ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը, ելնելով յուրաքանչյուր ազգի ինքնորոշման իրավունքից, 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված հանրաքվեով արձանագրված Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնության ազատ կամարտահայտությունից, իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան բնակչության անկապտելի իրավունքից, գիտակցելով, որ միասնական, քաղաքական ու տնտեսական տարածությամբ Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում է երաշխավորվում ազգի ազատ և իրավահավասար միավորումը, նրանց համակողմանի զարգացումը, անհրաժեշտ համարելով միջազգային իրավունքի, հանուրի կողմից ճանաչված նորմերի և սկզբունքների վրա հիմնված օրենսդիր բազայի ստեղծումը, ընդունում է սույն Սահմանադրական օրենքը:
I. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ, ժողովրդավարական պետություն է, որը ինքնուրույն կերպով է որոշում այլ պետությունների հետ համագործակցության ձևերը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ելնում է ժողովրդից, որն այն իրականացնում է ինչպես անմիջականորեն, այնպես էլ իր կողմից կազմավորվող ներկայացուցչական մարմինների միջոցով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունն արտահայտվում է իր ամբողջ տարածքում օրենսդիր, գործադիր և դատական բարձրագույն իշխանության ինքնուրույն իրականացման ձևով՝ ի շահ հանրապետությունում ապրող բոլոր ազգերի:
II. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնուրույն է վճռում հանրապետությունում քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային, շինարարության, նրա վարչատարածքային կառուցվածքին առնչվող բոլոր հարցերը:
III. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ մտնում են հետևյալ՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շահումյանի, Շուշիի շրջանները: Հանրապետության մայրաքաղաքը Ստեփանակերտն է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն անկապտելի է ու չի կարող փոխվել առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի համաձայնության՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ բնակչության հանրաքվեում արտահայտված ազատ կամարտահայտման վրա:
Այլ պետությունների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները կարող են փոխվել միայն նրանց հետ փոխադարձ համաձայնությամբ:
IV Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական, իրավական կարգավիճակը չի կարող փոխվել առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի համաձայնության: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլ պետությունների հետ իր հարաբերությունները կառուցում է ինքնիշխան հավասարության սկզբունքների պահպանման, ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից փոխադարձ հրաժարման, վեճերի խաղաղ կարգավորման, ներքին գործերին չմիջամտելու, մարդու իրավունքները և հիմնական ազատությունները հարգելու, ժողովուրդների իրավահավասարության և իր ճակատագրի տնօրինման իրավունքի, պետությունների միջև համագործակցության, միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչում գտած սկզբունքներից և նորմերից, ԽՍՀՄ կնքած միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների բարեխիղճ կատարման հիման վրա:
V. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկապտելի իրավունքը կազմող հարցերի լուծմանը միջամտելը պետք է գնահատվի որպես նրա ինքնիշխան իրավուքների ոտնահարում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողը, ընդերքը, անտառները, բնական մյուս պաշարները հանրապետության ազգային հարստությունն են, նրա պետական սեփականությունը ու պատկանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականությունն են հանդիսանում նրա տարածքում գտնվող նախկին միութենական, միութենական-հանրապետական և հանրապետական ենթակայության գերատեսչությունների օբյեկտները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկան կազմում է միասնական ժողովրդատնտեսական համալիր, որն ընդգրկում է հանրապետության տարածքում արտադրության բաշխման և փոխանակման բոլոր օղակները:
VI. Հանրապետությունում ճանաչվում է սեփականության բոլոր ձևերի իրավահավասարությունը, խրախուսվում ազատ ձեռնարկչությունը: Հանրապետությունը պաշտպանում է սեփականատերերի իրավունքները, բարենպաստ պայմաններ ստեղծում հանրապետության տնտեսական ինքնուրույնությունն ապահովելու նպատակով տնտեսական գործունեության բոլոր տեսակների համար:
Հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդն է, իսկ նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջաններում՝ Գերագույն խորհրդի նախագահությունը:
Գերագույն խորհրդի կողմից ստեղծված և նրան հաշվետու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախարարների խորհուրդը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության գործադիր և կարգադիր բարձրագույն մարմինն է:
Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի, նրա նախագահության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախարարների խորհրդի լիազորությունները որոշվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» և «Նախարարների խորհրդի մասին» օրենքներով, սույն օրենքով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասությունների մեջ ի դեմս պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների, մտնում են.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և Օրենքների ընդունումը, փոփոխությունների մտցնումը, դրանց պահպանման վերահսկումը.
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների փոփոխությունը, ազգային-տարածքային կազմավորումների ստեղծումը, վերացումը, շրջանների, քաղաքների, ավանների, գյուղերի և այլ բնակավայրերի ստեղծումը, վերացումը, անվանումը և վերանվանումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական կենտրոնների ստեղծումը և տեղափոխումը.
3. Հանրապետության ինքնիշխանության, պետական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանումը: ԼՂՀ ողջ տարածքում կամ առանձին վայրերում ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելը, անհրաժեշտության դեպքում իրադրության նորմալացմանը, օրինականության և կարգուկանոնի վերահսկմանը, քաղաքացիների անվտանգության սպառնալիքի վերացմանը միտված հարցերի օպերատիվ լուծման համար ժամանակավոր մարմինների ստեղծումը.
4. ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի նշանակումը, ԼՂՀ Նախարարների խորհրդի կազմի հաստատումը և նրանում փոփոխությունների մտցնումը, հանրապետական նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների ստեղծումը և լուծարումը, նրանց ղեկավարների նշանակումը և ազատումը, պետական իշխանության մարմինների և բոլոր օղակների կառավարման գործունեության ձևավորման, լիազորությունների և սկզբունքների կարգի սահմանումը.
5. Սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական միասնական քաղաքականության վարումը, հողի, ընդերքի, անտառների ու ջրերի, բնական այլ պաշարների օգտագործման ու շահագործման կարգի սահմանումը, էկոլոգիական քաղաքականության իրականացումը.
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մշակումն ու հաստատումը, դրանց կատարման վերաբերյալ հաշվետվությունների հաստատումը.
7. Հանրապետության ֆինանսավարկային գործունեության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ստեղծման համար, ստացվող եկամուտների, միասնական հարկային քաղաքականության անցկացման վերահսկողության սահմանումը, հանրապետության գլխավոր հարկային տեսչության ստեղծումը, գլխավոր հարկային տեսչին պաշտոնում նշանակելը և ազատելը, տեսչության իրավասության և աշխատակարգի որոշումը.
8. Ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի, սոցիալական ոլորտի ղեկավարումը, պատմության, մշակույթի և բնության հուշարձանների պահպանումը.
9. Ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների ղեկավարումը, Զինված ուժերի Պաշտպանության խորհրդի կազմավորումը, կազմի հաստատումը, դրանց գործունեության ղեկավարումը.
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի Սահմանադրական կոմիտեի ստեղծումը, Գերագույն դատարանի և դատական իշխանության մարմինների համակարգերի, հանրապետության արդարադատության և մյուս մարմինների կազմավորումը, կազմի հաստատումը, դրանց իրավասության և աշխատակարգի սահմանումը.
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազի նշանակումը և պաշտոնից ազատումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության գործունեության կազմակերպման և կարգի ընդհանուր հիմունքների սահմանումը.
12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված քաղաքացիներին ներում շնորհելը.
13. Հանրապետության արտաքին քաղաքականության գործունեությունը և ներկայացուցչությունը միջազգային հարաբերություններում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրավունք ունի անմիջական հարաբերությունների մեջ մտնել օտարերկրյա պետությունների հետ, պայմանագրեր կնքել նրանց հետ, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչներ փոխանակել, մասնակցել միջազգային կազմակերպությունների գործունեությանը.
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ինքնիշխանության խորհրդանիշներին առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը.
15. Հանրապետական նշանակության այլ հարցերի լուծում:
IX Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանվում է միասնական քաղաքացիություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության ձեռքբեման և կորսման հիմքը, կարգը սահմանվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով: Կրկնական քաղաքացիության ձեռքբերման կարգը և հիմքը կարգավորվում է այլ պետությունների հետ պայմանագրերով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները անկախ ծագումից, սոցիալական և ունեցվածքային դիրքից, ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից և բնույթից, բնակության վայրից հավասար են օրենքի առաջ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավահավասարությունը ապահովվում է տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում: Հանրապետությունը ապահովում է քաղաքացիների իրավունքների ազատությունը այն լրիվ ծավալով, որը պարունակվում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ և Միջազգային իրավունքի նորմերում:
X Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Հանրապետությունը պետական հոգատարություն է իրականացնում նրա ըստ ամենայնի զարգացման հանդեպ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ապահովում է ռուսաց լեզվի, բնակչության այն մյուս լեզուների ազատ օգտագործումն ու զարգացումը, որոնցից նա օգտվում է, երաշխավորում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, նպաստավոր պայմաններ ստեղծում կյանքի բոլոր ոլորտներում նրանց զարգացման համար:
XI Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունները իրավահավասար են և հավասար իրավունքներով մասնակցում են հանրապետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին:
XII Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ինքնիշխանության խորհրդանիշները՝ զինանշանը, դրոշը և օրհներգը, սրբազան են և պահպանվում են օրենքով:
XIII Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը, հանրապետության տարածքում գործում են այլ պետությունների օրենքները այն չափով, որ չափով դրանք չեն հակասում սույն օրենքին և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրի հիման վրա ընդունված օրենսդիր ակտերին:
ԼՂՀ ԳԽ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ |
ԼՂՀ ԳԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ` |
Վ. ՀԱԿՈԲՅԱՆ |
8 հունվարի 1992թ. ք. Ստեփանակերտ |
|