ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 4- ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2021Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

                        ժԱՄԸ   11:00

 

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության  անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներհրավիրվածներ:

Նիստին ներկա են 28 պատգամավորներ, բացակա՝ 5 - ը: Նիստը  վարում է  ԱԺ  նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

 

Գագիկ Բաղունց – Բարև բոլորին, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հրավիրվածներ: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 37-րդ հոդվածի պահանջին համապատասխան` սույն թվականի նոյեմբերի 11-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Առաջարկվել է 2021թ. նոյեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողով ներկայացված հետևյալ հարցերը` «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»։

Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում, և համապատասխան եզրակացությունով պատրաստ ենք ներկայացնելու արտահերթ նիստում, ուստի առաջարկում եմ անցնել նիստի աշխատանքներին և խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:

Գրանցում:

Նիստին ներկա են 28 հոգի, քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքը:

Այն հանրապետության նախագահի կողմից լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ԱՀ ՆԳՆ ոստիկանապետ Արտեմ Հարությունյանը: Խնդրեմ:

Արտեմ Հարությունյան - ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, ձեզ եմ ներկայացնում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթների ընդունման հիմնավորումը:

Քաղաքացիական զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են «Զենքի մասին» օրենքով: Օրենքների նախագծերի փաթեթների ընդունման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է որսորդական ակոսափող հրազենի ձեռքբերման մատչելիության ապահովմամբ և փաթեթներում ընդգրկված օրենքների համապատասխանեցմամբ:

Նախագծերի մշակման ընթացքում հաշվի է առնվել նաև հանրային շահը:

 Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է որսորդների հասարակական կազմակերպության անդամ քաղաքացու փոխարեն սպորտային և որսորդական ողորկ, երկփող հրազենի և որսորդական օդաճնշիչ զենք ձեռքբերելու իրավունքը վերապահել որսորդությամբ զբաղվելու իրավունք ունեցող քաղաքացուն,

 որսորդական ակոսափող զենք ձեռքբերելու իրավունքը վերապահել ոչ միայն պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայող, այլև նաև նշված կազմակերպություններում երբևէ ծառայած քաղաքացուն,

սահմանափակել զենքի գործադրմամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածությունը մարված կամ որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված վարչական իրավախախտումներ կատարած քաղաքացու` զենք ձեռք բերելու իրավունքը,

 որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունքը վերապահող, սեփականության իրավունքով ողորկ երկփող որսորդական հրազեն ունենալու ժամկետը կրճատել 2 տարով` 5 տարին դարձնելով 3 տարի,

 հստակեցնել ԱՀ նախագահի կողմից ԱՀ-ում զենքով պարգևատրելու դեպքերը,

օրենքում օգտագործվող լիազոր մարմինների անվանումները համապատասխանեցնել ներկայումս գործող անվանումներին,

 «Քրեական օրենսգրքի դատվածություն» վենագրով 83-րդ հոդվածում սահմանափակում նախատեսել քաղաքացիական զենք ձեռք բերելու համար:

Օրենքների նախագծերի փաթեթների ընդունման արդյունքում քաղաքացիների համար կապահովվի զենք ձեռք բերելու մատչելիություն, իսկ կարգազանց քաղաքացիների համար կնախատեսվեն լրացուցիչ սահմանափակումներ, «Զենքի մասին» և բնագավառը կարգավորող այլ օրենքներ կհամապատասխանեցվեն միմյանց:  

Հարգելի ներկաներ,  գլխադասային հանձնաժողովի քննարկման ժամանակ ներկայացված 2 առաջարկությունները ընդունվել և ներառված են փոփոխությունների փաթեթում։ Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց -  Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հիմա մենք կանցնենք հարցերին: Եթե հարցեր կան պարոն Հարությունյանին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր տալու համար հերթագրվել են 2 պատգամավոր` պարոն Բալայան և Պարոն Մոսիյան: Խնդրեմ, պարոն Բալայան, թող պատրաստվի պարոն Մոսիյանը:

Վահրամ Բալայան - … (չի լսվում): Ի՞նչն է հստակեցվելու: Ի՞նչ է դա նշանակում:

Արտեմ Հարությունյան - Այսինքն «Զենքի մասին» օրենքում ամրագրված է, որ նախագահը իրավունք ունի պարգևատրել զենքով, հիմա արդեն ավելացվել է, որ պետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար նախագահը իրավունք ունի պարգևատրի զենքով: Դրանից բացի պարգևատրելու կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը:

Գագիկ Բաղունց - Արձագանքո՞ւմ եք, պարոն Բալայան:

Վահրամ Բալայան - Իսկ մինչև հիմա նվիրածնե՞րը ինչ պիտի անի:

 Արտեմ Հարությունյան - Մինչև հիմա նվիրածների մասով չեմ կարող ասել: Ներկա պահին արդեն ներկայացված է օրենսդրական կարգավորում:

Արթուր Մոսիյան - Պարոն Հարությունյան, ասացիք, որ հանձնաժողովի կողմից  առաջարկությունն ընդունվել է: Ո՞ր առաջարկությունների մասին է խոսքը, այսինքն` այնտեղ բանավոր 2-ից շատ էր, տեսնենք որն է ընդունվել և որը դուրս մնացել:  

Արտեմ Հարությունյան - Պարոն Մոսիյան,  առաջին առաջարկությունը կապված է զենքի լիցենզավորման ժամկետի երկարձգման հետ` 5 տարին դարձնելով 10 տարի, երկրորդ առաջարկությունը կապված է այն պետական մարմինների ծառայողներին զենք ձեռք բերելու իրավունք վերապահել, ովքեր ծառայության ընթացքում իրավունք ունեն կրել հաշվեցուցակային կամ մարտական զենք, այսինքն` օրենքի համապատասխան հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ. որսորդական ակոսափող հրազեն կարող են ձեռք բերել որսորդությամբ զբաղվելու իրավունք ունեցող այն քաղաքացիները, որոնք ունեցել կամ ունեն ծառայողական կամ մարտական զենք կրելու իրավունք: Ձեր առաջարկությունը արդեն փոփոխության տեսքով ներկայացվել է:

Արթուր Մոսիյան - Մի հատ փոփոխություն էլ եղել է, հիմա ամբողջ Արցախը սահմանամերձ է, գիտեք ինչի մասին է խոսքը, այդ շրջանների ժողովրդին, պարոն Գալստյանի առաջարկն էր, այդ գումարի հետ` դոտացիոն կամ և այլն, և այլն: Այդ առաջարկությունը շատերի առաջարկությունն էր, այդտեղ տեղ չի գտել:

Արտեմ Հարությունյան - Այդ առաջարկությունը ընդհանրապես օրենքի նախագծի հետ կապ չունի, մենք չենք կարող նման առաջարկությունը հիմնավորել օրենքի նախագծում: Առանձին քննարկում է տեղի ունեցել, կարծում եմ պարոն Բաղունցը կպատասխանի այդ հարցին:

Գագիկ Բաղունց - Պարոն Մոսիյան, հարցը պարոն Գալստյանի առաջարկությամբ քննարկվել է ֆինանսների նախարարի և այսօր առավոտ պետության նախագահի հետ, համապատասխան կառավարության որոշմամբ հարցը կարգավորվելու է:

Արտեմ Հարությունյան - Օրենքում չի կարող տեղ գտնել, որովհետև նման իրավական կարգավորում հնարավոր չէ ամրագրել:

Գագիկ Բաղունց - Մենք ընթացքում դրա մասին խոսելու ենք, և պատգամավոր Գալստյանը, և պատգամավոր Ստեփանյանը, որը ալտերնատիվ նախագծի հեղինակ է, անդրադառնալու են այդ հարցին մեր այսօրվա քննարկումների ընթացքում: Շնորհակալություն, պարոն Հարությունյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար հրավիրվում է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Հայրապետյանը:

Սեյրան Հայրապետյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ, ներկաներ, «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում և տրվել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք այն ընդունել որպես օրենք:

Օգտվելով առիթից, քանի որ մեր հանձնաժողովային նիստերը փակ են լինում լրատվամիջոցների համար, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հանձնաժողովի կողմից մեր պատգամավորներին` պարոն Դանիելյանին, պարոն Ստեփանյանին, պարոն Մոսիյանին, պարոն Գալստյանին, պարոն Բաղունցին օրենքի մշակման, հարցերի  առաջադրման, առաջարկությունների ներկայացման, ինչպես քիչ առաջ ոստիկանապետը նշեց, որոնք հիմնականում ընդունվել են:

Գագիկ Բաղունց -  Շնորհակալություն, պարոն Հայրապետյան: Հարգելի պատգամավորներ, եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովի նախագահին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Զբաղեցրեք Ձեր տեղը:

 Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն` նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել:

Գրանցվել է 1 պատգամավոր: Պարոն Ստեփանյան, խնդրեմ:

Գեղամ Ստեփանյան - Հարգելի գործընկերներ, «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  նոր նախագծի անհրաժեշտության վերաբերյալ հարցը մեր խմբակցությունը բարձրացրել է ընթացիկ տարվա սկզբին` դեռևս 10 ամիս առաջ: Ոչ միայն հարցն ենք բարձրացրել, այլ նաև խորհրդակցելով մասնագետների հետ, իմ հեղինակությամբ պատրաստել և շրջանառության մեջ ենք դրել օրենքում փոփոխությունների նախագիծը: Անկեղծ ասած ինձ համար անհասկանալի պատճառներով ԱՀ կառավարությունը ամիսներ առաջ բացասական եզրակացություն է տվել նախագծին, և միակ հանգստացնող երևույթը եղել է այն, որ եղել է համաձայնություն բանավոր շարունակել քննարկումները, և դեռևս մարտ ամսին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կառավարությունը ավելի լայն լրամշակումներով նախագիծը պետք է բերի Ազգային ժողով: Եվ թեկուզ 6 ամիս անց, գրեթե նույն տրամաբանությամբ օրենքը մենք ուրախությամբ ենք ընդունում, որ այսօր արտահերթի օրակարգում է:

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո եռակողմ հայտարարության արդյունքում ԱՀ բազմաթիվ բնակավայրեր հայտնվել են շփման գծում և չկարգավորված հակամարտության ու պատերազմի վտանգի ամենօրյա պայմաններում խիստ անհրաժեշտ է նաև, որ ԱՀ քաղաքացիները ունենան նաև ինքնապաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու հավելյալ միջոցներ: «Զենքի մասին» գործող օրենքը որոշակի սահմանափակումներ է նախատեսում, մասնավորապես` ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու համար պետք է ունենալ 5 տարվա ողորկափող որսորդական հրազեն կրելու իրավունք: Եվ օրենքի այս դրույթը, կարծում եմ բոլորս էլ համաձայն ենք, չի համապատասխանում հետպատերազմյան իրողություններին ու հանրային պահանջներին: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ընդունումը ամբողջովին չի լուծում այն բացը, որը առկա է գործող օրենքում, և ներկայացված առաջարկությունները միայն սկիզբն են այն օրենսդրական կարգավորումների, որոնք անհրաժեշտ կլինի քննարկել և ընթացքավորել` համարժեք արձագանքելով մեր ազգաբնակչության համար այսօր թիվ մեկ մտահոգությանը` անվտանգության խնդիրներին: Հաշվի առնելով մեր բնակչության սոցիալական վիճակը, այս գաղափարը իմիջիայլոց շատերի մոտ է եղել, և այսօր առավոտյան մի քննարկում ենք ունեցել, և կա այսպիսի գաղափար, որպեսզի առաջարկվի կառավարությանը կարճ ժամանակում, այսինքն մինչև 2022 թվականի բյուջեի ընդունումը պատրաստվի կառավարության որոշման նախագիծ, որի տրամաբանությունը հետևյալը կլինի. այն քաղաքացին, որ ցանկություն կունենա ձեռք բերելու ակոսափող որսորդական հրազեն, իհարկե այստեղ քննարկումների շատ նրբություններ կան, իմ կարծիքով համապատասխան մոդելներ, կառավարությունը առնվազն կեսը, շատ ավելի լավ կլինի ավելին, սուբսիդավորի: Այս առումով մենք հնարավորություն կտանք հանրության ավելի լայն շրջանակների կարողանան օգտվեն այսպես ասած այդ ինքնապաշտպանության հավելյալ միջոցներ ձեռք բերելու իրավունքից: Մեր երկրում և մեր շուրջը ստեղծված նոր անվտանգային պայմաններում մենք պարտավոր ենք արագ արձագանքել և լուծումներ առաջարկել մարդկանց պաշտպանվածության հարցերին, այդ թվում` օրենսդրական կարգավորմամբ: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց -   Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Իսկ հիմա եթե եզրափակիչ ելույթի ցանկություն կա, խնդրեմ: Չկա: Հարցի քննարկումն ավարտված է:

Այժմ քվեարկության է դրվում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը: ։

Քվեարկություն:

Կողմ` 27, չի քվեարկել 1 հոգի: 

Որոշումն ընդունված է:

Շնորհակալություն, այսքանով ավարտում ենք արտահերթ նիստի աշխատանքները: