Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին

                                                                                                                                                                                                                       Ընդունվել է 1998թ. նոյեմբերի 23-ին

Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպական, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները։

 

           ԳԼՈՒԽ 1

 

     ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հիմնական հասկացություններ

 

1. Բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բնակչությանը կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական եւ ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում£

2. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված, բնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակներ ցուցաբերող ֆիզիկական եւ իրավաբանական անձ, անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն՝ անկախ կազմակերպական¬իրավական տեսակից եւ սեփականության ձեւից£

3. Առողջապահական պետական նպատակային ծրագրեր՝ ամենամյա ծրագրեր, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը եւ որոնց ֆինանսավորումն արտահայտված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում£

Առողջապահական պետական նպատակային ծրագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո հրապարակվում են լրատվական միջոցներով£

 

Հոդված 2. Բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական տեսակները

 

Բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական տեսակներն են՝

 

ա/ առաջնային բժշկական օգնությունը՝ որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների եւ տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից.

բ/ մասնագիտացված բժշկական օգնությունը՝ որպես ախտորոշման եւ բժշկական առանձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ£

Բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների ցանկը եւ կառուցվածքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը£

 

Հոդված 3. Բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ձեւերը

 

Բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպվում են՝

 

ա) հիվանդանոցային ձեւով, երբ անհրաժեշտ է բժշկական միջոցառումների համալիր կիրառում՝ ախտորոշում, բուժում, տեւական հսկողություն եւ հատուկ խնամք.

բ) արտահիվանդանոցային ձեւով, երբ դրա իրականացման համար չեն պահանջվում հիվանդանոցային պայմաններ£

 

 

ԳԼՈՒԽ 2

 

        ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ

            ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 4. Բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու մարդու իրավունքը

 

Յուրաքանչյուր ոք, անկախ քաղաքացիությունից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք£

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալ անվճար՝ պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում£

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրների հաշվին£

Այլ պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն£

 

Հոդված 5. Մարդու իրավունքները բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս՝

 

Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝

 

- ընտրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին.

-ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում .

- պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.

-իրազեկ լինել իր հիվանդության մասին եւ համաձայնություն տալ բժշկական միջամտության համար.

- հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից.

-արժանանալ հարգալից վերաբերմունքի՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից£

 

Հոդված 6. Բժշկական օգնության եւ սպասարկման ընթացքում հասցված վնասի փոխհատուցում ստանալու մարդու իրավունքը

 

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման եւ իրականացման ընթացքում իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալ փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով£

 

Հոդված 7. Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը

 

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձեւով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման եւ բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետեւանքների եւ բուժման արդյունքների մասին£

Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից£

18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին£

 

Հոդված 8. Համաձայնությունը բժշկական միջատմության համար

 

Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից£

Բուժողի կամ բուժվողի պահանջով համաձայնությունը կարող է լինել նաեւ գրավոր£

18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդին, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ հիվանդի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, բժշկական միջամտության համար համաձայնությունը տրվում է նրա  օրինական ներկայացուցչի կողմից£

Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ. բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով հիվանդի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության /կոնսիլիումի/, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկի կողմից£

 

Հոդված 9. Մարդու վերարտադրողական իրավունքը

 

Յուրաքանչյուր զույգ կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝

ա/ որոշել իր երեխաների թիվը.

բ/ անցանկալի հղիությունից եւ հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի պլանավորման արդյունավետ եւ անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ£

Հղիության արհեստական ընդհատումը եւ բժշկական ամլացումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով£

Յուրաքանչյուր ոք, ներառյալ դեռահասը, իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր սեռական առողջության պահպանման հարցերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, դրանց բարդությունների եւ հետեւանքների մասին£

 

Հոդված  10. Բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու երեխայի իրավունքը

 

Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից յուրաքանչյուր երեխայի անվճար բուժօգնություն եւ սպասարկում ստանալու հնարավորությունը, իրականացնում են երեխայի առողջության պահպանմանն ուղղված պետական նպատակային ծրագրերը£

 

Հոդված 11. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը

 

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ՝ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն եւ սպասարկում եւ բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում£

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը£

 

Հոդված 12. Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքները

 

Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով£

 

Հոդված 13. Զինծառայողների եւ զորակոչիկների բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքները

 

Զինծառայողները եւ զորակոչիկներն իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով£

 

Հոդված 14. Արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքները

 

Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ բժշկական օգնություն եւ սպասարկում են ստանում անվճար՝ պետության կողմից երաշխավորված կարգով£

 

Հոդված 15. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն£

 

Հոդված 16. Բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը առանց մարդու համաձայնության

 

Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն եւ սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաեւ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով£

 

Հոդված 17. Բժշկական միջամտությունից հրաժարվելը

 

Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն, բացի սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված դեպքերից£

Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետեւանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում եւ հավաստվում հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից£

 

ԳԼՈՒԽ 3

  ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

      ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները եւ նրանց իրավունքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագիր  ստանալու դեպքում£

Բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն համապատասխան կրթություն, մասնագիտացում ստացած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու արտոնագիր ստացած անձինք£

Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձանց թույլատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացնել բժշկական գործունեություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն£

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն՝

 

ա/ միավորվել մասնագիտական միություններում եւ դրանց միջոցով մասնակցել առողջապահական պետական նպատակային եւ ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական գործունեության արտոնագրմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը եւ միության կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացմանը.

բ/ պաշտպանել իրենց մասնագիտական պատիվը եւ արժանապատվությունը.

գ/ ապահովագրել իրենց մասնագիտական գործունեությունը£

 

Հոդված 19. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների պարտականությունները եւ պատասխանատվությունը

 

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները պարտավոր են՝

ա/ յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից.

բ/ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին.

գ/ յուրաքանչյուրին տեղյակ պահել նրան տրամադրվելիք բժշկական օգնության եւ սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի եւ պայմանների մասին.

դ/ յուրաքանչյուր մարդու կամ բժշկական օգնության համար այլ վճարողների պահանջով տրամադրել անհրաժեշտ տվյալներ հիվանդին ցուցաբերած բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների եւ այդ նպատակով կատարված ծախսերի մասին.

ե/ ապահովել մարդու բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.

զ/ ներկայացնել վիճակագրական եւ այլ տեղեկություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

է/ հոգատար եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերել հիվանդների նկատմամբ£

Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաեւ մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնելու դեպքում, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով£

 

ԳԼՈՒԽ 4

       ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ

              ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

Հոդված 20. Գործունեության առանձնակի տեսակներով զբաղվող մարդկանց պարտադիր բժշկական հետազոտումը

 

Առանձին մասնագիտությունների, ինչպես նաեւ առանձին ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ եւ մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով, նախքան նրանց աշխատանքի ընդունվելը եւ աշխատելու ընթացքում պարտավոր են պարբերաբար ենթարկվել բժշկական հետազոտման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով£

Գործատուները պարտավոր են հատուցել իրենց աշխատողների պարտադիր բժշկական հետազոտությունների անցկացման ծախսերը£

 

Հոդված 21. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը եւ կենսաբժշկական հետազոտությունների անցկացումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս թույլատրվում է նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառում եւ կենսաբժշկական հետազոտությունների անցկացում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով£

Մարդկանց բուժման նպատակով նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը, ցանկացած կենսաբժշկական հետազոտություն կարող է իրականացվել միայն նրանց իրազեկված գրավոր համաձայնության դեպքում£

Մարդը իրավունք ունի հրաժարվել հետազոտությանը մասնակցելուց դրա ցանկացած փուլում£

 

Հոդված 22. Բժշկական փորձաքննությունը

 

Մարդկանց առողջական վիճակի որոշման նպատակով հիվանդության, վնասվածքի, աշխատունակության կորստի եւ այլ դեպքերում կատարվում է բժշկական փորձաքննություն£

Բժշկական փորձաքննության ձեւերն են՝

- ժամանակավոր անաշխատունակության.

- բժշկաաշխատանքային.

- ռազմաբժշկական.

- դատաբժշկական£

Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը որոշում է մարդու աշխատանքից ժամանակավոր ազատման անհրաժեշտությունը եւ ժամկետները՝ պայմանավորված աշխատողի առողջական վիճակով, նրա ժամանակավոր կամ մշտապես այլ աշխատանքի փոխադրումը, ինչպես նաեւ մարդու բժշկաաշխատանքային փորձաքննության ուղեգրման հարցը£

Բժշկաաշխատանքային փորձաքննությունը որոշում է մարդու աշխատունակության կորստի աստիճանը, հաշմանդամության խումբը եւ պատճառը, սահմանում է նրա բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման տեսակները, ծավալը եւ անցկացման ժամկետները, տալիս է երաշխավորություն աշխատանքի տեղավորման համար։

Ռազմաբժշկական փորձաքննությունը որոշում է զինվորական ծառայության անցնելու ենթակա քաղաքացիների, զինծառայողների, պահեստազորի զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված զինծառայության պիտանիությունը, հաստատում է զինծառայողների եւ զինծառայությունից արձակվածների հիվանդությունների, վնասվածքների պատճառահետեւանքային կապը զինծառայության հետ, սահմանում է բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման իրականացման տեսակները, ծավալը եւ ժամկետները։

Դատաբժշկական փորձաքննություն իրականացվում է իրավասու մարմինների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրեսնսդությամբ նախատեսված դեպքերում։

Բժշկական փորձաքննության իրականացման, վիճելի դեպքերում կրկնական, լրացուցիչ, ինչպես նաեւ անկախ բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական փորձաքննության եզրակացության դատական կարգով գանգատարկման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ։

 

Հոդված 23. Էվթանազիայի արգելումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելվում է էվթանազիան՝ հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որեւէ գործողությամբ եւ միջոցներով։

Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Հոդված 24. Ախտաբանաանատոմիական հերձումները

 

Ախտաբանաանատոմիական հերձումներն անցկացվում են մահվան պատճառի որոշման եւ ախտորոշիչ նպատակներով։

Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։

 

ԳԼՈՒԽ 5

     ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

         ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 25. Բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրներն են՝

ա/ հատկացումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից.

բ/ ապահովագրական հատուցումները.

գ/ մարդկանց անմիջական վճարումները.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ։

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեով նախատեսված հատկացումներով իրականացնում է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության եւ սպասարկման երաշխավորված ֆինանսավորում  բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներին՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական տեսակից եւ սեփականության ձեւից։

Բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորումն ապահովագրական հատուցումներով իրականացվում է կնքված ապահովագրական պայմանագրերի համաձայն։

Մարդկանց կողմից անմիջական վճարումներ կատարվում են, եթե մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների ու ծավալների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասամբ չի իրականացվում սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ», «դ» կետերում նշված աղբյուրներից։

 

 

ԳԼՈՒԽ 6

 

     ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 26. Անցումային դրույթ

 

         Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝

 

            մշակել եւ ընդունել սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր։

 

   ԳԼՈՒԽ 7


      ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                     Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

12 դեկտեմբերի 1998 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-35