ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 4 -ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2021Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 18:30
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան – Բարի երեկո, հարգելի գործընկերներ, հարգելի նախարար, հրավիրվածներ: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջին համապատասխան` սույն թվականի նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Առաջարկվել է 2021թ. նոյեմբերի 10-ին ժամը 18:30-ին գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողով ներկայացված հետևյալ հարցերը. «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»: Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում և համապատասխան եզրակացությունով պատրաստ ենք ներկայացնելու արտահերթ նիստում, ուստի առաջարկում եմ անցնել նիստի աշխատանքներին և խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:
Գրանցում:
Նիստին ներկա են 30 պատգամավոր, 3 պատգամավոր հարգելի պատճառով բացակայում են: Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքը:
Այժմ սկսենք նախագծերի փաթեթի քննարկումը: Այն հանրապետության նախագահի կողմից լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Խնդրեմ, պարոն նախարար:
Միքայել Հայրիյան -Շնորհակալություն: «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Արցախի Հանրապետության օրենքը ունի արդիականացման կարիք` հաշվի առնելով բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կարանտինի սահմանման և օրենսդրության գործնականում կիրառման փորձը:
Նախագծով հստակեցվում են Արցախի Հանրապետության կառավարության առողջապահության ոլորտում լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, իրավասություններն ու պարտականությունները, դրանց համագործակցության հիմունքները, հստակ ձևավորվում են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մի շարք պահանջներ համաճարակների, համավարակների առաջացման դեպքում սահմանափակող միջոցառումների կիրառման, այսինքն` կարանտինի վերաբերյալ:
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով հստակեցվում են արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանությունն ու հիմնական միջոցառումները և դրանց իրականացման կարգն ու առանձնահատկությունները:
«Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առանձին գլուխ է հատկացվում կարանտինի պայմաններում օրենքում սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի վարույթին, հստակեցվում է գործերի քննության կարգը և ժամկետները:
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված՝ մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, վերջինս պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար:
«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում կամ կարանտինի պայմաններում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու դեպքում կիրառվող պատժամիջոցները:
Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում պետությունը կարող է իրականացնել մի շարք միջոցառումներ և կիրառել իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ: Օրինակ` պետությունը կարող է սահմանափակել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը բխում է պետության և հասարակության օրինական շահերից, քանի որ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ դրա առանձին դրսևորումները կարող են կանխել, օրինակ` ջրհեղեղի, քիմիական կամ կենսաբանական զենքի օգտագործման արդյունքում առաջացնող հնարավոր հետևանքները, օրինակ` վարակը կամ համաճարակը, և չնպաստել դրա տարածմանը:
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մի շարք պահանջներ, կկանոնակարգվի առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային վերահսկողությունը:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցության կողմից երկու փոփոխություն էր ներկայացված, որոնք ներառվել են վերջնական, լրամշակված փաթեթում: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հայրիյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:
Գրանցվել է մեկ պատգամավոր: Տիկին Հակոբյան, խնդրեմ:
Մետաքսե Հակոբյան - Պարոն Հայրիյան, ցանկացած օրենք, իհարկե, իրավական է իր ձևակերպումներում: Ես ծանոթացել եմ բոլոր ութսուն էջերի հետ և ավել, համաձայն եմ օրենքում տեղ գտած բոլոր փոփոխությունների հետ, սակայն օրենքը, իհարկե, պիտի կիրառելի լինի, և հուսով եմ, որ գործնականում մենք բոլոր այդ տեսական պահերը ապահոված կլինենք, և չի լինի ամռանը ռազմական դրության ժամանակ, երբ որ սեփականության վերաբերյալ օրենք եղավ, որևէ կերպ չկիրառվեց: Ինչևէ, հարցս հետևյալն է. արդյո՞ք մենք ունենք նաև մահճակալների այն բավարար քանակը, որ կարողանանք ապահովել քովիդով հիվանդներին, և ինչո՞ւ համար եմ այս հարցը տալիս, որովհետև պատերազմից առաջ մենք առաջարկել էինք ինֆեկցիոն հիվանդանոցը դարձնել քովիդի կենտրոն, ինչը, տեղյակ չեմ, կարծես թե չի կատարվել առայսօր, միգուցե կա ծրագրում: Եվ նաև առաջարկում եմ պատվաստվելու հետ կապված, որովհետև մենք կհաղթահարենք նաև քովիդը, ըստ իս, եթե ազգաբնակչության մեծ մասը պատվաստված լինի: Ինչո՞ւ չեն կատարվում բավարար ազդեցություն թողնող քարոզչություն, որովհետև ըստ իս դա պիտի կատարեն ոչ թե պետական պաշտոնյաները` համոզելու կամ հոխորտանքի միջոցով, այլ հեղինակավոր բժիշկները ազգաբնակչության մեջ քարոզեն պատվաստվելու հետևանքները, արդյունքները, և նաև պատվաստվելը լինի մատչելի, որովհետև երբ ես էի գնացել պատվաստվելու, կարծես թե մարդիկ պիտի գան գրանցվեն, հետո նոր ինչ-որ որոշ ժամանակ անց, գան պատվաստվեն: Առաջարկում եմ, որ պատվաստվելու հնարավորությունը լինի ամեն տեղ և ոչ միայն բուժհիմնարկներում:
Միքայել Հայրիյան - Շնորհակալություն: Սկսեմ ինֆեկցիոն բաժանմունքից, ամենակարևորը: Այս պահին ինֆեկցիոն հիվանդանոցը լիարժեք մեծահասակների քովիդ հիվանդանոց է, և գրեթե բոլոր մահճակալները, ասենք, այնտեղ պառկում են հիմնականում միջին և թեթև ընթացքով քովիդով հիվանդները, ամբողջովին այդ մահճակալային ֆոնդը օգտագործվում է քովիդի տակ: Մենք ամեն օր ենք համալրում քովիդի մահճակալային ֆոնդը, և այս պահին նաև նոր մասնաշենքի երրորդ հարկի, քանի որ հարմարեցված է թթվածնին, այնտեղ ապահովության համար ևս հիսուն մահճակալ ենք ավելացնում, առաջ աստված, պետք չգա մեզ դա: Այս պահին նաև ավելացնում ենք Մարտակերտում, Մարտունիում՝ ապահովության համար, և Ասկերանում:
Ինչ վերաբերվում է պատվաստմանը, իհարկե, Դուք իրավացի եք, ուղղակի կան պատվաստանյութեր, որոնց մեկ սրվակը տասը հոգու չափով է, և այդ հերթագրումը կատարվում է, որ տասը հոգին լրանում են, անմիջապես կանչում են, մարդիկ մոտենում են և պատվաստվում: Պատվաստումը արդեն ավելացրել ենք, այս պահին ունենք չորս կետ Ստեփանակերտում, երկու կետ Մարտունիում և Մարտակերտում, վաղը կլինի Ասկերանում, այսինքն` մեր ընդհանուր կետերի ցանկը կկազմի 7 կետ: Անհրաժեշտության դեպքում, շատ հուսով եմ, որ այդ կետերի կարիքը ավելի շատ կլինի, և մենք ավելի շատ ու շուտափույթ կերպով կպատվաստվենք, որովհետև իրականում մեզ տարվա փորձը՝ համաշխարհային, ցույց է տալիս, որ միակ ճիշտ ելքը դա շուտափույթ կերպով պատվաստվելն է: Եվ նշանակություն չունի մենք ինչ աստիճանի մահճակալային ֆոնդ ունենք, եթե մենք այս տեմպով շարունակենք, մահճակալային ֆոնդը, միևնույն է, կգա այն ժամանակը, որ չի հերիքի, եթե մենք նույնիսկ եռապատկենք մեր բոլոր ֆոնդը:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք:
Մետաքսե Հակոբյան - Կուզեի այս ամբիոնից հնչեցնեիք, որ անպայման կներգրավեք հեղինակավոր բժիշկների, ովքեր համապատասխան աշխատանքները կտանեն բնակչության մեջ, և մարդիկ ավելի շատ կգնան պատվաստվելու, որովհետև երևի կրկնվեմ, բայց երբ որ դա ասում է պետական պաշտոնյան և դա ասում է հոխորտանքի ձևով, հաստատ հակառակ էֆեկտ է ունենում:
Միքայել Հայրիյան - Միանշանակ իրավացի եք, և այս պահին, ճիշտն ասած, հոկտեմբերի 10-ից արդեն ակտիվ, նոյեմբերին ավելի ակտիվ մեր բժիշկները ամեն օր հանրային հեռուստատեսությամբ և ֆեյսբուքյան էջերում հորդորում և բացատրում են մաքսիմալ ինչ է կատարվում մեզ հետ այս պահին, և ինչ հնարավոր հետևանքներ կարող է դա ունենալ: Շնորհակալություն, անպայման կաշխատենք այդ հարցի շուրջ:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հայրիյան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է սոցիալական և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:
Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, օրենքների նախագծերի փաթեթը ուսումնասիրվել է և քննարկվել է հանձնաժողովի նիստում: Չնայած այն հանգամանքին, որ ժամանակը քիչ էր, իսկ փաթեթը բավականին ծավալուն, հնարավորինս մանրակրկիտ քննարկումից հետո և առաջարկները ընդունելուց հետո հանձնաժողովում ներկա երեք անդամները կողմ են քվեարկել և դրական եզրակացությամբ ներկայացնում ենք` առաջարկելով այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Տասը վայրկյան հարցերի համար: Հարցեր չկան: Զբաղեցրեք Ձեր տեղը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ցանկություն, խնդրեմ: Չկա: Իսկ հիմա եզրափակիչ ելույթի ցանկություն, խնդրեմ: Չկա: Հարցի քննարկումն ավարտված է:
Այժմ քվեարկության է դրվում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 29, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Շնորհակալություն, այսքանով ավարտում ենք մեր աշխատանքները: