ԼՈՒՐԵՐ
ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրինագիծը
30 նոյեմբերի 2021

Նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ:

Օրակարգում «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, կադաստրի և պետական գույքի կառավարման, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտների ֆինանսավորման հարցերն էին:

Գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի 2022թ.-ի ծախսերը, նշել է, որ այն կազմելու է 5 մլրդ 738 մլն 500 հազ ՀՀ դրամ, ինչը 2021թ-ի՝ 9 մլրդ 293մլն 088,7 հազ ՀՀ դրամի համեմատ նվազել է 3 մլրդ 554 մլն 588,7 հազ ՀՀ դրամով:

Մանրամասնելով ծրագրային հատկացումները՝ նախարարը ներկայացրել է թվով 20 ծրագրի իրականացման շրջանակ։ Արմեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած՝ փոխհատուցվող սերմացուների ցանկին, սահմանային վարելահողերի անվտանգությանը, արոտավայրերի նվազմանը, տոհմային կենդանիների ներկրմանը, կարկտացանցերի կիրառմանը և ոլորտին առնչվող այլ հարցերի:

2022թ. բյուջեով, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի խոսքով, կապիտալ ծախսերի համար նախատեսված է 30 մլրդ ՀՀ դրամ,որը ուղղվելու է կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի գերակա բնագավառներին՝ բնակարանաշինությանը, կրթությանը, ճանապարհաշինությանը, մշակույթին և սպորտին, ԱՀ բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, ԱՀ բնակավայրերում ջեռուցման համակարգերի վերակառուցմանը և ԱՀ էներգետիկ համակարգերի արդիականացմանը։ Արամ Սարգսյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ Ստեփանակերտի որոշ փողոցների ասֆալտապատմանը, ապաստարանների կառուցմանը, միջգյուղական ավտոճանապարհների բարեկարգմանը, բնակարանաշինությանը, տեղահանվածների բնակարանաշինության հայտարարված վերջնաժամկետին, հրետակոծությունից տուժած բնակարանների վերանորոգման աշխատանքներին վերաբերող հարցերին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 19մլրդ 577մլն 460 հազ ՀՀ դրամ։ Նախարար Հայկ Խանումյանը մանրամասն ներկայացրել է հիմնական ծրագրային ուղղությունները և պատասխանել փոքր էլեկրակայանների կառուցմանը, բջջային և ինտերնետ կապի ծառայությունների բարելավմանը, ավտոբուսային պարկի թարմացմանը, ՇՏՀ–ին կից լաբորատորիայի գործարկմանը և արտադրանքի իրացմանը, ինչպես նաև ոլորտում առկա այլ խնդիրների վերաբերյալ պատգամավորների առաջադրած հարցերին:

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ պետական բյուջեի ծախսերը կազմելու են 606 մլն 555 հազ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 78 մլն 378,8 հազ ՀՀ դրամով։Կոմիտեի նախագահ Ս Գալստյանը պատասխանել է տեղահանված քաղաքացիների շարժական գույքի և տեղահանված բնակիչների չգրանցված գույքի փոխհատուցմանը կամ ֆինանսավորմանը վերաբերող հարցերին։

Մշտական հանձնաժողովների համատեղ նիստն այնուհետև շարունակվել է ընդմիջումից հետո։

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Ա Մանգասարյանի փոխանցմամբ 2022թ բյուջեով նախատեսված է 15 մլրդ 819 մլն 800,0 հազ ՀՀ դրամ, որից 12 մլրդ 985 հազ ՀՀ դրամը ուղղվելու է բնակարանային ապահովման ծրագրին, 2 մլրդ 5 մլն ՀՀ դրամը ՝ բնակտարածքները գույքով և կենցաղային տեխնիկայով ապահովման ծրագրին, 334 մլն 800 հազ ՀՀ դրամը՝ բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով ֆինանսական օգնության տրամադրման ծրագրին։

Կոմիտեի նախագահը պատասխանել է 1988-92 թթ ԼՂՀ բռնագաղթված անձանց բնակարաններով ապահովելու, առաջարկվող ծրագրի սահմաններում բնակարանների տրամադրման սկզբունքների, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բնակարանների արժողության և ոլորտին առնչվող այլ հարցերի։

ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գ Հայրիյանը, ներկայացնելով ոլորտի ծրագրերը, նշել է, որ 2022թ բյուջեով նախատեսվում է տրամադրել 8 մլրդ 840 մլն ՀՀ դրամ, որի մեծ մասը՝ 8 մլրդ ՀՀ դրամը ուղղվելու է ջրային համակարգերի կառուցման, վերանորոգման, վերակառուցման և պահպանման ծրագրի աշխատանքներին։Պատգամավորների բարձրացրած հարցերը Պատարա- Ստեփանակերտ նոր ջրագծի կառուցման ու ջրասնուցման աշխարհագրության, նոր ջրագծերի կառուցման և առկա համակարգի բարելավման, ջրապաշարի բավարարվածության վերաբերյալ էին։

Բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Ա Գաբրիելյանը նշել է, որ համակարգի բնականոն աշխատանքի կազմակերպման համար ոլորտի ծախսերը 2022թ պետական բյուջեով կազմելու են 211 մլն 79 հազ ՀՀ դրամ։

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ծախսերը, հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի տեղեկացմամբ 2022թ. բյուջեն կազմելու է 240,1 մլն ՀՀ դրամ։ Ըստ կանխատեսումների՝ 2022թ-ին կարգավորող ընկերությունների կողմից ԱՀ պետական բյուջե կմուտքագրվի շուրջ 346,1 մլն ՀՀ դրամ։ Ոլորտի պատասխանաատուն պատասխանել է ռադիոհաճախականության տիրույթի հնարավոր անվտանգության և ինտերնետ կապի բարելավմանն ուղղված պատգամավորների հնչեցրած հարցերին։

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Հրանտ Սաֆարյանի փոխանցմամբ հիմնադրամին պետական բյուջեից այս տարի տրամադրվելու է 1մլրդ 316 մլն ՀՀ դրամ։Պահպանման ծախսերը կազմելու են 380 մլն դրամ։ Հիմնական ծախսերը ուղղվելու են առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը և առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկմանը: Հիմնադրամի նախագահը պարզաբանումներ է տվել ոլորտին առնչվող հարցերին:

Արցախի ներդրումային հիմնադրամի 2022թ.-ի ծախսերը ներկայացրել է Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը: Ըստ ներկայացրած տվյալների՝ 2022թ. պետական բյուջեի նախագծով «Աջակցություն Արցախի ներդրումային հիմնադրամին» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4.0 մլրդ ՀՀ դրամ։ Հիմնադրամի նախագահի տեղակալը պատասխանել է վարկավորման նոր ծրագրերին վերաբերող հարցին։

Նիստին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Ա Թովմասյանը, նախագահի տեղակալ Գ Բաղունցը, պատգամավորներ, ֆինանսների նախարարի տեղակալ Ն Ավանեսյանը։

ԼՈՒՐԵՐ