ԼՈՒՐԵՐ
ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանն ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել
05 հոկտեմբերի 2021

Սիրելի' ուսուցիչներ

Օրվա խորհուրդն ամենապատեհ առիթն է ակնածանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ, խոնարհվելու Ձեր անխոնջ վաստակի առջև:

Թերևս, դա այն փոքրագույնն է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Ուսուցչի տոնի առիթով:

Դպրոցը պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է։

Համոզված եմ՝ ունենք տեսանելի արդյունքներ, բայց և դեռ լուրջ անելիքներ կան հասարակության մեջ ուսուցչի դիրքը, դերն ու հեղինակությունը բարձրացնելու, ուսուցչի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու ուղղությամբ:

Դուք մշտապես հուսալի թիկունք եք եղել հայոց պետականության հիմքերի ամրացման ու ամրապնդման գործում։ Անգամ պետականության կորստի պայմաններում հայ ուսուցիչը շարունակում էր սերունդներ կրթել՝ հավատալով նրա վերընձյուղմանը։

Սիրելի՛ ուսուցիչներ

Ձեզ է վիճակվել կրթել այն ժողովրդի զավակներին, որ կրում են դարերի ոգին, գալիքի կամքն ու երազանքը. երբեք չդադարեք հայ մանուկի առաջ բացել երազելու կախարդական դռները: Այդ երազանքն է նրան այսօր իր հայրենի հողի վրա ամուր ու հաստատակամ կանգնելու, խոր արմատներ ձգելու հավատ ներշնչել։

Մենք Ձեզ պետք է դիտենք ոչ միայն մասնագետի, այլև Աստծո կողմից ուղարկված առաքյալի:

Մեր ժողովրդի համար այս անորոշ և ճակատագրական ժամանակահատվածում Ձեզ է վստահված ապագա սերունդների կրթությունն ու դաստիարակությունը։

Արցախյան 3 պատերազմներում սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում էր Ձեր դաստիարակած սերունդը, հայրենասեր, հայրենապաշտ, հերոս սերունդը՝ համոզված, որ թիկունքն ամուր է կրթությամբ ու մշակույթով։

Ձեր բարդ ու պատասխանատու, բայց միաժամանակ պատվաբեր ու շնորհակալ առաքելության իրականացման ճանապարհին մաղթում եմ խաղաղություն,առողջություն, բարեկեցություն և անսպառ եռանդ։

ԼՈՒՐԵՐ