ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2021թ. Սեպտեմբերի 2-ի հատուկ նիստը՝ նվիրված հանրապետության օրվան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հոբելյանական 30-ամյակին

ժԱՄԸ   11:00

 

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության  անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներհրավիրվածներ:

Նիստին  ներկա են  31  պատգամավորներ, բացակա՝ 2 - ը: Նիստը  վարում է  ԱԺ  նախագահ  Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ նախագահ մեծարգո պարոն Ղուլյան, վսեմաշուք Սրբազան հայր, եղբայրական ՀՀ հարգարժան խորհրդարանականներ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք: ԱՀ ԱԺ հատուկ նիստը` նվիրված հանրապետության օրվան` ԼՂՀ հռչակման հոբելյանական 30-ամյակին, հայտարարում եմ բացված:

(ԱՀ օրհներգը)

Գագիկ Բաղունց - Զեկուցման համար հրավիրվում է ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Սիրելի հայրենակիցներ, երկար եմ մտածել անկախության հռչակման առիթով հատուկ նիստ հրավիրել, թե` ոչ: Այս առումով բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել և΄ մեր հայրենակիցների, և΄ Արցախի խորհրդարանի  քաղաքական ուժերի հետ: Ի սկզբանե ինձ համար մի բան պարզ էր՝ հատուկ նիստը կգումարենք  Արցախի Ազգային ժողովի դահլիճում: Մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր իրենց ավանդն ու ներդրումն ունեն պետականաշինության տարբեր ոլորտներում, ազգային-ազատագրական պայքարում, կարծում եմ՝ ներողամիտ կլինեն: Հաշվի առնելով մեր հայրենակիցների և քաղաքական ուժերի խորհուրդները` մենք այսօր անցկացնում ենք Հանրապետության 30-ամյակին նվիրված հատուկ նիստը՝ հիմքում ունենալով արցախյան 3 պատերազմների նահատակների պատվիրանները: Հույսով ու հավատով լեցուն՝  բոլորս պետք է  համոզված լինենք, որ անկախության հռչակման հետագա հոբելյանները մենք և մեր սերունդները կտոնենք արժանապատիվ կերպով ու խաղաղված հոգով: Վստահ եմ՝ դահլիճում ներկա գտնվողներից շատերն ընտրել են հավերժական պայքարի ճանապարհը:

Արցախահայության՝ դարերի խորքից եկած ազգային-ազատագրական պայքարի ու մաքառումների հանգրվանը 1988թ. նոր թափ ստացած արցախյան շարժումն էր և հետագայում՝ ուղիղ 30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության հռչակումը:  

         Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի:

         Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության, պետականակերտման շարունակականության գործում: Թշնամին չկարողացավ հասնել իր դիվային վերջնական նպատակին՝ հայաթափել Արցախը, լրիվությամբ բռնազավթել մեր հինավուրց պապենական օրրանը:

         Մեր հազարավոր քաջարի զինվորների կյանքի գնով դիմակայվեց և փրկվեց պատմական հայրենիքի 1/4 հատվածը:

Կռիվներում ընկան նրանք,

Ամեն մեկը՝ մի տան ճրագ,

Ամեն մեկը՝ մի մոր որդի,

Ամեն մեկը՝ մի աղջկա

Երազանքը անապական,

Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան

Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,

Ամեն մեկը անգին մի կյանք:

         Գլուխ խոնարհելով նրանց շիրիմների առջև՝ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր նահատակների վառ հիշատակը:

(լռության րոպե)

Շնորհակալություն:

         Հարգելի ներկաներ, պատմական հիշարժան այս օրը նպատակահարմար է վերհիշել այն նախադրյալները, որոնք հանգեցրին անկախ պետականության հռչակմանը, և ընդհանրացնել ու ամբողջականացնել նրա դասերն ու առանձնահատկությունները:

          Հատկանշական ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության անկախությունը հռչակվել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին ու սկզբունքներին համապատասխան, այսինքն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին: ԼՂՀ ստեղծումը չի հակասել Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին հռչակագրին, քանզի այն վերականգնվել է 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների շրջանակներում, երբ Լեռնային Ղարաբաղը չէր մտնում Ադրբեջանի կազմի մեջ:

         Անկախ պետականության հռչակագրի ընդունումն այնուհետև ամրագրվեց 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով, որի ընթացքում բնակչության ճնշող մեծամասնությունն արտահայտվել է Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին, մի հանրապետության, որի իշխանությունները հռչակել են նրա անկախությունը ԽՍՀՄ-ից:

         Լեռնային Ղարաբաղում հանրաքվեն անցել է նախկին ԽՍՀՄ-ի այն ժամանակ գործող օրենսդրության շրջանակներում և մասնավորապես, ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին ԽՍՀՄ 1990 թ-ի ապրիլի 3-ի օրենքին համապատասխան, որի 3-րդ հոդվածով ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում նախատեսված էր ինքնավար կազմավորումների ու հավաքական բնակվող ազգային փոքրամասնությունների՝ հանրաքվեի միջոցով իրենց պետական-իրավական կարգավիճակը որոշելու իրավունքը: Եվ ինչպես հայտնի է, դեկտեմբերի  28-ին կայացած ընտրությունների արդյունքում կազմավորվեց նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, որը 1992 թվականի հունվարի 6-ի իր անդրանիկ նիստում հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախությունը:

2020թ.դեկտեմբերի 28-ին նախատեսվում է հրավիրել Ազգային ժողովի ևս մեկ հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի հիմնադրման 30-ամյա գործունեությանը:

         Կարևոր է ընդգծել, որ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը անտեսել է սեփական ժողովրդի կարծիքը և չի կազմակերպել հանրաքվե, ու նրա անկախությունը խարսխված է միայն ներկայացուցչական մարմինների որոշումների վրա:

         Հիշեցման կարգով նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը` որպես միջազգային վեճ առաջին անգամ ծագել է 1918 թվականին Ռուսաստանի կայսրության փլուզումից հետո՝ անկախ դարձած Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային սահմանազատման անհրաժեշտության կապակցությամբ: Նույնիսկ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղը վիճելի կարգավիճակ ընդունեց: Իսկ Կարմիր բանակի կողմից բնիկ հայկական երկրամասի բռնազավթումից հետո Ղարաբաղը մասնատվեց ու հանձնվեց Ադրբեջանին: Դրանով իսկ ղարաբաղյան հիմնախնդիրը հանվեց Փարիզի խաղաղ խորհրդաժողովի օրակարգից, որտեղ նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերջնական հանգուցալուծումը:

Փաստորեն, Լեռնային Ղարաբաղը՝ պատմականորեն հայկական Արցախը, որն արդեն ճանաչված ու հռչակված էր որպես Խորհրդային Հայաստանի անքակտելի մաս, Խորհրդային Ադրբեջանին բռնակցվել է Ռուսաստանի կոմունիստական  կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ: Իրականում այդ որոշումը իրավական տեսակետից հիմնազուրկ էր, քանզի այն անգամ չի քննարկվել ու քվեարկության չի դրվել երրորդ երկրի կուսակցական այդ մարմնում, որն ամենևին էլ օժտված չէր տարածքային հարցեր որոշելու իրավունքով: Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը (անեքսիան) անմիջականորեն իրականացվեց դեպի մահմեդական արևելք «կարմիր հեղափոխության» միջանցիկ տարհանման բոլշևիկյան ծրագրերի շրջանակներում: Կովբյուրոյի որոշումը դարձյալ ձևականորեն հավասարեցվել է բազմակողմանի միջազգային պայմանագրի, համաձայն որի Լեռնային Ղարաբաղին պետք է տրամադրվեր լայն ինքնավարություն: Սակայն խախտելով Կովբյուրոյի՝ առանց այն էլ իրավական ուժ չունեցող որոշումը, Բաքուն 1923 թվականի հուլիսի 23-ի իր ընդունած դեկրետով մարզը կազմավորել է Լեռնային Ղարաբաղի մեկ հատվածի սահմաններում՝ երկրամասի բավականին մեծ շրջաններ՝ Քարվաճառ, Քաշաթաղ, Կովսական, Շահումյան և այլն, թողնելով նրա սահմաններից դուրս:

         Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու ողջ ժամանակաընթացքում Բաքվի պաշտոնական իշխանությունները հետևողականորեն խախտել են ղարաբաղցի հայերի տարրական իրավունքները: Տեղ էին գտել ազգային շարժառիթներով սպանությունների, անհետացումների և խոշտանգումների, բռնադատումների, այլախոհության ճնշումների, տասնյակ բնակավայրերի հայաթափման դեպքեր, ինչպես նաև հոգևոր ու պատմամշակութային օջախների օտարացման փորձեր:

Սակայն մարզի բնակչությունը միշտ էլ դիմակայել և իր էթնիկ ինքնատիպությունը պահպանելու վճռականությամբ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հայության ճակատագրից խուսափելու նկատառումներով քանիցս ղարաբաղյան հիմնախնդիրը բարձրացրել է ԽՍՀՄ կենտրոնական մարմինների առջև, սակայն դրանք բոլորն էլ ճնշվել են:

Անշուշտ, արցախահայությունը չէր կարող համակերպվել այդ ամենին, իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ ուծացումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը մայր Հայաստանին վերամիավորվելն էր:

         Արցախահայության խաղաղ հանրահավաքները, ցույցերն ու երթերը, փաստորեն, Խորհրդային միության ի լուր աշխարհի հայտարարած ժողովրդավարության և հրապարակայնության առաջին ծիծեռնակներից էին, այդ գաղափարախոսության փորձաքարը:

         Ժողովրդավարության նորմերի ճշմարիտ արտահայտություն էր ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց պատմական շրջադարձային որոշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի առջև միջնորդելու մասին: ԼՂԻՄ մարզային խորհուրդը համարժեք որոշումներ ընդունեց նաև 1988 թվականի հունիսի 21-ի և հուլիսի 12-ի նստաշրջաններում: Սակայն, մերժելով ԼՂԻՄ մարզխորհրդի միջնորդագիրը, ԽՍՀՄ իշխանությունների թողտվությամբ, առավել դիպուկ արտահայտած՝ հանցավոր անգործության ու անփութության պայմաններում Ադրբեջանը իրագործեց Սումգայիթի ջարդը, որին հետևեցին Կիրովաբադի, Շամխորի, Շամախու, Բաքվի, Ադրբեջանի մյուս բնակավայրերի ու տարածաշրջանի հայ բնակչության կոտորածները, ավարտին հասցվեց շուրջ կես միլիոն հայ ազգաբնակչության բռնի տեղահանումը: Հետևապես կարող ենք հայտարարել՝ 1988-1990 թվականների ընթացքում Ադրբեջանում իրագործվել է պետականակիր ազգի՝ հայ ժողովրդի ցեղասպանություն: Մեր ժողովրդի ինքնորոշման սահմանադրական իրավունքի խաղաղ իրացմանը հակառակ՝ Ադրբեջանը առաջնորդվեց հիմնախնդիրը հանգուցալուծելու ուժի կիրառման տարբերակով, պարտադրվեց լայնածավալ պատերազմ՝ հազարավոր անմեղ զոհերով ու տասնյակ հազարավոր փախստականներով հանդերձ:

         1992-1994թթ ադրբեջանա-ղարաբաղյան առաջին պատերազմն ավարտվեց մեր նորանկախ պետությունը շրջափակած ադրբեջանական ռազմական հենակետերի ոչնչացմամբ ու տարածքների ազատագրմամբ, որով, փաստորեն, շեշտակի նվազեցին մեր բնակավայրերի վրա հակառակորդի կողմից թիրախավորման և խոցելիության ռազմատեխնիկական հնարավորությունները, ապահովվեց անվտանգության գոտի:

         1994թ. մայիսի 12-ի Բիշկեկյան խաղաղության եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը տարիներ շարունակ հետզհետե սպառազինվելով հետապնդեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուժային տարբերակ՝  իր հանրության շրջանում կիրառելով ատելության և հայատյացության քարոզչամեքենան:

         Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 2016 թվականի ապրիլյան և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ  2020 թվականի 44-օրյա պատերազմները վերահաստատեցին Արցախն առանց հայերի նրանց անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները: Ու այս ամենից հետո բանակցային գործընթացներում ներառել Ադրբեջանի կազմում ինչ-որ տեսակի կարգավիճակ տրամադրելու խնդրահարույց հարց, չի տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ:

         Չնայած հակամարտող կողմերի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամագծորեն հակառակ դիրքորոշումներին՝ մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն միտված պատշաճ միջավայրի հաստատմանը: Մեր այս պաշտոնական դիրքորոշումը պետք է ընկալելի լինի նաև Հարավային Կովկասում իրենց տարածաշրջանային շահերը հետապնդող Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար: Ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս 30 տարի անց ձեր դատին ներկայացնել 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված անկախության մասին հռչակագրի որոշ հիմնադրույթները, որոնց բովանդակությունը հետևյալն է.

            «Ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամքի վրա, որ արտահայտվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրապետական հանրաքվեի արդյունքներում, գիտակցելով պատմական հայրենիքի ճակատագրի հանդեպ տածվող պատասխանատվությունը, հավատարմություն հայտնելով այն սկզբունքներին, որ բովանդակում է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետություն հայտարարելու մասին Հռչակագիրը,

ձգտելով կարգավորել հայ և ադրբեջանական ժողովուրդների հարաբերությունները,

կամենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը պաշտպանել դրսի հարձակումներից և նրա ֆիզիկական ոչնչացումից,

         զարգացնելով Լեռնային Ղարաբաղի 1918-1920 թվականների անկախ, ժողովրդական ինքնակառավարման փորձը,

արտահայտելով բոլոր պետությունների և պետությունների ընկերակցությունների հետ իրավահավասար և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն,

հետևելով մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի, անվտանգության ու համագործակցության համաեվրոպական խորհրդակցության անդամ երկրների Վիեննայի հանդիպմանը կնքված եզրափակիչ փաստաթղթերի և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչման արժանացած մյուս նորմերի սկզբունքներին և հարգելով դրանք՝

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը հաստատում է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ հռչակված պետականությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, ունի իր պետական դրոշը, զինանշանը, օրհներգը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները, ինչպես նաև միջազգային և իրավական այն փաստաթղթերը, որոնք կարգավորում են մարդու իրավունքների և ազատությունների պահպանումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամբողջ իշխանությունը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որն իր իշխանությունն ու կամքը իրականացնում է համաժողովրդական հանրաքվեի կամ էլ ներկայացուցչական ընտրական մարմինների միջոցով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր բնակիչները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երաշխավորում է իր քաղաքացիների քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները՝ անկախ նրանց ազգային, ռասսայական պատկանելիությունից և դավանանքից:

Իր քաղաքացիների պաշտպանության և բնակչության անվտանգության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծվում են իշխանության բարձրագույն մարմիններին ենթակա զինված ուժեր, հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության մարմիններ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները զինվորական ծառայություն են կատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Ուրիշ պետությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող այլ պետությունների զինված ուժերի թվաքանակի կազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քաղաքացիների զինվորական ծառայության անցկացումը իրականացվում է ըստ միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, իրականացնում է արտաքին անկախ քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը հիմնվում է սեփականության բոլոր, իրավահավասար ձևերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքացիներին տնտեսական կյանքին լիարժեք և ազատ մասնակցելու հավասար հնարավորություններ տրվելու սկզբունքների վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է մարդու իրավունքների գերակայությունը, երաշխավորում է խոսքի, խղճի, քաղաքական ու հասարակական գործունեության և միջազգային ընկերակցության կողմից ճանաչված բոլոր քաղաքացիական իրավունքների ապահովումը: Ազգային փոքրամասնությունները գտնվում են պետության պաշտպանության տակ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառուցվածքը կոչված է ստեղծել ազգային փոքրամասնությունները հանրապետության քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորություն: Ազգային, ռասսայական և կրոնական բնույթի ամեն տեսակի խտրականություն հետապնդվում է օրենքով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության և օրենսդրության ստեղծման հիմք են ծառայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հայտարարելու հռչակագիրը և Մարդու իրավունքների հռչակագիրը»:

         Այս հռչակագրին Ադրբեջանը պատասխանեց երեք պատերազմներով:

         Ընդհանրացնելով մեր բոլոր շեշտադրումների տրամաբանությունը՝ արձանագրենք` անկախության հռչակագիրը ռազմաքաղաքական առումով թերի էր:

Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում:

Այսօր դիմելով համայն հայությանը՝ կոչ ենք անում չհուսալքվել, զինվել համբերությամբ: Մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքին, բուժել վերքերն ու առաջ գնալ, քանզի սերունդների առջև պատասխանատու ենք, պատասխանատու ենք հանուն հայրենիքի կյանքը զոհած մեր հազարավոր զավակների առջև:

Այսօր պատեհ ու հաճելի առիթ է նաև Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ շնորհավորել մեր դպրոցականներին, ուսանողներին, ուսուցչական ու պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմին՝ նոր ուսումնական տարվան անցնելու կապակցությամբ: Հավաստիացնենք, որ մեր սերունդներին կժառանգենք խաղաղ ու բարեկեցիկ ապագա:

Աստված օրհնի մեր հերոսների արյամբ գնված Արցախը: Աստված օրհնի համայն հայության երազանքների Հայաստանը: Շնորհակալություն:

Օրհնանքի խոսք ունի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Խնդրեմ:

Վրթանես Աբրահամյան - Նեղությունները համբերություն են առաջ բերում, և համբերությունը` տոկունություն, և տոկունությունը` հույս, և հույսը երբեք ամոթով չի թողնում:

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հայաստանի և Արցախի Ազգային ժողովի հարգարժան պատգամավորներ, պետական այրեր, սիրելի քույրեր և եղբայրներ: Այսօր` ուղիղ 30 տարի հետո, բոլորիս միավորել է հիշողությունն ու վերաարժևորումը այն օրվա, երբ տասնամյակների ծանր շղթաները կոտրվեցին, երբ արցախցիների հոգու մեջ դարերով ծածկված, ճնշված ու խտացված, ուժի վերածված ազատության ձգտումը ժայթքեց և ստացավ իր արժանի բանաձևումը: Արցախը այլևս անկախ է: Անկախության հռչակագիրը բարի ավետիսի պես Արցախի բարձունքներից տարածվեց և մտավ ամեն հայի տուն` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Անկախությունը, սիրելի ներկաներ, միայն հռչակագիր չէ, միայն սահմանադրություն չէ: Սրանք երկուսն էլ, իհարկե, անհրաժեշտ են, բայց այն առաջին հերթին անկախ ապրելու արժանապատվություն է, երբ դու քո քրտինքով, աշխատանքով կարողանաս դառնալ ինքնանկախ և՛  իբրև անհատ, և՛  իբրև ազգ: Մեր ժողովուրդը ընտրեց արժանապատիվ ապրելու ուղին` գիտակցելով, թե ինչ թանկ գին պետք է վճարի այդ  ընտրության համար: Կամավոր ընտրեց և վճարեց այդ գինը, բազում փորձություններ հաղթահարելով` ազատեց Արցախը, որպեսզի այնտեղ կարողանա իրականություն դարձնել իր հռչակագիրը: Վստահաբար բոլորս էլ համակվում ենք անսովոր զգացողություններով, երբ արցախյան վերջին գոյապայքարից հետո կանգնում ենք դրան նախորդող մեր որևէ հաղթանակի կամ  ձեռքբերման հիշատակի առաջ, որովհետև ներքին հարցեր են առաջանում. արդյոք հիմա պե՞տք է տոնենք կամ հիշատակենք այս տոները, որոնց ձեռքբերումները այսօր կարծես թե չկան: Մարդկային պարզ տրամաբանությամբ և կարիք չկա, և չկա տոնելու սիրտ: Բայց արդյոք մեր ազգային կյանքը միայն մարդկային տրամաբանությա՞նն է ենթակա: Ո՛չ իհարկե: Մեր ժողովրդի կյանքը բացի նյութական իրողություն լինելուց ավելի շատ հոգևոր իրողություն է: Երբ 2000 տարի առաջ մեր ազգը ընտրեց դեպի Աստված գնալու Քրիստոսի նախանշած ճանապարհը, այդ օրվանից դարձավ դեպի հավիտենականություն քայլող ազգ: Մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող: Ավետարանական այս խոսքերն են դարձել մեր ազգի կյանքի շարունակականության բանալին: Ինչքան խոցել են մեր մարմինը, հոգին մնացել է կենդանի, ուստի այս առումով ինչքան էլ լինենք դժվարին կացության մեջ, ունենանք կորուստներ, երբեք չպետք է մոռանանք ոգու սխրանքի այն փառավոր էջերը, որոնք մեր ժողովրդին պարգևել են հաղթական օրեր: Դրանք երբեք չպետք է կորցնեն իրենց նշանակությունն ու ուժականությունը: Մի բան պետք է սովորենք ցավից. լինել համախմբված, միասիրտ, միակամ, միաձայն: Ճիշտ է, մեր երկրում շատ հարցեր կան, բայց ինչ հարցեր էլ լինեն, բոլորն էլ մերն են, ուրախությունն էլ է մերը, ցավն էլ է մերը: Հայրենիքը իր բոլոր կողմերով` դրական և ժխտական, մերն է: Հիմա, երբ կանգնած ենք մեր կարևոր ձեռքբերումներից մեկի հիշատակի առջև, լավագույն առիթը ունենք մտորելու, դասեր քաղելու, մեր բացթողումները վերհանելու և առաջ շարժվելու, կամքը ավելի հզորացնելու համար: Այսօր մենք պետք է մեր անձը մոռանանք, միանանք հոգեկան հաղորդությամբ և մեր աղոթքներն ու ջանքերը ուղղենք մեր հայրենիքի զորացման վրա, որովհետև ամեն ինչ անհետ կորած չէ: Աստված թողել է այս մնացորդացը, որի վրա պետք է ամուր կանգնենք ու առաջ շարժվենք: Մեր շուրջը դեռևս մութ ամպեր կան, Արցախի հարցը դեռ ամբողջովին լուծված չէ, բազմաթիվ հայորդիներ դեռևս գտնվում են անհայտության և գերության մեջ, մեր տնտեսական, ստեղծագործական, արդյունաբերական զորությունը նորից տկարացել է, և ոչինչ այնպես չէ, ինչպես որ մենք կուզեինք: Բայց մենք որպես ամեն բան պետք է անենք այս վիճակը փոխելու համար: Աստված երկնքից հրեշտակներ չի ուղարկելու մեր կյանքը բարելավելու համար: Մենք ենք աստծո գործակիցները այս հողի վրա` մեր աշխատանքով, մեր ջանքերով, որպեսզի մեր զավակները մի օր չասեն. Մեր հայրերը և մայրերը այնպիսի ճղճիմ հարցերով, ներքին պայքարներով իրար դեմ ելան, որ մթագնեցին մեր ազատությունն ու անկախությունը:

Անկախության հիշատակի այս տոնին ավելի ակնհայտ է դառնում, որ Արցախի արդար դատի վերջնական հաղթանակի գաղտնի ուժը մեր ամբողջ հայության միասնականության մեջ է թաքնված: Եկել է ժամանակը, հատկապես այսքան փորձություններից հետո, որ սկսենք հասկանալ, որ մենք  ազգի տարբեր կարկատաններ չենք` հայաստանահայ, արցախահայ, սփյուռքահայ ստորոգելիներով բաժանված: Մենք մեկ ազգ ենք` ուր էլ որ լինենք, աշխարհագրական  ինչ վայրում էլ որ գտնվենք: Վերջիվերջո Արցախի անկախության լավագույն հանգրվանը հայկական միասնական հայրենիքին միանալն է: Նահատակների արյունը գծում է մեր կյանքի և պարտականության ճանապարհը: Եվ իսկապես, այսօր մեր նվիրյալ նահատակների պատգամն է, որ մենք  կարողանանք մեր կյանքով հարգել այն, ինչ որ նրանք մահով և արյունով հարգեցին: Եվ սա պետք է ամեն մեկիս համար նոր մղում լինի, պետք է հասկանանք, որ մեզանից վեր է մեր հողը,  մեզանից վեր է մեր հայրենիքը, մեզանից վեր է մեր եկեղեցին, և այդ գիտակցությունն է, որ պետք փրկի Արցախը: Ոչ դրամը, և ոչ էլ զենքը չեն կարող փրկել, եթե չլինի մեր նվիրումը հողին և հավատքին: Ուստի կոչ ենք անում հայ ժողովրդի բոլոր զավակներին, որ միասնական կեցվածքով, ամբողջական և անվերապահ աջակցությամբ զորավիգ լինեն Արցախի մեր արիասիրտ ժողովրդին, իրենց եղբայրներին ու քույրերին, հաճախակի այցելություններով և հանձնառու մասնակցությամբ ներդրումներ կատարեն Արցախի մեր ժողովրդի զորացման և կյանքի բարգավաճման համար: Կոչ ենք անում հատկապես  Արցախի մեր ժողովրդին մնալ տոկուն, անխախտ իրենց քրիստոնեական սուրբ հավատքի մեջ և հավատարիմ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն, կապված մնալ իրենց պապերի սուրբ հողին: Հորդորում ենք Արցախի մեր այն զավակներին, ովքեր պատերազմի և այլ պատճառներով հարկադրված են եղել թողնել իրենց տներն ու հողերը, վերադառնալ Արցախ և տեր կանգնել իրենց հայրենական ժառանգությանը: Որքան աճի Արցախի բնակչությունը, որքան շատ մշակվի հողը և զարգանա տնտեսությունը, հոգևոր, կրթական, մշակութային կյանքը, այնքան ավելի կամրանա ազատ ապրելու մեր կամքը, որը սիրտն է արցախյան ազատագրական պայքարի: Այո, շատ են նեղություններն ու դժվարությունները, բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք: Միայն աշխատանքով ու նվիրվածությամբ հաղթահարել այսօրվա բոլոր դժվարությունները` միշտ վառ պահելով ավելի պայծառ օրերի հույսը: Աստվածաշունչ մատյանը սուրբ Պողոս առաքյալի բառերով ասում է. Նեղությունները համբերություն են առաջ բերում, և համբերությունը` տոկունություն, և տոկունությունը` հույս, և հույսը երբեք չի ամաչեցնի: Հույսը թող լինի մեր կյանքի լույսը, որ վառում է հավատքով և ճառագայթում սիրով: Ամեն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Ելույթի համար հրավիրվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Բաբայանը:

Դավիթ Բաբայան -  Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սրբազան հայր, հարգելի ներկաներ, հայրենակիցներ, ես ուզում եմ ի սրտե շնորհավորել բոլորիս այս տոնի կապակցությամբ: Ճիշտ է, մեր կյանքը այնպես է, որ մենք հիմա հաճախ չենք շնորհավորում մեկը մյուսին,  բայց մենք պարտավոր ենք շնորհավորել այս օրը, որովհետև Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության համար իրենց կյանքն են նվիրաբերել ողջ հայության լավագույն զավակները: Այս տոնը իրենց տոնն է առաջին հերթին, բոլորս պարտավոր ենք հիշել, պահպանել, ուժեղացնել, զորացնել Արցախի Հանրապետությունը, ինչը նաև կնշանակի Հայաստանի Հանրապետության` մայր Հայաստանի զորացում ու զարգացում: Անհնարին է պատկերացնել հայոց պատմությունը առանց Արցախի ներդրման, արցախահայության ներդրման: Այդպես եղել է, այդպես կա, այդպես էլ կմնա: Այս պահի դրությամբ, իհարկե, մեր առջև կանգնած են բազում դժվարություններ, մարտահրավերները շատ լուրջ են, բայց երբ որ կա դժվարություն և մարտահրավերներ, կա նաև հնարավորություն: Կա բոլոր հնարավորությունները Արցախը պահպանել, բոլոր հնարավորությունները: 1988թ. մեկնարկած մեր ազգային-ազատագրական պայքարի այս վերջին փուլը և Արցախի Հանրապետության ձևավորումը հանդիսացավ այդ պայքարի տրամաբանական զարգացումը, մեր միասնականության թերևս ամենավառ դրսևորումը այս վերջին տասնամյակների ընթացքում: Այս պահի դրությամբ, կրկնում եմ, կա բոլոր հնարավորությունները, որպեսզի մենք պահպանենք Արցախը: Ի՞նչ է դրա համար պետք: Առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի արցախապահպանությունը և արցախակենտրոնացումը լինի Հայաստանի և սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքի առանցքային հիմքերից մեկը: Մեր ապագան, արտաքին քաղաքականության մեր էֆեկտիվությունը ուղիղ ածանցյալ է մեր ոգիներից, մեր սրտերից և մեր տրամաբանությունից, բանականությունից, պրեֆեսիոնալ հմտություններից: Չի կարող լինել էֆեկտիվ արտաքին քաղաքականություն, եթե խարխլված է արժեհամակարգը ժողովրդի: Ուրեմն անհրաժեշտ է իհարկե ամեն ինչ անել, որպեսզի   արցախապահպանությունը, ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, և արցախակենտրոն լինելու այդ գաղափարը հանդիսանան Հայաստանի Հանրապետության և սփյուռքի համար կարևորագույն, պետականաշինության այն հիմնաքարերից մեկը: Առանց դրան հնարավոր չի լինելու ոչ միայն պաահպանել Արցախը, այլ նաև հայոց անկախ պետականությունը: 

Մեր արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները մնացել են անփոփոխ: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել է և կմնա մեր օրակարգում որպես կարևոր ուղղություն: Այստեղ, բնական է, պետք է ջանքերը միավորենք Հայաստանի, սփյուռքի, ողջ հայության հետ մեկտեղ: Իհարկե, կաշխատենք նաև տարբեր պետությունների և նրանց սուբյեկտների հետ մեր հարաբերությունների զարգացումը և խորացումը, այս հարցերը առաջ տանելու ուղղությամբ: Կան բոլոր հնարավորությունները, հարգելի բարեկամներ: Ես չեմ ուզում ժամանակ շատ ուրեմն ձեզանից  խլել և կրկին շնորհավորում եմ բոլորիս:  Իսկապես իր վիճակի ենք լինելու` անկախ ամեն ինչից: Եվ թող թշնամիները չուրախանան: Դա դեռևս շատ մեծ հարց է` ինչ է լինելու 10, 20, 30 տարի հետո: Եկեք նորից համախմբվենք, եկեք կարողանանք հաղթահարենք բոլոր այն դժվարությունները: Կրկնում եմ, եթե մենք ինքներս մեզ հաղթենք, ի՞նչ թշնամի կարող է մեզ հաղթել: Որևէ մեկը չի կարող: Շնորհավորում եմ:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Բաբայան: Հայաստանի Հանրապետության սիրելի խորհրդարանականներ, կարո՞ղ է ողջույնի խոսք խմբակցությունների անունից:

Ելույթի համար խոսքը տրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ պարոն Ռուբինյանին:

Ռուբեն Ոուբինյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սրբազան հայր, հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից շնորհավորում եմ բոլորիս Արցախի անկախության հռչակման երեսնամյակի կապակցությամբ: Ուզում եմ նաև բոլորիդ փոխանցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ջերմ բարեմաղթանքները երեսնամյակի կապակցությամբ:

Հարգելի գործընկերներ, 1991թ. սեպտեմբերի 2-ը, ի թիվս պատմական և իրավական պատճառների, որոնց մասին խոսեց նաև պարոն Թովմասյանը, ուներ մեկ շատ պարզ մարդկային գլխավոր պատճառ` հայերի գոյությունը Ադրբեջանում դարձել էր անհնար, և Արցախի ժողովրդին չէր մնացել այլ ելք, քան օգտագործել իր ինքնորոշման իրավունքը և պաշտպանել սեփական կյանքը սեփական հայրենիքում: Եվ պատճառը, որ հայերի գոյությունը Ադրբեջանում դարձել էր անհնար, եթերային կամ անհասկանալի չէր: Դա ուներ կոնկրետ հիմք, և դա Ադրբեջանի իշխանությունների, ընդ որում տարբեր տարիների իշխանությունների և տարբեր իշխանությունների, նպատակաուղղված և կազմակերպված հակահայկական քաղաքականությունն էր: Եվ հետագա տարիները, այդ թվում առաջին արցախյան պատերազմը, ապրիլյան պատերազմը, 44-օրյա պատերազմը, այդ պատերազմներին նախորդած և հաջորդած  իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը շարունակվում է, և Արցախի ժողովուրդը այս տարիների ընթացքում մի քանի անգամ ստիպված է եղել ապացուցել իր հաստատակամությունը` պաշտպանելու սեփական իրավունքները և պաշտպանելու հայրենիքը:

Հարգելի գործընկերներ, մենք նշում ենք Արցախի 30-ամյակը ծանր պատերազմից հետո, ծանր կորուստներից հետո: Շատերը սգում են իրենց հարազատների կորուստը, շատերը տուն են կորցրել, կորցրել են հայրենիքի մաս: Բայց ես կարծում եմ, որ այս բոլոր հանգամանքները չպիտի խամրեցնեն օրվա խորհուրդը, որովհետև սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի, արցախցու, հայի կամքի 30-ամյակն է, հաստատակամության 30-ամյակն է, սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը իրագործելու որոշման 30-ամյակն է: Եվ հավերժ փառք բոլոր ընկածներին, հավերժ փառք նրանց, ովքեր պաշտպանել են այդ իրավունքը ու հաստատակամությունը և փառք ապրողներին, որ նույնքան հաստատակամ են, որքան 30 տարի առաջ, և որոնց կամքը չի սասանվել:

 Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարեն Ռուբինյան: Խոսքը տրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հնաբնակ պատգամավորներից մեկին` պարոն Ռուստամյանին:

Արմեն Ռուստամյան - Սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի արցախցիներ, այսօր իսկապես առավել, քան նախորդ բոլոր 30 տարիներին, կարևոր է, որ մենք միասին նշում ենք Արցախի անկախության հռչակման օրը: Կարևոր է հատկապես անցած 44-օրյա պատերազմից հետո: Սա առաջին հերթին ուղերձ է նույն մեր հարևան հակառակորդ թշնամուն` Ադրբեջանին, որ գիտակցի, հասկանա, որ հայի կամքը անկոտրուն է և անկախ վայրիվերումներից, հարաբերական առավելություններից կամ վայրէջքներից, վերելքներից, մեր ժողովուրդը իր պատմության մեջ բազմիցս ապացուցել է, որ միշտ կարողանում է վերագտնել իրեն, համախմբվել և հաղթահարել ցանկացած փորձություն: Մենք թվով մեր թշնամիներից քիչ ենք` մոտ մեկին տաս հարաբերությամբ, բայց մենք երբ որ միակամ ենք, երբ որ համախմբված ենք, այդ առավելությունը ի չիք է դառնում: Մենք միշտ խոսել ենք մեր կարևոր աղբյուրի մասին հաջողության, դա մեր միասնությունն է եղել` Հայաստան, Արցախ և սփյուռք: Այսօր էլ, առավել քան երբևէ, մեր մյուս ուղերձը ուղղված է մեզ, ներս, դեպի ներս, դեպի մեր հայություն, որ, այո, փորձություններ կարող են լինել: Ինչպես Սրբազանն ասաց, Աստվածաշունչն էլ ասում է, որ առանց փորձությունների ոչինչ չի լինում: Այո, լինում են փորձություններ, որը պետք է համբերատար հաղթահարել: Այդ փորձությունների հաղթահարման համբերատարությունից ծնվելու է նոր եռանդ, նոր ուժ, նոր հնարավորություն և նոր հույս, որը երբեք չի խաբելու մեզ: Եվ այս օրը իսկապես սրբազան օր է եղել մեր ժողովրդի համար: Եթե 30 տարի մենք մտքով հետ գնանք, կտեսնենք, որ նորից շատ լուրջ գոյատևման խնդիր ուներ Արցախը, Արցախը պահպանվելու խնդիր ուներ, հայությունը պահպանելու, իր գոյությունը իր հայրենիքում պահպանելու խնդիր ուներ:  Եվ մեր, այո, այդ տարիների հերոս նախկինները, նախնիները, որոնցից մի զգալի մասն այսօր մեր հետ չէ, շատ իմաստուն որոշում կայացրեցին` հասկանալով, որ Արցախը հայկական պահելու ամենաճիշտ ճանապարհը ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության հռչակումն է, որով ոչ միայն Արցախի հայապահպանության խնդիրն էր լուծվելու, այլ նաև ապահովվելու էր որպես վերջնանպատակ մայր հայրենիքի հետ միացումը: Մենք եթե 30 տարիները վերլուծենք, իհարկե, այս կարճ խոսքի մեջ դա դժվար է իրականացնել, քաղելու համար այն դասերը, այն խորհուրդները, այն իմաստը, որ այս 30 ամբողջ տարիները մեր աչքի առաջ անցան և հասկանանք, որտեղ էին մեր հաջողությունների և մեր ձախողումների պատճառները, դա երկար թեմա է, բայց մի բան ակնհայտ է, որ մենք հաջողել ենք և հաղթել ենք միշտ այն ժամանակ, երբ որ հավատարիմ ենք մնացել մեր իսկ խորհրդին, մեր իսկ ուխտին, մեր իսկ հռչակագրերին, լինի դա Հայաստանի Անկախության հռչակագիրը իննսուն թվականի, թե լինի Անկախության հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Եվ ձախողվել ենք, կորուստներ ենք ունեցել, երբ որ մենք շեղվել ենք այս կամ այն չափով այդ նախանշած ուղուց: Եվ մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերակենդանացնել, վերակազմակերպել և նույն առաջնորդությամբ գնալ առաջ: Գնալ առաջ, որպեսզի հասկանայինք մի պարզ ճշմարտություն, ու գիտեք, այո, շատ մեծ դժվարությամբ ենք ձեռք բերել Արցախի անկախությունը և այդ հաղթանակը, որ կերտեցին մեր նախկին ժամանակների բոլոր հերոսները: Բայց ոչ պակաս կարևոր է հաղթանակը պահելը: Մենք սրա մասին էլ բազմիցս խոսել ենք հենց այս դահլիճում, և մենք այսօր պետք է արձանագրենք, որ մեր հաղթանակից կորցրել ենք մի մասը: Բայց մենք հասկանում ենք, որ ամեն ինչ կորած չէ և միշտ կարելի է վերագտնել, վերականգնել կորսվածը: Եվ այսօրվա առաքելությունը այս նոր սերնդի, նոր իշխանությունների` լինի Հայաստան, Արցախ, դա՛ պետք է լինի: Մենք նորից կանգնած ենք Արցախը հայկական պահելու պարտավորության առաջ և գիտենք, թե ինչ թշնամու հետ գործ ունենք: Այդ թշնամուց խաղաղություն մուրալ անիմաստ է, այդ թշնամուն պետք է միայն խաղաղություն պարտադրել: Նա ուրիշ լեզու չի հասկանում: Այդ թշնամին ոչ թե ինչ-որ միջազգային չափանիշներով, տարբեր նորմերով առաջնորդվելով ինչ-որ մեզ լուծումներ է փորձելու առաջարկել, այլ նրա նպատակը Արցախի հայաթափումն է: Եվ սա մենք հասկացել էին դեռ 30 տարի առաջ: Արցախի ժողովուրդը հասկացել էր, որ եթե չկանգնի այս գծի վրա, այս պայքարը չդարձնի համահայկական, նախիջևանահայության օրինակը մեր աչքի առաջ էր: Եվ հիմա մենք այդ պարտավորության առաջ ենք: Մենք պետք է կարողանանք այնպես ուժեղանալ, թոթափել մեր մեջ եղած բոլոր մեզ կաշկանդող, մեզ իրարից բաժանող մտքերն ու ուղղություններն ու խառնակիչ գործընթացները, որ կարողանանք արագորեն վերագտնել մեր միասնականությունը և կարողանանք մեր հաղթանակը վերականգնել: Սա է այս խորհուրդը այսօրվա և այսօր Արցախը իսկապես նոր մարտահրավերների առջև է կանգնած, և մենք պետք հասկանանք, որ այն իմաստը և այն բովանդակությունը, որ այդ հռչակագրում կա, այդ իմաստն ու բովանդակությունն այսօր էլ արդիական է և կենսական: Մենք պետք է նորից հասկանանք, որ Արցախի անկախության ճանապարհով է միայն հնարավոր արցախահայության գոյությունը այս տարածքներում, բացառվի որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը, որից էլ  սկսեց այս մեր ամբողջ պայքարը, ապահովվի անխափան և երաշխավորված ցամաքային կապ մայր Հայաստանի հետ, ապահովվի կենսականորեն անհրաժեշտ բոլոր պայմանները անվտանգային հուսալի համակարգ ձևավորելու առումով: Մենք իսկապես ևս մեկ անգամ հիմա արդեն հասկանում ենք, որ Արցախի անկախության  և Հայաստանի ինքնիշխանության հարցերը իրար հետ շաղկապված են` մեկը մյուսին լրացնող, մեկի կորուստը բերելու է մյուսի կորստին: Եվ ուրեմն  մենք մեկ միասնական համակարգի մեջ ենք: Եվ մենք մեկ միասնական համակարգով պետք է հաղթահարենք այս մարտահրավերը, որ նորովին մեր առջև կանգնած է: Մենք պետք է պարտադրենք Ադրբեջանին հրաժարվել ռազմական ճանապարհով հարցի լուծումից և գալ խաղաղ կարգավորման դաշտ: Դա, բնականաբար, երբեք իր շահերից չի բխել: Պատահական չէ, որ այս 30 տարիներին 3 անգամ պատերազմ է հրահրվել, և հրահրողը միշտ եղել է Ադրբեջանը:  Մենք պետք է պահանջենք, պարտադրենք և մենք մեր բոլոր լծակները` թե՛ արտաքին, թե՛ ներքին, օգտագործենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը իրական դառնա: Եվ այդ առումով, իսկապես, շատ մեծ և կարևոր նշանակություն ունի մեր հարաբերությունները ՌԴ հետ և խաղաղապահ ուժերի առկայությունը այս տարածաշրջանում: Մենք ունենք շատ կարճ ժամանակահատված ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը և ամրապնդելով մեր անվտանգային համակարգը` պարտադրել հակառակորդին, թշնամուն խաղաղություն. ուրիշ ճանապարհ չկա: Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, ողջ հայությունը այս պարզ գիտակցությունը կունենա, և մենք շատ արագ, ինչպես նաև պարոն Բաբայանն ասաց,  կվերագտնենք մեր բոլոր հնարավոր եղանակները` նորից վերականգնելու մեր կորցրածը և նորից վայելելու հաղթանակի բերկրանքը: Հաջողություն բոլորին:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ռոստամյան:  Ելույթի համար խոսքը տրվում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար պարոն Վանեցյանին:

Արթուր Վանեցյան - Հարգելի գործընկերներ, Սրբազան հայր, հարգելի արցախցիներ, սիրելի եղբայրներ և քույրեր, հայկական երկու պետականությունների համար այս ծանրագույն շրջանում առաջին անգամն է, որ նշում ենք ԱՀ անկախության օրը: Աղետաբեր պատերազմից և մեծաթիվ կորուստներից հետո մեր երկու պետականությունների առջև ծառացած բազում մարտահրավերների առկայության պայմաններում այս օրը հատուկ խորհուրդ ունի, և այդ խորհուրդը մեր միասնությունն է` Արցախի հետ միասնական լինելը: Այո, մեզ անհրաժեշտ է լինելու հայկական աշխարհի միասնականությունը, քանի որ Արցախն է այն հիմնական առանցքներից մեկը, եթե կուզեք այն ամուր շաղախը, որը անքակտելիորեն ամրացնում է Հայաստան - Արցախ -Սփյուռք  եռամասնությունը: Եվ հենց Արցախում է, որ վճռվել, վճռվում և վճռվելու է մեր ժողովրդի` որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան: Արցախի հետ ենք, մեր ուժերի ներած չափով որևէ ջանք ու եռանդ չենք խնայելու մեր հայկական և միջազգային անխտիր բոլոր հարթակներում առաջ մղելու Արցախի անվտանգային խնդիրների լուծման հարցերը, որոնք, ի վերջո, պիտի պսակվեն արցախյան հիմնահարցի հայանպաստ կարգավորմամբ` ԱՀ ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչմամբ, Արցախից բռնազավթած տարածքների դեօկուպացիայով և դրանցից բխող բոլոր գործընթացներով: Եվ կրկին պետք է անդրադառնամ մեր միասնությանը` Արցախի հետ լինելուն, որովհետև ազգային պառակտմամբ, պետականության հանդեպ անփույթ վերաբերմունքով Արցախի խնդիրները միտումնավոր, թե ապաշնորհությամբ դուրս մղելով, ի վերջո կարող ենք հասնել մի աղետալի հանգրվանի: Եվ վտանգված կլինի ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ գոյության փաստն ինքնին: Հենց համազգային միասնությունը և համախմբումն է, որ կարող է դուրս բերել մեզ ներկա ճգնաժամային իրավիճակից և ի վերջո դուռ բացել ոչ թե դեպի ինչ որ մշուշոտ, այլ մեր ժողովրդի հազարամյա ազգային իղձերի և երազանքների իրականացումն ապահովվող անվտանգ ապագա: Այո, այսօր խորհրդանշական օր է` ԱՀ անկախության օրը: Թեև բզկտված, բայց դեռևս կենսունակ, ավյունով լի Արցախն ազգային միասնության պայմաններում անպայմանորեն վերագտնելու է իրեն, վերակառուցելու է և հզորանալու է` կրկին դառնալով հույսի այն փարոսը, որի ուղղությամբ, հաղթահարելով բոլոր փոթորիկները և թշնամական խութերը, հաստատակամորեն շարժվելու է նաև հայկական պետականության նավը: Ոստի վստահեցնում եմ ԱՀ մեր բոլոր եղբայրներին և քույրերին, որ մշտապես կանգնած ենք լինելու ձեր թիկունքին, ամեն ինչով աջակցելու և օժանդակելու ենք ձեզ: Ամեն կերպ սատարելու ենք հարցի լուծմանը` Արցախի ինքնորոշման և անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը: Դրան այլընտրանք չի կարող լինել, քանզի նաև վերջին պատերազմի դառը փորձը ցույց տվեց, թե որքան սերտորեն և անքակտելիորեն են միմյանց փոխկապակցված Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ճակատագրերը` անխտիր բոլոր ուղղություններով: Այո, Արցախի հետ եմ, քանի որ ոչ միայն նույնն են մեր ճակատագրերը, այլ նաև մեր երակներում հոսում է ազատատենչ հայի միևնույն արյունը: Ուստի մենք չենք կարող հետ կանգնել արցախյան արդար դատից, ընկրկել թշնամական հոխորտանքների առջև, հանձնվել բախտի ու ոսոխի քմահաճույքին: Ուստի չենք դադարելու երազել ու գործել, արարել ու պաշտպանել, մաքառել և հաղթել: Շնորհավոր ԱՀ Անկախության օրը:

 Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Վանեցյան:

Հանդիսավոր նիստը` նվիրված ԱՀ անկախության 30-րդ տարեդարձին, հայտարարում եմ փակված: