Ընդունված է 2021 թվականի
դեկտեմբերի 16-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի «թ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ.
1) թողարկման տարեթվից հաշված՝ մինչև 5 տարվա (ներառ-յալ) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկման տարեթվին հաջորդող հինգերորդ տարում.
2) թողարկման տարեթվից հաշված` 5-ից ավելի տարվա արտադրության մարդատար-տաքսի ավտոմոբիլներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ և դրանց կցորդներ (կիսակցորդներ)` տարին մեկ անգամ.
3) թողարկման տարեթվից հաշված` 5-ից ավելի, ներառյալ՝ 10 տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` 2 տարին մեկ անգամ.
4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավելի տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր՝ տարին մեկ անգամ.
5) թողարկման տարեթվից հաշված՝ 5-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.
6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննությամբ տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը:».
2) 3-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպոր-տային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) տրանսպորտային միջոցը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ տեխնիկական զննությամբ ի հայտ է եկել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկը.»:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1 1-ին մասից հանել «, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը» բառերը.
2 2-րդ մասի «տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու» բառերը փոխարինել «տեխնիկական զննություն անցնելու կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները կամ պայմանները վերացնելու» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հոդված 6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված Արցախի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 28
Ստեփանակերտ
ՀՕ-157-Ն