«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2012թ. մարտի 29-ին

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի  նոյեմբերի  23-ի  ՀՕ-35  օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի «արտոնագրված» բառը փոխարինել «լիցենզավորված» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «երեխաների թիվը» բառերից հետո լրացնել «և նրանց ծնվելու ժամկետները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ  հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված  10. Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու երեխայի իրավունքը

 

 Յուրաքանչյուր երեխա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալ անվճար բժշկական օգնություն և սպասարկում:»:

 

Հոդված 4. Օրենքի  18-րդ հոդվածում`

1)1-ին և 2-րդ մասերի «արտոնագիր» բառը փոխարինել «լիցենզիա» բառով.

2) 4-րդ մասի «ա» կետի «արտոնագրմանը» բառը փոխարինել «լիցենզավորմանը» բառով:

 

Հոդված 5.Օրենքի  22-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «-դատաբժշկական» բառից հետո լրացնել «-խտաբանաանատոմիական:» բառով.

2) 7-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Ախտաբանաանատոմիական փորձաքննությունն իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի և այլ բժշկական մասնագետների մասնակցությամբ ախտաբանական հետազոտությունների արդյունքների և կլինիկական տվյալների համադրման և վերջնական ախտորոշման հաստատման նպատակով` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:»:

 

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 24. Ախտաբանաանատոմիական գործունեությունը

 

1. Ախտաբանաանատոմիական գործունեությունը բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որն իրականացվում է ախտաբանաանատոմիական հետազոտությունների, ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական փորձաքննության միջոցով:

2. Ախտաբանաանատոմիական հետազոտությունները հիվանդությունների ախտորոշման նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ-բժիշկները: Ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը և անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Ախտաբանաանատոմիական հերձումները մահացած անձի մահվան պատճառը որոշելու և նրա հիվանդության ախտորոշումը ճշգրտելու նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ-բժիշկները: Ախտաբանաանատոմիական հերձումը կարող է իրականացվել, եթե մահվան դեպքը օրենսդրությամբ սահմանված դատաբժշկական փորձաքննության առարկա չէ: Ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Ախտաբանաանատոմիական հերձումները կարող են չիրականացվել` հիմք ընդունելով մահացածի կյանքի օրոք հայտնած կամքը կամ նրա հարազատների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

5. Ախտաբանաանատոմիական հերձումները պարտադիր կարգով իրականացվում են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված որևիցե հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում.

2) վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության հիմնավորված կասկածի դեպքում.

3) նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան).

4) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում.

5) հղիների, ծննդկանների և ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքում.

6) այն դեպքում, երբ հիվանդը մահացել է բուժհաստատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում:

 Պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

6. Մահվան կամ հիվանդության ախտորոշման վերաբերյալ ախտաբանաանատոմիական  հետազոտության եզրակացությունը կցվում է մահացած անձի բժշկական փաստաթղթերին, իսկ դրա պահանջի դեպքում տրվում է նաև հարազատներին, օրինական ներկայացուցչին, ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը կամ դատարանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 7.Օրենքի  25-րդ հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար բժշկական ծառայությունների, դեղերի և (կամ) բժշկական պարագաների փոխհատուցման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

                                    

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                              Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

14 ապրիլի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-8-Ն