ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել
09 նոյեմբերի 2021

Սիրելի´ հայրենակիցներ

2020թ նոյեմբերի 9-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացել էր ընդամենը մի քանի 100 մարդ և նրանց համար միևնույն էր մեռնել հայրենիքի համար, թե ապրել հանուն նրա։

Այսօր լրանում է այդ օրվա մեկ տարին:

Օրվա առիթով ԱՀ ԱԺ 5 խմբակցություններ որոշել էին Ստեփանակերտի Ազատության հրապարակում միասնության և նահատակների ոգեկոչման հանրահավաք կազմակերպել, սակայն, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ տեմպերով տարածումը՝  որոշեցին արտահերթ նիստում հանդես գալ հայտարարությամբ։

1992-94 թթարցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մեծ մասը։1994թ մայիսի 12-ին հաստատված անժամկետ զինադադարը, թեև խախտումներով և մարդկային կորուստներով, պահպանվեց մինչև 2016թ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։

Ապրիլյան պատերազմով Ադրբեջանը կրկին բացահայտ  ցույց տվեց արցախահայության ոչնչացմանն ուղղված իր անմարդկային և հայատյաց նպատակները։

Եվ վերջապես  ադրբեջանական  նենգ ու բարբարոս քարոզչամեքենան և իշխանական գործիքակազմը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ  2020թ աշնանը սանձազերծած արյունոտ պատերազմով փորձեցին ավարտին հասցնել ազգակործան, Արցախի բնիկ հայության ոչնչացման վաղեմի ծրագիրը։

Սակայն, շնորհիվ մեր ազգի քաջազուն զավակների, այսօր, թեպետ մկրատված, բզկտված, բայց  ունենք Արցախ հայրենիքի մի փոքր մաս։

Արցախյան 3 պատերազմները, ցավոք, հարստացրին հայրենանվեր  նահատակների աստղաբույլը։ Նրանք անմահացան, որպեսզի կանգուն ու ամուր մնա մեր հայրենիքը։

2020թ ցավալի  պատերազմից հետո  միշտ պետք է հիշենք, որ  ազգի լավագույն, անձնուրաց , հերոս տղաներն  իրենց կյանքը տվեցին և իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքի այս փոքրացած մասը։

Նրանց բոլորի թողած պատգամը թերևս մեկն է՝ ապրել,արարել, հզորանալ այս հողի վրա։ Ուստի պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի հավերժ ապրի նաև մեր հերոսների անունն ու գործը։

Խնկարկում և ոգեկոչում ենք  հերոս նվիրյալների  սուրբ հիշատակը և խոնարհվում նրանց հուշաքարերի ու հարազատների առջև։

ԼՈՒՐԵՐ