ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը աշխատանքային այցով ՀՀ խորհրդարանում է
05 հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանն ու հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Ողջունելով արցախյան գործընկերոջը ՀՀ Ազգային ժողովում՝ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ համանուն հանձնաժողովները շարունակելու են արդյունավետ համագործակցությունը:

Դեռևս 2019 թվականին ՀՀ և ԱՀ համանուն հանձնաժողովների միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր: ԱՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը տեղեկացրել է, որ նշյալ հուշագիրը միակն է՝ ստորագրված երկու խորհրդարանների հանձնաժողովների միջև: Դրանով կողմերը հնարավորություն ունեն մասնակցելու ոլորտային հարցերի քննարկումներին, այդ թվում՝ միջազգային հանդիպումներին, խորհրդարանական լսումներին և այլ միջոցառումների:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել թարմացնելու հուշագիրը և ավելացնելու որոշ դրույթներ: Մասնավորապես՝ շեշտադրվել են ոչ ֆորմալ կրթական ծրագրերին արցախցիների ներգրավման և Գիտությունների ազգային ակադեմիայի մրցույթներին մասնակցության հարցերը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Կովկասագիտություն» մասնագիտության, ՀՀ-ում սովորող արցախցի ուսանողների փաստաթղթերի հետ կապված հարցեր:

ԼՈՒՐԵՐ