ԼՈՒՐԵՐ
Կայացել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
10 նոյեմբերի 2021

Նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Գրիգորյանի նախագահությամբ նիստ է հրավիրել:

 Օրակարգում  «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ  իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  նախագծերի փաթեթի քննարկումն էր:

Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը :

Օրինափաթեթը ներկայացրել է ԱՀ առողջապահության նախարար Մ. Հայրիյանը:

  Նախագծով հստակեցվում են ԱՀ կառավարության, առողջապահության ոլորտում լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, իրավասություններն ու պարտականությունները, դրանց համագործակցության հիմունքները,ինչպես նաև  լրացվում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները՝ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում, Արցախի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման դեպքում դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում կարանտինի սահմանումը, կիրառվող սահմանափակող միջոցառումները, բժշկական պարտադիր զննությունը, պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և առողջության ապահովման պահանջները:

 Նախագծով մի շարք հոդվածներ համապատասխանեցվել են գործող օրենսդրության պահանջներին:

«Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առանձին գլուխ է հատկացվում կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի վարույթին, հստակեցվում է գործերի քննության կարգը և ժամկետները:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված՝ մարդու, որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը՝ վերջինս պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար: Այդ իսկ պատճառով արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում պետությունը կարող է իրականացնել մի շարք միջոցառումներ և կիրառել իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ:

Նախարարի հավաստմամբ՝ նախագծի  ընդունմամբ կսահմանվեն սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մի շարք պահանջներ և կկանոնակարգվի առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային վերահսկողությունը:

Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց օրենքների նախագծերի փաթեթին և առաջարկեց գործադիրին՝ ուսումնասիրել նիստի ընթացքում հնչեցված առաջարկություններն ու հարցադրումները օրինափաթեթի վերաբերյալ և  լրամշակված տարբերակով ներկայացնել արտահերթ նիստի քննարկմանը:

Հանձնաժողովի նիստին հրավիրված էին ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալները:

ԼՈՒՐԵՐ