ԼՈՒՐԵՐ
ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը
29 նոյեմբերի 2021

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Վահրամ Բալայանը և Արթուր Հարությունյանը։

Քննարկվել են «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը։

Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, նշել է, որ 2022թ բյուջեով նախատեսվում է 880 մլն 750,8 հազ.ՀՀ դրամ, որը 2021թ համեմատ ավել է 12 մլն 457,6 հազ ՀՀ դրամով, ինչը պայմանավորված է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ և պետծառայողի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի բնականոն աճով։ Օտարերկրյա պետություններում ԱՀ մշտական ներկայացուցչությունների ծախսերը 2022թ. համար նախատեսվում է 580 մլն 237,3 հազ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 23 մլն 44 ,3հազ ՀՀ դրամի չափով՝ պայմանավորված արժույթների փոխարժեքների իջեցմամբ:Նախարարը նաև պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, Արցախի կարգավիճակին, արտաքին քաղաքականությանը, ԱՀ մշտական ներկայացուցչությունների գործունեությանը, առկա մարտահրավերներին, տեղեկատվական դաշտի ընդլայնմանը։

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, ներկայացնելով գալիք տարվա զբոսաշրջության ծախսերը, նշել է, որ զբոսաշրջության զարգացման ծրագրով նախատեսվում է բյուջեից հատկացնել 33 մլն 500 հազ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա 10,0 մլն-ի համեմատ: Ըստ նախարարի՝ զբոսաշրջության ծրագրի ծախսերը ուղղվելու են ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման ու մարքեթինգի և խթանման միջոցառումներին։Արմեն Թովմասյանը կարևորել է «Ճանապարհ թրեյլ» նախագծի շրջանակներում նոր քայլուղիների ստեղծումը, «Տուրիստ բուս» ծրագրի վերագործարկումը։Նախարարը պատասխանել է պատգամավորների՝ ներքին տուրիզմի զարգացմանը, զբոսաշրջային կոնկրետ երթուղիների ձևավորմանն ու դրանց անվտանգային ապահովվածությանը վերաբերող հարցերին։

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանն առանձնացրել է ոլորտի ծախսային հիմնական ուղղությունները«Ձայն արդարություն» ռադիոկայանի պահպանման համար նախատեսվում է ուղղել 10 մլն 841,2 հազ ՀՀ դրամ, ԱՀ հեռուստառադիոընկերության խորհրդին՝ 34 մլն 752,9 հազ ՀՀ դրամ, հեռուստատեսային և ռադիոծառայություններին՝ 443 մլն 614 հազ ՀՀ դրամ։ Խորհրդի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին կադրային քաղաքականությանը, մանկական և ժամանցային նախագծերի ընդլայնմանը, նոր իրողություններից բխող հաղորդումների գործարկմանը և այլն։

 

«Ազատ Արցախ» թերթի պահպանման ծախսերը, խմբագիր Նորեկ Գասպարյանի խոսքով, 2022թ.-ին 2021թ համեմատ փոփոխության չեն ենթարկվեի, չհաշված պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի 20 տոկոս բարձրացմամբ։Ըստ այդմ՝ թերթի պահպանման ծախսերը կազմելու են 106 մլն 503,2 հազ.ՀՀ դրամ: Թերթի խմբագիրը պարզաբանումներ է տվել թերթի տպաքանակի և հետևորդների նվազման, թերթի անվանակոչման վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին և առաջարկություններին։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը։

 

ԼՈՒՐԵՐ