Ընդունվել է 1998թ. նոյեմբերի 23-ին
Սույն օրենքը սահմանում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմքերը, ինչպես նաեւ պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցությունը եւ բարենպաստ պայմաններ ապահովում նրա եւ ապագա սերունդների կենսունակության համար:
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հիմնադրույթները
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը իրականացվում է՝
- բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման եւ շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ.
- պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւերից) պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների եւ հիգիենիկ նորմատիվների պարտադիր պահպանմամբ, ինչպես նաեւ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացմամբ.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտման համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների նկատմամբ կարգապահական, վարչական, նյութական եւ քրեական պատասխանատվության սահմանմամբ.
- բնակչության առողջական վիճակի, հիգիենիկ եւ համաճարակային իրադրության, իրականացվող սանիտարականխարգելիչ միջոցառումների մասին հավաստի լիարժեք տեղեկատվությամբ.
- պետական սանիտարահամաճարակային հսկողության համակարգի, արտադրական եւ հասարակական վերահսկողության մեխանիզմի արմատավորմամբ:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը կազմված է սույն օրենքից եւ դրան համապատասխան ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերից:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության տարածումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների վրա
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների վրա:
Հոդված 4. Սանիտարական կանոնները եւ հիգիենիկ նորմատիվները
Սանիտարական կանոնները եւ հիգիենիկ նորմատիվները (հետագայում՝ սանիտարական կանոններ) սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության եւ ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:
Սանիտարական կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմինների« ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների համար:
Սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման եւ կիրարկման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Սանիտարական կանոնները պարտադիր կարգով հրապարակվում եւ ազատորեն տարածվում են բնակչության շրջանում:
ԳԼՈՒԽ II
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իր իրավասության շրջանակներում՝
- իրականացնում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականություն.
- ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների կատարումը.
- մշակում է պետական ծրագրեր՝ ուղղված հիվանդությունների կանխարգելմանը, վթարների, տարերային աղետների հետեւանքների, բնակչության զանգվածային հիվանդությունների վերացմանը եւ թունավորումների կանխարգելման բնագավառում գիտատեխնիկական նվաճումների ներդրմանը.
- սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակչության բնակեցման եւ տնտեսական գործունեության վարման ապահովմանն ուղղված վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների տարածումը կանխելու եւ վերացնելու հատուկ պայմանները եւ ռեժիմը.
- կնքում է համապատասխան միջազգային պայմանագրեր.
- բնակչության շրջանում կազմակերպում է հիգիենիկ դաստիարակությունը եւ ուսուցումը« սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ ապահովում է անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական մարմինների միջոցով:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության իրականացման նպատակով ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայություն /ՊՀՀԾ/:
ՊՀՀԾ-ն ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող սանիտարահամաճարակային ծառայության մարմինների եւ հիմնարկների բազայի վրա:
ՊՀՀԾ-ի ղեկավարումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից:
ՊՀՀԾ-ի կառավարման եւ ֆինանսավորման կարգը, կառուցվածքը եւ լիազորությունները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությունը իրականացնում է՝
- սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը.
- պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում.
- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական ղեկավարումը.
- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների կազմակերպումը.
- վարակիչ եւ ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների եւ թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
- հիգիենիկ գիտելիքների քարոզչությունը:
Հոդված 8. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանականերում՝
- ապահովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության իրականացումը համապատասխան տարածքում.
- մշակում եւ հաստատում են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված տեղական ծրագրերը, վերահսկողություն են սահմանում դրանց կատարման նկատմամբ, իրականացնում են սանիտարահիգիենիկ եւ այլ հատուկ փորձաքննությունների, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը եւ դրանց ֆինանսավորումը.
- կոորդինացնում են իրենց տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական ենթակայությունից կամ սեփականության ձեւերից), քաղաքացիների կողմից սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.
- կազմակերպում են օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների եւ թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների կանխարգելման ու վերացման ուղղությամբ.
- ընդունում են որոշումներ զանգվածային հիվանդությունների եւ թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում իրենց տարածքում կարանտին կամ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու եւ դրանք չեղյալ հայտարարելու մասին.
- ապահովում են բարենպաստ շրջակա միջավայրի նկատմամբ քաղաքացիների իրավունքների իրացման պայմանները:
ԳԼՈՒԽ III
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 9. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպություններն իրավունք ունեն՝
- պետական մարմիններից ստանալ տեղեկություններ սանիտարահամաճարակային իրադրության, շրջակա միջավայրի, բնակչության առողջական վիճակի եւ սանիտարական կանոնների մասին.
- մասնակցել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական մարմինների որոշումների եւ ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները պարտավոր են՝
- կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները եւ արտադրական վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ.
- մշակել ու իրականացնել սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումները շրջակա միջավայրի աղտոտման վերացման եւ կանխման, բնակչության աշխատանքի, կենցաղի, կրթության եւ հանգստի պայմանների բարելավման, ինչպես նաեւ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման ուղղությամբ.
- տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությանը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին վթարային իրավիճակների, արտադրության տեխնոլոգիական այն պրոցեսների մասին, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են սանիտարական կանոնների խախտման.
- կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց որոշումները եւ կարգադրությունները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը խախտող ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների կամ դրանց առանձին կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կասեցման վերաբերյալ որոշումները.
- կազմակերպել իրենց աշխատողների սանիտարական կուլտուրայի բարձրացմանը նպաստող հիգիենիկ ուսուցում եւ դաստիարակություն:
Հոդված 10. Քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Քաղաքացիներն ունեն՝
- բարենպաստ շրջակա միջավայրի եւ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.
- շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի եւ ամբողջական տեղեկատվության ու իրազեկման իրավունք.
- պետական մարմինների՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների եւ ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդումանը, սահմանված կարգով, մասնակցելու եւ դրանց իրականացումը վերահսկելու իրավունք.
- սանիտարական կանոնների խախտման հետեւանքով իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Քաղաքացիները պարտավոր են՝
- հոգալ իրենց առողջական վիճակի, երեխաների առողջության եւ հիգիենիկ դաստիարակության մասին.
- կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները.
- կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության մարմինների եւ պաշտոնատար անձանց որոշումներն ու կարգադրությունները.
- մասնակցել սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը:
Հոդված 11. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների իրավունքների իրացման երաշխիքները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները, ինչպես նաեւ քաղաքացիները ունեն պետական մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունները կամ անգործությունը գանգատարկելու իրավունք, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել սույն օրենքի 9 եւ 10 հոդվածներով նրանց վերապահված իրավունքների սահմանափակմանը:
Գանգատը տրվում է վերադաս պաշտոնատար անձին, որից հետո՝ շրջանային (քաղաքային) դատարան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ IV
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի հատակագծման եւ կառուցապատման բնագավառում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծման եւ կառուցապատման նախագծերը մշակվում են սանիտարական կանոնների պարտադիր պահպանմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Շինարարության նպատակով հողահատկացումները, նախագծման նորմերի, շինարարության, վերակառուցման եւ կառուցապատման նախագծային ու նորմատիվային փաստաթղթերի հաստատումը, բնակելի շենքերի, մշակութային-կենցաղային եւ կոմունալ շինությունների, արդյունաբերական, տրանսպորտային եւ այլ ձեռնարկությունների շահագործումը թույլատրվում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության համապատասխան մարմնի դրական եզրակացության դեպքում:
Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները սննդամթերքի եւ պարենային հումքի արտադրության, փոխադրման, պահպանման եւ իրացման բնագավառում
Սննդամթերքի եւ պարենային հումքի արտադրության տեխնոլոգիան, դրանց փոխադրումը, պահպանումը եւ իրացումը կատարվում են սանիտարական կանոնների պահպանմամբ: Չհամապատասխանելու դեպքում դրանք անմիջապես հանվում են արտադրությունից, վաճառքից՝ համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշման համաձայն:
Սննդամթերքի եւ պարենային հումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների եւ հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծումը, նոր տեխնոլոգիաների կիրառումը, նոր տեսակի սննդամթերքի մշակումը եւ արտադրությունը, ինչպես նաեւ պոլիմերային եւ այլ բնույթի նյութերի, տարաների օգտագործումը, որոնք շփվում են պարենային հումքի եւ սննդամթերքի հետ, կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության՝ սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնք արտասահմանից սննդամթերքի եւ պարենային հումքի ներմուծման եւ իրացման պայմանագրեր են կնքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի պահանջների կատարումը:
Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները քիմիական նյութերի եւ կենսաբանական միջոցների կիրառման բնագավառում
Վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ օգտագործվող միջոցների, հանքային պարարտանյութերի, բույսերի աճի կարգավորիչների եւ դրանց պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների, պոլիմերային նյութերի եւ պլաստմասսաների, օծանելիքային գեղահարդարման արտադրանքի, այլ քիմիական նյութերի եւ կենսաբանական միջոցների, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների կիրառումը թույլատրվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության համապատասխան մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:
Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները նոր հումքի, նյութերի, պատրաստուկների եւ տեխնոլոգիաների արտադրության մեջ ներդրման եւ կիրառման, ինչպես նաեւ այն արտադրատեսակների բնագավառում, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը կարող են անբարենպաստ ազդեցություն գործել մարդու առողջության վրա
Այն արտադրատեսակները, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը պահանջում են մարդու անմիջական մասնակցություն եւ կարող են անբարենպաստ ազդեցություն գործել նրա առողջության վրա, իրենց որակական ցուցանիշներով եւ հատկություններով պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:
Տնտեսության մեջ եւ կենցաղում օգտագործելու համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը, նյութերը եւ պատրաստուկները թույլատրվում է արտադրության մեջ ներդնել եւ կիրառել միայն սանիտարական կանոններին դրանց համապատասխանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում:
Գործող սանիտարական կանոններին չհամապատասխանող արտադրանքի թողարկման համար պատասխանատու ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները եւ քաղաքացիները համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշմամբ պարտավոր են կասեցնել դրա արտադրությունն ու իրացումը:
Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակչության ջրամատակարարման եւ ջրօգտագործման բնագավառում
Քաղաքների եւ այլ բնակավայրերի բնակիչներն ապահովվում են մարդու կենցաղային եւ ֆիզիոլոգիական կարիքների համար խմելու ջրի անհրաժեշտ քանակությամբ՝ հիգիենիկ նորմատիվների համաձայն:
Խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:
Պետական կառավարման մարմինները իրականացնում են միջոցառումներ ջրամատակարարման համակարգի պահպանման, զարգացման եւ բնակչությանը բարձրորակ ջրով ապահովելու ուղղությամբ:
Կենտրոնացված եւ ոչ կենտրոնացված ջրամատակարարման, լողանալու, սպորտով զբաղվելու եւ բնակչության հանգստի, բուժական նպատակներով օգտագործվող, ինչպես նաեւ բնակավայրերի սահմաններում գտնվող ջրամբարների ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:
Բնակչության ջրօգտագործման աղբյուրների աղտոտումը կանխարգելելու եւ վերացնելու նպատակով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանվում են սանիտարական պահպանման գոտիներ՝ հատուկ ռեժիմով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ջրի որակը սանիտարական կանոններին չհամապատասխանելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության որոշմամբ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների կողմից ջրի աղբյուրների օգտագործումը դադարեցվում է:
Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի մթնոլորտային օդի եւ աշխատատեղերի օդի մաքրության պահպանման բնագավառում
Բնակավայրերի մթնոլորտային օդում եւ աշխատատեղերի օդում, մարդկանց գտնվելու վայրերում աղտոտող նյութերի քանակությունը եւ վնասակար ֆիզիկական գործոնների մակարդակները պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:
Բնակավայրերի մթնոլորտային օդը արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական, էներգետիկ) արտանետումների աղտոտումից պաշտպանելու համար պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում են սանիտարապաշտպանական հատուկ ռեժիմով գործող գոտի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի պահպանման բնագավառում
Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության համաձայն, պահպանում են բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակը: Բնակավայրերի սանիտարական վիճակի պահպանման եւ հսկողության կարգն ու պայմանները սահմանվում եւ իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները արտադրական եւ կենցաղային թափոնների հավաքման, վերամշակման, օգտահանման, վարակազերծման եւ թաղման ժամանակ պետք է պահպանեն սանիտարական կանոնները:
Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները շենքերի, կառույցների, սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների պահպանման ու շահագործման բնագավառում
Պետական համապատասխան մարմինները բնակելի շենքերը շահագործման հանձնելիս պարտավոր են պահպանել գործող սանիտարական կանոնների պահանջները:
Արգելվում է բնակեցումը այն բնակելի կառույցներում, որոնք չեն համապատասխանում սանիտարական կանոններին:
Բնակելի, արտադրական եւ մյուս շենքերը, կառույցները, տեխնոլոգիական եւ մյուս սարքավորումները, տրանսպորտային միջոցները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում, անհրաժեշտ է պահել եւ շահագործել սանիտարական կանոններին, ստանդարտներին եւ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովող այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:
Հոդված 20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս
Ռադիոակտիվ նյութերի եւ այլ իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս, ինչպես նաեւ դրանց արտադրության, օգտագործման, մշակման, պահպանման, փոխադրման, վնասազերծման եւ թաղման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ճառագայթային անվտանգության նորմերը եւ համապատասխան նորմատիվային փաստաթղթերի պահանջները:
Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործումը թույլատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ համաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում:
Հոդված 21. Հիգիենիկ ուսուցման կազմակերպումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է բնակչության հիգիենիկ կուլտուրայի բարձրացմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանն ու հիվանդությունների կանխարգելմանը նպատակաուղղված ուսուցում՝ հիգիենիկ գիտելիքների տարածում, որի կազմակերպման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 22. Բժշկական պարտադիր զննությունը
Բնակչության համապատասխան սոցիալ-ժողովրդագրական խմբերը, վնասակար արտադրության մեջ աշխատողները ենթակա են նախնական եւ պարբերական բժշկական զննության, որի համար ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները ստեղծում են համապատասխան պայմաններ: Բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 23. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարեւորության խնդիրների վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության մասնագիտական փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
Պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական եւ կենսաբանական արտանետումներ եւ հոսքեր ունեցող օբյեկտների, ինչպես նաեւ էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման եւ ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում նաեւ պետական մարմինների հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության նախաձեռնությամբ, ինչպես նաեւ հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, բնակչության կողմից բարձրացված սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված հարցերի կապակցությամբ:
Փորձաքննության տվյալների հիման վրա տրված եզրակացությունները քննարկվում եւ հաշվի են առնվում պետական մարմինների կողմից՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս:
ԳԼՈՒԽ V
ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24. Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողությունը
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողությունը սանիտարականխարգելիչ հիմնարկների եւ մարմինների գործունեությունն է հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողությունը ներառում է՝
- բնակչության առողջական վիճակի զննությունը, կանխատեսումը եւ գնահատումը՝ ըստ շրջակա միջավայրի վիճակի.
- վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների առաջացման, ինչպես նաեւ տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը.
- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.
- հսկողությունը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտման դեպքում պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցառումների կիրառումը.
- վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը:
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության իրականացումը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության վրա:
Հոդված 25. Հասարակական, հիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունը
Հասարակական ու հասարակական-քաղաքական կազմակերպությունները, ինչպես նաեւ քաղաքացիների առանձին խմբերը իրավասու են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, հասարակական վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահպանման եւ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում՝ արդյունքների մասին տեղեկացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությանը:
ԳԼՈՒԽ VI
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 26. Պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների համար
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները, պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ VII
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 27. Միջազգային պայմանագրեր
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան սահմանում է սույն օրենքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերը:
ԳԼՈՒԽ VIII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 28. Անցումային դրույթ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝
մշակել եւ ընդունել սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր£
ԳԼՈՒԽ IX
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից£
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
24 դեկտեմբերի 1998 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-36