ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

  7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ   4- ՐԴ  ՆՍՏԱՇՐՋԱՆ

   2021Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 - Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ

                                                            ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

                ժԱՄԸ   11:00

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության  անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներհրավիրվածներ:

       Նիստին  ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը: Նիստը  վարում է  ԱԺ  նախագահ  Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան -     Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, Ազգային ժողովի կանոնակարգ  օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ սույն թվականի նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:

Առաջարկվել է 2021թ. նոյեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով Ազգային ժողով ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը` Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին:

Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում, և համապատասխան եզրակացությունով պատրաստ ենք ներկայացնելու արտահերթ նիստում: Ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նիստի աշխատանքներին և խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:

Գրանցում:

Ներկա են 30 պատգամավորներ, 3 պատգամավորներ հարգելի պատճառով բացակայում են: Քվորում ունենք:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ստեփանակերտում մնացել էին ընդամենը մի քանի հարյուր մարդ, և նրանց համար միևնույն է` մեռնել հայրենիքի համար, թե ապրել հանուն նրա: Այսօր արդեն այդ չարաբաստիկ օրվա տարելիցն է: Օրվա առիթով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հինգ խմբակցությունները որոշել էին Ստեփանակերտի Ազատության հրապարակում միասնության և նահատակների ոգեկոչման հանրահավաք կազմակերպել: Սակայն հաշվի առնելով հանրապետությունում կորոնովիրուսային վարակի արագ տեմպերով տարածումը` որոշեցին արտահերթ նիստում հանդես գալ հայտարարությամբ:

         1992-94 թվականների արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մեծ մասը: 1994 թվականի մայիսի 12-ին հաստատված անժամկետ զինադադարը, թեև խախտումներով և մարդկային կորուստներով, պահպանվեց մինչև 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Ապրիլյան պատերազմով Ադրբեջանը կրկին բացահայտ ցույց տվեց արցախահայության ոչնչացմանն ուղղված իր անմարդկային և հայատյաց նպատակները: Եվ վերջապես, ադրբեջանական նենգ ու բարբարոս քարոզչամեքենան և իշխանական գործիքակազմը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ 2020 թվականի աշնանը սանձազերծած արյունոտ պատերազմով փորձեցին ավարտին հասցնել ազգակործան, Արցախի բնիկ հայության ոչնչացման վաղեմի ծրագիրը: Սակայն, շնորհիվ մեր ազգի քաջազուն զավակների, այսօր, թեպետ մկրտված, բզկտված, բայց ունենք Արցախ հայրենիքի մի փոքր մաս: Արցախյան երեք պատերազմները, ցավոք, հարստացրին հայրենանվեր նահատակների աստղաբույլը: Նրանք անմահացան, որպեսզի ամուր ու կանգուն մնա մեր հայրենիքը:

2020 թվականի ցավալի պատերազմից հետո միշտ պետք է հիշենք. որ ազգի լավագույն, անձնուրաց հերոս տղաները իրենց կյանքը տվեցին և իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքի այս փոքրացած մասը: Նրանց բոլորի թողած պատգամը թերևս մեկն է` ապրել, արարել, հզորանալ այս հողի վրա: Ուստի պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի հավերժ ապրի նաև հերոսների անունն ու գործը: Խնկարկում և ոգեկոչում ենք հերոս նվիրյալների սուրբ հիշատակը և խոնարհվում նրանց հուշաքարերի և հարազատների առջև: Մեկ րոպե լռությամբ հարգենք արցախյան բոլոր պատերազմներում նահատակված բոլոր հայորդիների հիշատակը:

(Լռության րոպե):

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, քանի որ արտահերթ նիստի օրակարգը նախօրոք հաստատված է, իսկ դուք տեղյակ եք երեկվա միջադեպին, երբ մենք ունեցանք մեկ զոհ և երեք վիրավոր, խորհրդակցելով խմբակցության ղեկավարների հետ, այս նիստից հետո մեր խմբակցությունները հանդես կգան դատապարտող հայտարարությամբ: Եթե հարցեր լինի այդ մասով, խնդրում եմ այդ հարցերը ինձ տաք:

Այսօր էլ շարունակվում է ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական նկրտումները Արցախի ժողովրդի նկատմամբ` անտեսելով և արհամարհելով ռուս խաղաղապահների առաքելական գործունեությունը: Անպատժելիության մթնոլորտում վխտացող ադրբեջանական կողմը 2021 թվականի նոյեմբերի 8-ին` ժամը 15-ին, կրակոցներ է արձակել Շուշիի մոտակա խաչմերուկում ջրամատակարարման շինարարական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է քսաներկուամյա երիտասարդ, երեք անձ էլ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են: Եռակողմ հայտարարությունից հետո քանիցս նման դեպքերի ականատեսը եղանք, ինչը վերահաստատում է Ադրբեջանի հանցավոր, հայատյաց, հակահումանիստական և ուժի կիրառման սպառնալից գործելակերպը: Խստորեն դատապարտում ենք այս և նման արարքները և պահանջում պատշաճ հետաքննություն:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Խնդրեմ, պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան - 2020 թվականի աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ագրեսիա է  իրականացրել Արցախի Հանրապետության հանդեպ և 44 օր տևած պատերազմի արդյունքում բռնազավթել է  հանրապետության տարածքի մեծ մասը:

Իր պատմական հայրենիքից Արցախի բնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր ընտանիքներ են ունեզրկվել և հայրենազրկվել, ոչնչացվել ու պղծվել են ազգային-մշակութային և քրիստոնեական հարյուրավոր հուշարձաններ ու կոթողներ:

Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված զինադադարով կասեցվել է արյունահեղությունը: Այդուհանդերձ, մեր խորին համոզմամբ, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության սպառնալիքը կարող է կանխվել և տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, գերեվարված մեր հայրենակիցների ու բռնի տեղահանվածների հայրենի օջախներ վերադարձնելու և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, անհետաձգելի քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու և հիմնախնդրի համապարփակ լուծումն ապահովելու նպատակով:

Ոգեկոչելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների հիշատակը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացների օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական նորմերին` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, վերահաստատում է՝ ազատ ու անկախ Արցախը պահպանելու 1988 թվականին ստանձնած հանձնառությունը և Արցախի Հանրապետության ժողովրդի վճռականությունը՝ հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իր իրավունքը պաշտպանելու գործում:

Ք. Ստեփանակերտ

09 նոյեմբերի, 2021թ.

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Հարգելի գործընկերներ, եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Թովմասյան:

Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանին: Խնդրեմ:

Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, հանձնաժողովում քննարկվել է և դրական եզրակացություն է ներկայացվել հայտարարությանը:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Բալայան: Եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովի նախագահին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:

 Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթներ, բնականաբար, չկա:

Քվեարկության է դրվում Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը:

Քվեարկություն:

Կողմ` 30, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:

Հայտարարությունն ընդունված է:

Այսքանով ավարտեցինք օրակարգային հարցի քննարկումը: Շնորհակալություն, մենք ավարտում ենք արտահերթ նիստի աշխատանքները: Շնորհակալություն բոլոր  մասնակիցներին: Ցտեսություն:

Արթուր Մոսիյան - Առաջարկություն ունեմ, պարոն Թովմասյան, նաև բացի հայտարարությունից, որպես հանձնաժողովի նախագահ, առաջարկում եմ փակ հանդիպում կազմակերպել մեր գործադիր իշխանության անվտանգության պատասխանատուների հետ նաև խորհրդարան-գործադիր քննարկում անելու` այդ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Մոսիյան:  Հիմա ես մինչև մի քանի րոպեն հանրապետության նախագահին կասեմ, որ անվտանգության խորհրդի ուժային մարմիններում աշխատողներին մեր հինգ խմբակցության նախագահները հանդիպենք նախագահի և ուժային կառույցների ղեկավարների հետ: Ես լրացուցիչ կասեմ, տեղյակ կպահեմ խմբակցության ղեկավարներին, նաև ինչ ֆորմատով: