02 դեկտեմբերի 2021
02 դեկտեմբերի 2021
Դեկտեմբերի 2-ին Սևակ Աղաջանյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տեղեկացմամբ քաղաքային համայնքի 2022թ․ բյուջեի նախագիծը եկամուտների գծով նախատեսվում է 2 մլրդ 499 մլն 97,4 հազ ՀՀ դրամի չափով, ծախսերի գծով՝ 2 մլրդ 499 մլն 97,4 հազ ՀՀ դրամի չափով։ Ծախսերն ուղղվելու են շինարարության, շրջակա միջավայրի պաշտպանության, բնակարանային շինարարության և կոմունալ ու մշակութային ծառայությունների, կրթության ծրագրերի ֆինանսավորմանը։
Ասկերանի շրջանի վարչակազմի 2022թ․ ծախսերը, ըստ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Լևոն Ծատրյանի, կազմելու են 204 մլն 858,4 հազ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ այն աճել է 30 մլն 858 հազ ՀՀ դրամով։ Ծախսերն ուղղվելու են աշխատավարձի, էներգետիկ ծառայությունների ու շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման աշխատանքների կատարմանը։ 2021թ․ բյուջեի համեմատ 2022թ․ ծախսերը պակասել են 6 հոդվածով։ Շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ծախսերը 2022թ պետական բյուջեի նախագծում նախատեսված են 390 մլն 24 հազ ՀՀ դրամի չափով, որոնք 2021թ․ համեմատ աճել են 27 մլն 17 հազ ՀՀ դրամով։ Ասկերանի ՏԻՄ-ի համար 2022թ պետական բյուջեի նախագծում նախատեսվում է 254 մլն 165 հազ ՀՀ դրամ դոտացիա։
Մարտակերտի շրջանի 2022 թ․ համայնքային բյուջեի սեփական եկամուտները, շրջվարչակազմի ղեկավար Ա․ Ավանեսյանի փոխանցմամբ,կազմելու են 109 մլն 640 հազ ՀՀ դրամ, որը 2021թ․ համեմատ պակասել է 959 հազ ՀՀ դրամով՝ պայմանավորված թշնամու տիրապետության տակ մնացած վարելահողերի, անասնագլխաքանակի պակասման և ռիսկային գոտում գտնվող հողահանդակների չմշակման հետ։
Շրջանի 2022թ․ բյուջեի ծախսային մասը կազմելու է 457 մլն 365 հազ ՀՀ դրամ, որի աճը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ։
Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, մանրամասն ներկայացնելով շրջանի աշխատակազմի 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը, նշել է, որ ծախսերի ծավալը նախատեսվում է 202 մլն 609,9 հազ ՀՀ դրամի չափով։ Մարտունու շրջանի համայնքային բյուջեի եկամտային մասը, համաձայն համայնքների ներկայացրած տարբերակի,կազմելու է 154 մլն 683 ,7 հազ ՀՀ դրամ, իսկ ֆինանսների նախարարության կողմից առաջարկված տարբերակում՝ 174 մլն 167,3 հազ ՀՀ դրամ։
Այնուհետև տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուները պատասխանել են պատգամավորների հնչեցրած հարցերին, որոնք վերաբերում էին մայրաքաղաքի սանիտարահիգիենիկ իրավիճակին, բակերի ու փողոցների բարեկարգմանը, շրջաններում սանմաքրման ավտոբազայի թարմանցմանը, համայնքներում խմելու ջրի խնդրին, հետպատերազմյան վնասների հետևանքների վերացմանը, համայնքային տների վերանորոգմանը, նոր կառուցվող բնակելի թաղամասերի կառուցմամբ պայմանավորված բնակչության մոտավոր թվակազմին և այլն:
Համատեղ նիստն այնուհետև շարունակվել է իշխանության պետական կառավարման ու դատական մարմինների ծախսերի քննարկմամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի փոխանցմամբ ԱՀ նախագահի աշխատակազմի 2022 թվականի բյուջեն պլանավորվել է 883 մլն 737 հազ ՀՀ դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ աճել է 120 մլն ՀՀ դրամով՝ պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ և աշխատավարձային ֆոնդի բնականոն աճով:
2022թ. պետական բյուջեով խորհրդարանին նախատեսված հատկացումները կազմելու են 779 մլն 603,6 հազ ՀՀ դրամ։ Համեմատական աճը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ և պետական ծառայողների գործակիցների բնականոն աճով:
ԱՀ պետնախարարի աշխատակազմի 2022թ․ պահպանման ծախսերը կազմելու են 224մլն 478 հազ ՀՀ դրամ։
ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության 2022 թվականի ծախսերի նախահաշիվը կազմում է 341 մլն 918 հազ դրամ, ինչը 2021 թ. համեմատ շուրջ 12 մլն 567 հազ ՀՀ դրամով ավել է: Ծախսերի ավելացումը պայմանավորված է աշխատավարձային ֆոնդի աճով: Ընդ որում՝ կառավարչության հաստիքների օպտիմալացման շնորհիվ վերոնշյալ ավելացումը նախատեսվածից քիչ է կատարվել:Մնացած ծախսային հոդվածներում փոփոխություն չի եղել:
Դատական համակարգի պահպանման ծախսերը նախատեսվել են 738 մլն 837 հազ ՀՀ դրամի չափով, որը 2021 թ. բյուջեի համեմատ աճել է 13,4 տոկոսով ՝պայմանավորված աշխատավարձերի բնականոն աճով:
Արցախի Հանրապետության դատախազության 2022թ. պլանավորվող բյուջեի ընդհանուր ծախսը կազմում է 593 մլն 662,300 հազ ՀՀ դրամ, որը ընթացիկ տարվա համեմատությամբ նվազել է 35 մլն 8,2 հազ ՀՀ դրամով: Նվազումը պայմանավորված է հաստիքացուցակի փոփոխությամբ: Ընդհանուր ծախսի՝ 593 մլն 662,300 հազ ՀՀ դրամի մեջ աշխատավարձի ֆոնդը կազմում է 527մլն 760,400 հազ ՀՀ դրամ կամ 88,9 տոկոսը: 2022թ. բյուջեն պլանավորելիս դատախազությունը մնացած բոլոր հոդվածներում ծախսի նվազեցում է ապահովել:
Արդարադատության նախարարության 2022թ. պետական բյուջեն կազմելու է 467 մլն 390հազ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա բյուջեն 8 1մլն 551,400 հազ ՀՀ դրամով կամ 21,1 տոկոսով:Ավելացումը պայմանավորված է աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով:
Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, ներկայացնելով ապարատի 2022 թ-ի ծախսը, նշել է, որ այն նախատեսվում է 470 մլն 686,800 հազ ՀՀ դրամի չափով: 2021թ-ի համեմատ գումարն աճել է 115 մլն 771,6 հազ ՀՀ դրամով՝ հաշվի առնելով գործակիցների աճն ու աշխատավարձերի բարձրացումը։
Ներկայացնելով հաշվեքննիչ պալատի 2021 թվականի ծախսը՝ պալատի խորհրդի նախագահ Տիգրան Ծատրյանը նշել է, որ այն կազմելու է 194 մլն 83,9 հազ ՀՀ դրամ, որը աճել է նախորդ տարվա նախատեսվածից 39 մլն 702,3 հազ ՀՀ դրամով:
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով 2022թ. պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք գումարը կազմելու է 78մլն 267,900 հազ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 14 մլն 571,400 հազ ՀՀ դրամով: ՄԻՊ գործառույթների կատարման արդյունավետության ապահովման նպատակով աշխատակազմի կողմից ձևավորվել է նոր հոդված ՝մասնագիտական զարգացման ծառայություններ, որի իրականացման համար կտրամադրվի 400 հազ ՀՀ դրամի չափով գումար։
Քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի փոխանցմամբ խորհրդի 2022թ-ի պահպանման ծախսերը ավելացել են 20 մլն 267 հազ ՀՀ դրամով՝ կազմելով 123մլն 945 հազ ՀՀ դրամ, կառավարության կողմից սահմանված կադրերի ռեզերվի /կարճաժամկետ/ գումարը կազմելու է 150 մլն ՀՀ դրամ, վերապատրաստման համար՝ 16 մլն ՀՀ դրամ, ՄՌԿՏՀ –ի համար՝ 1 մլն ՀՀ դրամ։
Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանի ներկայացրած տեղեկատվության՝ 2022թ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեի ծախսը կազմելու է 88 մլն 347,5 հազ ՀՀ դրամ, որն աճել է 11 մլն 904,5 հազ ՀՀ դրամով։
Զեկուցողները պատասխանելե են պատգամավորների առաջադրած հարցերին:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ, ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: