ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
24 նոյեմբերի 2021

Նոյեմբերի 24-ին ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը  նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիկ Կասյանը։

Հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցման է ներկայացվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագիծը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Առկա խնդիրները կարգավորելու և տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացները ներդաշնակեցնելու նպատակով  նախագծով առաջարկվում է՝ հանել տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը, իսկ վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 16-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ կետում «10-ից ավելի տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ» բառերը հանելու  առաջարկություն էր ներկայացրել, որը չի ընդունվել լիազոր մարմնի կողմից։

Նախագծի հեղինակը հիմնավորումներ է տվել պատգամավորների հնչեցրած հարցերին և առաջարկություններին։ Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Աժ նախագահ Ա Թովմասյանը, պատգամավորներ  Դ Մելքումյանը, Դ Գալստյանը, Ա Հակոբյանը, Ա Մոսիյանը։

Քվեարկության արդյունքներով նախագծերի փաթեթը բացասական եզրակացությամբ ներկայացվել է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Ա Թովմասյանը։

ԼՈՒՐԵՐ