ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

                                       

                           ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

                 7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 4- ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

                          2021Թ.  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16 -Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

                                                                      ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ժԱՄԸ  11:00

 

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության  անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներհրավիրվածներ:

       Նիստին ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3 - ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգարժան պետնախարար, հարգելի կառավարության անդամներ և գործընկերներ: Սկսում ենք դեկտեմբերի 16-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին գրանցվել:

Գրանցում:

Ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը:

Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

Գագիկ Բաղունց -  Հարգելի գործընկերներ, «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու համար հրավիրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նստաշրջանի օրակարգի նախագծի  առաջին բաժնում ընդգրկված է պարտադիր քննարկման ենթակա հետևյալ հարցը` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ներկայացրած հետևյալ հարցերը՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,  «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Ոստիկանության զորքերի  մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  մասին»:

Եթե հարցեր կան նստաշրջանի առաջին և երկրորդ բաժինների վերաբերյալ, խնդրեմ: Չկան:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն` Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում պետք է ընդգրկվի նաև գլխադասային հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին հարցը:  

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով ամրագրված է, որ հեղինակների պահանջով անցկացվում են նախագծի երրորդ բաժնում ներառված այն հարցերի կարճատև քննարկումները, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն: Այդ դեպքում մինչև երեքական րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն հեղինակը, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, որից անմիջապես հետո նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին հարցը դրվում է քվեարկության: Չկա:

Իսկ հիմա քվեարկության է դրվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝  23, դեմ` 4, ձեռնպահ՝ 1:

Որոշումն ընդունված է:

Եթե այլ հարցեր կան նստաշրջանի օրակարգի հետ կապված, խնդրեմ:

Քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու  մասին» Ազգային ժողովի որոշումը

Քվեարկություն:

Կողմ՝ 30:

Որոշումն ընդունված է:

Գագիկ Բաղունց - «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու համար հրավիրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Այսօրվա նիստի օրակարգում որպես պարտադիր քննարկման ենթակա հարցեր ներառված են «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը,  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Դրանից հետո նախորդ նիստում անավարտ մնացած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման  մասին» նախագծերի փաթեթն է: Հաջորդ բաժինը ներառում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,  «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Ոստիկանության զորքերի  մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և, ինչպես միշտ, «Պատգամավորական հայտարարությունները»:

Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի  հետ կապված:

Եթե չկան հարցեր, քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի նիստի  օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը

Քվեարկություն:

Կողմ՝ 30 , դեմ՝  չկա, ձեռնպահ՝  չկա :

Որոշումն ընդունված է:

Հարգելի գործընկերներ, այսօր մեր գործընկերոջ` տիկին Ավանեսյանի ծննդյան հերթական տարեդարձն է: Եկեք բոլորս միասին հաջողություն ցանկանանք երիտասարդ պատգամավորին, հաջողություններ և անձնական կյանքում, և աշխատանքի բնագավառում, այսինքն` օրինաստեղծ աշխատանքում: Ծափահարենք:

 Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված քննարկումների ժամկետացանկով ավարտվել են Ազգային ժողովի քննարկումները գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի` 2022 թվականի բյուջեի վերաբերյալ: Այսօրվա նիստով մենք մեկնարկում ենք 1-ին  փուլը՝ հանրագումարի բերելու պատգամավորների և խմբակցությունների առաջարկները 2022թ. բյուջեի նախագծի համար: Կանոնակարգային ընթացակարգով նախատեսված հարցերի քննարկումն այսօր ընդմիջվելու է, այսինքն  նիստը շարունակվելու է, իսկ բյուջեի քննարկումը ընդմիջվելու է մինչև դեկտեմբերի 23-ը, որի ընթացքում  պատգամավորները դարձյալ առաջարկություններ կներկայացնեն բյուջեի նախագծի վերաբերյալ: Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքը քննարկվում է հետևյալ ընթացակարգով.  մինչև 30-ական րոպե տևողությամբ ելույթով  հանդես է գալիս Հանրապետության նախագահի  ներկայացուցիչը,  մինչև 30-ական րոպե տևողությամբ հարակից զեկույցներով հանդես են գալիս գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով նախագիծը, ինչպես նաև դրա ընդունման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը, իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով նախագծի` պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը:

Այժմ  առաջարկում եմ սկսել «Արցախի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» հարցի քննարկումը: Այն լիազորված է ներկայացնելու ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:

Վահրամ Բաղդասարյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: Սահմանադրության 123-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որն արդեն քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում:

Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին` պետական բյուջեի շուրջ ծավալած շահագրգիռ ու բաց քննարկումների համար:

Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվել է` հաշվի առնելով համավարակի և 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի բացասական հետևանքները, ինչպես նաև պետության առջև ծառացած մարտահրավերները։

Նախ անդրադառնամ 2021 թվականին ձևավորված տնտեսական միջավայրին և ներկայացնեմ որոշ մակրոտնտեսական կանխատեսումային գնահատականներ:

2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությունը շարունակում է կրել պատերազմական գործողությունների և COVID-19 համավարակի տարածման հետ կապված վնասների բացասական հետևանքները։ Չնայած հանրապետությունում աշխատանքներ են տարվում տնտեսության վերականգնման ուղղությամբ, այնուամենայնիվ, ինչպես կիսամյակային, այնպես էլ ինն ամսվա տվյալներով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում դիտվում է անկում։ 2021 թվականի ինն ամսվա կտրվածքով համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 26.4 տոկոսով և կազմել 162.8 մլրդ դրամ: Համախառն ներքին արդյունքի բացասական հավելաճը գրանցվել է հիմնականում «Արդյունաբերություն» ճյուղի հաշվին` 15.0 տոկոսային կետ (54.0 տոկոս իրական անկման պայմաններում), «Առևտուր և ծառայություններ» ճյուղի հաշվին` 6.9 տոկոսային կետ (12.2 տոկոս իրական անկման պայմաններում), «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» ճյուղի հաշվին՝ 4.5 տոկոսային կետ (56.5 տոկոս իրական անկման պայմաններում)։ Հարկ է նշել, որ ի հաշիվ «Շինարարություն» ճյուղի` 0.6 տոկոսային կետով (9.1 տոկոս իրական աճի պայմաններում) կրճատվել է նվազման միտումը։

Ըստ մեր կանխատեսումների՝ 2021 թվականին համախառն ներքին արդյունքը կկազմի 236.5 մլրդ դրամ` հանգեցնելով շուրջ 17.3 տոկոս տնտեսական անկման` 5.5 տոկոս դեֆլյատորի պայմաններում:

2022 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 263.7 մլրդ դրամ, աճը՝ մոտ 8.0 տոկոս կանխատեսվող 3.2 տոկոս դեֆլյատորի դեպքում, ինչը պայմանավորված է տնտեսության վերականգմանն ուղղված ծրագրերի իրականացմամբ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ և կնպաստեն տնտեսության զարգացմանը։

Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 3 տոկոսի սահմաններում` +/-1.0 տոկոս տատանման թույլատրելի միջակայքով:

Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում և Ազգային ժողովի կողմից ստացված առաջարկությունների քննարկման արդյունքում 2022 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են հետևյալ չափերով.

- եկամուտների գծով` 184 մլրդ 300.0 մլն դրամ,

- ծախսերի գծով` 215 մլրդ 681.9 մլն դրամ, արդյունքում դեֆիցիտը կկազմի` 31 մլրդ  381.9 մլն  դրամ, որը կֆինանսավորվի փոխառու միջոցների հաշվին:

Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 40.3 մլրդ դրամի չափով, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 40.0 մլրդ դրամ կամ 2021 թվականի համար պլանավորված եկամուտներից շուրջ 2.4 անգամ և սպասվող եկամուտներից 33 տոկոս ավել, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 15.2 տոկոս:

Բյուջետային վարկի չափը 2022 թվականին կկազմի 144.0 մլրդ դրամ կամ 2021 թվականի համար հաստատված ցուցանիշի համեմատ 79 մլրդ 219.3 մլն դրամով ավել, բայց բոլորիս հայտնի պատճառներով ստեղծված իրավիճակով պայմանավորված` 2021 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից որպես բյուջետային վարկ, լրացուցիչ տրամադրվել է 63.9 մլրդ դրամ, և այսօրվա դրությամբ ընդհանուր այն կազմում է 128.7  մլրդ դրամ, այսինքն, փաստացի 2021 թվականին ստացված վարկից 2022 թվականին պլանավորվում է 15.3 մլրդ դրամով ավել միջպետական վարկի տրամադրում:

2022թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 681.9 մլն դրամի չափով, որը ավել է 2021թ. հաստատված պետական բյուջեի ծախսերից 63.0 տոկոսով: ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 81.8 տոկոս` 2021թ. 58.9 տոկոսի դիմաց:

Հիմնական ծախսային գերակայությունները, որոնք նախատեսված են բյուջեի նախագծով, հետևյալն են.

գյուղատնտեսության ոլորտի ծախսերը նախատեսվում են 6 մլրդ 139.7 մլն դրամի չափով, որից՝

530.0 մլն դրամ՝ ավանդական և նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմատնային տնտեսություններին աջակցման ծրագրի իրականացմանը,

140.0 մլն դրամ՝ նորարարության և ձեռներեցության խրախուսման դրամաշնորհային ծրագրի իրականացմանը,

500.0 մլն դրամ՝ ոռոգման նպատակով հողօգտագործողներին աջակցման ծրագրի իրականացմանը,

350.0 մլն դրամ՝ գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման ծրագրերին, 

200.9 մլն դրամ՝ անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի, սպանդանոցների կառուցման, անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և  վերանորոգման  սուբսիդավորմանը,

250.0 մլն դրամ նախատեսվում է հատկացնել այգեգործության զարգացման ծրագրին՝ այգեգործներին փոխհատուցելով տնկիների արժեքի մի մասը,

200.0 մլն դրամ՝ կարկտապաշտպան ցանցերի տեղադրողներին աջակցման ծրագրի իրականացմանը,

- 1,3 մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին: 

Տնտեսական զարգացման ծրագրերի համար 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 366.8 մլն դրամ, որն ուղղվելու է Արցախի Հանրապետության տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի արտահանման կարողությունների զարգացմանն ու պետություն-մասնավոր հատված համագործակցության խրախուսմանը:

Արցախի Հանրապետության բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման և 2022թ. հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը ԱՀ բնակիչ-բաժանորդներին մատուցվող գազամատակարարման և կապի ծառայությունների մասնակի սուբսիդավորման, ինչպես նաև ԱՀ տարածքում իրականացվող էներգախնայողության միջոցառումների և այլընտրանքային էներգետիկայի ոլորտի զարգացման համար   նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 800.0 մլն դրամ:

Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կկազմի 4.0 մլրդ դրամ՝ պահպանելով 2021 թվականի մակարդակը: Նախատեսվող գումարը կուղղվի ՓՄՁ սուբյեկտների պետական աջակցության ապահովմանը, բնակարանաշինության ծրագրերի ֆինանսավորմանը, բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմանը, հիփոթեքային վարկերի կանխավճարների համար նպատակային փոխառությունների տրամադրմանը և ԱՀ-ում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված  նպատակային ծրագրերի իրականացմանը:

2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է կատարել   34.5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ: Հատկացված միջոցների հաշվին հիմնականում կիրականացվեն պատերազմական գործողությունների արդյունքում տեղահանված քաղաքացիների համար բնակելի տների և բնակարանների կառուցման, ձեռքբերման և բնակտարածքների` գույքով ապահովման ծրագրեր, Արցախի Հանրապետության տարածքում պատերազմական գործողությունների հետևանքով վնասված բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի տների, կրթական և առողջապահական օբյեկտների վերականգման ու վերանորոգման շինարարական ծրագրեր:

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2022 թվականի պետական բյուջեի նախագծում կազմում են 52 մլրդ 564.2 մլն դրամ, կամ 2021 թվականի համար պլանավորված ցուցանիշից ավել 18 մլրդ 671.9 մլն դրամով, որը բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտն է՝ ընդհանուր ծախսերի մոտ 24.5 տոկոս:

2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է 20 տոկոսով բարձրացնել աշխատանքային, սոցիալական, սպայական, ինչպես նաև շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակների չափերը։ Կբարձրացվի նաև պետական կենսաթոշակի նվազագույն չափը։ Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը նախատեսվում է սահմանել 21 500 դրամ՝ 18 000 դրամի դիմաց, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար նախատեսվում է սահմանել 1150 դրամ՝ 950 դրամի դիմաց, իսկ տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 600 դրամ՝ 500 դրամի դիմաց: Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի 56 200 դրամ (2021թ. փաստացի՝ 46 800 դրամ)։

Կվերանայվեն հաշմանդամ զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին հիշարժան օրերի կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության չափերը, ինչպես նաև առանձին խմբերի անձանց ամենամսյա դրամական օգնությունների չափերը:

2022 թվականի հունվարի 1-ից կբարձրանան պետական նպաստի չափերը՝ միջինը 20 տոկոսով: Ծնելիությունը խթանելու և բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2022թ. հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնողին կնշանակվի և մինչև երեխայի 6 տարեկան լրանալը կվճարվի դրամական աջակցություն ամսական  50 000 դրամի չափով:

2022 թվականի հունվարի 1-ից կվերանայվեն ԱՀ պաշտպանության ժամանակ երկու և ավելի զոհ տված ընտանիքներին դրամական օժանդակության չափերը՝ յուրաքանչյուր զոհվածի համար նախատեսելով ամսական 50,000 դրամ (2021թ.՝ ամսական 15,000 դրամ)։

2020 թվականին պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված ընտանիքներին, ինչպես նաև առավել ծանր պայմաններում գտնվող առանձին սոցիալական խմբերին պատկանող ընտանիքներին բնակարան վարձելու նպատակով ֆինանսական օգնության տրամադրման նպատակով նախատեսվել է 5 մլրդ 334.8 մլն դրամ:

Պատերազմական գործողությունների արդյունքում տեղահանված քաղաքացիների կենցաղային պայմանների բարելավման և չաշխատող տեղահանված անձանց գյուղական համայնքներում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար նախատեսվում է 2 մլրդ 62.0 մլն դրամ:

2022 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության  ոլորտի ծախսերի մասով նախատեսվում է հատկացնել 15 մլրդ 500.0 մլն դրամ, որը գերազանցում է 2021 թվականի պլանավորված ցուցանիշը 2 մլրդ 962.4 մլն դրամով կամ 23.6 տոկոսով:

Նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը հիմնականում ուղղված է Արցախի Հանրապետության ամբողջ բնակչությանը 2022 թվականի հունվարի մեկից անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն լիարժեք իրականացնելու համար:

Ծախսերի ավելացումը պայմանավորված է 2022թ. հունվարի 1-ից համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ, Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռք բերում ծրագրով ծախսերի ավելացմամբ, Արցախի Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդներին փոխհատուցվող գումարների, ինչպես նաև արտահիվանդանոցային դեպքերի ավելացմամբ:

COVID-19 համավարակի դեմ պայքարի աշխատանքների համար 2022 թվականի պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակում նախատեսվել է «COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումներ» ծախսային նոր ծրագիր, որի արժեքը կկազմի 200.0 մլն դրամ:

Կրթության ոլորտի համար 2022 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերը կազմում են 17 մլրդ 256.1 մլն դրամ, կամ 2021 թվականի պլանավորված ցուցանիշից ավել 17.6 տոկոսով: Ծախսերի աճը պայմանավորված է 2022 թվականի հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացմամբ։

Հանրակրթական դպրոցների ծախսերի իրականացմանը ուղղվելու է 10 մլրդ 764.8 մլն դրամ, որը 2021 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ավել է 1 մլրդ 335.8 մլն դրամով կամ 14.2 տոկոսով, ինչը պայմանավորված է կրթական բարեփոխումների, մասնավորապես, գյուղական համայնքներում «Երկարօրյա դպրոց» ծրագրի ներդրմամբ (ներառյալ սննդի ապահովման ծախսեր՝ 302.4 մլն դրամ), Ստեփանակերտ քաղաքում «Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիրի բացմամբ՝ 180.0 մլն դրամ  և  2022 թվականի հունվարի  1-ից աշխատավարձերի բարձրացմամբ (մանկավարժական և վարչական  անձնակազմի աշխատողների աշխատավարձերը նախատեսվում է բարձրացնել 25 տոկոսով): 

Մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտի ծախսերին  նախատեսվում է ուղղել 1 մլրդ 941.0 մլն դրամ, որից`

- 1 մլրդ 553.7 մլն դրամը հատկացվելու է մշակութային ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման ծախսերին և պատմա-մշակութային հուշարձանների վերականգնմանն ու պահպանմանը: 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է նշված խմբում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի բարձրացում 20 տոկոսի չափով :

2022 թվականին համայնքների բյուջեների սեփական եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 041.3  մլն դրամի չափով, կամ ավել 2021 թվականի ծրագրված մուտքերից  54.9 մլն դրամով:

Համայնքների բյուջեների ընդհանուր ծախսերը կազմում են 4 մլրդ 090.7 մլն դրամ, որը ավել  է 2021 թվականի ծախսերից 174.1 մլն դրամով:

2022 թվականին պետական բյուջեից համայնքների բյուջեներին նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 049.3 մլն դրամի չափով դոտացիա, որը կապահովի համայնքային բյուջեների ծախսերի մոտ 75 տոկոսը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 84-րդ հոդվածին համապատասխան` պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացվել է 93 առաջարկություն, որից 26-ը հարցադրումներ էին:

Ստացված առաջարկությունների վերաբերյալ կառավարության հայտնած տեսակետները ներկայացվել են Ազգային ժողով` ամփոփաթերթիկի տեսքով:

Միաժամանակ, խմբակցությունների և պատգամավորների կողմից արված այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ կառավարության կողմից տրվել է դրական եզրակացություն, ներառվել են 2022 թվականի պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակում: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան: Հարցեր ֆինանսների նախարարին: Հերթագրվել են 5 պատգամավորներ:  Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Գալստյանը:

Մետաքսե Հակոբյան - Պարոն նախարար, ինձ հետաքրքրեց այն մասը, երբ  Դուք խոսեցիք չաշխատող տեղահանված մեր հայրենակիցների մասին, որտեղ իրենց համար նախատեսված է բյուջեում ինչ-որ որոշակի գումար: Ես կխնդրեի մանրամասնել, թե դա ինչ կերպ է կատարվելու, ինչ ձևով է տրվելու այդ մարդկանց: Արդյոք դա աշխատավարձի ձևո՞վ է լինելու, թե, հազար ներողություն, բայց ինչ-որ  սոցիալական, էլի այսպես ծրագրերի կամ աջակցությունների միջոցով: Ու մեկ էլ կխնդրեի նորից գումարի չափը  նշեիք, եթե չեմ սխալվում, 2 միլիարդ:

Վահրամ Բաղդասարյան - Սոցիալական պաշտպանության ծրագրերի շրջանակներում նախատեսվում է 2 միլիարդ 62 միլիոն դրամ: Սա այն գումարներն են, այս պահի դրությամբ սոցապ նախարարության կողմից մշակում են ծրագրեր գյուղական բնակավայրերում չաշխատող մեր քաղաքացիներին, հատկապես տարհանված քաղաքացիներին, որոշակի միկրոծրագրերով զբաղվածությունը ապահովելու ծրագրեր, այսինքն, փոքր դրամաշնորհների տրամադրման տեսքով, գյուղատնտեսական որոշակի աշխատանքներով, տնային տնտեսությունների սահմաններում համապատասխան ինչ-որ ձեռագործական ծրագրերի համար: Հստակ կարգը այս պահի դրությամբ մշակված չէ, ընդհանուր առմամբ կա նախանշված ծրագրի մոդելը, գնահատվել է նախարարության կողմից այս գումարի չափով, հունվարի ընթացքում արդեն ծրագիրը հստակ կմշակվի և կսկսի իրագործվել:

Մետաքսե Հակոբյան - Այսինքն սա վերաբերվում է   զարգացման ծրագրերին:

Վահրամ Բաղդասարյան - Այո:

Մետաքսե Հակոբյան - Սա մոտավոր թիվ է, որովհետև իրենց ասելով դեռևս կարիքների գնահատում չի կատարվել:

Վահրամ Բաղդասարյան - Սա մոտավոր գնահատում է, այո: Սա պիլոտային ծրագիր է, իրականացման արդյունքներից արդեն մենք եզրակացություն կանենք` հետագա ընթացքը կամ շտկելու, կամ շարունակելու, կամ ինչ-որ ձևափոխումներ կատարելու:

Մետաքսե Հակոբյան - Այսինքն պատրաստվում են նաև ընթացքում մոնիտորինգ էլ անել, որովհետև արդեն մի քանի տարի է պիլոտային ծրագրերից լսում ենք, բայց արդյունքները չենք տեսնում:

Վահրամ Բաղդասարյան - Միանշանակ:  

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Գալստյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Բաղդասարյանը:

Դավիթ Գալստյան - Շնորհակալություն: Պարոն Բաղդասարյան,  Ձեր կողմից լսվեց, որ այն առաջարկությունները, որոնք դրական եզրակացության են առաջարկվել, կընդունվեն: Ես կարդամ մի հատ եզրակացությունը. «Առաջարկությունն ընդունվել է, տարվա ընթացքում աշխատանքներ կտարվեն տվյալ ծրագրի մշակման ուղղությամբ»: Առաջարկը ծրագրի մշակում չի եղել: Առաջարկը եղել է արտադրանքի, պարենային անվտանգության արտադրանքների սուբսիդավորում, ոչ թե ծրագրի մշակում: Այսինքն, այդ գումարը բյուջեում դրվում է, տարվա մեջ ծրագիր է իրականացվելու, հետո, ըստ այդ ծրագրի, ֆինանսավորվի: Մեր առաջարկը, իմիջիայլոց, մենք ծրագրի առաջարկ չենք արել: Ծրագիրը շատ պարզ է: Ապրանքը կա` սուբսիդավորվում է: Երկրորդ հարցը` համայնքներում, ասում եք, որ դպրոցներում ներդրվելու է 300 միլիոն դրամ, եթե չեմ սխալվում, երկարօրյա սննդի համար:  Ի՞նչ ակնկալիք ունենք, այդ երկարօրյա ծրագիրը մեզ ի՞նչ է տալու: Կա պիլոտային ծրագիր, այդ պիլոտային ծրագիրը արդարացրե՞լ է, չի՞ արդարացրել: Այսօր չեք կարողանում նորմալ դասաուսուցումը կազմակերպել, ինչ երկարօրյայի մասին է խոսքը, և այդքան գումարներ, որովհետև մնացած հարցեր կան, որտեղ որ Դուք նշում եք ըստ առաջնահերթության: Եվ առաջնահերթությունը տալով նման ծրագրերին, ոչ թե այն առաջարկներին, որ արվել է, դրա մասին առանձին կխոսենք էլի:

Վահրամ Բաղդասարյան - Ուրեմն առաջինը սուբսիդավորման վերաբերյալ. այս պահի դրությամբ, գիտեք, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության համակարգում կա նման ծրագիր` որոշ ապրանքատեսակների սուբսիդավորման, այդ թվում` նաև հաջորդ տարվա համար նախատեսում ենք կաթի մթերման որոշակի մասի սուբսիդավորում: Ինչ վերաբերվում է ավելի մեծ, ընդարձակ ցանկով պարենային մթերքների արտադրողների սուբսիդավորման, դա պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն և մշակում, և հնարավոր չէր այս պահի դրությամբ գնահատական տալ: Դրա համար էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը պլանավորում է տարեսկզբից համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել, քննարկումներ կազմակերպել և քննարկումների արդյունքներով կամ լրամշակել այն նշված ծրագիրը, կամ նոր ծրագիր ընդունել:

Դավիթ Գալստյան - Նոր Ամերիկա չենք հայտնաբերում, նմանատիպ ծրագրեր կան: Այսօր մենք թութունի սուբսիդավորում իրականացնելով, մեր անվտանգության ոչ մի բաղադրիչ չենք բարձրացնում:  Մենք այսօր ունենք պարենային անվտանգության խնդիրներ: Եվ ես համոզված եմ, որ ցանկության դեպքում կառավարությունը, նման ծրագրերը նոր մշակվող ծրագրեր չեն: Կա այդ ծրագրերի նմանատիպ օրինակներ: Դրանք կյանքի կոչելու համար ընդամենը ցանկություն է պետք, ոչ թե ինչ-որ լրացուցիչ ուսումնասիրություններ:

Վահրամ Բաղդասարյան - Պարոն Գալստյան, խմբակցությունում քննարկման ժամանակ քննարկվել է այդ հարցը, ես էլ եմ նշել, որ տարբեր պետություններում կան տարբեր մոդելներ: Անհրաժեշտ է դրանք բոլորը ուսումնասիրել և համապատասխան մեր մոդելը ընդգրկել կամ, նորից եմ ասում, գործող ծրագրերը մշակել: Ինչ վերաբերվում է ծխախոտ արտադրողների սուբսիդավորմանը, դա մեծապես նպաստել է աշխատատեղերի ստեղծմանը, քանի որ այդ արտադրությունը մեծ քանակով ձեռքի աշխատանք է պահանջում, և գյուղական բնակավայրերում շատ մեծ զբաղվածություն է ապահովել այդ ծրագրի իրագործումը:

Երկրորդ հարցը` երկարօրյայի հետ կապված ծրագիրը, գիտեք, մեկնարկել է 2021 թվականի նոր ուսումնական տարուց, հիմնականում հոկտեմբերից: Մի շարք պիլոտային ծրագրերով մի քանի տեղ իրականացվում է, գնահատականը, արդյունավետությունը կարող ենք գնահատել արդեն տարեսկզբին երկրորդ կիսամյակի արդյունքներով:

Դավիթ Գալստյան - Նախ` իմ ասած սուբսիդավորումը որ անենք, ոչ պակաս աշխատատեղեր կապահովվի, երևի թե այստեղ ավելի շատ բիզնես ոլորտի  սուբսիդավորում է, քան մեր պարենային անվտանգությունը` չգրված օրենքներով: Իսկ երկրորդը` այս տարվա մեջ  կարո՞ղ եք ասել աշակերտները քանի օր են դպրոց հաճախել, և այդ երկարօրյայից քանի օր են ընդունվել: Եվ եթե չկա դրա գնահատականը, ապա որն է այդ առաջնահերթությունը նման մեծ գումարներ դնել և այդ ահռելի գումարները, այսպես ասենք, որ պարզ չէ դեռ դրա արդյունքները, իմա՞ստը: Այսօրվա մեր երկրում դրա առաջնահերթությունը ես չեմ կարողանում հասկանալ: Շատ լավ ծրագիր է, երկրորդը` գյուղական համայնքներում դա անել, երկարօրյայի ծրագրի իմաստը ընդհանրապես այն է, որ ծնողները աշխատում են, երեխաներին ավելի երկար պահել, դասապատրաստում անեն, գնան տուն: Համայնքներում այդ խնդիրը չկա: Ինչո՞ւ եք սկսում համայնքներից, այդ գումարները մսխում, և ասում, որ դա այս վիճակում մեզ համար առաջնային է:

Արթուր Թովմասյան - Հարցին պատասխանում է պետնախարարը:

Արտակ Բեգլարյան - Պարոն Գալստյան, երկարօրյայի մասով նախ հաշվի առնենք, որ մինչև հիմա երկարօրյա որ դպրոցը գործում է, բոլորը գյուղական համայնքներում են: Իսկ գյուղական համայնքներում դասապրոցեսի սահմանափակումներ չկան, այսինքն այդ սահմանափակումները, կարանտինով պայմանավորված, գործում են Ստեփանակերտում: Հետևաբար այդ Ձեր նշած խնդիրը այս վերջին ամիսների ընթացքում չի եղել: Իհարկե, գնահատման մասով շատ տեղին հարց է, որ ցանկացած ծրագիր, այդ թվում` երկարօրյայի ծրագիրը, պետք է գնահատում անցնի: Այդ գնահատումը ընթացիկ այս ժամանակահատվածում իրականացրել ենք, շատ ավելի ծավալուն ու պրոֆեսիոնալ տարեսկզբին ենք իրականացնելու, որպեսզի հստակ գնահատական տանք: Բայց միջանկյալ գնահատման արդյունքներով, միանշանակորեն, արդյունավետ է: Արդյունավետ է և կրթության որակի բարձրացման տեսանկյունից, և երեխաների առողջության պահպանման տեսանկյունից, այսինքն, հանրային առողջության տեսանկյունից, և նաև ծնողների ընտանիքի անդամների զբաղվածության տեսանկյունից, բայց դրա արդյունքը ավելի երկարաժամկետ է,  միանգամից չենք կարող գնահատել, որ այս ծրագրի արդյունքում այսքան ծնող աշխատանքի է անցել, կամ եկամուտը այսքան բարձրացել է: Բայց պլանավորում ենք գնահատման ժամանակ սա էլ գնահատել ընթացքում, ոչ միայն տարեսկզբին, այլ նաև պարբերաբար գնահատման ժամանակահատվածում: Իսկ քաղաքի մասով, այո, ընդունում եմ, որ դրա կարիքը կարող է ավելի սուր լինել, բայց պետք է հաշվի առնել, որ գյուղերում էլ մարդիկ զբաղվածության խնդիր ունեն, երեխաներին ուշադրության տակ պահելու, խնամելու խնդիր ունեն: Քաղաքում ուղղակի լուծումները շատ ավելի բարդ են, դրա համար, մայրաքաղաքում հատկապես նկատի ունեմ, հաշվի առնելով դպրոցների ծանրաբեռնվածությունը, այս փուլում մայրաքաղաքում չենք պլանավորել, բայց հաջորդ փուլերում նախատեսում ենք մայրաքաղաքում էլ լուծումներ փորձել, որպեսզի հետագայում բոլոր դպրոցները, այդ թվում` մայրաքաղաքի դպրոցները,  անցնեն երկարօրյա  դպրոցի ծրագրի:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք պետնախարարին:

Դավիթ Գալստյան - Բառերով ասենք, որ դա շատ արդյունավետ է, որևէ հիմք չունեմ գնահատելու, որովհետև մենք չտեսանք օլիմպիադաների մասնակիցների այդ երկրօրյա աշխատողների, և ուսման վրա դա ինչպես է դրական ազդում: Դրանք լոկ խոսքեր են, ըստ ինձ, և երկրորդ, եթե մենք դրանով լուծում ենք աշխատատեղեր, այդ գումարը հատկացնենք համայնքի բնակիչներին, սոցիալական աջակցություն տանք, եթե մեր ծրագրի վերջնանպատակը աշխատատեղի ապահովումն է: Շնորհակալություն:

Արտակ Բեգլարյան - Պարոն Գալստյան, եկեք պայմանավորվենք` հունվարին միասին կայցելենք երկարօրյա դպրոց, Դուք Ձեր աչքով տեսնեք: Իհարկե, պետք է ինձ համար որոշակի առանձնահատկություններ հասկանամ, բայց, իմ կարծիքով, կասկածից վեր է, որ սա անհրաժեշտ ծրագիր է: Այլ հարց, որ կարող է որոշ շտկումների կարիք լինել, բայց չեմ կարծում, որ դա պետք է միայն զբաղվածությամբ չափել: Իսկ օլիմպիադայի մասով կարծում եմ Դուք էլ եք հասկանում, որ կրթության մեջ ներդրումը մի քանի շաբաթվա մեջ արդյունք չի բերում, բայց այս տարվա վերջում էլ կարող ենք օլիմպիադայի ցուցիչով գնահատել, թե ինչքան արդյունավետ է եղել:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Բաղդասարյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հարությունյանը: 

Դավիթ Բաղդասարյան - Պարոն Բաղդասարյան, գաղտնիք չէ, որ 2021 թվականի բյուջեի բյուջետային մուտքերը նախատեսվածից գերակատարվել են: Կոնկրետ ո՞ր հարկատեսակների հաշվին են գերակատարվել այդ բյուջետային մուտքերը: Եվ երկրորդը` որպես առաջինի շարունակություն, մենք անընդհատ խոսում ենք, և կառավարությունը ծրագրում է որոշ հարկատեսակների արտոնություններ սահմանել: Արդյոք ունե՞ք հաշվարկ, վերլուծություն, թե այդ արտոնությունները, փոփոխությունները  ինչ էֆեկտ են տալու բյուջեի վրա: Շնորհակալություն:

Վահրամ Բաղդասարյան - Շնորհակալություն, հիմնականում մենք երկու անգամ ենք ավելացրել մուտքերի կանխատեսումները: Մուտքերը հիմնականում ավելացված արժեքի հարկի տեսքով էին ավելանում, և մինչև տարեվերջ ռոյալթիի վճարումների տեսքով, այսինքն «Բեյս մեթալս» ընկերության արդեն գործունեություն սկսելուց հետո: Անցյալ տարվա վերջին մենք «Բեյս մեթալսը» չէինք կանխատեսում, որ շատ շուտ կվերականգնի իր գործունեությունը, և հիմնականում իրենց գործունեության վերականգնմամբ պայմանավորված` ավելացել են հարկային մուտքերը կանխատեսվածից ավել: Ինչ վերաբերում է այդ վերադարձներին, ապա գիտեք, որ մենք ունենք արտադրող, արտահանողների համար վաղուց գործող ավելացված արժեքի հարկի վերադարձի ծրագիրը, որը խթանում է արտահանումները: Մենք ունենք այս տարվանից եկամտահարկի վերադարձի ծրագիր, որը խթանել է աշխատավարձերի վճարման մի մասի ստվերից դուրս գալը, երկրորդը` աշխատատեղերի պահպանման և ավելացնելու, այսինքն գործատուն հարկերի բեռի տակ աշխատող կրճատելու համար արդեն այդ քայլին չէր գնում: Աշխատատեղեր են պահպանվել:

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք:    

Դավիթ Բաղդասարյան - Թվերով ի՞նչ էֆեկտ է տվել բյուջեի վրա:

Վահրամ Բաղդասարյան - Կդժվարանամ այս պահի դրությամբ ասել, կարող եմ վերադարձի գումարը ասել` 1 միլիարդ 200 միլիոնից ավել վերադարձ ենք ապահովել եկամտահարկի տեսքով:  

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Հարությունյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Բաղունցը:

Արթուր Հարությունյան - Շնորհակալություն: Պարոն Բաղդասարյան, հարցս վերաբերում է տոն և հիշատակ օրերի հետ կապված որոշ խմբերին վճարվող դրամական պարգևների տրամադրմանը: Երեկ «Ազատ Արցախ» թերթում հոդված կար, որտեղ նշված էր, որ 91 միլիոն դրամ դեկտեմբերի 10-ի կապակցությամբ և «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանակիրներին, և հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած զինծառայողներին տրամադրվել է 40000-ական դրամ, և այնտեղ նշված է, որ դրանք ընդամենը 4 հոգի են: Ուղղակի պարզաբանման համար, որ թյուրիմացություն չլինի, Դուք եթե տեղյակ եք, ինչ  կատեգորիա է, որ 4 հոգի են ընդգրկված:

Վահրամ Բաղդասարյան - Պարոն Հարությունյան, դա մի քիչ ոչ ճիշտ մեկնաբանման խնդիր էր: Այդ չորս հոգու մասին խոսքը վերաբերում էր այն զոհվածներին, ովքեր «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել էին մինչև 44-օրյա պատերազմը սկսվելը, իսկ պատերազմի ընթացքում և պատերազմից հետո զոհված զինծառայողները, ովքեր որ պարգևատրվել են, զոհվածների կարգավիճակով են պարգևատրվել, այսինքն նույն 40000 դրամի չափով:

Արթուր Թովմասյան - Իսկ եթե ինձանից հարցնես, այդ հարցազրույցը պետք էլ չէր «Ազատ Արցախում», որովհետև ավելի շատ հարցեր առաջացրեց, քան թե իրականում կար:

Շնորհակալություն: Պարոն Բաղունց, խնդրեմ:

Գագիկ Բաղունց - Պարոն Բաղդասարյան, «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից առաջարկվել է երկրում ծնելիության խթանման և ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով մինչև վեց տարեկան երեխաներին, այլ ոչ թե երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի տրամադրել ամսական հիսուն հազար դրամ, իսկ միայնակ ծնողի դեպքում` յոթանասուն հազարական դրամ: Առաջարկությունները, փաստորեն, մերժվել են, սակայն երեխաների առողջ կենսակերպ ու պատշաճ և արժանապատիվ դաստիարակություն ապահովելու համար խմբակցությունը շարունակում է պնդել իր առաջարկությունների ընդունման հարցը` նկատի առնելով հարցի չափազանց կարևորությունը և, ինչու չէ, բյուջեի հնարավորությունները: Շնորհակալություն:

Վահրամ Բաղդասարյան - Պարոն Բաղունց, այդ հարցը իհարկե քննարկվել է, և փորձել ենք այդ գումարների մոտավորապես գնահատական տալ, թե ինչ ծավալի մասին է խոսքը,   նախնական տվյալներով մոտավորապես 6 միլիարդ դրամի չափով հատկացումների մասին է խոսքը: Դրա համար այս պահի դրությամբ ձեռնպահ մնացինք դա ընդունելուց: Փաստորեն երեխաների մի մասը ստանում է այս պահի դրությամբ այդ աջակցությունները, հետագայում բյուջետային համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում կարող ենք անդրադառնալ այդ հարցին:

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք: 

Գագիկ Բաղունց - Այո: Վեց միլիարդի մասին խոսելը մի քիչ կոռեկտ չէր երևի այն առումով, որ արդեն իսկ բյուջեով նախատեսված է մոտավորապես 4 միլիարդ դրամ, և խոսքը գնում է լրացուցիչ երկու միլիարդի մասին: Մեր առաջարկությունների մեջ մենք մանրամասն, փակագծերը բացելով կներկայացնենք ու կհիմնավորենք մեր առաջարկությունները:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Բաղդասարյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Հիմա 84-րդ հոդվածով սահմանված կարգով իրենց եզրակացությունները պետք է ներկայացնեն ԱԺ մշտական հանձնաժողովները: Առաջինը գլխադասային` ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և երկրորդը` պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովներն են: Պարոն Հարությունյան, խնդրեմ:

 Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ինչպես արդեն նշվեց, հաստատված ժամկետացանկի համաձայն  ավարտվել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում և խմբակցություններում  «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները, և վերջում այն քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և 3 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ տրվել է դրական եզրակացություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն պարոն Հարությունյանին: Պարոն Հայրապետյան, խնդրեմ:

Սեյրան ՀայրապետյանԱզգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, ներկաներ, «Արցախի Հանրապետության 2022 թվականի բյուջեի մասին» օրինագծով նախատեսված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերը օրինական են և հիմնավորված: Շնորհակալություն:

 Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցեր պարոն Հայրապետյանին: Չկա՞ն:  Զբաղեցրեք ձեր տեղը:

         Սա տրադիցիոն գնում է, նպատակահարմար ենք գտնում խմբակցությունների կարծիքները և եզրակացությունները լսել պետական բյուջեի նախագծի քննարկումների 2-րդ փուլում, քանի որ խմբակցությունները հնարավորություն ունեն մեկ անգամ ևս առաջարկներ անելու և վերջնական ներկայացնելու:

         Պարոն Գալստյան, խնդրեմ:

         Դավիթ Գալստյան - Շնորհակալություն: Ես կուզենայի ավելի շատ անդրադառնալ մեր խմբակցության կողմից առաջարկություններին, որոնք պետնախարարի և ֆինանսների նախարարի հետ քննարկման ժամանակ մեզ մոտ ավելի լավ կարծիք կար, որ առաջարկությունները կընդունվեն, սակայն հաշվի առնելով նախորդ տարվա առաջարկությունների մերժման պատասխանները և այս տարվա առաջարկությունների մերժման պատասխանները, ասեմ միայն դիվանագիտական մոտեցումներն են փոխվել, որ ասում էին «ոչ նպատակահարմար ենք գտնում», հիմա ասում են «ընդունելի է», բայց չգիտենք ինչն է ընդունելի:  Կամ առաջնահերթության նպատակները, օրինակ, մի երկու հատ կարող եմ կարդալ, մանավանդ կրթության ոլորտում այսօր քովիդի պայմաններում, որ չենք կարողանում ուսում կազմակերպել և ահռելի գումարներ ենք դնում այն համայնքներում երկարօրյա դասընթացներ կազմակերպելու, որտեղ մանկավարժ չի լինելու այդ երեխաների հետ, դաստիարակ է լինելու, և չգիտենք կրթության որակի վրա ոնց է ազդելու, բայց մայրաքաղաքում չենք կարողանում նորմալ թեկուզ օնլայն դասընթացներ կազմակերպել: Հաշվի առնելով հաճախակի, դեռևս տևական լինելու  հեռավար դասընթացների անհրաժեշտությունը` առաջարկում ենք դպրոցի դասասենյակներ բացել, որը կօգներ, որ ուսուցիչը դասասենյակից  հեռավար կրթությամբ վարեր դասընթացը: Եվ կառավարության եզրակացությունը, ճիշտն ասած, շատ կքննարկվի տարվա ընթացքում` ելնելով 2022 թվականի պետական բյուջեի մուտքերի մակարդակից և ծախսերի առաջնահերթությունից, այսինքն` սա մերժված է, ընդունված է, նման մոտեցումները կառավարության ես չեմ կարողանում հասկանալ: Եվ կուզենայի մեր պատգամավորներին հիշեցնել, որ սեպտեմբերի 25-ին բոլոր պատգամավորները, այդ թվում` քաղաքաշինության նախարարը, քաղաքապետը դիմում էին ստացել, որ Մարիետա Շահինյան փողոցին հարակից բոլոր փողոցները  ասֆալտապատված են, բացի Մարիետա Շահինյան նրբանցքից, որի երկարությունը 300-400 մ է: Ես, ճիշտն ասած, անձամբ առաջարկությունը չեմ արել, քանի որ երեսուներեք պատգամավորները ստացել են և, ծանոթանալով պատգամավորների և խմբակցությունների առաջարկություններին, ցավոք սրտի կան շատ ասֆալտապատման մասին խոսվող առաջարկություններ, որը որ ընդունվել է կառավարության կողմից, բայց 17 ընտանիքի դիմում ոչ մեկը ուշադրություն չդարձրեց, ոչ մի նախարարության ծրագրում ներառված չէ: Ցավալի է, որ ժողովրդի համար ենք մենք այսօր օրենքներ ընդունում, աշխատանքներ կատարում, բայց ժողովրդի գրած գրավոր դիմումը երեսուներեքիս կողմից մերժվել է, այդ թվում` նաև իմ, այսինքն ուշադրություն չի դարձվել: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Ես իմ մասով ասեմ, որ երեսուներկուսի կողմից ասեք, որովհետև …

Դավիթ Գալստյան - (չի լսվում):

Արթուր Թովմասյան - Ոչինչ, արդեն երեսուներեքը տեղյակ են: Շատ լավ հարց է բարձրացրած: Հիմա խնդրում եմ այդ դիմումը նաև ինձ ուղարկեք:

(խոսակցություններ դահլիճում)

Դավիթ Գալստյան - Ընթերցում եմ. «Ստեփանակերտի քաղաքապետին, պատճենը` քաղաքաշինության նախարարին, ԱԺ պատգամավորներին

Դիմում

Ինչպես բոլորս գիտենք, որ Ստեփանակերտ քաղաքի Մարիետա Շահինյան նրբանցքի …»:

Արթուր Թովմասյան - Պարոն Գալստյան, հասկանալի է, արդեն բարձրացրած հարց է, կուսումնասիրենք և կհորդորենք կառավարությանը միջոցներ ճարել այդ 400 մ ասֆալտապատելու համար:

Արտակ Բեգլարյան - Պարոն Թովմասյան, եթե կարելի է, ես որևէ ձևով տեղյակ չեմ այդ խնդրից, բայց ամեն դեպքում կուսումնասիրենք, խնդիրը հասկանանք:

(խոսակցություններ դահլիճում)

Արթուր Թովմասյան - Լավ էլի, Հայրապետյան, հիմա տեղյակ ենք: Ամո՞թ չէ, 300-400 մետրի համար այս մեծ բյուջեում գումար չենք ճարո՞ւմ: Կճարենք: Լավ, պարոն Գալստյանը մտքերի փոխանակության տակ խոսեց, մտքերի փոխանակության տակ ցանկացողներ կա՞ն ուրիշ: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Հերթագրվել են երեք պատգամավորներ: Տիկին Պետրոսյան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Հակոբյանը:  

Արևիկ Պետրոսյան - Շնորհակալություն: Տարին շատ դժվար է եղել և այս դժվարին տարում մենք երկրորդ անգամ ենք քննարկում և ընդունում բյուջեն: Ես ուզում եմ իմ կողմից շնորհակալություն հայտնել ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  պարոն Հարությունյանին, որովհետև անձամբ իմ որոշումը` դրական քվեարկել, կատարվել է ի շնորհիվ պարոն Հարությունյանի շատ ծավալուն աշխատանքի: Ընդգծում եմ այս փաստը, որովհետև բյուջեին կողմ քվեարկելը ինձ համար դա կառավարության գործունեության դրական գնահատականն է, բայց  առանձին  նախարարների գործունեություն ես գնահատում եմ շատ բացասական, այն առումով, որ ոմանք բյուջեն ներկայացնելու համար ներկայացել են Ազգային ժողով, նույնիսկ ոչ բոլոր տեքստը ընթերցած: Որոշ նախարարներ արդեն սովորություն են դարձրել օրենքների նախագծերը ներկայացնելու համար ներկայանալ և չկարդալ, ընդհանրապես չընթերցել նախագիծը: Ես ուզում եմ այս փաստը արձանագրեմ, որ կառավարության որոշ նախարարների գործունեություն գնահատվում է իմ կողմից բացասական, թեև ես բյուջեին քվեարկելու եմ կողմ:

Արթուր Թովմասյան - Տիկին Պետրոսյան, այսօր չենք ասում «կողմ» ենք քվեարկելու, թե «դեմ»: Այսօր մտքերի փոխանակություն է, այսինքն Դուք այդ հնարավորությունը կունենաք որպես պատգամավոր նաև ամսի 23-ին արտահայտել: Շնորհակալություն: Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հայրապետյանը:

Մետաքսե Հակոբյան -  Հարգելի գործընկերներ, երբ քննարկում ենք եկող տարվա բյուջեն, բնականաբար, միշտ դա անում ենք նաև համեմատությունների արդյունքում, համեմատում ենք նախորդ տարում ինչ է առաջարկվել, դրա արդյունքում ինչ է արվել: Յուրաքանչյուրս մեզ համար մոնիթորինգ ենք անում և արդյունքում հասկանում, թե որոնք են եղել թերությունները, և ինչ կարող ենք անել, որպեսզի ունենանք ավելի լավ բյուջե և երկրի համար նպաստավոր: Գիտե՞ք, անցած տարի, երբ քննարկում էինք բյուջեն,  բազմիցս լսեցինք թե կառավարության, թե պատգամավորների կողմից, որ «թող ների մեզ ժողովուրդը, ժամանակ չենք ունեցել, չենք կարողացել այնպիսի բյուջե ստեղծել, գրել, ձևակերպել, որը կարտացոլեր ամբողջությամբ պատերազմի տևող իրողությունները»: Ամեն դեպքում հաջորդ տարվա բյուջեն կազմելու համար կար ամենաքիչը մեկ տարի ժամանակ: Ես սովորություն ունեմ, երբ որևէ օրենք, հատկապես բյուջե, մի խոսքով այն ամենը, ինչ վերաբերում է պատգամավորական աշխատանքին, կարդալ շատ մանրամասնորեն, ծանոթանալ, եթե ինչ-որ բանից կամ այդ ոլորտից տեղյակ չեմ, անպայման մասնագետների խորհրդատվություն ստանալ և արդյունքում ունենալ ձևավորված կարծիք: Ցավալի է, բայց այս անգամ ես մեր 2022 թվականի բյուջեի մասին ամեն անգամ կարդալիս տպավորություն էր, որ ես գրական-գեղարվեստական ստեղծագործություն եմ ընթերցում, բայց ոչ մեր երկրի խնդիրները արտացոլող և լուծող բյուջեի նախագիծ: Եվ ելնելով դրանից` փորձեցինք գոնե առաջարկություններով ոլորտներում գոնե մասնակի ինչ-որ շտկումներ կատարել: Ինչպես ասաց իմ գործընկերը, այս անգամ պատասխաններում միայն դիվանագիտությունն էր փոխվել, շատ դեպքերում ուղղակի լղոզված պատասխաններ, որ մենք չհասկանք դա մերժված է, թե ընդունված է: Եվ արդեն երկրորդ տարին է, որ մենք բարձրաձայնում ենք փոխարկային ծրագրերի մասին` հիմնականում շեշտը դնելով կրթության ոլորտում, առաջարկելով նույնը անել առողջապահության ոլորտում: Տարօրինակ պատասխան ենք ստանում արդեն երկրորդ տարին, ինչից հասկանում ենք, որ ուղղակի այն մարդիկ, ովքեր քննարկում են մեր առաջարկները, երկու տարի է չեն հասկացել, թե ինչ է նշանակում փոխարկային ծրագիր: Եվ այսպիսի, հազար ներողություն, բայց անիմաստ պատասխան տալու փոխարեն կարելի էր ընդամենը մեզ հետ ճշտել, որպեսզի հասկանալ, թե մենք ինչ նկատի ունենք, երբ որ ասում ենք, օրինակ կրթության համակարգում, կատարել փոխարկային ծրագրեր: Այն մարդիկ, ովքեր հիմա պատկերացրեցին փոխարկային ծրագիրը, ես կուզեմ կարդալ պատասխանը, եզրակացությունը: Ուրեմն  այսպես է տրվել. կրթական որակի և մանկավարժների արհեստավարժության բարձրացման նպատակով առաջարկում ենք, սա մեր առաջարկն էր, իրագործել փոխարկային ծրագիր հայաստանյան դպրոցների հետ և  այդ ծրագրին հատկացնել 25 միլիոն դրամ: Կառավարության եզրակացությունն է` «ՀՀ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի շրջանակներում փոխադարձ այցերը պարբերական բնույթ ունեն, իսկ ապրիլին նախատեսվում է ուսուցիչների աշխատաժողով ՀՀ հանրակրթական դպրոցների հիսուն ուսուցիչների և կրթության փորձագետների մասնակցությամբ: Արցախի Հանրապետության մի շարք դպրոցներ ծրագրի շրջանակներում ապահովում են փոխադարձ այցելություններ և փորձի փոխանակումը: Այլ ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության հետ համատեղ աշխատում ենք բարելավել այս մեխանիզմները»: Եթե կա մարդ, որը հասկացավ, ավելի շուտ ընկալեց մենք ինչ էինք ուզում ասել, և մեզ ինչ պատասխանեցին, խնդրում եմ նաև ինձ բացատրել, որովհետև ես այդպես էլ չհասկացա ինչ են ուզել մեզ ասել կառավարության այս եզրակացությունում, և որն էր իմաստը այսպիսի պատասխան տալու: Եվ այսպես կարելի է մեկնաբանել մեր բոլոր առաջարկները, չեմ կարդալու: Ուղղակի կառաջարկեմ գոնե, միևնույն է` ընդունվելու է այս օրենքը, միևնույն է` գոնե գիտենք մինիմում քանի «կողմով» է ընդունվելու: Բայց հաջորդ տարի բյուջե կազմելուց այն մարդիկ, որոնք ներառված են լինելու, աշխատեք այնպիսի բաներ գրել այստեղ, որ  հետո մեր հարցերին կարողանաք կոնկրետ պատասխաններ տալ, որովհետև այս ամբողջ քննարկումների ընթացքում չեղավ մի հարց, որի մասին այդ պատասխանատուները ներկայացնող կարողանային ամփոփ, հստակ պատասխան տալ, մասնավորապես, օրինակ, մտքիցս դուրս չի գալիս այն հարցի պատասխանը,  երբ հնչեցվեց, որ, օրինակ, ինչպես է զբոսաշրջությունը զարգանալու Արցախում, երբ որ այստեղ գրված է, որ ստեղծելու ենք պարկեր` հետաքրքիր և անվտանգ Արցախի մասին: Հետաքրքիրը բոլորս հասկանում ենք, անվտանգը այդպես էլ չհասկացանք, պատասխանատուն էլ չկարողացավ բացատրել: Այստեղ հարցը. հատուկ հարաբերություններ պահպանելով Մոսկվայի հետ` Արցախի Հանրապետությունը կձգտի ողջամիտ հավասարակշռության հասնել ուժային տարբեր կենտրոնների հետ հարաբերություններում: Մի խոսքով, այսպես տարբեր, կարելի է էջերով կարդալ, գրական-գեղարվեստական ստեղծագործություն, որը որևէ աղերս այդպես էլ չունեցավ մեր այս իրավիճակը պատկերելու: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, ես էլ եմ ուզում մասնակցել մտքերի փոխանակությանը: Հարգելի պատգամավորներ, ասեմ ձեզ, արդեն մոռացել եմ, թե քանի պետական բյուջեի եմ «կողմ» կամ «դեմ» քվեարկել:  Միայն մի բան եմ հիշում, հաստատ երկու տասնյակից ավել է դա: Մի բան եմ հիշում, որ «ձեռնպահ»   երբեք չեմ քվեարկել, և ասեմ ձեզ, որ մի հատ բյուջե դրել եք սեղանին, ես, տնտեսագետ չլինելով, ասեք` դրական խոսե՞մ, թե բացասական: Ցանկացած բյուջե հնարավոր է երկու ժամ, եթե հարյուր էջից անցնում է այդ բյուջեն, երկու ժամ խոսեմ, որ դա շատ վատ բյուջե է, և երկու ժամ խոսեմ, որ դա շատ լավ բյուջե է, այսինքն, ընդդիմությունը նրա համար է, որ բյուջեի բացերը տեսնի:  Իշխանությունը նրա համար է, որ ասի այն առաջնահերթությունները, որոնցով ձայն է ստացել,  ծրագիր ունի, այդ ծրագիրը իրականացնի: Սա է: Եվ ես նորմալ եմ համարում ընդդիմության առաջարկներին,  իհարկե, պատասխանները դա իրենց խնդիրն է: Հարգելի պատգամավորներ, ես նորից եմ ասում, որ այսքան ահռելի բյուջե Արցախը իր նորօրյա պատմության մեջ չի տեսել, նույնիսկ երբ որ մենք ունեցել ենք 15 տոկոս ՀՆԱ -ի աճ: Սա երազանքների բյուջե է, բայց միաժամանակ նաև մեծ գումարները մեծ վերահսկողություն են: Ինձ թվում է` այստեղ պետք է մեր ընդդիմադիր պատգամավորները ուշադրություն դարձնեն, որ գումարները ճիշտ ծախսվի, որ չփոշիանան, չլափեն: Այս առումով ես ընդդիմության հետ եմ, առաջարկների հետ եմ:  Բայց եթե մենք, որևէ պատգամավոր այս բյուջեին նույնիսկ ձեռնպահ քվեարկեց, դուք պատկերացնո՞ւմ եք սա ինչ բյուջե է: Մեր հայրենակիցների այսքան աշխատավարձերի բարձրացում  երբևէ մեր խորհրդարանական ամբողջ գործունեության ընթացքում ես չեմ տեսել: Իհարկե, բյուջեի առաջնահերթությունները պետք է լինեն, ասենք, նախագահի նախընտրական ծրագրից, որը համապատասխանեցվել է ստեղծված իրավիճակին: Մենք ամեն ինչ պիտի անենք` արդյո՞ք մենք կենսունակ երկիր ենք, արդյո՞ք մենք ինքնաբավ երկիր ենք: Եթե կենսունակ ու ինքնաբավ երկիր լինեինք, այսքան սոցիալական ծրագրեր չէին լինի, այսինքն, իդեալական բյուջե չկա: Բայց մի բան ասեմ, որ անվանական քվեարկություն է լինելու սա, որովհետև նույնիսկ ժողովուրդը պետք է իմանա ոչ թե խմբակցության տեսակետը, ոչ թե բյուջեին են կողմ քվեարկում, այլ ժողովրդին:  Նոյեմբերի վերջին, դեկտեմբերի վերջին մենք կնստենք, միասին կհաշվենք: Այն ծրագրերը, այն առաջնահերթությունները, որոնք բյուջեում կատարվել են, այդ գումարը ճի՞շտ է ծախսվել, թե չէ: Ո՞նց կարող է, մարդիկ սպասում են: Գնաճ է տեղի ունենում երկրում: Դուք գիտե՞ք, որ բյուջեն չընդունելու դեպքում մենք առաջնորդվելու ենք նախորդ տարվա պետական բյուջեով: Ազնվությամբ, թիվը չի կարևոր, ազնվությամբ, ես ճնշում չեմ գործադրում: Լավ, բյուջեն վատն է, բայց սոցիալական ծրագրեր են, թողենք վերահսկողություն: Երեսուներեք «կողմով» գնանք ներկայանանք ժողովրդին: Մենք ընտրարշավի առաջ չենք, մենք ընտությունների չենք գնում, որ ամեն մեկս մեր առաջնահերթությունները անենք: Պարոն Գալստյանի առաջարկը, իհարկե, ինչ տարբերություն, սիրելի կառավարություն, հարգելի կառավարություն, ի՞նչ տարբերություն` ընդդիմությունն է առաջարկում, կամ իշխանությունն է առաջարկում: Կան բաներ, որոնք պետք է ընդունենք: հիմա ես խոսելուց հետո հայտարարելու եմ, 24 ժամ ժամանակ ունենք: Շնորհակալությու, ես նորից եմ ասում, ես առաջարկ չեմ անում, ոչ էլ ճնշում եմ, ես ուզում եմ ողջախոհ լինենք: Իհարկե, վատ է, վատ է, վատ է, երկու ժամ կարելի է խոսել:  Լավ է, լավ է, լավ է, լավը սոցիալական ծրագրերն են: Բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձինք այս պետական բյուջեով, գոնե երեքը այստեղ նստած են` Ազգային ժողովի նախագահը, Ազգային ժողովի փոխնախագահը, պետնախարարը, երկրի նախագահը ևս, աշխատավարձի բարձրացում չի լինելու: Նորից եմ ասում, որ սա լինելու է  առաջին կարգի մասնագետի, առաջատար, գլխավոր մասնագետի, աշխատակազմի ղեկավարի: Ձերն էլ չենք շատ բարձրացրել, սիրելի պատգամավորներ, հարգելի նախարարներ: Ես ուզում եմ բյուջեին ներկայանանք որպես միևնույն ճակատագրով ապրող մարդիկ, Արցախում ապրող միևնույն ճակատագրով մարդիկ: Բայց սա ճնշում չէ: Ուղղակի ես շատ երջանիկ կզգամ, որովհետև սա սոցիալիստականը չի լինելու, այլ տեսնենք տարվա վերջին ինչ Արցախ ենք ունենալու: Իսկ մեր ճանապարհը մշուշոտ է: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Պարոն Բեգլարյան, խնդրեմ:

Արտակ Բեգլարյան -  Շնորհակալություն, հակիրճ կարձագանքեմ: Շատ շնորհակալ եմ ամեն դեպքում և առաջարկների համար, և մտքերի փոխանակման համար: Մի քանի բան կուզեի հավաստիացնել: Նախ, որ առաջարկները մենք չենք դիտարկել, թե ով է ներկայացնում, կամ որ խմբակցությունը: Եվ որևէ ձևով առաջարկի պատասխանը դրանով պայմանավորված չի եղել: Կան առաջարկներ, որոնք ընդդիմադիր խմբակցությունների կամ պատագամավորների կողմից ներկայացվել են և ընդունվել են, և հակառակը, կան, որոնք իշխանական խմբակցությունների կամ պատգամավորների կողմից ներկայացվել են և մերժվել են: Առաջարկների պատասխանների մի մասի ձևակերպումները պայմանավորված են, կամ տիկին Հակոբյանի և պարոն Գալստյանի ձևակերպմամբ` դիվանագիտական ձևակերպումները, պայմանավորված են հիմնականում կարճ ժամկետով, որ առաջարկի արդյունավետության կամ իրականացման հնարավորության գնահատման համար մենք ունեցել ենք: Այսինքն, շատ դեպքերում կարիք կար լրացուցիչ ուսումնասիրությունների, հաշվարկների, որպեսզի մենք հասկանանք` կկարողանա՞նք  այդ ծրագիրը իրականացնել, կամ արդյունավե՞տ է այդ ծրագիրը իրականացնել, թե ոչ: Մի մասը պայմանավորված է, բնականաբար, նաև ռեսուրսների սղությամբ, հետևաբար նաև ռեսուրսների բաշխման առաջնահերթություններով: Իհարկե, տարբեր անձինք, տարբեր քաղաքական ուժեր կարող են առաջնահերթությունները այլ կերպ գնահատել, բայց մեր կողմից, քանի որ պատասխանողը մենք ենք եղել, առկա ռեսուրսների բաշխվածության առաջնահերթությունը որոշել ենք այսպիսին, կրկին, առանց որևէ ձևով անձնավորելու, կամ առանց կանխատրամադրվածության, այսպես ասեմ: Եվ կան ծրագրեր, տիկին Հակոբյան, այդ թվում` Ձեր առաջարկած ծրագիրը, և փոխարկման կամ փոխանակման ծրագրերի մասով, և նաև հեռավար դասընթացների իրագործման մասով, որ լրացուցիչ ջանքեր գործադրելու ենք առաջինի մասով: Արդեն նույնիսկ բանավոր պայմանավորվածություններ ունենք, որպեսզի ընդլայնենք առկա ծրագրերը, բայց քանի որ ծրագիրը հստակ չէր, թե ինչ ենք, թե ինչ ենք անելու, ինչպես ենք անելու, ինչ ծավալի և այլն, հստակ գումար չենք նախատեսել, բայց չի բացառվում, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետության կողմից դա իրականացվի: Իսկ հեռավար դասընթացների իրագործման համար գնահատման խնդիր ունենք, թե որքանով դա արդյունավետ կլինի: Միգուցե ավելի լավ կլինի, օրինակ, կապի արագության խնդիր լուծել, օրինակ եմ ասում, կամ առցանց դասընթացների համակարգի ծրագրի ներդնման խնդիր լուծել: Այդ պատճառով կոնկրետ վերջնական պատասխան չի եղել: Բայց մյուս կողմից ես համոզված եմ, որ Ձեր որոշ առաջարկներ դրական պատասխան են ստացել, և բյուջեում դրանք արտացոլված են:

Դավիթ Գալստյան - Պարոն պետնախարար, եթե այդպես հստակ ասում եք, որ տարբերություն չկա իշխանության թե ընդդիմության առաջարկները, ես Ձեզ առանձին ցույց կտամ, որ նույն առաջարկը տարբեր խմբակցությունների կողմից մեկը ընդունվել է, մի խմբակցությանը չի ընդունվել: Դրան անցանք, դա փաստ է, արձանագրված է արդեն Ձեր ներկայացրած պատասխաններում:

Արտակ Բեգլարյան - Շատ լավ, ցույց կտաք, նայենք:

Դավիթ Գալստյան - Հա, անպայման: Իսկ ինչ վերաբերվում է, որ այդ ծրագրերը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն, երեք տարի է այս ամբիոնից բարձրաձայնվում է ընտանիքների գնահատումը: Երեք տարի է ուսումնասիրում եք, ամեն անգամ գումարը դնում տակը, ամեն տարի այդ գումարը չի ծախսվում, ամեն տարի ուշադրության կենտրոնում է: 

Արթուր Թովմասյան - Ես Ձեզ ընդհատում եմ, որովհետև …

Դավիթ Գալստյան - Եվս քանի տարի է անհրաժեշտ, որ այս ծրագիրը կյանքի կոչվի: Կողմնորոշվեք, ասեք տասը տարի հետո է լինելու, մենք այս հարցը չբարձրացնենք:

 Արթուր Թովմասյան - Պարոն Գալստյան, «Արդարություն» խմբակցության ղեկավարը արդարացի չէ: Վարման կարգի մասին ոչ մի բան չասացիք: Գոնե մի նախադասություն ասեք: Չէ, սա հումորի կարգով:

Արտակ Բեգլարյան - Ես արդար լինեմ ու ասեմ, վարման կարգով եմ ասում: Ընտանիքների կարիքների գնահատման ծրագրի մասով արձագանքել ենք, հիմա չեմ հիշում անգիր, թե կոնկրետ դրա պատասխանը ինչպես է եղել: Այս տարի և պետական, և հատկապես բարեգործական  միջոցներով շուրջ քսան հազար ընտանիքների կարիքների հետազոտություն է տեղի ունեցել: Ի՞նչ եք կարծում, սա մեծ ձեռքբերում է, թե՞ մեծ ձեռքբերում չի: Իհարկե, համակարգը ամբողջությամբ ներդրված չէ, և իմ հիմնավորումը այդ առաջարկին չէր վերաբերում, այլ որոշ այլ առաջարկների, որոնք նոր են, ոչ թե այլ առաջարկների, որոնք ամեն տարի ներկայացնում եք և ժամանակ ունեինք հետազոտելու:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ավարտեցինք հարցի քննարկման առաջին փուլը: Ժամկետացանկով պայմանավորված հիմա 2022 թվականի պետական բյուջեի  քննարկումը ընդմիջում ենք մինչև դեկտեմբերի 23-ը: Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով, հիմա  ֆիքսենք, որ ժամը  12:25 է, և այս ժամից սկսած, 24 ժամվա ընթացքում խնդրում եմ պատգամավորներին նոր առաջարկություններ լինելու դեպքում, կարող եք նախկինն էլ գրեք,  ներկայացնեն դրանք աշխատակազմ: Այսինքն` վաղը մինչև ժամը  12:25:

 Հարգելի գործընկերներ, օրակարգային հաջորդ հարցը`  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է:

Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է  ներկայացնելու ԱՀ  ֆինանսների նախարար  Վահրամ Բաղդասարյանը: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:

Վահրամ Բաղդասարյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ի թիվս մի շարք ծրագրերի նախատեսվելլ է նաև պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում: Այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ: Նշված փոփոխություններով առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացում միջինում 9%-ով, բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացում միջինում 17%-ով, պետական ծառայողների` այդ թվում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և փրկարարական ծառայության ծառայողների վարձատրության բարձրացում միջինում 20%-ով:

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել լուծում պահանջող հարցեր, որոնք առաջացել են օրենքի գործողության տարիների ընթացքում:

Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել 2014թ. հուլիսի 1-ից պահպանված բարձր աշխատավարձերի չնվազեցման դեպքերը ծառայողի պաշտոնների առաջխաղացման, ինչպես նաև վերակազմակերպման հետևանքով այլ պաշտոնի նշանակման դեպքերում` օրենքի անցումային դրույթներում սահմանելով համապատասխան դրույթ:

Նախագծով առաջարկվում է նաև քննչական կոմիտեի ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրամադրել հավելում, որը պայամանավորված է Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական մոտեցումներ կիրառելու անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի համար «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, և օրենքի նախագծով սահմանված չափը՝ 63300 դրամը, չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը, առաջարկում ենք «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածում կատարել լրացում, որի համաձայն՝

2.3. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

         Գլխադասային` ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ մեր կողմից առաջարկվել է նաև արդեն ներկայացված նախագծում փոփոխություններ կատարել օրենքի նախագծում ներկայացված  որոշ պաշտոնների գործակիցներում, մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականի համար սահմանել 7.4 գործակից, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի համար սահմանել 7.8 գործակից, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականի համար սահմանել 3 գործակից: Նաև խմբակցությունների առաջարկների քննարկումների ժամանակ ընդունվել է առաջարկություն, և առաջարկում ենք «Հավելված 1»-ում ավելացնել Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականի հաստիք 3.3 գործակցով: Ունեինք նաև առաջարկություն Ազգային ժողովի նախագահի պարոն Թովմասյանից կողմից Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և խմբակցությունների քարտուղարների հաստիք սահմանելու համար, ինչպես նաև տարբեր խմբակցություններից ունեինք առաջարկություններ նաև խմբակցության օգնականի վճարովի հաստիք սահմանելու մասին: Իրավական առումով քննարկումների ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ դա լրացուցիչ ուսումնասիրության ենթակա է, նաև մենք դիմել ենք արդարադատության նախարարությանը` համապատասխան եզրակացություն ներկայացնելու: Եվ այդ ընթացքում ծագում են մի շարք հարցեր, մասնավորապես, որքանով է խմբակցության ղեկավարը պետական պաշտոնյա, և որքանով հնարավոր է մտցնել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ցանկի մեջ, և նաև այդ պաշտոնները ցանկի մեջ մտցնելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում նաև մի շարք հարակից օրենքներում կատարել փոփոխություններ, մասնավորապես, «Հանրային ծառայությունների մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ, դրա համար մենք առաջարկում ենք այս առաջարկությունները այս երեք հաստիքի մասով լրացուցիչ ուսումնասիրել հունվար ամսվա ընթացքում, փետրվարին ներկայացնենք վերջնական եզրակացությունում:

         Արթուր Թովմասյան - Ուրեմն օգնականների մասով ես համաձայն եմ Ձեզ հետ, որ տարբեր օրենքի նախագծերում պետք է փոփոխությունները կատարվեն: Բայց զուտ խմբակցության ղեկավարի մասով և քարտուղարի մասով ես համաձայն չեմ, ու մենք կարող ենք առանց օրենքների մեջ փոփոխություն կատարելու նաև այդ գործակիցը հավասարեցնենք, որովհետև պատգամավորն է պաշտոնատար անձը: Բոլոր երեսուներեք պատգամավորները պաշտոնատար անձինք են: Դե այնտեղ չի գրված, որ Ազգային ժողովի նախագահը  բարձրաստիճան պաշտոնատար անձ է, կամ փոխնախագահը, կամ մշտական հանձնաժողովի նախագահը: Մենք առաջին հերթին բարձրաստիճան պաշտոն ենք զբաղեցնում որպես պատգամավոր: Կարծում եմ, որ հունվար, փետրվար ամսվա խնդիր չկա: Պարոն պետնախարար, խնդրում եմ ուշադրություն դարձնենք նաև աշխատակազմին,  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համապատասխան` այս պարզաբանումը, որ տվել եմ, այդ կետերով նաև ուղարկեք իրենց: Աշխատեք իրար հետ: Նորից իմ առաջարկը անում եմ: Իսկ իրականում օգնականների մասով, պարոն պետնախարար, այնտեղ այլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտություն կա, այսինքն, հիսուն տոկոսով եմ Ձեզ հետ համաձայն: Կուսումնասիրեն, նորից առաջարկը կանենք, կգան: Հո Ազգային ժողովի նախագահը Ձեզ չի մղելու անօրինության դաշտ: Երբ որ համոզիչ կլինեն պարզաբանումները, կանենք դա, քանի որ առաջարկել եմ, ես գնալու եմ, քանի որ ես երկար տարիներ եղել եմ խմբակցության ղեկավար և գիտեմ այն ահռելի աշխատանքը, որն ընկած է խմբակցության ղեկավարի ուսերին, որը իր կատարած աշխատանքով չի զիջում այդ գործակիցներին: Եթե Արցախում կամ Հայաստանում մեկը կա, որ ինձանից լավ է հասկանում խմբակցության ղեկավարին, չկա, որովհետև ամենաերկարը ես եմ եղել այդ պաշտոնում և գիտեմ, թե դա ինչ ահռելի աշխատանք է:

Արտակ Բեգլարյան - Պարոն Թովմասյան, խոստանում եմ արագ ուսումնասիրել, եզրակացությունը տալ:

 Արթուր Թովմասյան  - Սա քվեարկության չենք դնում այսօր: Ես խնդրում եմ, եթե անօրեն է, անմիջապես օրենքի նախագծերում փոփոխություն կատարեք: Վերջը Ազգային ժողովի նախագահը մի բան է առաջարկում, մի ստորակետի հետևից եք ընկնում: Ասում եմ եկեք այդ դաշտը: Ինձ համար համոզիչ չէ: Ես մի բան գիտեմ, որ պաշտոնատար անձը պատգամավորն է, և այդտեղ ես հավասար եմ բոլորի հետ:

Արտակ Բեգլարյան - Պարոն Թովմասյան, եկեք եզրակացությունը լինի, խոսենք: Մենք չենք ուզում որ կառավարությունը …

Արթուր Թովմասյան - Մենք ժամանակ ունենք մինչև ամսի 23-ը:

Արտակ Բեգլարյան - Շատ լավ, կուսումնասիրենք, տեղյակ կպահենք

Արթուր Թովմասյան - Այլ հարցեր պարոն Բաղդասարյանին: Չկան: Զբաղեցրեք Ձեր տեղը:

Վահրամ Բաղդասարյան - Շնորհակալություն:  

Արթուր Թովմասյան  - Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արթուր Հարությունյանը: Ես իմ իրավունքներն էլ գիտեմ, բյուջեն կընդունենք, երեք օրվա ընթացքում  արտահերթ նիստ կանենք, այդ օրենքը արագընթաց ռեժիմով  մինչև նոր տարին: Ես ասել եմ մինչև նոր տարին ընդունելու ենք:  Դա կլինի հերթական նիստում թե արտահերթ նիստում, որովհետև չի կարելի մարդուն չվարձատրել կատարած աշխատանքի համար: Մարդ որ չի աշխատում, նրան էլ եմ կողմնակից, որ վարձատրեն: Ես միշտ ասել եմ, ինձ քննադատում են:

Արտակ Բեգլարյան - Պարոն Թովմասյան, հակիրճ ասեմ, որ չենք ուզում կառավարությունը Ազգային ժողովին մղի անօրեն գործողությունների: Եկեք ուսումնասիրենք, նոր:

Արթուր Թովմասյան  - Եղավ: Պարոն Հարությունյան, խնդրեմ:

Արթուր Հարությունյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Նիստի ժամանակ, պարոն Բաղդասարյանը ինչպես նշեց, կառավարության կողմից ներկայացվել է երեք լրացում, որը հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել և ընդունվել է հինգ կողմ ձայնով,  տրվել է դրական եզրակացություն: Շնորհակալություն:  

Արթուր Թովմասյան  -Շնորհակալություն: Եզրափակիչ ելույթների ցանկություն ունե՞ք:

         Քանի որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է բյուջեի նախագծի հետ միասին, այն քվեարկության կդրվի դեկտեմբերի 23-ին պետական բյուջեի նախագծի հետ մեկտեղ, որի վերաբերյալ պատգամավորները կարող են ներկայացնել առաջարկություններ: Ընդմիջում մինչև 13:00:

Ընդմիջում:

Գագիկ Բաղունց - Իսկ հիմա նախորդ նիստում անավարտ մնացած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման  մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի  մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթին ենք անդրադառնում: Նախագծերի փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի համաձայն նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի որոշմամբ վերադարձվել է գրավոր առաջարկների ներկայացման փուլ: Այդ ընթացքում պատգամավոր Արեգ Ավագյանի կողմից  առաջարկություններ են ներկայացվել, և, այժմ,  որպես նախագծի հիմնական զեկուցող ամբիոնի մոտ եմ  հրավիրում ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Հայկ Խանումյանին:  

        Հայկ Խանումյան -  Շնորհակալություն, հարգելի ներկաներ, նախորդ քննարկումից մինչ այժմ ստացել ենք մեկ առաջարկություն` բաղկացած երկու կետից: Ձեզ եմ ներկայացնում օրենքի լրամշակված տարբերակը:

Արցախի Հանրապետության օրենքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի 9-րդ հոդվածի «թ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝

         1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ.

1) թողարկման տարեթվից հաշված՝ մինչև 5 տարվա (ներառյալ) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկման տարեթվին հաջորդող հինգերորդ տարում: Սա պարոն Ավագյանի առաջարկներից մեկն է փոփոխված.

2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ 10 տարվա արտադրության մարդատար-տաքսի ավտոմոբիլներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ և դրանց կցորդներ (կիսակցորդներ)` տարին մեկ անգամ: Սա էլ մյուս առաջարկությունը.

3) թողարկման տարեթվից հաշված` 5-ից ավելի, ներառյալ՝ 10 տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` 2 տարին մեկ անգամ.

4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավելի տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր` տարին մեկ անգամ.

5) թողարկման տարեթվից հաշված՝ 5-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.

6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննությամբ տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը:».

         2) 3-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

    3) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:»:

       Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը շարադրել նոր խմբագրությամբ:

«ժա) տրանսպորտային միջոցը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ տեխնիկական զննությամբ ի հայտ է եկել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկը.»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1 1-ին մասից հանել «, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը» բառերը.

2 2-րդ մասի «տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու» բառերը փոխարինել «տեխնիկական զննություն անցնելու կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները կամ պայմանները վերացնելու» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Հոդված 6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված Արցախի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Այսպիսով` պարոն Ավագյանի բոլոր առաջարկները ընդունվել են: Երեկ պարոն Գալստյանի` հանձնաժողովի նիստում արված հարցին երևի պարոն Գրիգորյանը կպատասխանի, երբ որ ամբիոնին մոտենա, որովհետև հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի տիրույթում է: Խոսքը տեխզննման սակագների վերաբերյալ հարցին է վերաբերվում: Շնորհակալություն:

       Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Խանումյան: Հարգելի գործընկերներ, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն սահմանված կարգով առաջարկություններ ներկայացրած պատգամավորները: Այսպիսին է պարոն Ավագյանը: Պարոն Ավագյան, հարց ունե՞ք զեկուցողին: Հարցեր չկան:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը:

Վլադիմիր Կասյան - Հարգելի գործընկերներ, ինչպես մանրամասն ներկայացրեց նախագծի հեղինակը, մեր հանձնաժողովի անդամ պարոն Ավագյանի կողմից ներկայացված առաջարկությունները ընդունվել են և նոր խմբագրությամբ հանձնաժողովի նիստում քննարկվել է տվյալ նախագծի օրենքը և դրական եզրակացությամբ ներկայացվել ԱԺ քննարկմանը:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Կասյան: Զեկուցողին հարցեր տալու իրավունք ունի միայն առաջարկներ ներկայացրած պատգամավորը` պարոն Ավագյանը: Էլի հարց չկա:

         «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` նախատեսվում է  մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել: Հերթագրվել են տիկին Հակոբյան, պարոն Գալստյան: Խնդրեմ, տիկին Հակոբյան:

Մետաքսե Հակոբյան - Նպատակս մեկն է խոսելու, որովհետև երբ առաջին անգամ այս օրենքը բերվեց խորհրդարան, հիշում եք ինչ բուռն քննարկումներ, ինչ վեճեր առաջացան, և միակ հարցը, որ ինձ մոտ կար` իմաստը որն էր նման օրենքի շրջանառության մեջ մտցնելու, երբ որ գնալով աշխարհը զարգանում է այն աստիճանին, որ ընդհանրապես այս հասկացությունը դուրս է գալիս, շատ երկրներում դուրս է եկել նաև: Պարոն Խանումյանը նաև այն ժամանակ, որ նպատակը ՀՀ-ում նույն բազայի մեջ լինելն է և մեր հայրենակիցները, ովքեր որ գտնվում են ՀՀ-ում, խնդիր են ունենալու, եթե մենք չմտնենք բազայի մեջ, և այդ օրենքը, այն ժամանակվա մեկնաբանմամբ, չկրկնօրինակենք: Բայց չգիտես ինչու այնպես ստացվեց, որ այդ քննարկումների արդյունքում փոխվեց օրենքը և տեղայնացվեց, գրվեց այնպես, ինչպես գոնե հարմարեցվեց Արցախին: Սա փաստում է, որ, այո, երբ որ մենք ուզում ենք, կարող ենք անել այնպես, որ լինի ի շահ մեր երկրի, այլ ոչ թե կրկնօրինակենք կամ անենք այնպես, ինչպես մեզ թելադրում են այն իշխանությունները, որոնք այսօր ղեկավարում են Հայաստանի Հանրապետությունը: Իհարկե, դեռևս պարզաբանումներ, երբ որ կտրվեն իմ գործընկերոջ բարձրացրած հարցին, դրանից հետո նոր պարզ կլինի մենք կողմ ենք այս օրենքին, թե` ոչ: Բայց ամեն դեպքում լավ կլիներ մինչև օրենքների այստեղ գալը ոչ թե «ՀՀ»-ն փոխարինվեր «ԱՀ»-ով, այլ կոնկրետ տեղայնացվեր և արվեր այնպես, ինչպես հարմար է մեր երկրին: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, տիկին Հակոբյան: Խնդրեմ, պարոն Գալստյան:

Դավիթ Գալստյան – Շնորհակալություն: (Չի լսվում): Ինչ վերաբերվում է օրենքի նախագծին, մենք քանի որ հարցադրումների խնդիր չունենք և նույն հարցադրումը հանձնաժողովի նիստում, ինչպես իմ գործընկերը շեշտեց, որ դա մեր համար կարող է լինել կողմնորոշիչ, բայց միևնույն ժամանակ մի երկու մտահոգիչ էլ կա, հույսով եմ, պարոն Խանումյան, եզրափակիչ ելույթում կանդրադառնանք: Մեր շրջաններում գտնվող ավտոմեքենաները, որոնք, ինչպես մենք բյուջեի քննարկման ժամանակ մի քանի հարցադրում արել ենք վարչակազմի ղեկավարներին, իրենց կողմից Ստեփանակերտ հասնել և տեխզննումը կարող է խնդիրներ առաջանա և այդ խնդիրները նաև, չեմ իմանում, ոնց է տեղում կազմակերպելու  տեխզննումը, չնայած դա մասնավոր ոլորտ է, բայց եթե կա նման պրակտիկա միջազգային ընդունված, եթե Ստեփանակերտ շահույթից է զննումը, շահույթով աշխատում է, ինչ որ կերպ այդ մարդկանց նաև փաթեթային լիցենզիա տրամադրվի, որ մեր հեռավոր այս պահին ունեցած շրջանում նաև այնտեղ մեկ կետ բացի, որպեսզի մեր բնակիչների այսպես ասած տեխզննում անելը չդառնա օրհասական խնդիր և քիչ տուգանվեն տեղում, որովհետև եթե Մարտակերտում չկազմակերպվի, շատ մեքենաներ կան, որ այն վիճակում են, որ Ստեփանակերտ գալ-գնալը իրենց տեխզննման համար խնդիր կարող է առաջանա: Մեկնաբանություններից հետո կկողմնորոշվենք արդեն այս օրենքի քվեարկության հարցում: Շնորհակալություն:

 Գագիկ Բաղունց – Խնդրեմ, պարոն Խանումյան:

Հայկ Խանումյան – Իրականում տեխզննումը հանելու դեպքեր ուսումնասիրվել են: Օրինակ, շատ երկրներում տեխզննման հանումը կապված է ապահովագրության հետ: Այսինքն տեխզննումը հանում են, բայց ապահովագրական վճարը ավելացնում են` ով տեխզննում չի անցնում: Կամավոր են դարձնում, բայց դնում են ապահովագրության վրա: Հետևաբար այդ տեխզննումը հանելը որևէ ֆինանսական բան չի տալիս: Երկրորդը` անվտանգային բաղադրիչ ունի, այսինքն, այդ համարներով, երբ որ էլեկտրոնային է ստուգվում և այլն, քանի որ բազմաթիվ համարներ ունենք թշնամու մոտ մնացած, նաև իրենք կարող են այդ համարներից տպել, հստակ կարողանում ես բազա ունենալ և վերահսկել, քան կարող է լինել նախորդ կարգով: Ես այդ հարցերը մի քիչ ավելի լայն եմ քննարկել գործընկերների հետ: Հետո, ինչ որ բան է մարդկանց գլխում նստած, ինչ որ մեկին պատվեր տալիս են: Եթե տալիս են, ուրեմն պարոն Գրիգորյանն է տվել, որովհետև այդ նախաձեռնությունը օրենքի փոփոխության իրենից է եկել: Սա կատակի ձևով եմ ասում, որովհետև հանձնաժողովը օրենքի ընդունումից հետո ահագին գործ ունի անելու: Եվ մեր նախարարությունը, որպես լիազորված մարմին, այդ օրենքի փոփոխությունը  նախաձեռնել է: Ինչ վերաբերվում է հեռավոր շրջաններին, հատկապես Մարտակերտին, մենք քննարկել ենք, շատ տեղեր նաև մոբիլ տեխզննման կետեր կան, տանում են տեղադրում: Կնայենք, եթե տեխնիկական պայմանները ների, միգուցե պետությունը նաև որոշակի տնտեսվարողների հնարավորություն տա արտոնյալ վարկավորմամբ նման հնարավորություններ ստեղծեն: Ուղղակի պետք է հասկանանք այդ մոբիլ տեխզննման կետը մեր լիցենզիայի պայմաններին համապատասխանում է, թե` չէ: Եթե չհամապատասխանի, կփորձենք մասնավորին օգնել նման բան գոնե Դրմբոնում դնելու համար: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Այժմ քվեարկության է դրվում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման  մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի  մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին»   օրենքներն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 27, դեմ` չկա, ձեռնպահ`  չկա :

Որոշումն ընդունված է:

Անցնենք օրակարգի մյուս հարցին, այն է՝ «Տեղական տուրքերի և վճարների   մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու դարձյալ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:  

 Հայկ Խանումյան - Հարգելի ներկաներ, օրենքի նախագիծը մշակվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից: Իրենց նախաձեռնությունն է, և նպատակը որոշ փաստաթղթային ավելորդություններից զերծ մնալն է:

ԱՀ օրենքը «Տեղական տուրքերի և վճարների   մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»

Հոդված 1-ին.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» 98թ. դեկտեմբերի 18-ի ՀՕ-38 օրենքի 13 -րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 13.   Արտոնությունները

1.  Արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և վճարների գնով արտոնությունները` ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

       2. Համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձինք տեղական տուրքերի և վճարների գծով` սույն օրենքով սահմանված արտոնություններ կիրառելու նպատակով կարող են դիմել համայնքի ղեկավարին` ներկայացնելով արտոնություններ ստանալու նպատակով ավագանու սահմանած փաստաթղթերը և տեղեկությունները:

3.  Տեղական տուրքերի և վճարների արտոնություններ են տեղական տուրքի վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և վճարի վճարումից ազատումը:

4. Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար տեղական տուրքերի և վճարների գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:»:

Այս առաջարկությունը ներկայացվել է հանձնաժողովի նիստում և ընդունվել է:

Հոդված 2-րդ:

«Օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետի «:» կետադրական նշանը փոխարինել միջակետով և «վերջակետը»` «ստորակետով» և լրացնել նոր «ե» կետ.

ե) դիմել համայնքի ղեկավարին` սույն օրենքով սահմանված կարգով տեղական տուրքի և կամ վճարման արտոնություններ ստանալու համար:»:

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սա հոդված 3-րդն էր: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Խանումյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարց չկա:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պատգամավոր Արթուր Հարությունյանը:

Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Ինչպես նշեց պարոն Խանումյանը, հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկվել է ներառել 10 տոկոս սահմանափակում տեղական տուրքերի և վճարների գծով, կանխատեսվող տվյալ տարվա եկամուտների 10 տոկոսի չափով: Այն ընդունվել է կառավարության կողմից: Հանձնաժողովը 6 կողմ ձայներով տվել է դրական եզրակացություն: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Չկա:

 «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակությունեթե կա ելույթի ցանկությունխնդրում եմ գրանցվել:

Իսկ հիմա եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:

Իսկ հիմա քվեարկության է դրվում «Տեղական տուրքերի և վճարների   մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

         Կողմ` 27,  դեմ` չկա, ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Շարունակում ենք մեր աշխատանքները:

 Այսօրվա նիստի օրակարգով նախատեսված է նաև  «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է  ներկայացնելու ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը:

Գևորգ Գրիգորյան - Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է 7-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ: Սահմանելով անցումային դրույթ, որի համաձայն 2022թ. համար կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը և հաշվարկներում հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված պահպանման ծախսերի մեծության փոխարեն հիմք ընդունի այդ մեծության 75 տոկոսը: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Գրիգորյան:

Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Չկա:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Արթուր Հարությունյան - Շնորհակալություն: Հարգարժան գործընկերներ, «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և 6 կողմ ձայնով տրվել դրական եզրակացության:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Հարությունյան:

Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Չկա:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` նախատեսվում է  մտքերի փոխանակություն:  Եթե կա ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել:

Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:

Այժմ քվեարկության է դրվում «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ`  26,  դեմ` չկա,   ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Անցնենք օրակարգի հաջորդ հարցին՝ «Ոստիկանության զորքերի  մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման  մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է  ներկայացնելու  ԱՀ ներքին գործերի ոստիկանության պետ պարոն Հարությունյանը:

Արտեմ Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ և ներկաներ: Ձեզ եմ ներկայացնում «Ոստիկանության զորքերի  մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման  մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը: 

«Ոստիկանության զորքերի  մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՀ-ում 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով, ինչպես նաև երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանության զորքերի մասնակցության ապահովմամբ:

Բացի դրանից, օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև համապատասխան օրենքներում հասկացությունների միասնության ապահովման հանգամանքով:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է`

-  Սահմանել ոստիկանության զորքերի հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության զորքերի ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման կարգը.

       -   «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ և 53-րդ հոդվածների նորմերի համապատասխանեցում, որով ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե հանդիսանալով ոստիկանության պետի տեղակալ` պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը.

        - «Պաշտպանության մասին» և «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքներում օգտագործվող «ներքին զորքեր» հասկացությունը փոխարինել «ոստիկանության զորքեր» հասկացությամբ:

         Հարգելի ներկաներ, օրենքների նախագծերի փաթեթի գլխադասային հանձնաժողովի քննարկման ընթացքում առաջարկություն է ներկայացվել վերանայել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասը, որով առաջարկվում է նշված մասից հանել 1-ին նախադասությունը: Դրանով ոստիկանության զորքերի զինծառայողներին պաշտոնին նշանակելու ու այլ պաշտոնի փոխադրելու, կոչումներ շնորհելու, ոստիկանության զորքերի հրամանատարի իրավունքը կվերապահվի պետական կառավարման մարմնի ղեկավարին: Քանի որ «Ոստիկանության զորքերի» 10-րդ հոդվածով արդեն իսկ այդ իրավահարաբերություններին տրված է կարգավորում: Շնորհակալություն:

        Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Հարությունյան:   Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:   Տիկին Հակոբյան, խնդրեմ:

        Մետաքսե Հակոբյան - Պարոն Հարությունյան, մի հարց կխնդրեի պարզաբանել: Երբ դառնում են ոստիկանական զորքեր, արդյոք ավելանում են մեր ոստիկանության ծառայողների շարքերը, և բացվում են ստորաբաժանումներ: Ինչու համար եմ այս հարցը տալիս, որովհետև ինձ իրականում հետաքրքրում է նաև այն հանգամանքը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ, որոնք այսօր աշխատանք չունեն, որոնք աշխատում էին ուժային կառույցներում, բայց օպտիմալացման արդյունքում այսօր գործազուրկ են փաստացի, արդյո՞ք հնարավորություն կունենան նոր աշխատանք ձեռք բերելու:

        Արտեմ Հարությունյան – Այո, տիկին Հակոբյան: Ոստիկանության զորքերի հիմքը նոր կառույց է, հրամանատարական կազմից սկսած մինչև շարքային զինվորականներ նոր համալրում է իրականացվելու: Այո, նոր համալրում, այլ ոչ թե ստեղծվելու է ոստիկանության որևէ ստորաբաժանման բազայի վրա: Ինքը ինքնին նոր ստորաբաժանում է: Եվ համալրումը նոր ծառայողների միջոցով է իրականացվելու:

        Գագիկ Բաղունց - Պարոն Հարությունյան, «Պաշտպանության մասին» օրենքում, հոդված 1-ում գրված է, որ ռազմական դրության ժամանակ պաշտպանության իրականացմանը կարող են ներգրավվել ԼՂՀ սահմանապահ զորքերը, ոստիկանության զորքերը, Ազգային անվտանգության և Արտակարգ իրավիճակների վարչությունների զինված ստորաբաժանումները: Սույն հոդվածով նշված զորքերի թվարկումը սպառիչ է: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ բազմիցս անվտանգության խորհրդում քննարկված աշխարհազորի ստեղծման հարցը օրակարգից հանվում է:

        Արտեմ Հարությունյան – Պարոն Բաղունց, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ իմ իրավասության սահմաններում չէ: Խնդրում եմ այդ հարցը արդարադատության նախարարությանը տալ, եթե կարելի է:

        Գագիկ Բաղունց – Շնորհակալություն:

        Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

        Սեյրան Հայրապետյան – Հարգելի գործընկերներ, «Ոստիկանության զորքերի  մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման  մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք այն ընդունել առաջին ընթերցմամբ:  Ինչպես նաև ղեկավարվելով ԱԺ կանոնակարգ օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով, առաջարկում եմ կրճատել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկների ժամկետը այն սահմանել մինչև 2021թ. դեկտեմբերի 21-ը: Շնորհակալություն:

        Գագիկ Բաղունց -  Շնորհակալություն:

Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան – Սիրելի մշտական հանձնաժողովի նախագահներ, որպեսզի մեր ժողովուրդը նաև տեղյակ լինի` ով է այդ հանձնաժողովի փոխնախագահը, երբեմն հանձնաժողովի եզրակացությունը` դրական կամ բացասական, նաև հանձնարարեցեք փոխնախագահներին: Ուզու՞մ եք պատգամավորներից հարցնենք, թե ովքեր են հանձնաժողովների փոխնախագահները, լինեն պատգամավորներ, որ չեն իմանում: Կարող է նրանցից մեկը լինեմ նաև ես: Սա ի գիտության կարգով: Թող տեղյակ լինեք, նաև փոխնախագահներին էլ կցեք, հանձնաժողովի եզրակացություն կլինի, թե` ոչ: Սա վերաբերվում է բոլոր 7 հանձնաժողովների նախագահներին: Այսինքն, ոչ թե, որ բացակա լինեն, իրենք փոխարինեն, այ ինչպես ես տեղակալ եմ դառնում:

(Աղմկում են դահլիճում):

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` նախատեսվում է  մտքերի փոխանակությունԵթե կա ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել: Չկա:

Իսկ հիմա եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:

Այժմ քվեարկության է դրվում «Ոստիկանության զորքերի  մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման  մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ`  27,  դեմ` չկա, ձեռնպահ՝ չկա:

         Որոշումն ընդունված է:

Արթուր Թովմասյան - Հարգելի պատգամավորներ, քանի որ գլխադասային հանձնաժողովը քիչ առաջ առաջարկեց երկրորդ ընթերցման համար նախատեսված գրավոր առաջարկների ժամկետը կրճատել, ուստի առաջարկում եմ Ազգային ժողովի հաջորդ որոշման նախագիծը, որը կանոնակարգի 75-րդ հոդվածի համաձայն քվեարկվում է առանց քննարկման, այսինքն Ազգային ժողովը որոշում է` 2021թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մինչև դեկտեմբերի 21-ը ներառյալ: Քվեարկության ենք ներկայացնում հենց այս բովանդակությամբ որոշման նախագիծը:  

Քվեարկություն:

Կողմ`  27,  դեմ` չկա,  ձեռնպահ՝ չկա:

         Որոշումն ընդունված է:

Գագիկ Բաղունց - Շարունակում ենք մեր աշխատանքները: Այսօրվա նիստի օրակարգով նախատեսված է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  մասին» օրենքի նախագիծը:  Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է  ներկայացնելու ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:

 Բորիս Առուշանյան – Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխությունները կապված են ԱՀ կառավարության և Քաղաքացիական ծառայության նախաձեռնությունների հետ: Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետում 20-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունում և 3-րդ կետում «ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ» բառերից հանել        «առաջին տեղակալ» բառերը: Նույնը կատարել օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետում և 15-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետում: Այս փոփոխությունը կառավարության նախաձեռնությամբ է մտցվել:

2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում «2022թ.» փոխարինել «2026թ.»: Այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ մինչև 2022թ. հունվարի 1-ը քաղծառայության պաշտոնների անձնագրերը ընդգրկում են նաև պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի չափանիշը:

Նախագծով նախատեսվում են նշված ժամկետը` չսահմանափակելու համար քաղաքացիների մասնակցությունը քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներում: Այսինքն, որպեսզի քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցնեն նաև պետական կառավարման ստաժ ունեցողները: Շրջանակները ընդլայնված պահպանել մինչև 2026թ.:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Առուշանյան:

Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Չկա:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

         Սևակ Աղաջանյան Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և տրվել է դրական եզրակացություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Աղաջանյան:

Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Չկա:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` նախատեսվում է  մտքերի փոխանակությունեթե կա ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել:

Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:

Այժմ քվեարկության է դրվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ`  27, դեմ`  չկա, ձեռնպահ` չկա:

         Որոշումն ընդունված է:

Օրակարգով նախատեսված մեր հաջորդ հարցը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն կներկայացնի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

Արամայիս Աղաբեկյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հաղորդումների եթերաժամերի առկա անհամամասնությունների վերացման և ղեկավար մարմնի գործառույթների հստակեցմամբ: Նախագծով առաջարկվում է ԱՀ ազգային փոքրամասնությունների լեզուների հատուկ ծրագրերի հաղորդումների հեռարձակման օրական մինչև 10 րոպե տևողությունը փոխարինել օրվա եթերաժամի մինչև 20 տոկոսով, քանի որ ժամանակի ընթացքում երեքժամյա եթերաժամը աստիճանաբար փոխվել է ութժամյայի: Նախագծով նաև առաջարկվում է հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թիվը երեքից դարձնել հինգ, և նրանց լիազորությունների կատարումը սահմանել հասարակական հիմունքներով: Կառավարությունից ստացել ենք երկու առաջարկ` սահմանված կարգով: Խորհրդի անդամների գործունեությունը հասարակական հիմունքներով սահմանելու  հետ կապված վերանայել այն` հեռուստառադիոընկերության խորհրդի գործառույթների լիազորությունները, և վերոնշյալ հիմնավորմամբ սահմանել անցումային դրույթներ գործող Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով: Երկու առաջարկություններն էլ փաստացի իրականացվել են: Անցումային դրույթների տեսքով հասարակական հիմունքներով գործող լիազորությունների ստանձնում, հետո խորհրդի աշխատակազմի աշխատողները համարվում են ԱՀ Հանրային հեռուստաընկերության ՓԲ աշխատողներ, իսկ գործառույթների մասում հանվել է ամենօրյա ռեժիմով աշխատանքը: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն:

Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցերի համար գրանցվել են 7 պատգամավոր: Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Մելքումյանը:

Մետաքսե Հակոբյան - Պարոն Աղաբեկյան, ես իհարկե չեմ տա այն հարցը, որ անընդհատ իմ մտքում է: Երբ որ ցանկացած օրենք գալիս է այստեղ, այսինքն չեմ ակնկալի պատասխան, պետք չէ, բայց ուզում եմ էլի հասկանալ իմաստը: Իսկ հաջորդը Դուք ասում եք, որ նախորդ անգամ քննարկել եք, հիմա ևս կուզեի քննարկեք` երեք հանրային խորհրդից դարձել են հինգ հոգի անվճար հիմունքներով: Ես ուզում եմ մեջբերել նախորդ բյուջեի քննարկման ժամանակ, երբ որ պարոն Թովմասյանը զարմացավ, ինչպես կարելի է մարդը աշխատի և դրա դիմաց չվճարվի: Դա, միևնույն է, հարցերի հարցն է մնալու: Ոնց է լինելու, որ այդ մարդիկ արդյունավետ աշխատանք են կատարելու չվճարվելով, եթե, իհարկե սա մենք ձևական չենք անում հանուն Հանրային հեռուստատեսության: Հաջորդը, որը իմ համար ամենակարևորն է, և այս օրենքով ես կփորձեմ նորից վեր հանել այն խնդիրը, որի համար ես բավականին ժամանակ փորձում եմ  պատասխաններ գտնել, որը որևէ մեկը չի տալիս: Մեր օկուպացված շրջանների` Շահումյանի, Քաշաթաղի, Շուշիի շրջան, նաև Հադրութի շրջան: Այդ համայնքների աշխատատեղերը տեղը տեղին օպտիմալացվել, կրճատվել, մեր բազմաթիվ տեղահանված հայրենակիցներ այսօր մնացել են առանց աշխատանքի և նախարարներից  մեկը առաջարկեց իրենց, որ իրենք փոխեն իրենց պրոֆիլը, փոխեն մասնագիտությունները, նորից սկսեն սովորել և հարմարվեն ներկայիս աշխատաշուկային: Եվ այդ մարդկանց ճակատագրով այլևս որևէ մեկը չհետաքրքրվեց: Եթե, իհարկե չունեն ծանոթ, բարեկամ, խնամի, այն, ինչ որ ընդունված է մեր երկրում: Դուք նաև հիմնավորում եք այս օրենքը, որ կառավարությունը առաջարկել է 9 հոգու ճակատագրի մասին դուք մտածում եք: Ես կողմ եմ, որ պետք է մտածել յուրաքանչյուրի ճակատագրի մասին, բայց ինչու չենք մտածում մեր մնացած հայրենակիցների ճակատագրի մասին: Ես հարցը արդեն ձևակերպել եմ, կարծեմ պարոն Աղաբեկյանը հասկացավ երեքը հինգ դարձնելու և նաև անվճար հիմունքներով ինչպես են իրենք պատրաստվում չափել այդ աշխատանքը:

Արամային Աղաբեկյան – Վերջին հարցը ավելի շատ ընկալում եմ որպես քաղաքական հայտարարություն: Ինչ վերաբերվում է առաջինին, ձեր բարձրացրած հարցը մեր հետ որևէ առնչություն չունի, դրա համար եմ ասում ընկալում եմ որպես քաղաքական հայտարարություն: Ինչ վերաբերվում է ունենալու-չունենալուն, ամբողջ բացատրությունը հենց նրանում է, որպեսզի իմաստը բացահայտենք: Այստեղ նաև ես Ձեզ մեջ կբերեմ, որ շատ լավ է, երբ որ ՀՀ օրենքները մենք քոփի չենք անում, որովհետև տվյալ պարագայում ՀՀ օրենքը այդ ոլորտի վերաբերյալ տարբեր է, քան այն փոփոխությունները, որոնք որ մենք բերել ենք: Ինչ վերաբերվում է պարոն Թովմասյանի կողմից ասած, թե մարդիկ ինչպես պիտի աշխատեն, եթե չեն վարձատրվում, ապա սա սովորական աշխատանք չի, և խորհրդի գործառույթներն ավելի շատ քաղաքականության և ռազմավարության մշակում է: Այդ մարդիկ բավականին կվալիֆիկացիայով բարձր մարդիկ պետք է լինեն և իրենք, ըստ էության, նաև պահանջված են, նոր կվալիֆիկացիա ստանալու անհրաժեշտություն չունեն: Այնպես որ դուք ձևակերպեցիք 3-րդ մասում և վստահ եղեք, որ այդպիսի մարդիկ կգտնվեն, որոնք պատրաստ կլինեն առանց գումար ստանալու ռազմավարություն և քաղաքականություն մշակել:

Մետաքսե Հակոբյան - Այսինքն հենց այս պահին դուք փաստում եք, որ ԱՀ հեռուստատեսությունը 9 աշխատողի կարիքն ունի: Այդ պատճառով իրենք տեղափոխվելու են արդեն Հանրային հեռուստատեսություն աշխատանքի: Հաջորդը դա հայտարարություն չէ, պարոն Աղաբեկյան, այլ փնտրտուք պատասխանի, որը առ այսօր կառավարության որևէ անդամ չի տվել: Մենք խոսում ենք աշխատավարձերի բարձրացումից բյուջեի, բայց չէինք խոսում, որ համատարած գործազրկություն է Արցախում տիրում:

Արամայիս Աղաբեկյան – Տիկին Հակոբյան, եկեք ավելի լավ պատկերացնենք: Դուք ներկայացնում եք, որ Հանրային հեռուստատեսության օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պատգամավորը պիտի գա այստեղ կանգնի և պատասխանի Ձեզ կրճատված այլ հաստիքների վերաբերյալ կառավարության հարցին, դրա համար եմ ասում ես սա որպես քաղաքական հայտարարություն: Ձեր հարցադրման էությունը իմ օրենքի նախագծի հետ որևէ առնչություն չունի: Ինչ վերաբերվում է 9 հոգու, թե Հանրային հեռուստատեսություն տեղափոխելու, անցած անգամ էլ եմ ասել, այո, տվյալ մարդիկ չի կարելի համեմատել նրանց խորհրդի անդամների հետ, որովհետև տվյալ մարդիկ, այդ 9 հոգին մեկը վարորդ է, մեկը օգնականի հաստիքում է: Այո, ինչ որ չափով դա էլ սոցիալական խնդրի հետ առնչություն ունի, և սա ոչ միայն Հանրային հեռուստատեսության մակարդակով, սա պետական կրթական մակարդակով, մինչև այսօր էլ դուք ինձանից լավ գիտեք, որ կան գյուղեր, որտեղ աշակերտների քանակը ուսուցիչներից շատ է, բայց պահվում է:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Մելքումյան, թող պատրաստվի տիկին Պետրոսյանը:

Դավիթ Մելքումյան - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովի նիստը չի հեռարձակվել կամ մեր հնչեցրած հարցերը բոլորովին հեռուստատեսությամբ չի էլ արձակվել, բայց կփորձեմ նորից կրկնել ինձ մտահոգող մի քանի հարցեր և ակնկալում եմ իմ գործընկերների ակտիվ մասնակցությունը այս քննարկմանը: Այն, որ հեռուստառադիոընկերության փոփոխությունները այդ օրենքում և առհասարակ կառուցվածքի, շենքային պայմանների, տեխնիկական բազայի անհրաժեշտությունը դա չի քննարկվում ծրագրային մասով, որովհետև բազմիցս այս ամբիոնից հնչեցրել ենք: Ի  դեպ, անցած անգամ էլի հնչեցրել ենք, որ պատասխանները այստեղ հնչվեն, իրենց կարծիքներն էլ իմանանք: Այնուամենայնիվ, երկու հարց. մենք առաջարկում ենք չգերազանցի 20 տոկոս, բայց մենք այսօր ունենք գործող ծրագրեր, որը որ փոխարինվում է ֆիլմերով: Ի՞նչ ծրագրերով ենք մենք  պատրաստվում այդ 20 տոկոսը փորձելու լրացնել այդ ժամաքանակը: 2-ը` ի՞նչ պիտի անեն այդ 3 հոգին, որ չեն կարողանում անել և բերում են 5 հոգի: Այսինքն, ո՞րն է իրենց խնդիրը: Եթե դուք նշում եք, որ այդ մարդիկ պետք է ռազմավարություն առաջարկեն, քաղաքականություն մշակեն, ես ձեր հետ ընդհանրապես համաձայն չեմ: Ես կողմնակից եմ, բերեք էդ երկու հոգուն կրկնակի վարձատրենք, ավելի լավ մասնագետներ փնտրենք, քանի որ առանց գումարի չեմ կարծում, որ որևիցէ մեկը նստելու է: Հատկապես դուք նշում եք, որ պրոֆեսիոնալներ եք հրավիրելու, և այդ պրոֆեսիոնալները կան: Խնդրում եմ, ինչ պիտի անեին այդ երեք հոգին, որ չեն արել, այդ հինգ հոգին պիտի գան անեն, և 2-ը` ի՞նչ ծրագրերով եք փորձելու լրացնել այդ ժամը, կամ այդ 20 տոկոսը, որ Դուք լրացնում եք:

Արամայիս Աղաբեկյան – Շնորհակալություն: Այստեղ «ինչ պիտի չանեն» երևի ավելի նպատակահարմար է այստեղ, որովհետև հենց օրենքը լուծում է, եթե մի քիչ ավելի ոչ զուսպ բառապաշարով ասենք, ապա օրենքի փոփոխությունը լուծում է հենց երկգլխանիության հարցը, որովհետև հենց այն ձևակերպումը, որ ամենօրյա ռեժիմով պետք է խորհուրդը աշխատի և բերել են նրան, քանի որ հեռուստատեսության տարբեր ամենա օպերատորից բռնած մինչև մշակութային մասնագետներ, նույնիսկ խորհրդի նախկին անդամներ, որոնք հիմա էլ են խորհրդի անդամ, իրենց հետ էլ ենք խոսել, բոլորը փաստում են, որ այդ երկգլխանիությունը կա և գոյություն ունի իրավիճակ, երբ որ խորհրդի նախագահը շատ հնարավոր է անձնական ամբիցիաներից ելնելով կամ հակառակը` փորձի այնպիսի իրավիճակ ստեղծի, որը աշխատանքները զուտ գործառույթների հստակության բացակայության պատճառով աշխատանքների խնդիր ունենան: Ինչ պիտի անեն այդ հինգ անդամները օրենքով սահմանած իրենց իրավունքներն ու լիազորությունները, թե ինչով պետք է զբաղվեն: Սա այժմեական խնդիր չի: Այն ավելի խորը արմատներ ունի և այս օրենքի նախագծով փորձ է կատարվում այդ խնդիրը լուծելու և այնպես ստեղծելու, որ երկու մարմինները իրար հետ, խորհուրդը որպես խորհրդակցական մարմին լինի, այլ ոչ թե խառնվի գործառնական գործադիր իրականացվող աշխատանքներին: Առաջինի մասով, այնտեղ չի ասում, որ պարտադիր մեկ ժամ 20 րոպե լինի: Նույնիսկ պարոն Բաղունցը առաջարկություն է արել, որ ներքևի շեմ սահմանենք, բայց քննարկել ենք էլի և հեռուստատեսության ներկայացուցիչների և իրավաբանների հետ, զուտ եկել ենք այնպիսի եզրակացության, որ շատ հնարավոր է, որ հաշվի առնելով, որ հաղորդումների որակը, բովանդակությունը շատ հնարավոր է, մի ընթացք բավականին և կարճ ստացվի մի ընթացքը և այդպես ճկուն թողնել, որն ավելի հարմար է: Ինչ վերաբերվում է ծրագրերի մշակմանն ու ծրագրեր ներկայացնելուն, անցած անգամ էլ Ձեր հարցին այդպես պատասխանել եմ, նույն ձև էլ հիմա եմ պատասխանելու: Որ դա իմ գործառույթների մեջ չի մտնում և դա արդեն գործադիր մարմինը համապատասխան ծրագիր կմշակի, խորհուրդը` իր խորհուրդը կտա, կհաստատի կամ չի հաստատի, դա արդեն ընթացքի հարց է: Շնորհակալություն:

Դավիթ Մելքումյան - Արձագանքեմ հենց վերջին հարցին: Տեսեք, նախկինում օրենքը այսպես է գրված. «Ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հաղորդումների հեռարձակման համար, այսինքն նման հաղորդումների տևողությունը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ շաբաթական մինչև մեկ ժամ: Եթե չեմ սխալվում, նոր փոփոխությունը 1ժ 20 րոպե է, 20 տոկոս է, որը որ հաշվարկել ենք: Այսինքն այս պահի դրությամբ մենք ունենք հնարավորություն, որ մեկ ժամ իրենք կարող են եթերաժամ անել: Այնուամենայնիվ, նույնիսկ իրենք չեն օգտվում իրենց հնարավորությունից: 2-րդ` ես ճի՞շտ եմ հասկացել, որ ամբողջ խնդիրն այդ խորհրդի կազմի մեջ է, այսինքն, որ անընդհատ կոնֆլիկտներ է առաջանում, որովհետև Դուք եք անմիջապես շփվել և, ինչպես ներկայացնում եք, որ երկու գլխի խնդիր կա, որ իրար հետ համատեղ չեն կարողանում աշխատել:

Արամայիս Աղաբեկյան - Դա այս պահի խնդիր չէ: Ես սա ներկայացնում եմ խնդիրների էությունը: Այնպես չի, որ այս պահին է: Այդ խնդիրը առաջացել է այնքան ժամանակ, ինչքան որ կոնկրետ ես նույնպես անձամբ շփվել եմ այդ խնդրի հետ: Հարցը ուրիշ է, որ խորհրդի 5 հոգի, ինքը որպես այդպիսին ավելի օպտիմալ տարբերակ է, որովհետև 5 հոգու դեպքում մենք կարող ենք ավելի մեծ պրոֆեսիոնալների ընդգրկել: Այսինքն 5 հոգու դարձնելու փիլիսոփայությունը լրիվ ուրիշ տեղ է: Խնդիրը միայն կոնֆլիկտի մեջ չի: Այստեղ նույնիսկ անձերը երկրորդական են: Առումով է սխալ բերված: Երբ որ մենք ասում ենք ամենօրյա ռեժիմով աշխատանք պիտի տանեն, ամենօրյա ռեժիմով աշխատանքը գործադիր մարմինը բացում է ըստ իր հայեցողության, խորհուրդը` իր: Եվ այդ դեպքում, այո, կարող են առաջանալ կոնֆլիկտներ և առաջացել են: Ինքն ասում է` օրական մինչև 10 րոպե տևողություն, փոխարինել օրվա եթերաժամին մինչև 20 տոկոսով: Փիլիսոփայությունը նրա մեջ է, որ երեքժամյայից անցել ենք ութժամյայի: Համամասնությունը պիտի պահվի:

Դավիթ Մելքումյան - Հարցս ճիշտ չեք հասկացել: Այս պահի դրությամբ ի՞նչ ծրագիր է, որ ուզում են մտցնել հեռուստատեսության մեջ, բայց ժամանակը թույլ չի տալիս, այսինքն գոնե 10 րոպեն օգտագործում եք, կամ էլ մեկ ժամը ո՞նց են օգտագործում և ի՞նչ ծրագիր ունեն, որ այս պահի դրությամբ օրենքը խանգարում է:

Արամայիս Աղաբեկյան - Մենք ստեղծում ենք այդ հնարավորությունները: Իրենք արդեն ինքնուրույն կորոշեն, թե ինչ ֆորմատի, ինչ ծրագիր կլինի: Մենք բավարարում ենք համամասնության իրավական կողմը:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Տիկին Պետրոսյան, թող պատրաստվի պարոն Թովմասյանը:

Արևիկ Պետրոսյան - Շնորհակալություն: Պարոն Աղաբեկյան, Դուք մի քանի բառով պատասխանեցիք հարցին: Այս հարցը վերաբերվում , ես մասնակցել եմ հանձնաժողովին, երբ քննարկվել է, այնտեղ առաջացել է հակասություններ հեռուստառադիոընկերության կանոնադրության և ԱԺ օրենքի միջև: Ո՞նց  է կարգավորվել այդ հարցը ձեր նախագծում: Խնդրում եմ պատասխանեք:

Արամայիս Աղաբեկյան - Ինչպես հանձնաժողովի նիստի ժամանակ պարոն Բաղունցը ասաց, իրականում թյուրըմբռնում կա, որովհետև կանոնադրության վերաբերյալ կետերը, չգիտեմ, լիցենզիայի վերաբերյալ կետերը և մնացածի վերաբերյալ կետերը, որտեղ որ անհամաձայնություններ կային օրենքի նախագծի շրջանակներում, կայուն չէ: Ինքը օրենքի բովանդակության մեջ է: Այն, որ օրենքը բովանդակային է այն առումով վերանայման կարիք ունի, սա փաստ է: Եվ ձեր նշածը հենց այդ օրենքի բովանդակության, տրամաբանության մեջ է: Իմ նախագծի հետ փաստացի որևէ առնչություն չունի:

Արևիկ Պետրոսյան - Այսինքն նոր նախագիծը շտկու՞մ է այդ բովանդակային հակասությունը:

Արամայիս Աղաբեկյան - Ոչ, ինքը կարիք ունի այդ բովանդակային հակասություններն և ճիշտ ձևակերպումները կարիք ունի ավելի յուր ժամանակային առումով և մասնագիտական առումով ավելի լայն շրջանակների աշխատանք:

Արևիկ Պետրոսյան – Այսինքն մենք սպասենք այդ կողմից 2-րդ նախագծի:

Արամայիս Աղաբեկյան - Հնարավոր է նաև` կառավարության կողմից:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Թովմասյան, թող պատրաստվի պարոն Պետրոսյանը:

Արթուր Թովմասյան – Ընդհանրապես աշխարհում չկա մի երկիր, որը ունենա հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենք: Արդեն մենք մնացել ենք ոչ թե 20-րդ դարում, այլ 21-րդ դարի սկզբին: Հիմա աշխարհը անցել է, այդ թվում նաև ՀՀ-ը, այդ թվում` նաև մեր հարևանները, այսպես կոչված, տեսալսողության մեդիայի մասին օրենքը: Այսօր ես, նայելով համապատասխան ոլորտի նախարարին, ասել եմ, որ արագ այդ օրենքի նախագիծը մտնի ԱԺ: Հիմա, կոնկրետ այս մասով իհարկե երկիշխանությունը կա: Արցախը այնքան փոքր է, որ տեսել եք, դա անձից է կարևոր: Ա՞նձն է խորհրդի նախագահ, թե գործադիր տնօրենը: Երբեմն մենք տեսել ենք նույն անձը, եթե գործադիր տնօրեն է, ապա ամբողջը ինքն է ղեկավարում: Երբ որ խորհրդի նախագահ է, սաղ ինքն է ղեկավարում: Մեկը պետք է զիջի: Դեռևս երկու անձի համար ենք վճարովի դարձրել այն ժամանակ: Հիմա ինձ ավելի շատ հետաքրքրում է խորհրդի անդամների ճակատագիրը: Լավ, անցնում ենք հասարակական հիմունքներով: Իհարկե, ինձ ասել են, որ այնտեղ բաժնի վարիչի հաստիքներ կան, որը առաջարկվելու է: Շատ բարի: Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում, քանի որ խորհրդի 3 անդամներն էլ պրոֆեսիոնալ են, երկար տարիներ աշխատել են: Ու եթե աշխատողի խնդիր լինի, նաև այս հարցում իրենց աջակցենք, որովհետև  մարդիկ ի՞նչ մեղավոր են, որ վճարովի է: Տվել են մրցույթում, հաղթել և այլն: Եվ 2-րդ հարցը, հետևյալն է, արդյո՞ք հարցախույզ է կատարված, արդյո՞ք հանրային այդ խորհուրդը մի բարորակ ուռուցք է կպած, արդյո՞ք խանգարում է: Հարցախու՞յզ եք արել հանրայինում աշխատող մեր մասնագետներին: Քանի՞ տոկոսն է կողմ, որ այդ փոփոխությունը կատարեք: Շնորհակալություն:

Արամայիս Աղաբեկյան - Շնորհակալություն: Պարոն Թովմասյան, ես դեռևս Հանրային հեռուստատեսությունում աշխատող որևէ մեկին չեմ տեսել, որ ինքը այդ խնդիրը նույնպես չբարձրաձայնի և չխոսի դրա մասին: Ավելին, նույնիսկ այս պահին խորհրդի անդամ, նախկինում անդամ, նույնիսկ խորհրդի անդամներ, չեմ տեսել այդ խնդիրը: Դուք շատ ճիշտ եք նկատել, որ էլի փաստացի մարդը մի դեպքում եղել է խորհրդի նախագահ, ինքը ղեկավարել է Հանրային հեռուստատեսությունը, հետո գործադիրի ղեկավար, հետո նորից էլի ինքը ղեկավարել այդ նույն օրենսդրական հիմքի վրա, ինչ որ այստեղ կա: Քանի որ այդ որպես այդպիսին հստակության բացակայությունը եղել է հիմք, այո, այդպես եղել է, և դա փաստ է: Ես գոնե մեկ հոգի չգիտեմ, որ այդ խնդիրը նկատած չլինի և չցանկանա որպեսզի այդ խնդիրը օր առաջ լուծվի:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Խնդրեմ, պարոն Պետրոսյան:

Մարսել Պետրոսյան - Բավական հետաքրքիր հարց է քննարկվում, սակայն հարցը ոչ թե չի հասունացել, այլ պարզապես բավականին ժամանակավրեպ է այն առումով, որ հիմնավորված չեն այդ փոփոխությունների անհրաժեշտությունը: Ինչո՞ւ հիմնավորված չեն: Որովհետև եթե այս 3 հոգին, ովքեր վարձատրվում են պետության կողմից, չեն կարողանում հավուր պատշաճի կատարել իրենց պարտականությունները: Որտե՞ղ են հավաստիացումները` այն 5 հոգին հասարակական հիմունքներով ի զորու են լինելու շատ ավելի լավ հեռուստատեսություն ունենալ, քան թե իրենց հետ: Այսինքն` մենք գլխավոր խնդիրը լուծելու փոխարեն փորձում ենք կոսմետիկական վերաբերմունք ցուցաբերել այսօրվա հեռուստատեսության հանդեպ: Այն, որ այդ խորհուրդը ժամանակի ընթացքում հեղինակազրկվել է, այդ մասին խոսելն ավելորդ է: Սակայն եղել են ժամանակահատվածներ, երբ որ խորհուրդը բավականին բարձր մակարդակով կատարել է իր պարտականությունները և նշանակալից ավանդ, ներդրում թողել հեռուստատեսության զարգացման վրա: Խորհրդի կազմը փոխելուց հնարավոր է, որ ինչ-որ բան փոխվի, բայց ոչ հասարակական հիմունքներով: Եթե ընդհանրապես այսօրվա խորհուրդը խանգարում է ինչ-ինչ գործընթացների, հետևաբար վաղը այն 5 հոգին ավելի շատ կարող են խանգարել, ինչ- ինչ դրական գործընթացների զարգացմանը: Հետևաբար հիմնավորումը այդ փոփոխությունների ես չեմ ընդունում: Չեմ ընդունում այն առումով, որ դա չի ներկայացնում այն դրականը, որը մենք ակնկալում ենք հեռուստատեսությունից: Եթե մենք մտահոգված ենք Հանրային հեռուստատեսության հաղորդումների որակի շեշտակի բարձրացմամբ, հետևաբար պետք է կազմակերպենք հանրության կարծիքը: Ես գտնում եմ, որ այս հարցը ժամանակավրեպ է և այն պետք է հետաձգել գալիք քննարկումներում:

Արամայիս Աղաբեկյան - Շնորհակալություն: Միայն մի բան կարող եմ արձագանքել, պարոն Պետրոսյան, որ իրականում, եթե մենք իսկապես ուզում ենք հեռուստատեսության որակը բարձրացնել, բացի այն միջոցառումներից, ինչ միջոցառումներ, որ հիմա կատարվում է ցանկացած հեռուստաարտադրության և հեռուստատեսության որակ իրականում տարբերվող բարձրանում է, երբ որ մտնում է շուկա: Սա եթե այդպես դիտարկենք այն տեսանկյունից, ինչը Դուք եք ասում, ապա միակ ճանապարհը դա 24-ժամյա հեռուստատեսություն ունենալն է և մտնելն է հայկական շուկա: Մնացած մեր կատարած բոլոր փոփոխությունները նույն տրամաբանության մեջ, ինչպես Դուք եք ասում, կարելի է ընկալել որպես ձևական, բայց դա այն մինիմալ հնարավորություններն են, քանի որ այս պահին չենք կարող անցնել 24-ժամյա հեռուստատեսության: Սա բոլոր հնարավոր միջոցներն են, այդ թվում խորհրդի: Երբ որ մենք հանձնաժողովի նիստի ժամանակ էինք խոսում, ես փաստել էի, որ հիմա Հանրային հեռուստատեսության Ազգային ակադեմիան աշխատում է լրագրողների հետ, որոշակի փորձի փոխանակություն է կատարվում, նաև որոշակի օրենսդրական բազա ենք հենց հիմա մենք  ստեղծում, որպեսզի այդ աշխատանքներն ավելի նպատակային լինեն: Միգուցե ապագայում հնարավոր լինի անցնելու 24-ժամյա հեռուստատեսության և մրցակցային պայմաններում արդեն ունենալ այն հեռուստատեսությունը, որի մասին ես և Դուք, մնացած բոլոր մտահոգ պաշտոնյաներ երազում են: Շնորհակալություն:

Մարսել Պետրոսյան - Հայկական հեռուստատեսային շուկա մտնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին կառուցվածքային փոփոխություն: Այդ կառուցվածքը փտած խորհրդային շրջանից մնացած կառուցվածք է, որ այսօր առկա է հեռուստատեսությունում, չի կարող նրան ուղղություն ընձեռել, որպեսզի մեր հեռուստատեսությունը մտնի գոնե հայկական շուկա: Հետևաբար և բնականաբար առանց կառուցվածքային փոփոխության խոսել հասարակական հանրային խորհրդի մասին պարզապես ջուր ծեծելու նման մի բան է: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է այս հարցը հետաձգել, որովհետև շատ վատ վիճակում է գտնվում: Այն պետք է հասունացնել այն աստիճան, որպեսզի ոչ ոք դրանից վնաս անգամ չկրեր:

Արթուր Թովմասյան – Պարոն Աղաբեկյան, պարոն Պետրոսյանը փաստորեն ասում `է հանո՞ւմ եք օրակարգից, թե` ոչ: Դուք կարող եք ասել կամ այո, կամ ոչ: Մնացածը ինքը որպես պրոֆեսիոնալ մասնագետ իր կարծիքն է ասել: Կարծիքին  մի պատասխանիր: Միակ մարդը դու ես: Ինքը և խորհրդայինն է տեսել, և այսօրվանը, ինքը կարող է համեմատություն անել:

(Աղմկում են դահլիճում):

Դավիթ Գալստյան - Քանի որ ես հանձնաժողովի քննարկմանը ներկա չէի, մի շարք հարցեր են: Նախ ես հասարակական հիմունքներով խորհրդի կազմը, որ ասում եք ավելի պրոֆեսիոնալներ են, կարելի է ընդգրկած: Ո՞վ է գնահատելու այդ պրոֆեսիոնալների մակարդակը, ի՞նչ չափանիշներով է գնահատվելու, և ովքե՞ր կարող են լինել խորհրդի անդամներ: Երկրորդը` այդ բոլոր հարց ու պատասխանը լսելուց հասկացա, որ երկու գլխանի իշխանությունները հասնեն գործադիրի գլուխը: Խորհուրդը ցրվեց, և հաղթանակը արձանագրեց, որ գործադիրը, որը չգիտի հետագայում ինքը որակի վրա ազդելու է, թե հակառակ էֆեկտն է ունենալու: Եվ հասարակական հիմունքներով աշխատանքի ընդունել և մտածել, որ ավելի է բարձրանալու այդ մշակույթը, ինձ թվում է, թե մի քիչ այսօրվա իրավիճակից ելնելով չէ, որովհետև բոլոր պատգամավորները ունեն հնարավորություն և օգնական հասարակական հիմունքներով պահելու, բայց և դժվար է այդ մարդկանց հասարակական հիմունքներով ներգրավել որևէ աշխատանքի մեջ: Եվ արդյունքը տեսնում ենք ավելի շատ վճարովի հաստիքներից, որը որ նաև վճարովի հաստիքը նաև ինչ որ տեղ պարտավորեցնում է մարդուն, որ ինքը պարտավոր է ստացված գումարի դիմաց կատարի որոշակի աշխատանք: Դա իմ կարծիքն է:

Արամայիս Աղաբեկյան – Սկսենք առաջինից. օրենքը ինքը հստակ սահմանում է, թե ովքեր կարող են լինել խորհրդի անդամ, և խորհրդի անդամներին հաստատում է Հանրապետության նախագահը: Այնտեղ հստակ իրենց պրոֆեսիոնալ...

 (Աղմկում են դահլիճում):

Մշակույթի, գիտության, մեծ ավանդ, նշանակություն ունեցող մարդիկ, որոնք քաղաքական պատկանելիություն չունեն, որոշակի պրոֆեսիոնալ հատկություններ ունեն: Այդպիսի մարդկանց ներկայացնում են նախագահին և մրցութային կարգով նոր որոշվում է: Հստակ մանրամասներ չեմ կարող ասել: Ինչ վերաբերվում է օգնականի հաստիքը համեմատել Հանրային հեռուստատեսության խորհրդի հետ, ճիշտ չի:

Դավիթ Գալստյան – Ես նշեցի` վճարովի և հասարակական հաստիքի ու խորհրդի անդամի հաստիքի համեմատություն չի: Ճիշտ չհասկացաք: Վճարովի և չվճարովի աշխատանքի համեմատությունն է եղել:

Արամայիս Աղաբեկյան – Նույն փիլիսոփայության մեջ չեք Դուք պնդումը կատարել: Հասարակական հիմունքներով աշխատանքը ըստ ինձ ավելի քիչ արդյունավետ է, քան թե ոչ հասարակականը: Օրինակը բերել եք օգնականի պահը, որ չեն կարող 2 օգնական գտնել: Դրա համար եմ ես ասում, որ դրանք տարբեր հարթությունների մեջ են գտնվում:

Դավիթ Գալստյան - Նախկինում ԱԺ պատգամավորներ կային հասարակական հիմունքներով` չվճարովի: Եվ հիմա պրոֆեսիոնալ է: Ինձ թվում է, թե ովքեր որ հասարակական հիմունքներով աշխատել են ԱԺ-ում որպես պատգամավոր և այսօր վճարովի աշխատանք են կատարում աշխատանքի դիմաց, թվում է, թե կա որոշակի տարբերություն, որ պարտավորեցնում է: Նախկինում գալիս էին միայն նիստերին նստում, օրենքները չէին կարդում, առաջարկություններ չէր լինում: Բայց այսօրվա մեր նիստերը տեսնում եք, որ և առաջարկություններ են լինում, և օրենքն ընթերցողներ կան, և մանրամասն քննարկում է լինում: Հարցս այս կոնտեքստում է: Ես երբևիցե խորհրդի օգնականի հաստիքը չեմ կարող համանման, ավելի ճիշտ հիմա պատգամավորի համեմատենք, երևի թե հարցին ավելի ճիշտ ստույգ պատասխանեք:

Արթուր Թովմասյան – Շատ լավ հարց է: Հենց այսօր էլ բարձրացրել են, որովհետև հիմք ունենալով այդ պետական պաշտոն զբաղեցնելը, նաև դա: Ես եղել եմ ԱրՊՀ դեկան, միաժամանակ «Հայրենիք» խմբակցության ղեկավար ԱԺ-ում: Այսինքն, եթե ԱԺ նիստ է եղել, փաստորեն մշտական հիմունքներով չի եղել ԱԺ-ում այդ 2 տարիները: Այստեղ էի գալիս, որովհետև խմբակցության նիստին ես պատրաստ էի լինում: Այսինքն աշխատանք կատարվում է: Դա մարդու խղճից է գալիս: Այսինքն, եթե ես դեկան չլինեի, ես չէի կարող դա անել` մի տեղից արդեն ես աշխատավարձ եմ ստանում: Հանրային խորհուրդը ես չգիտեմ սա կանցնի, թե` ոչ: Քվեարկությունը ցույց կտա: Մարդ, ովքեր այդ հանրային խորհրդի կազմում են, նա աշխատանքով ապահոված մարդ պետք է լինի, որի սիրտը ցավում է և հեռուստատեսության, և ռադիոյի մասով: Ես այդպես եմ մտածում: Որևէ գործազուրկ մարդ չի կարող լինել այդ, թեկուզ պրոֆեսիոնալ: Սա էլ կանենք, եթե օրենքը ընդունվի: Հասկացա՞ք ինձ: Այսինքն, եթե ես դեկան չլինեի, ես չէի կարող լիարժեք խմբակցության ղեկավար լինեի:

Դավիթ Գալստյան – Ճիշտ եք ասում, եթե մարդ նյութապես, ֆինանսապես ապահով չի, ապա իր աշխատանքն արդյունավետ չի: Իմ գործընկերը` Մելքումյան Դավիթը, ասաց, որ կրկնակի կամ որոշ չափով աշխատավարձ բարձրացնենք և փաստացի արդյունքներ պահանջենք: Եվ եթե մարդկանց մեջ է խնդիրը, ապա փոխարինեք այդ մարդկանց:

Արթուր Թովմասյան - Ես չեմ մտնում այդ դաշտը: Օրենքի նախագծի հեղինակը ես չեմ: Ես ուղղակի ասացի, որ լավ արեցիք այդ հարցը տվեցիք, որովհետև իրականում աշխատանքով պիտի ապահոված լինի, որ կարողանա հասարակական հիմունքներով աշխատանք կատարի: Ոչ միայն այս բնագավառի, այլ նաև ցանկացած բնագավառում:

Արամայիս Աղաբեկյան – Ես ստիպված կարդում եմ օրենքի նախագծի հիմնավորումը:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Նստեք ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

         Վահրամ Բալայան  - Հարգելի գործընկերներ, բացասական եզրակացությամբ է ներկայացվել հանձնաժողովի կարծիքը, և այդ հիմնավորումները պարոն Պետրոսյանը, պարոն Մելքումյանը ներկայացրեցին: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Բալայան, հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

Արամ Հարությունյան - Պարոն Բալայան, ուզում եմ հարցնել ինչքան ժամանակ է եղել նախագիծը շրջանառության, և որ պատգամավորների կողմից են որևէ առաջարկություններ ներկայացվել:

 Վահրամ Բալայան - Դե հանձնաժողովի նիստ է եղել,  որոշակի առաջարկություններ են եղել:

Արամ Հարությունյան -Չէ, գրավոր առաջարկություններ:

Վահրամ Բալայան - Գրավոր առաջարկություններ չեն եղել:

Արամ Հարությունյան - Եթե չեմ սխալվում, երեք օր առաջ նիստի քննարկման մասին է խոսքը:

Վահրամ Բալայան - Հա, մի քանի օր առաջ:

Արամ Հարությունյան - Ի՞նչ առաջարկություններ, եթե կարելի է:

Վահրամ Բալայան - Դրա մասին, ես ասացի, պարոն Պետրոսյանը և պարոն Մելքումյանը այդ մտահոգությունները

Արամ Հարությունյան - Մտահոգություններ  էլի, ոչ թե  առաջարկներ:

Վահրամ Բալայան - Մտահոգություններ, և ասվեց դրա մասին, որ իսկապես անհրաժեշտություն կա այդ փոփոխությունների: Բայց աշխատանքի տեղ կա, խոսքը դրա մասին է: Չենք ասում դա պետք չի, պարզապես աշխատանք է պետք կատարել:  

          Գագիկ Բաղունց - «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` նախատեսվում է  մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել: Հերթագրվել են չորս պատգամավոր` Հարությունյան, Մելքումյան, Հակոբյան, ԳալստյանԽնդրեմ, պարոն Հարությունյան:

Արամ Հարությունյան - Շնորհակալություն: Կարճ կփորձեմ ամփոփել ընդհանուր տպավորություններս այսօրվա մեր աշխատանքներից: Մենք պարբերաբար արձանագրում ենք, որոշակի խնդիրներ էլ ունենք, առաջարկություններ, և պարոն Պետրոսյանը իր խոսքի մեջ նշեց, որ  բավականին վատն է եղած իրավիճակը,  և պարոն Մելքումյանը, և մնացած հարցերի շուրջ պարոն Գալստյանը բարձրաձայնեց, որ Ազգային ժողով դիմում է ներկայացվել, բայց, ցավոք սրտի, երբ գալիս է ժամանակը, մենք մեկ ամսից ավել հնարավորություն ունեինք առաջարկություններ անելու, չկար որևէ մեկ գործուն առաջարկ: Ես կարծում եմ սա արդեն ընդունված պրակտիկա է Ազգային ժողովում` խոսել, բայց ոչ մի բան չանել: Առաջարկում եմ բոլորիս այսուհետ համապատասխան կարգով անել ժամանակին առաջարկություններ: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Պարոն Մելքումյան, խնդրեմ: Թող պատրաստվի պարոն Գալստյանը:

Դավիթ Մելքումյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ փորձեմ հակիրճ ներկայացնել մեր հանձնաժողովում քննարկված այս հարցը և, ինչպես պարոն Հարությունյանն ասաց, եթե կան առաջարկություններ, իհարկե, պետք է նշված ժամկետում առաջարկություններ ներկայացվեն, բայց սա, իմ կարծիքով, այլ հարց է, իսկ եթե դու առհասարակ դեմ ես այդ գաղափարին, այսինքն, մենք մեր հստակ դիրքորոշումը արտահայտել ենք հանձնաժողովի նիստի ժամանակ: Սա ևս պետք է ազդակ լիներ, որ առհասարակ նման նախաձեռնությունները կամ նման օրենքի փոփոխությունները  պետք է ավելի խորը ուսումնասիրվեն: Տեսեք, մենք այսօր ունենք տրամադրված որոշակի ժամ, ունենք տարբեր մասնագետներ: Մենք այս հարցը քննարկում ենք դեռ նախորդ գումարումից: Քանի որ ես նախորդ գումարման որպես պատգամավոր նույն հանձնաժողովի կազմի մեջ էի, շատ հաճախ մենք հանդիպման ժամանակ այլ խնդիրներ ենք բարձրաձայնել, այսինքն, ինչպես ես քիչ առաջ նշեցի` տեխնիկական, շենքային և այլն, և այլն: Այսինքն ըստ Ձեզ, եթե մենք հիմա խորհուրդը փոխենք, ամեն ինչ լա՞վ է լինելու:  Սա է խնդիրը, եկեք ավելի խորը ուսումնասիրենք: Այո, նորից եմ շեշտում, կան խնդիրներ, կա պրոբլեմ: Ցավոք սրտի, այսօր մեր բնակչության զգալի հատված մենակ Արցախի Հանրայինի լուրերին է հետևում: Սա էլ մեզ համար խնդիր, որը որ պետք է նաև վերանայվի:  Նորից եմ շեշտում, ունենք այսօր հատկացված ժամանակ ազգային փոքրամասնությունների համար, որպեսզի իրենց ծրագրերը ներկայացնեն: Ի՞նչ նախաձեռնություններ կան: Խնդիրն այստեղ է: Եթե կան նախաձեռնություններ, կան ծրագրեր, որ այսօր, ելնելով ստեղծված իրավիճակից, ելնելով քաղաքական, չեմ ուզում փակագծեր բացել, անհրաժեշտությունից, սա պետք է քննարկվի պատգամավորների հետ և բացատրվի, որ  մենք ունենք այս ծրագիրը, բայց օրենքը խանգարում է: Եկեք օրենքը փոխենք, որպեսզի այս ծրագիրը նորմալ եթեր գնա: Եվ երկրորդը` ամենակարևորը, ինչ վերաբերվում է մարդկանց վարձատրման և առհասարակ այդ քաղաքականությանը, տեսեք, վստահ եմ, որ բոլորդ հանդիպել եք «տարբեր տեղերում կամ հասարակական կազմակերպություններում»: Առհասարակ «հասարակական» բառը, իմ կարծիքով, ինչ-որ տեղ նաև սիրողական է, այսինքն,  ես իմ ժամանակից տրամադրում եմ, բայց ես չգիտեմ իմ ժամանակը երբ է ազատ լինելու, որովհետև ինձ ոչ մեկը չի կարող պարտադրել գալ: Օրենքի հեղինակը պնդում է, որ այս կազմը, այս կառույցը պիտի նոր քաղաքականություն մշակի: Հիմա, ներողություն, եթե Արցախում կա նման պրոֆեսիոնալ կազմ, ես միայն ուրախ կլինեմ: Ես առաջարկում եմ փոխել նախկին կազմը այդ մարդկանցով, երկու անգամ շատ վարձատրել և պահանջել այդ մարդկանցից, որպեսզի ամբողջ քաղաքականությունը վերանայեն: Եվ ինչպես պարոն Թովմասյանն է ասում, այսօր ամբողջ աշխարհը անցել է հեռուստառադիոյի այդ բանին, այսինքն, իրենք պետք է նախաձեռնողը լինեն այս օրենքի փոփոխության: Հիմա չգիտեմ, պարոն Աղաբեկյանի փորձը Արցախի Հանրային հեռուստաընկերությունում կամ որպես լրագրող ինչքան է, բայց չեմ կարծում, որ ես կամ այստեղի պատգամավորներից, բացի մի քանի հոգուց, ովքեր որ աշխատել են երկար տարիներ: Սա լուրջ մոտեցում է պահանջում: Եվ նորից եմ շեշտում, այս ամենի հետ զուգահեռ պետք է նաև անդրադառնալ, թե այսօրվա այդ մարդկանց աշխատանքը ինչքանով ենք մենք կարողանում ապահովել` շենքային պայմանները, տեխնիկան և մյուս հարցերը: Այսինքն, սա զուգահեռ պետք է լուծվի: Դրա համար ոչ թե մենք ասում ենք վատ է, կամ չպիտի նման նախաձեռնություն լինի: Իհարկե, նախաձեռնությունը ողջունելի է, միանշանակ: Սա, եթե չեմ սխալվում, անցած գումարումից մինչև օրս առաջին պատգամավորական նախաձեռնությունն է, իհարկե, ողջունելի է, իհարկե, մարդիկ մտահոգված են: Բայց եկեք մի քիչ ավելի լայն նայենք: Ամբողջ խնդիրը սրանում է կայանում: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Կանոնակարգով հիմա ընդմիջում է, մենք պետք է որոշենք: Դեմ մարդ կա՞: Դեմ չկա, ձեռնպահ չկա, որոշումն ընդունված է:

Գագիկ Բաղունց - Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Պետրոսյանը:  

Մետաքսե Հակոբյան- Կմիանամ պարոն Մելքումյանի բոլոր ասածներին և կփորձեմ շարունակել: Պարոն Աղաբեկյան, միգուցե ես նաև իմ այդ բոլոր հարցերի մեջ ուզում էի ներառեի այն բոլոր անպատասխան հարցերը, որ ունեի առայսօր, և միայն մի հարցում համաձայն չեմ լինի, որ մենք ինչքան էլ Ազգային ժողովի պատգամավորներ ենք, ամեն դեպքում հավասար հարթակներում չենք: Դուք իշխանական թևի պատգամավոր եք, հետևաբար Ձեր բոլոր բերած  խնդիրները ավելի հեշտ են լուծվում,  Ձեր բերած բոլոր օրենքի նախագծերը, միանշանակ, հիմնականում անցնում են: Եվ այդ պատճառով, պայմանավորված դրանով նաև, մի օր առիթ կլինի, ես Ձեզ ցույց կտամ մեր նախագծերը մշակած, որոնք մենք այդպես էլ կյանքի չենք կոչում, որովհետև գիտենք արդյունքը, այնպես, ինչպես մեր արած առաջարկները, որ գոնե տարին մեկ ունենում ենք հնարավորություն բյուջեով անելու օրենքի նախագծում, և չի ընդունվում: Դրանով է պայմանավորված: Ինչ վերաբերվում է Ձեր բերած նախագծին, ասեմ, որ այո, մենք ինչ Ազգային ժողովում պատգամավորներ ենք, միշտ հեռուստատեսության, ռադիոյի խնդիրը կա, և միշտ հասկանալի է, որ խորհուրդը իր տեղում չէ, նորմալ չէ, և դա չի աշխատում: Բայց այստեղ հասկանալի է նաև, որ օրենքով սա չի կարգավորվելու: Սա զուտ կառուցվածքային խնդիր է, մեր հեռուստատեսության կառուցվածքային խնդիրն է, որը պետք է հիմնովին քանդվի, եթե հիշում եք, նախորդ տարի մենք ևս քննարկել ենք և ասել ենք` սկսած շենքային պայմաններից, և նոր որակի հեռուստատեսություն ստեղծվի: Փաստ` ՊՈԱԿ-ները ևս ունեն կառավարման խորհուրդներ, որոնք աշխատում են հասարակական հիմունքներով: Այնտեղ կար նույնիսկ հստակ, թե խորհրդի կազմում ինչ համամասնություն պիտի լինի, քանի հոգի, որ կառույցից պիտի լինեն: Եվ Արցախում այդ խորհուրդների մասին երևի ընդհանրապես որևէ մեկը տեղյակ չէ, դրանք ձևական` թղթի վրա են, և արձանագրություններն էլ են թղթի վրա արվում, և որևէ կերպ դպրոցների և կրթության որակի վրա չի ազդել, իսկ Հայաստանում էլ ճիշտ չաշխատելու դեպքում ուղղակի դրանք տապալվեցին, չկարողացան աշխատել: Այսինքն, այստեղ խնդիրը միայն գրելով չի, միայն ասելով չի, այստեղ վերաբերմունքն է, մոտեցումն է և հստակ հիմքային, խորքային աշխատանք տանելը: Թե չէ որևէ մեկը որևէ դրական փոփոխության, չեմ կարծում, եթե ես համարվում եմ, այսինք ոչ թե համարվում եմ, այլ ընդդիմադիր պատգամավոր եմ, որևէ մեկը դեմ չի որևէ լավ բանի: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Խնդրեմ, պարոն Պետրոսյան:  

Մարսել Պետրոսյան -  Շնորհակալություն: Ի լրումն իմ ասածի, կարող եմ շարունակել և առաջ քաշել այսպիսի մի խնդիր:  Ես իմ ելույթի սկզբում ասել եմ, որ դա հրատապ հարց է, հրատապ, բայց այն մոտեցումը, որ այսօր մենք ենք փորձում ցուցաբերել, շատ ժամանակավրեպ է, ուստի դա խորհրդատվությունների տեղիք է տալիս: Եթե մենք մեղադրում ենք խորհրդին, թե ինչում ենք մեղադրում, չգիտեմ, որովհետև ոչ-ոք որևէ ուսումնասիրություն չի կատարել, թե ընտրվելուց մինչ այսօր այդ խորհուրդը ինչ աշխատանքներ է կատարել, ինչպիսի նախաձեռնություններ է իրականացրել, թերացե՞լ է իր պարտականություններում, թե պարզապես հոյակապ է կատարել իր պարտականությունները: Մենք այս հարցերին այս պահի դրությամբ պատասխանել չենք կարող: Չենք կարող, որովհետև տեղեկատվություն չունենք: Դրա համար էլ ես ասում եմ, որ այն առաջարկը, որ օրենքի փոփոխությունների տեսքով ներկայացվել է Ազգային ժողովին, հիմնավորված չէ: Դա պետք է հիմնավորվի, որ ի վերջո խորհուրդը, որ գոյություն ունի արդեն բավականին տարիներ, ըստ էության ոչ ոք, որևէ վերադաս մարմին որևէ վերլուծություն, որևէ քննություն, որևէ ստուգում, որևէ լսումներ չի կազմակերպել, ուստի և այսօր գնահատական տալ այդ խորհրդին, կարծում եմ ոչ միայն անիմաստ է, այլ նաև ծիծաղելի: Ես չեմ կիսում պարոն Հարությունյանի կարծիքը առ այն, որ գրավոր առաջարկություններ չեն եղել: Այստեղ առաջարկությունների կարիք չկար: Ես չեմ ընդունում Հակոբյանի այն տեսլականը, որ ինչ-որ, չգիտեմ, իշխանական թևի ներկայացուցիչ և այլն, և այլն: Սա բավականին լուրջ հարց է, հարգելի գործընկերներ, և պետք չէ այս լրջությունը մենք տեղափոխենք այլ հարթակներ: Շատ լուրջ հարց է, որովհետև ես չեմ գտնում, որ մեզանից որևէ մեկը չի ուզում, որ մեր հեռուստատեսությունը լինի հոյակապ, գերազանց, և մենք հպարտանանք մեր հեռուստատեսությամբ, ես չեմ պատկերացնում որևէ հեռուստադիտող Լեռնային Ղարաբաղում: Ուստի և ես կարծում եմ, որ մենք բոլորս ենք մտահոգ, և եթե կուզեք, պարոն Աղաբեկյանը նույնպես շատ ավելի մտահոգ է` մեր համեմատ, որ այդ հեռուստատեսությունը լինի ավելի բարձրակարգ: Անկախ նրանից, թե իր առաջարկած փոփոխությունները այժմեական են, թե ոչ, բոլոր դեպքերում այն անհանգստությունը, որ ապրել է ինքը և ներկայացրել փոփոխությունների տեսքով, դա արդեն բավականին խոսուն երևույթ է: Ես նորից մնում եմ իմ առաջարկին, գտնում եմ, որ այս փոփոխությունները ժամանակին չեն: Դրա համար ժամանակ է պետք և լուրջ մոտեցում, վերաբերմունք` հանուն մեր հեռուստատեսության ապագայի: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, այնպիսի տպավորություն չստեղծվի, որ օրենքի նախագծի հեղինակը առաջարկում է ընդհանրապես գլխատել հեռուստառադիոընկերությունը, ուղղակի առաջարկվում է հանձնարարել, որ ամբողջ պատասխանատվությունը թող ստանձնի գործադիր ղեկավարությանը:  

         Այժմ քվեարկության է դրվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն: Քվեարկել են 24 պատգամավորներ:

Կողմ` 18, դեմ` 6:   

Որոշումն ընդունված է:

Անցնում ենք «Պատգամավորների հայտարարություններին»: Եթե նման ցանկություն կա, մենք հայտարարենք ընդմիջում: Կա առաջարկություն շարունակել աշխատանքները: Շատ լավ: Շարունակենք մեր աշխատանքները: Եթե կա ցանկություն պատգամավորական հայտարարությունների, խնդրում եմ գրանցվեք:

(Աղմուկ դահլիճում):

 Գագիկ Բաղունց - Ես ստիպված եմ ևս մեկ անգամ հայտարարել հերթագրման մասին: Հարգելի պատգամավորներ, ևս մի անգամ խնդրում եմ հերթագրվել: Գրանցում:  

(Աղմուկ դահլիճում):