ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
21 հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 21-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիկ Կասյանը:

Քննարկվել է  ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինափաթեթը: Այն ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Առաջարկվող փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության  պարբերականությանը, տեխզննության կտրոնի փոխարինմանը արատորոշման քարտով:

Նախագծով տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:

Նիստին հրավիրված էր ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանը: Ոստիկանությունը հանդես է գալիս որպես գործընթացը վերահսկող մարմին:

Պատգամավորների  հարցադրումներից ու հիմնական զեկուցողի պարզաբանումներից հետո օրինափաթեթը քվեարկության դրվեց: ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին:

 

ԼՈՒՐԵՐ