Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին

Ընդունված է 2003 թվականի

դեկտեմբերի 24-ին

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

 

 Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետության բյուջետային համակարգը և կանոնակարգում բյուջետային գործընթացը:

(1-ին հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 11.

Օրենքի գործողության ոլորտը

 

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների վրա:

(11-ին հոդվածը լրաց. 31.05.2006 ՀՕ-292, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 12.

Սահմանումներ և հասկացություններ

 

 

Սույն օրենքի իմաստով`

1. Բյուջետային եկամուտներն են օրենսդրությանը համապատասխան պետական և համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցների և սույն օրենքով բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներին դասվող միջոցների):

2. Բյուջետային ծախսերն են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին օրենսդրությամբ վերապահված գործառույթների ֆինանսական ապահովման նպատակով (բացառությամբ վարկերի և փոխատվությունների տրամադրման, ներգրավված փոխառու միջոցների մարումների, ինչպես նաև բաժնետոմսերի և կապիտալում մասնակցության և այլ արժեթղթերի ձեռք բերման դեպքերի) համապատասխան բյուջեներից ուղղվող դրամական միջոցները:

3. Կապիտալ կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն են պետական և համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների ստեղծմանը (ձեռք բերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը:

4. Ընթացիկ ծախսերն են այն ծախսերը, որոնք ընդգրկված չեն կապիտալ ծախսերում:

5. Փոխառու միջոցներն են պետության կամ համայնքի կողմից թողարկված արժեթղթերի տեղաբաշխումից, ինչպես նաև վարկերի և բյուջետային փոխատվությունների տեսքով բյուջեներ ստացվող միջոցները:

6. Ֆինանսական ակտիվներն են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող իրավաբանական անձանց բաժնետոմսերը, կապիտալում այլ մասնակցությունը և այլ արժեթղթերը, բյուջեներից տրամադրված բյուջետային վարկերը և փոխատվությունները, ինչպես նաև բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:

7. Ոչ ֆինանսական ակտիվներն են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները (հիմնական ֆոնդերը), բարձրարժեք ակտիվները, չարտադրված ակտիվները, պետական ռազմավարական և համայնքային նշանակության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքները:

8. Բյուջետային մուտքերն են պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցները: Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեին օրենքով ամրագրված բյուջետային եկամուտները, բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, բյուջեից տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների գումարների վերադարձից, ոչ դրամային տեսքով այլ ֆինանսական ակտիվների և ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող, ինչպես նաև ներգրավված փոխառու և այլ դրամական միջոցները:

9. Բյուջետային ելքերն են Սահմանադրությամբ և օրենքներով պետական և համայնքների բյուջեներից պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների իրականացմանն ուղղվող դրամական միջոցները: Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախսերը, ինչպես նաև ֆինանսական ակտիվների (բացառությամբ բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի) ձեռքբերումները և ներգրավված փոխառու միջոցների մարումները:

10. Բյուջետային հատկացումներն են բյուջեն հաստատող իրավական ակտով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գծով նախատեսված միջոցները:

11. Բյուջեն հաստատող իրավական ակտն է պետական բյուջեի մասով Ազգային ժողովի ընդունած` տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքը, իսկ համայնքի բյուջեի մասով` համայնքի ավագանու ընդունած` համայնքի բյուջեի մասին որոշումը: Բյուջեն հաստատող իրավական ակտը սահմանում է համապատասխան բյուջեի տվյալ տարվա մուտքերը և ելքերը, բյուջետային հատկացումների բաշխումն ըստ դրանց գլխավոր կարգադրիչների, ինչպես նաև այլ նորմատիվ դրույթներ, որոնք գործում են միայն այն ժամանակահատվածում, որի համար ընդունվել է բյուջեն (եթե այլ բան չի նախատեսվում բյուջեն հաստատող իրավական ակտով):

12. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներն են պետական բյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները և (կամ) պետական հիմնարկները` իրենց գծով սահմանված հատկացումների մասով, իսկ համայնքի բյուջեով նախատեսվող հատկացումների գծով` համայնքի ղեկավարը: Բյուջեներով նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այդ ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի լիազորություններն օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ (այդ ծրագրերը պետական բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կամ համայնքի ավագանու որոշմամբ (այդ ծրագրերը համայնքի բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կարող են վերապահվել համապատասխանաբար պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանմանը, այլ հիմնարկի: Բյուջետայինհատկացումների գլխավոր կարգադրիչի իրավասությունը և պարտականությունները սահմանվում են օրենսդրությամբ:

13. Պետական լիազորված մարմինն է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

14. Նպատակային բյուջետային մուտքերն են`

1) օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում կառավարության (կամ համայնքի) և վերջինիս միջոցներ հատկացնողի միջև կնքված գործարքով նախատեսված որոշակի բյուջետային ելքերի կատարման նպատակով կառավարությանը (կամ համայնքին) նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող (կամ նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող ապրանքների դրամայնացումից) պետական (կամ համայնքի) բյուջե մուտքագրվող գումարները.

2) առանձին բյուջետային ելքերի ֆինանսավորման նպատակով օրենքով սահմանված պարտադիր վճարների գծով պետական կամ համայնքի բյուջե մուտքագրվող գումարները:

15. Նպատակային բյուջետային ֆոնդը համապատասխան բյուջեին օրենսդրությամբ ամրագրված բյուջետայինմուտքերի կազմից օրենքով կամ կառավարության կամ համայնքի ավագանու որոշումներով առանձնացվող մուտքերի որոշ տեսակների (կամ դրանց հստակ սահմանված մասի) և բացառապես դրանց հաշվին ֆինանսավորվող բյուջետայինելքերի ամբողջությունն է: Նպատակային բյուջետային ֆոնդը համապատասխան բյուջեի բաղկացուցիչ մասն է:

16. Արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) հաշիվներն են պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ գանձապետական միասնական հաշվում պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող ենթահաշիվները, ինչպես նաև բանկային համակարգում գործող հաշիվները: Արտաբյուջետային հաշիվները բացվում են և նախատեսված են`

1) առանձին դեպքերում նպատակային բյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարվող ելքերի (ներառյալ` նպատակային բյուջետային ֆոնդերի մուտքերի և ելքերի) կատարման և առանձնացված հաշվառման համար.

2) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման համար.

3) դատական, նախաքննական և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների անվամբ դատավարական և կատարողական վարույթի նորմերի հիմքերով իրավաբանական և ֆիզիկական անձանցից բռնագանձվող, բռնագրավվող, առգրավվող, ի պահ վերցվող կամ գրավադրվող դրամական (նաև արտարժութային) միջոցների ստացման և դրանք օրենքի հիման վրա որոշված ստացողներին հետագա փոխանցումն ապահովելու համար.

4) պետական լիազորված մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման համար.

5) պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ` սակարկությունների կազմակերպման հետ կապված նախավճարների գանձումը և վերադարձն ապահովելու համար.

6) պետական հիմնարկների անվամբ` իրավաբանական անձանց վճարահաշվարկային սպասարկման համար.

7) պետական մարմինների անվամբ` որոշակի ոլորտներում առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող տնտեսական գործունեության արդյունքում առաջացող բացասական հետևանքների վերացման և ռիսկերի կառավարման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով այդ սուբյեկտների կողմից կատարվող վճարների կամ մասհանումների տեսքով ստացվող միջոցների կուտակման համար.

8) պետական և համայնքային հիմնարկների անվամբ` օրենքով կամ կառավարության (համայնքի ավագանու) որոշմամբ նախատեսված աղբյուրներից այլ նպատակներով միջոցների կուտակման համար:

(12-րդ հոդվածը լրաց. 25.12.2014 ՀՕ-75-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 2.

Պետական և համայնքի բյուջեները

 

                      (վերնագիրը փոփ. 31.05.2006 ՀՕ-292, փոփ. 19.12.2007 ՀՕ-98)

 

 1. Պետական և համայնքի բյուջեները` պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին` օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագրեր են:

 2. Բյուջեները կազմվում, քննարկվում և հաստատվում են օրենքով սահմանված կարգով:

(2-րդ հոդվածը փոփ. 31.05.2006 ՀՕ-292, փոփ. 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 3.

Արցախի Հանրապետության բյուջետային համակարգը

 

(վերնագիրը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

1. Արցախի Հանրապետության բյուջետային համակարգն իրավունքի նորմերով կարգավորվող Արցախի Հանրապետության տնտեսական հարաբերությունների և Արցախի Հանրապետության պետական կառուցվածքի վրա հիմնված հետևյալ երկու մակարդակի բյուջեների ամբողջությունն է`

ա) առաջին մակարդակ` պետական բյուջե.

բ) երկրորդ մակարդակ` համայնքների բյուջեներ:

2. Պետական և համայնքների բյուջեները հիմնվում են ֆինանսական, դրամավարկային և հարկային միասնական պետական քաղաքականության վրա:

3. Արցախի Հանրապետությունում բյուջետային համակարգը հիմնվում է հետևյալ ընդհանուր սկզբունքների վրա`

ա) բյուջետային համակարգի միասնականություն.

բ) բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատում.

գ) բյուջեների ինքնուրույնություն.

դ) բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվություն.

ե) բյուջեների հաշվեկշռվածություն.

զ) բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածություն.

է) բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետություն.

ը) բյուջեների հրապարակայնություն.

թ) բյուջետային միջոցների հասցեագրվածություն և նպատակայնություն.

ժ) բյուջեների իրատեսություն:

(3-րդ հոդվածը լրաց. 31.05.2006 ՀՕ-292, փոփ. 19.12.2007 ՀՕ-98, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 4.

Արցախի Հանրապետության համախմբված բյուջեն

 

(վերնագիրը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

Պետական բյուջեն և համայնքների բյուջեները (այսուհետ` բյուջեներ) կազմում են Արցախի Հանրապետության համախմբված բյուջեն, որի մուտքերը` օրենքով` սույն հոդվածում թվարկված բյուջեներին ամրագրված աղբյուրներից ձևավորվող (ձևավորված) դրամական միջոցների (առանց միջբյուջետային փոխանցումների գծով մուտքերի), իսկ ելքերը` օրենքով սահմանված ուղղություններով ծախսվող (ծախսված) դրամական միջոցների (առանց միջբյուջետայինփոխանցումների գծով ելքերի) համապատասխան հանրագումարներն են:

(4-րդ հոդվածը փոփ. 19.12.2007 ՀՕ-98, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 5.

Բյուջետային հիմնարկը

 

 

1. Սույն օրենքի իմաստով բյուջետային հիմնարկներ են բյուջեներից ֆինանսավորվող պետական և համայնքային հիմնարկները:

2. Պետական մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվն ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է դրա ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Տեղական ինքնակառավարման մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվը համայնքի բյուջեով հաստատված ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է համայնքի ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշիվն ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է կառավարման վերադաս մարմնի ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

 

Հոդված 6.

Բյուջետային գործընթացը

 

 

 1. Բյուջետային գործընթացը` յուրաքանչյուր բյուջետային տարվա բյուջեները կազմելու, քննարկելու, հաստատելու և կատարելու, դրանց տարեկան հաշվետվությունը հաստատելու ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով կանոնակարգված գործունեությունն է:

2. Բյուջեների նախագծերը կազմվում են Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրի, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերին համապատասխան:

3. Արցախի Հանրապետությունում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին:

Բյուջետային տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) որոշմամբ կարող է շարունակվել նախորդ բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը (այսուհետ` եզրափակիչ շրջանառություն), եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան չի նախատեսվել:

4. Տվյալ բյուջետային տարվա համար բյուջետային գործընթացը սկսվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից առաջիկա տարվա բյուջետայինգործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը և ավարտվում տվյալ բյուջետային տարվա բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվությունը հաստատվելու օրը:

(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 31.05.2006 ՀՕ-292, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

 

Հոդված 7.

Բյուջետային հարաբերությունների կարգավորումը

 

 

 1. Բյուջետային հարաբերությունների կարգավորումը` բյուջետային համակարգի կազմակերպման, դրա կառուցվածքի սահմանման, բյուջեների միջև եկամուտների բաշխման, բյուջեների կատարման, հաշվետվությունների և հսկողության, բյուջետային դասակարգման և բյուջեներում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման ուղղությամբ իրավասու մարմինների` օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում իրականացվող գործունեությունն է:

2. Բյուջետային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով սահմանված բյուջետային համակարգիհիմքում դրվող սկզբունքներով:

 

 

Հոդված 8.

Բյուջետային համակարգի հիմքում դրվող սկզբունքները

 

 

1. Բյուջետային համակարգի միասնականության սկզբունքը նշանակում է իրավական հիմքի, դրամական համակարգիբյուջետային փաստաթղթերի ձևերի, բյուջետային դասակարգման, բյուջետային գործընթացի սկզբունքների, բյուջետային օրենսդրության խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցների միասնություն, ինչպես նաև բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ելքերի ֆինանսավորման և բյուջեների միջոցների բյուջետային հաշվառման վարման միասնական կարգ:

2. Բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատման սկզբունքը նշանակում է պետական և համայնքների բյուջեներին բյուջետային մուտքերի համապատասխան տեսակների (ամբողջապես կամ մասնակիորեն), ինչպես նաև այդ բյուջեներից ելքերի իրականացման գծով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների ամրագրում:

3. Բյուջեների ինքնուրույնության սկզբունքը նշանակում է`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակում օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն իրականացնել բյուջետային գործընթացը.

բ) բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակի բյուջեների մուտքերի` օրենսդրությանը համապատասխան որոշվող սեփական աղբյուրների առկայություն.

գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների միջոցների ծախսման ուղղությունները.

դ) պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները.

ե) բյուջեների մասին օրենքների (որոշումների) կատարման ընթացքում չստացված մուտքերի և լրացուցիչ ելքերի՝ բյուջետային համակարգի այլ մակարդակի բյուջեների հաշվին փոխհատուցման անթույլատրելիություն:

4. Բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվության սկզբունքը նշանակում է, որ օրենսդրությամբ սահմանված բյուջեների մուտքերը և ելքերը պարտադիր կարգով և ամբողջ ծավալով ենթակա են արտացոլման բյուջեներում: Պետական և համայնքների բյուջեների բոլոր ելքերը ենթակա են ֆինանսավորման` բյուջետայինհամակարգում կուտակված բյուջետային միջոցների հաշվին:

5. Բյուջեների հաշվեկշռվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեով նախատեսված ելքերի ծավալը չպետք է գերազանցի մուտքերի ծավալին:

6. Բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեի բոլոր ելքերը պետք է ծածկվեն բյուջեի մուտքերով: Մուտքերը չեն կարող կապվածություն ունենալ որոշակի ելքերի հետ, բացառությամբ նպատակային բյուջետային մուտքերի ստացման դեպքերի, կամ օրենսդրությամբ նպատակային բյուջետային ֆոնդերի ստեղծման դեպքում` դրանց մուտքերի:

7. Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը նշանակում է, որ բյուջեների կազմման և կատարման ժամանակ պետք է ելնել նախատեսված արդյունքի բյուջետային միջոցների նվազագույն ծավալի օգտագործմամբ կամ բյուջեով նախատեսված միջոցների ծավալով լավագույն արդյունքի հասնելու անհրաժեշտությունից:

8. Բյուջեների հրապարակայնության սկզբունքը նշանակում է`

ա) հաստատված բյուջեների և դրանց կատարման մասին հաշվետվությունների պարտադիր հրապարակումը մամուլում (սույն օրենքի 27-րդ և 40-րդ հոդվածների պահանջներին համապատասխան), բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիություն.

բ) բյուջեների նախագծերի քննարկման և որոշումների ընդունման գործընթացի պարտադիր թափանցիկություն հասարակության և զանգվածային լրատվության միջոցների համար: Ի տարբերություն համայնքների բյուջեների, պետական բյուջեի կազմում կարող են հաստատվել գաղտնի հոդվածներ:

9. Բյուջետային միջոցների հասցեագրվածության և նպատակայնության սկզբունքը նշանակում է, որ բյուջետայինմիջոցներն օրենսդրությանը համապատասխան հատկացվում են կոնկրետ ստացողներին` ֆինանսավորման հստակ նպատակների նշվածությամբ:

Բյուջետային միջոցների հատկացման ժամանակ օրենսդրության շրջանակներից դուրս ցանկացած գործողություն, որը հանգեցնում է բյուջեով նախատեսված միջոցների հասցեագրվածության խախտմանը կամ այդ միջոցների ուղղմանը բյուջեով չնախատեսված նպատակներին, որակվում է որպես օրենսդրության խախտում:

10. Բյուջեների իրատեսության սկզբունքը նշանակում է համապատասխան տարածքի (երկրի, համայնքի) զարգացման կանխատեսման և դրա հիման վրա բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման իրատեսություն:

(8-րդ հոդվածը փոփ. 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 9.

Բյուջեների դրամական մուտքերը և ելքերը

 

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.12.2007 ՀՕ-98, ուժը կորցրել է 25.12.2014 ՀՕ-75-Ն)

 

 

Հոդված 10.

Բյուջետային վարկերը և փոխատվությունները

 

 

 1. Բյուջետային վարկերը վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման ու վճարովիության սկզբունքով պետական բյուջեից համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դրամական տեսքով տրվող միջոցներն են:

Սույն օրենքի իմաստով բյուջետային վարկեր են համարվում նաև`

ա)(կետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

բ) կառավարության կողմից հաստատված որևէ ծրագրի շրջանակներում մի քանի իրավաբանական անձանց փոխադարձ պարտավորությունների կարգավորման հետևանքով պետական բյուջեի նկատմամբ որևէ իրավաբանական անձի` հարկային չհանդիսացող պարտավորությունները այլ իրավաբանական անձի վրա վերաձևակերպման (պարտքի փոխանցման) գծով գործառնությունը.

գ) բյուջետային երաշխիքի վճարմամբ ծագող հետադարձ պահանջները.

դ) վարկառուի կողմից ըստ վարկային պայմանագրի դրամական տեսքով մարվող պետության կողմից ապրանքային տեսքով տրվող վարկերը (դրամական տեսքով մարվող գումարի չափով):

2. Բյուջետային փոխատվությունները վերադարձելիության, արժեքավորման և ժամկետայնության սկզբունքով առանց վճարովիության սկզբունքի պետական բյուջեից և համայնքների բյուջեներից համայնքներին, առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով դրամական տեսքով տրվող միջոցներն են: Համայնքներին բյուջետային փոխատվությունները տրվում են վեց ամսից ոչ ավելի տևողությամբ և նշված փոխառուների կողմից ենթակա են վերադարձման նույն բյուջետային տարում:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

3. Բյուջետային վարկերի և փոխատվությունների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

(10-րդ հոդվածը լրաց. 31.05.2006 ՀՕ-292, փոփ. 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 11.

Բյուջետային երաշխիքները

 

 

1. Բյուջետային երաշխավորագիրը պարտավորություն է, որով երաշխավորվում է բյուջետային երաշխավորագիր ստացող անձի նկատմամբ համայնքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության (այսուհետ` պրինցիպալներ) պարտքային պարտավորությունների պատշաճ կատարումը` պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պետական բյուջեից և արտացոլվում առանձին տողով:

3. Բյուջետային երաշխավորագիրը (երաշխիքը) կազմվում է առանձին փաստաթղթի ձևով և ստորագրվում է միայն պետական լիազորված մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Այլ գրավոր գործարքներում նախատեսված երաշխավորության (երաշխիքի) մասին դրույթներն իրավական ուժ չունեն, բացառությամբ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթների:

Բյուջետային երաշխավորագրերի տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան: Բյուջետային երաշխավորագրերի (երաշխիքների) տրամադրման դիմաց պետական բյուջեի օգտին կարող է գանձվել վճար:

4. Տվյալ բյուջետային տարում երաշխավորվող պարտավորությունների ընդհանուր գումարը (բացառությամբ Արցախի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքների) չի կարող գերազանցել նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի քառասուն տոկոսը:

5. Երաշխիքների վճարմամբ Արցախի Հանրապետության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք:

(11-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.12.2008 ՀՕ-79-Ն, փոփ. 15.09.2011 ՀՕ-39-Ն, փոփ. 25.12.2014 ՀՕ-75-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 12.

Բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը

 

 

1. Բյուջետային տարվա համար բյուջեներով նախատեսված ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեներով նախատեսված հաշվարկային դրամական մուտքերը:

2. Բյուջեների ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեների հավելուրդը:

3. Բյուջեների եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կազմում է բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը):

Պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) ֆինանսավորվում է ներքին և արտաքին աղբյուրներից ստացվող փոխառու զուտ միջոցների, պետական բյուջեից տրամադրված փոխառու միջոցների վերադարձից ստացվող զուտ միջոցների, ինչպես նաև այդ բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին:

Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով, իսկ համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը` համայնքի տվյալ տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշմամբ:

(12-րդ հոդվածը փոփ.,19.12.2007 ՀՕ-98, փոփ. 25.12.2014 ՀՕ-75-Ն)

 

 

Հոդված 13.

Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

 

 

1. Տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է: Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը տվյալ տարվա համապատասխան բյուջեների մուտքն է:

2. Սույն օրենքով սահմանված կարգով հաստատված տվյալ տարվա պետական բյուջեի մուտքերի կազմում տվյալ տարվա պետական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի գումարը նախատեսված չլինելու կամ փաստացի ձևավորված գումարից պակաս չափով նախատեսված լինելու դեպքում կառավարությունն իրավասու է պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի ձևավորված փաստացի գումարի` հաստատված պետական բյուջեով չնախատեսված մասն ուղղել նախորդ (եզրափակված) բյուջետային տարում պետական բյուջեով նախատեսված, սակայն չֆինանսավորված` առկա ժամկետանց պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ելքերի ֆինանսավորմանը` դրանց գծով պետական բյուջեով նախատեսված հատկացումների տարեկան գումարների սահմաններում:

3. Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարի` սույն հոդվածի 2-րդ մասում չնշված նպատակներով օգտագործման ուղղությունները սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

4. Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը համայնքի ավագանու որոշմամբ սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով:

5. Համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է`

ա) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերի գծով` առկա պարտավորությունների կատարմանը.

բ) սույն մասի «ա» կետում նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար:

(13-րդ հոդվածը լրաց. 31.05.2006 ՀՕ-292, փոփ., խմբ. 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 14.

Բյուջեների միջոցների հաշվին կատարվող կապիտալ ծախսերը

 

 

1. Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի իրականացման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան: Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի իրականացման կարգով սահմանվում են`

ա) ծախսերի կատարման իրավական հիմքը` պետական կապիտալ ներդրումների ծրագրի, նպատակային ծրագրերի, գործադիր իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների առկայությունը.

բ) ծախսերի կատարման հիմնավորման տեխնիկատնտեսական չափանիշները, նախագծանախահաշվային փաստաթղթերը.

գ) ծախսերի կատարման փուլերը և ժամկետները.

դ) օբյեկտների ցանկի ներկայացման, քննարկման և հաստատման կարգը.

ե) բյուջեների նախագծերում և բյուջեների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության մեջ ծախսերի կատարման արտացոլման ձևը.

զ) բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի կատարման այլ դրույթներ:

2. Բյուջեների կապիտալ ծախսերն իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում կարող են ներդրումներ պարունակել, որոնք այդ իրավաբանական անձանց բաժնետոմսերի (բաժնեմասերի) նկատմամբ առաջացնում են պետության կամ համայնքների սեփականության իրավունք:

3. Պետական կապիտալ ծախսերի հաշվին ստեղծված` պետական սեփականություն համարվող գույքը հանձնվում է պետական համապատասխան մարմնի կառավարմանը կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի տնօրինմանը:

4. Պետական և համայնքային սեփականություն համարվող գույքի շահագործումից, կապիտալ ծախսերի հաշվին ստեղծված գույքի օտարումից կամ վարձակալությունից ստացված միջոցները փոխանցվում են համապատասխան բյուջեներ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

 

Հոդված 15.

Բյուջեների կատարումը

 

 

1. Բյուջեների կատարումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` համապատասխանաբար պետական և համայնքների բյուջեների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է:

2. Բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումն ու ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով:

3. Բյուջեների կատարման կազմակերպումն իրականացնում է պետական լիազորված մարմինը:

4. Բյուջեների կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա: Բյուջեների կատարման կարգով սահմանվում են`

ա) բյուջեների կատարման հիմնական սկզբունքը.

բ) բյուջեների կատարման ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, փաստաթղթաշրջանառության կարգը, ժամկետները, ծավալները.

գ) բյուջեների կատարման ժամանակ բյուջետային համակարգի սուբյեկտների պարտականությունները և իրավունքները.

դ) հաստատված բյուջեների հիման վրա եռամսյակային համամասնությունների սահմանման կարգը.

ե) բյուջեների կատարման ժամանակ, սույն օրենքին համապատասխան, բյուջետային հատկացումների կրճատման և ինդեքսացիայի կիրառման և դադարեցման դրույթները, դրանց կիրառման կարգը.

զ) սույն օրենքի 24-րդ և 37-րդ հոդվածներով սահմանված թույլատրելի չափաքանակների շրջանակներում, բյուջեների կատարման ընթացքում դրանցում փոփոխություններ կատարելու կարգը.

է) բյուջեների պահուստային ֆոնդից ֆինանսավորման կարգը.

ը) բյուջեների կատարման գործընթացի այլ դրույթներ:

5. Բյուջեների կատարումն ապահովելու նպատակով պետական լիազորված մարմինը, նրա գանձապետական ստորաբաժանումներն իրականացնում են`

ա) բյուջեների դրամարկղային սպասարկումը.

բ) բյուջեների կատարման ապահովումը` դրանց բյուջեների փաստացի մուտքերին և ելքերի ուղղություններին համապատասխան.

գ) պետական դրամական միջոցների (ներառյալ պետական և համայնքների բյուջեների միջոցները) համախմբումը միասնական գանձապետական հաշվում.

դ) գանձապետական հաշիվներում արտացոլված բյուջեների և բյուջետային հիմնարկների դրամական միջոցների կառավարման ապահովումը.

ե) պետական պարտքի կառավարման ապահովումը.

զ) բյուջետային հաշվառման և հաշվետվության մեթոդական ղեկավարումը.

է) բյուջեների կատարման ապահովման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

6. Բյուջեների մուտքերը կուտակվում են պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվում:

7. Պետական և համայնքային միջոցների մուտքերը և ելքերն արտացոլվում են պետական լիազորված մարմնի և նրա գանձապետական ստորաբաժանումների` յուրաքանչյուր այդպիսի սուբյեկտի համար բացված գանձապետական հաշիվներում:

8. Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներից գումարների վճարումը կատարում են պետական լիազորված մարմինը և նրա գանձապետական ստորաբաժանումները` վերջիններիս սպասարկող բանկերի միջոցով: Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներում բյուջետային միջոցների առկայության դեպքում վճարումները կատարվում են անվերապահորեն, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Պետական հիմնարկները կարող են գանձապետարանում կամ որևէ բանկում արտաբյուջետային միջոցների հաշիվներ բացել միայն Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև համայնքին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նվիրաբերության կամ վարկի տեսքով տրամադրվող դրամական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում կամ որևէ բանկում:

91. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի 1-ին կետում նշված արտաբյուջետային հաշիվներին տվյալ տարվա ընթացքում ստացվող` տվյալ տարվա հաստատված պետական կամ համայնքի բյուջեում չնախատեսված մուտքերի և դրանց հաշվին կատարվելիք ելքերի ծրագրային ցուցանիշները ենթակա են համապատասխանաբար կառավարության կամ համայնքի ավագանու (համայնքի արտաբյուջետային հաշվի մուտքերը նվիրաբերված գումարների հաշվին ձևավորվելու դեպքում` համայնքի ղեկավարի) որոշմամբ ներառման համապատասխանաբար պետական կամ համայնքի բյուջե, իսկ այդ միջոցների շրջանառությունը և բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

92. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի 2-8-րդ կետերում նշված արտաբյուջետային հաշիվների մուտքերը և ելքերը պետական և համայնքների բյուջեներում և դրանց կատարման հաշվետվություններում չեն արտացոլվում:

10. (մասն ուժը կորցրել է 25.12.2014 ՀՕ-75-Ն)

11. Բյուջեների միջոցների հաշվին ապրանքներ գնելու, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական գնումների մասին օրենքով սահմանված կարգով:

12. Պետության և համայնքի պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում և ուժի մեջ են մտնում գրանցման պահից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետության, համայնքների անունից պարտավորություններ ստանձնող պայմանագրերը (համաձայնագրերը) կնքում են միայն իրենց իրավասությունների սահմաններում:

13. Դատական ակտերի հիման վրա Արցախի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց կարող է տրվել մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ, համապատասխան դատարանի վճռի, դատավճռի և որոշման կամ միջնորդ դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթը ներկայացվելուց հետո` քսան օրվա ընթացքում:

Փոխանցվող մուրհակի օրական տոկոսադրույքի չափը հաշվարկվում է մուրհակի տրամադրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքով, ընդ որում, տոկոսները հաշվարկվում են մուրհակի տրամադրման օրվանից մինչև դրա մարման օրն ընկած ժամանակաշրջանի համար: Փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.05.2006 ՀՕ-292, փոփ. 19.12.2007 ՀՕ-98, փոփ., խմբ., լրաց. 25.12.2014 ՀՕ-75-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

Գ Լ Ո Ւ Խ  4

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

(վերնագիրը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 16.

Միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը

 

 

1. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝

ա) գործադիր իշխանության հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մաս.

բ) գործադիր իշխանության ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մաս:

2. Հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը պետք է պարունակի տեղեկություններ՝

ա) գործադիր իշխանության երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի և պարտքի գծով կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետայինցուցանիշների և ժամկետանց պարտքերի վերաբերյալ.

բ) հարկաբյուջետային նպատակների իրագործման ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ՝ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային նպատակների և (կամ) ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ.

գ) միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա և դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով մակրոտնտեսական, եկամուտների և ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ.

դ) կարևոր տնտեսական և այլ ենթադրությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները.

ե) գործադիր իշխանության ռազմավարական գերակայությունների վերաբերյալ՝ դրանց կարևորության հիմնավորմամբ.

զ) հիմնական հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ:

3) Ծախսային քաղաքականության ռազմավարությունը պարունակում է յուրաքանչյուր ոլորտի (և պետական կառավարման բոլոր մարմինների) համար հետևյալ տեղեկությունները՝

ա) այն արդյունքները, որոնց գործադիր իշխանությունը ցանկանում է հասնել տվյալ ոլորտում ծախսեր կատարելու միջոցով.

բ) ծախսային գործոնները, այդ թվում՝ ակնկալվող ժողովրդագրական, տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն տվյալ ոլորտում իրականացվելիք ծախսերի վրա.

գ) գործադիր իշխանության գերակայությունները կանխատեսվող ժամանակաշրջանում, այդ թվում՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսված.

դ) տվյալ ոլորտում արտաքին ֆինանսական աջակցության չափերը:

(16-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 17.

Պետական բյուջեի նախագծի կառուցվածքը և բովանդակությունը

 

 

1. Պետական բյուջեի նախագիծը ներառում է`

ա) Արցախի Հանրապետության Նախագահի բյուջետային ուղերձը.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

2. Արցախի Հանրապետության Նախագահի բյուջետային ուղերձը ներառում է`

ա) զեկույց բյուջետային տարվա սոցիալտնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին.

բ) պետության սոցիալտնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների կանխատեսումն առաջիկա երեք տարվա համար.

գ) պետական բյուջեի նախագծի հիմքում դրված միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես՝

բյուջետային եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի, համախառն և զուտ պարտքի գծով գործադիր իշխանության երկարաժամկետ նպատակները և պայմանական (հնարավոր) պարտավորությունները (երաշխիքները).

- մակրոտնտեսական, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի և պարտքի ցուցանիշների գծով ճշգրտված եռամյա կանխատեսումները.

- տնտեսության զարգացմանը և այլ հարցերին վերաբերող այն կարևոր ենթադրությունները, որոնց հիման վրա ճշգրտված են կանխատեսումները.

- միջնաժամկետ ծախսերի ծրագրում շարադրված՝ գործադիր իշխանության ռազմավարական գերակայությունները և առաջիկա տարվա բյուջեում արտացոլվելիք կոնկրետ գերակայությունները.

- ճշգրտված տեղեկատվություն՝ հիմնական հարկաբյուջետային ռիսկերի և դրանց հավանականության վերաբերյալ (բարձր, միջին, ցածր).

- միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից հետո գործադիր իշխանության քաղաքականության և հարկաբյուջետային նպատակների մեջ տեղի ունեցած էական փոփոխությունների նկարագրությունը և դրանց հիմնավորումը:

Սույն մասում նշված տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել ոչ թե որպես բյուջետային ուղերձի առանձին մաս, այլ ներառվել բյուջետային ուղերձի այլ բաղկացուցիչ մասերում.

դ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բացատրագիրը:

3. Բացատրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հիմնավորող փաստաթղթերի ամբողջություն է, որը ներառում է`

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, այդ թվում` դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող վարկերի տոկոսադրույքները և հատկացման ժամկետները, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա (այսուհետ՝ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 35-րդ հոդվածում ` նախորդ բյուջետային տարի) և առաջին տարվա (այսուհետ՝ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 35-րդ հոդվածում` ընթացիկ բյուջետային տարի) հաշվարկային և սպասվելիք համապատասխան ցուցանիշների նկատմամբ.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա համար հաստատված ցուցանիշների նկատմամբ.

գ) (կետն ուժը կորցրել է 25.12.2014 ՀՕ-75-Ն)

դ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը` ըստ օրենքով սահմանված հարկային և այլ եկամտատեսակների.

ե) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով առաջարկվող հատկացումների հիմնավորումը` ըստ բյուջետայինծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, այդ թվում` բյուջետային տարում տրամադրվող վարկերի և բյուջետային երաշխիքների ծավալներն ու ուղղությունները, բյուջետային ծախսերի հաշվարկները հիմնավորող նորմատիվները (համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում).

զ) պետական բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի`

- իրավական հիմքը,

- բովանդակությունը,

- խնդիրները և նպատակները,

- կատարման փուլերը և ժամկետները.

է) առաջիկա տարվա վերջի դրությամբ Արցախի Հանրապետության արտաքին և ներքին պարտքի կառուցվածքը, դրա համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.

ը) պետական բյուջեի պահուստային ֆոնդի և պետական պահուստների ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը.

թ) տեղեկություններ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 20-րդ մասում նշված մարմինների բյուջետայինֆինանսավորման հայտերով պահանջված և Արցախի Հանրապետության կառավարության առաջարկած հատկացումների հետ կապված համաձայնեցումների արդյունքների մասին.

ժ) տեղեկություններ` Արցախի Հանրապետության պետական բյուջեից համայնքների բյուջեներին օրենքով սահմանված կարգով տրամադրվող հատկացումների մասին.

ժա) (կետն ուժը կորցրել է 25.12.2014 ՀՕ-75-Ն)

ժբ) տեղեկություններ` պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների միջին տարեկան ցուցակային ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին, և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ` փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակի մասին.

ժգ)(կետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

ժդ) այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմնավորման համար:

4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներառում է`

ա) պետական բյուջեի եկամուտները և ծախսերը` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ.

բ) պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ.

գ)(կետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

դ) օրենքով սահմանված այլ դրույթներ և ցուցանիշներ:

(17-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.05.2006 ՀՕ-292, փոփ. 19.12.2007 ՀՕ-98, փոփ. 25.12.2014 ՀՕ-75-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 18.

Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները

 

 

1. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են՝

ա) հարկային եկամուտները,

բ) պետական տուրքերը,

գ) (կետն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-87-Ն)

դ) պաշտոնական դրամաշնորհները,

ե) այլ եկամուտներ:

2. Հարկային եկամուտներն են`

ա) ավելացված արժեքի հարկը.

բ) ակցիզային հարկը.

գ) շահութահարկը.

դ) եկամտային հարկը.

ե) գույքահարկը` համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար.

զ) հողի հարկը` համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար.

է) հաստատագրված վճարները.

ը) բնապահպանական և բնօգտագործման վճարները.

թ) առևտրի հարկը.

թ1) ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումները (մասհանումները) և (կամ) ճանապարհային վճարը.

թ2) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարներ,

թ3(կետն ուժը կորցրել է 25.12.2014 ՀՕ-75-Ն)

թ4) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը և օգտագործման պարտադիր վճարը.

թ5(կետն ուժը կորցրել է 25.12.2014 ՀՕ-75-Ն)

թ6) արտոնագրային վճարները.

թ7) դրոշմանիշային վճարները.

ժ) հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը` բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար գանձվող տուգանքների և տույժերի.

ժա) օրենքով պետական բյուջեին ամրագրված այլ հարկային եկամուտները:

3. Պետական տուրքերն են օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված` համայնքների բյուջեներին ամրագրված պետական տուրքի տեսակների:

31(մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-87-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-87-Ն)

5.  Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհները.

բ) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհները:

6. Այլ եկամուտներն են՝

ա) (կետն ուժը կորցրել է 21.12.2017 ՀՕ-47-Ն)

բ) բանկերում և ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մարմինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկամուտները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահութաբաժինները.

գ) պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.

դ) պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները).

ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.

զ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ` հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

է) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.

ը) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը.

թ) օրենքով սահմանած դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.

ժ) (կետն ուժը կորցրել է 25.12.2014 ՀՕ-75-Ն)

ժա) (կետն ուժը կորցրել է 25.12.2014 ՀՕ-75-Ն)

ժբ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:

(18-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.2004 ՀՕ-154, փոփ. 31.05.2006 ՀՕ-292, լրաց., խմբ. 19.12.2007 ՀՕ-98, խմբ., լրաց. 24.12.2008 ՀՕ-79-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-87-Ն, լրաց., փոփ. 25.12.2014 ՀՕ-75-Ն, լրաց. 21.12.2017 ՀՕ-81-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 181.

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը

 

                      (վերնագիրը փոփ. 25.12.2014 ՀՕ-75-Ն)

 

Պետական բյուջեին ամրագրվող ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերն են`

ա) պետությանը պատկանող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում` լուծարված պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի օտարումից պետական մասնակցության չափին համապատասխան մուտքերը).

բ) պետական սեփականություն համարվող բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը.

գ) պետական ռազմավարական պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) պետական սեփականություն համարվող չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը:

(181-րդ հոդվածը լրաց. 19.12.2007 ՀՕ-98, փոփ. 25.12.2014 ՀՕ-75-Ն)

 

 

Հոդված 19.

Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները

 

 

1. Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության ծրագրերը և ծախսերը` հետևյալ հիմնական ուղղություններով.

ա) ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.

բ) պաշտպանություն.

գ) հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն.

է) բնակարանային կոմունալ տնտեսություն.

ը) մշակույթ, սպորտ և կրոն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:

2. Պետական բյուջեի ծախսերում կարող են նախատեսվել պետական լիազորված մարմնի, հարկային պետական ծառայության, ինչպես նաև այլ պետական մարմինների համար ստեղծվող՝ աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է օրենքով: Ընդ որում, հարկային պետական ծառայության խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Հարկային ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները նշանակված են բացառապես պետական լիազորված մարմնի աշխատակիցների խրախուսման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են պետական լիազորված մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

(19-րդ հոդվածը խմբ. 31.05.2006 ՀՕ-292, փոփ., խմբ. 19.12.2007 ՀՕ-98, փոփ. 26.12.2013 ՀՕ-87-Ն, խմբ. 25.12.2014 ՀՕ-75-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 20.

Պետական բյուջեի պահուստային ֆոնդը

 

(վերնագիրը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

1. Պետական բյուջեում նախատեսվում է պահուստային ֆոնդ, որը տվյալ տարվա պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի ֆինանսավորման աղբյուրն է: Պետական բյուջեի ծախսային մասում պահուստային ֆոնդը ներկայացվում է առանձին հոդվածով:

2. Պետական բյուջեի պահուստային ֆոնդի մեծությունը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծախսերի հինգ տոկոսը:

3. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են կառավարության որոշումների հիման վրա:

(20-րդ հոդվածը փոփ. 24.12.2008 ՀՕ-79-Ն, փոփ. 25.12.2014 ՀՕ-75-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 21.

Համայնքների բյուջեներին տրվող հատկացումները

 

 

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են համայնքների բյուջեներին համայնքների ընթացիկ ծախսերի ծածկման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ (դոտացիաներ):

2. Համայնքներին չի կարող պարտադրվել հատկացված ֆինանսական միջոցների ուղղում կոնկրետ ծախսերի իրականացմանը:

3. Պետական բյուջեի ծախսերում կարող են նաև նախատեսվել համայնքների բյուջեներին հատկացվող`

ա) այլ դոտացիաներ` համայնքի բյուջեի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով որևէ ծախսատեսակի (ծրագրի) իրականացման հետ չկապակցված, անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ.

բ) սուբվենցիաներ` համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ: Արցախի Հանրապետության կառավարությունն իրավասու է հետ պահանջել համայնքից պետական բյուջեից համայնքին հատկացված սուբվենցիաների ոչ նպատակային ծախսված գումարները: Սուբվենցիաների տրամադրումն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(21-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 22.

Պետական բյուջեի նախագծի կազմումը

 

 

1. Պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպում է կառավարությունը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` այդ որոշմամբ և սույն օրենքով նախատեսված ժամկետներում:

2. Պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից՝

ա) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա՝ Արցախի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում.

բ) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակում.

3. առաջիկա երեք տարվա՝ Արցախի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ՝ միջնաժամկետ ծախսերի ծրագիր) մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ծառայում է հիմք՝ պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:

4. Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման փուլն սկսվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշման ընդունման օրը և ավարտվում միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակման օրը: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

5. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Արցախի Հանրապետության գործադիր իշխանության որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է տրամադրում միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են պետական մարմինների կողմից մշակվող ոլորտային միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները, այդ նախագծերի ներկայացման կարգը, ինչպես նաև տեղեկություններ՝ առաջիկա երեք տարում գործադիր իշխանության հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ:

6. Պետական մարմինները կազմում և պետական լիազորված մարմին են ներկայացնում իրենց ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերը՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում:

7. Ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ստորագրում է պետական մարմնի ղեկավարը:

8. Սահմանված ժամկետում ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերի չներկայացման դեպքում դրանք ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմում է պետական լիազորված մարմինը:

9. Իր պարտականությունները կատարելու համար պետական լիազորված մարմինն իրավասու է պետական մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

10. Պետական լիազորված մարմինը մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում է կառավարություն:

11. Կառավարությունը քննարկում և մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ը հաստատում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հրապարակվում, ինչպես նաև Ազգային ժողով է ներկայացվում՝ ի գիտություն, մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը:

12. Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման փուլն սկսվում է ոչ ուշ, քան Արցախի Հանրապետության կառավարության կողմից Արցախի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատման օրը:

13. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասինԱրցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք պետական լիազորված մարմին ներկայացնելու մեթոդական ցուցումները (դրանց մեջ արտացոլելով այն իրավական ակտերի ցանկը, որոնցով նախատեսված դրույթների համաձայն պետք է հաշվարկվեն բյուջետային ծախսերը, հաշվարկման ձևերը, դրանց լրացման ցուցումները և այլ նյութեր ու ցուցումներ, որոնք պետական լիազորված մարմինը անհրաժեշտ կհամարի տրամադրել պետական մարմիններին` առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու համար):

Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ` պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի և պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերի և նորմատիվների, պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման ու ներկայացման կարգի, բյուջետային դասակարգման մանրամասների, բյուջետային ծախսերի նախահաշիվների ու համայնքի բյուջեի (նրա բաղկացուցիչ մասերի) միասնական ձևերի մասին, ինչպես նաև խորհրդատվական բնույթ կրող ցուցումներ (ուղեցույցներ): Պետական լիազորված մարմինը` «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավասու է պարզելու տեղական ինքնակառավարման մարմիններին պետական բյուջեից տրվող հատկացումների հաշվարկման համար այդ մարմինների կողմից պետական լիազորված մարմին ուղղակիորեն կամ անուղղակի` այլ պետական մարմինների միջոցով ներկայացվող տվյալների արժանահավատությունը:

14. Պետական մարմիններն առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենց և համակարգի առաջիկա տարվա բյուջետայինֆինանսավորման հայտերը (որտեղ ցույց է տրվում կապն առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հետ, և ընդգծվում են առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նկատմամբ բոլոր զգալի շեղումները) առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազորված մարմին:

15. Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող հատկացումների չափերը:

16. Բյուջետային հիմնարկի ֆինանսավորման հայտը ստորագրում է ղեկավարը, որն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում բյուջետային հատկացումների նպատակային օգտագործման համար:

17. Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում բյուջետայինֆինանսավորման հայտերի չներկայացման դեպքում դրանք ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմում է պետական լիազորված մարմինը:

18. Կապիտալ ծախսերը հաշվարկվում են նպատակային ծրագրերի հիման վրա: Այդ ծրագրերի իրականացման ժամկետի՝ բյուջետային տարին գերազանցելու դեպքում առանձնացվում են տվյալ ծրագրերի` ըստ տարիների ֆինանսավորման չափերը: Նման ծրագրերով ֆինանսավորվող ծախսերը յուրաքանչյուր բյուջետային տարվա համար ճշգրտում է պետական լիազորված մարմինը և առանձին տողով ներկայացնում համապատասխան տարվա պետական բյուջեում:

18.1. Պետական բյուջեի նախագծի արտարժութային մուտքերը և ելքերը դրամային արտահայտությամբ հաշվարկվում են` կիրառելով պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու ամսվա առաջին օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փոխարժեքի կիրառմամբ ողջամիտ ժամկետում արտարժութային մուտքերի և ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ, ապա` այդ ամսվան նախորդող ամսվա առաջին օրը նույն շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:

19. Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում հայտատուների հետ համաձայնեցնում է նրանց ներկայացրած հայտերով նախատեսված ծախսերի ֆինանսավորման չափերը:

(2-րդ պարբերությունը հանվել է 31.05.2006 ՀՕ-292)

(3-րդ պարբերությունը հանվել է 31.05.2006 ՀՕ-292)

20. (մասն ուժը կորցրել է 21.12.2017 ՀՕ-47-Ն)

21. Բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման և դրանց շուրջ` պետական լիազորված մարմնի ու հայտատուների միջև տարաձայնությունների համաձայնեցման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

22. Բյուջետային ֆինանսավորման հայտերի, արտաքին ու ներքին պարտավորությունների և հաջորդ տարում կանխատեսվող մուտքերի հիման վրա պետական լիազորված մարմինը կազմում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ներկայացնում կառավարություն: Կառավարությունը քննարկում և հավանություն է տալիս պետական բյուջեի նախագծին:

23. Արցախի Հանրապետության Նախագահը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 45 օր առաջ:

24. Պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով:

25. Եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տվյալ բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա այդ օրենքների նախագծերը ներկայացվում են Արցախի Հանրապետության Ազգային ժողով` պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ մինչև պետական բյուջեի նախագծի ներկայացումը:

(22-րդ հոդվածը փոփ. 27.04.2005 ՀՕ-188, լրաց., փոփ. 31.05.2006 ՀՕ-292, լրաց. 15.09.2010 ՀՕ-32-Ն, լրաց., փոփ., խմբ. 25.12.2014 ՀՕ-75-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 23.

Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը

 

 

1. Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման և հաստատման կարգը սահմանվում է «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքով:

2. Եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա բյուջեի մասին օրենքի նախագիծը քվեարկության է դրվում դրանց ընդունումից հետո:

3. Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Այդ դեպքում, մինչև այդ տարում բյուջետային միջոցների օգտագործումը կարգավորող օրենքի ընդունումը, կառավարությունն իրավասու է տվյալ տարում բյուջետային միջոցները ծախսելու` օրենսդրությամբ սահմանված նպատակներով կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, դոտացիաների հատկացումները տեղական ինքնակառավարման մարմիններին (նախորդ տարվա համար օրենքով սահմանված բաշխմամբ), շարունակել կենսաթոշակների և նպաստների վճարումները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը: Ընդ որում, նշված ծախսերը կարող են կատարվել, եթե դրանց ֆինանսավորման համար նախորդ տարվա պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված են եղել հատկացումներ: Այդ դեպքում կատարվող ծախսերի չափը (բացառությամբ կենսաթոշակների և նպաստների վճարման ծախսերի) չի կարող գերազանցել նախորդ տարվա հատկացումների մեկ քառորդը` եռամսյակի, կամ մեկ տասներկուերորդը` ամսվա կտրվածքով: Կառավարությունն իրավասու է չֆինանսավորել այն ծախսերը, որոնք չեն նախատեսվել տվյալ տարվա բյուջեի մասին իր կազմած օրենքի նախագծում:

4. Եթե մինչև բյուջետային տարվա սկիզբն այդ տարվա պետական բյուջեն չի հաստատվում, ապա մինչև դրա հաստատումը բյուջեից շարունակվում է օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորումը` ամբողջ ծավալով:

(23-րդ հոդվածը լրաց. 19.12.2007 ՀՕ-98, փոփ. 25.12.2014 ՀՕ-75-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 24.

Պետական բյուջեի կատարումը

 

 

1. Պետական բյուջեի կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա:

2. Պետական բյուջեի կատարման ընթացքում պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարը կառավարության սահմանած կարգով կարող է կատարել այդ մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):

3. Ազգային ժողովի կողմից հաստատված պետական բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությամբ` օրենսդրական նախաձեռնության կարգով: Պետական բյուջեում այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են պետական բյուջեի մուտքերը կամ ավելացնում ելքերը, Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացության առկայությամբ և ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Պետական բյուջեի կատարման ընթացքում Արցախի Հանրապետության կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ծախսային ծրագրերի միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):

4. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները:

5. Պետական բյուջեի կատարումն ապահովում է կառավարությունը:

6. Պետական լիազորված մարմնի ղեկավարը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 40 օրվա ընթացքում, Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանք` սույն օրենքով սահմանված բյուջետային դասակարգման և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի կառուցվածքին համապատասխան:

7. Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված բյուջետային մուտքերի տարեկան ծավալի թերակատարման վտանգ է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքում, որը կարող է հանգեցնել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների տարեկան ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով թերակատարմանը, ապա կառավարությունը կարող է ընդունել որոշում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը` դրանց ընդհանուր ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով կրճատելու մասին` ըստ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղղությունների՝ կառավարության սահմանած համամասնություններով:

8. Հաստատված պետական բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները կառավարությունն իրավասու է նույն տարում ծախսել՝ ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:

9. Պետական բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով:

(24-րդ հոդվածը լրաց. 31.05.2006 ՀՕ-292, փոփ., խմբ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 25.

Պետական բյուջեի կատարման հսկողությունը և վերահսկողությունը

 

 

1. Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` կառավարության սահմանած կարգով:

2. Պետական բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողովը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում`

ա) սույն օրենքի և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

բ) օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ.

գ) բյուջետային պարտավորությունների կատարման, բյուջետային միջոցների ծախսման օրինականության և հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման ուղղությամբ:

(25-րդ հոդվածը խմբ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 26.

Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

 

 

1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացվում Արցախի Հանրապետության Նախագահի կողմից մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է`

ա) տեղեկություններ՝ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականության և համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ազդել են պետական բյուջեի կատարման արդյունքների վրա.

բ) պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորվածությունը, դրանց համեմատական վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ.

գ) տեղեկություններ՝ հաշվետու տարում պետական բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով.

դ) տեղեկություններ՝ հաշվետու տարում պետության արտաքին և ներքին պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ.

ե) այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

3. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով:

4. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը բաղկացած է հետևյալ մասերից՝

1) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաև առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն.

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք:

5. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկվում և հաստատվում է «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(26-րդ հոդվածը փոփ. 15.09.2010 ՀՕ-32-Ն, խմբ. 21.07.2017 ՀՕ-17-Ն, խմբ., փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 27.

Պետական բյուջեի հրապարակայնությունը

 

 

Պետական բյուջեի նախագիծը կազմելու, քննարկելու, հաստատելու, կատարելու և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնություն ապահովելու համար`

ա) Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը լուսաբանվում է պետական լրատվության միջոցներով` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.

բ) պետական բյուջեի եռամսյակային համամասնությունները հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.

գ) պետական լիազորված մարմինը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո 45-օրվա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն` պետական բյուջեի եռամսյակային կատարման մասին:

(27-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 28.

Համայնքների բյուջեների ձևավորման սկզբունքները

 

 

Համայնքների բյուջեների ձևավորման հիմնական սկզբունքներն են`

ա) համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքի ավագանու կողմից ընդունված համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորումը.

բ) պահուստային ֆոնդի ստեղծումը` որպես տվյալ տարվա համայնքի բյուջեում չնախատեսված, ինչպես նաև վարկերի և այլ փոխառու միջոցների օգտագործման վճարների (տոկոսների) գծով ելքերի աղբյուրի և կապիտալ ելքերի ֆինանսավորման հիմնական երաշխիք.

գ) համայնքի բյուջեի հաշվեկշռվածությունը` յուրաքանչյուր տարվա համայնքի բյուջեի սույն օրենքի 29-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր բաղկացուցիչ մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերի հանրագումարը չպետք է գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան մասում տվյալ տարում նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերի հանրագումարին.

դ) խնայողականությունը, երբ կատարված ծախսին համապատասխանում է դրան համարժեք նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում.

ե) արդյունավետությունը, երբ ապահովվում է կատարված ծախսի և համայնքի համար դրա օգտակարության միջև պատշաճ հարաբերակցությունը.

զ) հավաստիությունը և հստակությունը, որը հնարավորություն է ընձեռում ապահովել բյուջեի կատարման և բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետությունը` բյուջեի հոդվածների հիմքում դրվող հստակ հաշվարկների միջոցով.

է) հրապարակայնությունը, որն ապահովում է համայնքի բյուջեի ձևավորման և կատարման վերաբերյալ համայնքի անդամների իրազեկությունը:

 

 

Հոդված 29.

Համայնքների բյուջեների կառուցվածքը

 

 

1. Համայնքների բյուջեների կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, բաժանվում է հետևյալ բաղկացուցիչ մասերի`

ա) համայնքի բյուջեի վարչական մաս (վարչական բյուջե).

բ) համայնքի բյուջեի ֆոնդային մաս (ֆոնդային բյուջե):

2. Համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցները (այդ թվում` ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները) չեն կարող փոխանցվել համայնքի բյուջեի վարչական մաս, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի «I. Մուտքերի գծով» մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերի:

(29-րդ հոդվածը լրաց. 24.12.2008 ՀՕ-79-Ն)

 

 

Հոդված 30.

Վարչական բյուջեի մուտքերն ու ելքերը

 

 

Համայնքների բյուջեների վարչական մասը (վարչական բյուջեն) ներառում է`

I. Մուտքերի գծով`

1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) հարկային եկամուտները.

բ) տուրքերը.

գ) պաշտոնական դրամաշնորհները.

դ) այլ եկամուտներ:

1.1. Հարկային եկամուտներն են`

ա) հողի հարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար.

բ) գույքահարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար.

գ) օրենքով պետական բյուջեին ամրագրվող այլ հարկատեսակներից և պարտադիր վճարներից կատարվող մասհանումները (յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանվող չափերով).

դ) հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժերը և տուգանքները:

1.2. Տուրքերն են`

ա) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար գանձվող պետական տուրքը.

բ) նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար գանձվող պետական տուրքը.

գ) տեղական տուրքերը:

1.3. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները.

բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաները.

գ) պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները.

դ) այլ աղբյուրներից (հանրապետության այլ համայնքներ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհները:

1.4. Այլ եկամուտներն են՝

ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.

բ) համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները.

գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները.

դ) համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.

ե) տեղական վճարները.

զ) համայնքային հիմնարկների կողմից առանց տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.

է) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրվող միջոցները.

ը) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:

2. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներն են`

ա) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար համայնքի բյուջեին պետական բյուջեից և (կամ) այլ համայնքների բյուջեներից տրամադրվող բյուջետային փոխատվությունները.

բ) վարչական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը (սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով):

գ) համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող միջոցները.

դ) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար, ավագանու առաջարկությամբ, Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ և սահմանած կարգով, տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ներգրավվող ժամանակավոր ազատ միջոցները, ընդ որում, այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը:

II. Ելքերի գծով`

1. Ծախսերի գծով` օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման ընթացիկ ծախսերը հետևյալ հիմնական ուղղություններով`

ա) ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ.

բ) պաշտպանության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

գ) հասարակական կարգի պահպանության և անվտանգության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն.

է) մշակույթ, սպորտ և կրոն.

ը) բնակարանային կոմունալ տնտեսություն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) համայնքի ղեկավարին օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:

2. Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջացող վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար պետական բյուջեից և (կամ) այլ համայնքների բյուջեներից ներգրավված բյուջետային փոխատվությունների մարումները, ինչպես նաև վարչական բյուջեից բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

(30-րդ հոդվածը լրաց. 31.05.2006 ՀՕ-292, խմբ., լրաց., փոփ. 19.12.2007 ՀՕ-98, լրաց. 24.12.2008 ՀՕ-79-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 31.

Ֆոնդային բյուջեի մուտքերն ու ելքերը

 

 

Համայնքների բյուջեների ֆոնդային մասը (ֆոնդային բյուջեն) ներառում է`

I. Մուտքերի գծով`

1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) պաշտոնական դրամաշնորհները.

բ) այլ եկամուտներ:

1.1. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները` սուբվենցիաները.

բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար այլ աղբյուրներից (հանրապետության համայնքներից, միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններից) ստացվող նպատակային դրամաշնորհները:

1.2. Այլ եկամուտներն են՝

ա) համայնքի սեփականությունը համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած գույքի օտարումից եկամուտները.

բ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

գ) վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները.

դ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում՝ բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարները:

2. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող միջոցներն են`

ա) պետական բյուջեից և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ստացված վարկերը.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը.

գ) ֆոնդային բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:

3. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներն են՝

ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում՝ համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող).

բ) համայնքի սեփականություն համարվող բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը.

գ) համայնքի պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) համայնքի սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը:

II. Ելքերի գծով`

1. Ծախսերի գծով` սույն օրենքի 30-րդ հոդվածի II մասում նշված ուղղություններով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում կատարվող կապիտալ ծախսերը:

2. Ֆոնդային բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված վարկերի և տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի մարումները և բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

3. Վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով` ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացումները:

(31-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.12.2007 ՀՕ-98, լրաց. 24.12.2008 ՀՕ-79-Ն)

 

 

Հոդված 32.

Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորումը

 

 

1. Համայնքների բյուջեներից պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից այդ նպատակով տրամադրվող հատկացումների հաշվին:

2. Պատվիրակված լիազորությունները (այդ թվում` դրանց իրականացման ծախսերի ֆինանսավորումը) իրականացվում են օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(32-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 33.

Համայնքների բյուջեների պահուստային ֆոնդը

 

 

1. Համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

2. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի չափով:

3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը:

4. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել համայնքի բյուջեի ֆոնդային մաս:

5. Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ:

(33-րդ հոդվածը փոփ. 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 34.

Համայնքային բյուջեների վարկերը և փոխատվությունները

 

 

1. Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, վարչական բյուջեով նախատեսված ծախսերը ժամանակին կատարելու նպատակով համապատասխան պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային փոխատվություններ (այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը): Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքը ամբողջությամբ մարելուց հետո:

2. Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, համապատասխան պետական լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով: Համայնքը, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է վարկային պայմանագիր կնքել կամ արժեթղթեր թողարկել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի և արժեթղթերի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չի գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Համայնքը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո: Տվյալ վարկային միջոցները (ներառյալ` արժեթղթերի թողարկումից ստացվող միջոցները) պարտադիր ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:

3. Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն համայնքի բյուջեի եկամուտները և Արցախի Հանրապետության կառավարության երաշխիքները:

4. Համայնքի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխատվություններ չեն տրվում (բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի):

(34-րդ հոդվածը լրաց., փոփ. 31.05.2006 ՀՕ-292, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 35.

Համայնքի բյուջեի նախագծի կազմումը

 

 

1. Համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է համայնքի զարգացման քառամյա ծրագրով` տվյալ բյուջետայինտարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:

2. Համայնքի բյուջեի նախագիծը կազմում է համայնքի ղեկավարը` բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:

3. Կառավարության կամ պետական լիազորված մարմնի կողմից բյուջետային ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերը և նորմատիվները համայնքների բյուջեներով նախատեսվող ծախսերի հաշվարկման ժամանակ կրում են խորհրդատվական բնույթ: Բացառություն են տեղական ինքնակառավարման մարմինների` պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի և պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող այլ նպատակային ծախսերի ֆինանսավորման դեպքերը:

4. Համայնքի բյուջեի նախագիծը կազմելու աշխատանքները կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը` աշխատակազմի համապատասխան ծառայությունների և բյուջետային հիմնարկների ղեկավարներին`

- տալիս է համապատասխան հրահանգներ բյուջեի մուտքերի և ելքերի հաշվարկման ու ներկայացման համար.

- պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով սույն օրենքի 22-րդ հոդվածում նշված` տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներն ստանալու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում ապահովում է բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման համապատասխան ձևերով:

5. Բյուջետային հիմնարկները համայնքի ղեկավարի կողմից սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին են ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

6. Համայնքի ղեկավարն ամփոփում է սահմանված ձևերով ներկայացված տվյալները և կազմում համայնքի բյուջեի նախագիծը, որը բաղկացած է համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձից և համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծից:

7. Համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը ներառում է`

ա) համայնքի ղեկավարի զեկույցը բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղությունների մասին.

բ) համայնքի բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների և ծախսերի հիմնավորումը, եկամուտների և ծախսերի, ինչպես նաև դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաստատված և հաշվարկային ցուցանիշների հետ.

գ) համայնքի բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի`

- իրավական հիմքը.

- բովանդակությունը.

- խնդիրները և նպատակները.

- կատարման փուլերը և ժամկետները.

դ) պարտքերի կառուցվածքը, դրանց համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.

ե) բյուջեի վարչական և ֆոնդային մասերի պահուստային ֆոնդի ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը.

զ) սույն օրենքի 22-րդ հոդվածի 15-րդ մասին համապատասխան ստացված տեղեկությունները պետական բյուջեի նախագծում (եթե համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծն ավագանու քննարկմանը ներկայացվում է մինչև առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը) կամ պետական բյուջեի մասին օրենքում պետական բյուջեից համայնքի բյուջեին նախատեսված հատկացումների մասին.

է) հաջորդ բյուջետային տարում սպասվելիք դրամական և նյութական օգնություններից, նվիրատվություններից և այլ մուտքերից գոյացող միջոցներից կատարվող հատկացումների հիմնավորումը.

ը) տեղեկություններ` համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների միջին տարեկան ցուցակային ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ՝ փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակի մասին.

թ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի մասինավագանու որոշման նախագծի հիմնավորման համար:

8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է`

ա) համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը` ըստ բյուջեի բաղկացուցիչ մասերի` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ (բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման).

բ) համայնքի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ.

գ) այլ դրույթներ և ցուցանիշներ, որոնք համայնքի ղեկավարը և ավագանին անհրաժեշտ են համարում համայնքի բյուջեի կատարումը և դրա նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:

(35-րդ հոդվածը լրաց. 25.12.2014 ՀՕ-75-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 36.

Համայնքի բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը համայնքի ավագանու կողմից

 

 

1. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Համայնքի բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

2. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով և համայնքի ավագանու կանոնակարգով:

3. Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է համայնքի բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին:

Համայնքի ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Համայնքի ղեկավարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար կամ պահանջել հաստատելու բյուջեն:

4. Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ և ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի` ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Բյուջեի նախագիծը համայնքի ղեկավարի ընդունած փոփոխություններով քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին՝ համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:

5. Համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին, որի վերաբերյալ ընդունում է համայնքի ղեկավարի ներկայացրած համապատասխան որոշման նախագիծը:

6. Համայնքի ավագանին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի բյուջեն կարող է հաստատել նաև մինչև պետական բյուջեի հաստատումը:

Պետական բյուջեի հաստատումից հետո համայնքների մինչ այդ հաստատված բյուջեներում երկշաբաթյա ժամկետում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ:

7. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեն ավագանու կողմից հաստատվելուց հետո երեք օրվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին:

Շրջանի վարչակազմի ղեկավարը ստուգում է համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի համապատասխանությունն օրենքին` պահպանելով սույն օրենքով սահմանված բյուջեների ինքնուրույնության սկզբունքը, հաշվարկների համապատասխանությունը սահմանված մեթոդաբանությանը և բյուջետային համակարգիմիասնականությունն ապահովող սկզբունքների պահպանման դեպքում համայնքի բյուջեն ներառում է պետական լիազորված մարմին ներկայացվող` շրջանի վարչական տարածքում գտնվող համայնքների բյուջեների ամփոփ տեղեկանքում: Ամփոփ տեղեկանքի ձևը, նրա կազմման կարգը և ներկայացման ժամկետները սահմանում է պետական լիազորված մարմինը:

8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման առնչությամբ շրջանի վարչակազմի ղեկավարի և համայնքի ղեկավարի միջև առաջացած տարաձայնությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

9. Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում իր անդամների ընդհանուր թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ` հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ անելու վերաբերյալ համայնքի ավագանու կողմից որոշում ընդունելու դեպքում համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտ քաղաքի ավագանին) հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով:

Եթե կառավարությունը դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

Կառավարության կողմից համայնքի ղեկավարի` հրաժարական տալու միջոցով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ անելու դեպքում` համայնքի նոր ղեկավարը բյուջեի նախագիծ է ներկայացնում համայնքի ավագանուն 20 օրվա ընթացքում: Այն քննարկվում և հաստատվում է սույն օրենքով նախատեսված կարգով` 30 օրվա ընթացքում:

10. Մինչև բյուջետային տարվա սկիզբը համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:

(36-րդ հոդվածը փոփ. 31.05.2006 ՀՕ-292, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 37.

Համայնքի բյուջեի կատարումը

 

 

1. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը սահմանում է համայնքի բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, բյուջետայինօրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատում է բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվները:

2. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարումն ապահովելու նպատակով`

ա) համայնքի ավագանու հաստատած տարեկան բյուջեն, եռամսյակային համամասնություններով, և բյուջետայինհիմնարկների պահպանման ծախսերի տարեկան և եռամսյակային բաշխմամբ հաստատված նախահաշիվները տրամադրում է համայնքի բյուջեի կատարման սպասարկումն իրականացնող պետական լիազորված մարմնի համապատասխան գանձապետական ստորաբաժանմանը.

բ) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը.

գ) (կետը հանվել է 31.05.2006 ՀՕ-292)

դ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ: Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները:

4. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ: Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի` սույն օրենքով սահմանված հավասարակշռությունը: Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու ընթացակարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով` սույն օրենքի համաձայն:

Հաստատված համայնքի բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները համայնքի ղեկավարն իրավասու է նույն տարում ծախսել` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:

5. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումը, սույն օրենքի համաձայն, կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական լիազորված մարմինը` իր գանձապետական ստորաբաժանումների միջոցով:

6. Համայնքի բյուջեի կատարման պատասխանատուն համայնքի ղեկավարն է:

(37-րդ հոդվածը փոփ. 31.05.2006 ՀՕ-292)

 

 

Հոդված 38.

Համայնքների բյուջեների կատարման վերահսկողությունը

 

 

1. Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում են համայնքի ավագանին, Ազգային ժողովը և կառավարությունը` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Համայնքի ավագանին համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է իր անդամի (անդամների) և (կամ) աուդիտորական մասնագիտացված կազմակերպության միջոցով, ավագանու որոշած պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

3. Կառավարությունը համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է պետական բյուջեից համայնքին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիաների, պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման նպատակով տրված միջոցների) օգտագործման, ինչպես նաև պետական բյուջեից և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների օգտագործման և դրանց մարման ծրագրի նկատմամբ` իր կողմից սահմանված կարգով պետական կառավարման լիազորած մարմնի միջոցով:

4. Համայնքների բյուջեների կատարման վերահսկողության հիմնական խնդիրներն են`

ա) բյուջետային մուտքերի կանխատեսումների և բյուջետային ելքերի նախահաշիվները կազմելու հիմնավորվածության ստուգումը.

բ) բյուջետային միջոցների, ներառյալ վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախսման օրինականության ստուգումը.

գ) բյուջետային պարտավորությունների կատարման, հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնա-հատումը.

դ) բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանումը

ե) բյուջետային գործընթացի նկատմամբ օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ապահովումը:

5. Համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, բյուջետային հիմնարկների պաշտոնատար անձինք համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնող անձանց պարտականությունների կատարումը խոչընդոտելու, կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

 

Հոդված 39.

Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունները

 

 

1. Համայնքի ղեկավարը, եռամսյակը մեկ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն և համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին, իսկ Ստեփանակերտի քաղաքապետը` Արցախի Հանրապետության կառավարությանը: Համայնքի ղեկավարը սույն մասում նշված հաղորդումը ներկայացնում է պետական լիազորված մարմնի սահմանած ձևով:

2. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

3. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու նիստում քննարկվում և հաստատվում է մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը:

4. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել: Եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում, կամ կառավարությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո` մեկամսյա ընթացքում, նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին որոշում ընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, վայր է դնում իր լիազորությունները, իսկ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

5. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:

6. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման վերաբերյալ ավագանին ընդունում է համապատասխան որոշում:

7. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմվում է սույն օրենքի պահանջներին համապատասխան պետական լիազորված մարմնի կողմից սահմանված ձևով և ներառում է`

ա) տեղեկություններ՝ հաշվետու տարում համայնքի բյուջեի մուտքերի և ելքերի հիմնավորվածության վերաբերյալ, դրանց համապատասխան վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի և հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջև.

բ) տեղեկություններ՝ հաշվետու տարում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով.

գ) տեղեկություններ՝ հաշվետու տարում բյուջեի պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ.

դ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

8. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու կողմից հաստատելուց հետո` երեք օրվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին, իսկ Ստեփանակերտի քաղաքապետը` Արցախի Հանրապետության կառավարությանը:

(39-րդ հոդվածը փոփ. 15.09.2010 ՀՕ-32-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 40.

Համայնքների բյուջեների հրապարակայնությունը

 

 

Համայնքների բյուջեների հրապարակայնությունն ապահովելու համար`

ա) համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանուն ներկայացնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, հրապարակվում է.

բ) բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հրապարակվում է տեղեկատվություն համայնքի բյուջեի եռամսյակային կատարման մասին.

գ) համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, հրապարակվում է.

դ) համայնքների ղեկավարները պայմաններ են ստեղծում, որպեսզի համայնքի բյուջեի նախագծին, տարեկան հաշվետվությանը ծանոթանալու և ուսումնասիրելու ցանկություն ունեցող համայնքի անդամները դյուրությամբ ձեռք բերեն համապատասխան փաստաթղթերը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ

     (գլուխն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 41.

Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի կառուցվածքը և բովանդակությունը

                           (41-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

 

 

 

Հոդված 42.

Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերի աղբյուրները

 

                           (42-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 43.

Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի ելքերի ուղղությունները

 

                           (43-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 44.

Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի կազմումը և հաստատումը

 

                           (44-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 45.

Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարումը

 

                           (45-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 46.

Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

 

                           (46-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 47.

Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի հրապարակայնությունը

 

                           (47-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 48.

Բյուջետային դասակարգման կազմը

 

 

1. Բյուջեները կազմվում և կատարվում են` ըստ բյուջեների մուտքերի ու ելքերի միասնական դասակարգման:

2. Բյուջետային դասակարգումը բյուջեների կազմման և կատարման համար կիրառվող բյուջեների մուտքերի և ելքերի խմբավորումն է` ըստ տեսակների և ուղղությունների, որով ապահովվում է բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ցուցանիշների համադրելիությունը:

3. Բյուջետային դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`

ա) բյուջեների եկամուտներ.

բ) բյուջեների ծախսեր և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ.

գ) բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ.

դ) բյուջեների պարտքեր:

(48-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 49.

Բյուջեների եկամուտները

 

 

1. Բյուջեների եկամուտները դասակարգվում են եկամուտների ձևավորման` օրենքով սահմանված աղբյուրների հիման վրա:

2. Բյուջեների եկամուտները դասակարգվում են`

ա) հարկային եկամուտներ.

բ) տուրքեր.

գ) (կետն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-87-Ն)

դ) պաշտոնական դրամաշնորհներ.

ե) այլ եկամուտներ:

(49-րդ հոդվածը խմբ. 19.12.2007 ՀՕ-98, փոփ. 26.12.2013 ՀՕ-87-Ն)

 

 

Հոդված 50.

Բյուջեների ծախսերը

 

 

1. Բյուջեների ծախսերը դասակարգվում են ըստ`

ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների.

բ) գերատեսչական բաշխվածության.

գ) ծախսերի տնտեսագիտական բովանդակության:

2. Բյուջեների ծախսերի գործառնական (ֆունկցիոնալ) դասակարգումը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական գործառույթների իրականացման ֆինանսավորման ուղղություններն արտահայտող բյուջետային ծախսերի խմբավորումն է:

3. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումը ծախսերի խմբավորումն է` դրանց տնտեսական բովանդակությանը համապատասխան:

4. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`

ա) ընթացիկ ծախսեր.

բ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ.

գ) (կետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

5. Բյուջեների ծախսերն են՝

ա) աշխատանքի վարձատրությունը.

բ) ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը.

գ) տոկոսավճարները.

դ) սուբսիդիաները.

ե) դրամաշնորհները (ներառյալ` դոտացիաները և սուբվենցիաները).

զ) սոցիալական նպաստները և կենսաթոշակները.

է) այլ ընթացիկ ծախսեր.

ը) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:

6. Ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնություններն են`

ա) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը.

բ) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը:

7.(մասն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-98)

8. Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը ծախսերի խմբավորումն է` ըստ բյուջետային միջոցների անմիջական ստացողների` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գերատեսչական կառուցվածքների:

(50-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 51.

Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները

 

 

1. Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների դասակարգումը դեֆիցիտի ֆինանսավորման համար ներգրավված զուտ միջոցների (ներառյալ` փոխառու միջոցների և ֆինանսական ակտիվների) խմբավորումն է:

2. Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները դասակարգվում են ներքին և արտաքին աղբյուրների:

(51-րդ հոդվածը փոփ. 19.12.2007 ՀՕ-98)

 

 

Հոդված 52.

Բյուջեների պարտքերը

 

 

1. Բյուջեների պարտքերի դասակարգումը Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտքային պարտավորությունների խմբավորումն է` ըստ դրանց տեսակների:

2. Բյուջեների պարտքերը դասակարգվում են` ներքին և արտաքին պարտք:

(52-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-47-Ն)

 

 

Հոդված 53.

Բյուջետային դասակարգման մանրամասնումը

 

 

1. Սույն օրենքով սահմանված բյուջետային դասակարգման առավել մանրամասնումը` ըստ յուրաքանչյուր հոդվածի, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանում է պետական լիազորված մարմինը:

2. Պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում յուրաքանչյուր հիսուն միլիոն դրամը գերազանցող ծախսատեսակները ներկայացվում են առանձին տողով:

(53-րդ հոդվածը փոփ. 31.05.2006 ՀՕ-292, փոփ. 19.12.2007 ՀՕ-98)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 

Հոդված 54.

Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

 

Սույն օրենքի պահանջների խախտման համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց լիազորություններ իրականացնող իրավաբանական և պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 55.

Անցումային դրույթներ

 

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի հունվարի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ դրույթները կիրառվում են 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

10 փետրվարի 2004թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-94