամենամեծ խումբը պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետևանքով աշխատանքների վերացում:
Անշուշտ, 2022 թվականի պետական բյուջեում նախատեսված են մասշտաբային միջոցառումներ, որոնք ուղղված են բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանների ապահովմանը, տարբեր սոցիալական ծրագրերի, որոնք ուղղված են նաև մեր քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը: 2022 թվականի նախագծով պետական բյուջեում նախատեսված են նաև թոշակների բարձրացում, աշխատավարձերի բարձրացում 20 տոկոսով: Ցանկացած բարձրացում, բնականաբար, ողջունելի է, բայց, ինչպես մեր հանդիպումների ժամանակ, ակնկալիքները ավելի շատ են, ավելի մեծ չափով պետք է բարձրանա: Մինչև պատերազմական շրջանը մենք գիտենք, որ մեր և ՀՀ միջև նույն դաշտն է գործում աշխատավարձերի և այլն: Այդ իմաստով միգուցե այդ է պատճառը, որ բարձրացվել է այդքան տոկոսով, բայց, կարծեմ, պատերազմը նոր սրբագրումներ պետք է արած լինի, և մենք հնարավորություն պետք է ունենայինք ավելացված բյուջեի սահմաններում ավելի բարձր տոկոսով միջինացված բարձրացնեինք մեր աշխատողների աշխատավարձը: Ասեմ նաև ինչու: Մենք, խոսելով 20 տոկոս բարձրացման մասին, մոռանում ենք, որ գոյություն ունի նաև գնաճ: Եթե 9 ամսվա տվյալներով, խոսքը ընդհանուր գնաճի մասին չէ, պարենային զամբյուղի գնաճը հիմնական մեր պարենային ապրանքների բարձրացվել է միջինը 12,4 տոկոսով: Եթե սրան հավելենք, որ աշխատավարձերի բարձրացումը նաև կայուն աճի միտում է ապահովելու գների հետագա աճի վրա, ապա ընդհանուր 20 տոկոսը, կարծում եմ, եթե հետագա բարձրացումներ չլինեն, շոշափելի ազդեցություն չի ունենալու: Երկրորդը` մենք մոռանում ենք նաև, որ սա մենակ պետական սեկտորում աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, մոտ կեսը, կեսից մի քիչ փոքր, համարյա կես է դառնում, որ մեր աշխատողների մի մասը աշխատում է նաև մասնավոր սեկտորում: Իսկ մասնավոր սեկտորի աշխատավարձերը միշտ չէ, որ հարկերի թեթևացման, հարկային բեռի և այլնի շնորհիվ մասնավորները բարձրացնում են աշխատավարձը: Գործադիրի հիմնական գործիքակազմը նաև մասնավոր սեկտորում աշխատավարձերի բարձրացման դա աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացումն է, որը, ցավոք, այս տարի տեղի չի ունեցել: Դաշնակցությունը ակտիվորեն մասնակցել է 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին և երեք տասնյակից ավելի առաջարկություններ է ներկայացրել: Հանուն ճշմարտության ասենք, որ առաջարկությունների մեծ մասը ավելի շատ հարցադրումներ էին, որոնց նպատակը բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործմանը նպաստելն է, ինչպես նաև բյուջեի նախագծում տեղ գտած այդ բացերի հնարավոր վերացումը: Բյուջեի նախագծում կան նաև մի շարք բացեր, օրենքի հետ կապված խնդիրներ: Այսպես` «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածում կառավարությունը բյուջեի նախագծի հետ ներկայացնում է նաև կապիտալ շինարարության տարեկան ծրագիրը, որում պետք է, ըստ օրենքի, ընդգրկված լինեն ծախսերի կատարման հիմնական տեխնիկա-տնտեսական չափանիշները, նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, ծախսերի կատարման փուլերը, ժամկետները, օբյեկտների ցանկի ներկայացման, քննարկման և հաստատման կարգը: Մեզ ծրագիր է ներկայացվել երեկ, այս մի թերթը` 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ ներդրումների պետական պատվերի, որը, կարծում եմ, օրենքի պահանջն էլ, որ կարդացի, համահունչ չէ սրա հետ: Հաշվետվությունից երևում է, որ պետական բյուջեի նախագծում պետական պարտքի սպասարկումը կազմում է 8,9 տոկոս, մոտ 9 տոկոս, որը բավական մեծ թիվ է: Եվ նաև չգիտենք, որ մեր ընդհանուր պետական պարտքը միշտ տարեցտարի ներկայացնում է, բայց ընդհանուր կառուցվածքը մեզ հայտնի չէ: Սա օրենսդրական բաց է պետական: Թե ՀՀ-ում, թե մնացած պետություններում միշտ գործում է «Պետական պարտքի մասին» օրենքը և ներկայացնում է ընդհանուր պարտքը, առաջիկա տարիների մարման ժամկետները և այլն, և մեր առաջարկությունն է` կառավարությունը, ինչու չէ նաև կարող ենք մենք` պատգամավորներս, ներկայացնենք «Պետական պարտքի մասին» օրենքը, որպեսզի նաև խորհրդարանական վերահսկողությունը լինի թիրախային, և հնարավորություն ունենանք նաև մեր պարտքի սպասարկման, պարտքի քանակի մասին տեղեկությունները կցկտուր չիմանանք: Հաջորդը, ասենք, որ ինչքան էլ մեծ լինեն պետական բյուջեի միջոցները, ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք դա հնարավորինս արդյունավետ ծախսել, որը կախված է նաև կառավարման համակարգի էֆեկտիվությունից: Վերջին մեկ տարվա փորձը մեզ ցույց է տալիս, որ հետպատերազմյան շրջանում կառավարման համակարգում գոյություն ունեն լուրջ խնդիրներ: Շատ հաճախ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը: Օրինակի համար ասեմ, որ ընդհանուր չհնչի, միայն մեկ օրինակ բերեմ` վերջին հետպատերազմյան իրողություններում կառավարությունը ներկայացրել է ծրագրեր, որում ընդգրկված են հիփոթեքային վարկերի մարման, զանազան հարկատեսակների իջեցման, զրոյացման և այլն, բայց մեկ էլ մեկ ուրիշ նախարարություն բերում է ծրագիր, որում ավելացվում է այս հարկը: Բնականաբար, այդ օրենքը չանցավ, Ազգային ժողովը չընդունեց: Ասածս այն է, որ մաքսիմալ հետպատերազմյան շրջանում այդ թափթփվածությունը պետք է վերանա, և կառավարման համակարգում նաև ունենք խնդիրներ: Պետական բյուջեի միջոցները միջոցներ, բայց դրա արդյունավետ կառավարումից է կախված դրանց թիրախային և արդյունավետ օգտագործումը: Ելնելով վերոգրյալից` «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» 2022 թվականի պետական բյուջեի նախագծին քվեարկելու է դեմ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, ընկեր Մոսիյան: Արդարություն խմբակցության տեսակետը ներկայացնում է խմբակցության քարտուղար տիկին Հակոբյանը:
Մետաքսե Հակոբյան – Հայրենակիցներ, Հայաստանի իշխանությունները արդեն վաղուց փակել են Արցախի հարցը և դրա իրավունքը փոխանցել ռուս խաղաղապահ ուժերին: Եթե Արցախի իշխանությունները լուռ ենթարկվում են հայաստանյան իշխանություններին, փաստացի վարում են նույն քաղաքականությունը: Թերևս ամենանոր միտքը դա «Միջանցք` միջանցքի դիմաց» բանաձևն է, որն իր էությամբ ու ծագման բնույթով արատավոր է և անընդունելի, քանի որ այն վերջնականապես կհեռացնի հակամարտող կողմերին բուն արցախյան հիմնախնդրի գլոբալ քաղաքական լուծումից, որտեղ ամենակարևոր խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է և Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակը: Այսօր իրականությունն այն է, որ Արցախի հարցի ապագա լուծումը մեծամասամբ այլևս Հայաստանի իշխանությունների տիրույթում չէ: Արցախի հարցից եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվել են, ապա Արցախի իշխանությունները պարտավոր են այդ հարցի լուծման բեռը վերցնել իրենց ուսերին և պայքարել: Արցախում իրականացվող ցանկացած միջոցառում պետք է պրոյեկցվի այս տեսակետից և պետք է արտացոլի այս տեսակետը: Մեր առաջարկները միտված էին հենց այդ խնդիրների լուծմանը: Ցավոք, այսօր մենք ունենք կառավարման խորը խնդիր, ինչպես նշեցին նաև մեր գործընկերները: Եվ ես ուզում եմ ընդամենը մի քանի, որովհետև նախորդ անգամ, երբ քննարկում էինք բյուջեն, ես ավելի մանրամասն անդրադարձա` կարդալով մեր առաջարկները, նաև դրանց տրված անհասկանալի պատասխանները: Փորձեցինք մեկնաբանել, որ կամ հատուկ դիվանագիտական պատասխաններ էին տրվել, բայց եթե դիվանագիտություն, ապա որևէ կերպ չէր առնչվում մեր արած առաջարկի հետ, ինչ-որ անհիմն, անիմաստ բառերի ու նախադասությունների շարքեր, որով մերժվել էին մեր շատ առաջարկներ: Ընդհանուր առմամբ մեկ տասնյակից ավել առաջարկներից ընդունվել էր ընդամենը մեկը, երկրորդ անգամ ընդունվեց մասնակի էլի ևս մեկը: Ընդհանուր առմամբ, մենք եկանք այն եզրակացության, որ կառավարության շատ անդամներ կամ ինչ-որ անձնական մոտեցում են ցուցաբերում, կամ, ցավոք սրտի, չեն հասկանում այն առաջարկները, ինչ իրենց արվում է, կամ, որ ավելի վատ է, որին ես որևէ կերպ չեմ ուզում հավատալ, ամեն դեպքում վարում են այն քաղաքականությունը, ինչ վարվում է այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից: Եվ որքան էլ բյուջեն լինի երազանքի բյուջե, կամ սոցիալական բյուջե, այն ոչինչ է, եթե երկրում չկա կառավարում, և չկան պրոֆեսիոնալ կառավարիչներ, եթե երկրում ընդդիմությունը չունի ինստիտուցիոնալ վերահսկողական գործառույթներ և այլն, և այլն, որովհետև ըստ մեր ներկայիս կառավարման համակարգի, մի տեսակ աբսուրդի է վերածվել, երբ իշխանությունը ինքը անում է, ինքն իրեն իբր թե ստուգում է, ինչի արդյունքում մենք ամեն դեպքում, այսպես, գոնե պոռթկումներ եղան, և արդյունքում ականատես եղանք, թե ինչպես քրեական վարույթներ են իրականացվում, և կարծում եմ, որ այստեղ նստածներից յուրաքանչյուրը վստահ է, այլ հարց է` ասում է այդ մասին, թե ոչ, որ յուրաքանչյուր գերատեսչությունում, որտեղ իրականացվում է սոցիալական որևէ ծրագիր, ապա այդտեղ կան և շորթումներ, և ոչ նպատակային ծախսեր: Մի խոսքով, կատարվում է այն և կատարվում է այն բանի պատճառով, որ այսօր և իրականացնողը, և վերահսկողը նույն մարդն է: Խնդիրը հենց հիմնականում դրանում է: Պետք է գիտակցենք, որ այսօր ընդունված որոշումներով կերտվելու է մեր ժողովրդի ու պետության ոչ թե տարիների, այլ առաջիկա տասնամյակների պատմությունը և հեռանկարը: Շատ դժվար կլինի հետո դրանք փոխել, եթե ընդհանրապես հնարավոր լինի: Այսօր որոշում կայացնողները պետք է գիտակցեն, որ պատասխանատվությունը դրանց համար չի սահմանափակվելու միայն գործող կառավարության կամ քաղաքական մեծամասնության պաշտոնավարման ժամկետով: Նման որոշումներն ու պատասխանատվությունը չունեն պատմական վաղեմության ժամկետ և դժվար են ջնջվում ազգային հիշողությունից: Միևնույն ժամանակ այսօր կա մեկ կարևորագույն խնդիր` ներքին փոփոխությունների շնորհիվ Արցախը տեղափոխել հետպատերազմյան փուլ: Սա նշանակելու է Արցախի, Հայաստանի և հայկական աշխարհի բոլոր ռեսուրսների համատեղում: Արցախի Հանրապետության առաջ կանգնած հարցերը չափազանց բարդ են, դրանք չեն լուծվելու մակերեսային մոտեցումներով, կամ տպավորություն ստեղծելով, թե ամեն բան կարգին է և բնականոն կյանքով պետք է զարգանալ: Արցախի «Արդարություն» կուսակցությունը, լինելով ներկայիս իշխանությունների ամենասուր քննադատներից մեկը, փաստում է նաև, որ այո, մենք ունենք տասնյակ հազարավոր համերկրացիներ, որոնք այսօր ապրում են Հայաստանում և սոցիալական վճարները իրենց համար կենսական նշանակություն ունեն, որ այսօր ունենք բազմաթիվ կենսաթոշակառուներ, որոնց համար կենսաթոշակի այս թեկուզ փոքր բարձրացումը մեղմելու է ընտանիքում սոցիալական լարվածությունը այս համատարած գնաճի պայմաններում, որ այսօր մենք այն վիճակում ենք, որ աշխատավարձի նույնիսկ 10-20 տոկոս բարձրացումը միգուցե նաև էական նշանակություն ունի մեր հայրենակիցների համար: Այլ հարց է, թե բյուջեի կրկնակի բարձրացումից հետո և սրընթաց գնաճի պայմաններում ինչու է որոշվել աշխատավարձերի չնչին բարձրացումը: Որովհետև ես վստահ եմ` այստեղ նստած հատկապես կանանցից շատ-շատերը կփաստեն, որ հիմնականում գնաճը` թեկուզ պարենային, թեկուզ կենցաղային իրերի, մինչև 40 տոկոս գնաճ կա Ստեփանակերտի խանութներում: Ուստի «Արդարություն» կուսակցության որոշումն է` խմբակցության պատգամավորները ազատ են «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի համար քվեարկություն կատարելիս:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, տիկին Հակոբյան: «Միասնական հայրենիք խմբակցության տեսակետը ներկայացնում է խմբակցության ղեկավար պարոն Բաղունցը: Խնդրեմ, պարոն Բաղունց:
Գագիկ Բաղունց - Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ: Երկու հայկական պետության հետպատերազմյան կենսագործունեության բոլոր ոլորտները ընդգրկած ճգնաժամի հաղթահարումը, կորսվածի վերադարձի ձգտումը պետք է դառնա համազգային խնդիր: Հետպատերազմյան ռելաքսիացիայի ձգձգման անթույլատրելիության ըմբռնումը, նախապատերազմյան ռիթմով և ոճով ապրելը շարունակելու կործանարարության ընկալումը պետք է այլընտրանք չունենա:
Հենց այս դիրքերից պետք է մոտենալ «Բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը և գնահատմանը: Այս առումով հերթական անգամ հրավիրում եմ ձեր ուշադրությունը ԱՀ Սահմանադրության 101 հոդվածի կետ 2-ի վրա, համաձայն որի բյուջեի հիմքում դրված ծրագրերի պլանավորումը և իրականացումը պահանջում է համապատասխանություն նախագահի երկարաժամկետ ծրագրի հետ: Այս պահանջը կոչված է ապահովել երկրի զարգացման հետևողականությունը, նպատակաուղղվածությունը և արագ տեմպերը: Խոսքս ոչ հնգամյա, ոչ էլ միջնաժամկետ ծրագրերի մասին է, այլ ներկայիս ռազմաքաղաքական անորոշության պայմաններում երկրի զարգացման գոնե հիմնական ուղղությունները ուրվագծելու անհրաժեշտության մասին:
Հետպատերազմյան իրողությունում մոտակա տարիների երկրի զարգացման ռազմավարության նոր հիմնարար սկզբունքների մշակումը հանդիսանում է անհետաձգելի խնդիր: Անհրաժեշտ են ոչ օրդինար մոտեցումներ և լուծումներ, ինչը բացի տնտեսական էֆեկտ տալուց, կօգնի մեր բնակչությանը հաղթահարել դատապարտվածության վիճակը, ներշնչել կորսվածը վերադարձնելու հավատք:
2022 թվականի բյուջեն պետք է ըստ էության դառնա կենսունակության և դեպի անվտանգ ու բարգավաճ ապագան միտվածության խորհրդանիշ: Այն պետք է դառնա սեփական հողի վրա հավերժ ու արժանապատիվ ապրելու պատրաստակամության անկոտրում կամքի յուրահատուկ մեսիջ, այլ ոչ թե 2025 թվականին Ադրբեջանին հանձնվելիք տարածքում ժամանակավոր գոյատևելու միջոց:
Պատերազմն ավելի քան համոզիչ ցույց տվեց, որ 21-րդ դարը տեխնոլոգիական հեղափոխության դար է: Ինչպես խաղաղ տնտեսական մրցակցությունում, այնպես էլ ռազմական դիմակայությունում, հաղթում են այն ազգերը, որոնք չեն հայտնվում գիտակրթական և տեխնիկական հեղափոխության ճամփեզրին: Այդ կոնտեքստում առաջարկում եմ շատ ավելի լուրջ ուշադրություն հատկացնել այնպիսի հեռանկարային ոլորտներին, ինչպիսինն են կրթությունն ու գիտությունը, այլընտրանքային էներգետիկան և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
Չափազանց բարձր եմ գնահատում բյուջեի ակնհայտ սոցիալական ուղղվածությունը, նրանում բազմակողմանի արտացոլված՝ մեր բնակչության բազմաթիվ հիմնախնդիրները: Անշուշտ, կառավարության առաջնահերթ և կարևոր խնդիրներից մեկն է հանդիսանում վճռական, օպերատիվ և պատասխանատու քայլերը մեր բռնի տեղահանված քաղաքացիների կենսագործունեության անհրաժեշտ մակարդակի ապահովումը: Նախատեսվում է հնարավորինս ամեն ինչ անել ծանրագույն վիճակում հայտնված մեր քաղաքացիներին օգնության ձեռք մեկնելու համար: Ամեն ինչ և, ինչպես ասում են, «մի բան էլ ավել»: Անկասկած այդ «մի բանն» միտված է հնարավորինս նվազեցնել պատերազմից հետո առաջացած ծայրահեղ սոցիալական լարվածությունը, սակայն, ոչ հեռահար ծրագրերի հաշվին: Երկրի և ազգի ծանրագույն պահերին «գոտիներ ձգելու» սկզբունքը ոչ ոք չի հերքել:
Ելնելով վերը նշվածից` համառոտ ներկայացնեմ մեր կողմից առաջարկված փոփոխությունները, որոնց իրականացումը կնպաստի ինչպես սոցիալական վիճակի բարելավմանը, այնպես էլ որակյալ կրթության ապահովմանը, մի շարք գիտահեն ոլորտների հիմնմանը և զարգացմանը: Անհրաժեշտ է մշակել քաղաքականություն, որը թույլ կտա տեղավորվել գիտատեխնիկական տենդենցների նավարկուղում, ստեղծել տեխնոլոգիական հարթակներ և կադրային ռեզերվ, պատրաստ լինել ընկալել և օգտագործել դրսի տեխնոլոգիական նվաճումները: Նախ, սոցիալական ոլորտում` առողջ կենսակերպ և պատշաճ ու արժանապատիվ դաստիարակություն ապահովելու նպատակով առաջարկում ենք մինչև 6 տարեկան բոլոր երեխաներին տրամադրել ամսական 50 հազար դրամ, իսկ միայնակ ծնողի դեպքում` 75 հազար դրամ: Կառավարության արձագանքի համաձայն` հարցի լուծումը նախատեսվում է 2022 թվականի հուլիսի 1-ից:
Նշեմ նաև, որ տարիներ շարունակ արծարծված` ուսուցիչների աշխատավարձի ավելացման հիմնախնդիրը վերջապես ստացավ իր լուծումը` 25% աճի տեսքով:
Մի շարք առաջարկությունների իրականացումը հիմք կծառայի տեխնոլոգիական և արդյունաբերական ցատկի.
- Օպտիկա-մանրաթելային կապի ցանցի ընդլայնում
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորման կտրուկ աճ` ինչպես պետական, այնպես էլ մասնավոր միջոցներից, որը, փաստորեն, մերժվել է
- Տեխնիկական մասնագիտությունների կատարելագործման ծրագրի շրջանակներում վերապատրաստման նպատակով գործուղումներ ՀՀ և արտերկրներ
- Ֆիզմաթ դպրոցի նյութատեխնիկական բազայի բարելավում, ինչը ևս մերժվել է
- Տեխնիկական առարկաների ուսուցիչների վերապատրաստում
- Հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորում և դրա արդյունքներով աշխատավարձի բարձրացում
- Գիտաժողովների կազմակերպում
- Գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձի բարձրացում և գիտական կոչումների դիմաց հավելավճարների տրամադրում
- Տեխնոպարկի ստեղծման լրացուցիչ ֆինանսավորում, որը ևս մերժվել է
- Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում (այստեղ մեծ գոհունակությամբ պետք է նշենք, որ ոլորտի կայացման և հետագա զարգացման համար ներդրվելու է արդեն իսկ 2022 թվականին մոտ 1,5 մլրդ դրամ)
Կողմնորոշումը բարձր կրթական մակարդակի և բարձր տեխնոլոգիաների վրա` յուրօրինակ Սիլիկոնյան հովտի (հայկական տարբերակով՝ Սիլիկոնե լեռների) ստեղծումը երկրի ամբողջ տարածքում, կարող է ու պետք է դառնա արգելապատ, որը հուսալիորեն կանջրպետի մեզ ձանձրացուցիչ հարևաններից` համատեղ ապրելու կոշտ անհրաժեշտության և պահանջի պայմաններում:
Մոտ երկուսուկես հազար տարի առաջ Չինական կայսրությունը, մտադրվելով հուսալիորեն պաշտպանվել քոչվորների ասպատակություններից, կառուցեց Մեծ չինական պարիսպ: Մեր ժողովրդի բարձր ինտելեկտուալ և հոգևոր մակարդակը պետք է յուրօրինակ չինական պարիսպ դառնա ազգային շահերը և ինքնությունը պաշտպանելու առումով: Ադրբեջանի «սև ոսկուն» մենք ի վիճակի ենք հակադրել շատ ավելի արժեքավոր (ժամանակի ընթացքում ավելի ու ավելի թանկացող) «գորշ ոսկի»՝ մեր ազգի ինտելեկտուալ պոտենցիալը: «Միասնական Հայրենիք» կուսակցությունը քաղաքական որոշում է ընդունել «կողմ» չքվեարկել 2022 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի ընդունմանը: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Բաղունց: Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցության տեսակետը ներկայացնում է խմբակցության ղեկավար պարոն Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:
Արթուր Հարությունյան – Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, ներկաներ, մինչև մեր խմբակցության տեսակետը ներկայացնելը, ուղղակի կուզենայի երկու բառով անդրադառնալ մեր գործընկերոջ` տիկին Հակոբյանի մի քանի ասածներին: Տիկին Հակոբյան, վերահսկողության առումով, խորհրդարանական վերահսկողության մասով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը կանոնակարգված է, այսինքն` յուրաքանչյուր պատգամավոր խորհրդարանական վերահսկողության շրջանակում կարող է իրականացնել ցանկացած ոլորտի ցանկացած ծրագիր: Բայց ինչքան ես հիշում եմ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավորներից որևէ մեկը այսպիսի նախաձեռնություն չի ունեցել: Եվ մենք այդ հնարավորությունը ունենք` բյուջեի նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու, ծրագրերի արդյունավետությունը ստուգելու, ծրագրերի նպատակայնությունը ստուգելու, և արդյունքում ունենք նաև բյուջեի հաշվետվությունը, որը կառավարությունը ներկայացնում է: Այնպես որ, մենք ունենք այդ հնարավորությունը, կարող ենք այդ վերահսկողությունը իրականացնել, ուղղակի ցանկություն է պետք: Ցանկացած ոլորտի ցանկացած ծրագիր:
Իսկ հիմա ներկայացնեմ խմբակցության տեսակետը. հաշվի առնելով այն, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը համապատասխանում է ԱՀ նախագահի նախընտրական ծրագրի և կառավարության գործունեության 2020-2025 թվականների ծրագրի դրույթներին, որ այն ուղղված է հետպատերազմյան ժամանակաշրջանում մեր առջև ծառացած հրատապ խնդիրների լուծմանն ու տնտեսության զարգացմանը, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը «կողմ» է քվեարկելու 2022 թվականի պետական բյուջեի նախագծին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան:
Մենք ավարտեցինք խմբակցությունների տեսակետների մասը: Այժմ անցնում ենք եզրափակիչ ելույթներին: Եզրափակիչ ելույթ ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:
Արայիկ Հարությունյան - Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, հրավիրվածներ: Իհարկե, սա նաև հնարավորություն է գնահատելու 2021 թիվը, որը գիտեք` ինչ վիճակում ենք մենք թևակոխել մեկ տարի առաջ կամ հունվարի 1-ին` քայքայված տնտեսություն, ենթակառուցվածքներ, հոսանքազրկված բնակավայրեր, շրջաններ, գազի մատակարարման կեսից ավելի կորուստներ, կապի կայանների անսարք վիճակներ, ավելի քան 8000 վնասված օբյեկտներ, դեկտեմբերի 1-ի դրությամբ 70 հազարից ավել Արցախից բացակա հայրենակիցներ: Ինչ ունենք այսօր: Աշակերտների թիվը, ինչու եմ սա ֆիքսում, որովհետև դրանով է պայմանավորված բնակչության թիվը, 19500, իսկ անուղղակի հաշվարկների արդյունքում և նաև որոշակի վերլուծությունների արդյունքում կարող ենք ֆիքսել, որ ունենք ավելի քան 115 հազար բնակչություն Արցախում և ընդամենը 33000 բացակա: Շատ ավելի մեծ թվեր եմ ասում այն պարագայում, որ ունեցել ենք մոտ 40000 տեղահանված: Իհարկե, մենք ունենք տեղահանված, որոնց մի մասը գտնվում են Արցախում, մի մասը` Հայաստանում, մի մասը` Հայաստանից դուրս: Կարող ենք այդ թիվն էլ հնչեցնել, եթե պետք լինի: Կան արտագաղթածներ Ստեփանակերտից և այլ բնակավայրերից: Ինչի եմ այս թիվը ֆիքսում, որովհետև մեր գլխավոր մարտահրավերը առաջիկա տարիներին, տասնամյակներին լինելու է ժողովրդագրությունը: Բազմաթիվ անգամ ես հայտարարել եմ, այսօր էլ կրկնում եմ` Արցախի պրոբլեմը կա և լինելու է այնքան, ինչքան մեր բնակչության թվաքանակը լինի քիչ: Մենք ունեցել ենք խնդիր տասնամյակների ընթացքում ժողովրդագրական, իհարկե հատուկ վարված քաղաքականության արդյունքում, ունեցել ենք հետխորհրդային կամ հետպատերազմյան ժամանակահատվածում, որովհետև մեզ չի հաջողվել լուծել ամենակարևոր խնդիրը` ժողովրդագրական աճը: Եվ այստեղ մենք բոլորս ունենք մեր մեղքի բաժինը: Ունենք արդեն համարյա անխափան աշխատող ենթակառուցվածք: Ինչու եմ նշում, որովհետև չեմ ուզում ներկայացնեմ ինչ պրոբլեմներ կան, օրինակ` էներգետիկայի մատակարարման բնագավառում ինչ խնդիրներ են առաջացել, և ինչպիսի լուծումներ ենք տվել, բայց համարյա անխափան է այն պարագայում, որ ձմեռը այս վիճակում շատ դժվար է: Ունենք անխափան գազամատակարարում, ունենք խնդիր այսօր կապի բնագավառում, բայց դա արդեն ոչ մեր մեղքով, քանի որ տեղյակ եք, որ ադրբեջանական կողմը, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, հնարավորություններ կապի, ճնշում է: Որոշ բնակավայրերում կապը, իհարկե, խաղաղապահների միջոցով փորձել ենք լուծել այդ խնդիրը, բայց չի հաջողվում ցավոք մինչև այսօր, բայց նոր ներդրողը ներկայացրել է իր ներդրումային ծրագիրը` ունենալ Ղարաբաղում ամենաժամանակակից կապը, ամենաէժան սակագները: Ի դեպ, նոր ներդրողը ձեռք է բերել «Ղարաբաղ տելեկոմի» սեփականության իրավունքը սեպտեմբերին, դրա համար մի քանի ամիս պետք է, ծրագիրը ընթացքում է, հաստատված է մեր հանրային սակագները կարգավորող հանձնաժողովում: Ունենալու ենք ամենաժամանակակից կապը, և այն թույլ է տալու ամենաէժան սակագները առանց ռոումինգի և առանց այլ խանգարումների, և շատ ավելի անվտանգ, որը թույլ է տալու նաև դիմակայել այդ խնդրին, բայց դրա համար ևս մեկ, մեկ ու կես ամիս անհրաժեշտ է լինելու: Բացի դրանից ունենք նաև այլընտրանքային քննարկումներ, որպեսզի նման պարագաներում լուծենք դա: Կառուցել ենք ենթակառուցվածքների առումով ավելի քան 38 կմ արդեն ասֆալտապատ ճանապարհ, բայց ավելի քան 94 կմ ճանապարհներ, որը ընթացքում է: Եվ նշեմ, որ 2 տարվա մեջ ավարտելու ենք ասֆալտապատման ամբողջ ծրագիրը Արցախում: Ջրամատակարարման առումով ընթանում են լայնածավալ աշխատանքներ: Եվ այդ ծրագիրը ևս երկու տարվա մեջ ավարտելու ենք, իսկ ինչ վերաբերում է Ստեփանակերտի ջրի հետ կապված, հուլիս ամսին ավարտվելու է նոր ջրագիծ` Բադարա-Ստեփանակերտ ջրագիծը, որի արժեքը կազմելու է մոտ 5 մլրդ, որը ապահովելու է Ստեփանակերտը անխափան, որակյալ ջրով: Ինչու եմ կրկնում որակյալ, որովհետև նախկինում սնուցող մեր ջուրը հիմնականում Ղայբալու գետից էր, հորդառատ անձրևների ժամանակ մեր ֆիլտր կայանները չեն կարողանում: Դուք գիտեք այդ խնդիրները: Եվ հրաժարվելու ենք արտեզյան ջրհորներից: Գիտեք նաև դա ինչ է, ինչ պրոբլեմներ է բերում: Ունենալու ենք անխափան ջրամատակարարում: Սկսված է Բադարա ջրամբարի կառուցումը: Առաջին փուլում նախատեսվում է հարմարեցնել Ստեփանակերտի ջրագծին, որովհետև այն երկու փուլից է բաղկացած: Ջրամբարը կառուցվելու է առնվազն 3 տարի, մինչև 15 մլրդ ներդրում է պահանջվելու: Փետրվար-մարտ ամսին ավարտվելու է Սովետարխ-Նախիջևանիկ-Վարդաձոր-Խրամորթ-Խնաբադ-Ասկերան հատվածների ոռոգման ծրագիրը, մոտ 2,5-3 հազար ոռոգման հնարավորություն, իսկ Ստեփանակերտի ջրամատակարարման խողովակաշարը թույլ է տալու այդ հարակից տարածքները այս փուլում ապահովել կանոնավոր ոռոգումով, իսկ հետագայում արդեն ջրամբարի դեպքում մշտական և ևս 3 հազար: Մնացած ուղղությունով ևս կատարվում են աշխատանքներ: Այսինքն ես նշեմ, որ ենթակառուցվածքների առումով մեր բոլոր աշխատանքները ընթացքում են, և մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում: Ավարտում ենք շուտով Հիլիսի ջրամբարը, որը ևս Նորագյուղ և մյուս համայնքներ, որը ավելի քան 15 տարի եղել է վթարված: Գիտեք, 2007 թվականին է վթարի ենթարկվել, ու ինչպիսի պրոբլեմներ ենք ունեցել: Ինչի եմ սա նշում, որովհետև ենթակառուցվածքները հիմք են տալիս զարգացնել տնտեսությունը: Սկսված են մոտ 3000 նոր բնակարանների կառուցման աշխատանքները: Երեք հազարի ֆունդամենտը ընթացքում է: Այս տարի նախատեսվում է առնվազն 1500, եթե ոչ 2000, իսկ դա թույլ է տալու լուծել խնդիրը, իսկ հետագայում` բնակարանային նոր ծրագրերի վերաբերյալ արդեն ընդհանուր զեկուցում: Ի՞նչ ենք հասցրել անել: Մոտ 5619 բնակարաններ ստացել են տարբեր տեսակի շինանյութեր: Ավարտվել է մոտավորապես 798 հատ տան վերակառուցման աշխատանքներ գյուղերում, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: Ընթացքում է 564, ուսումնասիրության ենթակա է 310, որտեղ միանգամից հիմնականում վերանորոգումներից, վերակառուցումից հետո տրամադրում ենք մեր հայրենակիցներին: 2021 թվականին արդեն ֆինանսավորվել է կապիտալ շինարարության ուղղությամբ միայն պետական բյուջեով 37 մլրդ դրամ, առնվազն 3 մլրդ, եթե ոչ ավել այս ընթացքում, չհաշված ջրամատակարարման և ընդհանուր առմամբ ոռոգման մնացած ուղղություններով ևս 10 մլրդ, այսինքն 50 մլրդ պետական բյուջեով` էլի չհաշված «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մնացած բարեգործական մեր գումարները: Ամենակարևորը, մեզ հաջողվել է շարունակել մեր երկրի կյանքը Արցախի Հանրապետության մայր օրենքով` Սահմանադրությամբ: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մեծ մասը, բայց մենք չենք կորցրել մեր ինքնորոշումը, մեր անկախությունը: Այսօր այս Սահմանադրության համապատասխան եմ գտնվում այստեղ, քննարկում մեր երկրի պետական բյուջեն: Մենք ենք ընտրելու դա: Մենք անց ենք կացրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սահմանադրության պահանջներին համապատասխան իրականացրել ենք մեր առօրյան, մեր կյանքը, կարգ ու կանոնը, որը ևս շատ կարևոր է հետպատերազմյան, մանավանդ այս իրավիճակում: Նախ նշեմ 2022 և նաև հաշվի առնելով, որ 2022 թվականին առաջիկայում մենք սկիզբ ենք դնելու հիմնաժամկետ ծախսային ծրագրի` 2023-2025 թիվ, որի հիմքը 2022 թվականի պետական բյուջեն է: Ի՞նչ ենք ունենալու: Առաջինը իհարկե անվտանգությունն է: Այսօր կարող եմ փաստել, որ չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող նպատակային սադրանքներին, ռուսական խաղաղապահ զորակազմի և պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն է տալիս ապագայի տեսլական ունենալ և գործուն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Այս առումով ես ևս մեկ անգամ ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ինչպես հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր բոլոր զինծառայողներին, ուժային կառույցների մեր բոլոր հայրենակիցներին, այնպես էլ խաղաղապահ զորակազմի բոլոր անդամներին ու անձամբ ՌԴ նախագահ Վ.Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ տարածաշրջանում կասեցվել են թուրքական աշխարհի նկրտումները, և պահպանում է խաղաղություն: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի խիստ ապակառուցողական ու ագրեսիվ դիրքորոշումը և դրանով պայմանավորված հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման հեռանկարի ու ժամկետների անորոշությունը` Արցախի իշխանությունները և համոզված եմ նաև, որ ժողովուրդը, կարծում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ, քանի որ մենք խաղաղապահ առաքելության հիմնական շահառուներն ենք և պետք է մեր դիրքորոշումը արտահայտենք: Պատշաճ անվտանգությունը ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է պաշտպանության բանակի կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը` հաշվի առնելով առկա մարտահրավերները, իրավիճակի առանձնահատկությունները: Անցած մեկ տարում որոշակի շոշափելի աշխատանք արդեն իրականացվել է, և տարեցտարի մենք բարելավելու ենք մեր սեփական անվտանգային մեխանիզմներն ու արդյունավետությունը: Բացի դրանից այսօր նաև օրակարգում է ոստիկանական ուժերի, մենք նաև ԱԱԾ համակարգը համապատասխանեցնում ենք նոր ստեղծված իրավիճակին: Եվ նաև առիթից օգտվելով` ես ուզում եմ մեր հայրենակիցներին, Արցախում ապրող կամ Արցախից դուրս, որ քննադատում են ռուսական խաղաղապահ ուժերին, մի քանի դրվագների կապակցությամբ` մեզ համար շատ ծանր, որի արդյունքում մենք ծանր կորուստներ ենք ունեցել, բայց մենք պետք է նայենք ճշմարտության աչքերին և ասենք` այստեղ ավելի շատ մեղավորությունը մերն է: Ռուսական խաղաղապահ ուժերը ապահովում են մեր ընդհանուր անվտանգությունը: Իսկ տեռորիստական, խուլիգանական, դիվերսիոն գործողությունների համար մենք ունենք հնարավորություն և հենց ոստիկանական ուժեր: Ազգային անվտանգության ուժերի ավելացումը, զարգացումը պայմանավորում ենք դրանով, քանի որ առաջիկայում մենք չենք կարող երաշխավորել նման դեպքերից խուսափելու հանգամանքը: Դրա համար մենք ունենք այդ հնարավորությունը: Ինչ վերաբերում է Հայ հեղափոխական դաշնակցության այն մտքին, որ պաշտպանության առումով մենք քիչ գումար ենք հատկացրել, ես ուղղակի կխնդրեմ առանձին փակ հանդիպումում նշենք, թե ինչքան ենք հատկացնում ոստիկանությանը, ոստիկանական ուժերին, Ազգային անվտանգության ծառայությանը հենց այդ խնդիրների լուծման ուղղությամբ, իսկ ՊԲ ֆինանսավորման հետ կապված` առանձին: Չենք սահմանափակում նաև սովորական ֆինանսավորմամբ, նշվեց, նորարարությունները, տեխնոլոգիաները և մնացածը: Այսինքն, պաշտպանությունը լինելու է մեր հիմնական, այսինքն, մեր երկրում ապրելու մեր միակ գլխավոր խնդիրը դա անվտանգությունն է:
Արտաքին առումով մենք շարունակելու ենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստացի անվերապահ ճանաչման և բռնազավթած տարածքների վերադարձի համար պայքարը: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որը ուղի կբացի արցախյան շարժման նպատակի իրագործման համար: Այս առումով ակնկալում ենք ողջ հայ ազգի անվերապահ ու հետևողական աջակցությունը` առանց մեր ընտրած ճանապարհի հանդեպ երկմտանքի ու ճանապարհին թևաթափ լինելուն: Նաև մենք հասկանում ենք, որ այս փուլում դժվար է, մանավանդ պատերազմից հետո, ունենալ դրական արդյունքներ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ 2022 թվականին Արցախի ինքնորոշման իրավունքը լինելու է արցախյան խնդրի հիմնականում արծարծվող, շոշափվող թեման: Եթե 21 թվականը եղել է անվտանգային, խաղաղապահներ, ապա 22 թվականի ղարաբաղյան խնդիր ասելով հասկանալու ենք միջազգային հարթակներում Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը:
Սոցիալական բնագավառ
Ի՞նչ ենք մենք պլանավորում: Անվճար կրթություն` ամբողջությամբ: Իհարկե այստեղ ունենք խնդիրներ` բարեփոխումների, փոփոխությունների, որովհետև տարբեր ձև ենք մտածում: Եվ մենք պետք է ունենանք շատ որակյալ, անվճար առողջապահություն: Էլի նույն խնդիրները ունենք, մտահոգությունները ունենք` չարաշահումների, արդյունավետության: Բայց մենք այստեղ պետք է միասին պայքարենք: Չկա մարդ, որը կարող է այդ բնագավառները միանձնյա ղեկավարել և միանձնյա իր որոշումներով այդ բնագավառները, որ մեր գլխավոր ուղղություններն են սոցիալական, լինի այն հատկությամբ, որը մենք պատկերացնում ենք: Բայց սա մեր Սահմանադրության 1-ին կետը, գլխավոր կետը, որտեղ նշվում է` Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: Սոցիալական պետության գլխավոր ուղղություններից է անվճար կրթություն, անվճար առողջապահություն:
Ի դեպ, նշվում է ուսուցիչների աշխատավարձերի, որ ինչ է 20 տոկոսը և մանավանդ` կնոջը: Այո, ունենք պարենային զամբյուղի և այլ ապրանքների գնաճ, բայց սպառողական զամբյուղը, ընդհանուր առմամբ այդքան չի թանկացել, քանի որ սպառողական զամբյուղի մի շարք ծառայություններ մնում են նույնը, հակառակը, նշեցի, չնայած, այո, քաղաքացիները վերջին ամիսներին կամ մեկ տարվա ընթացքում չեն վճարել կամ վճարել են մասնակի, բայց հաստատ նախապատերազմյան ժամանակահատվածի համեմատ ավելի արտոնյալ ծառայություններ ենք մենք ունենալու:
Նպաստներ
Իհարկե, եղել է առաջարկություն մինչև 6 տարեկան, բայց այսօր հայտարարում եմ, որ հուլիսի 1-ից մինչև 9 տարեկան մեր երեխաների նպաստները բարձրանալու են, կամ նպաստ են տրամադրելու առնվազն 40, բայց հաշվարկները անում ենք 50 000: 23 թվականին մինչև 18 տարեկան բոլոր երեխաները Արցախում պետք է ստանան նպաստ, իսկ 24 թվականին սա միջնաժամկետ ծախսային ծրագրով մենք ամրագրելու ենք: Երեխաների նպաստը հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղին: Այդ 68 հազար հասկացությունը, որը մենք հիմք ենք ընդունում նվազագույն զամբյուղը, բայց համոզված եմ, որ այդ ժամանակահատվածում ավելանալու է: Այսինքն, Ղարաբաղում 0-18 տարեկան բոլոր երեխաները ստանալու են ըստ այդ ծրագրի, որի հիմքը դրվում է այսօր` նվազագույն զամբյուղի համապատասխան նպաստ: Վերջում կանդրադառնամ, թե ինչի ենք այս սոցիալական ծրագրերը կյանքի կոչում: Թոշակները ևս` 3 տարվա մեջ նվազագույն թոշակը պիտի հավասարեցվի նվազագույն զամբյուղին: Ու գալիս եմ ամենակարևոր խնդրին` բնակարանային խնդրին: Նշեցինք հազար, նշվեց մոտ 700, 300, 400` ընթացքում: Մինչև 25 թվականը միջնաժամկետ ծախսային ծրագրին, որի վրա արդեն աշխատում ենք: Կարող է հարցեր առաջանան` բա ինչքանո՞վ է երաշխավորված, և այլն, մենք պարտավոր ենք ամեն մի կառավարություն, անկախ 22 թվականին, 23 թվականին, 24 թվականին, 25 թվականին, ինչ կառավարություն է լինելու, լինելու է երկրի ղեկավարը, ի՞նչ Սահմանադրություն ենք ունենալու: Բայց կա մի կարևոր պայման, որ հենց ԱՀ կամ արցախյան խնդրի անվտանգային և միջազգային իրավունքները պաշտպանելու համար մենք պիտի ունենանք Արցախում բնակչություն: Իսկ ժողովրդագրությունը մեր գլխավոր խնդիրն է լինելու, դրա համար այս բոլոր սոցիալական ծրագրերը դրված են հենց ժողովրդագրության հիմքում: Մինչև այդ 25 թվականի հունվարի 1-ը այս տեմպերը թույլ են տալու Արցախում տրամադրել բոլոր մեր հայրենակիցներին, առանձին ընտանիքներին բնակարան: Այս փուլում սկսված է արդեն, իհարկե, տարբեր սահմանաչափերում, ավելի ճիշտ տարբեր քանակներով` 1-ին հերթին տեղահանվածները: Բայց Ստեփանակերտում կառուցվող բնակարանները ամբողջությամբ չենք տրամադրում ոչ տեղահանվածներին, ոչ զոհվածներին, այլ առանձին չափերով, մի շենքում որ բոլոր խմբերից լինի, չհաշված, ավելի ճիշտ այն բնակավայրերի տեղահանվածներին, որոնց համար առանձին բնակավայրեր չենք կառուցում: Բայց ունենք առանձին Հադրութ, կառուցվում է առանձին Թաղլար, առանձին Տումի, առանձին Տող և այլն: Իսկ այն գյուղերը, որ առանձին չի կառուցվելու և այն քաղաքացիները, որոնց որ տրամադրելու են այս սահմանաչափերով, իսկ մնացածը` արդեն գյուղերում: Մեկ ու կես տարում ավարտելու ենք զինվորականների` թոշակառու և սպայական անձնակազմի բնակարանային խնդիրները, առավելագույնը մեկ ու կես տարում: Իսկ 25 թվականի հունվարի 1-ից, ըստ մեր ծրագրի, քանի որ ծրագիրը լինելու է 23-25 թիվ, հունվարի 1-ից Ղարաբաղում նոր ամուսնացող զույգերին տրամադրվելու է առանձին բնակարան, հետագայում` արդեն երեք երեխա ունենալու դեպքում, երեք սենյականոց բնակարան: 1-ին փուլում 1,5 կամ 2 սենյականոց, էլի մենք պիտի որոշենք: Այս ծրագրի հիմքն ենք դնում մենք այսօր: Այո, Ղարաբաղում ձևավորվող ամեն մի ընտանիք պիտի ունենա առանձին բնակարան, ծնվող ամեն մի երեխայի համար պիտի լինի պետական աջակցություն: Սա մեր սոցիալական քաղաքականության հիմքն է, որը ապահովելու է ժողովրդագրական վերաճը, իսկ լրացուցիչ ինչ ենք մտածում բնակչության թվաքանակի, քանի որ ժողովրդագրությունը, որովհետև բնական աճը բավարար չէ: Տարեկան առնվազն այսօրվա բյուջեն թույլ է տալու լրացուցիչ կառուցել 500, բայց մեր թիրախային ցուցանիշը պետք է լինի 1000 բնակարան լրացուցիչ` վերաբնակեցման, հայրենադարձության, բնակչության թվաքանակի ավելացման ուղղությամբ: Սա է մեր հիմնական սոցիալական քաղաքականությունը: Եվ այս ծրագրի առաջին փուլն ենք ներկայացնում ձեր դատին: Կողմ կքվեարկեք, դեմ կքվեարկեք, ինչ պատճառաբանություններ կուզենաք, կգտնեք, խնդրեմ: Սա սոցիալական երկիր կառուցելու բոլոր նախապայմաններն են` անվճար բժշկություն, անվճար կրթություն, անվճար բնակարանային խնդիրներ և նվազագույն զամբյուղի համապատասխան սոցիալական վճարներ: Կարող եմ բարձրաձայնել, որ աշխարհում չկա երկրորդ նման պետությունը: Բայց նաև սրան գիտակցաբար են մոտեցել ՀՀ իշխանությունները, քանի որ հարցը` որտեղի՞ց փողը, մեր միջպետական ֆինանսատնտեսական հարաբերությունների հիմքում դրել ենք այնպիսի քաղաքականություն, որով գիտակցելով, որ, այո, Ղարաբաղում ապրելը պիտի լինի գրավիչ ոչ միայն հայրենասիրական նկատառումներից ելնելով, այլև գրավիչ, և այդ բոլոր հնարավորությունները մենք պետք է տանք այն մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր կնախընտրեն գալ Ղարաբաղ, ապրել Ղարաբաղում, ապրել այսպիսի քաղաքական անվտանգային միջավայրում, որը միանշանակ չէ, մենք գիտենք: Իհարկե, հարց է լինելու, բայց սա սոցիալական, տնտեսական, համոզված եղեք, որ տնտեսական մեր բոլոր ծրագրերը համահունչ են մեր այսօրվա իրականությանը: Մենք խոսում ենք, որ պետական համակարգում աշխատավարձերը բարձրացվել են, բա մասնավո՞րը: Ես նշեմ, որ մասնավորը վաղուց արդեն բարձրացրել է աշխատավարձերը: Շինարարությունում, ծառայություններում և գյուղատնտեսությունում, որևէ տեղ աշխատավարձերի չափը չի մնացել նույնը, և մեր բարձրացնելու պարագայում նույնը լինելու է մասնավոր հատվածում: Սա երևի մեր բացթողումներից է, որ նվազագույն զամբյուղի փոփոխություն չենք մտցրել, բայց շուտով մենք նվազագույն աշխատավարձի, ներողություն, նվազագույն աշխատավարձի չափն էլ կբարձրացնենք, կհավասարեցնենք նվազագույն զամբյուղին, որպեսզի այդ խնդիրը չունենանք:
Նշեցի ջրամբարը ինչի ենք կառուցում: Այդ ջրանցքները ինչի ենք կառուցում: Չեմ նշել, մանրամասնել Մարտակերտի և Մարտունու շրջանի ոռոգման մեր ծրագրերը` հազարավոր հեկտարներ ոռոգման տակ: Այսօր սկսված է մեծ ներդրումային պրոյեկտներ` հէկերի կառուցում Մարտակերտում, Գետավանում: Ես նշեցի ամենախոշոր ներդրումը, որն արդեն սկսված է` կապված հեռահաղորդակցության բնագավառում, նույն «Տելեկոմում», լրացուցիչ առնվազն 10 մլն դոլար, որպեսզի ունենա մեր երկիրը ժամանակակից, ՀՀ կապին չզիջող համակարգ: Այգիներ նոր տեխնոլոգիաներով, հարյուրավոր հեկտարներ` այդ թվում նաև մասնավոր, վարկային, ոչ միայն արցախյան ներդրումային հիմնադրամով, այսինքն` մեր հիմնադրամները չեն ֆինանսավորում նման պրոյեկտներ, բացի փոքր վարկերից, որը տրամադրվում է հիմնականում տեղահանվածներին կամ տնտեսությունը կորցրած մեր հայրենակիցներին, այն էլ` փոխհատուցվող չափի շրջանակներում: Մենք նշել ենք, որ պետք է փոխհատուցենք վնասները, բայց քանի որ չունենք այդ գումարները այսօր և նպատակահարմար չէ, տրամադրելու ենք մուրհակներ, իսկ այն մեր քաղաքացին, որ այդ մուրհակների չափ կուզենա ներդրում կատարել Արցախում, փոխառություն ենք տրամադրելու կամ վարկավորելու ենք: Տրամադրվում է ջերմոցներ տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից: Մեր անասնապահությանը ամբողջությամբ պետք է փոխել նախկին համակարգը` մսուրային, ժամանակակից տեխնոլոգիաները ներդնելով, քանի որ մենք ունեցել ենք տարածքների մեծ կորուստ, և մեր հիմնական անասնագլխաքանակը այսօր խնդիր ունի:
Թեթև արդյունաբերություն, տեխնոլոգիաների զարգացում
Այսօր «Բեյզ-Մեթալս» ընկերությունը պատրաստ է աշխատել նույն հզորությամբ, ինչպես մինչ պատերազմը: Բայց գիտեք, ունեցել է շատ 2 ծանր խնդիր` զրկվել է ջրամատակարարումից, քանի որ բոլորս գիտենք, որ պոմպակայանը գտնվում է Նոր Մարաղա հատվածում, իսկ այն մեր վերահսկողությունից դուրս է: Բայց ռեկորդային, ի պատիվ տնօրինության ղեկավարությանը, լուծվել է ջրամատակարարումը, լուծվել է էներգամատակարարումը, բայց քանի որ հզորությունների որոշակի խնդիր կա էներգամատակարարման առումով, մինչև մարտ ամիսը աշխատելու են 70 տոկոսով, բայց արդեն ապրիլից մենք պիտի պլանավորենք, թե առկա ուսումնասիրված ընդերքը քանի տարում ենք շահագործելու և ըստ դրան պլանավորենք: Եթե նախկինում նախատեսվում էր նաև այն տարածքներում իրականացնել ուսումնասիրություններ, որտեղ նաև կանխատեսում էինք, որ կան պղինձ և այլ օգտակար հանածոներ, և դա օգտագործելու ենք շահագործման առումով, այսօր այդ հնարավորությունը չկա: Դրա համար մեր եղած ռեսուրսը պետք է պլանավորված մենք արդյունահանենք, այսինքն` քանի տարի ենք այսօրվա պաշարները մենք օգտագործելու: Իհարկե, բազմաթիվ այլ տնտեսական` ՓՄՁ-ի զարգացում: Կարող ենք խոսել տուրիզմի մասին, բայց մենք հասկանում ենք, թե այստեղ ինչ խնդիրներ ունենք: Նույն ջրամբարը նաև տուրիստական զարգացման ուղղություն է հանդիսանալու: Եվ գալիս եմ ամենակարևոր խնդրին. հաճախակի և այս դահլիճում, և հանրության մեջ խոսում են` «տարան», «թալանեցին», «գողացան» և այլն: Ի դեպ նշեմ, որ ամենամեծ ֆինանսական հոսքերը շինարարությունում են: Աշխատում է 237 կազմակերպություն: Մինչ պատերազմը եղել է գրանցված Ղարաբաղում 130, բայց հաստատ դրա կեսն էին աշխատում: 237 կազմակերպություն այսօր զբաղվում է շինարարությամբ և առաջիկա տարիներին զբաղվելու են: Դա ևս տնտեսության մաս է: Իհարկե, կարող են լինել չարաշահումներ: Եղել են չարաշահումներ, հավանաբար կլինեն չարաշահումներ, յուրացումներ, փոշիացումներ: Եվ մեր, ձեզ հետ միասին, հիմնական խնդիրը պայքարն է այդ ուղղությամբ: Եկեք միասին պայքարենք: Մենք բաց ենք: Նաև հայտարարում եք, որ իրավապահ մարմինները բացահայտել են: Բայց կարո՞ղ է այդ իրավապահ մարմինները մեզ ենթակա իրավապահ մարմինները չեն: Գիտեք, մեր Ազգային անվտանգության ծառայությունը նախկինում տնտեսական և նման գործունեությամբ չէր զբաղվում: Այսօր ոչ միայն զբաղվում են և առաջիկայում այն խումբը, որը զբաղվելու է դրանով, մեծանալու է, քանի որ ամենաարդյունավետը այդ համակարգն է աշխատում, և ԱԱԾ-ի բացահայտումները շատ ավելի ազդեցիկ են` չնայած մենք ունենք վերահսկիչ պալատ, ֆինանսների նախարարություն, վերահսկողական ծառայություն, 6-րդ բաժին և պատրաստ ենք քննարկման: Եթե հիշում եք, դեկտեմբերի 10-ին իմ ուղերձում առաջարկություն եմ ներկայացրել քաղաքական ուժերին, խորհրդարանական ուժերին, արտախորհրդարանական` եկեք մտածենք մեր երկրի ապագայի մասին միասին, մանավանդ այսօր: Այո, մեզ հաջողվել է ունենալ կայուն խաղաղ մի տարի, չհաշված այն մի քանի դրվագները, որը ցավում ենք: Բայց ես ուզում եմ մեր մեղքի բաժինն էլ նշենք, որ, այո, մենք կարող էինք կանխել, որ որոշ, իհարկե չեմ ասում Մարտակերտի այդ դիպուկահարի կրակոցը, բայց հաստատ Ճարտարի, հաստատ Շուշիի և հաստատ, իհարկե վերջնական չգիտեմ ինչ եզրակացության են եկել, մենք վերջերս ունեցել ենք նաև զինվորականի զոհվելու դեպք: Հակառակորդն է եղել, թե` այլ, դեռ քննչական մարմինները վերջնական եզրակացություն չեն տվել: Բայց եթե նաև հակառակորդն է եղել, մենք ունենք բաց, քանի որ կան բաներ, որ մենք պետք է նախօրոք կանխարգելենք և չտանք նման հնարավորություն: Այդ կայուն տարին մեր հետպատերազմյան, իհարկե, ես չեմ ասում, որ հոգեբանական առումով լավ վիճակում ենք: Ոչ, սա շատ երկար ժամանակ իր ազդեցությունը թողնելու է, բայց մենք պետք է մեզ վերագտնենք: Կոչ եմ արել և այսօր պատրաստ եմ բոլոր քաղաքական ուժերի հետ կիսել պատասխանատվությունը, իհարկե, տրամաբանության շրջանակներում, ոչ թե զիջել իշխանությունը, այլ կիսել պատասխանատվությունը, որովհետև մեզ պետք է պատասխանատվություն կիսել, այլ ոչ թե` իշխանություն: Իսկ հարցերի հետ կապված` հիմնականում ես անդրադարձել եմ իմ ծրագրերի արդյունավետությանը, պաշտպանության, աշխատավարձեր: Շինարարության նախագծերի հետ կապված ես նշեցի` 8000 միայն վնասված, ժամանակի խնդիր ունենք: Պետական պարտքի և ֆինանսավորման հետ կապված` ես կխնդրեմ առանձին լսում, իհարկե, փակ լսում: Իսկ կառավարման խնդիրները, իհարկե կան, իհարկե, հետպատերազմյան իրավիճակում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Եվ երևի ամենաշատը ես եմ տեղեկացված և տեսնում կառավարման համակարգի գործունեության կատարելագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն նախագահ: Այսքանով ամփոփում ենք բյուջետային քննարկումները: Քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» oրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 18, ձեռնպահ` չկա, դեմ` 11:
Որոշումն ընդունված է:
Շնորհավորում ենք պարոն նախագահ: Ընդմիջում մինչև ժամը մեկը:
Ընդմիջում:
Արթուր Թովմասյան - Անցնում ենք հաջորդ հարցին: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերջնական տարբերակը ներկայացնելու համար դարձյալ հրավիրվում է ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:
Վահրամ Բաղդասարյան - Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության կառավարության կողմից պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման նախաձեռնության համատեքստում անհրաժեշտություն է առաջացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ: Նշված գործընթացն իրականացնելիս կառավարությունը որդեգրել է «բարձր աշխատավարձ ստացողներինը՝ ավելի ցածր, ցածր աշխատավարձ ստացողներինը՝ ավելի բարձր տոկոսով աշխատավարձի բարձրացում» սկզբունքը: Այդ սկզբունքի իրագործման արդյունքում առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացում` միջինում 9%-ով, բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացում` միջինում 17%-ով, պետական ծառայողների` այդ թվում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և փրկարարական ծառայության ծառայողների վարձատրության բարձրացում` միջինում 20%-ով:
Նախագծով չի նախատեսվում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում: Մասնավորապես, չեն փոխվելու հետևյալ պաշտոնատար անձանց աշխատավարձերը՝ ԱՀ նախագահ, ԱՀ Ազգային ժողովի նախագահ, ԱՀ պետական նախարար, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար, Մարդու իրավունքների պաշտպան, ԱՀ Գերագույն դատարանի նախագահ, Հաշվեքննիչ պալատի նախագահ, Գլխավոր դատախազ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Ազգային ժողովում նախագծի քննարկման ընթացքում թե' պատգամավորների առաջարկներով, թե' կառավարության նախաձեռնությամբ կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես, ցանկում ավելացվել են ԱՀ Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականի և Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականի հաստիքները, և փոխվել են Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և օգնականի գործակիցները:
Եվս մի քանի առաջարկներ՝ կապված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ցանկում մի շարք հաստիքներ ավելացնելու հետ, կառավարությունում իրավական գնահատման ենթարկվելուց հետո չեն ընդունվել:
Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել լուծում պահանջող հարցեր, որոնք առաջացել են օրենքի գործողության տարիների ընթացքում: Դրանք մանրամասն ներկայացվել են և գլխադասային հանձնաժողովի, և ԱԺ նախորդ հերթական նիստում:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի համար «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում և օրենքի նախագծով սահմանված չափը՝ 63300 դրամը, չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը, առաջարկում ենք «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածում կատարել լրացում, որի համաձայն՝ «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից»: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, հարցերի իրավունք ունի, ովքեր առաջարկ են արել, տվյալ դեպքում` ես: Համենայնդեպս, պարոն Բաղդասարյան, իրավաչափ է, թե իրավաչափ չէ, դա ես լավ եմ հասկանում իմ առաջարկը, և ասեմ Ձեզ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքին համապատասխան` պաշտոնատար անձ է պետական ցանկացած պատգամավոր: Դա միանշանակ: Եթե ասում եք իրավաչափ չէ, ապա «Ազգային ժողովի կանոնակարգը», Ազգային ժողովը դա Սահմանադրության մեջ ամրագրված է, և ոչ թե Ազգային ժողովի նախագահն է, տեղակալն է, կամ հանձնաժողովի նախագահն է, կամ տեղակալները, այլ ցանկացած պատգամավոր` անկախ քաղաքական հայացքներից, անկախ նրանից` իշխանամետ է, ընդդիմադիր է, նա պետական պաշտոնատար անձ է: Եվ հենվելով հենց այդ կետի վրա` իմ առաջարկը այն է, որովհետև ես չեմ գտնում, որ Արցախում կա մեկը, որ ինձանից լավ հասկանա, ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում, որ ինձանից լավ հասկանա խմբակցության ղեկավարի քարտուղարի կատարած աշխատանքը: Քանի որ ինչի համար, ոչ թե ես երկար տարիներ եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր, այլ երկար տարիներ եղել եմ խմբակցության ղեկավար: Այն ժամանակ ճիշտ չէր լինի իմ կողմից առաջարկը` խմբակցության ղեկավարի և մշտական հանձնաժողովի նախագահի հետ հավասարեցնելը, որովհետև դա կլիներ անձնական: Մենք խմբակցության ղեկավարների հետ կարող ենք հանդիպել գիշերը երկուսին, երկուսն անց կես էլ, ժամը տասին էլ, տասնմեկին էլ, եթե Արցախի համար հրատապ, և այդպես մենք ունեցել ենք և մինչև պատերազմը, և պատերազմի ժամանակ, և պատերազմից հետո, որպեսզի մի հատ համատեղ հայտարարությամբ հանդես գանք: Եվ ասեմ ձեզ, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր գումարումների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր գումարումների, սա միակ գումարումն է, երբ հայտարարությունների 90 տոկոսի տակ հնչեցված հայտարարությունների, առանձնապես Արցախի հիմնախնդրի մասով, դա և մինչև պատերազմը, և պատերազմից հետո, հինգ խմբակցություններն էլ ստորագրել են: Բայց դա հենց գեղեցիկ աչքերի համար չի ստորագրվում: Այդ համատեղ հայտարարության ժամանակ անկախ նրանից, սկզբից ասել են թույլ է, կամ ուժեղ է այս հայտարարությունը, հաշվի է առնվել բոլոր խմբակցության ղեկավարների, իրենց խմբակցությունների տեսակետները, և երբ որ ամեն անգամ հինգ խմբակցության ղեկավարները ստորագրել են իրենց խմբակցությունների անունից, դա ինձ համար եղել է ամենաերջանիկ պահը: Եվ եթե Դուք ասում եք իրավաչափ չէ, որ պետք է նաև փոփոխություններ կատարվեն այլ օրենքներում, ինձ թվում է, եթե ցանկությունը լիներ, կարելի էր հենվել Ազգային ժողովի կանոնակարգի վրա և որպես պաշտոնատար անձ այդ գործակիցները հավասարեցնել ասենք խմբակցության ղեկավարի կամ մշտական հանձնաժողովի նախագահի, կամ խմբակցության քարտուղարի, մշտական հանձնաժողովի փոխնախագահի: Համենայնդեպս, քանի որ Դուք արդեն ներկայացրել եք, ես չեմ քվեարկելու այս օրենքի նախագծին, բայց նաև հորդորում եմ, որ մնացածները քվեարկեն և մենք տոն օրերից հետո անպայման այդ օրենքների նախագծերով Ձեզ կներկայացնենք այդ փոփոխությունը, եթե պետք է նաև այդ օրենքներում: Շնորհակալություն:
Վահրամ Բաղդասարյան - Կներեք, եթե կարելի է: Իրավացի եք, պարոն Թովմասյան, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ցանկում ընդգրկված է պատգամավորի հաստիքը, պատգամավորը ընդհանրապես` որպես պետական պաշտոն զբաղեցնող: Ուղղակի նույն իրավական ծառայությունների կողմից իրավական գնահատում կատարելուց հաշվի է առնվել այն հանգամանքը, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ցանկում հիմք ընդունելով գործառութային և նշանակման հետ կապված հանգամանքները, մեխանիզմի այդ նշանակման խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների, իրավական գնահատման արդյունքում մերժվել է այդ առաջարկությունը մեր կողմից:
Արթուր Թովմասյան - Ես կարդացել եմ, շնորհակալություն: Քանի որ այլ պատգամավորներ հարցեր չեն տվել, այլ առաջարկ չի եղել, այժմ քվեարկության է դրվում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենք ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 27, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Այժմ երկրորդ ընթերցմանն է ներկայացվում «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացնելու համար հրավիրվում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:
Արտեմ Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, ձեզ եմ ներկայացնում «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթների ընդունման հիմնավորումը` գլխադասային հանձնաժողովում ներկայացված առաջարկություններով:
«Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով, ինչպես նաև երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանության զորքերի մասնակցության ապահովմամբ:
Օրենքների նախագծերի փաթեթներով առաջարկվում է`
- սահմանել «ոստիկանության զորքեր» հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները և իրավունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության զորքերի ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման կարգը,
- «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում տարվող փոփոխությունները պայմանավորված են 13-րդ և 53-րդ հոդվածներում կիրառվող նորմերի համապատասխանեցումով, որով ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանության զորքերի այլ ծառայողների պաշտոնի նշանակման, պաշտոնից ազատման և այլ պաշտոնի տեղափոխման` ոստիկանության պետի իրավասությունը անցնում է պետական կառավարման մարմնի ղեկավարին,
- «Պաշտպանության մասին» և «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքներում փոփոխությունը կատարվում է նշված օրենքներում օգտագործվող «ներքին զորքեր» հասկացությունը «ոստիկանության զորքեր» հասկացությամբ փոխարինելու նպատակով: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Քանի որ գրավոր առաջարկություններ չեն եղել, հետևաբար զեկուցողին հարցեր չեն տրվում:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար հրավիրվում է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Խնդրեմ, պարոն Հայրապետյան:
Սեյրան Հայրապետյան - Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Հարգելի գործընկերներ, «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի փակ նիստում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք այն ընդունել որպես օրենք:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հայրապետյան: Ձեզ նույնպես հարցեր չեն տրվում: Զբաղեցրեք Ձեր տեղը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա:
Իսկ հիմա քվեարկության է դրվում «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 29, ձեռնպահ` չկա, դեմ` չկա:
Որոշումն ընդունված է:
Հաջորդ հարցը «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը: Խնդրեմ, պարոն Պողոսյան:
Դավիթ Պողոսյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, հարգելի ներկաներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի ներկայացումը պայմանավորված է օրենքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայման, առկա անհստակությունների շտկման և հարկային ծառայողների սոցիալական պաշտպանվածության բաձրացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես`
- հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիք սահմանել 65 տարին, իսկ տարիքը լրանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ թույլատրել հարկային ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է Գ խմբի որոշ առաջատար պաշտոնների թափուր հաստիքների համար սահմանված փակ մրցույթը փոխարինել բաց մրցույթով: Գործող օրենքով բաց մրցույթ հայտարարվում է միայն Դ խմբի կրտսեր պաշտոնների զբաղեցման համար, իսկ Բ և Գ խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար հայտարարվում է փակ մրցույթ, որը պահանջում է 3-5 տարվա` պետական մարմիններում մասնագիտական ստաժ: Հաշվի առնելով, որ 2020 թվականի հուլիսի մեկից հարկային մարմնի հարկային տեսչությունները վերակազմակերպվել են տեսչություն-վարչությունների, իսկ վարչություններում այդ պաշտոնները դասվում են Գ խմբին, ուստի անհրաժեշտություն է առաջացել այդ պաշտոնների համար ևս հայտարարել բաց մրցույթ` հնարավորություն ընձեռելով նորավարտ մասնագետներին մասնակցել հայտարարվող մրցույթներին:
Նախագծի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու մեկանգամյա առավելագույն ժամկետ սահմանել վեց ամիսը, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված հարկային ծառայողի 65 տարին լրանալը, իսկ կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարել հարկային ծառայության ստաժ ու երեք ամիս ժամկետով ապահովել վարձատրությունը, եթե մինչ այդ չի նշանակվել որևէ այլ պաշտոնի: Այդ մասով առաջարկվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություն` նախատեսելով, որ հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված հարկային ծառայողների վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի` հարկային մարմնի համար նախատեսված միջոցներից:
Նախագծով առաջարկվում է նաև երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ նվիրվածության համար հարկային ծառայողի նկատմամբ որպես խրախուսանքի տեսակ կիրառել կրծքանշանով և մեդալով պարգևատրում:
Հաջորդ փոփոխությամբ հստակեցվում են հարկային ծառայությունից ազատելու հիմքերը, ինչպես նաև առաջարկվում է ծառայողական քննության նյութերում հանցագործությունների կամ զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքերում ծառայողական քննության անցկացման ընթացքում նախատեսել հարկային ծառայողի պարտականությունների կատարման կասեցման հնարավորություն: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Պողոսյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Խնդրում եմ զբաղեցրեք Ձեր տեղը: Հարցեր չկան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:
Արթուր Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովում և չորս կողմ ձայներով տրվել դրական եզրակացություն: Առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին: Հարցեր չկան: Զբաղեցրեք Ձեր տեղը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա:
Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք:
Այժմ քվեարկության է դրվում «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 29, ձեռնպահ` չկա, դեմ` չկա:
Որոշումն ընդունված է:
Նիստը շարունակում է վարել Ազգային ժողովի փոխնախագահ պարոն Բաղունցը:
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, հաջորդ հարցը «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը: Խնդրեմ, պարոն Պողոսյան:
Դավիթ Պողոսյան - Շնորհակալություն: «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կրաքարի հանքավայրերի շահագործումից առաջացող ընդերքօգտագործման թափոնների մասով բնապահպանական վճարի դրույքաչափը նվազեցնել` սահմանելով մեկ տոննայի համար 90 դրամ: Մասնավորապես, գործող օրենքով ոչ մետաղական հանքավայրերի համար ոչ վտանգավոր թափոնների մեկանգամյա տեղադրման, պահպանման համար բնապահպանական վճարը սահմանված է մեկ տոննայի համար յոթ հարյուր ութսուն դրամ: Ի տարբերություն այլ հանքավայրերի, կրաքարի հանքավայրի մասով նշված չափը էականորեն բարձր է, ինչը ինքնարժեքի արհեստական բարձրացում է ենթադրում:
Միաժամանակ հաշվի առնելով, որ բնապահպանական վճարը հաշվարկվում է եռամսյակի ավարտից հետո, առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել նաև 2021 թվականի չորրորդ եռամսյակի համար հաշվարկվելիք բնապահպանական վճարների նկատմամբ: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Պարոն Պողոսյան, զբաղեցրեք Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:
Արթուր Հարությունյան - Հարգելի գործընկերներ, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովում և չորս կողմ ձայներով տրվել դրական եզրակացություն: Առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին: Հարցեր չկան: Զբաղեցրեք Ձեր տեղը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա:
Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 27, դեմ` չկա, ձեռնպահ`չկա:
Որոշումն ընդունված է:
Օրակարգի հաջորդ հարցն է «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը: Խնդրեմ, պարոն Արզումանյան:
Մեխակ Արզումանյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, Ձեզ եմ ներկայացնում «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներն ապահովելու և Արցախի Հանրապետության նախագահի գործունեության միջոցառումների ծրագիրն իրականացնելու նպատակով մշակվել և կառավարության հաստատմանն է ներկայացվել սույն նախագիծը:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կանոնադրական խնդիրների ճիշտ, օպերատիվ և նպատակային իրականացումը կախված է ծառայության կադրային ապահովումից և այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտություն է առաջացել ոլորտը կարգավորող օրենքում կատարել մի շարք լրացումներ և փոփոխություններ, մասնավորապես` ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փոխադրման և վնասազերծման վերաբերյալ օրենքում առկա բացերի կարգավորման նպատակով:
Օրենքում առկա վերոնշյալ թերություններից բացի առաջարկվում է նաև փոփոխության ենթարկել օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, փրկարար ծառայության պաշտոնների խմբերի դասակարգումը, վերապատրաստման, ուսուցման, արձակուրդի վերաբերյալ հոդվածները: Կատարվել են նաև մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ:
1. Հաշվի առնելով, որ ստորաբաժանումների անվանումները չեն համապատասխանում օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին, ինչը ենթադրում է անձնակազմի այլ թվաքանակ, որը հնարավոր չէ ապահովել, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում կատարել վերոնշյալ փոփոխությունները` համապատասխանեցնելով փաստացի կիրառվող հասկացություններին և ստորաբաժանումների անվանումներին:
2. Ծառայության ստեղծման պահից ի վեր քաղաքացիների կանչերի արձագանքման հիման վրա ծառայության համապատասխան ստորաբաժանումները իրականացնում են զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փոխադրման և վնասազերծման աշխատանքներ: Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջանում վերը նշված խնդիրները ամրագրել օրենքով և համապատասխան հոդվածներում կատարել լրացումներ:
3. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ` մեկ աստիճանով բարձրացնելով փրկարար ծառայության պաշտոնյաների խմբերը` համապատասխանեցնելով ուժային կառույցների ծառայողների պաշտոնյաների խմբերին:
4. Օրենքի նախագծում նախատեսվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես վերապատրաստման և ուսուցման վերաբերյալ հոդվածներում, քանի որ գործող օրենքով անձնակազմի վերապատրաստումը և ուսուցումը նախատեսվում է միայն Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում, ինչը ենթադրում է մեծ ֆինանսական ծախսեր և, ծառայության կազմակերպման առանձնահատկություններից ելնելով` ոչ բոլոր դեպքերում է հնարավոր: Հետևաբար, նախատեսում ենք անձնակազմի վերապատրաստումը և ուսուցումը կազմակերպել նաև Արցախի Հանրապետությունում:
5. Հաշվի առնելով մի շարք իրողություններ` «Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները» հոդվածում լրացվել է նոր կետ` «տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը», ինչը հնարավորություն է ընձեռում երկար տարիներ նույն պաշտոնը զբաղեցնող և իրենց լավագույնս դրսևորած ծառայողներին խրախուսման կարգով հաստիքով նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում:
Նշեմ նաև, որ նախագծի նախնական տարբերակում ունեինք մեկ շտկում` օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, և էլեկտրոնային տարբերակը ուղարկվել է Ազգային ժողով:
Օրենքի ընդունման արդյունքում կունենանք ներկա իրողություններին համապատասխան ոլորտը կարգավորող օրենք, որն էլ իր հերթին կնպաստի ծառայության կանոնադրական խնդիրների ճիշտ և օպերատիվ իրականացմանը: Շնորհակալություն:
Գագիկ Բեգլարյան - Շնորհակալություն: Եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Պարոն Արզումանյան, խնդրում եմ զբաղեցնեք Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Խնդրեմ, պարոն Հայրապետյան:
Սեյրան Հայրապետյան - Շնորհակալություն, պարոն Բաղունց: Հարգելի գործընկերներ, «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի փակ նիստում: Հանձնաժողովի կողմից արժանացել է դրական գնահատականի: Առաջարկում ենք նախագիծը ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Պարոն Հայրապետյան, խնդրում եմ զբաղեցնեք Ձեր տեղը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթների ցանկություն կա՞:
Այժմ քվեարկության է «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 27, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Շնորհակալություն, պարոն Արզումանյան:
Անցնում ենք օրակարգի վերջին հարցին` «Պատգամավորների հայտարարություններին»:
Խնդրում եմ գրանցվել: Հերթագրվել է մեկ պատգամավոր: Պարոն Գրիգորյան, խնդրեմ:
Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ավարտվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծի գործընթացը, և այն ընդունվեց իհարկե: Որպես սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ` պետք է ընդգծեմ, որ իրականում ընդունվում է համատեղ աշխատանքը` գլխավոր փաստաթղթի ընդունման առումով, և այն կրում է իրականում աննախադեպ սոցիալական ուղղվածություն: Ես չեմ ուզում մտնեմ ուրիշ ոլորտներ, որպես պրոֆիլային հանձնաժողով ուղղակի ուզում եմ ընդգծել, որ մեր ոլորտներում, այսինքն` առողջապահության և սոցիալական, առողջապահությունը գրեթե կրկնապատկվել է, հաշվի առնելով, որ 8,7 մլրդը դարձել է 15,5: Եթե համեմատենք 2007 թվականի հետ, որ այն ժամանակ եղել է 1,7 մլրդ, ապա աճել է տասնապատիկ, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտը` 8,5 անգամ, իսկ համեմատ անցյալ տարվա հետ գրեթե նույնպես կրկնապատկվել է, քանի որ 32 մլրդը դարձել է 52 մլրդ դրամ գումար: Ինչու եմ ես սրանք ընդգծում, որովհետև այս աննախադեպ ավելացումը իր հերթին պահանջում է նաև վերահսկողություն, և ես ուզում եմ պառակտել այն մտահոգությունները, որը կար մեր գործըկերների մոտ: Մեր պրոֆիլային հանձնաժողովը ամեն ինչ անելու է, որպեսզի այդ ծրագրերը, որոնք կոչված են սպասարկելու մեր արցախցու անվճար բուժսպասարկումը և սոցիալական երաշխիքների փաթեթը, լինելու է հստակ վերահսկողության տակ, և մենք 2022 թվականի ընթացքում ոչ թե միայն վերահսկելու ենք արդյունավետությունը, այլ նաև նպատակայնությունը: Հանձնաժողովը բաց է համագործակցության, և ուրախ ենք լինելու, եթե մեր գործընկերները միանան, որպեսզի հանուն մեր ժողովրդի կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչենք: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի և հերթական նստաշրջանի աշխատանքները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը հայտարարում եմ փակված:
Հնչում է օրհներգը: