ԼՈՒՐԵՐ
Կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
21 հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 21-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն էր: Նա հիմնավորեց փոփոխության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն միտված է տնտեսվարող սուբյեկտների բեռի թեթևացմանը:

Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի՝ 2021 թվականի հունվարի 1-ից առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը ենթակա է լիցենզավորմանՆշված գործունեության կազմակերպման համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված է պետական տուրք Ստեփանակերտ քաղաքում՝ 500 000 դրամի չափով, շրջկենտրոններում՝ 100 000 դրամի չափով, շրջկենտրոններից դուրս՝ 50 000 դրամի չափով: Սակայն, հաշվի առնելով արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական ծանր հետևանքները, նախաձեռնության հեղինակները  նպատակահարմար են գտնում  երկարաձգել առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը և նշված գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 1-ից:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը  կողմ քվեարկեց  օրենսդրական  նախաձեռնությանը, այն դրական եզրակացությամբ կներկայացվի առաջիկա լիագումար նիստին:

 

 

ԼՈՒՐԵՐ